Ուժը կորցրել է 2001թ.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է անհատ ձեռներեց հասկացությունը, անհատ ձեռներեցի գրանցման կարգը, իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, գործունեության ընտրության եւ դադարեցման պայմանները, գործունեության երաշխիքները:
Հոդված 1. Անհատ ձեռներեցի մասին օրենսդրությունը
Անհատ ձեռներեցի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, «Ձեռ-նարկությունների եւ ձեռնարկատիրական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կնքած միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ կանոններ, քան ընդունված են սույն օրենքով, ապա համապատասխան դեպքերում կիրառվում են միջազգային պայմանագրերի կանոնները:
Հոդված 2. Անհատ ձեռներեցը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անհատ ձեռներեցը այն ֆիզիկական անձն է, որն իրականացնում է տնտեսական որոշակի գործունեություն՝ ծառայությունների մատուցում, աշխատանքների կատարում, արտադրական գործունեություն, գործում է ինքնուրույն եւ իր անունից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անհատ ձեռներեց կարող են լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այլ պետությունների այն քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնց տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը չի սահմանափակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 3. Անհատ ձեռներեցի գործունեությունը
Անհատ ձեռներեցը կարող է ձեռնարկել եւ իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական ցանկացած գործունեություն:
Անհատ ձեռներեցը կարող է ձեռնարկել եւ իրականացնել տնտեսական գործունեության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, առանձին տեսակներ՝ հատուկ թույլտվություն /լիցենզիա/ ունենալու դեպքում:
Հոդված 4. Անհատ ձեռներեցի գրանցումը
Անհատ ձեռներեցին գրանցում է պետական համապատասխան մարմինը: Որպես անհատ ձեռներեց գրանցվելու համար դիմողը գրանցող մարմին է ներկայացնում՝
ա/ դիմում՝ նշելով թղթակցային /բնակության/ հասցեն եւ հավաստումը, որ ինքը չի հանդիսանում որեւէ ձեռնարկության լիակատար պատասխանատվությամբ անդամ, մասնավորապես՝ անհատական /ընտանեկան/ ձեռնարկության, լրիվ տնտեսական ընկերակցության եւ այլն, ինչպես նաեւ, որ այլ տեղ գրանցված չէ որպես անհատ ձեռներեց,
բ/ հատուկ թույլտվություն /լիցենզիա/՝ տնտեսական գործունեության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված առանձին տեսակներ ձեռնարկելու դեպքում:
Գրանցող մարմինը գրանցամատյանում գրառում է կատարում սույն հոդվածում նշված փաստաթղթերը դիմողից ընդունելու մասին եւ 15 օրվա ընթացքում որոշում է կայացնում անհատ ձեռներեցի գրանցման մասին:
Գրանցող մարմինը անհատ ձեռներեցին գրանցելու դեպքում գրանցման պահից երկու օրվա ընթացքում նրան հանձնում է անհատ ձեռներեցի վկայական:
Գրանցող մարմինը անհատ ձեռներեցի գրանցումը կարող է մերժել սույն օրենքի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերի պահանջների խախտման, ինչպես նաեւ օրենսդրության պահանջներին դիմողի ներկայացրած փաստաթղթերի անհամապատասխանության դեպքում:
Այլ պատճառներով, այդ թվում՝ աննպատակահարմարության պատճառա-բանությամբ, անհատ ձեռներեցի գրանցման մերժում չի թույլատրվում:
Գրանցող մարմինը անհատ ձեռներեցի գրանցումը մերժելու մասին պաշտոնապես հայտնում է դիմողին՝ մերժելու պահից երկու օրվա ընթացքում:
Եթե գրանցող մարմինը անհատ ձեռներեցի գրանցման փաստաթղթերն ընդունելու մասին գրանցամատյանում գրառում կատարելու պահից 25 օրվա ընթացքում պաշտոնապես դիմողին չի հայտնում նրա, որպես անհատ ձեռներեցի, գրանցումը մերժելու մասին, ապա անհատ ձեռներեցը համարվում է գրանցված, եւ գրանցող մարմինը պարտավոր է մեկ օրվա ընթացքում նրան հանձնել անհատ ձեռներեցի վկայական:
Գրանցող մարմինը, անհատ ձեռներեցի դիմումի համաձայն, նրան գրանցելու համար սահմանված ժամկետներում կարող է անհատ ձեռներեցի գրանցման փաստաթղթերում եւ վկայականում կատարել համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ:
Սահմանված ժամկետներում սույն հոդվածի պահանջները չկատարելը կարող է գանգատարկվել դատական կարգով:
Հոդված 5. Անհատ ձեռներեցի վկայականը
Անհատ ձեռներեցի վկայականը անհատ ձեռներեցին եւ նրա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթուղթն է:
Անհատ ձեռներեցի վկայականում գրանցվում են՝
ա/ անհատ ձեռներեցի գրանցման համարը.
բ/ անհատ ձեռներեցի վկայականի համարը.
գ/ անհատ ձեռներեցի անվանումը.
դ/ անհատ ձեռներեցի գործունեության բնույթը եւ (կամ) տնտեսական գործու-նեության տեսակը.
ե/ անհատ ձեռներեցի թղթակցային /բնակության/ հասցեն.
զ/ անհատ ձեռներեցի հայեցողությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված այլ տվյալներ.
է/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ:
Գրանցող մարմնի կողմից անհատ ձեռներեցի վկայականում փակցվում է անհատ ձեռներեցի լուսանկարը, դրվում է ստորագրություն եւ այն վավերացվում է կնիքով:
Հոդված 6. Անհատ ձեռներեցի անվանումը
Անհատ ձեռներեցի անվանումը համապատասխան տնտեսական գործունեությամբ զբաղվելու ընթացքում անհատ ձեռներեցին բնորոշող անունն է:
Անհատ ձեռներեցի անվանումը պարունակում է՝
ա/ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թ._______________ անհատ /վկայականի համարը/
ձեռներեց» արտահայտությունը կամ համարժեք « ԼՂՀ թ.________________ԱՁ» /վկայականի համարը/
հապավումը,
բ/ անհատ ձեռներեցի քաղաքացիական անուն-ազգանունը:
Անհատ ձեռներեցի անվանումը պարտադիր պետք է լինի անհատ ձեռներեցի գործարարական բոլոր փաստաթղթերում:
Հոդված 7. Անհատ ձեռներեցի ֆինանսական ցուցանիշը
Անհատ ձեռներեցի ֆինանսական ցուցանիշը ստացված եկամուտն է: Անհատ ձեռներեցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մուծում է ստացած եկամտին համապատասխան հարկեր:
Հոդված 8. Անհատ ձեռներեցի իրավունքները
Անհատ ձեռներեցն իրավունք ունի՝
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ձեւերով ձեռք բերել գույք, այդ թվում՝ արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք եւ դրանցից ստացած եկամուտը կամ այլ օգտակար արդյունքը, պայմանագրային կարգով օգտագործել ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ քաղաքացիների գույքն ու գույքային իրավունքները.
բ/ փոխանցել գույքային իրավունքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ձեւերով, այդ թվում՝ գույքն օտարելով, վարձակալության տալով եւ այլն.
գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտահանել եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծել գույք, մասնավորապես՝ հումք, արտադրանք եւ այլն.
դ/ տրամադրել փոխառություններ եւ դրանք ապահովելու համար գրավ վերցնել.
ե/ ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական միջոցները, այդ թվում՝ ներգրավել փոխառու միջոցներ, ինչպես նաեւ՝ ներքին շրջանառության եւ ցանկացած արժույթով դրամական իր միջոցները պահելու, բանկային հաշվարկային եւ վարկային բոլոր տեսակի գործառնություններն իրականացնելու համար ունենալ հաշվարկային եւ այլ հաշիվներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանկային ցանկացած հիմնարկում.
զ/ անհատույց կամ փոխառության ձեւով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական՝ հանրապետական, տեղական բյուջեներից, պետական նպատակային հիմնադրամներից կամ այլ աղբյուրներից ստանալ միջոցներ ուղղակի ներդրումների, վարկերի, պարգեւների եւ այլ ձեւերով.
է/ օրենսդրությամբ չարգելված ձեւերով ձեռք բերել եւ փոխարկել արժույթ.
ը/ կնքել պայմանագրեր, ստանձնել պարտավորություններ, տալ մուրհակներ, լինել գրավատու եւ գրավառու, վարկեր տալ իր հետ կնքված պայմանագրերը կատարելու համար.
թ/ վարել ինքնուրույն արտաքին տնտեսական գործունեություն՝ ստեղծել եւ հաստատել տնտեսական կապեր այլ պետությունների ձեռնարկությունների, կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հետ, այլ պետություններում, նրանց օրենսդրությանը համապատասխան, կատարել ներդրումներ եւ իրականացնել տնտեսական գործունեություն, այդ թվում՝ միջնորդ կազմակերպությունների միջոցով.
ժ/ ներդնել կամ միավորել իր միջոցներն ու ձեռնարկատիրական ջանքերը ցանկացած ձեռնարկության եւ կազմակերպության գործունեության մեջ.
ժա/ անդամակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այլ պետությունների ձեռնարկությունների տնտեսական միավորումներին, ինչպես նաեւ՝ ձեռնարկությունների միջազգային տնտեսական միավորումներին /ասոցիացիաներին, կոնցեռններին եւ այլն/.
ժբ/ ունենալ կնիք եւ դրոշմակնիք.
ժգ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնել, ձեռք բերել ցանկացած կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկություն, ինչպես նաեւ ունեցածը վերակազմավորել այնպիսի ձեռնարկության, որում ինքը՝ անհատ ձեռներեցը, չլինի լիակատար պատասխանատվությամբ անդամ.
ժդ/ դատական կարգով պաշտպանել իր շահերը, լինել հայցվոր եւ պատասխանող դատարանում.
ժե/ դիմել գրանցող մարմնին՝ գրանցման փաստաթղթերում եւ վկայականում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու համար.
ժզ/ օգտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից եւ այլ իրավունքներից:
Անհատ ձեռներեցը իրավունք չունի՝
ա/ ունենալ վարձու աշխատողներ.
բ/ թողարկել արժեթղթեր՝ բացառությամբ մուրհակների.
գ/ միաժամանակ լինել որեւէ ձեռնարկության լիակատար պատասխանա-տվությամբ անդամ.
դ/ դիմել այլ տեղ դարձյալ անհատ ձեռներեց գրանցվելու համար:
Հոդված 9. Անհատ ձեռներեցի պարտականությունները
Անհատ ձեռներեցը պարտավոր է՝
ա/ վարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձեւի գործավարական մատյան եւ դրանում գրանցումներ կատարել բոլոր գործառնությունների մասին.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանել գործավարական մատյանի գրանցումները հիմնավորող փաստաթղթերը.
գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան հսկիչ եւ վերահսկիչ մարմիններ ներկայացնել գործավարական մատյանը եւ գրանցումները հիմնավորող փաստաթղթերը.
դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել եկամուտների մասին հայտարարագիրը.
ե/ պահպանել ֆինանսական կարգապահությունը.
զ/ ձեռնարկատիրական գործունեության մեջ պահպանել բնության պահպանության եւ մարդու առողջության անվտանգության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները.
է/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել իր սնանկանալու մասին, երբ սպառվում է ստանձնած պարտավորությունների կատարման հնարավորությունը.
ը/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել ինչպես պայմանագրային, այնպես էլ՝ նույն կարգով ստանձնած մյուս պարտավորությունները եւ դրա համար կրել պատասխանատվություն:
Հոդված 10. Անհատ ձեռներեցի գործունեության երաշխիքները
Անհատ ձեռներեցի գործունեության երաշխիքները բխում են Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձեռներեցության ազատության սկզբունքից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անհատ ձեռներեցին երաշխա-վորվում են՝
ա/ գրանցվելու իրավունք եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ազատություն.
բ/ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող բոլոր անձանց իրավա-հավասարություն.
գ/ գույքի, իրավունքների եւ շահերի պաշտպանություն.
դ/ պետական մարմինների չմիջամտություն ձեռնարկատիրական գործունեությանը՝ բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
ե/ ստացված եկամտից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարումները կատարելուց հետո մնացած եկամտի տիրապետման, տնօրինման եւ օգտագործման իրավունքները:
Պետական մարմինների, ինչպես նաեւ ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների /անկախ սեփականության ձեւից/ կամ դրանց լիազորված ներկայացուցիչների կողմից ձեռնարկված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող գործունեության, անհատ ձեռներեցի իրավունքների խախտման, նրա նկատմամբ ունեցած պարտավորությունների անբարեխիղճ կատարման հետեւանքով անհատ ձեռներեցին պատճառված վնասը, այդ թվում՝ բաց թողնված օգուտները, ենթակա են հատուցման այդ մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 11. Անհատ ձեռներեցի պատասխանատվությունը
Անհատ ձեռներեցն իր պարտականությունների եւ ստանձնած պարտա-վորությունների համար կրում է պատասխանատվություն իր անձնական այն գույքով, որի վրա բռնագանձում է տարածվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:
Անհատ ձեռներեցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր կողմից այլ անձանց, ինչպես նաեւ ձեռնարկություններին, հիմնարկներին կամ կազմակերպություններին /անկախ սեփականության ձեւից/ պատճառված վնասի, այդ թվում՝ բաց թողնված օգուտների համար, ըստ որում՝ վնասը կարող է հատուցվել բռնագանձման միջոցով:
Հոդված 12. Անհատ ձեռներեցի գործունեության դադարեցումը
Անհատ ձեռներեցի գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝
ա/ գործունեությունը դադարեցնելու մասին անհատ ձեռներեցի անձնական դիմումի հիման վրա.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ
3 մայիսի 1996 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-4