Ուժը կորցրել է 2008թ.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդը ո ր ո շ ու մ է.
«Հիմն Արցախի» հեղինակային ստեղծագործությունը /խոսք` Վ. Հակոբյանի, երաժշտություն` Ա. Նասիբյանի/ հաստատել որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական օրհներգ /տեքստը կցվում է/:
ԼՂՀ Գերագույն խորհրդի
նախագահի պաշտոնակատար` Կ. ԲԱԲՈՒՐՅԱՆ
ԼՂՀ Գերագույն խորհրդի
քարտուղար` Վ. ՀԱԿՈԲՅԱՆ
23 դեկտեմբերի 1994 թվականի,
քաղ. Ստեփանակերտ
Թ.Ն-0112-1
ՕՐՀՆԵՐԳ ԱՐՑԱԽԻ
Երաժշտ.` Ա. Նասիբյանի
Խոսք` Վ. Հակոբյանի
Ազատ ու անկախ Արցախ,
Քո տուն-ամրոցը կերտեցինք,
Պատմությունը մեր երկրի
Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք:
Դու բերդ ես անառիկ,
Բարձունք սրբազան, վեհ անուն,
Մասունք աստվածային,
Քեզնով ենք հավերժանում:
Դու մեր լույս հայրենիք,
Երկիր, հայրենյաց դուռ սիրո.
Ապրիր դու միշտ խաղաղ,
Մեր հին ու նոր Ղարաբաղ:
Քաջերն ենք մենք հայկազուն,
Մռով ենք, Քիրս ենք ու Թարթառ,
Մեր վանքերով լեռնապահ`
Անհաղթելի մի բուռ աշխարհ:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը ո ր ո շ ու մ է.
- Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական օրհներգի տեքստը և երաժշտական խմբագրումը:
- Հանձնարարել Նախարարների խորհրդին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հաստատմանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական օրհներգի մասին կանոնադրության կիրարկման հրահանգ:
- Պետական օրհներգի մասին հրամանագրի տեքստը և օրենքը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջանի հաստատմանը:
ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՔԱՐՏՈՒՂԱՐ` Վ. ՀԱԿՈԲՅԱՆ
26 հունվարի, 1993 թվականի,
քաղ. Ստեփանակերտ
Հ.ՆԽ-0166-1
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական օրհներգը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականության խորհրդանիշն է:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական օրհներգը կատարվում է.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նշվող համաժողովրդական տոներին նվիրված հանդիսավոր ժողովների և նիստերի բացման ու փակման ժամանակ,
- հանրապետական հեռուստատեսության և ռադիոյի, ամանորյա գիշերը համաժողովրդական տոն օրերի հաղորդումների ժամանակ,
- ամեն օր ռադիոհաղորդումների հանրապետական ծրագիրը սկսելիս և ավարտելիս,
- ի նշանավորումն հասարակության և պետության կյանքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների, քաղաքական, ռազմական անվանի գործիչների, ժողովրդական հերոսների, գիտության, գրականության և արվեստի գործիչների պատվին կանգնեցված հուշարձանների, ինչպես նաև կոթողների, այլ կառույցների բացման ժամանակ,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևները որևէ քաղաքի, շրջանի, բնակավայրի, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության հանձնելիս,
- պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից անցկացվող հանդիսությունների և այլ հանդիսավոր միջոցառումների ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշը բարձրացնելիս, պաշտոնական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժամանող պետությունների և արտասահմանյան երկրների ներկայացուցչությունների ղեկավարներին դիմավորելիս և ճանապարհելիս` համապատասխան արտասահմանյան պետության պետական օրհներգը կատարելուց հետո:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական օրհներգը, պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների որոշմամբ, կարող է կատարվել նաև այլ դեպքերում, պահպանելով հանդերձ պետական օրհներգի մասին կանոնադրության պահանջները:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական օրհներգը պետք է կատարվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1992թ. նոյեմբերի 17-ի 0123-1 հրամանագրով հաստատված օրհներգի տեքստին և երաժշտական խմբագրույթին ճիշտ համապատասխան:
- Զորամասերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական օրհներգի կատարումը կանոնակարգվում է ըստ զինվորական կանոնադրությունների:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական օրհներգը հրապարակավ կատարվելիս ներկաները օրհներգը ունկնդրում են հոտնկայս, տղամարդիկ հանում են գլխարկը: