26 սեպտեմբերի 2018
26 սեպտեմբերի 2018
ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆ
ՄՈՒՏՔԻ ԽՈՍՔ
6-րդ գումարման ԱԺ 8-րդ նստաշրջան
(26 սեպտեմբերի, 2018թ.)
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօրվա լիագումար նիստով մեկնարկում է 6-րդ գումարման Ազգային ժողովի հերթական՝ 8-րդ նստաշրջանը: Նախորդած ամիսների ընթացքում, թեև պատգամավորների համար արձակուրդային ժամանակաշրջան էր, այնուամենայնիվ խորհրդարանը շարունակել է իր գործունեությունը՝ իրականացնելով իրեն վերապահված գործառույթները և մասնակցելով երկրի ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին, որոնց անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ հակիրճ:
Այսպես՝ սեպտեմբերի 20-21-ին խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը Երևանում մասնակցել է ՀՀ խորհրդարանի 100-ամյակին և ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Ինչպես գիտեք՝ հուլիս և օգոստոս ամիսներին իրենց դիմումների համաձայն՝ դադարեցվել են երեք պատգամավորների լիազորությունները, իսկ սեպտեմբերին պատգամավորական թափուր տեղերի համար հանրապետության տարածքում անց են կացվել լրացուցիչ ընտրություններ, ևս մեկ՝ թիվ 2 ընտրատարածքում ընտրություններ կկազմակերպվեն հոկտեմբերին:
Անցած ժամանակահատվածում եզրակացություն է հրապարակել նախորդ նստաշրջանի ընթացում խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի առթիվ ԱԺ-ում ձևավորված էթիկայի հանձնաժողովը: Միջանկյալ հաշվետվությամբ հանդես է եկել հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման համար ԱԺ-ում ձևավորված Քննիչ հանձնածողովը:
Խորհրդարանը ակտիվ աշխատանքներ է տարել նաև արտաքին կապերն ու շփումները ընդլայնելու ուղղությամբ՝ հյուրընկալելով տարբեր երկրների քաղաքական գործիչների և խորհրդարանականների:
Նշենք՝
Շարունակվել են ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հանդիպումները Արցախի խորհրդարանի պատգամավորների հետ, մասնավորապես՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ինչպես նաև ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների այցերը՝ վերջին անգամ խորհրդարանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությամբ:
Անցած ամիսների ընթացքում խորհրդարանում հյուրընկալվել են նաև հայ և արտասահմանյան հասարակական, գիտակրթական, լրագրողական և այլ ասպարեզների ներկայացուցիչներ և Սփյուռքից ժամանած հայ երիտասարդների:
Իսկ Սեպտեմբերի 2-4-ը աշխատանքային այցով Լիբանան է այցելել Ազգային ժողովի նախագահի տեղակալ պարոն Վահրամ Բալայանը:
Ընդհանուր առմամբ, այսպիսին է անցած ժամանակահատվածում Ազգային ժողովի գործունեության համառոտ պատկերը։ Նախորդ շաբաթների ընթացքում մշտական հանձնաժողովներում նախապատրաստական աշխատանքներ են տարվել նստաշրջանի օրակարգ ձևավորելու և դրանում առկա հարցերի նախնական քննարկումների ուղղությամբ և, կարծում եմ, մենք պատրաստ ենք այդ հարցերով մեկնարկել 8-րդ նստաշրջանի աշխատանքները:
Ուստի ինձ վերապահված լիազորությամբ՝ 6-րդ գումարման ԱՀ Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանը հայտարարում եմ բացված:
Մինչև պատգամավորների գրանցմանն անցնելը, ուզում եմ հիշեցնել, որ սույն տարվա սեպտեմբեր ամսին հանրապետության թիվ 10 և 11 ընտրատարածքներում անց են կացվել ԱԺ լրացուցիչ ընտրություններ, որոնց արդյունքներով պատգամավոր են ընտրվել Էրիկ Ռոբիկի Հարությունյանը` թիվ 10 ընտրատարածքից և Գեղամ Հրաչիկի Ստեփանյանը` թիվ 11 ընտրատարածքից: Թույլ տվեք բոլորիս անունից շնորհավորել նորընտիր պատգամավորներին և մաղթել հանրօգուտ և արդյունավետ օրենսդրական գործունեություն: