ԼՈՒՐԵՐ
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը
25 սեպտեմբերի 2018

 

Սեպտեմբերի 25-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին Արցախի խորհրդարանում՝ ԱԺ նախագահը գոհունակությամբ ընդգծել է Արցախի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության շարունակական զարգացումը և երկկողմ փոխգործակցության ուղղությամբ  Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ջանքերը: Այս համատեքստում Աշոտ Ղուլյանը կարևորել է պատվիրակության հետ Արցախ ժամանած Ալֆորվիլի նախկին քաղաքապետ, ներկայումս Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի անդամ Լյուկ Կարվունասի դերակատարությունը:

Շնորհակալություն  հայտնելով ընդունելության համար՝ Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Միշել Ժերշինովիչը նշել է, որ Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև հաստատվող բարեկամական հարաբերություններին պետք է հաջորդի կոնկրետ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացումը, ինչը կնպաստի նաև հաղթահարելու Արցախի քաղաքական մեկուսացումը:

Հանդիպմանը մասնակցել  է ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

 

ԼՈՒՐԵՐ