20 սեպտեմբերի 2018
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 20-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի հետ:
Ողջունելով Աշոտ Ղուլյանին՝ Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև առկա փոխգործակցության մակարդակը:
Արա Բաբլոյանը վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը մշտապես ՀՀ Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում է և խորհրդարանականները միջազգային բոլոր հարթակներում պաշտպանում են Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի շահերը:
Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության ու արդյունավետ համագործակցության համար:
ԱՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Արա Բաբլոյանին Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր, կարևորել Հայաստանի ու Արցախի խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով շարունակական հանդիպումներն ու միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստերը: