ԼՈՒՐԵՐ
Հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների խմբակցությունների ներկայացուցիչները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր
02 սեպտեմբերի 2018

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱՀ ԱԺ խմբակցությունների պատասխանատուների և տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով նախօրեին Ստեփանակերտ ժամանած ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը՝ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի մասնակցությամբ:

Բացելով հանդիպումը՝ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ ընդգծելով երկու հայկական պետությունների միասնականության ու միմյանց սատար լինելու կարևորությունը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովը ևս՝ շնորհավորելով ներկաներին Արցախի Հանրապետության 27 ամյակի կապակցությամբ, շեշտել է, որ Արցախի հարցի կարգավորումը համայն հայության գերխնդիրն է, և այդ հարցում որևէ հետքայլ լինել չի կարող: Նա նաև նշել է, որ անկախ քաղաքական պատկերացումներում ունեցած տարբեր տեսակետներից՝ ՀՀ քաղաքական բոլոր ուժերն Արցախի հարցում ունեն միասնական դիրքորոշում:

Հանդիպման ընթացքում խմբակցությունների պատասխանատուները քննարկել են երկու խորհրդարանների միջև տարբեր մակարդակի փոխգործակցությանը և արտաքին ու ներքին քաղաքական թեմաներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ներկայացրել առաջարկություններ՝ միջխորհրդարանական կապերի ակտիվացման  ուղղությամբ:

ԼՈՒՐԵՐ