ԼՈՒՐԵՐ
Համահայկական ջանքերով մեզ հաջողվել է զարգացնել Արցախը և դարձնել այն համազգային արժեք. Աշոտ Ղուլյան
02 սեպտեմբերի 2018

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի պատասխանները «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին

  1. Ըստ Ձեզ, ռազմա-քաղաքական տեսանկյունից ինչքանո՞վ է Ադրբեջանի համար նպատակահարմար պատերազմական նոր գործողությունների վերսկսումը: Արդյո՞ք կան քաղաքական լծակներ դրա կանխման համար:

Մենք միշտ պետք է հաշվի առնենք, որ ի դեմս Ադրբեջանի գործ ունենք անկանխատեսելի սուբյեկտի հետ: Այս հանգամանքը մեզ պարտավորեցնում է չկորցնել զգոնությունը, այդ թվում պատերազմի հանկարծակի վերսկսման հանդեպ:

Ադրբեջանը երբևէ չի թաքցրել խնդիրը ռազմական եղանակով լուծելու ցանկությունը: Զինադադարի համաձայնության պարբերական խախտումները, դիվերսիոն ներթափանցման փորձերը և սահմանին լարվածությունը նվազեցնելուն ուղղված մեխանիզմների ներդրման բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածություններից հրաժարումը միայն հաստատում են այդ երկրի վարչախմբի ռևանշիստական հավակնությունները:

2016 թվականի ապրիլից հետո մենք ավելի համակողմանի ենք արձագանքում ստեղծված իրավիճակին: Այս ընթացքում մենք ամրացրել ենք սահմանագիծը, տեխնիկապես վերազինել պաշտպանական դիրքերը: Սակայն անվտանգության ապահովման գործը միայն մեր պարտավորությունը չէ: Եթե խոսում ենք տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման ու պատերազմի կանխման քաղաքական լծակների մասին, ապա դա առաջին հերթին վերաբերում է միջնորդներին՝ ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և անդամ երկրներին:

  1. Ինչպե՞ս եք գնահատում բանակցություններում Արցախի Հանրապետության վերաներգրավման հավանականությունը տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադրության պայմաններում:

 

Արցախի ներկայությունը բանակցային գործընթացում միայն ու միայն բխում է հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման շահերից: Այս փաստը տարիներ շարունակ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ մատնանշվել է՝ հիմնավորելու համար երկրի իշխանությունների դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների լիարժեք ձևաչափը վերականգնելու անհրաժեշտության վերաբերյալ:

Այն հանգամանքը, որ 1990-ականներին, երբ Արցախը անմիջապես մասնակցում էր բանակցություններին, մենք ունեցել ենք կոնկրետ արդյունքներ զինադադարի հաստատման և դրա ռեժիմի ամրապնդման մասին հիմնարար փաստաթղթերի տեսքով, արդեն իսկ հաստատումն են այն տեսակետի, որ առանց հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի, գործընթացը մշտապես ձգձգվելու է: Եթե դա բավարար չէ, ապա, խնդրեմ. այսօր միջնորդներին չի հաջողվում անգամ ապահովել բանակցությունների վերսկսման անհրաժեշտ պայմանները, իսկ դա արդեն խոսում է այն մասին, որ ներկա ձևաչափը չի բավարարում արդյունավետ կարգավորում ունենալու ցանկությունը:

Այսքանով հանդերձ, եթե ներկայումս հակամարտության ոչ բոլոր կողմերն են գիտակցում այս պարզ իրողությունը, ապա դա դեռ չի նշանակում, որ հայկական կողմերը պետք է դադարեն շրջանառել Արցախի մասնակցության թեման, քանի որ ի վերջո հարցի լուծումը կարող է լինել բացառապես այն դեպքում, եթե այն համապատասխանի Արցախի ժողովրդի ակնկալիքներին:

 

  1. Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական զարգացումները ինչպիսի՞ արձագանք են գտնում Արցախում:

Արցախի հանրությունը միանշանակ ողջունում է օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ և արատավոր երևույթների դեմ ՀՀ իշխանությունների քայլերը:

Անկախության տարիներին Արցախի և Մայր Հայաստանի միջև հարաբերություններն ինտեգրման այնպիսի մակարդակի են հասել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող արձագանք չգտնել Արցախում և հակառակը: Այս համատեքստում, սակայն, անկարելի է չընդունել, որ ներկա իրողությունների պայմաններում Արցախի հասարակությունը ավելի զգուշավոր է ներքին կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերում:  Հունիսի սկզբների և դրան հետևած երկու ամիսների իրադարձությունները ցույց տվեցին, թե հասարակությունը որքան զգայուն է ներքաղաքական իրավիճակը սրելու փորձերի հանդեպ: Միևնույն ժամանակ, գերակայող կարծիքն այն է, որ Արցախն ունի ձևավորված սահմանադրական մշակույթ և ցանկացած քաղաքական գործընթաց պետք է տեղավորվի այդ տրամաբանության մեջ:

  1. Վերջին շրջանում Արցախի ներքաղաքական զարգացումներին հետևեց Հանրային խորհուրդ ստեղծելու նախաձեռնությունը: Ըստ Ձեզ, ի՞նչ կտա այս նոր կառույցի ձևավորումը Արցախին:  

Հանրային խորհուրդ ստեղծելու գաղափարը առաջացավ ներքաղաքական վերջին իրադարձությունների ընթացքում, որոնք ցույց տվեցին, որ այսօրվա քաղաքական դաշտը չի արտացոլում հանրության բոլոր շերտերի հետաքրքրություններն ամբողջությամբ: Հաշվի առնելով հանրությանը հուզող խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու և դրանց համակարգային լուծում տալու անհրաժեշտությունը՝ իշխանությունների և նախաձեռնող խմբի անդամների միջև պարբերաբար խորհրդատվություններ են տեղի ունենում ձևավորվելիք Հանրային խորհրդի կառուցվածքի, իրավական կարգավորումների և հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Այս պահին դժվար կլինի խոսել նման կառույցի արդյունավետության մասին, քանի որ մեծ նշանակություն է ունենալու դրանում ընդգրկված մարդկանց մասնագիտական պատրաստվածությունն ու աշխատելու պատրաստակամությունը: Կարող ենք արձանագրել, որ դրանով մենք ևս մեկ քայլ ենք կատարում հանրային ներգրավվածության ժողովրդավարական սկզբունքին ընդառաջ:

  1. Խնդրում եմ մի փոքր մանրամասնեք արտաքին կապերի ընդլայնման ուղղությամբ խորհրդարանի կողմից տարվող աշխատանքների մասին: Ինչքանո՞վ է օգտագործվում, խորհրդարանական դիվանագիտության ներուժը Արցախի պարագայում:

Արցախի Հանրապետության այսօրվա կարգավիճակով պայմանավորված մենք շատ քիչ հնարավորություններ ունենք դրսի հետ շփումների առումով: Խորհրդարանական դիվանագիտությունը թերևս ամենաարդյունավետ աշխատող մեխանիզմն է, որը հնարավորություն է ընձեռում արտաքին աշխարհին, մասնավորապես քաղաքական-հասարակական շրջանակներին հասանելի դարձնել Արցախում տիրող իրավիճակը, այս կամ այն հարցերում մեր դիրքորոշումն ու տեսակետները: Ազգային ժողովում գործում են մի շարք բարեկամական խմբեր Եվրոպական խորհրդարանի, Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանի հետ և բարեկամության շրջանակներ Լիտվայի, Ֆրանսիայի, ինչպես նաև Բելգիայի ֆրանսախոս համայնքի ներկայացուցիչների հետ: Այս ուղղությամբ մեր աշխատանքները ակտիվ կերպով շարունակվելու են նաև հաջորդ նստաշրջանների ընթացքում. կան նոր նախաձեռնություններ, որոնց իրագործումը ժամանակի հարց է:

  1. Սեպտեմբերի 2-ին Արցախը նշում է Հանրապետության 27-րդ տարեդարձը: Ի՞նչ խորհուրդ ու նշանակություն ունի տոնը արցախցիների կյանքում:

Եթե 1991 թվականին անկախ հանրապետության հռչակումը Արցախի ինքնագոյատևման կենսական պայման էր, ապա այսօր այն արցախյան նոր սերնդի ինքնության անբաժանելի մաս է:

Մեր կյանքի իրավունքն ապահովելու, պաշտպանությունը պատշաճորեն կազմակերպելու և Մայր հայրենիքին վերամիավորվելու համար սկսված շարժման հետագա հաջողությունն երաշխավորելու համար մենք գնացինք երկրորդ հայկական հանրապետության հռչակման ճանապարհով՝ պահպանելով միջազգային իրավունքով ամրագրված բոլոր պահանջները:

Անցած 27 տարիների ընթացքում համահայկական ջանքերով մեզ հաջողվել է զարգացնել Արցախը և դարձնել այն համազգային արժեք. արժեք, որը բոլորինն է և յուրաքանչյուրինը:

 

ԼՈՒՐԵՐ