ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ընդունել են Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնին
29 օգոստոսի 2018

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը օգոստոսի 29-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակության անդամներին, ովքեր Արցախ են ժամանել Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ:

 Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ նման կազմով այցելությունները թույլ են տալու ընդլայնել Գերմանիայում և Եվրոպայում Արցախի բարեկամների շարքերը և նաև նոր հնարավորություններ են ստեղծելու, որպեսզի Արցախի մասին թե Եվրախորհրդարանում, թե իրենց ներկայացրած քաղաքական խմբերում ավելի տեղեկացված լինեն ու ավելի ճիշտ պատկերացում ունենան՝ Արցախում ապրող մարդկանց ցանկությունների մասին: Այդ համատեքստում Աշոտ Ղուլյանն ընդգծել է եվրոպական կառույցների հետ  ինստիտուցիոնալ հարաբերությունների անցնելու անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտին Զոնեբորնը նշել է, որ իրենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կողմնակիցներ են և այդ առումով պատրաստ են աջակցել Արցախի ժողովրդին:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական  հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:

Նեղ կազմով հանդիպումից հետո, Եվրախորհրդարանի պատգամավորն իր գործընկերների հետ հանդիպել է «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամներին:

Բացելով հանդիպումը՝ բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանը հույս է հայտնել, որ նորաստեղծ այս համագործակցությունը  երկարատև և արդյունավետ կլինի:

Հանդիպման ընթացքում եվրոպացի խորհրդարանականները հետաքրքրվել են Արցախում արտաքին վտանգի պայմաններում ներքին հարցերի լուծման տարբերակների և արդյունքների մասին, ինչպես նաև քննարկել են Արցախում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանն ու խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր:

ԼՈՒՐԵՐ