ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Ընդունված է 2017 թվականի

հուլիսի 21-ին

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քրեական դատավարությանօրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 28-րդ կետի «վարչապետը, փոխվարչապետը» բառերը փոխարինել «պետական նախարարը» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Քրեական գործով վարույթը դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ կարող է կասեցվել, եթե հիմնավոր կասկածներ կան տվյալ կոնկրետ գործով կիրառման ենթակա իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ, և դատարանը գտնում է, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Այս դեպքում դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը և դիմելու Գերագույն դատարան` օրենքով սահմանված կարգով հարցին ընթացք տալու համար:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով:

4. Գերագույն դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` առնվազն հինգ դատավորի կազմով: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը: Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները Գերագույն դատարանը քննում է կոլեգիալ՝ առնվազն հինգ դատավորի կազմով:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 400-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծվում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով:».

2) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենսգրքի 405-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հոդված 405.

Վերաքննության կարգով գործը քննող դատարանի կազմը

 

 

Գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերաքննիչ դատարանում վերանայվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, որոնցից մեկը նախագահողն է:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 423-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հոդված 423.

Վճռաբեկ բողոքներով գործերը քննող դատարանը

 

 

Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի կողմից գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները վերանայում է Գերագույն դատարանը՝ առնվազն հինգ դատավորի կազմով:»։

 

Հոդված 7. Օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝

1) «Արդարադատության խորհուրդն» բառերը փոխարինել «Բարձրագույն դատական խորհուրդն» բառերով.

2) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով» բառերով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. հուլիսի 25

Ստեփանակերտ

ՀՕ-15-Ն