«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին

Ընդունված է 2016 թվականի

մարտի 24-ին

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 4-րդ մասում «և (կամ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության» բառերից հետո լրացնել «, ապրանքների և տեխնոլոգիաների՝ ներկայացված ելակետային տվյալներին համապատասխանության» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում «-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայությունը.» բառերը փոխարինել «-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը.» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի և լրացակերերի վերամշակման, պահպանման, տեղափոխման և իրացման, կենդանիների պահվածքի,» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի և լրացակերերի արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, պահպանման, տեղափոխման և իրացման, առևտրի և հանրային սննդի ոլորտում ծառայությունների մատուցման փուլերում անվտանգության հետ առնչվող հարաբերությունների, կենդանիների պահվածքի,» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից քաղաքաշինության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում են ստուգումներ շինարարության օբյեկտներում կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացվում են ստուգումներ՝ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության համաձայն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից այն դեպքերում իրականացվող ստուգումների, երբ՝

1) լրացել է լիազոր մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտին օրենքով նախատեսված իրավասությունների շրջանակներում տրված նախկին ստուգմամբ հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարականի (կարգադրագրի) ժամկետը.

2) լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետից ստացել է հանձնարարական, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ստացել է դիմում, իսկ պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից` գրավոր տեղեկատվություն`

ա. քաղաքացիների կյանքին, առողջությանը, կենդանիներին կամ շրջակա միջավայրին վնաս հասցնելու կամ վնասի առաջացման վտանգի մասին,

բ. սպառողի իրավունքների խախտման մասին (այն քաղաքացիների դիմումի դեպքում, որոնց իրավունքները խախտվել են).

3) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը դիմում է ներկայացրել իր կազմակերպությունում ստուգում իրականացնելու վերաբերյալ.

4) մեկ տարվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտի մոտ օրենքով սահմանված կարգով իրականացված դիտարկումների արդյունքներով հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք.

5) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ժա» ենթակետով նախատեսված դեպքում:

Սույն մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում իրականացվող ստուգումների ընթացքում պարզաբանվում են միայն այն հարցերը, որոնք հիմք են հանդիսացել այդ ստուգումներն իրականացնելու համար:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2016թ. ապրիլի 15

Ստեփանակերտ

ՀՕ-13-Ն