«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Ընդունված է 2016 թվականի

 փետրվարի 24-ին

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-68-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 1-ին կետը «(լիազորությունները դադարեցվելու)» բառերից հետո լրացնել «կամ աշխատանքից ազատվելու կամ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է ոչ ավելի վաղ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից:»։

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին պարբերությունում «պաշտոնից» բառից հետո լրացնել «2014 թվականի հուլիսի 1-ից հետո» բառերը.

2) 2-րդ մասից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին,» բառերը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասեր.

«5. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առնվազն տասը տարի պաշտոնավարել են դատավորի պաշտոնում:

Սույն մասով նախատեսված անձանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով դատավորի լիազորությունների դադարեցման դեպքերում նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) և 0,85 գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով:

Սույն մասով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի 85 տոկոսը։

6. Եթե սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը նշանակվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող ամսվա 1-ից:

Սույն օրենքի 2-րդ հոդվածի և 3-րդ հոդվածի 1-ին կետի գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2016թ. մարտի 14

Ստեփանակերտ

ՀՕ-2-Ն