«Զբաղվածության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Ընդունված է 2016 թվականի

փետրվարի 24-ին

 

Հոդված 1. «Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-114-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1)11-րդ կետում «կետերով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետ.

«15) աշխատող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված անձ:»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1 Մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող աշխատանք փնտրող անձի համար, որը հրաժարվել է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ուսուցումից, հարմար է համարվում մասնագիտական կրթություն և որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:».

2) 3-րդ մասում «չունեցող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող, սակայն ստացած մասնագիտությանը համապատասխան վերջին հինգ տարվա ընթացքում աշխատանքային գործունեություն չիրականացնող» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «և» բառից հետո լրացնել «աշխատանք փնտրող անձի» բառերով.

2) 4-րդ մասը «կետերով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «հաշվառումը,» բառից հետո լրացնել «հաշվառումից հանումը,» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասում և 24-րդ հոդվածի 5-րդ մասում «անհատական» բառը փոխարինել «անձնական» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) պետական կառավարչական հիմնարկների և համայնքային կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի երեք տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 և ավելի է:

4. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) ոչ պետական կազմակերպությունների համար, բացառությամբ համայնքային կառավարչական հիմնարկների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի մեկ տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 և ավելի է:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին, 4.2-րդ և 4.3-րդ մասեր.

«4.1. Կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակը որոշվում է տվյալ հարկային տարում յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ կազմակերպության աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով 12-ի, իսկ տվյալ տարում նոր ստեղծված կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակը՝ ստեղծման օրվանից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ՝ կազմակերպության աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով կազմակերպության ստեղծման օրվանից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի ամիսների թվի վրա:

4.2. Եթե կազմակերպությունը ստեղծվել է տվյալ տարվա դեկտեմբեր ամսին, ապա աշխատողների միջին տարեկան քանակ է համարվում տվյալ հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպությունում առկա աշխատողների քանակը:

4.3. Կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակի նկատմամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված տոկոսների կիրառման արդյունքում տասնորդական կոտորակային թիվ ստացվելու դեպքում այն կլորացվում է մինչև միավորները, ընդ որում՝ տասնորդական կոտորակի ստորակետից հետո հինգից ցածր թվանշանի դեպքում հավասարեցվում է իրենից ցածր բնական թվին, իսկ տասնորդական կոտորակի ստորակետից հետո հինգ և բարձր թվանշանի դեպքում՝ իրենից վերև ընկած բնական թվին:».

3) 5-րդ մասի «աշխատատեղը» բառը փոխարինել «յուրաքանչյուր աշխատատեղ» բառերով.

4) 7-րդ մասից հանել «՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերը.

5) 10-րդ մասի «կառավարության որոշմամբ բացված արտաբյուջետային միջոցների հաշվին» բառերը փոխարինել «պետական բյուջե» բառերով.

6) ուժը կորցրած ճանաչել 11-րդ մասը:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի 6-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2016թ. մարտի 14

Ստեփանակերտ

ՀՕ-1-Ն