Ընդունված է 2018 թվականի
հունիսի 28-ին
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է Արցախի Հանրապետության հավատարմագրման ազգային համակարգի գործունեության կանոնները և կանոնակարգում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի, Արցախի Հանրապետության Հավատարմագրման ազգային մարմնի և հավատարմագրված կամ հավատարմագրմանը հավակնող համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող ֆիզիկական ու իրավաբանական անձանց (այսուհետ` համապատասխանության գնահատման մարմիններ) հարաբերությունները:
2. Սույն օրենքը կարգավորում է փորձարկում, տրամաչափարկում, հսկողություն, սերտիֆիկացում և համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման այլ մարմինների հավատարմագրման գործընթացը` անկախ հավատարմագրման և համապատասխանության գնահատման պարտադիր կամ կամավոր հիմքերից:
Հոդված 2. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) իրազեկություն` գիտելիքները և հմտությունները կիրառելու համապատասխան ունակություն.
2) համապատասխանության գնահատման մարմին` մարմին, որն իրականացնում է տրամաչափարկում, փորձարկում, սերտիֆիկացում, հսկողություն, փորձարկումների որակավորման ստուգում, ստանդարտ նմուշների պատրաստում.
3) համապատասխանության գնահատում` գործընթաց, որով հավաստվում է արտադրանքին, գործընթացին, ծառայությանը, համակարգին, անձին կամ մարմնին ներկայացվող պահանջների իրականացումը.
4) համապատասխանության սերտիֆիկատ` համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է արտադրանքի, գործընթացի, ծառայության, կառավարման համակարգերի, ֆիզիկական անձանց համապատասխանությունը սահմանված պահանջներին.
5) հավասարության սկզբունքներով փորձագիտական գնահատում` միջազգային և (կամ) տարածաշրջանային փոխճանաչման համաձայնագրերի կողմ կամ հավակնորդ հանդիսացող օտարերկրյա հավատարմագրման ազգային մարմինների ներկայացուցիչների կողմից սահմանված պահանջների համաձայն հավատարմագրման ազգային մարմնի համապատասխանության գնահատում.
6) Հավատարմագրման ազգային մարմին՝ Արցախի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված խորհուրդ, որն ունի բացառիկ լիազորություններ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով հավատարմագրման ապահովման ոլորտում.
7) հավատարմագրման դադարեցում` հավատարմագրումն ամբողջությամբ դադարեցնելու գործընթաց.
8) հավատարմագրման ընդլայնում` հավատարմագրման ոլորտի ընդլայնման գործընթաց.
9) հավատարմագրման կասեցում` հավատարմագրման ոլորտի ժամանակավորապես լրիվ կամ մասնակի չեղյալ ճանաչելու գործընթաց.
10) հավատարմագրման կրճատում` հավատարմագրման ոլորտի որոշակի մասի դադարեցման գործընթաց.
11) հավատարմագրման նշան` Հավատարմագրման ազգային մարմնի կողմից համապատասխանության գնահատման մարմնին տրված նշան` հավատարմագրված լինելը ցուցադրելու նպատակով օգտագործելու համար.
12) հավատարմագրման ոլորտ` համապատասխանության գնահատման որոշակի ծառայություններ, որոնց համար հավատարմագրման հարցում է արվել, կամ արդեն իրականացվել է հավատարմագրումը.
13) հավատարմագրման վկայագիր` պաշտոնական փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ, որը հավաստում է հավատարմագրումը որոշակի ոլորտում.
14) հավատարմագրմանը հավակնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ` համապատասխանության գնահատման մարմին, որը հավատարմագրման նպատակով դիմել է Հավատարմագրման ազգային մարմին.
15) հավատարմագրում՝ Հավատարմագրման ազգային մարմնի կողմից համապատասխանության գնահատման մարմնի համապատասխանության հավաստման գործընթաց, որով պաշտոնապես ապացուցվում է նշված մարմնի իրազեկությունը` հավատարմագրման ոլորտի շրջանակներում համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ.
16) շահագրգիռ կողմեր` հավատարմագրմամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգիռ կողմեր: Ուղղակիորեն շահագրգիռ են համարվում նրանք, ովքեր հավատարմագրվում են, անուղղակիորեն շահագրգիռ` նրանք, ովքեր օգտվում են հավատարմագրված համապատասխանության գնահատման ծառայություններից կամ հիմնվում են դրանց վրա.
17) պարբերական գնահատում` գործունեություն, որն իրականացվում է համաձայն հավատարմագրման կարգի՝ հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի կողմից հավատարմագրման պահանջների շարունակական կատարմանը հետևելու համար՝ բացառությամբ վերագնահատման.
18) սերտիֆիկացում` արտադրանքի, գործընթացի, ծառայության, համակարգի կամ անձի համապատասխանության հավաստում երրորդ կողմի միջոցով.
19) տրամաչափարկում (կալիբրավորում)` գործողություն, որը հատուկ պայմաններում նախ կապ է ստեղծում չափանմուշների (էտալոնների) միջոցով ստացված չափման անորոշություններով մեծության արժեքների և չափման անորոշություններով համապատասխան ցուցմունքների միջև, ապա օգտագործում է այդ տեղեկությունը ցուցմունքից չափման արդյունք ստանալու նպատակով կապ ստեղծելու համար.
20) հսկողություն` հատուկ պահանջների կամ մասնագիտական դատողության հիման վրա արտադրանքի նախագծման, արտադրանքի պատրաստման գործընթացի կամ տեղադրման փորձաքննություն, որով որոշվում է դրա համապատասխանությունը ընդհանուր պահանջներին.
21) փորձարկում` ընթացակարգի համաձայն համապատասխանության գնահատման օբյեկտի մեկ կամ մի քանի բնութագրերի որոշում.
22) հավատարմագրման ոլորտի արդիականացում՝ հավատարմագրման փաստաթղթերի փոփոխությունների կատարման գործընթաց, որն իրականացվում է համապատասխանության գնահատման մարմնի պահանջով՝ հավատարմագրման ոլորտում վկայակոչված իրավական ակտի, ստանդարտացման փաստաթղթի, փորձարկման մեթոդի փոփոխության, նոր իրավական ակտի, ստանդարտացման փաստաթղթի գործողության մեջ դրվելու դեպքերում և չի նախատեսում հավատարմագրման վկայագրի վերաձևակերպում.
23) վերագնահատում` գնահատում, որը, համաձայն հավատարմագրման կարգի, իրականացվում է հավաստելու համար, որ հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինը գործում է հավատարմագրման բոլոր պահանջներին համապատասխան և կարող է շարունակել իր գործունեությունը.
24) արտահերթ գնահատում` գործունեություն, որը, համաձայն հավատարմագրման կարգի, իրականացվում է հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի գործունեության վերաբերյալ ստացված բողոքների, ահազանգերի կամ համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման պայմանների այն փոփոխությունների դեպքում, որոնք հավատարմագրման պահանջներն ապահովելիս կարող են ազդել համապատասխանության գնահատման մարմնի կարողության վրա.
25) հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշ` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված պատկերանիշ, որը կիրառվում է Հավատարմագրման ազգային մարմնի կողմից` իրեն նույնականացնելու համար.
26) բողոք՝ որևէ անձի կամ կազմակերպության կողմից անբավարարության արտահայտում` հասցեագրված Հավատարմագրման ազգային մարմնին, որը վերաբերում է այդ մարմնի կամ համապատասխանության գնահատման մարմնի գործունեությանը, և որի համար սպասվում է պատասխան.
27) տեքստային վկայակոչում՝ համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրված լինելու վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն.
28) կանոնակարգվող ոլորտ՝ սպառողների պաշտպանության նպատակով՝ Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ կարգավորվող ոլորտ.
29) չկանոնակարգվող ոլորտ՝ Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չկարգավորվող ոլորտ:
Հոդված 3. Հավատարմագրման բնագավառում հարաբերությունների իրավական կարգավորումը
1. Արցախի Հանրապետության հավատարմագրման բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, այլ իրավական ակտերով և միջազգային պայմանագրերով:
2. Եթե Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 4. |
Հավատարմագրման նպատակները |
1. Հավատարմագրման նպատակներն են`
1) պաշտոնապես հավաստել համապատասխանության գնահատման մարմնի` համապատասխանության գնահատման որոշակի տեսակի ծառայություններ մատուցելու իրավասությունը.
2) նպաստել Արցախի Հանրապետությունում համապատասխանության գնահատման մարմինների կարողությունների և ծառայությունների կատարելագործմանը, բարձրացնել սպառողների վստահությունը համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ.
3) ապահովել համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրումը միջազգային հավատարմագրման համակարգերի ընթացակարգերին ներդաշնակ ընթացակարգերով` բացառելով առևտրում տեխնիկական խոչընդոտները:
Հոդված 5. |
Հավատարմագրման հիմնական սկզբունքները |
1. Հավատարմագրումը ծառայություն է, որը ներկայացնում է հանրային շահերը:
2. Հավատարմագրումը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա`
1) օրինականություն.
2) կամավորություն (եթե Արցախի Հանրապետության օրենսդրությամբ այլ պահանջ չի սահմանվում).
3) շահագրգիռ բոլոր կողմերի համար հավասար իրավունքներ.
4) անկախություն.
5) անկողմնակալություն և իրազեկություն.
6) թափանցիկություն.
7) արհեստավարժություն.
8) հավատարմագրման գործընթացում ձեռք բերված տեղեկատվության գաղտնիություն.
9) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակեցված հավատարմագրման պահանջների կիրառում:
Գ Լ ՈՒ Խ 3
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 6. Հավատարմագրման ազգային համակարգի կառուցվածքը
1. Հավատարմագրման ազգային համակարգը կազմված է միմյանց հետ համագործակցող հետևյալ մասնակիցներից`
1) Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին.
2) Հավատարմագրման ազգային մարմին, ներառյալ` հավատարմագրման կոմիտեները.
3) համապատասխանության գնահատման մարմիններ:
Հոդված 7. Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը
1. Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը`
1) մշակում է հավատարմագրման և համապատասխանության գնահատման բնագավառի պետական քաղաքականությունը.
2) խրախուսում է հավատարմագրումը համապատասխանության գնահատման ոլորտներում` ընդունելով հավատարմագրումը որպես հիմնական գործիք համապատասխանության գնահատման մարմինների գնահատման գործընթացում.
3) հաստատում է հավատարմագրման վկայագրի և համապատասխանության գնահատման չկանոնակարգվող ոլորտներում համապատասխանության սերտիֆիկատների ձևերը.
4) օրենքով սահմանված կարգով իրականացնում է վարչական վարույթ հավատարմագրման բնագավառում.
5) հավատարմագրման բնագավառում տարածաշրջանային և միջազգային համագործակցության շրջանակներում ներկայացնում է Արցախի Հանրապետությունը.
6) իրականացնում է այլ գործառույթներ` սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան, ինչպես նաև` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված իրավունքներ և պարտականություններ:
Հոդված 8. |
Հավատարմագրման ազգային մարմինը |
1. Հավատարմագրման ազգային մարմինը ինն անդամից կազմված խորհուրդ է: Այն ձևավորվում է.
1) չորս պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներից.
2) երկու պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներից.
3) երեք հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Հավատարմագրման ազգային մարմնի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
2. Հավատարմագրման ազգային մարմինը Արցախի Հանրապետությունում համապատասխանության գնահատման մարմիններ հավատարմագրող միակ մարմինն է:
3. Հավատարմագրման ազգային մարմնի նիստն իրավազոր է, եթե ներկա է քվեարկության ձայնի իրավունք ունեցող անդամների առնվազն 2/3-ը: Նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Հավատարմագրման ազգային մարմնի նախագահի ձայնը վճռորոշ է:
4. Հավատարմագրման ազգային մարմինը`
1) ապահովում է հավատարմագրման գործընթացի և հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների պարբերական գնահատման, ինչպես նաև արտահերթ գնահատման իրականացումը.
2) տրամադրում է համապատասխանության գնահատման մարմիններին հավատարմագրման վկայագրեր, ինչպես նաև վերաձևակերպված հավատարմագրման վկայագրեր` Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.
3) ապահովում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների, ինչպես նաև տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրների ձևավորումը և վարումը, նշված ռեեստրներից տեղեկատվության տրամադրումը.
4) հաստատում է հավատարմագրման կոմիտեների գործունեության կարգը և կազմը.
5) սահմանում է հավատարմագրման նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը.
6) ապահովում է իր գործողությունների օբյեկտիվությունը և անաչառությունը.
7) սահմանում է համապատասխան ընթացակարգեր` ստացված տեղեկատվության գաղտնիությունն ապահովելու համար.
8) հրապարակում և տրամադրում է տեղեկատվություն հավատարմագրմանն առնչվող խնդիրների վերաբերյալ.
9) հավատարմագրման բնագավառում իրականացնում է նաև այլ գործառույթներ` սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան:
Հոդված 9. |
Հավատարմագրման կոմիտեները |
1. Հավատարմագրման կոմիտեները ստեղծվում են Հավատարմագրման ազգային մարմնի կողմից:
2. Հավատարմագրման կոմիտեների հիմնական գործառույթներն են`
1) համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման հետ կապված փաստաթղթերի ուսումնասիրությունը.
2) համապատասխանության գնահատման մարմինների՝ հավատարմագրման չափանիշներին համապատասխանության գնահատումը.
3) համապատասխանության գնահատման մարմինների՝ հավատարմագրման չափանիշներին hամապատասխանության գնահատման արդյունքների հիման վրա գնահատման եզրակացության կազմումը և Հավատարմագրման ազգային մարմնին ներկայացումը:
Հոդված 10. |
Համապատասխանության գնահատման մարմինները |
1. Հավատարմագրման համար կարող են դիմել հետևյալ համապատասխանության գնահատման մարմինները`
1) փորձարկման և տրամաչափարկման (կալիբրավորման) լաբորատորիաները.
2) արտադրանքի սերտիֆիկացման մարմինները.
3) կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինները.
4) ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմինները.
5) հսկողություն իրականացնող մարմինները.
6) համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման այլ մարմիններ:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված համապատասխանության գնահատման յուրաքանչյուր մարմին լիազոր մարմնից կարող է ստանալ տեղեկատվություն հավատարմագրման գործընթացի վերաբերյալ:
Գ Լ ՈՒ Խ 4
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Հոդված 11. |
Հավատարմագրման գործընթացը և ժամկետը |
1. Հավատարմագրման ազգային մարմնի կողմից համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
2. Հավատարմագրման գործընթացն իրականացվում է միջազգային ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի պահանջների համաձայն:
3. Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ժամկետը սահմանվում է երեք, իսկ վերագնահատման ժամկետը` չորս տարի:
4. Հավատարմագրման ազգային մարմնի կողմից համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման և վերագնահատման գործընթացի իրականացման համար գանձվում է պետական տուրք, որի չափը սահմանվում է օրենքով:
Հոդված 12. Համապատասխանության գնահատման մարմինների իրավունքները
1. Համապատասխանության գնահատման մարմինները`
1) կիրառում են հավատարմագրման նշանը կամ հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչումը սույն օրենքով սահմանված կարգով հավատարմագրված լինելու դեպքում.
2) դիմում են Հավատարմագրման ազգային մարմին` ընդլայնելու, արդիականացնելու, կրճատելու, կասեցնելու կամ դադարեցնելու հավատարմագրումը, ինչպես նաև վերագնահատման նպատակով:
Հոդված 13. Համապատասխանության գնահատման մարմինների պարտականությունները
1. Համապատասխանության գնահատման մարմինները պարտավոր են`
1) պատշաճ կերպով պահպանել հավատարմագրման կանոնները և կատարել սույն օրենքով և համապատասխանության գնահատման մարմինների գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերով, ինչպես նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պարտականությունները.
2) մշտապես համապատասխանել այն ստանդարտների, նորմատիվ փաստաթղթերի և իրավական ակտերի պահանջներին, որոնց համաձայն նրանք հավատարմագրվել են.
3) վկայակոչել հավատարմագրումը և կիրառել հավատարմագրման նշանը միայն հավատարմագրված ոլորտում և հավատարմագրման ժամկետում.
4) հավատարմագրման դադարեցման դեպքում Հավատարմագրման ազգային մարմին վերադարձնել հավատարմագրման վկայագրի բնօրինակը.
5) համագործակցել Հավատարմագրման ազգային մարմնի հետ` հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեության վերաբերյալ բողոքներն ուսումնասիրելու նպատակով.
6) Հավատարմագրման ազգային մարմնին տրամադրել տեղեկատվություն համապատասխանության գնահատման աշխատանքների վերաբերյալ:
Հոդված 14. Հավատարմագրման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և հանրամատչելի տեղեկատվության հրապարակումը
1. Հավատարմագրման ազգային մարմինը հավատարմագրման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրում շահագրգիռ կողմերին:
2. Հավատարմագրման ազգային մարմինը հրապարակում է ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի պահանջներով սահմանված հանրամատչելի տեղեկատվությունը, ինչպես նաև հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների, համապատասխանության գնահատման մարմինների կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրները:
Հոդված 15. |
Հավատարմագրման նշանը
|
1. Արգելվում է չհավատարմագրված, հավատարմագրումը կասեցված և դադարեցված լինելու դեպքում համապատասխանության գնահատման մարմինների կողմից հավատարմագրման նշանի կամ հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչման կիրառումը:
Հոդված 16. Հավատարմագրման կասեցումը և դադարեցումը
1. Հավատարմագրման ոլորտի լրիվ կասեցման հիմք կարող է հանդիսանալ՝
1) համապատասխանության գնահատման մարմնի դիմումը.
2) պարբերական, այդ թվում՝ արտահերթ գնահատման ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունները (ամբողջ հավատարմագրման ոլորտի հավատարմագրման պահանջներին չհամապատասխանելու դեպքում) 30 օրվա ընթացքում չվերացնելը.
3) Հավատարմագրման ազգային մարմնի և համապատասխանության գնահատման մարմնի միջև կնքված պայմանագրում ամրագրված պարտավորությունների, սահմանված վճարների չկատարումը:
2. Հավատարմագրման ոլորտի մասնակի կասեցման հիմք կարող է հանդիսանալ՝
1) համապատասխանության գնահատման մարմնի դիմումը.
2) պարբերական, այդ թվում՝ արտահերթ գնահատման ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունները (ոչ ամբողջ հավատարմագրման ոլորտի հավատարմագրման պահանջներին չհամապատասխանելու դեպքում) 30 օրվա ընթացքում չվերացնելը:
3. Հավատարմագրման կասեցման ժամանակահատվածում համապատասխանության գնահատման մարմինն իրավունք չունի իրականացնելու համապատասխանության գնահատման գործունեություն` վկայակոչելով իր հավատարմագրված լինելը, օգտվելու հավատարմագրման նշանից, ինչպես նաև ներկայացնել հավատարմագրման ընդլայնման հայտ:
4. Հավատարմագրման կասեցման ժամկետը սահմանվում է հավատարմագրման կոմիտեի որոշմամբ` ոչ ավելի, քան երեք ամիս:
5. Համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրումը դադարեցվում է`
1) համապատասխանության գնահատման մարմնի դիմումի հիման վրա.
2) հավատարմագրման չափանիշներին անհամապատասխանության դեպքում.
3) հավատարմագրման կասեցման հիմքերը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում.
4) պարբերական գնահատման, այդ թվում՝ արտահերթ գնահատման իրականացումից հրաժարվելու դեպքում.
5) հավատարմագրման ոլորտից դուրս համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս` հավատարմագրման նշան և (կամ) հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչում կիրառելու դեպքում:
6. Հավատարմագրման դադարեցման մասին որոշումն ընդունելուց հետո համապատասխանության գնահատման մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում Հավատարմագրման ազգային մարմնին է վերադարձնում հավատարմագրման վկայագրի բնօրինակն իր հավելվածներով` անկախ բողոքարկման հավանականությունից:
Գ Լ ՈՒ Խ 5
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 17. Հավատարմագրման ազգային մարմնի անդամակցությունը հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին
1. Հավատարմագրման ազգային մարմինը կարող է դիմում ներկայացնել հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին անդամակցության նպատակով:
2. Հավատարմագրման ազգային մարմինը հավատարմագրման վկայագրերի ու հավատարմագրված համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչման համար դիմում է տարածաշրջանային և միջազգային հավատարմագրման կազմակերպությունների երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ դառնալու համար, ինչն իր հերթին ենթադրում է հավասարության սկզբունքներով փորձագիտական գնահատում:
3. Երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կնքելու դեպքում Հավատարմագրման ազգային մարմինը կճանաչի հավատարմագրման միջազգային և տարածաշրջանային երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կնքած կողմերի հավատարմագրման վկայագրերը:
Հոդված 18. Հավատարմագրման ազգային մարմնի և օտարերկրյա հավա-տարմագրման մարմինների միջև համագործակցությունը
1. Հավատարմագրման ազգային մարմինը կարող է կնքել երկկողմ համագործակցության համաձայնագրեր հավատարմագրման օտարերկրյա մարմինների հետ:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված համաձայնագրերը կարող են ներառել Հավատարմագրման ազգային մարմնի և որևէ օտարերկրյա հավատարմագրման մարմնի հետ համատեղ համապատասխանության գնահատման մարմինների գնահատման և հավատարմագրման իրականացման մասին դրույթ:
Հոդված 19. Հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրման ծառայությունների մատուցումը օտարերկրյա մարմիններին
1. Հավատարմագրման ազգային մարմինը կարող է հավատարմագրման ծառայություններ մատուցել օտարերկրյա համապատասխանության գնահատման մարմիններին` հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների պահանջներին համապատասխան:
Հոդված 20. Հավատարմագրման բնագավառում միջազգային համագործակցության մասին տեղեկատվության տրամադրումը
1. Հավատարմագրման ազգային մարմինը հրապարակում է երկկողմ, բազմակողմ տարածաշրջանային և միջազգային համագործակցության, տարածաշրջանային և միջազգային ճանաչման համաձայնագրերի կողմ հանդիսանալու, Հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրված օտարերկրյա համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման վկայագրերի վերաբերյալ տեղեկատվությունը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը ենթակա է հրապարակման Հավատարմագրման ազգային մարմնի կողմից:
Գ Լ ՈՒ Խ 6
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 21. |
Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար |
1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 7
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 22. |
Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին «Համապատասխանության գնահատման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-193 և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի հունիսի 14-ի ՀՕ-303 օրենքների համաձայն տրված հավատարմագրման վկայագրերը գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, բացառությամբ տեխնիկական կանոնակարգերի պահանջների նկատմամբ համապատասխանության գնահատման աշխատանքների մասով:
Հոդված 23. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018թ. հուլիսի 13
Ստեփանակերտ
ՀՕ-31-Ն