Ստանդարտացման մասին

Ընդունված է 2018 թվականի

                                                                                                      հունիսի 28-ին

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 1.

Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքը սահմանում է Արցախի Հանրապետությունում ստանդար­տացման գործունեության իրավական հիմքերը և դրա մասնակիցների իրավասու­թյունները, ինչպես նաև կանոնակարգում է ստանդարտացման փաստաթղթերի մշակման և կիրառման սկզբունքները:

 

Հոդված  2.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) ազգային ստանդարտ` ստանդարտացման ազգային մարմնի կողմից ընդունված և հանրությանը հասանելի ստանդարտ.

2) եվրոպական ստանդարտ` ստանդարտացման եվրոպական կազմակեր­պության կողմից ընդունված և հանրությանը հասանելի ստանդարտ.

3) լիազորված պետական մարմին` Արցախի Հանրապետության կառավա­րության կողմից լիազորված պետական կառավարման մարմին.

4) կազմակերպության ստանդարտ` իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից ընդունված ստանդարտ.

5) միջազգային ստանդարտ` ստանդարտացման միջազգային կազմակեր­պու­թյան կողմից ընդունված և հանրությանը հասանելի ստանդարտ.

6) շահագրգիռ կողմ` ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կամ որևէ կերպ ներգործող ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

7) պետական ստանդարտացման ամենամյա ծրագիր` ծրագիր, որը մշակվում է պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա, հաստատվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ և ենթակա է պետական ֆինանսավորման.

8) ստանդարտ՝ փաստաթուղթ, որով սահմանվում են գործունեության տարբեր ձևերին կամ դրանց արդյունքներին վերաբերող համընդհանուր և բազ­մակի կիրառման համար կանոններ, ընդհանուր սկզբունքներ կամ բնութագրեր՝ ուղղված որոշակի բնագավառում լավագույն կարգավորվածության ձեռքբերմանը, որը մշակվում է փոխհամաձայնության հիման վրա և հաստատվում ճանաչված մարմնի կողմից.

9) ստանդարտացում` իրականում գոյություն ունեցող կամ հնարավոր խնդիրների վերաբերյալ համընդհանուր և բազմակի կիրառման համար դրույթ­ների սահմանման միջոցով որոշակի բնագավառում կարգավորվածության լավագույն աստիճանին հասնելուն ուղղված գործունեություն.

10) ստանդարտացման ամենամյա ծրագիր` ծրագիր, որը մշակվում է Ստանդարտացման ազգային մարմնի կողմից ստանդարտացման ոլորտի շահագրգիռ կողմերի առաջարկությունների հիման վրա` ելնելով տնտեսության զարգացման, տնտեսության մեջ միջազգային նորարարական գիտելիքի և փորձի ներդրման անհրաժեշտությունից և առկա կարիքներից: Ստանդարտացման ամենամյա ծրագիրը ներառում է նաև պետական ամենամյա ծրագիրը և հաստա­տվում է Ստանդարտացման ազգային մարմնի կողմից.

11) ստանդարտացման ազգային համակարգ` նորմատիվ փաստաթղթերով կանոնակարգված ստանդարտացման աշխատանքների կազմակերպման և վար­ման փոխկապակցված կանոններ և դրույթներ.

12) Ստանդարտացման ազգային մարմին՝ պետության կողմից ճանաչված ստանդարտացման մարմին, որն իրավունք ունի ճանաչվելու որպես համապա­տասխան միջազգային կամ տարածաշրջանային ստանդարտացման կազմակեր­պության ազգային անդամ.

13) ստանդարտացման կանոններ և ուղեցույցներ` փաստաթուղթ, որը բովանդակում է ստանդարտացման աշխատանքների կատարման վերաբերյալ կազ­մակերպատեխնիկական և (կամ) ընդհանուր տեխնիկական դրույթներ, կար­գեր, մեթոդներ, ինչպես նաև այդ աշխատանքների արդյունքների ձևակերպման ուղեցույցներ և կանոններ.

14) տարածաշրջանային ստանդարտ (այդ թվում` եվրոպական և միջպե­տական)`ստանդարտացման տարածաշրջանային կազմակերպության կողմից ընդունված և հանրությանը հասանելի ստանդարտ.

15) տեխնիկական պայմաններ` տեխնիկական պահանջները սահմանող փաստաթուղթ, որին պետք է համապատասխանեն որոշակի արտադրանքը, աշխատանքը (այդ թվում` գործընթացը), ծառայությունը.

16) տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակար­գիչ` փաստաթուղթ, որով սահմանվում են դասակարգման օբյեկտների և դրանց ենթաբազմության կոդերի ու անվանումների հավաքածուները.

17) փոխհամաձայնություն` ընդհանուր համաձայնություն, որը բնութա­գրվում է շահագրգիռ կողմերի մեծամասնության միջև էական հարցերի վերաբերյալ լուրջ առարկությունների բացակայությամբ և ձեռք է բերվում բոլոր կողմերի կարծիքները հաշվի առնելուն ուղղված և ցանկացած վիճարկելի փաստարկների մոտարկման գործընթացի միջոցով: Փոխհամաձայնությունը պարտադիր չէ, որ ենթադրի լրիվ միակարծություն:

 

        Հոդված  3.

Ստանդարտացման նպատակները և օբյեկտները

1. Ստանդարտացման նպատակներն են`

1) արտադրանքի, ծառայությունների և գործընթացների անվտանգության մակարդակի բարելավումը, մարդկանց առողջության ու կյանքի և շրջակա միջա­վայրի պաշտպանությունը.

2) արտադրանքների, գործընթացների և ծառայությունների որակի բար­ձրաց­ման խթանումը.

3) աշխատուժի, նյութերի և էներգիայի արդյունավետ օգտագործման երաշխավորումը.

4) արտադրության, բազմագործառութային կառավարման արդյունավե­տու­թյան բարձրացումը, համատեղելիության և համափոխարինելիության երաշխա­վորումը.

5) միջազգային առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը.

6) գիտատեխնիկական առաջընթացի և նորարարության խթանումը.

7) չափումների միասնականության ապահովումը.

8) պետության պաշտպանության ապահովումը.

9) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը:

2. Ստանդարտացման օբյեկտներն են արտադրանքը, աշխատանքը (այդ թվում՝ գործընթացը) և ծառայությունը:

 

 Հոդված  4.

Ստանդարտացման սկզբունքները

1. Ստանդարտացման ազգային մարմինն ապահովում է Արցախի Հանրա­պե­տությունում ստանդարտացման գործունեության իրականացումը հետևյալ սկզբունքների համաձայն`

1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր և հավասար մասնակ­ցու­թյան իրավունքի պահպանում.

2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակում և ընդունում.

3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ հանրային իրազեկում.

4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման կանխարգելում.

5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց և Արցախի Հանրապետության օրենսդրությանը.

6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջա­դիմական նվաճումների, միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդար­տաց­ման կանոնների և արդյունքների հաշվի առնում.

7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմա­յական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.

8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխու­թյունների պատշաճ ծանուցում բոլոր շահագրգիռ կողմերին.

9) ստանդարտացման աշխատանքների իրականացում տեխնիկական հանձ­նա­ժողովների  միջոցով:

 

Հոդված 5. Ստանդարտացման  հարաբերությունների իրավական

կարգավորումը

 

1. Արցախի Հանրապետությունում ստանդարտացման հետ կապված հարա­բե­րությունները կարգավորվում են սույն օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 6.

Միջազգային պայմանագրերը

1. Եթե Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են ստանդարտացման գործունեությունը կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 7.

Ստանդարտացման բնագավառում պետական քաղաքականությունը

1. Արցախի Հանրապետությունում ստանդարտացման բնագավառում պետական քաղաքականությունը ձևավորում է Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը և հաստատվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից:

 

Հոդված 8.

Ստանդարտացման գործընթացի մասնակիցները

1. Ստանդարտացման գործընթացի մասնակիցներն են լիազորված պետական մարմինը, Ստանդարտացման ազգային մարմինը, ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները, պետական կառավարման այլ մարմիններ, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմեր:

 

Հոդված 9.

Լիազորված պետական կառավարման մարմինը

1. Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը`

1) մշակում և ապահովում է ստանդարտացման բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.

2) ապահովում է պետության կարիքների համար ստանդարտացման աշխատանքների ֆինանսավորումը.

3) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական ամենամյա ստանդարտացման ծրագիրը.

4) հաստատում և պետական գրանցման է ներկայացնում տեխնիկա­տնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչներն ու դրանց փոփոխությունները.

5) ստեղծում է աշխատանքային խմբեր` Ստանդարտացման ազգային մարմնի գործունեության հետ կապված հարցերի ուսումնասիրության և համապատասխան որոշումների նախապատրաստման համար.

6) հաստատում է Ստանդարտացման ազգային մարմնի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը.

7) սահմանում է ստանդարտացման բնագավառում պետական քաղաքա­կանության իրականացման հեռանկարային ռազմավարությունը.

8) ապահովում է ստանդարտացման ազգային համակարգի համապատաս­խանությունն ազգային տնտեսության շահերին, նյութատեխնիկական բազայի ներկա վիճակին և գիտատեխնիկական առաջընթացին:

 

Հոդված 10.

Ստանդարտացման ազգային մարմինը

1. Արցախի Հանրապետության Ստանդարտացման ազգային մարմինը սահմանվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից:

2. Ստանդարտացման ազգային մարմինը`

1) ընդունում և գործողության մեջ է դնում ազգային ստանդարտները.

2) դադարեցնում է ազգային ստանդարտների գործողությունը.

3) հաստատում և հրապարակում է ստանդարտացման ամենամյա ծրագիրը.

4) ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտներով սահմանում է ստանդարտացման աշխատանքների կատարման կազմակերպամեթոդական և ընդհանուր տեխնիկական կանոնները, ընթացակարգերը, ինչպես նաև միջազ­գային, տարածաշրջանային ստանդարտների և այլ պետությունների ազգային ստանդարտների կիրառման կարգը ազգային ստանդարտների կարգավիճակով` ստանդարտացման ոլորտում Արցախի Հանրապետության միջազգային պարտա­վո­րություններին համապատասխան.

5) ստեղծում է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներ և համակարգում դրանց գործունեությունը.

6) ներկայացնում է Արցախի Հանրապետությունը ստանդարտացման միջազգային կազմակերպություններում.

7) մասնակցում է միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման աշխատանքներին.

8) ստեղծում և վարում է ստանդարտացման փաստաթղթերի ազգային ֆոնդը.

9) իրականացնում է տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության գնահատման բնագավառներում մասնագետների ուսուցում և վերապատրաստում.

10) իրականացնում է ազգային, միջազգային, տարածաշրջանային ստան­դարտների, ստանդարտացման բնագավառի կանոնների և ուղեցույցների, դրանց փոփոխությունների գրանցումը (հաշվառումը) և պատասխանատվություն է կրում դրանց պահպանման համար.

11) ապահովում է միջազգային, տարածաշրջանային և ազգային մակար­դակներով ստանդարտացման բնագավառում տեղեկատվության փոխանակումը.

12) մատուցում է տեղեկատվական ծառայություններ.

13) կազմակերպում է ազգային, միջազգային և տարածաշրջանային ստան­դարտների, կանոնների, ուղեցույցների, ինչպես նաև ամենամյա կատալոգների պարբերական տեղեկատուների հրապարակումը և տարածումը.

14) կազմակերպում է միջազգային և տարածաշրջանային ստանդարտների փորձաքննություն.

15) կանոնակարգող մարմնի հանձնարարությամբ նախապատրաստում և հրապարակում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումն ապահովող ստանդարտների ցանկը.

16) գործում է` ելնելով Արցախի Հանրապետության ստանդարտացման  ազգային շահերից.

17) ապահովում է ստանդարտացման միջազգային և տարածաշրջանային այն կազմակերպությունների կանոնների և պարտավորությունների կատարումը, որոնց անդամակցում է Արցախի Հանրապետությունը.

18) հրապարակում է Ստանդարտացման ազգային մարմնի գործունեության տարեկան արդյունքները.

19) համակարգում է Արցախի Հանրապետությունում ազգային, միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման աշխատանքները` այդ աշխատան­ք­ների կատարմանը ներգրավելով շահագրգիռ կողմերին, ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներին և համապատասխան փորձագետներին.

20) հրապարակում և լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում հաշվետվություն Արցախի Հանրապետության ստանդարտացման ամենամյա ծրագրի կատարման վերաբերյալ:

 

Հոդված 11. Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները

1. Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներն ապահովում են ամրագրված գործունեության բնագավառում ազգային, միջազգային, տարածա­շրջանային, միջպետական ստանդարտացման աշխատանքների կատարումը: Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների կազմում ստանդար­տաց­ման ոլորտում իրենց շահերի նյութականացման նպատակով հավասարության և կամավորության հիմունքներով ընդգրկվում են Ստանդարտացման ազգային մարմնի, պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գիտահետազոտական ինստիտուտների, արհեստակցական միություն­ների, հասարակական կազմակերպությունների (միությունների), ձեռնարկատերերի ու սպառողների միավորումների, առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆիզիկական անձինք:

2. Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովն ամրագրված գործու­նեության ոլորտին համապատասխան`

1) ընդունում է ազգային ստանդարտների, ստանդարտացման կանոնների և ուղեցույցների նախագծերը և առաջարկություն ներկայացնում դրանք գործողու­թյան մեջ դնելու վերաբերյալ.

2) իրականացնում է ազգային, միջազգային և տարածաշրջանային ստան­դարտների և դրանց փոփոխությունների մշակումը, ինչպես նաև նախապատ­րաստում է առաջարկություններ դրանց վերանայման, գործողության դադարեցման վերաբերյալ.

3) անցկացնում է միջազգային, տարածաշրջանային, ազգային ստանդար­տների և դրանց փոփոխությունների նախագծերի փորձաքննություն.

4) մասնակցում է ստանդարտացման ծրագրերի ձևավորմանը.

5) մասնակցում է ստանդարտացման միջազգային և տարածաշրջանային տեխնիկական հանձնաժողովների (ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի) աշխատանքներին, նրանց քարտուղարությունների վարմանը` Ստան­դար­տացման ազգային մարմնի և ստանդարտացման միջազգային (տարածա­շրջանային) կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրերին համապատասխան.

6) կազմակերպում և իրականացնում է ամրագրված գործունեության բնագավառում ստանդարտացման փաստաթղթերի փորձաքննություն` գիտու­թյան և տեխնիկայի արդի նվաճումներին համապատասխան` հաշվի առնելով ազգային տնտեսության վիճակը.

7) իրականացնում է իր կանոնադրությամբ և աշխատանքային ծրագրով նախատեսված այլ աշխատանքներ:

3. Համապատասխան ոլորտում գործող տեխնիկական հանձնաժողովի բացակայության դեպքում ստանդարտի մշակման համար ստեղծվում է շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ, որն իրականացնում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործառույթները:   

 

Հոդված  12.  Արցախի Հանրապետության ստանդարտացման փաստաթղթերը

 

1. Արցախի Հանրապետությունում կիրառվող ստանդարտացման փաստա­թղ­թերն են՝

1) ազգային ստանդարտները.

2) ստանդարտացման կանոնները և ուղեցույցները.

3) միջազգային ստանդարտները.

4) տարածաշրջանային, այդ թվում` եվրոպական և միջպետական ստան­դարտները.

5) տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակար­գիչները.

6) կազմակերպության ստանդարտները:

2. Ստանդարտացման փաստաթղթերում սահմանված պահանջները պետք է հիմնված լինեն գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիայի ժամանակակից նվաճումների, միջազգային, տարածաշրջանային ստանդարտների, ստանդար­տաց­ման կանոնների և նորմերի վրա` հաշվի առնելով արտադրանքի օգտագործման, աշխատանքի կատարման և ծառայության մատուցման պայման­ները, և չպետք է հակասեն Արցախի Հանրապետության օրենսդրությանը:

 

Հոդված 13.

Ազգային ստանդարտները

1. Ազգային ստանդարտներն են՝

1) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ստանդարտները, որոնք մշակվում և կիրառվում են հայերենով.

2) ստանդարտացման ազգային համակարգով սահմանված՝ Արցախի Հանրա­պետությունում ազգային ստանդարտի կարգավիճակով կիրառվող միջազ­գային, տարածաշրջանային և այլ պետությունների ազգային ստանդարտները:

2. Ազգային ստանդարտներով սահմանվում են պահանջներ և (կամ) նորմեր արտադրանքի, աշխատանքի և ծառայության անվտանգության, տեխնիկական և տեղեկատվական համատեղելիության, արտադրանքի համափոխարինելիության, արտադրանքի սպառողական (շահագործական) հիմնական բնութագրերի, փորձարկման մեթոդների, արտադրանքը փաթեթավորելու, մակնշելու, պահելու, փոխադրելու, օգտագործելու, վերականգնելու (նորոգելու) և օգտահանելու վերա­բերյալ, ինչպես նաև դասակարգման օբյեկտների և դրանց ենթաբազմության կոդերի ու անվանումների հավաքածուներ:

Ազգային ստանդարտներով սահմանվում են նաև արտադրանքի մշակման, արտադրման և օգտագործման (շահագործման) տեխնիկական փաստաթղթերի ձևակերպման, արտադրանքի, աշխատանքի և ծառայության որակի ապահովման, միջոցների օգտագործման պահանջներ, ինչպես նաև տերմիններ, չափագի­տա­կան և այլ կազմակերպատեխնիկական և ընդհանուր տեխնիկական կանոններ:

3. Ազգային ստանդարտների համար կիրառվում է «ԱՐՍՏ» դասիչը:  «Արցախի ազգային ստանդարտ» անվանումը և «ԱՐՍՏ» հապավումը պաշտպան­վում են հեղինակային իրավունքների մասին օրենսդրությամբ և չեն կարող կիրառվել այլ տեսակի փաստաթղթերի համար:

4. Միջազգային, տարածաշրջանային և այլ պետությունների ազգային ստանդարտներն ազգային ստանդարտի կարգավիճակով ընդունվում և կիրառվում են ստանդարտացման ազգային համակարգով սահմանված հավանության և վերահրատարակման մեթոդներով:

 

Հոդված 14.

Ռազմական ոլորտի ազգային ստանդարտները

1. Ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայու­թյան) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կիրառման կարգը սահմանում է  Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 15. Տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության  դասակարգիչները

 

1. Տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակար­գիչ­ների մշակումը, հաստատումը, վարումը և կիրառումն իրականացվում են ստանդարտացման ազգային համակարգի պահանջներին համապատասխան:

2. Միջազգային, տարածաշրջանային կամ այլ պետությունների դասակար­գիչները կարող են կիրառվել Արցախի Հանրապետությունում` ստանդար­տաց­ման ազգային համակարգի պահանջներին համապատասխան:

3. Տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչ­ներն ու դրանց փոփոխությունները ենթակա են լիազորված պետական մարմնի կողմից հաստատման և պետական գրանցման:

 

Հոդված  16. Կազմակերպության ստանդարտները

 

1. Կազմակերպության ստանդարտները մշակում, ընդունում, դրանցում փոփոխություններ կատարում, չեղյալ հայտարարում և հաշվառում են իրավաբանական անձինք և (կամ) անհատ ձեռնարկատերերը: Կազմակեր­պու­թյան ստանդարտները մշակվում են արտադրանքի տեխնիկական պահանջների և նորմերի սահմանման, ինչպես նաև արտադրության կազմակերպման և կատարելագործման նպատակով:

2. Կազմակերպության ստանդարտները չպետք է հակասեն տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

  

Հոդված  17.

Ստանդարտացման փաստաթղթերի կիրառումը

1. Ստանդարտացման փաստաթղթերի կիրառումը որոշվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից՝ արտադրանքի մշակման, արտադրման, իրացման, օգտագործման (շահագործման), պահման, փոխադրման, օգտահանման, ինչպես նաև աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման փուլերում:

2. Ստանդարտացման փաստաթղթերը կիրառվում են գործող օրենս­դրությունում, նորմատիվ իրավական ակտերում, պայմանագրերում, համաձայնագրերում և կազմակերպությունների փաստաթղթերում:

3. Ազգային ստանդարտների կիրառումը կամավոր է: Ստանդարտի կիրառումը դառնում է պարտադիր`

1) բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար, եթե դա նախատեսվում է տեխնիկական կանոնակարգերով.

2) արտադրանք (աշխատանք, ծառայություն) արտադրողի (կատարողի, մատուցողի) համար, եթե կա հղում ստանդարտներին արտադրանքի (աշխատանքի, ծառայության) համապատասխանության հավաստման մասին փաստաթղթերում (սերտիֆիկացում կամ հայտարարագրում) կամ արտադրանքի մակնշվածքում և (կամ) շահագործման փաստաթղթում:

4. Միջազգային, տարածաշրջանային և այլ պետությունների ազգային ստանդարտները կիրառվում են միջազգային համագործակցության մասին համաձայնագրերի (պայմանագրերի) կամ Ստանդարտացման ազգային մարմնի և համապատասխան միջազգային, տարածաշրջանային և այլ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների միջև կնքված համաձայնագրերի (պայմանագրերի) հիման վրա:

5. Ստանդարտը իրավական ակտ չէ:

 

Հոդված  18.

Ազգային ստանդարտների մշակումը

 1. Շահագրգիռ կողմերը կարող են առաջարկել ազգային ստանդարտների նախագծեր:

2. Ազգային ստանդարտների մշակումը ներառում է հետևյալ փուլերը`

1) ստանդարտի նախագծի և (կամ) մշակման առաջարկի ներկայացում Ստանդարտացման ազգային մարմին.

2) ստանդարտի մշակման գործընթացի կազմակերպում տեխնիկական հանձնաժողովի կամ աշխատանքային խմբի միջոցով.

3) նախագծի առաջին խմբագրության մշակում և դրա հրապարակային քննարկում.

4) ազգային ստանդարտի նախագծի երկրորդ խմբագրության հրապա­րակային քննարկում.

5) ստանդարտի վերջնական նախագծի ընդունում տեխնիկական հանձնաժողովի (աշխատանքային խմբի) կողմից.

6) Ստանդարտացման ազգային մարմնի կողմից ստանդարտի ընդունում և հրապարակում:

 

        Հոդված 19. Ստանդարտացման փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվու­թյունը և հրապարակումը, ազգային ֆոնդի ստեղծումը

 

1. Ազգային ստանդարտների, ստանդարտացման կանոնների և ուղեցույց­ների հրապարակման և տարածման (տրամադրման) իրավունքը պատկանում է Ստանդարտացման ազգային մարմնին:

2. Ստանդարտացման միջազգային և տարածաշրջանային կազմակեր­պու­թյունների (որոնց անդամ է Արցախի Հանրապետությունը) ստանդարտների հրապա­րակումը և տարածումն իրականացվում են ստանդարտացման միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների սահմանած կարգով և պայմաններով:

3. Այլ պետությունների ստանդարտների հրապարակումը և տարածումն իրականացնում է Ստանդարտացման ազգային մարմինը` այլ պետությունների ստանդարտացման կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերին (համաձայնագրերին) համապատասխան:

4. Ստանդարտների տրամադրումը պետական կառավարման մարմին­ներին իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:

5. Ստանդարտացման փաստաթղթերի պահպանման և դրանց վերաբերյալ տեղեկատվության ապահովման նպատակով ստեղծվում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդ, որը պարունակում է ազգային ստանդարտներ, դասակարգիչներ, տեխնիկական պայմաններ, միջազգային, տարածաշրջանային և այլ պետությունների ազգային ստանդարտներ, ստանդար­տացման կանոններ և այլն:

 

Գ Լ ՈՒ Խ  3

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 20.

Ստանդարտացման աշխատանքների ֆինանսավորումը

1. Պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են՝

1) ստանդարտացման ամենամյա պետական ծրագրով նախատեսված ազգայ­ին ստանդարտների մշակումը.

2) միջազգային համաձայնագրերով նախատեսված միջազգային և տարա­ծա­շրջանային ստանդարտների մշակումը կամ մասնակցությունը դրանց մշակմանը.

3) միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման կազմակեր­պու­թյուններին անդամակցության անդամավճարների մուծումը.

4) ստանդարտացման փաստաթղթերի ազգային ֆոնդի ստեղծումը և վարումը.

5) ստանդարտների տրամադրումը պետական կառավարման մարմին­ներին:

2. Ստանդարտացման աշխատանքների ֆինանսավորման այլ աղբյուրներ են`

1) ազգային ստանդարտների իրացումից ստացված միջոցները.

2) պայմանագրային հիմունքներով ստանդարտների մշակումից ստացված միջոցները.

3) սերտիֆիկացումից ստացված միջոցները.

4) օրենքով չարգելված այլ միջոցներ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված  21.

Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Արցախի Հանրապետության կազմակերպություններում գործող տեխնի­կական պայմանները, որպես ստանդարտացման փաստաթուղթ, մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը պետք է փոխարինվեն ազգային ստանդարտներով կամ կազմակերպության ստանդարտներով կամ ուժը կորցրած ճանաչվեն: Մինչև համապատասխան ազգային ստանդարտների ընդունումը կազմակեր­պություն­ների տեխնիկական պայմանները ենթակա են փորձաքննության և հաշվառման Ստանդարտացման ազգային մարմնում` համաձայն գործող ստանդարտացման կանոնների և ուղեցույցների:

3. «Ստանդարտացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի   30-ի ՀՕ-125 օրենքի համաձայն կամ ի կատարումն դրա ընդունված նորմատիվ իրավական ակտերը շարունակում են գործել այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին և «Տեխնիկական կանոնակարգման մասին» Արցախի Հանրապետության օրենքին:

4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ստանդարտացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-125  օրենքը:

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                                   Բ. ՍԱՀԱԿՅԱՆ      

 

2018թ. հուլիսի 13

Ստեփանակերտ

ՀՕ-30-Ն