ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանը շնորհավորել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նոր նախագահին
17 հուլիսի 2018

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը հուլիսի 17-ին շնորհավորական նամակ է ուղարկել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գի Տեսիեին՝ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ 

Շնորհավորական նամակում մասնավորապես ասված է.

«Հարգարժան պարոն Տեսիե, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ ընտրվելու առթիվ։

Այս պաշտոնում Ձեր ստանձնած հանձնառությունը խոսում է ոչ միայն խիզախության, այլև համոզմունքներին հավատարմության և կամքի մասին։ 

Արցախում բարձր ենք գնահատում «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի գործունեությունը և վստահ եմ, որ Ձեր ղեկավարության շնորհիվ Արցախի ժողովրդի ձայնն ավելի լսելի կդառնա Ֆրանսիայում։ 

Վերստին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ակտիվ ու արդյունավետ գործունեություն՝ ուղղված խաղաղության, ազգերի հավասարության և համերաշխության սկզբունքների համընդհանուր պաշտպանությանը»։ 

Աշոտ Ղուլյանի անունից շնորհավորական նամակներ են ուղարկվել նաև «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի փոխնախագահներ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիին, Ֆրանսիայի Սենատի անդամ Միշել Ամիելին և Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրյեին։

Նշենք, որ Գի Տեսիեն բարեկամության շրջանակի փոխնախագահն էր, իսկ նախագահի պաշտոնում նա փոխարինել է Ֆրանսիայի ԱԺ նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին։

ԼՈՒՐԵՐ