«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Ընդունված է 2013 թվականի

ապրիլի 25-ին

 

 

Հոդված 1. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-59 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ».

 

 

«Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

 

Սույն օրենքը կարգավորում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների (այսուհետ` հուշարձաններ) պետական հաշվառման, պահպանության, օգտագործման, հանրահռչակման, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման, հուշարձանի պեղման, պատմական միջավայրի պահպանման իրավական հարաբերությունները:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը «ներառում է» բառից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի «և օգտագործման» բառերը փոխարինել «, օգտագործման, հանրահռչակման և հուշարձանների պեղման» բառերով:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ «3.1-ին» հոդվածով.

 

 

«Հոդված 3.1.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ` պետական հաշվառման վերցված պատմական, գիտական, գիտական-գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցներ, դրանց համակառույցներն ու համալիրները` իրենց գրաված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքով, դրանց մասը կազմող հնագիտական, գեղարվեստական, վիմագրական, ազգագրական բնույթի տարրերն ու բեկորները, պատմամշակութային ու բնապատմական արգելոցները, արգելոց-թանգարանները, հիշարժան վայրերը` անկախ պաշտպանվածության աստիճանից.

2) պատմամշակութային արգելոցներ` հատուկ պահպանվող տարածքներ, որոնք առանձնացվել են պատմական, գիտական, գեղարվեստական, ազգագրական հատուկ արժեք ներկայացնող հուշարձանների, դրանց համակառույցների, համալիրների և հուշարձանախմբերի` իրենց շրջակա բնապատմական միջավայրում պահպանման, վերականգնման, օգտագործման, հետազոտման ու հանրահռչակման նպատակով.

3) բնապատմական արգելոցներ` հատուկ պահպանվող տարածքներ, որոնք առանձնացվել են պատմամշակութային և բնական անտարանջատելի ամբողջական տարածքային համալիրների պահպանման, վերականգնման, օգտագործման, հետազոտման ու հանրահռչակման նպատակով.

4) պատմական միջավայր` հուշարձաններին և դրանց պահպանական գոտիներին շրջապատող պատմականորեն ձևավորված միջավայր` կառուցապատում, բնական կամ արհեստական լանդշաֆտ, պատմության և մշակութային նշանավոր իրադարձությունների վայրեր, նշանավոր գործիչներին առնչվող կառույցներ, կոթողներ, հուշահամալիրներ, գերեզմաններ, հնագիտական շերտեր.

5) արգելոց-թանգարան` պատմամշակութային արգելոցի տարատեսակ, որի մեջ պատմամշակութային և բնական ժառանգության պահպանության համար կարևորություն ունեցող ճարտարապետական, պատմական և բնության (բնական) հուշարձաններից բացի ընդգրկված է նաև թանգարանային ցուցադրություն.

6) հուշարձանների պետական կադաստր` տեղեկատվական համակարգ, որը պարունակում է տեղեկություններ հուշարձանների, դրանց պահպանման գոտիների, բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերի, բնապատմական և պատմամշակութային արգելոցների, ինչպես նաև այդ բնագավառի իրավական, նորմատիվային և այլ փաստաթղթերի մասին.

7) հուշարձանի հետախուզում ու հնագիտական պեղում` հնագիտական և մշակութային շերտերի, հնագիտական հուշարձանների` դաշտային պայմաններում կատարվող գիտահետազոտական և գիտագործնական համալիր ուսումնասիրություններ, որոնք իրականացվում են հողային աշխատանքների կամ տարածքի վերգետնյա տեղազննության և այդ ընթացքում հայտնաբերված նյութական մնացորդների համակողմանի ուսումնասիրության ու վավերագրման միջոցով.

8) հուշարձանի տարածք` հուշարձանի ֆիզիկական, պատմականորեն ու գործնականորեն զբաղեցրած հողատարածք.

9) պատմական և մշակութային հողեր` պատմական և մշակութային արժեքների ու պատմական միջավայրի պահպանության, հուշազբոսայգիների, հուշահամալիրների, հնագիտական ու ճարտարապետական հուշարձանների, այդ թվում` պաշտամունքային կառույցների, պատմական և մշակութային արգելանոցների ու արգելավայրերի, պատմության, մշակույթի ու հնագիտական օբյեկտների, գերեզմանոցների, դամբարանադաշտերի և պատմական ու մշակութային այլ արժեքներով զբաղեցված հողամասեր.

10) հուշարձանների տեղափոխում` հուշարձանների արժեքները պայմանավորող բոլոր տարրերի (հատվածների) տեղափոխում` մի այլ վայրում այն նույնությամբ վերականգնելու համար.

11) հուշարձանի հարմարեցում` ծավալատարածական, հատակագծային այնպիսի փոփոխություն, որը չի առաջացնում հուշարձանի կերպարի, հորինվածքի և արժեքավոր տարրերի էական աղճատում.

12) հուշարձանների պետական ցուցակ` ցուցակ, որում ընդգրկելով օբյեկտին՝ տրվում է անշարժ հուշարձանի կարգավիճակ.

13) հուշարձանի պահպանական գոտի` տեսողական, լանդշաֆտային, պատմական ու քաղաքաշինական միջավայրի պահպանության նկատառումներով հուշարձանի զբաղեցրած տարածք, որը տեղանքում առանձնացվում է հատուկ նշաններով.

14) պահպանական պարտավորագիր` սույն օրենքի և դրանից բխող այլ իրավական ակտերի կատարման պարտավորվածության մասին հուշարձանի սեփականատիրոջ և օգտագործողի հայտարարություն:»:

 

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի «դ» կետը «վերականգնման» բառից հետո լրացնել «, հանրահռչակման, հուշարձանի պեղման» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) վերնագրի և 4-րդ մասի «դասակարգումը» բառից հետո լրացնել «և արժեվորումը» բառերը.

2) 6-րդ մասի «դասակարգվում են» բառերը փոխարինել «արժեվորվում են» բառերով:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով.

 

 

«Հոդված 6.1.

Հուշարձանի դրամական գնահատումը

 

 

Յուրաքանչյուր հուշարձան, անկախ սեփականության ձևից, ունի իր դրամական արժեքը: Հուշարձանները ենթակա են դրամական գնահատման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:»:

 

Հոդված 8. Օրենքի 2-րդ գլխի վերնագրում «իրավասությունները» բառը փոխարինել «լիազորությունները» բառով:

 

Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) վերնագրի «իրավասությունը» բառը փոխարինել «լիազորությունները» բառով.

2)«ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) ստեղծում է պատմամշակութային ու բնապատմական արգելոցներ, արգելոց-թանգարաններ և հաստատում դրանց պայմանակարգերը.».

3) «զ» կետի «քարոզչական» բառը փոխարինել «հանրահռչակման» բառով.

4) «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) բացառիկ դեպքերում, այն է` հուշարձանի զբաղեցրած տարածքի բնակլիմայական, երկրաբանական պայմանների վատթարացման հետևանքով հուշարձանի կորուստը կանխելու կամ հուշարձանի զբաղեցրած տարածքը պետական նշանակության քաղաքաշինական, արդյունաբերական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործելու ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում թույլտվություն է տալիս հանրապետական ու տեղական նշանակության հուշարձանների տեղափոխման և փոփոխման համար:»:

 

Հոդված 10. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) վերնագրի «իրավասությունը» բառը փոխարինել «լիազորությունները» բառով.

2) «գ» կետի «ապահովում» բառը փոխարինել «իրականացնում» բառով.

3) «ը» կետի «վարում է» բառից առաջ լրացնել «կազմում, ներդնում և» բառերը.

4) «ժ» կետի «պատմամշակութային» բառից հետո լրացնել «և բնապատմական» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ` «ժդ.1», «ժդ.2» և «ժդ.3» կետեր.

«ժդ.1) սույն օրենքի պահանջների խախտման կամ կանխարգելման համար պաշտոնատար, իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառում է ներգործության և պատասխանատվության միջոցներ.

ժդ.2) մասնակցում է իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող հուշարձանների սեփականության իրավունքի դադարեցման գործընթացին.

ժդ.3) մշակում, ընդունում և հաշվառում է հուշարձանների պահպանության, օգտագործման, ուսումնասիրման, գիտանախագծային և գիտավերականգնման ու դրանց ուղեկցող աշխատանքների նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը:»:

 

Հոդված 11. Օրենքի 10-րդ հոդվածի վերնագրի «իրավասությունը» բառը փոխարինել «լիազորությունները» բառով:

 

Հոդված 12. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) վերնագրի «իրավասությունը» բառը փոխարինել «լիազորությունները» բառով.

2) «թ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) հուշարձանների պահպանական գոտիներում հողի, հուշարձանների սեփականատերերի և օգտագործողների հետ կնքում է հուշարձանների պահպանության պայմանագիր:»:

 

Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Հուշարձանը պետական ցուցակից կարելի է հանել միայն այն դեպքում, եթե բնական կամ արհեստական գործոնների ազդեցությամբ ամբողջովին ավերվել է և ենթակա չէ մասնակի կամ ամբողջական վերականգնման, կորցրել է պատմամշակութային ու գիտական արժեքը: Հուշարձանների պետական ցուցակում սահմանված կարգով նոր օբյեկտ ընդգրկելու վերաբերյալ սեփականատիրոջ համաձայնությունը պարտադիր չէ:»:

 

Հոդված 14. Օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետի «պատմամշակութային» բառից հետո լրացնել «և բնապատմական» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը «պատմամշակութային» բառից հետո լրացնել «և բնապատմական» բառերով:

 

Հոդված 16. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) վերնագրի «Պատմամշակութային արգելոցները» բառերը փոխարինել «Պատմամշակութային, բնապատմական արգելոցները, արգելոց-թանգարանները,» բառերով.

2) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ և 4-րդ մասերում «պատմամշակութային» բառից հետո լրացնել «և բնապատմական» բառերով:

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«Պատմամշակութային, բնապատմական արգելոցների և արգելոց-թանգարանների տարածքում գործում են սույն օրենքով և այլ իրավական ակտերով այդ տարածքների համար նախատեսված ռեժիմները և սահմանափակումները:».

 

Հոդված 17. Օրենքի 23-րդ հոդվածը «հայտնաբերման,» բառից հետո լրացնել «ուսումնասիրման, պեղման,» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) հուշարձանների հնագիտական ժառանգության ուսումնասիրությունը դաշտային հետազոտությունների, հետախուզումների, պեղումների, ինչպես նաև կամերալ աշխատանքների միջոցով իրականացնելու նպատակով:»:

 

Հոդված 19. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Լիազորված մարմնին է վերապահվում հնագիտական պեղումների վերաբերյալ տեղեկույթի առաջին պաշտոնական հրապարակումը:»:

 

Հոդված 20. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հետախուզում և հնագիտական պեղումներ ձեռնարկող կարող են լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձինք, եթե այդ աշխատանքներին համատեղությամբ կամ պայմանագրային կարգով մասնակից է դառնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որևէ ձեռնարկող սուբյեկտ:»:

 

Հոդված 21. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Հետախուզման և հնագիտական պեղումների ղեկավարը յուրաքանչյուր գործաշրջանի ավարտից հետո երկու տարվա ընթացքում հայտնաբերված թանգարանային և գիտական արժեք ներկայացնող բոլոր գտածոները հանձնում է լիազորված մարմնին:»:

 

Հոդված 22. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի «այլ պետությունների» բառերը փոխարինել «օտարերկրյա» բառով:

 

Հոդված 23. Օրենքի 32-րդ հոդվածը «ունեն» բառից հետո լրացնել «լիազորված մարմնի կողմից տրված» բառերով:

 

Հոդված 24. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը «պատմամշակութային» բառից հետո լրացնել «և բնապատմական» բառերով:

 

Հոդված 25. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հոդված 36.

Հուշարձանի սեփականատիրոջ իրավունքները և պարտականությունները

 

 

Հուշարձանի սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող հուշարձանը տնօրինել, տիրապետել և օգտագործել իր հայեցողությամբ, կատարել նրանում սույն օրենքին և այլ օրենքներին չհակասող գործողություններ:

Հուշարձանի սեփականատերը պարտավոր է՝

ա) ապահովել հուշարձանի պահպանությունը և անվթարությունը.

բ) սահմանված կարգով տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր լիազորված մարմնին` հանրապետական նշանակության հուշարձանի դեպքում, կամ տեղական ինքնակառավարման մարմնին` տեղական նշանակության հուշարձանի դեպքում.

գ) ապահովել հուշարձանի մատչելիությունը ուսումնասիրման և պահպանության վերահսկման համար.

դ) կատարել հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ նախապես համաձայնեցնելով դրանց նախագծերը լիազորված մարմնի հետ.

ե) հուշարձանը պահել բարեկարգ և մաքուր վիճակում, վերացնել օգտագործման ընթացքում հուշարձանին և դրա պահպանության գոտուն պատճառված վնասները.

զ) լիազորված մարմնին նախապես տեղեկացնել հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի, դրա պահպանման և օգտագործման պայմանների փոփոխման մասին։»:

 

Հոդված 26. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.1-ին և 37.2-րդ հոդվածներով.

 

 

«Հոդված 37.1.

Պետական սեփականություն չհամարվող հուշարձանների գնման նախապատվությունը

 

 

Պետական սեփականություն չհանդիսացող հուշարձանների օտարման դեպքում գնման նախապատվությունը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

 

 

Հոդված 37.2.

Հուշարձանի հետ վերցնելը կամ սեփականության իրավունքից զրկումը

 

 

Սեփականատիրոջը հուշարձանի սեփականության իրավունքից զրկումը կատարվում է դատական կարգով` պետության կողմից դատարանի սահմանած գինը հատուցելու միջոցով, եթե հուշարձանի սեփականատերը իր գործողություններով կամ անգործությամբ նպաստում է հուշարձանի քանդմանը կամ պահում է անտնտեսվար, որը սպառնում է դրանց նշանակության կորստին:

Եթե հուշարձանը հանդիսանում է սեփականատիրոջ բնակության վայրը, ապա նրան տրամադրվում է այլ համարժեք փոխհատուցում:

Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների դեպքերում և այլ արտակարգ իրավիճակներում հուշարձանները կարող են լիազորված մարմնի որոշմամբ վերցվել սեփականատիրոջից` ի շահ հասարակության` դրա արժեքը վճարելու պայմանով (ռեկվիզիցիա):

Սեփականատերը կարող է դատարանում վիճարկել հարկադրաբար վերցված հուշարձանի արժեքի հատուցման գնի չափը:

Սեփականատերը, ում պատկանող հուշարձանը հարկադրաբար վերցվել է, իրավունք ունի հուշարձանը վերադարձնելու պահանջ ներկայացնել, եթե վերացել են այն հանգամանքները, որոնց կապակցությամբ կատարվել է ռեկվիզիցիա:»:

 

Հոդված 27. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Հուշարձանը ենթավարձակալության տրամադրելիս` ենթավարձակալի կողմից լիազորված պետական մարմնին տրամադրվում է հուշարձանի պահպանական պարտավորագիր:»:

 

Հոդված 28. Օրենքի 41-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հոդված 41.

Հուշարձանների հանրահռչակումըօգտագործումը գովազդային և զբոսաշրջիկությաննպատակներով

 

 

Հուշարձանի հանրահռչակումը կատարվում է հուշարձանների պետական ցուցակների հրապարակման, տեղեկատվական վահանակների, տարբերակիչ նշանների տեղադրման և այլ տեղեկությունների հրապարակման միջոցով:

Լիազորված մարմինը հուշարձանի համալիրներում և առանձին հուշարձանների մոտ տեղադրում է միասնական նմուշով պատրաստված տեղեկատու ցուցանակներ:

Հուշարձանները կամ դրանց ֆոտոպատկերները, տեսապատկերները կամ գծապատկերները գովազդային նպատակով որպես խորհրդանիշ, պիտակ հուշանվերների և այլ ապրանքների արտադրության համար օգտագործելը կատարվում է սեփականատիրոջ, իսկ պետական սեփականություն հանդիսացող հուշարձանների դեպքում` լիազորված մարմնի համաձայնությամբ:

Հուշարձանները զբոսաշրջության նպատակով օգտագործելու դեպքում զբոսաշրջային կազմակերպությունները համապատասխան պայմանագրեր են կնքում սեփականատերերի հետ, պետական սեփականություն հանդիսացող հուշարձանների դեպքում` լիազորված մարմնի հետ:

Գովազդի և զբոսաշրջության նպատակներով հուշարձանների օգտագործման կարգը և պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 29. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 45.1-ին և 45.2-րդ հոդվածներով.

 

 

«Հոդված 45.1.

Պետական վերահսկողություն իրականացնող մարմինը

 

 

1. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը:

2. Լիազորված մարմնի ղեկավարը կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարչական վարույթ հարուցել և դրա առանձին փուլեր իրականացնելու լիազորություններ վերապահել լիազորված մարմնի պաշտոնատար անձանց կամ իր կողմից ստեղծած հանձնաժողովին:

3. Վարչական ակտի դեմ բերված բողոքները քննելու նպատակով լիազորված մարմնի ղեկավարը կարող է ստեղծել հանձնաժողով:

 

 

Հոդված 45.2.

Կարգադրագիրը

 

 

1. Կարգադրագիրը լիազորված մարմնի պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորության շրջանակներում ընդունած իրավական ակտ է` ուղղված պատմամշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, վերակառուցման, հուշարձանների պահպանական գոտիներում իրականացվող աշխատանքների ընթացքում սույն օրենքի պահանջների խախտման կապակցությամբ աշխատանքների դադարեցմանը կամ արգելմանը, ինչպես նաև սույն օրենքի այլ պահանջների կատարման ապահովմանը կամ դրանց խախտումների կանխարգելմանը:

2. Լիազորված մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված կարգադրագրով սահմանվում է թույլ տված խախտումների վերացման, ինչպես նաև սույն օրենքի այլ պահանջների կատարման ապահովման ողջամիտ ժամկետ:

3. Կարգադրագրի ձևերը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

4. Պաշտոնատար, իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են կարգադրագրով սահմանված ժամկետում կատարել կարգադրագրում նշված պահանջները և այդ մասին տեղեկացնել լիազորված մարմնին:

5. Լիազորված մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված կարգադրագրերը կարող են վիճարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Պաշտոնատար անձանց տրված կարգադրագրի մասին միաժամանակ տեղեկացվում է նրա անմիջական ղեկավարը:

7. Սույն օրենքով սահմանված պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ լիազորված մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված կարգադրագրի պահանջների չկատարումը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Տուգանք նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո նույն կարգադրագրի պահանջները սահմանված ժամկետում չկատարելը յուրաքանչյուր անգամ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:

8. Կարգադրագրի պահանջները չկատարելու համար պատասխանատվության ենթարկվելը պաշտոնատար, իրավաբանական և ֆիզիկական անձանց չի ազատում կարգադրագրի պահանջները կատարելու պարտականությունից:

9.Կարգադրագրի գործողությունը դադարեցվում է`

1) լիազորված մարմնի ղեկավարի կողմից` պաշտոնատար, իրավաբանական և ֆիզիկական անձանց դիմումով, եթե այն չի համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը.

2) կարգադրագիրը տված լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից` պաշտոնատար, իրավաբանական և ֆիզիկական անձանց դիմումով, կարգադրագրի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա:»:

 

Հոդված 30. Օրենքի 11-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 11. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

 

Հոդված 46.

Միջազգային համագործակցությունը հուշարձանների պահպանության ուօգտագործման բնագավառում

 

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համագործակցում է հուշարձանների պահպանության ու օգտագործման բնագավառի միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ՝ համաձայն միջազգային պայմանագրերի:

2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրով սահմանված են հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանման այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս հայ ժողովրդի պատմամշակութային հուշարձանների պահպանությունը իրականացվում է այդ երկրի օրենսդրության, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում:»:

 

Հոդված 31. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

15 մայիսի 2013թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-14-Նվ