« Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Ընդունված է 2012 թվականի

դեկտեմբերի 26-ին

 

Հոդված 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-133 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Բնօգտագործման վճար` պետական սեփականություն համարվող բնական պաշարների արդյունավետ, համալիր օգտագործման, ինչպես նաև բնական պաշարների օգտագործումը փոխհատուցելու նպատակով այդ պաշարների օգտագործման և (կամ) իրացման համար սույն օրենքին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճարն է.»:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) «բ» կետը «պինդ օգտակար հանածոների» բառերից հետո լրացնել «, բացառությամբ մետաղական օգտակար հանածոների,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով`

«դ) ռոյալթին` արդյունահանված մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար:»:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից հանել առաջին և երրորդ պարբերությունները.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-9-րդ մասեր.

«7. Ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների (բացառությամբ աղի) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գունագեղ քարերի տեսակների մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում հանածոյի մարված պաշարների ծավալների, այդ ժամանակաշրջանում օգտակար հանածոյի իրացման փաստացի գնի (առանց ավելացված արժեքի հարկի) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից տվյալ հանածոյի մարված պաշարների համար սահմանված վճարի դրույքաչափի (սույն կետում այսուհետ` դրույքաչափ) հիման վրա, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ օգտակար հանածոյի իրացման փաստացի գնի (առանց ավելացված արժեքի հարկի) և դրույքաչափի արտադրյալը գերազանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից տվյալ հանածոյի մարված պաշարների համար սահմանված վճարի հաստատագրված դրույքաչափը (սույն կետում այսուհետ` հաստատագրված դրույքաչափ):

Ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների (բացառությամբ աղի) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գունագեղ քարերի տեսակների մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հաստատագրված դրույքաչափի և հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոների մարված պաշարների ծավալների բազմապատկումով`

ա) եթե հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոյի իրացման փաստացի գնի (առանց ավելացված արժեքի հարկի) և դրույքաչափի արտադրյալը չի գերազանցում հաստատագրված դրույքաչափը.

բ) եթե հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների իրացում չի կատարվել: Եթե հաշվետու ժամանակաշրջանում իրացվել է այդ ժամանակաշրջանում մարված պաշարների մի մասը, ապա մարված պաշարների իրացված մասի համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է սույն կետի առաջին պարբերությանը համապատասխան, իսկ մարված պաշարների չիրացված մասի համար՝ հաստատագրված դրույքաչափերով.

գ) եթե իրացվել է ոչ թե օգտակար հանածոն, այլ տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներին համապատասխան հանքագործական գործունեությունից տարբերվող գործունեության արդյունքում ստացված արտադրանքը, կամ եթե օգտակար հանածոն օգտագործվել է արդյունահանողի ներտնտեսական կարիքների համար.

դ) բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների և վճարողների կողմից հարկային և լիազոր մարմիններ ներկայացված` ստուգվող ժամանակահատվածում հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված ծավալների դրական տարբերության համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկման ժամանակ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից օգտակար հանածոների առանձին տեսակների համար սահմանված հաստատագրված դրույքաչափերը սույն կետին համապատասխան կիրառվում են օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հաշվի առնելով փորձաքննություն անցած և հաստատված հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծի ելքի առանձին ցուցանիշները, եթե հաստատագրված դրույքաչափերը սահմանված են ըստ օգտակար հանածոյի պաշարների օգտակար ելքի չափերի: Հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծի բացակայության դեպքում, ըստ օգտակար հանածոյի պաշարների օգտակար ելքի չափերի, ամենաբարձր հաստատագրված դրույքաչափը կիրառվում է պինդ օգտակար հանածոների համար օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ:

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ գունագեղ քարերի տեսակների մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների ծավալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից տվյալ հանածոյի մարված պաշարի համար սահմանված վճարի դրույքաչափի և հաշվետու ժամանակաշրջանում տվյալ քարի միջազգային շուկայական միջին գնի հիման վրա` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարված գինը: Արտարժույթով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության դրամով հաշվարկելիս որպես փոխարժեք կիրառվում է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ամսվա 20-րդ օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արտարժույթի նկատմամբ շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:

9. Սույն օրենքի իմաստով օգտակար հանածոյի պաշարների մարված ծավալ է համարվում հաշվետու ժամանակահատվածում պինդ օգտակար հանածոյի արդյունահանված և արդյունահանման ընթացքում ընդերքում կորսված պաշարների ծավալների հանրագումարը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների:»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  2.1

 

ՌՈՅԱԼԹԻՆԵՐ

 

 

Հոդված 13.1.

Ռոյալթիի հասկացությունը

 

 

Ռոյալթին մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից ստացվող բարձր շահութաբերության համար սույն օրենքին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է:

 

 

Հոդված 13.2.

Ռոյալթի վճարողները

 

 

Ռոյալթի վճարողներ են համարվում սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող և (կամ) մետաղի խտանյութ արտադրող հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա պետությունների կազմակերպությունները և ֆիզիկական անձինք:

 

 

Հոդված 13.3.

Ռոյալթիի հաշվարկման բազան

 

 

1. Ռոյալթիի հաշվարկման բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված` հանքարդյունաբերության արտադրանքի իրացումից հասույթը` առանց ավելացված արժեքի հարկի (այսուհետ` իրացումից հասույթ):

2. Սույն օրենքի իմաստով հանքարդյունաբերության արտադրանք է համարվում մետաղի խտանյութը (այսուհետ` խտանյութ):

3. Եթե իրացվում է ոչ թե խտանյութը, այլ ձուլվածքը կամ խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքը (այսուհետ` խտանյութի հետ միասին` արտադրանք), ապա սույն հոդվածով սահմանված կարգով ռոյալթիի հաշվարկման բազայի որոշման համար հիմք է ընդունվում մատակարարված արտադրանքում պարունակվող կամ օգտագործված խտանյութի հաշվարկային մեծությունը:

4. Սույն հոդվածին համապատասխան` իրացումից հասույթի հաշվարկման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

 

Հոդված 13.4.

Ռոյալթիի դրույքաչափը

 

 

Ռոյալթիի համար սահմանվում է ռոյալթիի հաշվարկման բազայի նկատմամբ արժեքային (տոկոսային) դրույքաչափ, որի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

R = 4 + [Շ/(Հx8)]x100, որտեղ`

R - ռոյալթիի դրույքաչափն է տոկոսով,

Շ - շահույթն է նախքան հարկումը` դրամով: Այն որոշվում է որպես ռոյալթիի հաշվարկման բազայի և «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական գործունեության գծով ծախսերի և նախորդ տարիների հարկային վնասների) դրական տարբերություն,

Հ - արտադրանքի իրացումից հասույթն է` առանց ԱԱՀ-ի` դրամով:

 

 

Հոդված 13.5.

Ռոյալթիի հաշվարկման կարգը

 

 

Ռոյալթին հաշվարկվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար` ելնելով ռոյալթիի հաշվարկման բազայից և սույն օրենքի 13.4-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող դրույքաչափից:

 

 

Հոդված 13.6.

Ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջանը

 

 

Ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր տարին:

 

 

Հոդված 13.7.

Ռոյալթիի հաշվարկ-հաշվետվությունները

 

 

1. Ռոյալթի վճարողները պարտավոր են յուրաքանչյուր հաշվետու տարվա համար, մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ, լիազոր մարմնի սահմանած ձևով ռոյալթիների հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնել իրենց հաշվառման հարկային մարմին, որում արտացոլվում է սույն օրենքի 13.4-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող դրույքաչափով հաշվարկվող ռոյալթին: Գործունեություն չիրականացնելու, ինչպես նաև ռոյալթիի հաշվարկման օբյեկտի բացակայության դեպքում վճարողը կարող է ներկայացնել գրավոր հայտարարություն, որը համարվում է հարկային մարմին ներկայացվող հաշվարկների ամփոփ ձև:

2. Յուրաքանչյուր հաշվետու տարվա համար ներկայացվող հաշվարկ-հաշվետվության հետ մեկտեղ վճարողները ներկայացնում են նաև հաշվետու տարվան հաջորդող տարում իրականացվելիք` արտադրանքի մատակարարումներին վերաբերող` արտադրանքի մատակարարման պայմանագրերի պատճենները` հայերեն բովանդակությամբ կամ դրանց հայերեն թարգմանությամբ:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանագրերը հաշվետու տարվա ռոյալթիի հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման ժամկետից հետո կնքվելու կամ հարկային մարմին ներկայացրած պայմանագրերի փոփոխությունների դեպքերում դրանց պատճենները հարկային մարմին են ներկայացվում պայմանագրի կնքման (փոփոխությունների կատարման) ամսաթվին հաջորդող 30-օրյա ժամկետում: Արտադրանքի մատակարարման կնքված պայմանագրերը լուծվելու դեպքում դրանց վերաբերյալ լիազոր մարմնի սահմանած ձևի տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում պայմանագրի լուծման ամսաթվին հաջորդող 30-օրյա ժամկետում:

4. Նախորդ հաշվետու ժամանակահատվածների համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում վճարողների կողմից սխալներն ինքնուրույն հայտնաբերվելու դեպքում վճարողները կարող են հարկային մարմին ներկայացնել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց հիման վրա հարկային մարմինը կատարում է այդ ժամանակահատվածների համար ռոյալթիների պարտավորությունների վերահաշվարկ:

5. Հարկային մարմինների կողմից վճարողների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո վճարողները հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակահատվածներին վերաբերող ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ չեն ներկայացնում:

6. Արտադրանքի մատակարարման պայմանագրերով նախատեսված` ռոյալթիի հաշվարկման օբյեկտի և ռոյալթիի հաշվարկման բազայի վերջնահաշվարկների արդյունքում ճշտումները կատարվում են և դրանց արդյունքներն արտացոլվում են վերջնահաշվարկն ընդգրկող հաշվետու ժամանակահատվածում (արտացոլվում են այդ հաշվետու ժամանակահատվածի հաշվարկ-հաշվետվություններում):

 

 

Հոդված 13.8.

Ռոյալթիի վճարման կարգը

 

 

1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի համար հաշվարկված ռոյալթիները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը ներառյալ:

2. Նախքան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված ռոյալթիների վճարումը վճարողները յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև տվյալ եռամսյակի երրորդ ամսվա 15-ը ներառյալ, սույն հոդվածով սահմանված կարգով, կատարում են ռոյալթիի կանխավճարային վճարումներ` նախորդ տարվա համար հաշվարկված ռոյալթիի գումարի (ներառյալ տվյալ տարվա ընթացքում ստուգմամբ հայտնաբերված` նախորդ տարիներին վերաբերող ռոյալթիների լրացուցիչ գումարները) մեկ քառորդի չափով:

3. Մինչև նախորդ տարվա ռոյալթիի գումարի հաշվարկումը (մինչև ռոյալթիի հաշվարկ-հաշվետվության ներկայացումը) վճարողները ռոյալթիի կանխավճարները յուրաքանչյուր եռամսյակի համար կատարում են նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս:

Նախորդ տարվա ռոյալթիի հաշվարկ-հաշվետվության ներկայացումից հետո հաշվարկ-հաշվետվության ներկայացմանը անմիջապես հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև հաշվարկ-հաշվետվության ներկայացումը տվյալ տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում` տարվա սկզբից աճողական հանրագումարով, ելնելով սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված չափից:

4. Եթե յուրաքանչյուր եռամսյակի առաջին երկու ամիսների արդյունքներով մատակարարված խտանյութի միջազգային շուկայական միջին գինը 20 տոկոս և ավելի ցածր է նախորդ տարվա արդյունքով խտանյութի միջազգային շուկայական միջին գնից, ապա վճարողները կարող են մինչև տվյալ եռամսյակի համար կանխավճարի կատարման ժամկետը իրենց հաշվառման հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն և հայտարարության հիման վրա տվյալ եռամսյակի կանխավճարը պակաս վճարել` խտանյութի գնի նվազման գործակցով պակաս չափով:

Եթե յուրաքանչյուր եռամսյակի առաջին երկու ամիսների արդյունքներով մատակարարված խտանյութի միջազգային շուկայական միջին գինը 20 տոկոս և ավելի բարձր է նախորդ տարվա արդյունքով խտանյութի միջազգային շուկայական միջին գնից, ապա վճարողների տվյալ եռամսյակի ռոյալթիների կանխավճարների գումարներն ավելացվում են խտանյութի գնի բարձրացման գործակցով ավել չափով:

Սույն մասի կիրառման առումով միջազգային շուկայական միջին գինը որոշելու համար հիմք է ընդունվում ֆինանսների բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարած գինը:

5. Ռոյալթիի տարեկան հաշվարկ-հաշվետվության հիման վրա հաշվարկված ռոյալթիի և տարվա ընթացքում վճարված ռոյալթիի կանխավճարների հանրագումարի դրական տարբերությունը վճարվում է պետական բյուջե մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը:

6. Ռոյալթիի տարեկան հաշվարկ-հաշվետվության հիման վրա հաշվարկված ռոյալթիի գումարի նկատմամբ տարվա ընթացքում ավելի վճարված ռոյալթիի կանխավճարի գումարը (ավելի մասը) հաշվանցվում կամ վերադարձվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

7. Սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված ռոյալթիների գումարներից ավելի վճարված գումարները, այդ թվում` տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարի` ռոյալթիի տարեկան հաշվարկ-հաշվետվությունում արտացոլված ռոյալթիի պարտավորության գերազանցող մասը, վճարողի դիմումի համաձայն, հարկային մարմնի կողմից հաշվանցվում են վճարողի առաջիկա վճարումների հաշվին կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած կարգով վերադարձվում է դիմումն ստանալու օրվանից հետո` 30-օրյա ժամկետում:

 

 

Հոդված 13.9.

Ռոյալթիի հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունը

 

 

Ռոյալթիների հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինները:»:

 

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վճար վճարողի կողմից սույն օրենքով սահմանված հաշվարկ-հաշվետվություններ չներկայացնելու կամ ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու կամ օրենքով սահմանված կարգով հարկային մարմիններին տեղեկություններ (հաշվետվություններ) չներկայացնելու կամ ներկայացված տեղեկություններում (հաշվետվություններում) ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու կամ վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների կամ ռոյալթիի հաշվարկման բազայի հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով վարելու, ինչպես նաև սույն հոդվածի 9-րդ կետում նշված դեպքերում հարկային մարմինը կարող է կիրառել վճարողների հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները անուղղակի եղանակներով գնահատելու` օրենքով սահմանված կարգը:».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Եթե հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների ընթացքում պարզվում է, որ ռոյալթի վճարողների կողմից հաշվետու տարին ներառող յուրաքանչյուր ամսվա արդյունքներով արտադրանքի իրացումից հասույթը 10 տոկոս և ավելի չափով ցածր է նույն ամսվա արդյունքներով խտանյութի միջազգային միջին գների հիման վրա հաշվարկված հասույթի մեծությունից, ապա հարկային մարմինները վերահաշվարկում են իրացումից հասույթի մեծությունը` այդ ամսվա համար կիրառելով խտանյութի միջազգային միջին գների 90 տոկոսը` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից տվյալ ամսվա համար հայտարարված գինը:».

3) 3-րդ մասը «Վճարումներն» բառից հետո լրացնել «(այդ թվում` ռոյալթիների կանխավճարների կատարումը)» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

Մինչև 2013 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրությանը համապատասխան ռոյալթի վճարող հանդիսացողները 2013 թվականի ընթացքում սույն օրենքով սահմանված ռոյալթիի եռամսյակային կանխավճարները կատարում են 2012 թվականի ընթացքում մետաղական օգտակար հանածոների համար հաշվարկված բնօգտագործման վճարների և ռոյալթիների հանրագումարի մեկ երրորդի չափով: 2014 թվականի և հետագա տարիների համար ռոյալթիի եռամսյակային կանխավճարները կատարվում են սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

2012 թվականին կամ դրան նախորդող ժամանակահատվածներում մետաղական օգտակար հանածոների փաստացի մարված պաշարների համար բնօգտագործման վճար հաշվարկված լինելու դեպքում այդ մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար սույն օրենքով սահմանված ռոյալթի չի հաշվարկվում:

Օրենքի 13.7-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ 2013 թվականին վերաբերող արտադրանքի մատակարարման պայմանագրերի պատճենները հարկային մարմին են ներկայացվում մինչև 2013 թվականի ապրիլի 15-ը ներառյալ:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-47-Ն