ԼՈՒՐԵՐ
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ արդարադատության նախարարին
10 հուլիսի 2018

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ղեկավարած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ նոր կառավարության անդամների այցելություններն ու շփումներն արցախյան գործընկերների հետ և ընդգծել միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացման հրատապությունը:

Իր խոսքում ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետևանքներով պայմանավորված Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության խնդիրը: Արտակ Զեյնալյանը վստահեցրել է, որ արցախյան գործընկերների հետ համագործակցության շրջանակներում փորձելու են օժանդակել նաև կադրերի վերապատրաստմանը:

Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել հետսահմանադրական կարգավորումների, օրենսդրության կատարելագործման, հանրության իրավա-քաղաքական գիտակցության բարձրացմանն ուղղված ծրագրերի և քաղաքացիների իրավական պաշտպանվածության հարցերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:

ԼՈՒՐԵՐ