04 հուլիսի 2018
04 հուլիսի 2018
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
քննիչ հանձնաժողովի կողմից
2018թ. հունիսին կատարած աշխատանքների
ԱՀ ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է հունիսի 2-ին ԱՀ Սահմանադրության 121-րդ հոդվածի՝ ԱԺ Կանոնակարգ օրենքի գլուխ 7-ի, Հ.20-26 հոդվածների պահանջներին համապատասխան՝ իրավապահ համակարգի և մասնավորապես ԱՀ ոստիկանության որոշ ստորաբաժանումների և առանձին ծառայողների գործունեության որոշ դրվագների ուսումնասիրման նպատակով: Նրա ստեղծման համար առիթ է հանդիսացել Ստեփանակերտում տեղի ունեցած կենցաղային վեճը, որն ավարտվել է ուժային կառույցների որոշ զինծառայողների մասնակցությամբ, ծեծկռտուքով: Այն հանրապետությունում, մասնավորապես Ստեփանակերտում, ստացել է հանրային լայն հնչեղություն: Արդյունքում քաղաքացիների բողոքների ակցիաների հետևանքով իրենց պաշտոններից հրաժարականների դիմումներ են ներկայացրել ԱՀ ոստիկանապետը, ԱՀ ԱԱԾ պետն ու տեղակալը: Հրաժարականները ընդունվել են Արցախի Հանրապետության Նախագահի կողմից: Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն իր աշխատանքները իրականացրել է՝ ուսումնասիրելով հանձնաժողովին հասցեագրած գրավոր և բանավոր դիմումները: Կազմակերպվել են հանդիպումներ քաղաքացիների հետ ինչպես ԱԺ-ում, այնպես էլ տեղերում՝ օրինակ Ճարտարում: Ուսումնասիրելով փաստերը՝ հանձնաժողովը գտնում է, որ դրանց մի մասը, ցավոք, համապատասխանում է իրականությանը: Խոսքը առաջին հերթին վերաբերում է ոստիկանության ժամանակավոր պահման վայրերում (Շուշի) քաղաքացիների նկատմամբ իրականացրած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներին, հատկապես Ճարտարի դեպքերի առնչությամբ:
Ըստ բերման ենթարկված քաղաքացիների՝ նրանց ծեծել են, կիրառել բռնություններ, հնչեցվել անպատշաճ արտահայտություններ, սահմանափակել բժշկական օգնությունը, ջրի և սննդի տրամադրումը:
Չնայած ԱՀ Սահմանադրությամբ մարդու արժանապատվությունը գերագույն արժեք է, ինչպես նաև ԱՀ Կառավարության որոշմամբ դեռևս 2011թ. հաստատված է մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումից բխող ծանուցման ենթակա իրավունքների կարգը, բերման ենթարկված ճարտարցիները և փաստաբանները փաստում են, որ քաղաքացիների նկատմամբ իրականացվել են խոշտանգումներ: Առավել հաճախ նշում են Նորիկ Միրզոյանի անունը: Բնականաբար, քննիչ հանձնաժողովը չի կարող իրականացնել օպերատիվ հետախուզական և այլ գործառույթներ, հետևաբար հանցագործության մասին հաղորդագրության նյութերը կուղարկվեն ԱՀ դատախազություն՝ հետագա ընթացքավորման տալու նպատակով:
Ինչքան էլ փորձենք վերջին իրադարձությունները կապել զուտ կենցաղային վեճերի հետ, այնուամենայնիվ, պետք է նկատել, որ իրավապահ ոլորտում առկա են օրենսդրական, կառուցվածքային, կադրային և այլ տիպի հարցեր, որոնք կուտակվել են տարիների ընթացքում: Մասնավորապես՝
1.Ժամանակավոր պահման (Շուշի) մեկուսարանը տեղափոխել ոստիկանությունից ԱՀ արդարադատության համակարգի ենթակայության տակ:
2. ԱՀ ոստիկանապետին կից ստեղծել հասարակական խորհուրդ: Այն կարող է լինել փորձագիտական, կազմված հասարակական կազմակերպությունների անդամներից: Համանման կառույց կարող է գործել նաև ՄԻՊ–ին կից: Նպատակը մեկն է՝ ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակության վերահսկողության արդյունավետ մեխանիզմների մշակումը: Հասարակության այսպիսի ներգրավումը հնարավորություն կտա մշտադիտարկել փակ կառույցների աշխատանքը՝ առանց պետության մասնակցության:
3. Բարձրացնել ԱԺ վերահսկողական գործառույթը ոստիկանության նկատմամբ՝ վերջինիս, օրինակ, նախարարության կարգավիճակի տրամադրմամբ: Նույնիսկ նամակով դիմելով ԱՀ ոստիկանություն՝ մենք չենք կարողացել ստանալ բացված տեսքով մանրամասն տեղեկություն ոստիկանության արտաբյուջետային միջոցների շարժի վերաբերյալ: Տրվել են միայն ընդհանուր տեղեկություններ՝ առանց իրավական հիմքի և շահառուների ցուցակների:
4. Խոշտանգումների վերաբերյալ օրենսդրական դաշտը համապատասխանեցնել արդի պահանջներին, նկատի ունենք փակ հիմնարկների մասին Ստամբուլյան արձանագրությունները: Միաժամանակ օրենսդրական կարգավորումները չպետք է լինեն հիմնական թիրախը, քանի որ օրենքը միայն գործիք է խոշտանգումների դեմ պայքարում: Կարևորում ենք դրա գործնական կիրառումը, պրակտիկ իրագործումները խոշտանգումների դեմ՝ պրոֆիլակտիկ իմաստով: Այստեղ ևս կարելի է ընդգրկել հասարակության ներկայացուցիչներին, որպես այլընտրանքային հայացքի կրողներ՝ փակ հաստատությունների գործունեության վերաբերյալ:
Հարկ է նշել, որ արդի միջազգային պրակտիկան խոշտագումներ իրականացրած անձի վերաբերյալ ավելի խիստ պատիժներ է կիրառում, նրանց վրա չեն տարածվում, օրինակ, ներման ինստիտուտները:
5. Քննիչ հանձնաժողովում առկա նյութերը ուղարկել ԱՀ դատախազություն՝ բողոքների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ընթացքավորման համար:
Է. Աղաբեկյան
25.06.2018թ.
ք.Ստեփանակերտ