ԼՈՒՐԵՐ
ԱԺ քննիչ հանձնաժողովը հանդես է եկել միջանկյալ հաշվետվությամբ
04 հուլիսի 2018

Հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման նպատակով Ազգային ժողովում ստեղծված Քննիչ հանձնաժողովը հուլիսի 4-ին խորհրդարանում հավատարմագրված լրագրողների ներկայությամբ հրապարակել է ստեղծման պահից՝ հունիսի 2-ից առ այսօր հանձնաժողովի կատարած աշխատանքների միջանկյալ հաշվետվությունը:

Խոսելով այս ընթացքում ԱԺ քննիչ հանձնաժողովի իրականացրած գործունեության մասին՝ հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը նշել է, որ ուսումնասիրվել են քաղաքացիներից ստացված թե բանավոր և թե գրավոր դիմումները, ինչպես նաև տարբեր դեպքերի առնչությամբ հանդիպել են քաղաքացիների հետ: Ընդհանուր առմամբ ԱԺ քննիչ հանձնաժողովում  հաշվվում է հանձնաժողովին ներկայացված հանրային հնչեղության շուրջ 29 դիմում:

Քննիչ հանձնաժողովը հանրային հնչեղություն ստացած երկու կոնկրետ դեպքերի վերաբերյալ հավաքագրված նյութերն արդեն ուղարկել է դատախազություն:

Հաշվի առնելով խորհրդարանական գործունեության ժամանակային յուրահատկությունները և կանոնակարգային պահանջները՝ Քննիչ հանձնաժողովը իր վերջնական զեկույցը կներկայացնի աշնանային նստաշրջանի ընթացքում:

ԼՈՒՐԵՐ