Ընդունված է 2006 թվականի
դեկտեմբերի 27-ին
Հոդված 1. Հաստատել 2007 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
25 հունվարի 2007թ. ք. Ստեփանակերտ ՀՕ-14 |
Հավելված «2007 թվականի առողջապահության պետական նպատակային ծրագրերը հաստատելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի |
2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ
Ծ Ր Ա Գ Ր Ե Ր
2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
Բնակչության առողջության պահպանումը պետության կողմից դիտարկվում է որպես ազգային անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրներից մեկը:
Առողջապահական պետական նպատակային ծրագրերը նպատակաուղղված են բնակչության առողջության պահպանմանը, որոնց ֆինանսավորումն արտացոլված է յուրաքանչյուր տարվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեում: 2007 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերն ընդգրկում են բնակչությանը մատուցվող պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու ծառայությունները:
2007 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերն են`
- բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման ծրագիրը,
- բնակչության առողջության առաջնային պահպանման ծրագիրը,
- մոր և մանկան առողջության պահպանման ծրագիրը,
- բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ծրագիրը,
- սոցիալապես կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի ծրագիրը:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի հիմնավորումը, նպատակները, արդյունավետությունը
Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը պետական կարևորագույն խնդիրներից է և երաշխավորվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով: Այս համակարգի անխափան գործունեության ապահովումը կենսական նշանակություն ունի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և բնակչության առողջության պահպանման բնագավառում:
2002-2004 թվականներին հանրապետությունում իմունոկանխարգելման, մալարիայի, խոլերայի դեմ պայքարի և կանխարգելման համալիր հակահամաճարակային միջոցառումների իրականացման շնորհիվ որոշ վարակիչ հիվանդությունների առումով համաճարակային իրավիճակը բարելավվել է: 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005 և 2006 թվականներին հանրապետությունում չեն արձանագրվել դիֆթերիայի, փայտացման, խոլերայի, պոլիոմիելիտի դեպքեր: Եզակի են դարձել մալարիայի, կապույտ հազի, կարմրուկի դեպքերը:
Ազգային իմունիզացիայի ծրագրի կայուն ֆինանսավորումն ապահովելու նպատակով 2005 թվականից սկսած, բացի հումանիտար ճանապարհից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության բյուջեում նախատեսվել են գումարներ` կենտրոնացված գնումների համակարգով համապատասխան քանակներով պատվաստանյութեր ձեռք բերելու համար:
Ծրագրի իրականացումն ենթադրում է հետևյալ հիմնական խնդիրների լուծումը՝
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հիգիենիկ և հակահամաճարակային պետական հսկողության միջոցառումների իրականացումը,
- ինֆեկցիոն և զանգվածային ոչ ինֆեկցիոն հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը,
- բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ ուսումնասիրությունների կազմակերպումը,
- բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման կազմակերպական-մեթոդական կանոնակարգումը,
- հիգիենիկ-համաճարակաբանական նորմերի և կանոնների պատշաճ համակարգի ստեղծումը,
- բնակչության հիգիենիկ և բժշկական գիտելիքների մակարդակի բարձրացումը:
Ծրագրի իրականացումը թույլ կտա 2007 թվականի ընթացքում`
- նվազեցնել հեպատիտ Բ վիրուսակիրների թիվը,
- տուբերկուլյոզի հիվանդացությունը և մահացությունը իջեցնել 3%-ով,
- նվազեցնել մալարիայի առաջացման դեպքերը 5-ից ցածր մակարդակի՝ ըստ 100 000 բնակչի, և պատրաստվել վերացնելու այս հիվանդությունը,
- պահպանել դիարեայի հիվանդությունների և մահվան դեպքերի ցածր մակարդակը,
- վերացնել կարմրուկը և հռչակել կարմրուկից ազատված գոտի:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի հիմնավորումը, նպատակը, արդյունավետությունը
Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական իրադրությունը չէր կարող իր անդրադարձը չունենալ առողջապահության համակարգի վրա: Հանրապետության տնտեսական բարեփոխումների ֆոնի վրա առողջապահական համակարգն իր առանձնահատկությունների պատճառով չէր կարող անցնել բացարձակ շուկայական հարաբերությունների:
Պետական միջոցների սղության պայմաններում բնակչության բժշկական օգնություն ստանալու հավասարության և մատչելիության գրավականը կարող է հանդիսանալ առաջնային բժշկական օգնության հետ կապված խնդիրների գերակշիռ մասը:
Այդ առումով առողջության առաջնային պահպանումը և դրա իրականացման կարևորագույն օղակը՝ ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունը, պետք է գերակայող դեր ունենա առողջապահության ոլորտում:
2001 թվականին ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում ներդրվել է առողջության առաջնային պահպանման` ըստ յուրաքանչյուր բնակչի հաշվով միջինացված ֆինանսավորման նոր սկզբունքը, որը նպաստեց առաջնային բժշկական օգնության մատչելիության բարձրացմանը, ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների կողմից իրականացվող բուժօգնության ծավալների ընդլայնմանը: Այդ սկզբունքով ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունները շարունակել են աշխատել նաև 2002-2006 թվականներին:
Հստակեցվել է ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից անվճար և արտոնյալ պայմաններով հատկացվող դեղերի տրման կարգը, որն ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 22-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ:
Ծրագրի նպատակներն են՝
- բնակչության բժշկական օգնության ապահովման ընդհանուր ծավալում առաջնային բժշկական օգնության՝ հետևաբար և ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի դերի բարձրացումը, կանխարգելիչ ուղղվածության ուժեղացումը, բժշկական օգնություն ստանալու մատչելիության ընդլայնումը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կողմից իրականացվող բուժօգնության տեսակների և դրա տեսակարար կշռի մեծացման ապահովումը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը, հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթևացումը,
- ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում աշխատող բուժանձնակազմի հմտությունների ու գործունեության որակի բարձրացումը՝ առավել ուշադրություն դարձնելով գյուղական ամբուլատորիաների աշխատողներին:
2001 թվականին ամրագրված՝ ըստ յուրաքանչյուր բնակչի հաշվով միջինացված ֆինանսավորման սկզբունքը կիրականացվի նաև 2007 թվականին և կապահովի ֆինանսների և նյութական ռեսուրսների օգտագործման ավելի ճկուն և ռացիոնալ համակարգ: 2007 թվականին ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում շարունակվելու է իրականացվել բուժօգնությունը տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների և նեղ մասնագետների կողմից՝ ամբողջ բնակչության համար, անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից, առանց այցելությունների սահմանափակման, ինչպես նաև ըստ բժշկական ցուցումների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը:
Ծրագրի իրականացումը թույլ կտա 2007 թվականի ընթացքում`
- սիրտ-անոթային հիվանդությունների հիվանդացության մակարդակը նվազեցնել միջինը 3%-ով,
- միկրոանոթային և մակրոանոթային բարդություններով շաքարախտով հիվանդների հոսպիտալացման դեպքերի թիվը տարեկան նվազեցնել 2%-ով,
- հիպերտենզիայով հիվանդների բարդություններով հոսպիտալացման ցուցանիշը տարեկան նվազեցնել 1%-ով,
- ուռուցքային հիվանդությունների վաղ ախտորոշման ցուցանիշը բարձրացնել 5%-ով,
- մեծացնել կանխարգելիչ միջոցառումների տեսակարար կշիռը առաջնային բուժկանխարգելիչ միջոցառումների մեջ,
- բարձրացնել ժամանակակից լաբորատոր-գործիքային ախտորոշիչ սարքավորումներով և տեխնոլոգիաներով, դեղորայքային և բուժպարագաներով հագեցվածությունը,
- բարձրացնել իրականացվող բժշկական օգնության որակը,
- բարձրացնել բնակչության ստվար հատվածի անվճարունակության հետ կապված մատչելիության մակարդակը:
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի հիմնավորումը, նպատակները, արդյունավետությունը
Մոր և մանկան առողջության պահպանումը բնակչության առողջության պահպանման կարևորագույն նախադրյալներից է: Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, սոցիալ-տնտեսական անկման պայմաններում առաջին հերթին տուժում են երեխաները՝ հասարակության առավել խոցելի այն խավը, որը ապագայի կրողն է և, հետևաբար, որի պահպանումը ամենաառաջնահերթ խնդիրներից է: Վերարտադրողական առողջության պահպանման և մայրության հովանավորության հարցերը ևս եղել և մնում են յուրաքանչյուր պետության հոգածության առարկա:
Ծրագիրը բաղկացած է երկու փոխկապակցված մասից՝
- երեխաների բժշկական օգնության կազմակերպում,
- մանկաբարձագինեկոլոգիական օգնության ապահովում:
Երեխաների բժշկական օգնության կազմակերպում
Երեխաների առողջության պահպանման խնդիրները գտնվում են պետության հովանավորության ներքո, և առողջապահության զարգացումը այս բնագավառում առավելապես հենվում է բժշկական օգնության կազմակերպման պետական համակարգի վրա: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գերակա խնդիրների շարքում նրանց հիմնահարցերի լուծմանը միշտ առաջնահերթություն է տրվել:
Ծրագրի նպատակը երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալների և մատչելիության, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման ապահովումն է՝ ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը:
Ծրագրի իրականացումը թույլ կտա 2007 թվականի ընթացքում`
- նվազեցնել մանկական՝ 0-1 տարեկան և մինչև 5 տարեկան, մահացության մակարդակը` առնվազն 1/4-ով, այդ թվում՝ շնչառական հիվանդություններից՝ 5%-ով, իսկ փորլուծային հիվանդություններից` 7%-ով,
- ցածր քաշով և անհաս նորածինների թիվը կրճատել 1/4-ով,
- ապահովել երեխաների պատվաստումների 90%-ով ընդգրկվածությունը,
- ապահովել մինչև 4 ամսական երեխաների 55%-ի և մինչև 6 ամսական երեխաների 30%-ի բացառապես կրծքով սնուցումը և պահպանել դրա շարունակականությունը երեխայի կյանքի երկրորդ տարվա ընթացքում,
- սակավարյունության հետևանքով առաջացած խանգարումները կրճատել 7%-ով,
- ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների 35%-ի ընդգրկվածությունը անհատական վերականգնողական ծրագրերում` ծրագրերի իրականացման ճանապարհով,
- կրճատել նորածնային հիվանդացությունը և մահացությունը` նորածինների հիմնական խնամքի և վերակենդանացման ծառայությունների հզորացման, մարդկային ռեսուրսների զարգացման և նյութատեխնիկական հնարավորությունների ընդլայնման միջոցով,
- կանխարգելել ՄԻԱՎ-ի տարածումը երեխաների շրջանում` ապահովելով հղիների 60%-ի ընդգրկվածությունը ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրում, և դեռահասների շրջանում` ՁԻԱՀ-ի վերաբերյալ հավաստի տեղեկատվության մատչելիությունը երիտասարդների 70%-ի համար,
- մշակել և իրագործել ծրագրեր` ուղղված վաղ հասակի երեխաների և դեռահասների ֆիզիկական, մտավոր և հոգևոր զարգացմանը:
Մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության ապահովում
Վերարտադրողական առողջության պահպանման և մայրության պաշտպանության խնդիրները մշտապես գտնվել են պետության հովանավորության ներքո:
Ծրագրի նպատակը մայրության հովանավորումն է, ծննդօգնության և ընտանիքի պլանավորման ծառայությունների մատչելիության ապահովումը՝ ուղղված մայրական և շուրջծննդյան (պերինատալ) հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաև կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը:
Ծրագրով նախատեսվում է հղիության և անհետաձգելի գինեկոլոգիական վիճակների հետ կապված բուժօգնության տրամադրումը բոլոր կանանց համար ինչպես պոլիկլինիկայում, այնպես էլ հիվանդանոցային պայմաններում, իսկ սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց համար նաև՝ գինեկոլոգիական բուժօգնության կազմակերպումը:
Ծրագրի իրականացումը թույլ կտա 2007 թվականի ընթացքում բարելավել մայրական առողջությունը.
- ապահովել հղի կանանց վաղ ընդգրկումը տարածքային բուժհիմնարկներում՝ առնվազն 70%-ով,
- ապահովել մայրական մահացության բացակայության իրավիճակ,
- նվազեցնել ծննդաբերությունը տնային պայմաններում` ապահովելով ծննդաբերության մոտ 100% ընդգրկվածությունը ստացիոնար պայմաններում,
- նվազեցնել պերինատալ և վաղ նեոնատալ մահացությունը 10%-ով:
Վերարտադրողական առողջության բարելավման նպատակով, մասնավորապես չբերության իջեցման, սեռական օրգանների նախաքաղցկեղային և քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման, աբորտների իջեցման նպատակով 2007 թվականի ընթացքում պետք է պետությունը ֆինանսավորի նաև`
- տարվա մեջ մեկ անգամ կանանց սեռական օրգանների, հատկապես արգանդի վզիկի և կաթնագեղձերի հետազոտումը կանանց կոնսուլտացիաներում,
- առաջնային չբերությամբ տառապող կանանց հետազոտումը և բուժումը,
- հակաբեղմնավորիչ միջոցների տրամադրումը սոցիալապես անապահով խմբերին,
- մանկաբարձ-գինեկոլոգների և մանկաբարձուհիների վերապատրաստումը:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի հիմնավորումը, նպատակը
Սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը հատկապես բացասաբար է անդրադառնում բնակչության առավել անպաշտպան խավի՝ երեխաների, ծերերի, հաշմանդամների, աղքատների առողջության հետ կապված խնդիրների վրա, որն արտահայտվում է հիվանդությունների
ավելացմամբ, մահացության ցուցանիշների աճով: Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական ներկա վիճակից՝ պետության դերը բնակչության առավել անապահով խավերի սոցիալական պաշտպանվածության հարցերի, մասնավորապես` առողջության հետ կապված խնդիրների լուծման գործում հատուկ կարևորություն է ստանում:
Ծրագրի նպատակն է 2007 թվականին բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման մատչելիության բարձրացումը և առավելագույնս ապահովումը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը կհստակեցնի և կհաստատի սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժօգնության կազմակերպման կարգը:
Ծրագիրը նախատեսում է 2007 թվականի ընթացքում իրականացնել կանխարգելիչ, ախտորոշիչ և բժշկական օգնության ամենալայն ծավալ՝ հիվանդությունների բոլոր հիմնական խմբերի գծով, առողջապահության համակարգի բոլոր օղակներում՝ առանց մասնագետների ցանկի, հաճախումների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների թվի սահմանափակման:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի հիմնավորումը, նպատակները, արդյունավետությունը
Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի, բնակչության տեղաշարժի ակտիվացմամբ, լայնամասշտաբ հակահամաճարակային միջոցառումների անցկացման դժվարություններով, տեխնիկական առաջընթացով, քաղաքակենտրոնացումով (ուրբանիզացիա), արտաքին միջավայրի աղտոտմամբ, ապրելակերպի պայմանների փոփոխություններով և մի շարք այլ անբարենպաստ գործոնների ազդեցությամբ պայմանավորված՝ վերջին տարիներին նկատվում է ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն որոշ հիվանդությունների աճ: Բացասական ռիսկի գործոններն ավելացնում են մարդու օրգանիզմի վրա սթրեսային ճնշումների ազդեցությունը և պատճառ դառնում այնպիսի հիվանդությունների թվի աճին, ինչպիսիք են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, դիաբետը, հոգեկան խանգարումները և այլն:
Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելման միջոցառումներն իրականացվում են ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում (ներառյալ` դիսպանսերային բուժօգնությունը): Իսկ հիվանդությունների բուժումը հիմնականում կազմակերպվում է հիվանդանոցային պայմաններում:
Հիվանդանոցային բժշկական օգնությունը սովորաբար ցուցաբերվում է առավել ծանր հիվանդներին և ընդգրկում է արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը՝ մասնագիտացված կոնսուլտացիաներ, ախտորոշում, բուժում, վիրահատումներ, բուժական մանիպուլյացիաներ, անհրաժեշտ դեղամիջոցների կիրառում, բարդ տեխնոլոգիաների օգտագործում, տևական հսկողություն և հատուկ խնամք: Հիվանդանոցային բժշկական օգնությունն ամենուրեք դասվում է թանկ և ծախսատար ծառայությունների շարքին, որի ծախսերը կազմում են ամբողջ առողջապահության համակարգի ֆինանսավորման մոտ 50%: Բժշկական ապահովագրության բացակայության, պետության կողմից հատկացվող սահմանափակ ֆինանսական միջոցների օգտագործման և վերահսկման մեխանիզմների անկատար գործունեության պայմաններում հիվանդանոցային բժշկական օգնության առանց այդ էլ ծանր բեռը կրկնապատկվում է պետության և հասարակության համար:
Համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալ անվճար՝ պետության կողմից երաշխավորված պետական նպատակային ծրագրերի շրջանակներում: Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից 2000-2006 թվականներին ընդունված «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» համապատասխան որոշումների` հիվանդանոցային անվճար բժշկական օգնությունը և ծառայություններն իրականացվում են հիմնականում երկու ուղիով՝
1) բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության շրջանակներում ընդգրկված ինֆեկցիոն հիվանդությունների և անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկերին համապատասխան՝ ամբողջ բնակչության համար.
2) բժշկական օգնության և ծառայությունների բոլոր տեսակները՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված բնակչության համար:
Ծրագրի նպատակն է հիվանդանոցային բժշկական օգնության և ծառայությունների առավելագույնս մատչելիության ապահովումն ամբողջ բնակչության՝ հատկապես սոցիալապես անապահով խավերի համար, հիվանդանոցների մահճակալային ֆոնդի օպտիմալ օգտագործումը և պետության կողմից հատկացվող ֆինանսական միջոցների առավել նպատակային ու արդյունավետ օգտագործումը:
2007 թվականին հիվանդանոցային բուժհաստատությունների ֆինանսավորումը կշարունակվի կատարվել 2001 թվականին ներդրված «սահմանափակված (գլոբալ) բյուջեի» սկզբունքով հիմնված հիվանդությունների, մասնագիտացված բուժօգնության և անհետաձգելի վիճակների, վիճակագրության ու սպասարկվող տարածքի բնակչության թվի վրա:
Սոցիալապես կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների, հատկապես անհետաձգելի վիճակների բուժօգնությունը պետական պատվերի շրջանակներում կապահովվի նաև շտապ բժշկական օգնության ծառայության կողմից՝ կանչերի միջոցով, ամբողջ բնակչության համար:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը կհստակեցնի և կհաստատի պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների շրջանակներում հիվանդանոցային բուժօգնություն պահանջող սոցիալապես հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև այդ հիվանդություններով տառապող անձանց ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման կարգը:
Ծրագրի նպատակներն են՝
- ինֆեկցիոն հիվանդությունների վաղ հայտնաբերման, հիվանդների բուժօգնության կազմակերպման, շարունակական հսկողության, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների քարոզչության ապահովումը,
- տուբերկուլյոզի կանխարգելման, մահացության դեպքերի նվազեցման, հիվանդության ցուցանիշի կայունացման համալիր բուժկանխարգելիչ միջոցառումների իրականացումը,
- սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխման և նվազեցման միջոցառումների իրականացումը,
- սոցիալական հատուկ նշանակություն ունեցող ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, հիվանդների բուժման և շարունակական հսկողության համալիր միջոցառումների իրականացումը:
Ծրագրի իրականացումը թույլ կտա 2007 թվականի ընթացքում հիվանդանոցային մակարդակում՝
- իրականացվող բուժօգնության և սպասարկման փոխհատուցումը մոտեցնել իրական ծախսերին,
- բարձրացնել բնակչության բուժօգնության մատչելիությունը,
- բարձրացնել բժշկական օգնության կազմակերպման համար անհրաժեշտ որոշ բաղադրիչների (դեղամիջոցներ, բժշկական պարագաներ, սնունդ և այլն) հագեցվածությունը,
- նվազեցնել ոչ պաշտոնական ծախսերը (ստվերային շրջանառությունը),
- բարձրացնել ժամանակակից սարքավորումներով անբավարար և անհամաչափ հագեցվածությունը,
- տարածել նորագույն տեխնոլոգիաների կիրառում՝ հատկապես շրջաններում: