ԼՂՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին

Ընդունված  է 2018 թվականի

                                                                                        հունիսի 28-ին

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի վարչական դատավարության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  24.1

ՀԱՎԱՔԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 142.1. Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը

 

1. Վարչական դատարանին ընդդատյա են հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների վիճարկման վերաբերյալ հետևյալ գործերը.

1) հավաքը սահմանափակումներով անցկացնելու մասին համայնքի ղեկավարի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.

2) հավաքն արգելելու մասին համայնքի ղեկավարի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.

3) հավաքի մասին իրազեկումն ի գիտություն ընդունելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը։

 

Հոդված 142.2.

Վարչական դատարան դիմելու իրավունքը

1. Հավաքը սահմանափակումներով անցկացնելու մասին կամ հավաքն արգելելու մասին համայնքի ղեկավարի որոշումները վիճարկելու պահանջով վարչական դատարան կարող է դիմել հավաքի կազմակերպիչը, եթե համարում է, որ այդ որոշումներով խախտվել է հավաքների ազատության իր իրավունքը։

2. Համայնքի ղեկավարի՝ հավաքի մասին իրազեկումն ի գիտություն ընդունելը կարող են վիճարկել այն անձինք, որոնց սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքում նախատեսվում է անցկացնել հավաքը, եթե համարում են, որ այդ որոշումներով խախտվել են կամ կարող են խախտվել իրենց իրավունքները։

 

Հոդված 142.3. Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դատարանի կազմը

 

1. Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը քննում և լուծում է վարչական դատարանը՝ կոլեգիալ` երեք դատավորի կազմով։

 

Հոդված 142.4. Վարչական դատարան դիմելը և հայցադիմումների քննության ժամկետները

 

1. Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների դեմ կարող է հայց ներկայացվել դատարան որոշումն ուժի մեջ մտնելուց կամ հավաքի մասին իրազեկումն ի գիտություն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, իսկ եթե որոշումը կայացվել է, կամ հավաքի մասին իրազեկումն ի գիտություն ընդունվել է իրազեկման մեջ նշված հավաքի օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ` 24 ժամվա ընթացքում։

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներում ներկայացված հայցադիմումներն ընդունվում են վարույթ վարչական դատարան մուտքագրվելու օրը և քննվում են երկու օրացուցային օրվա ընթացքում։

3. Եթե սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված ժամկետների վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա հայցը ներկայացվում է դատարան, կամ դատական ակտը կայացվում է դրան հաջորդող աշխատանքային օրը։

 

Հոդված 142.5. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը

 

1. Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների կամ գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը քննելիս վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.

1) համայնքի ղեկավարի որոշումը թողնել ուժի մեջ.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի որոշումը.

3) իրազեկումն ի գիտություն ընդունելը ճանաչել ոչ իրավաչափ կամ իրավաչափ:

2. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

3. Գործն ըստ էության լուծող դատական ակտն ուղարկվում է հայցվորին և համապատասխան համայնքի ղեկավարին։»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                          Բ. ՍԱՀԱԿՅԱՆ                                              

 

2018թ. հուլիսի 2

Ստեփանակերտ

ՀՕ-25-Ն