‹‹Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին›› ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Ընդունված է 2018 թվականի

մայիսի 31-ին

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի փետրվարի 15-ի ՀՕ-102 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը «անշարժ գույքի օբյեկտ» հասկացության «ենթակառուցվածքներ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այդ միավորների մաս կազմող կամ միմյանցից անբաժանելի հաղոր­դակ­ցության ցանցեր (երկաթգիծ, մալուխային գիծ, խողովակաշար և այլն)» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «այլ գույքային իրավունքների» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների գրավի» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը «գրանցումից հետո» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման դեպքերի» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 11. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի 

                     տեղեկատվության մատչելիությունը

 

1. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության ազատությունը սահմանափակվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված տեղեկատվության, ինչպես նաև պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների սահմանափակ մատչելիությամբ:

2. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի՝ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի տեղեկատվության մաս կազմող՝ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկություն­ները տրամադրվում են Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Պետական գրանցման գործառույթի իրականացման արդյունքում գրանցում իրականացնող մարմնի կողմից ստեղծված, հավաքագրված, այդ թվում` գրանցման համար ներկայացված, ինչպես նաև անշարժ գույքի գույքագրման փաստաթղթերում առկա տեղեկատվությունից` անկախ դրա նյութական կրիչի (այսուհետ` իրավական կադաստրի տեղեկատվություն), ֆիզիկական անձանց անձնական և ընտանեկան, ինչպես նաև իրավաբանական անձանց առևտրային գաղտնիք չեն համարվում`

1) գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում գրառման ենթակա տեղեկությունները, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի.

2) հողամասի և շինությունների կադաստրային արժեքի (զուտ եկամտի) և դրա հաշվարկման համար հիմք հանդիսացող տվյալները:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկությունները տրամադրվում են փաստաթղթերից քաղվածքների ձևով:

6. Իրավական կադաստրի տեղեկատվության կազմից սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը փաստաթղթերից պատճենների ձևով, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ մասով չնախատեսված այլ տեղեկատվությունը փաստաթղթերից քաղվածքների կամ պատճենների ձևով տրամադրվում են`

1) հարցվող անշարժ գույքի միավորի կամ օբյեկտի նկատմամբ հարցման պահին սեփականատեր հանդիսացող անձանց կամ նրանց համաձայ­նու­թյամբ` այլ անձանց.

2) հարցվող անշարժ գույքի միավորի կամ օբյեկտի նկատմամբ գրանցված այլ իրավունքի սուբյեկտներին կամ այդ անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող իրավատերերին` իրենց իրավունքների և սահմանափակումների ծագման, փոխանցման, փոփոխման կամ դադարման վերաբերյալ, կամ նրանց համաձայնությամբ` այլ անձանց.

3) ֆիզիկական կամ իրավաբանական անձին պատկանող, այդ թվում` տվյալ անձի անվամբ գրանցված կամ գույքագրված գույքի կամ գույքային իրավունքների կազմի կամ որևէ տարածքում նման գույքի կամ գույքային իրավունքների առկայության վերաբերյալ տեղեկությունները` այդ իրավունք­ների իրավատերերին, գրանցված իրավունքների դեպքում` գրանցված իրավունքների սուբյեկտներին, կամ նրանց համաձայնությամբ` այլ անձանց:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված համաձայնությունը կարող է տրվել նոտարի վավերացրած կամ հասարակ գրավոր ձևով:

8. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տեղեկությունները, առանց համապատասխան համաձայնության, Արցախի Հանրապետության օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար կարող են տրամադրվել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին և պատգամավորներին, Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատին, Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմիններին, Արցախի Հանրապետության դատարաններին, Արցախի Հանրապետության դատախազությանը և քրեական հետապնդման այլ մարմիններին, Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին, Արցախի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններին, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Արցախի Հանրապետությունում արտոնագրված փաստաբաններին, Արցախի Հանրապետության նոտարներին, սնանկության գործով կառավարչին, որոնց կողմից այդ տեղեկությունների հրապարակման կամ դրանց գաղտնիության պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:»:

 

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «այլ տվյալներ» բառերից հետո լրացնել «, որոնք ներառվում են կադաստրային քարտեզի տեղեկատվության բազային կամ թեմատիկ շերտերում» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասեր.

«1.1. Կադաստրային քարտեզի տեղեկատվության բազային շերտում ներառվում են անշարժ գույքի միավորների տեղադրությունը, սահմանները, կոորդինատները, հողամասերի մակերեսի չափի վերաբերյալ տեղեկություն­ները:

1.2. Կադաստրային քարտեզի տեղեկատվության թեմատիկ շերտում ներառվում են Արցախի Հանրապետության հողային ֆոնդը` ըստ նպատա­կային նշանակության, գործառնական նշանակության ու հողատեսքերի, իրավունքի պետական գրանցում ստացած վերգետնյա և ստորգետնյա հաղոր­դակցությունների ցանցերի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` այլ տեղեկություններ:»:

 

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հոդված 16. Արցախի Հանրապետության տարածքում քարտեզագ­րության  գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության իրականացումը

 

1. Արցախի Հանրապետությունում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությամբ կարող են զբաղվել պետական լիազոր մարմնից քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայական (այսուհետ` վկայական) ստացած անձինք:

2. Վկայականի կամ դրա կրկնօրինակի կորստի կամ ոչ պիտանի դառնալու, որակավորված անձի անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում որակավորված անձը կարող է դիմել լիազոր մարմին` վկայականի կրկնօրինակ կամ անվանափոխված վկայական ստանալու համար, որը լիազոր մարմինը տրամադրում է երեք աշխատանքային օրվա ընթացքում: Վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

3. Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, որակավորման անցկացման կարգն ու պայմանները, որակավորման վկայականի ձևը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

4. Վկայականի գործողության կասեցման համար հիմք են`

1) վկայականի գործողությունը կասեցնելու վերաբերյալ դատական ակտը.

2) կառավարության որոշմամբ սահմանված քարտեզագրության, գեոդե­զիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները չկատարելը:

5. Վկայականի գործողությունը կասեցնելու մասին պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանն այն կայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում առձեռն հանձնվում է որակավորում ստացած անձին՝ ստանալու մասին ստորագրությամբ, իսկ առձեռն հանձնելու հնարավորության բացակայության դեպքում` փոստով պատվիրված նամակով առաքելու միջոցով:

6. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքով վկայականի գործողությունը կասեցվում է մեկ ամիս ժամկետով:

Վկայականի գործողությունը կասեցվում է սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված պարտադիր պահանջների չկատարման ձևով խախտումը հայտնաբերվելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

Վկայականի գործողությունը չի կարող կասեցվել, եթե սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված պարտադիր պահանջների չկատարման ձևով խախտման օրվանից անցել է վեց ամսից ավելի:

7. Վկայականի գործողության կասեցման ընթացքում որակավորված անձն իրավունք չունի իրականացնելու քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործունեությունն ուղղված է կասեցման պատճառները վերացնելուն:

8. Վկայականի գործողության դադարեցման համար հիմք են`

1) վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հետագայում հայտնաբերված կեղծ կամ խեղաթյուրված տվյալների առկայությունը.

2) որակավորված անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտը.

3) վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որակավոր­ված անձի դիմումը.

4) վկայականի գործողության կասեցման ժամկետում գործունեություն իրականացնելը.

5) մեկ տարվա ընթացքում երկու անգամ վկայականի գործողության կասեցումը.

6) որակավորված անձի մահը հավաստող փաստաթուղթը:

9. Վկայականի գործողության դադարեցման մասին պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանն այն կայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետի) տրվում կամ պատշաճ ձևով ուղարկվում է որակավորում ստացած անձին:

10. Վկայականի գործողության կասեցումը, կասեցման վերացումը և վկայականի գործողության դադարեցումը կատարվում են Արցախի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագր­ման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուի մասնագիտական որակավորման մշտական գործող հանձնաժողովի եզրակացության հիման վրա` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Վկայականի գործողության կասեցման, կասեցման վերացման և վկայականի գործողության դադարեցման հրամանների բողոքարկման կարգը սահմանվում է օրենքով:

11. Վկայականի գործողության դադարեցումից հետո նոր վկայական ստանալու համար անձը կարող է դիմել դրա գործողության դադարեցման օրվանից վեց ամիս հետո:

12. Լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակվում է քարտե­զագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության որակավորման վկայական ստացած անձանց անվանա­ցան­կը՝ վերջիններիս համաձայնությամբ:

13. Գրանցող մարմինը պատասխանատվություն չի կրում որակավորում ստացած անձանց` սույն հոդվածում նշված աշխատանքների որակի և տվյալների հավաստիության համար:

14. Սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքներն իրականացվում են անշարժ գույքի սեփականատիրոջ (օգտագործողի) միջոցների հաշվին:»:

 

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը «գրանցումը» բառից հետո լրացնել «, պետական գրանցման դադարեցումը, կասեցումը և մերժումը» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարի կողմից ստեղծվում են անշարժ գույքի պետական ռեգիստրի կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնք իրականացնում են անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների իրականացման դիմումների ընդունումը և այդ գործառույթների արդյունքում կազմված փաստաթղթերի տրամադրումը, պետական ռեգիստրի ղեկավարի կողմից սահմանված տարածքում իրականացնում են սույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում, պետական գրանցման դադարեցում, կասեցում և մերժում, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրում, ինչպես նաև պետական գրանցման հիմնական սկզբունքներից ու խնդիրներից բխող՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:»:

 

Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի պետական ռեգիստրի կառուցվածքային ստորաբաժանումներում պետական գրանցումը, պետական գրանցման դադարեցումը, կասեցումը կամ մերժումն իրականացնում են ի պաշտոնե պետական գրանցում կատարելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձինք, որոնց պաշտոնների ցանկը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:»:

 

Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում 7-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետ.

«8) իրավաբանական անձանց դեպքում՝ նաև պետական գրանցման համարը:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Դիմողը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով և դիմումի հետ ներկայացնի`

1) իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ իրավա­հաս­տատող փաստաթղթերը, իսկ սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ նաև այդ հոդվածով սահմանված այլ փաստաթղթեր.

2) «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում՝ այդ օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարի մուծման անդորրագիրը:».

3) 6-րդ մասի «երեսուն» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառը.

4) 6-րդ մասը լրացնել հետևյալ պարբերությամբ.

«Սույն մասով սահմանված ժամկետը չի տարածվում մինչև 2008 թվականի հունիսի 22-ը կնքված՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ և սահմանափակումներ հաստատող գործարքների կամ պայմանագրերի վրա: Նշված փաստաթղթերը, անկախ կնքման կամ հաստատման ժամկետից, հիմք են համարվում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար` իրավունք ձեռք բերած իրավատերերի կողմից սահմանված կարգով ներկայացվելու դեպքում:».

5) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) դիմումը ներկայացնում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինը` կատարողական թերթի կատարումն ապահովելու նպատակով:»:

 

Հոդված 11. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) կատարվելու է 2000 թվականի հունվարի 1-ից հետո գրանցված հողամասի սահմանների փոփոխության (բաժանման, միավորման կամ ուղղման), բացառությամբ գրանցված հողամասերի սահմանների միավորման, պետական գրանցում:»:

 

Հոդված 12. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 1-ին մասի`

ա. 4-րդ կետի «իրավահաստատող» բառը փոխարինել «ներկայացված» բառով,

բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) առկա է փաստաթղթերով չհիմնավորված անհամապատասխանու­թյուն ներկայացված փաստաթղթերում կամ ներկայացված և գրանցման մատյանում կամ գույքագրման փաստաթղթերում (գրանցված չլինելու դեպքում) առկա տվյալների միջև, բացառությամբ տեխնիկական սխալի հետևանքով առաջացած դեպքերի.».

2) 3-րդ և 4-րդ մասերի «ծանուցումը» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «որոշումը» բառով՝ դրա համապատասխան հոլովաձևերով, բացառությամբ «հանձնման մասին ծանուցմամբ» բառակապակցությունից, իսկ «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մաս.

«4.1. Պետական գրանցման կասեցման ժամկետը չի կարող գերազանցել դրա գրանցման համար սույն օրենքով նախատեսված ժամկետը:»:

 

Հոդված 13. Օրենքի 30-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) առկա են օրենքով սահմանված այլ հիմքեր:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պետական գրանցում կատարելու վերաբերյալ տրված դիմումով գրանցումը մերժելու դեպքում դիմողին տրամադրվում է մերժման մասին որոշումը՝ մերժման պատճառների մասին սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքի (դեպքերի) վերաբերյալ նշումներով: Մերժման մասին որոշումը հինգ աշխատանքային օրվա ընթացքում առձեռն չստանալու դեպքում այն դիմողին է առաքվում փոստով:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.

«3.1. Պետական գրանցման մերժման ժամկետը չի կարող գերազանցել դրա գրանցման համար սույն օրենքով նախատեսված ժամկետը:».

4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 14. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «պետական տուրքի անդորրագիրը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության օրենքով նախատեսված դեպքերի» բառերով.

2) 6-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակու­թյամբ նոր նախադասությամբ.

 «Միասնական տեղեկանքը գործարքներ կնքելու համար միակ փաստաթուղթն է, որով հավաստվում են սույն մասում ներկայացված տեղեկությունները, և որը պարտադիր է սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված գործարքների վավերացման համար, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման դեպքերի:».

3) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Միասնական տեղեկանքն ուժի մեջ է 15 աշխատանքային օր:».

4) 7-րդ մասի «քրեական հետապնդում իրականացնող» բառերը փոխարինել «դա-տախազության կամ քրեական հետապնդման այլ» բառերով.

5) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 15. Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 33. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի

                     տեղեկատվության տրամադրման պայմանները

 

1. Որոշակիորեն նույնականացված (միանշանակ որոշված) անշարժ գույքի միավորի վերաբերյալ հայցվող տեղեկատվությունը տրամադրվում է ոչ ուշ, քան կառուցվածքային ստորաբաժանում դիմումը ներկայացվելու օրվանից հետո` երրորդ աշխատանքային օրը:

2. Անշարժ գույքի միավորը համարվում է նույնականացված, եթե դիմումի մեջ նշված է անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը կամ հասցեն կամ անշարժ գույքի գտնվելու վայրի նկարագիրը՝ տվյալ միավորի նկատմամբ իրավունք ունեցող որևէ սուբյեկտի անվան (անվանման) հետ միաժամանակ, կամ դիմումի հետ ներկայացվել է անշարժ գույքի միավորի նշագրմամբ կադաստրային քարտեզի համապատասխան հատվածը:

3. Անձի վերաբերյալ տվյալները համարվում են նույնականացված, եթե դիմումում առնվազն նշված են`

1) ֆիզիկական անձի դեպքում՝

ա. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան ամսաթիվը,

բ. ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի անվանումը և համարը,

գ. ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշը.

2) իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման փաստաթղթերում առկայության դեպքում՝ իրավաբանական անձի գրանցման համարը կամ հարկ վճարողի հաշվառման համարը:

4. Դիմումով ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ անշարժ գույքի միավորի նույնականացված չլինելը հիմք է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության տրամադրումը կասեցնելու համար:

5. Անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումների հիման վրա տեղեկատվության տրամադրման առավել սեղմ ժամկետներ:

6. Եթե դիմումը վերաբերում է որևէ աշխարհագրական տարածքում կամ որևէ ընդհանուր բնութագիր ունեցող չնույնականացված անշարժ գույքի միավորների վերաբերյալ ամփոփ, վերլուծական կամ այլ բնույթի տեղեկությունների տրամադրմանը, և հայցվող տեղեկատվությունը նախապատրաստելու համար գրանցող մարմինը պետք է կատարի անշարժ գույքի միավորների նույնականացման և տեղեկությունների որոնման կամ տարբեր նյութական կրիչների վրա գտնվող տեղեկությունների համադրման աշխատանքներ, ապա նման տեղեկատվությունը դիմողին տրամադրվում է 25 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին դիմումը ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացվում է դիմողը` նշելով հետաձգման պատճառները, տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը և տեղեկատվության տրամադրման համար վճարի չափը, որը հաշվարկվում է հիմք ընդունելով նույնականացման ենթակա անշարժ գույքի միավորների քանակը:»:

 

Հոդված 16. Օրենքի 35-րդ հոդվածի վերնագրում և 35-րդ, 39-րդ, 41-րդ հոդվածների տեքստերում «չեղարկելը» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «ուժը կորցրած ճանաչելը» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 17. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «որևէ» բառը փոխարինել «օրենքով սահմանված» բառերով և հանել երկրորդ նախադասությունը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1. Գործող սեփականության իրավունքի պետական գրանցման դադարեցումն առանց սեփականության իրավունքի նոր պետական գրանցման իրականացվում է`

1) գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի սեփականության իրավունքը դադարեցնող դատական ակտի հիման վրա` շահագրգիռ անձի կամ դատա­կան ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմնի ներկայացմամբ.

2) պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալի ուղղման դեպքում՝ գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի դիմումի և իրավասու մարմնի կողմից համապատասխան ուղղումը կատարելու մասին գրության հիման վրա:»:

 

Հոդված 18. Օրենքի 44-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 44.

 Անշարժ գույքի հասցեների գրանցման առանձնահատ­կու­թյունները

 

1. Անշարժ գույքի հասցեավորումն իրականացնող լիազոր մարմինների որոշումների (այսուհետ՝ հասցեավորման որոշումներ) հիման վրա անշարժ գույքի նոր հասցեներ տրամադրվելու կամ անշարժ գույքի հասցեների փոփոխության դեպքում գույքի իրավատիրոջ կամ գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի ներկայացմամբ իրականացվում է անշարժ գույքի հասցեի գրանցում:

2. Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման դիմումին կից ներկայացված հասցեավորման որոշման հիման վրա հասցեն գրանցվում է իրավունքի պետական գրանցման ընթացքում՝ դրա վարույթի իրականացման համար սահմանված ժամկետում:

3. Նոր հասցեի կամ հասցեի փոփոխության գրանցումը կարող է իրականացվել նաև առանձին՝ առանց գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում իրականացնելու:

4. Նոր հասցեի կամ հասցեի փոփոխության գրանցումն իրականացվում է գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում՝ անշարժ գույքի միավորի հասցեի համար նախատեսված դաշտում նոր գրառում իրականացնելու կամ առկա գրառումը փոփոխելու միջոցով:

5. Անշարժ գույքի հասցեն համարվում է տրամադրված կամ փոփոխված` գրանցման մատյանում նոր կամ փոփոխված հասցեն գրանցելու պահից:

6. Հասցեների գրանցման արդյունքում անշարժ գույքի պետական ռեգիստրը ստեղծում և վարում է անշարժ գույքի հասցեների ռեեստր:

Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

7. Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հասցեավորման կարգի պահանջներին անշարժ գույքի հասցեավորումը համապատասխանեցնելու (հասցեավորման կանոնակարգում) գործառույթի իրականացման շրջանակներում անշարժ գույքի հասցեների գրանցումը կարող է իրականացվել նաև անշարժ գույքի հասցեավորումն իրականացնող լիազոր մարմինների ներկայացմամբ:

8. Անշարժ գույքի նոր հասցեի կամ հասցեի փոփոխության գրանցման հիմքով անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցված իրավունք ունեցող անձանց դիմումով նրանց տրամադրվում է նոր գրանցման վկայական` հասցեի փոփոխության վերաբերյալ նշումով:»:

 

Հոդված 19. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը «առանձնահատկություն­ները» բառից հետո լրացնել «, պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ժամկետները» բառերով:

 

Հոդված 20. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.1-ին հոդվա­ծով.

 

«Հոդված 47.1 Ջրային, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, կառույցների, դրանցով զբաղեցված հողերի նկատմամբ Արցախի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքի գրանցման առանձնահատկութունները

 

1. Արցախի Հանրապետության կառավարության հաստատած ծրագրերի շրջանակներում`

1) պետական սեփականություն հանդիսացող՝ ջրային, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտները, կառույցները, դրանցով զբաղեցված հողերը համայնքին սեփականության իրավունքով փոխանցելու նպատակով իրավաբանական անձին օտարելու գործարքի և տվյալ իրավաբանական անձի կողմից իր իրավունքը համայնքին սեփականության իրավունքով փոխանցելու գործարքի հիման վրա գրանցման ենթակա է համայնքի սեփականության իրավունքը՝ առանց գույքի նկատմամբ իրավաբանական անձի իրավունքի պետական գրանցման.

2) Արցախի Հանրապետության համայնքի սեփականություն հանդիսա­ցող՝ ջրային, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուց­վածքների օբյեկտները, կառույցները, դրանցով զբաղեցված հողերը պետու­թյանը սեփականության իրավունքով փոխանցելու նպատակով իրավաբանա­կան անձին օտարելու գործարքի և տվյալ իրավաբանական անձի կողմից պետությանը իր իրավունքը սեփականության իրավունքով փոխանցելու գործարքի հիման վրա գրանցման ենթակա է պետության սեփականության իրավունքը՝ առանց գույքի նկատմամբ իրավաբանական անձի իրավունքի պետական գրանցման:

2. Սույն հոդվածում  նշված  գործարքների նկատմամբ  սույն օրենքի 24-րդ  հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է իրավաբանա­կան անձի կողմից պետությանը կամ համայնքին իրավունքի փոխանցման գործարքի կնքման օրվանից:

3. Սույն օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պահանջը չի տարածվում սույն հոդվածով սահմանված՝ իրավաբանական անձի կողմից պետությանը կամ համայնքին իրավունքի փոխանցման գործարքի վրա:

4. Սույն հոդվածով սահմանված կանոնները տարածվում են նաև սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված՝ ստորագրությունների իսկության ճանաչմամբ կնքվող գործարքների նկատմամբ:»:

 

Հոդված 21. Օրենքի 74-րդ հոդվածում՝

1. 1-ին մասում «և 2-րդ աշխատանքային օրը» բառերից հետո  լրացնել «, ինչպես նաև առանձին անշարժ գույքի միավոր գրանցված գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարք­ներից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումը ներկայացնելու օրը` աշխատանքային երկու ժամվա ընթացքում» բառերը.

2. 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Եթե սույն մասով նախատեսված հասցեի կամ հասցեի փոփոխության գրանցում կատարելու պահանջը ներկայացվում է դրա հետ կապված տեղեկատվության տրամադրման դիմումով, ապա հասցեի կամ հասցեի փո­փո­խության առանձին գրանցումը կատարվում է այդ դիմումով պատվիրված գործառույթի իրականացման համար սահմանված ժամկետում:».

3. 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Դիմողի ցանկությամբ գրանցված անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկատվությունը (այդ թվում` միասնական տեղեկանքի ձևով) կարող է տրամադրվել դիմումը ներկայացնելու օրը` աշխատանքային երկու ժամվա ընթացքում:»:

 

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակ­ման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                   Բ. ՍԱՀԱԿՅԱՆ     

 

 

 

2018թ. հունիսի 22

Ստեփանակերտ

ՀՕ-7-Ն