Առևտրաարդյունաբերական պալատի մասին

Ընդունված է 2018 թվականի

մայիսի 31-ին

 

ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

     Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է Արցախի Հանրապետու­թյու­նում «առևտրաարդյունաբերական պալատ» կազմակերպական-իրավական ձևը, առևտրաարդյունաբերական պալատի ստեղծման ընդհանուր իրավական հիմքերը և կարգավորում է դրա գործունեության հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2.

Պալատի հասկացությունը

 

1. Արցախի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ է հանդիսանում սույն օրենքով սահմանված կարգով և կամավոր անդամության հիման վրա Արցախի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ստեղծված և իրենց ընդհանրական շահերը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ԱՀ ԱԱՊ):

2. Որևէ այլ կազմակերպություն իրավունք չունի իր անվանման մեջ օգտագործել «Առևտրի պալատ», «Արդյունաբերական պալատ», «Առևտրաար­դյունաբերական պալատ», «ԱԱՊ» կամ «ԱՀ ԱԱՊ» բառակապակցությունները կամ պետական գրանցում ստանալ այդ անվանումներով:

3. Առևտրաարդյունաբերական պալատի համակարգը (այսուհետ՝ պալատ) ներառում է ԱՀ ԱԱՊ-ն և դրա կողմից ստեղծված իրավաբանական անձանց:

4. ԱՀ ԱԱՊ-ն կարող է ունենալ պատվավոր անդամներ, որոնց կարգավիճակը սահմանվում է ԱՀ ԱԱՊ-ի կանոնադրությամբ: ԱՀ ԱԱՊ-ի պատվավոր անդամները ԱՀ ԱԱՊ-ի որոշումների ընդունման գործընթացին կարող են մասնակցել միայն խորհրդակցական ձայնի իրավունքով:

 

Հոդված 3.

 Պալատի մասին օրենսդրությունը

 

1. Պալատի մասին օրենսդրությունը կազմված է Արցախի Հանրապե­տության Սահմանադրությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:

 

ԳԼՈՒԽ  II

ՊԱԼԱՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

Հոդված 4.

Պալատի նպատակները և խնդիրները

 

1. Պալատի ստեղծման և գործունեության հիմնական նպատակն է օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում իր անդամների ընդհանուր շահերի և իրավունքների պաշտպանությունը և դրանց ներկայացումը Արցախի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհարաբե­րու­թյուններում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում:

2. Պալատի խնդիրներն են`

1) Արցախի Հանրապետության տնտեսության զարգացմանը և այն միջազգային տնտեսական համակարգին ինտեգրացնելուն նպաստելը.

2) ձեռնարկատիրության բոլոր ձևերի համակողմանի և ներդաշնակ զարգացմանն օժանդակելը.

3) օտարերկրյա ձեռնարկատերերի հետ առևտրատնտեսական և գիտա­տեխնիկական կապերի ամրապնդմանն աջակցելը.

4) ձեռնարկատիրական գործունեության համար բարենպաստ միջա­վայրի ձևավորմանը նպաստելը.

5) Արցախի Հանրապետության կողմից սահմանված գերակայու­թյուններին համապատասխան ձեռնարկատիրական գործունեության տարածքային զարգացմանը նպաստելը.

6) տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև նրանց և պետական մարմինների միջև համագործակցության հաստատումը.

7) Արցախի Հանրապետությունում ձեռնարկատիրության ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման համակարգի կայացմանն ու զարգացմանն աջակցելը, այդ բնագավառում ծրագրերի մշակմանը և իրականացմանը մասնակցելը.

8) անհատ ձեռնարկատերերին, առևտրային կազմակերպություններին, միություններին և ասոցիացիաներին տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններ մատուցելը, ձեռնարկատիրության տեղեկատվական սպասարկման ենթակառուցվածքների կազմավորմանն աջակցելը.

9) առևտրային կազմակերպությունների, ձեռնարկատերերի միջև ծագած վեճերի կարգավորմանն օժանդակելը.

10) ձեռնարկատիրությանն աջակցող ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը նպաստելը.

11) իր կանոնադրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը:

 

Հոդված 5.

 Պալատի գործառույթները

 

1. Պալատը`

1) պետական և ոչ պետական մարմիններում, հիմնարկներում և կազմակերպություններում ներկայացնում և պաշտպանում է իր անդամների օրինական շահերը.

2) վարում է Արցախի Հանրապետության այն առևտրային կազմակեր­պությունների և անհատ ձեռնարկատերերի ոչ պետական գրանցամատյանը, որոնց ֆինանսատնտեսական վիճակը վկայում է Արցախի Հանրապետության տարածքում և օտարերկրյա պետություններում ձեռնարկատիրական գործունեության տեսանկյունից որպես գործընկեր նրանց վստահելիության և բարեհուսության մասին.

3) սահմանում է Արցախի Հանրապետության այն առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ոչ պետական գրանցամատյանի վարման կարգը, որոնց ֆինանսատնտեսական վիճակը վկայում է Արցախի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ձեռնարկատիրական գործունեության մեջ նրանց հուսալի և վստահելի գործընկեր լինելու մասին.

4) հայրենական և օտարերկրյա առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի դիմումների հիման վրա անցկացնում է ապրանքների անկախ փորձաքննություն, դրանց որակի, քանակի և կոմպլեկտայնության վերահսկողություն և ստուգում ու օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում դրա արժանահավատության համար.

5) աջակցություն է ցույց տալիս հայրենական և օտարերկրյա առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման վայրերի անվանումների գրանցման, ինչպես նաև ցուցահանդեսներին մասնակցելու գործում.

6) մշակում է գործարար ծրագրեր.

7) ստեղծում է տեղեկատվության ապահովման տվյալների բանկ.

8) կազմակերպում և մասնակցում է ցուցահանդեսներին և տոնավաճառներին Արցախի Հանրապետությունում և արտասահմանում.

9) օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնում և հրատարակում է թերթեր, ամսագրեր և այլ տպագիր նյութեր.

10)  աջակցում է իր անդամների կողմից արտադրված ապրանքների և ծառայությունների արտահանման, օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության ձևավորմանը և ամրապնդմանը.

11) տնտեսական վեճեր լուծելու համար իրեն կից ստեղծում է արբիտրաժային հաստատություն.

12) Արցախի Հանրապետության կառավարության առաջարկությամբ եզրակացություններ կամ առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության տնտեսության զարգացման հարցերով.

13) միջազգային առևտրային պայմանագրերի և Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան վկայում է անհաղթահարելի ուժի հանգամանքները (ֆորս-մաժոր), ինչպես նաև Արցախի Հանրապետությունում ընդունված գործարար շրջանառության սովորույթները.

14) տալիս է ապրանքների ծագման սերտիֆիկատներ և օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում դրանց արժանահավատության համար: Ապրանքների ծագման սերտիֆիկատների տրամադրման կարգն ու վճարի չափը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը.

15) մասնակցում է փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության պետական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

2. ԱՀ ԱԱՊ-ն կարող է մասնակցել ձեռնարկատիրական գործունե­ությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի մշակմանը:

 

ԳԼՈՒԽ  III

ՊԱԼԱՏԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

 

Հոդված 6.

Պալատի հիմնադրման կարգը

 

1. Սույն օրենքի ընդունման պահից մեկ ամիսը լրանալուց հետո առնվազն տասն իրավաբանական անձանց կողմից ստեղծված նախաձեռնող խումբը Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործա­կալություն կարող է հայտ ներկայացնել ԱՀ ԱԱՊ-ի հիմնադրման մասին:

2. Հայտն իր մեջ ներառում է հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում ԱՀ ԱԱՊ-ի ստեղծումը նախաձեռնելու մասին.

2) նախաձեռնող խմբի անդամների ցուցակը` ստորագրված բոլոր անդամների կողմից: Ցուցակը պարունակում է նախաձեռնող խմբի անդամների պետական գրանցման տվյալները, ֆիրմային անվանումն ու գտնվելու վայրը.

3) ԱՀ ԱԱՊ-ի կանոնադրության նախագիծը:

3. Նախաձեռնող խմբի ներկայացրած հայտը մուտքագրվում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից և տասնօրյա ժամկետում գրանցվում է համապատասխան մատյանում: Հայտը ներկայացնողին տրվում է ստացական, որը պարունակում է նշում` ներկայացման ամսաթվի և ժամի մասին: Հայտի գրանցումը կարող է մերժվել, եթե ներկայացվել են կեղծ տվյալներ, կանոնադրության նախագիծը հակասում է սույն օրենքին, կամ արդեն հայտ է գրանցվել:

4. Հայտի գրանցումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, նախաձեռնող խումբն Արցախի Հանրապետությունում առավելագույն տպաքանակ ունեցող մամուլում հայտարարություն է տպագրում դրա մասին:

5. Արցախի Հանրապետության տարածքում գրանցված տնտեսավարող սուբյեկտներն ԱՀ ԱԱՊ-ի հիմնադիր համագումարին մասնակցելու իրենց ցանկության մասին հայտնում են նախաձեռնող խմբին և հաշվառվում վերջինիս կողմից:

6. ԱՀ ԱԱՊ-ի ստեղծման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու մասին հայտարարությունն Արցախի Հանրապետությունում առավելագույն տպաքանակ ունեցող մամուլում տպագրվելուց առնվազն երկու ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ, նախաձեռնող խումբը հրավիրում է ԱՀ ԱԱՊ-ի հիմնադիր համագումար: Հիմնադիր համագումարի հրավիրման մասին հայտարարությունը Արցախի Հանրապետությունում առավելագույն տպաքանակ ունեցող մամուլում տպագրվում է համագումարի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում հիմնադիր համագումար չհրավիրելու կամ հայտից հրաժարվելու դեպքում գրանցված հայտը համարվում է չեղյալ:

8. ԱՀ ԱԱՊ-ն ստեղծվում է հիմնադիր համագումարի որոշմամբ: Հիմնադիր համագումարը հաստատում է ԱՀ ԱԱՊ-ի կանոնադրությունը, ընտրում պալատի նախագահ և նախագահություն:

9. ԱՀ ԱԱՊ-ի հիմնադիր համագումարի պատվիրակների քվոտաները նախաձեռնող խմբի կողմից բաշխվում են ԱՀ ԱԱՊ-ի անդամների թվին համամասնորեն: ԱՀ ԱԱՊ-ի հիմնադիր համագումարի աշխատանքներին մասնակցում է Արցախի Հանրապետության արդարադատության նախա­րարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետը` խորհրդակցական ձայնի իրավունքով:

10. Նախաձեռնող խմբի լիազորությունները դադարում են հիմնադիր համագումարի աշխատանքներն ավարտվելուց հետո:

 

Հոդված 7.

 Պալատի կանոնադրությունը

 

1. Պալատի կանոնադրությամբ սահմանվում են պալատի նպատակները, խնդիրները, գործառույթները և գործունեությանն առնչվող մյուս հարցերը:

2. Պալատի կանոնադրությունն ընդգրկում է`

1) պալատի լրիվ և կրճատ անվանումը` հայերեն, ռուսերեն և անգլերեն, ստեղծման նպատակները, գործունեության առարկան և գործառույթները.

2) պալատի հիմնադրման տարին, ամիսը, ամսաթիվը և գտնվելու վայրը.

3) պալատին անդամակցելու, անդամությունը դադարեցնելու, անդամավճարների վճարման կարգն ու պայմանները.

4) պալատի կառավարման կարգը.

5) գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը:

3. Կանոնադրության մեջ կարող են նախատեսվել նաև պալատի գործառույթներին առնչվող այլ դրույթներ:

 

Հոդված 8.

Պալատի անդամների իրավունքներն ու պարտականու­թյունները

 

1. Պալատի անդամներն իրավունք ունեն`

1) ընտրել և ընտրվել պալատի ղեկավար մարմիններում.

2) պալատի գործունեության վերաբերյալ ղեկավար մարմինների քննարկ­մանը ներկայացնել առաջարկություններ` պալատի կանոնադրությամբ սահ­մանված կարգով.

3) արտոնյալ պայմաններով կամ անվճար օգտվել պալատի կողմից մատուցվող ծառայություններից.

4) օգտվել պալատի կանոնադրությամբ իրենց վերապահված այլ իրավունքներից:

2. Պալատի անդամները պարտավոր են`

1) կատարել պալատի ղեկավար մարմինների կողմից ընդունված պալատի կանոնադրական խնդիրներին վերաբերող որոշումները.

2) վճարել անդամավճարներ.

3) նպաստել պալատի կանոնադրական խնդիրների իրականացմանը.

4) կատարել պալատի կանոնադրությամբ սահմանված այլ պարտա­կանություններ:

 

Հոդված 9.

 Պալատի անդամության անդամավճարների դրույքա­չափերը

 

1. Պալատի անդամության անդամավճարների դրույքաչափերը սահմանվում են պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով:

 

Հոդված 10.

 Պալատի պետական գրանցումը

 

1. Պալատը ենթակա է պետական գրանցման` օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ  IV

ՊԱԼԱՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Հոդված 11.

Պալատի համագումարը

 

1. Պալատի կառավարման բարձրագույն մարմինը համագումարն է, որը գումարվում է հինգ տարին մեկ:

2. Համագումարի գումարման ժամանակի, տեղի և օրակարգի մասին համագումարի բացումից առնվազն մեկ ամիս առաջ պալատի նախագահությունը տեղյակ է պահում պալատի անդամներին:

3. Համագումարը`

1) հաստատում է պալատի կանոնադրությունը, փոփոխություններ է կատարում դրանում.

2) հինգ տարի ժամկետով ընտրում է պալատի նախագահ և նախա­գահություն.

3) հաստատում է պալատի ծրագրերն ու գործունեության ուղղու­թյունները.

4) լսում և գնահատում է պալատի նախագահի հաշվետվությունները:

4. Պալատի անդամների կամ նախագահության անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ կարող է հրավիրվել արտահերթ համագումար:

5. Համագումարում քննարկվող հարցերը լուծվում են ներկա գտնվող պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ պալատի կանո­նադրության հաստատման, փոփոխման հարցերը` առնվազն երկու երրորդով:

6. Համագումարի քվորումը նրա պատվիրակների երկու երրորդն է:

 

Հոդված 12.

Պալատի նախագահությունը

 

1. Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում պալատի ղեկավար մարմինը պալատի նախագահությունն է:

2. Պալատի նախագահության անդամները, գործադիր տնօրենից բացի, աշխատում են հասարակական հիմունքներով:

3. ԱՀ ԱԱՊ-ի նախագահը և ԱՀ ԱԱՊ-ի գործադիր տնօրենն ի պաշտոնե հանդիսանում են պալատի նախագահության անդամներ:

4. Պալատի նախագահությունը`

1) ընտրում է պալատի նախագահի տեղակալ(ներ).

2) հաստատում է պալատի նախագահի կողմից ներկայացված պալատի տարեկան ծրագրերն ու ծախսերի նախահաշիվը.

3) գումարում է պալատի հերթական և արտահերթ համագումարները.

4) հաստատում է տնօրինության կառուցվածքը և հաստիքացուցակը, գործունեության ուղղությունները.

5) պալատի նախագահի ներկայացմամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գործադիր տնօրենին.

6) արտահայտում է պալատի դիրքորոշումը տնտեսական քաղաքա­կա­նության հարցերի վերաբերյալ.

7) որոշում է կայացնում պալատին կից արբիտրաժային հաստատության ստեղծման մասին.

8) որոշում է կայացնում Արցախի Հանրապետության սահմաններից դուրս պալատի ներկայացուցչություն ստեղծելու մասին.

9) պալատի նախագահի կողմից սույն օրենքի և պալատի կանոնա­դրության պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում որոշում է կայացնում պալատի նախագահին անվստահություն հայտնելու մասին.

10) իրականացնում է պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ.

11) հաստատում է ԱՀ ԱԱՊ-ին կից արբիտրաժային հաստատության կանոնադրությունը, վեճեր քննելու և լուծելու կանոնները` օրենսդրության պահանջներին համապատասխան:

5. Նախագահության նիստերը գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ:

6. Նախագահության նիստերի քվորումը նախագահության անդամների երկու երրորդն է:

7. Նախագահության որոշումներն ընդունվում են ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

8. Պալատի  նախագահին անվստահություն հայտնելու հարցը կարող է դրվել սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում մեկ անգամ:

9. Պալատի նախագահությունը, որի նախագահի վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետով սահմանված որոշումը, պարտավոր է երկու ամսվա ընթացքում, որոշման կայացման օրվանից սկսած, հրավիրել պալատի արտահերթ համագումար նախագահի ընտրություն անցկացնելու հարցով:

10. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված ընթացակարգով ընտրված նախագահի լիազորության ժամկետը գործում է մինչև սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում հերթական համագումարի գումարումը:

 

Հոդված 13.

 Պալատի նախագահը

1. Պալատի նախագահն ի պաշտոնե հանդիսանում է պալատի նախա­գահու­թյան նախագահ:

2. Պալատի նախագահը`

1) հրավիրում և վարում է նախագահության նիստերը.

2) իրականացնում է պալատի ընդհանուր ղեկավարումը.

3) ներկայացնում է պալատն Արցախի Հանրապետությունում և օտար­երկրյա պետություններում.

4) պալատի անունից կնքում է պայմանագրեր, համաձայնագրեր, տալիս է լիազորագրեր.

5) նախագահության հաստատմանն է ներկայացնում տնօրինության կառուցվածքը և գործունեության ուղղությունները.

6) ստորագրում է նախագահության որոշումները.

7) իրականացնում է պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորու­թյուններ:

3. Նախագահի բացակայության ժամանակ նրան փոխարինում է նախագահի տեղակալը:

 

Հոդված 14.

 Պալատի տնօրինությունը

 

1. Պալատի գործադիր մարմինը պալատի տնօրինությունն է:

2. Պալատի տնօրինությունը գլխավորում է գործադիր տնօրենը:

3. Պալատի գործադիր տնօրենը`

1) ի պաշտոնե հանդիսանում է պալատի նախագահության անդամ.

2) ղեկավարում է պալատի ընթացիկ գործունեությունը.

3) կազմակերպում է պալատի նախագահության որոշումների և նախագահի հանձնարարականների կատարումը.

4) պալատի նախագահության հաստատմանն է ներկայացնում պալատի տնօրինության գործունեության ծրագրերի նախագծերը, ինչպես նաև այդ ծրագրերի կատարման մասին հաշվետվությունները.

5) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում տնօրինության աշխատակիցներին, որոշումներ է կայացնում նրանց խրախուսելու կամ տույժի ենթարկելու վերաբերյալ.

6) իր իրավասության շրջանակներում գործում է պալատի անունից և իրականացնում է պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 15.

 Պալատի գործունեության վերահսկողությունը

 

1. Պալատի ֆինանսական գործունեության վերահսկողությունն իրականացվում է անկախ աուդիտորական կազմակերպության միջոցով, որի ընտրությունը կատարում է պալատի նախագահությունը:

 

ԳԼՈՒԽ V

ՊԱԼԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 16. Միջազգային կապերը և մասնակցությունը միջազգային      

                  կազմակերպություններում

 

1. ԱՀ ԱԱՊ-ն ձեռնարկատիրական գործունեության հետ կապված հարցերով իր անդամների շահերը ներկայացնում է Միջազգային առևտրային պալատում, Եվրոպական առևտրի և արդյունաբերության պալատների ասոցիացիայում (Եվրոպալատում), Մտավոր  սեփականության պահպանու­թյան միջազգային ասոցիացիայում, Ցուցահանդեսների միջազգային բյուրոյում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, ինչպես նաև մյուս միջազգային կազմակերպություններում:

 

Հոդված 17.

Միջազգային պայմանագրերը

 

1. Եթե Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ԳԼՈՒԽ  VI

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

Հոդված 18.

 Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                              Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2018թ. հունիսի 22

Ստեփանակերտ

ՀՕ-6-Ն