ԼՈՒՐԵՐ
Արցախի ԱԺ նախագահը Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ քննարկել է երիտասարդների զարգացման հեռանկարները
25 հունիսի 2018

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 25-ին ընդունել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի մի խումբ ուսանողների՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ։

Ողջունելով երիտասարդներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է ապագա առաջնորդների այցելություններն ու հանդիպումները Ստեփանակերտում ու շրջաններում, ովքեր հետագայում համալրելու են պետական կառավարման համակարգը և իրենց աշխատանքում ինչ-որ չափով առնչվելու են Արցախին։

Աշոտ Ղուլյանը ներկայացրել է հանրապետությունում ներքաղաքական վերջին զարգացումներն ու կառավարման համակարգի բարեփոխման գործընթացը, անդրադարձել զարգացման հեռանկարներին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սամվել Մովսիսյանը նշել է, որ դպրոցի կողմից կարևորվում է համագործակցությունը Արցախի` մասնավորապես կրթական հաստատությունների հետ։

Այնուհետև խորհրդարանի նախագահը պատասխանել է օրենսդիր մարմնի գործունեությանը, Ազգային ժողով-Հանրապետության նախագահ սահմանադրական իրավահարաբերություններին, հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների ընթացքի և այլ խնդիրների վերաբերյալ ուսանողների առաջադրած հարցերին։

ԼՈՒՐԵՐ