ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 7-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2018Թ. ՄԱՅԻՍԻ 31-Ի ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ժամը 1100
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորներ, Կառավարության անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա են 30 պատգամավորներ, բացակա՝ 3-ը:
Աշոտ Ղուլյան - Բարի առավոտ բոլորին, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ, տիկնայք և պարոնայք: Այսօրվա հերթական լիագումար նիստով շարունակում ենք 6-րդ գումարման Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի աշխատանքները: Մինչև նիստի օրակարգին անդրադառնալը՝ շնորհավորում եմ բոլորիս մայիսյան տոների առթիվ: Մեր պատմության տարբեր ժամանակներում ստացվել է այնպես, որ մեզ համար բախտորոշ և վճռական հաղթանակներ ունեցել ենք հենց մայիս ամսում: Ավարայր, Սարդարապատ, Շուշի. հաղթանակների եռանկյունին բեկումնային է եղել հայ ժողովրդի համար ազգային ինքնության պահպանման համար, սեփական ճակատագիրը տնօրինելու, ազատ ու ինքնուրույն ապրելու և զարգանալու տեսանկյունից: Ուզում եմ նշել, որ վերջին օրերին Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ Արցախի Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի, ինչպես նաև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Իրադարձություններ, որոնք 20-րդ դարի սկզբին վճռել են մեր ժողովրդի ապագան և անհրաժեշտ ու կայուն հիմք են ստեղծել նույն դարավերջին հայկական հանրապետությունների անկախության և Արցախյան գոյապայքարում տարած հաղթանակների համար: Ձեր թույլտվությամբ մեր բոլորի երախտիքն եմ հղում առաջին հանրապետության հիմնադիր գործիչներին և անկախության նվիրյալներին և շնորհավորում համայն հայությանը տոների առթիվ: Նույն մայիս ամսվա ընթացքում խորհրդարանը շարունակել է Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթների պատշաճ իրականացումը: Մասնավորապես Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում կայացել են 2017թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունների քննարկումները, որոնց մասնակցել են նաև գործադիր իշխանության մեր գործընկերները: Այս կապակցությամբ աշխատանքները արդեն ամփոփման փուլում են, և մենք դրանց կանդրադառնանք հունիսին կայանալիք լիագումար նիստի ընթացքում: Ազգային ժողովում նախորդ շաբաթներին շարունակվել է նաև շրջանառության մեջ գտնվող օրինագծերի շուրջ աշխատանքները և պատրաստ օրենքների նախագծերը համապատասխան հանձնաժողովներում քննարկելուց հետո երաշխավորվել են՝ ընդգրկվելու այսօրվա լիագումար նիստի օրակարգում: Հարգելի գործընկերներ, այսքանը որպես ներածական՝ անցնող ամսվա ընթացքում Ազգային ժողովի գործունեության վերաբերյալ, այժմ պիտի խնդրեմ պատգամավորներին գրանցվել՝ նիստի աշխատանքները սկսելու համար: Գրանցում: Ներկա՝ 30 պատգամավոր, բացակա՝ 3 պատգամավոր, հիմնականում առողջության պատճառով են մեր գործընկերները բացակայում: Ամեն դեպքում լիագումար նիստին ներկա են 30 պատգամավորներ, և նիստը իրավասու է սկսել իր աշխատանքները: Ազգային ժողովի կանոնակարգ օրենքին համապատասխան մեր լիագումար նիստերին մենք սկզբից անդրադառնում ենք նստաշրջանի օրակարգում այս ժամանակահատվածում նախորդ նիստից հետո եղած լրացուցիչ հարցերին, և ես խնդրում եմ պատգամավորներին ուշադրություն դարձնել՝ ձեր տրամադրության տակ կա 7-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Այստեղ մենք ներառել ենք բոլոր այն օրենքների նախագծերը, որոնք մենք նոր ենք ստացել, դրանք արդեն բավականին մեծ թիվ են կազմում, և մենք ունենք նաև մի շարք տարեկան հաղորդումներ, հաշվետվություններ, որոնք էլի մեր օրենսդրության համապատասխան՝ Ազգային ժողովը պետք է դրանց անդրադառնա իր նիստերում, ինչպես նաև մենք ունենք նաև Գերագույն դատարանի և Վերաքննիչ դատարանի դատավորներ նշանակելու մասին հարցը, որը ստացել ենք Բարձրագույն դատական խորհրդից, այնպես, ինչպես օրենսդրությունն է պահանջում: Եթե հարցեր կա նստաշրջանի օրակարգի հետ կապված՝ խնդրեմ, եթե չէ… Արսեն Առստամյան, խնդրեմ:
Արսեն Առստամյան - Պարոն Ղուլյան, որոշման նախագծի երկրորդ բաժնի 2-րդ և 3-րդ, 5-րդ կետերի նախագծերի վերաբերյալ Հանրապետության նախագահի կողմից անհետաձգելի՞ են համարվել այդ նախագծերը:
Աշոտ Ղուլյան - Մենք ստացել ենք գլխադասյին հանձնաժողովների եզրակացությունները՝ դրական եզրակացությամբ և գլխադասային հանձնաժողովներն են առաջարկել, որպեսզի դրանք ընդգրկվեն օրակարգում: Ուրիշ հարցե՞ր: Քննարկման ժամանակ կխոսենք այդ հարցերից: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը:
Արսեն Առստամյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ուզում հրավիրել որոշման նախագծի 2-րդ բաժնի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերը, որոնք նստաշրջանի օրակարգում ընդգրկվել են կանոնակարգի խախտմամբ: Կանոնակարգի 71-րդ հոդվածի 2-րդ մասում հստակ նշված է՝ գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկվելու դեպքում՝ 24 ժամվա ընթացում: Հաջորդը 72-րդ հոդվածի 1-ին մասով նշվում է՝ շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում քննարկվում է առանց փոփոխության, գրավոր առաջարկները ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, այսինքն օրենքը շրջանառության մեջ դրվելուց հետո գոնե երեսուն օր շրջանառության մեջ մնա, այնուհետև 14-օրյա ժամկետում, երբ հանձնաժողովը ցանկանում է նիստ անել և եզրակացություն տալ: Հետևաբար, ես առաջարկում եմ նստաշրջանի օրակարգից հանել այդ հարցերը:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Առաջարկը պարզ է, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ մեկամսյա ժամկետում, իհարկե նշանակում է, որ մեկ ամսվա ընթացքում և եթե որևէ առաջարկություն կա, ապա գլխադասային հանձնաժողովում անպայման դրա մասին տեղեկանում են, որովհետև պատգամավորները նախապես ասում են իրենց տրամադրությունների մասին: Ես նորից եմ ուզում կրկնել՝ գլխադասային հանձնաժողովներն են առաջարկել, ոչ թե որևէ մեկն է որոշում, որ դրանք պետք է օրակարգ մտնեն կամ չմտնեն: Ազգային ժողովը ամեն դեպքում իրավասու է այս հարցը վճռել՝ օրակարգ մտցնելու կամ չմտցնելու: Կարծում եմ` լրացուցիչ, եթե կա ինչ որ մեկնաբանությունների կարիք, խնդրեմ, եթե չկա՝ կարող ենք քվեարկել, քվեարկել: Սկզբից քվեարկենք այն նախագիծը, որը ներկայացվել է, եթե չանցնի, ուրեմն այն նախագիծը, որը հանում ենք: Ուրիշ հարցե՞ր: Լրացուցիչ մեկնաբանություններ կա՞ն: Շնորհակալություն: Չկան: Եթե չկան քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը այնպես, ինչպես ներկայացվել է բոլոր հարցերի ներառմամբ և, նորից եմ ուզում կրկնեմ, եթե այս տարբերակը չի անցնում, ապա քվեարկում ենք արդեն Արսեն Առստամյանի տարբերակը: Քվեարկության է դրվում նստաշրջանի օրակարգը բոլոր հարցերի ներառմամբ: Քվեարկություն: Բայց շատերի քվեարկությունը չկա: Հա, իրավունք կա նաև չքվեարկել: Շատ լավ:
Արթուր Թովմասյան - Աշոտ Վլադիմիրի, խոսքը տանք գլխադասային հանձնաժողովի նախագահներին:
Աշոտ Ղուլյան – Խնդրեմ, լսենք: Լավ, եթե պատգամավորները, ում կոճակները չի երևում, պարզապես չեն քվեարկել, ուրեմն ընդունում ենք այսպես: Չե՞ք քվեարկել: Եթե որևէ մեկը պնդում է, որ իր կոճակը չի աշխատել, այդ դեպքում ենք նորից քվեարկում, եթե՝ չէ, չէ: Որևէ մեկը պնդո՞ւմ է, որ իր կոճակը չի աշխատել: Չէ: Այդ դեպքում՝ կողմ՝ 13, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 5, որոշումը չի անցնում: Քվեարկում ենք 2-րդ տարբերակը նստաշրջանի օրակարգից հանելու, որպեսզի ճիշտ լինի, ես դրանք կարդամ: Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ. ծրագրի կատարման 2017թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը, Հանրակրթության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը և Տեխնիկական կանոնակարգման մասին: Այս երեք հարցերը: Վարման կարգի վերաբերյալ՝ Արթուր Թովմասյան:
Արթուր Թովմասյան – Կարող է, այնքան վարման կարգի վերաբերյալ չլինի:
Աշոտ Ղուլյան - Խնդրեմ:
Արթուր Թովմասյան – Եթե այս մեկն էլ չդնենք, ապա այսօրվա Ազգային ժողովի նիստը ստացվելու է՝ չի՞ կայանում:
Աշոտ Ղուլյան – Չէ, մնացած հարցերը կա: Հանում ենք միայն այդ երեք հարցերը:
Հայկ Խանումյան - Այդտեղ մենք մեղադրում ենք հանձնաժողովին, բայց ինքը՝ հանձնաժողովի նախագահն էլ է ասել, որ ժամկետների խնդիրը կա, կարծում եմ՝ այդ ամենը պիտի հաշվի առնենք:
Աշոտ Ղուլյան - Բայց մենք այդ հանձնաժողովից ենք ստացել այդ եզրակացությունները:
Հայկ Խանումյան - Աշխատանքային խորհրդակցությունում այն մարդը էլի ասել է, որ ժամկետները չի համապատասխանում, ինչի՞ մասին է խոսքը:
Հովիկ Ջիվանյան - (չի լսվում)
Աշոտ Ղուլյան – Կարծում եմ՝ բոլորս ասում ենք նույն բանը: Շատ լավ, քվեարկում ենք օրակարգը առանց այդ երեք հարցերի: Պա՞րզ է: Քվեարկություն, թվարկված երեք հարցերը հանած: Քվեարկություն: Կողմ՝ 16, դեմ՝ 1, ձեռնպահ՝ չկա: Որևէ մեկի կոճակը, պնդո՞ւմ եք, որ պիտի աշխատի, չէ: Որոշումն ընդունված է: Նստաշրջանի օրակարգը հաստատվում է այնպես, ինչպես քիչ առաջ քվեարկեցինք՝ առանց ներկայացված այս 2-րդ, 3-րդ և 5-րդ հարցերի: Շատ լավ, ուրեմն հաշվի առնելով նստաշրջանի օրակարգի հետ կապված մեր քվեարկությունը և փոփոխությունները՝ ես ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Ազգային ժողովի 2018թ. մայիսի 31-ի նիստի օրակարգի մասին նոր որոշումը: Այդտեղ, ուրեմն ներառված են 2 խումբ հարցեր՝ 1-ին խումբը լրիվությամբ մնում է, դրանք պարտադիր կերպով Ազգային ժողովի կողմից քննարկվող հարցեր են՝ Գերագույն դատարանի և Վերաքննիչ դատարանի դատավորներ նշանակելու մասին, Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը, Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդումը, Պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի կատարման հաշվետվությունը, 2-րդ ընթերցմամբ ներկայացված Առևտրաարդյունաբերական պալատի մասին հարցը և 2-րդ խումբ օրենքների մեջ՝ Դատախազության մասին օրենքի նախագիծը, ինչպես նաև Գույքի նկատմամբ իրավական-պետական գրանցման նախագիծը և դրան կից փաթեթը: Ահա այսպիսի տարբերակով է ներկայացվում այսօրվա լիագումար նիստի օրակարգը՝ հանելով 7-րդ, 8-րդ և 10-րդ հարցերը, հասկանալի՞ է: Քվեարկում ենք այսօրվա լիագումար նիստի օրակարգը՝ նշված այս երեք հարցերի բացառմամբ: Քվեարկություն: Կողմ՝ 28, դեմ՝ 1 ձեռնպահ՝ չկա: Օրակարգը հաստատված է: Շնորհալակություն: Այժմ մենք անցնում ենք օրակարգային հարցերի քննարկմանն և այդ հարցերի շարքում առաջինը, ինչպես քիչ առաջ նշեցինք, Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի և Վերաքննիչ դատարանի դատավորներ նշանակելու մասին հարցն է: Մենք արդեն այս նստաշրջանի ընթացքում դատավորներ ընտրել ենք, եթե կարիք կա հիշեցնելու կարգը կամ կանոնակարգի այն հոդվածները, որով մենք նաև քննարկում և քվեարկում ենք դատավորներ ընտրելուց, նորից հիշեցնենք, եթե չէ, այժմ ես հրավիրում եմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ տիկին Գայանե Գրիգորյանին:
Գայանե Գրիգորյան – Արցախի Հանրապետության հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ: Այսօրվա Ազգային ժողովի նիստին Բարձրագույն դատական խորհուրդը ձեզ է ներկայացնում Արցախի Հանրապետության Վերաքննիչ դատարանի դատավոր Հրայր Աբրահամյանի թեկնածությունը Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար: Սույն թվականի մայիսի 7-ին Բարձրագույն դատական խորհրդի նիստում քննարկվել են Գերագույն դատարանի դատավորի թափուր տեղ զբաղեցնելու համար դիմումներ ներկայացրած անձանց հարցը, այսինքն՝ իրենց դիմումները և, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության դատական օրենսգրքում ներկայացված չափանիշները, ինչպես նաև հիմնվելով գաղտնի քվեարկության արդյունքների վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ Ազգային ժողովի նշանակմանն է ներկայացվում Հրայր Աբրահամյանի թեկնածությունը: Նշեմ, որ բավականին փորձառու դատավոր է, Վերաքննիչ դատարանի դատավոր, քաջ գիտակցում է դատավորի պաշտոնի հասկացությունը, բոլոր մարտահրավերները և բավականին վառ և խիզախ իրավական մտածելակերպ ունի: Այդքանը, եթե հարցեր կա, խնդրեմ:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Մենք պաշտոնում ընտրվելու, նշանակելու մասին հարցերի քննարկման ընդհանուր ընթացակարգով ենք այս հարցը քննարկում՝ հոդված 121-ի համապատասխան և, եթե ներկայացնողին հարցեր կան, կարող եք դիմել, խնդրեմ: Հարցեր տիկին Գրիգորյանին: Հարցեր չկան: Շնորհակալություն, տիկին Գրիգորյան:
Գայանե Գրիգորյան - Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Նույն կանոնակարգային պահանջի համապատասխան՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ներկայացումից հետո խոսք ունեն իրենք՝ թեկնածուները, և այժմ ես հրավիրում եմ Գերագույն դատարանի դատավորի թեկնածուի համար ներկայացված՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հրայր Աբրահամյանին, խնդրեմ:
Հրայր Աբրահամյան – Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան փոխնախագահ, Բարձրագույն դատական խորհրդի հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ: Նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Բարձրագույն դատական խորհրդի նախագահին՝ թեկնածությունը Ազգային ժողովում ներկայացնելու համար: Ինչպես հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, քննարկվել է մի քանի թեկնածություն և նախապատվությունը տվել են ինձ: Կարծում եմ՝ դա կարելի է դիտարկել որպես արդարադատության՝ իմ կողմից իրականացրած աշխատանքների դրական գնահատականը: Շնորհակալություն ուզում եմ հայտնել նաև Ազգային ժողովի պատգամավորներին՝ այսօր խմբակցություններում կազմակերպած հետաքրքիր հանդիպումների համար, առաջարկությունների, բարեմաղթանքների համար նույնպես: Վստահեցնում եմ, որ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու դեպքում նույնպես շարունակելու եմ իրականացնել օրենսդրությամբ ինձ վերապահված լիազորությունները Արցախի Հանրապետության Սահմանադրության և օրենքների անշեղ կատարման համատեքստում: Ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչպիսի ելույթ պետք է ներկայացնի քաղաքական հստակ չեզոքություն պաշտոնատար անձը թիվ մեկ քաղաքական ամբիոնից, բայց ամեն դեպքում հետևելով ինձնից առաջ այս հարթակից ելույթ ունեցած թեկնածուների ներկայացրածներին, ես նույնպես մի քանի տեղեկություններ ներկայացնեմ իմ մասնագիտական գործունեությունից: Մասնագիտական գործունեությունս սկսել եմ մասնավոր բնագավառում՝ իրավախորհրդատուի պաշտոնից, այնուհետև աշխատել հարկային պետական ծառայությունում, զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության, իսկ զորացրվելուց հետո կրկին աշխատանքի անցել հարկային պետական ծառայությունում: 2008թ. Նախագահի հրամանագրով նշանակվել եմ Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնին և այնտեղ աշխատում եմ առայսօր: Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել եմ Մխիթար Գոշ մեդալով: Հանդիսանում եմ նաև դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական և էթիկայի հարցերով հանձնաժողովի անդամ: Այսքանը, եթե որևէ հարց լինի, խնդրեմ, սիրով կպատասխանեմ:
Աշոտ Ղուլյան – Հարցեր թեկնածուին: Հայկ Խանումյան:
Հայկ Խանումյան - Սովորաբար, նույն հարցերն եմ տալու, ոնց որ մյուս թեկնածուներին՝ դատավորների: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում դատական համակարգում:
Հրայր Աբրահամյան - Շնորհակալություն, պարոն Խանումյան: Խնդիրները բազմաշերտ են, մենք Հայրենիք խմաբակցության հանդիպման ընթացքում քննարկեցինք այդ հարցը, ուղղակի ասեմ, որ կապված այդ խնդիրների հետ կոնկրետ, դատական աշխատանքում դրանք կարող են լինել տարբեր: Իմ տեսակետից, որպես դատական համակարգի աշխատող, որպես դատավոր, այսօրվա դրությամբ տեսնում եմ մասնագիտական թույլ պատրաստվածությունը դատավորների մեջ՝ որոշ մասի, տեսնում եմ տեխնիկական հագեցվածության բացակայությունը, տարրական աշխատանքային պայմանների բացակայություն, ընդհուպ դատարանների աշխատասենյակների մասով: Եթե այդ, այսպես ասած թերությունը, կոնկրետ աշխատանքային թերությունը կարողանանք վերացնենք, ինձ չի թվում, թե կա որևիցե մի խոչընդոտ, այնպիսի մի օրենսդրական բաց, այնպիսի մի ազդեցություն, կամ այնպիսի մի հակալծակ, որը հնարավորություն կտա, որ դատական համակարգը լիարժեք չաշխատի:
Հայկ Խանումյան - Արդարացումների ցածր տոկոսը խնդիր է, թե՞ խնդիր չէ, կամ ինչո՞վ է պայմանավորված:
Հրայր Աբրահամյան - Դա էլ է սուբյեկտիվ գնահատման հարց, արդարացումների տոկոս ասել, եթե ընդունենք, որ դատարան ներկայացվող քրեական գործերի մեջ լինում են նաև այնպիսիներ, որ պետք է արդարացնել, դատարանը միանշանակ արդարացնում է, այդ համատեքստում կարելի է ասել, որ քրեական վարույթ իրականացնող մարմինները, այսօրվա դրությամբ կարողանում են այնպես հիմնավորել իրենց մեղադրանքը ներկայացրած, որ դատարանը արդարացնելու որևէ խնդիր չի տեսնում, որ այդ առումով ասել, որ գիտե՞ք դատավորները արդարացումներ չունեն, հետևաբար դատական համակարգում կա խնդիր, ես դա այդպես չէի ասի: Ոչ, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում:
Աշոտ Ղուլյան – Մեկ հարց ենք տալիս, պարոն Խանումյան, արձագանքո՞ւմ եք, ինքը պատասխանում է: Ուրի՞շ: Արպատ Ավանեսյան:
Արպատ Ավանեսյան - Պարոն Աբրահամյան, մեր հանրապետության համար, դուք արդյո՞ք համարում եք այս եռաստիճան դատական համակարգի գոյությունը ֆինանսապես հիմնավորված, ծանրաբեռնվածությունը հիմնավորված, սա առաջին հարցը, և երկրորդը՝ ձեր կողմից հնչեցրած այն կատեգորիկ արտահայտությունը, որ դատարաններում որոշ դատավորներ մասնագիտական պատրաստվածության ցածր աստիճան ունեն, ինչպես դա հասկանանք: Դուք այդ իրավունքը ունե՞ք, թե չունեք: Արդյո՞ք, դուք ձեր կոլեգաների նկատմամբ հենց առաջին պահից սկսած սխալ քայլ չե՞ք անում:
Հրայր Աբրահամյան - Շատ բարի, եթե թույլ տաք, հենց միանգամից անցնեմ վերջին հարցին, ես չէի ասում իմ կոլեգաների մասին եմ խոսում, ասեմ, որ հենց իմ մասին: Մասնագիտական պատրաստվածության ցածր մակարդակ ասելով՝ ես նկատի չունեմ, որ մարդիկ թույլ իրավաբաններ են, այլ նկատի ունեմ, որ միջազգային իրավունքի փոփոխվող օրենսդրության շրջանակներում այդ տենդեցների հետևից հասնելու հնարավորությունը մեր պարագայում մի քիչ թույլ է: Մենք չունենք շփումների այդ մակարդակը, չունենք որոշակի կոնֆերանսների մասնակցելու հնարավորություն և հենց այդ պարագայում հենց նույն իմ պատրաստվածության մակարդակը ինչ որ աստիճանի զիջում է: Ինչ վերաբերվում է եռաստիճան դատական համակարգ ունենալուն, դա միանշանակ արդարացված է, քանի որ յուրաքանչյուր դատական ատյան իրականացնում է կոնկրետ իր գործառույթը և որևիցե մեկին այս շղթայից դուրս հանելը միանշանակ կվնասի արդարադատությանը: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Ուրիշ հարցեր, այլ հարցեր: Չկան:
Հրայր Աբրահամյան - Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Կարող եք նստել: Քանի որ մենք երկու դատավորի ընտրություն պիտի անենք՝ գաղտնի, ես ուզում եմ հիմա շարունակենք, որպեսզի գաղտնի քվեարկության դուրս գալուց կարողանանք նաև քվեարկել: Ես հրավիրում եմ նորից Բարձրագույն դատական խորհրդի նախագահին ներկայացնելու հաջորդ թեկնածությունը: Խնդրեմ:
Գայանե Գրիգորյան - Ուրեմն, Բարձրագույն դատական խորհրդի հաջորդթեկնածուն Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Մարատ Ավանեսյանն է: Մարատ Ավանեսյանի թեկնածությունը ներկայացվում է Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակում կատարելու համար: Թեկնածության ընտրությունը կարգավորված է դատական օրենսգրքով, քննարկել ենք առաջխաղացման ցուցակում գտնվող բոլոր թեկնածուներին և, հիմք ընդունելով չափանիշները, որոնք արտացոլված են դատական օրենսգրքում, այսինքն՝ գործերի կայունություն, որակ, դատական ակտերի և մի շարք օրենսդրությամբ նախատեսված պահանջներ: Ընտրել ենք տվյալ թեկնածուին և այսօր ներկայացնում ենք ձեզ: Ճիշտն ասած, անհրաժեշտ եմ համարում հավելել մի կարևոր հանգամանք, որը մենք կարևորում ենք՝ դա նշված չէ դատական օրենսգրքում որպես պարտադիր պահանջ ընտրելու համար, բայց մեզ բոլորի համար պարտադիր ենք համարում հայրենասիրությունը: Հայրենասիրություն՝ իր բոլոր արտահայտման ձևերով: Դա կլինի ուսումը շարունակելուց հետո վերադառնալ և աշխատելը, դա կլինի իր պաշտոնի նկատմամբ այնպիսի վերաբերմունք, որ հասկանալի լինի, որ անձը ցանկանում է կառուցել կայուն պետություն, իսկ Մարատ Ավանեսյանի պարագայում ասեմ, որ այն ապրիլյան արհավիրքի օրերին նա իր մարտական ծառայությունն է անցկացրել Թալիշ գյուղում: Հաշվի առեք, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր է՝ իր ողջ բարդություններով: Եթե կան հարցեր: Խնդրեմ:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցեր ունե՞նք Բարձրագույն դատական խորհրդի նախագահին: Հարցեր չկան: Շնորհակալություն, տիկին Գրիգորյան:
Գայանե Գրիգորյան - Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Ես հիմա հրավիրում եմ դատավորի համար ներկայացված թեկնածուին՝ պարոն Մարատ Ավանեսյանին, խնդրեմ:
Մարատ Ավանեսյան - Շնորհակալություն: Հարգելի Ազգային ժողովի նախագահ, հարգելի փոխնախագահ, հարգարժան պատգամավորներ և ներկաներ: Ցանկանում եմ մի փոքր ներկայացնեմ ինձ: Ես՝ Մարատ Ավանեսյանն եմ, ծնվել եմ 1981թ. սեպտեմբերի 4-ին Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել եմ Ստեփանակերտ քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցը՝ 1998թ.: 1999-2001թթ. ծառայել եմ Արցախի պաշտպանության բանակում, անցել եմ պարտադիր զինվորական ծառայությունս: 2003թ. ավարտել եմ Արցախի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 2003թ. օգոստոսի 1-ին ընդունվել եմ աշխատանքի Գերագույն դատարանում, որպես դատավորի օգնական, իսկ արդեն 2008թ. հունիսի 19-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել եմ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Արդեն տասը տարի է, ինչ աշխատում եմ որպես դատավոր և իրականացնում եմ բարդ ու պատասխանատու գործունեություն՝ արդարադատություն: Հաշվետու լինելով իմ մասնագիտական գործունեության ժամանակաշրջանի վերաբերյալ՝ փաստում եմ, որ 2008թ. մինչև այսօր իմ կողմից քննվել և ավարտվել են 77 քրեական գործ, 270 վարչական գործ և 2397 քաղաքացիական գործ: Ընդհանուր առմամբ՝ 2744 գործեր: Այդ ընթացքում մշտապես առաջնորդվել եմ այն ներքին դիրքորոշմամբ, որ դատավորը գործի քննության ժամանակ պարտավոր է լինել արդար և անկողմնակալ՝ դատավարության բոլոր մասնակիցների նկատմամբ: Արդարադատություն իրականացնելու գործում միշտ ձգտել եմ դրսևորել վարքագիծ, որպեսզի ապահովի դատավորի անկախությունն ու անաչառությունը, ինչպես նաև դատավորի և դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը: Հավաստիացնում եմ՝ այս մասին չեմ մոռանում ոչ աշխատավայրում, ոչ էլ աշխատավայրից դուրս: Իրավունքի սուբյեկտ հանդիսացող անձանց իրավունքների և ազատությունների դատական պաշտպանություն հնարավոր է միայն այնպիսի անկախ արդարադատության, որն իրականացվում է օրինականության, կողմերի մրցակցության և օրենքի առջև հավասարության, պատասխանատվության անխուսափելիության և մարդասիրության ու այլ սկզբունքների հիման վրա: Դատական իշխանության ներկայացուցիչ դատավոր լինելն ինձ համար արդարադատություն իրականացնելուց բացի, ինձ համար հիմք և հնարավորություն է՝ սեփական ժողովրդին ու հասարակությանը ծառայելու, պետականության կայացման սեփական լուման ներդնելու: Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրվանից առայսօր առաջնորդվել և առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ դատավորի օբյեկտիվությունը և անկողմնակալությունը հանդիսանում են պարտադիր պայման արդարության իրագործման համար, ապրում և գործում եմ այն գիտակցումով, որ դատավորի՝ և վարքը դատական նիստերի դահլիճում, և դրանից դուրս, պետք է նպաստի դատական մարմինների նկատմամբ հասարակության վստահության ամրապնդմանը: Դատավորի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ պահից գիտակցել եմ, որ պետական պարտավորությունների ստանձնումը ենթադրում է բարձր պատասխանատվություն, ստանձնած գործի կարևորության և բարդության հստակ գիտակցում: Այսօր էլ առավել քան համոզված եմ, որ անձանց ճակատագիրը որոշող մարդիկ պետք է պատասխանատու լինեն իրենց որոշումների, գործողությունների և արարքների համար: Իրագործելով մասնագիտական գործառույթներից՝ կրում եմ անձնական պատասխանատվություն օրենքի և սեփական խղճի առջև: Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք մշտապես պետք է ձգտի ինքնազարգացման, ինքնիրացման, սեփական գիտելիքներն ու կարողություններն առավելագույնս կիրառելու, նոր հնարավորությունների բացահայտման: Այսօր ես կանգնած եմ նման մի նոր հնարավորության շեմին և համոզված եմ ու հավաստիացնում եմ, որ այսուհետ ևս մասնագիտական այս կայացման նոր փուլում կառաջնորդվեմ միայն ու միայն օրենքի ու խղճի ուժով, արդարության և մարդասիրության սկզբունքով: Հավաստիացնում եմ, որ իմ ողջ ներուժս ու հնարավորություներս, կարողություններս՝ մասնագիտական թե անձնային, մշտապես կծառայեցնեմ Արցախի Հանրապետության և հանուն արդարադատության: Եթե հարցեր կան՝ խնդրեմ:
Աշոտ Ղուլյան - Հարցեր թեկնածուին: Հայկ Խանումյան:
Հայկ Խանումյան - Ես չգիտեմ՝ ինչու մի հարցից ավել չի կարելի տալ, որովհետև ես հանդիպումների ֆորմատը փոխարինել եմ այստեղ հարցեր տալուն, որ բոլորին լսելի լինի:
Աշոտ Ղուլյան - Պարոն Խանումյան, միանգամից տվեք:
Հայկ Խանումյան - Չէ, կանոնակարգվա՞ծ է դա, որ մի հարց պետք է տրվի:
Աշոտ Ղուլյան - Իհարկե:
Հայկ Խանումյան - Խիստ կասկածում եմ:
Աշոտ Ղուլյան - Մի ելույթի ժամանակ մեկ անգամ է պատգամավորը հարց տալիս: Այդ մեկ անգամ տալուց այդ երեք հարցը տվեք, ոչ թե…
Հայկ Խանումյան - Բայց սա օրենքի քննարկում չէ, ուղղակի թեկնածուի ներկայացում է և թեկնածուի հետ հանդիպում է:
Աշոտ Ղուլյան - Հանդիպումը առանձին է լինում:
Հայկ Խանումյան - Լավ, արդարացումների վերաբերյալ հարցի նպատակն էր հասկանալ, դատախազությո՞ւնն է շատ լավ աշխատում, փաստաբաններն են թույլ, թե ուրիշ խնդիր կան, դրան էր վերաբերվում հարցը: Ձեր տեսակետն էի ուզում հասկանալ սրա վերաբերյալ:
Մարատ Ավանեսյան – Շնորհակալություն հարցի համար: Նախ նշեմ, որ դատարանը, դատավորը յուրաքանչյուր գործ քննելիս ինքը պարտավոր է առաջնորդվել օրենքով և ենթարկվում է միայն օրենքին: Այստեղ դա, երևի հասարակությունը կարող է ավելի շատ գնահատել, դատախազությունն է ավելի լավ աշխատում, թե փաստաբաններն են, ասենք, իրենց իրավագիտակցությունն ցածր: Ես միանշանակ կարող եմ փաստել, եթե դատավորը գործերը քննելու ժամանակ ինքը ենթարկվում է միայն օրենքին և ինքը, եթե լինեն հիմքեր արդարացնելու, դատավորը պարտավոր է կայացնել արդարացման վճիռ: Կան նաև գործեր, ինչու չկան, որտեղ դատարանները արդարացրել են քրեական գործերով կոնկրետ անձանց: Այո, բազմաթիվ չեն դեպքերը, բայց կան: Եթե հիմքեր են լինում, ապա դատավորը պարտավոր է և պետք է արդարացնի: Այսքանը:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Խանումյան: Չէ: Ուրիշ հարցեր: Հարցեր չկան, պարոն Ավանեսյան:
Մարատ Ավանեսյան - Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Մենք կանոնակարգով նախատեսված պրոցեդուրայով այժմ ունենք մտքերի փոխանակության հնարավորություն: Խնդրեմ, ելույթների համար հերթագրում, եթե ցանկություն կա ելույթ ունենալ ներկայացված թեկնածությունների մասով, ելույթի ցանկություն: Չկա: Շնորհակալություն: Եզրափակիչ ելույթի ցանկություն, ամեն ինչ ասված է: Շատ լավ, ես հիշեցնեմ, որ մենք դատավորների նշանակումը էլի իրականացնում ենք Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 125-րդ հոդվածով 1-ին մասով՝ դատարանի նախագահներն և դատավորներն նշանակվում են Ազգային ժողովի կողմից՝ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ: Քվեարկության կարգը, կարծում եմ՝ ծանոթ է, կարիք կա՞ հիշեցնելու, եթե ոչ, թեկնածուները մեկական են, շատ կարճ ժամանակ է մեզ պետք լինելու մինչև քվեաթերթիկները պատրաստ լինեն: Ես հիմա հայտարարում եմ գաղտնի քվեարկություն և բոլորին խնդրում եմ շատ չհեռանալ: Գաղտնի քվեարկություն:
Աշոտ Ղուլյան - Մենք քիչ առաջ ավարտեցինք գաղտնի քվեարկությունը, և այժմ կանոնակարգի պահանջներին համապատասխան, մենք պետք է հայտարարենք գաղտնի քվեարկության արդյունքները, ինչի համար ես հրավիրում եմ հաշվիչ հանձնախմբի նախագահ, պատգամավոր Ռոմելա Դադայանին: Խնդրեմ, տիկին Դադայան:
Ռոմելա Դադայան – Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը արձանագրում է՝ Գերագույն դատարանի դատավոր նշանակվելու համար առաջարկվել է Հրայր Արտեմի Աբրահամյանի թեկնածությունը, նրա ազգանունը ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում, քվեարկությանը մասնակցել է 30 պատգամավոր, բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը՝ հաշվիչ հանձնախումբը պարզեց՝ քվեատուփում առկա էր 30 քվեաթերթիկ, որոնցից անվավեր ճանաչված քվեաթերթիկ չկա, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 27, դեմ՝ 3:
Արցախի Հանրապետության Վերաքննիչ դատարանի դատավոր նշանակվելու համար առաջարկվել է Մարատ Գարիի Ավանեսյանի թեկնածությունը, նրա ազգանունը ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում, քվեարկությանը մասնակցել է 30 պատգամավոր, բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը՝ հաշվիչ հանձնախումբը պարզեց՝ քվեատուփում առկա էր 30 քվեաթերթիկ, անվավեր ճանաչված քվեաթերթիկ չկա, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 29, դեմ՝ 1:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, տիկին Դադայան, եկեք շնորհավորենք մեր գործընկերներին: (Ծափահարություն): Եվ ես ուզում եմ հրապարակել Ազգային ժողովի որոշումները Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի դատավոր նշանակելու մասին և գաղտնի քվեարկության արդյունքները հենց այս որոշման հիմքում են: Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասով և Ազգային ժողովի կանոնակարգ Արցախի Հանրապետության օրենքի 125-րդ հոդվածի 1-ի մասով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է Հրայր Արտեմի Աբրահամյանին նշանակել Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի դատավոր, նույն հիմքով ղեկավարվելով, Արցախի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասով և Ազգային ժողովի կանոնակարգ Արցախի Հանրապետության օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է Մարատ Գարիի Ավանեսյանին նշանակել Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավոր: Ուզում եմ բոլորի անունից մաղթել արդյունավետ աշխատանք և, կարծում եմ, այսօրվա քննարկումները ցույց տվեցին, որ մենք՝ ի դեմս մեր երկու դատավորների, ունենք մասնագիտորեն պատրաստված և նաև իրենց գործի հանդեպ բանիմաց և, նաև պատկերացնող մեր երկրի առջև կանգնած մարատահրավերները, բնական է, որ դա միայն բավարար չէ, և արդեն մենք սպասում ենք, որ ձեր աշխատանքով դուք կնպաստեք և կօգնեք, որպեսզի մեր արդարադատության համակարգը կայանա և մենք բոլորս գոհ լինենք: Նորից շնորհավորում ենք և մաղթում ենք բեղմնավոր աշխատանք և, կարծում եմ, այս վստահությունը դուք իրավացիորեն կարդարացնեք: Կարող եք արդեն գնալ և անցնեք ձեր աշխատանքին:
Մեր դատավորները հիմա երդում չեն ընդունում, որովհետև նախկինում իրենք եղել են դատավորներ: Ուրեմն, մինչև անցնելը օրակարգային հաջորդ հարցին, ուզում եմ հրապարակել՝ քիչ առաջ պարոն Բալայանը այնտեղ էր, որ երեկ մենք բացեցինք Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը, որը ամենամյա այդպիսի մրցաշար է, և այսօր արդեն արդյունքների ամփոփում է եղել. առաջին տեղը գրավել է Մարտունու շրջանի Սոս գյուղի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան 1-ին միջնակարգ դպրոցն է և երրորդ տեղում՝ Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան 1-ին միջնակարգ դպրոցը: Շնորհավորենք մեր դպրոցականներին և մի փոքր հավելում էլ՝ Մարտունու շրջանի Սոս գյուղի միջնակարգ դպրոցի թիմը 3-րդ տարին անընդմեջ գրավում է առաջին տեղը, հետևաբար այդ գավաթը արդեն մնում է իրենց, էլ փոխանցիկ չի լինում: Կեցցեն: Շատ լավ:
Մենք օրակարգային հաջորդ հարցերին ենք անցնում և, ինչպես նախատեսված է այս ցանկով, 1-ինը Արցախի Հանրապետության մարդու իրավունքի պաշտպանի 2017թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին հաղորդումն է: Այն Ազգային ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության մարդու Իրավունքների պաշտպան պարոն Ռուբեն Մելիքյանը: Խնդրեմ:
Ռուբեն Մելիքյան – Շնորհակալ եմ: Ազգային ժողովի հարգարժան նախագահ, Ազգային ժողովի հարգարժան պատգամավորներ, հարգելի ներկաներ: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի 2017թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը: Հաղորդումը ներկայացվում է նոր օրենքի հիման վրա, այդ պատճառով անվանումը արդեն տարեկան հաղորդում է, այլ ոչ թե, ինչպես նախորդ օրենքի պարագայում էր, հաշվետվություն: 2017թ. բավականին հագեցած տարի էր մեր հաստատության համար, և կարծում եմ՝ բավական տարի էր՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Արցախի Հանրապետությունում: Մենք մեր գործառույթները իրականացրել ենք 2017թ. դեռևս Արցախի Հանրապետության առաջին՝ մարդու իրավունքի պաշտպանի մասին օրենքի հիման վրա, սակայն 2017թ. որպես կարևոր իրադարձություն կնշեի աշխատանքը և հետո նաև Ազգային ժողովի կողմից ընդունվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի մասին նոր օրենքի, նոր Սահմանադրության հիման վրա: Իհարկե, ամենակարևոր իրադարձությունը հենց Սահմանադրության ընդունումն է: Մենք ուզում ենք արձանագրել, որ որոշակի մասնակցություն, ես կասեի ակտիվ մասնակցություն ենք ունեցել քննարկման փուլում: Հանձնաժողովի հետ ունեցել ենք նաև հանդիպում, որոշակի նկատառումներ ենք ներկայացրել, հրապարակավ հայտնել ենք մեր մոտեցումները՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության, մարդու իրավունքների վերաբերող դրույթների վերաբերյալ, գոհունակությամբ պետք է ասեմ, որ դրանց մեծ մասն իրենց արտացոլումը գտել են Սահմանադրության տեքստում, և նաև գոհունակությամբ կուզեի նշել, որ այդ փաստաթուղթը ընդունելուց հետո հանրաքվեով ձևավորվել է հանձնաժողով, որտեղ մի քանի տասնյակ օրենքներ Սահմանադրության հիման վրա նոր օրենքներ ընդունել, կամ օրենքներում փոփոխություններ կատարելու արդեն իսկ ցանկը պատրաստ է և առաջին օրենքներից մեկը, որ այդ ցանկի հիման վրա ընդունվեց դա՝ հենց Արցախի Հանրապետության մարդու իրավունքի պաշտպանի մասին նոր օրենքն է: Մեր գործունեությունը շարունակվել է՝ քաղաքացիներից դիմումներ ստանալու մասով: Վիճակագրական տվյալ ներկայացնեմ. 2017թ. 150 անձից ստացել ենք 119 դիմում, տարբերությունը պայմանավորված է կոլեկտիվ դիմումներով, նախորդ տարվա համեմատ, մոտավորապես նույն թվերն են՝ 155 անձինց՝ 114 դիմում 2016թ.: 2017թ. որոշակի առումով պահպանվել է նաև համամասնությունը, թե աշխարհագրական համամասնությունը և թե իրավունքների բաշխման համամասնությունը: Ինչպես և նախորդ տարի, այս տարի նույնպես մեծ կշիռ ունեն դիմումների կազմում՝ սոցիալական ապահովության և բավարար կենսամակարդակի հետ կապված դիմումները, աշխատանքային իրավունքները որոշակի աճ է նկատվում արդար դատաքննության իրավունքի մասով և այլն: Այս գործառույթի հետ մեկտեղ կարևորում ենք այլ գործառույթները, որոնք մենք նախորդ անգամ ձևակերպեցինք որպես ռազմավարական բնույթի գործառույթներ և նոր օրենքով այդ ռազմավարական բնույթի գործառույթները իրականացնելու ավելի մեծ հնարավորություն ենք մենք ստացել՝ խոսքը մասնավորապես վերաբերվում է խոշտանգումների և այլ ավելի վատ վերաբերմունքի նկատմամբ, այսպես կոչված՝ վերահսկողական մեխանիզմին: Իհարկե, այդ ձևակերպումները մեր օրենքում չկային, որովհետև այստեղ կային միջազգային իրավական հարցեր, ՄԱԿ-ի կոնվենցիայի հետ միանալու հետ կապված խնդիրներ կային: Բայց դրա փոխարեն ամբողջությամբ դրույթները սահմանված են նոր օրենքում, և այս ուղղությունը իրականացնելու համար մենք ավելի լայն հնարավորություն ունենք: Ես ուզում եմ սա հատուկ ընդգծեմ, որպես նաև նոր օրենքի իրավակարգավորումների դրական արտացոլում: Բավական ակտիվ ենք եղել միջազգային շփումներում, ցանկանում եմ նշել, որ մի քանի այցեր ենք ունեցել, որոնք հիմնականում թիրախավորել են երեք ուղղությամբ. 1. տեղեկատվության մատուցում և կապերի հաստատում միջազգային կազմակերպությունների հետ, դրանց մի մասը եղել է ոչ հրապարակային, բայց չի կարելի ասել ոչ արդյունավետ, որովհետև մինչ օրս պահպանվում է այդ կապերը, և տեղեկատվության փոխանցման խողովակներ են ստեղծվել, և հարկ եղածի դեպքում մենք կապի մեջ ենք մտնում և նաև մեր գործընկերներն են մեզ հետ կապի մեջ մտնում: Որոշակի շոշափելի արդյունքներ այստեղ կան միջազգային կազմակերպությունների հայտարարությունների, որոնք որ որոշակի առնչություն ունեն հաստատված կապերի հետ: 2. Միջազգային կառույցներում ներկայացվածություն: Այս պահի դրությամբ դա Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտն է, որի տարեկան համաժողովը տեղի ունեցավ և բավական բարդ պայմաններ է ստեղծվել, այսպես կոչված հարևանները: Այստեղ մենք ելույթով հանդես եկանք Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանի մասնակցությամբ և այստեղ մենք կարող ենք բավարար գնահատել, մեր կողմից, թեև պետք է անպայման շարունակենք աշխատանքները միջազգային կազմակերպությունների մասով: Կան միջազգային կազմակերպություններ մարդու իրավունքի պաշտպանության ոլորտում, որոնց հետ մենք դեռևս պետք է հաստատվենք կամ զարգացնենք կապերը և 2018թ. այդ ուղղությամբ մենք օգտագործելու ենք: Եվ 3. որը ինքս կգնահատեի ամենաարդյունավետը՝ դա սփյուռքյան մեր կառույցների հետ աշխատանքներն են: Մի քանի այցելություններ՝ թե Եվրոպա, թե Միացյալ Նահանգներ, համագործակցության նոր հնարավորություններ ստեղծեցին մեր համար և այդ համագործակցության արդյունքները մենք 2018թ. ենք տեսնում: Բավականին վերջերս Ամերիկայի հայ փաստաբանների միությունը տարեկան համաժողով արեցին Շուշիում, և այդ որոշումը կայացվեց անցյալ տարի, երբ նրանք ինձ հրավիրել են մասնակցելու իրենց նախորդ տարեկան համաժողովին՝ Կալիֆորնիայի Նահանգում և հենց այնտեղ էլ այդ որոշումը կայացվեց, որ Շուշիում անցկացվի այդ տարեկան հերթական համաժողովը և տառացիորեն երեկ ինձ տեղեկացրեցին, որ այդ համաժողովի արդյունքում նրանք մի քանի որոշումներ կայացրին համագործակցության՝ Արցախի տարբեր կառույցների հետ: Ստեղծել են իրենց կազմում առանձին կոմիտե՝ Արցախի հարցերով զբաղվելու և պատրաստակամություն են հայտնել շարունակել իրավաբանական կլինիկայի ֆինանսավորումը, մի քանի այլ ծրագրերի ֆինանսավորումը, որոնք որ մեր հաստատության հետ առնչություն ունի: Դրանցից ընդամենը մեկը՝ դա այն է, որ նրանք գործուղել են երկու պրակտիկանտների Միացյալ Նահանգներից՝ ազգությամբ հայ, բավական բարձ կարգի համալսարանների ուսանողներ: Հիմա նրանք այստեղ են և շարունակելու են այս ծրագիրը, մյուսները, հատկապես կրթական ոլորտի հետ էր կապված, հանդիպումների արդյունքում պայմանավորվեցին նաև դատական իշխանության հետ իրականացնել որոշակի գործողություններ, մասնավորապես՝ հրավիրել Միացյալ Նահանգներից, տարբեր նահանգների բարձր դատարաններում ունենալ այցելություններ և այսպես մուլտիպլիկացիոն էֆեկտ ունենալու հնարավորություններ, տարածման էֆեկտ ունենալու հնարավորություն ունի: Մենք սա ամենաբարձրն ենք գնահատում, բայց այլ կառույցների հետ իրականացրել ենք արդյունավետ աշխատանք, մասնավորապես ուզում եմ նշել Եվրոպայում Հայ Դատի գրասենյակի՝ հատկապես մեր ապրիլյան պատերազմի զեկույցներով տարածման մասով: Մեծ գոհունակություն ենք ուզում հայտնել այդ համագործակցության առումով: Ուզում եմ ընդգծել, որ դա այս փոքր ֆրոնտով աշխատանքը չէ և, օրինակ, նույն համագործակցության արդյունքում մենք ենք մեր աշխատողներից մեկին գործուղելու Բրյուսել՝ Հայ Դատի գրասենյակում երկամսյա պրակտիկա անցնելու: Ամփոփելով՝ նշեմ մեր եզրափակիչ նկատառումները. հաշվետու տարում Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների կարևորագույն խնդիրը շարունակում է մնալ Ադրբեջանի 2016թ. ապրիլյան ագրեսիայի հետևանքով գրանցված մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումների անբավարար միջազգային արձագանքը: Պաշտպանը ջանքեր է գործադրել ուղղված միջազգային իրավապաշտպան հանրության տարբեր կառույցներին խնդիրը հասու դարձնելու: Ի դեպ նշեմ, որպես շոշափելի արդյունք, կարող ենք նշել 2 միջազգային կառույցների զեկույցների հղումը մեր զեկույցներին, որը չեմ կարող ասել, որ շատ մեծ գոհունակություն է, որովհետև երկուսն է, կարող էր ավելի մեծ լինել, բայց այնուհանդերձ հաճախ չի պատահում, որ չճանաչված պետությունների Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցերին՝ Ֆրիդոմ հաուսը-ը, միջազգային հակաճգնաժամային խումբը հղում են անում իրենց զեկույցներում: Հաջորդը՝ մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության ոլորտում: Մարտահրավերներից է Արցախում իրավապաշտպան կարողությունների զարգացման ցածր մակարդակը, որն առաջին հերթին պայմանավորված է արտաքին քաղաքական գործոններով: Հաշվետու տարում պաշտպանը ջանքեր է գործադրել՝ ուղղված խնդիրը բարձրաձայնելու և լուծման հարցում առաջընթաց ապահովելու: Հատկապես ողջունելի է Արցախում իրավապաշտպան կարողությունների զարգացման հիմնահարցին ցուցաբերվող հայկական սփյուռքի առանձին կառույցների աճող ուշադրությունը: Ես արդեն ներկայացրեցի որոշ ծրագրեր այս ուղղությամբ: Ներքին մարտահրավերներից առավել ընդհանրական է մարդու իրավունքների ոլորտում պետության ընդհանուր քաղաքականությունն ամրագրող ռազմավարական փաստաթղթերի հետ գործողությունների ծրագրի բացակայությունն է, հաշվի առնելով այդպիսի փաստաթղթեր մշակելու և գործարկելու վերաբերյալ գործադիր իշխանության բարձրագույն մարմինների դրսևորած քաղաքական կամքը, պաշտպանը պատրաստակամություն է հայտնում՝ խոսքը վերաբերվում է նախագահի կողմից տարեկան եռամյա ծրագրում այս խնդիրը ընդգրկելը: Մենք պատրաստակամություն ենք հայտնում քաղաքացիական հասարակական ինստիտուտների և փորձագիտական շրջանակների հետ համատեղ մասնակցություն ունենալ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարություն մշակելու և այն արդյունավետ իրագործելու գործընթացին: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության մշակման լավ հիմք կարող է հանդիսանալ մարդու իրավունքների ոլորտում հիմնարար փաստաթղթերից մեկի՝ քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին 66թ. միջազգային դաշնագրի 40-րդ հոդվածին համպատասխան, իսկ մենք կատիֆիկացրել ենք այս փաստաթուղթը: Դաշնագրով ճանաչվող իրավունքների կենսագործման ուղղությամբ Արցախի Հանրապետության կողմից ձեռնարկված միջոցների և այդ իրավունքների ապահովման բնագավառում ձեռք բերված առաջադիմության մասին զեկույցի մշակումը և հրապարակումը: Սա գործադիրի խնդիրն է, և մենք ուշադրություն ենք հրավիրել այս խնդրին և տեղեկացած ենք, որ բավականին ակտիվ աշխատանք այս ուղղությամբ արտաքին գործերի նախարարությունը իրականացնում է: Հաղորդման պաշտպանը իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրում օրենսդրության մեջ և կիրառական պրակտիկայում առկա որոշակի խնդիրների վրա: Կարող եք ծանոթանալ, արդեն մանրամասն նշված են, որոնք վերաբերվում են արդար դատաքննության, իրավունքի, սեփականության իրավունքին, անձնական ազատության իրավունքին: Մենք պատրաստակամություն ենք հայտնում արձանագրված և ցանկացած այլ ընդհանրական խնդիրների լուծման նպատակով ակտիվորեն գործակցել պետական բոլոր իրավասու մարմինների հետ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ: Այսքանը, ամփոփ ներկայացրեցի տարեկան հաղորդումը և սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Մելիքյան, խնդրեմ, հարցեր: Արթուր Թովմասյան: Հարցերի համար, խնդրում եմ՝ հերթագրենք, որպեսզի հերթով կարողանանք: Արթուր Թովմասյան, Ռոմելա Դադայան, Արսեն Առստամյան, Հովիկ Ջիվանյան, ուրիշ, չկա: Ուրեմն, հարցերի համար, խնդրեմ Արթուր Թովմասյան, հետո՝ Ռոմելա Դադայան:
Արթուր Թովմասյան – Առաջին հարցը՝ Արցախում քաղաքական հայացքների համար հետապնդվողներ կա՞ն և դիմում-բողոքներ կա՞ն ձեզ մոտ այդ ուղղությամբ, երկրորդը, դուք նշեցիք և մենք էլ ծանոթ ենք ապրիլյան պատերազմից հետո ինչ ահռելի աշխատանք է կատարել Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը: Հենց մեր գլխատված հայրենակիցների՝ Սլոյանի և ուրիշների, բարձրաձայնե՞լ եք միջազգային կառույցներում: Ի՞նչ առաջընթաց կա այդ ուղղությամբ:
Ռուբեն Մելիքյան – Ճիշտն ասած, երկու հարց, առաջինը՝ քաղաքական հայացքներին է վերաբերվում, երկրորդը՝ ապրիլյան պատերազմի հետևանքների: Շնորհակալություն, հարցերի համար, պարոն Թովմասյան, առաջին հարցի մասով մենք որևէ դիմում չենք ստացել քաղաքական հայացքների վերաբերյալ հետապնդումների մասով, և ես պարտավոր եմ, ինչպես ցանկացած այլ նմանաբնույթ հարցերի կապակցությամբ, նշել, որ մենք՝ ինչպես ցանկացած այլ մարդու իրավունքերին վերաբերվող խնդիրներին, նաև այդ հարցին վերաբերող խնդիրների դեպքում դիմումը ստանալու դեպքում պատրաստ ենք օրենքով սահմանված մեր լիազորությունների շրջանակում զբաղվել: Երկրորդը՝ ապրիլյան պատերազմի հետ կապված, ես արդեն նշեցի, որ մեր աշխատանքը, ինչպես և ցանկացած մարդու իրավունքների պաշտպանի հաստատության աշխատանք՝ սահմանափակված է հարցերը բարձրաձայնելով: Նախ՝ ձևակերպելով, երկրորդը բարձրաձայնելով: Մեր աշխատանքը այս ուղղությամբ եղել է, ինչպես նշեցի զեկույցը տարածելը, որովհետև զեկույցը հրապարկվել էր դեռ 2016թ. դեկտեմբերի վերջին: Շոշափելի արդյունքները, ես նշեցի՝ նման դեպքերում, չափում են այլ զեկույցների հղումներով և երկու նման կարևորագույն կառույցների կողմից հղումներ եղան: Ես ուզում եմ ոչ թե մեր աշխատանքի մասին խոսել, որպեսզի չեմ ուզում այնպիսի տպավորություն թողել, որ մենք ենք միայն, կամ մենք ենք այս ոլորտում առաջամարտիկը: Ուզում եմ նշել, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում քննվում են արդեն իսկ գործեր, որոնք վերաբերվում են ապրիլյան պատերազմին: Այս երևույթի հետ մեր հաստատությունը, պաշտոնապես ասեմ, որևէ առնչություն չունի, չի էլ կարողանա ունենալ, որովհետև հակառակ դեպքում կարող է դիտվել, որ սա պետականորեն հովանավորվող գործունեություն է: Բայց դա այդպես չի. սա փաստաբանների խումբ է, ընդ որում՝ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից մարդիկ իրականացրել են փաստերի մշակման աշխատանք, հետո նաև Եվրոպական դատարան են ներկայացրել: Հրապարակային աղբյուրներից կարող եմ նշել, որ արդեն իսկ վարույթ են ընդունվել և ոչ միայն վարույթ են ընդունվել, այլ նաև կոմունիկացվել են խոշտանգումների հետ կապված գործերը՝ 27 անձանց մասով, 3 քաղաքացիական, մնացածը՝ զինծառայողներ, և այդ փաստաթուղթը հրապարակային է Եվրոպական դատարանի կայքում: Կոմունիկացվել է, այսինքն այն կառավարությանը, որի դեմ ուղղված է եղել՝ Ադրբեջանի կառավարությանը, ստացվել է պատասխան, և նաև դրա հիման վրա փաստաբանական խումբը իրենց նկատառումներն են ներկայացրել, բայց որքան տեղյակ եմ Եվրոպական դատարանը սահմանափակում է դրել բովանդակության մասին խոսելու մասով, այդ պատճառով փաստաբանական խումբը այնքան էլ ազատ չէ ներկայացնելու: Մեր գնահատականը այն է, որ շատ երկար չի տևելու այս մասով հարցի քննարկումը, որովհետև Եվրոպական դատարանը առաջնահերթություն է տվել այս հարցին: Երկրորդ խումբ դիմումները, որոնք որ ներկայացվել են, դա մի քանի հարյուր քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներն են, որոնք որ վերաբերվում են սեփականության իրավունքին, անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքին: Կապված ռմբակոծությունների հետ, որ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները՝ Թալիշի մասին դուք գիտեք, որոշակի աշխատանքներ կատարվել է և կատարվում է և մարդիկ հնարավորություն ունեն վարադառնալ, բայց գիտենք, թե ինչ է տեղի ունեցել 2016թ. ապրիլին, այս դիմումները դեռևս վարույթ չեն ընդունվել: Ամեն դեպքում հրապարակային տեղեկատվություն չկա և դա զարմանալի չէ, որովհետև ի տարբերություն առաջին տեսակ գործերին, Եվրոպական դատարանը, ըստ էության, հիմք չուներ առաջնահերթություն տալ այս գործերին: Մի քիչ ավելի երկար կտևի այս գործերի քննությունը, ամեն դեպքում, այս երկու կատեգորիայի գործերն են, որ արդեն հստակ իրավական մեխանիզմով են իրականացվում վարույթ: Երևի թե այսքանը:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Ներողություն, տիկին Դադայան, հիշեցնեմ՝ հարցերը, ուրեմն տալիս ենք 53-րդ հոդվածով սահմանված կարգով, հարցերի համար 2 րոպե, եթե չի նախատեսվում ուրիշ բան, իսկ պատասխանելու համար՝ 3 րոպե: Մեկական րոպե կարող եք արձագանքել: Երեք րոպե է պատասխանը:
Ռուբեն Մելիքյան – Շատ լավ, շնորհակալություն: Ռոմելա Դադայան, հետո Արսեն Առստամյան:
Ռոմելա Դադայան – Պարոն Մելիքյան, գնահատե՞լ են ձեր ջանքերը միջազգային իրավապաշտպան հանրության տարբեր կառույցների 2016թ. ապրիլյան ագրեսիայի հետևանքով գրանցված խախտումները հասու դարձնելու: Արդյո՞ք, անբավարար մնացած միջազգային արձագանքով կընդունեք աշխատանքն ավարտված, թե ունե՞ք ակնկալիքներ:
Ռուբեն Մելիքյան – Շնորհակալություն: Պատասխանեմ ավելի կարճ, ակնկալիքներ ունենք, բայց նաև մեր լավատեսությունը չափազանց մեծ չէ այս հարցում, հաշվի առնելով ժամանակային գործոնը և հաշվի առնելով նաև քաղաքական գործոնը՝ մենք փորձում ենք մեր աշխատանքը կատարել և հասու դարձնել միջազգային հանրությանը, որ առնվազն սեղանին դրված լինի այն, ինչ իրականում տեղի է ունեցել, այն, ինչը մենք փաստագրել ենք: Հակառակ կողմից հաճախ հնչում են, այսպես մերկապարանոց պնդումներ, և չկա համարժեք փաստաթուղթ: Ես ուզում եմ նշել նաև, որ ճիշտ է, դա 2017թ. չի վերաբերվում, 2016թ. դեկտեմբերի 31-ին է վերաբերվում, բայց վերջին հայտարարությունը իմ կողմից եղել է հենց այդ օրը, երբ ես նշեցի, որ ադրբեջանական հայտարարություններին համարժեք, եթե կան փաստեր, որոնք որ վերաբերվում են նրանց պնդումներին, ապա ցանկալի կլինի, որ դրանք, եթե ոչ ուղարկվեն, հասկանալի է, այլ գոնե հրապարակվեն և նման որևէ փաստեր հակառակ կողմից չեն հրապարակվել: Եվ ցավալի է, օրինակ, երբ միջազգային հեղինակավոր լրատվական դաշտում, որոնք որ նաև Արցախ են ժամանում, հաղորդումներ են անում: Նրանք փորձում են նաև անցկացնել զուգահեռներ, ասում են, որ երկու կողմից էլ կան պնդումներ խոշտանգումների և այլ անմարդկային վերաբերմունքի հետ կապված: Դա մեզ համար սկզբունքայնորեն անընդունելի է, որովհետև, նորից ասեմ, որ այն մոտեցումը, որ երկու կողմերը եթե դրվում են նույն հարթության վրա, արդեն իսկ հնացած է վաղուց: Փաստերը խոսում են հակառակի մասին, կողմերի ներկայացրած և հրապարակած փաստերն խոսում են հակառակի մասին:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալութոյւն: Տիկին Դադայան, արձագանքո՞ւմ եք: Չէ: Արսեն Առստամյան, հետո՝ Հովիկ Ջիվանյան:
Արսեն Առստամյան - Շնորհակալություն: Ես մեկ հարց ունեմ և երկու առաջարկ: Պարոն Մելիքյան, մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության մշակման ուղղությամբ աշխատանքները մեկնարկե՞լ են, թե ոչ, եթե այո, ապա ի՞նչ փուլում են գտնվում դրանք և, առաջարկները՝ հաղորդման մեջ նշել եք օրենսդրական բացերի մասին: Ես առաջարկում եմ համատեղ աշխատանք կատարել այդ ուղղությամբ և համապատասխան քննարկումներ իրականացնել այդ բացերն ու կարգավորումներն տալու համար, և հաղորդման մեջ նշված է արդար դատաքննության իրավունքի մասին առանձին: Ես կցանկանայի առաջարկել հաջորդ հաղորդման մեջ նաև արդյունավետ դատական պաշտպանության մասին, եթե դա հնարավոր է, որովհետև դա նաև Սահմանադրության նորմ է, նոր Սահմանադրությամբ, շատ կարևոր է արդար դատաքննությունը, բայց գրոշի արժեք չի ունենա դա, եթե այն արդյունավետ չէ: Շնորհակալություն:
Ռուբեն Մելիքյան – Շատ լավ, շնորհակալ եմ: Երեք րոպե ունեմ և դժվար կդիմանամ գայթակղությանը իմ մասնագիտական ոլորտի մեջ մտնելու, որովհետև մասնագիտությանս շատ մոտ, ոչ թե մոտ, այլ մասնագիտությանս վերաբերող հասկացությունների մասին խոսեցիք: Կարճ ասեմ, որ առնվազն Եվրոպական դատարանի իրավաբանության մեջ՝ ձեր նշած արդյունավետ դատական պաշտպանությունը, իրավունքը, դա՝ տարրի արդար դատաքնությունն է, դատական իրավաքննությունն է և դա տարիների ընթացքում ձևավորված դատական պրակտիկայի արդյունք է և, կարծում եմ, եթե չկա դատական պաշտպանության հնարավորություն, անիմաստ է խոսել, ընդհանրապես արդար դատաքննության մասին: Ձեր նկատառումը մենք հաշվի կառնենք, կառանձնացնենք, բայց որպես ենթատեսակ կառանձնացնենք, որովհետև այդուհանդերձ դա արդար դատաքննության իրավունքի մաս է մեր պատկերացմամբ կազմում: Ռազմավարության մասով. ռազմավարության մշակումը մեր ֆունկցիան հաստատումը մեր ֆունկցիան չի, մենք ընդամենը օժանդակ դերակատարումը կարող ենք այստեղ ունենալ, որովհետև դա շատ տրամաբանական է, քանի որ ռազմավարությունը, կարծում եմ՝ քաղաքական փաստաթուղթ է առաջին հերթին: Բայց մենք արդեն իսկ որոշակի աշխատանքներ սկսել ենք և կատարում ենք, նաև մեր միջազգային գործընկերների՝ սփյուռքի՝ առաջին հերթին գործընկերների օժանդակությամբ, որպեսզի սկսենք պատրաստել մեր առաջարկները: Այս աշխատանքները մենք սկսել ենք: Այն ժամանակ, երբ որ այս փաստաթուղթը մշակելու վերաբերյալ հաջորդ քայլերը իրականացնենք, մենք անպայման դրանք կներկայացնենք: Բայց մեր կարծիքով, առաջ չենք ընկնում, որովհետև այս փաստաթուղթը էապես կմեծացնի մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, մեր պատկերացմամբ, պաշտպանության վերաբերյալ, թե պաշտպանվածության մակարդակը և թե նաև միջազգային: Ոչ միայն միջազգային ընկալումը այն առումով, որ երբ խոսում ենք մարդու իրավունքի մասին, մենք լրջորեն ենք խոսում մարդու իրավունքների մասին: Առաջարկները: Բնականաբար մեծ պատրաստակամություն ունենք այդ ուղղությամբ աշխատել, շնորհակալ եմ, որ ևս դրան ուշադրություն դարձրեցիք: Կարծում եմ՝ մեր զեկույցի կարևորագույն հատվածը հենց այդ խնդիրներն են և մենք այդ խնդիրների մասին ավելի շատ պետք է խոսենք: Մենք հենց առաջին հերթին: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հովիկ Ջիվանյան:
Հովիկ Ջիվանյան - Հարցը համարյա հնչեցվեց, ես ուզում էի հարցնել ձեր գործունեության համար տեսնո՞ւմ եք լիազորությունների պակաս, օրենքի ձեր գործունեության ոլորտը կարգավորող օրենքում փոփոխությունների անհրաժեշտություն և բնականաբար մենք մեր աջակցությունը հայտնում ենք և բացի դրանից սա, որպես հարց, ունենք լիազորությունների պակաս, որը որ կարելի է լրացնել, որին մենք կարող ենք օգտակար և աջակից լինել և ուղղակի կուզեի սուբյեկտիվ, միգուցե գնահատականը տալ, ուղղակի, որպես գնահատական հնչեցնել իմ տեսակետը, որ ամեն դեպքում, անկախ մեր անձնական հարաբերություններից, ես համարում եմ, որ պարոն Մելիքյանի գալով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը իրականում կարելի է համարել Արցախի Հանրապետության ամենակայացած ինստիտուտներից մեկը և շնորհակալ ենք դրա համար:
Ռուբեն Մելիքյան – Շնորհակալ ենք, պարոն Ջիվանյան: Վերջից սկսեմ, ես ուզում եմ ինքս շնորհակալություն հայտնել Արցախի Հանրապետության մարդու իրավունքի առաջին պաշտպանին՝ ինստիտուտը ձևավորելու, լավ աշխատակազմի համար: Այն ամենի մասին, ինչ ես խոսեցի, ոչ այնքան իմ աշխատանքն է, այլ այն մարդկանց աշխատանքն է, որոնց հետ ես աշխատում եմ, որոնց շնորհակալություն եմ հայտնում: Մենք նոր կառուցվածքային փոփոխություններ արեցինք նախորդ տարի, կարծում եմ՝ էլ ավելի ամրացրեցինք հաստատությունը: Ես ինստիտուցիոնալության կողմնակիցն եմ, շնորհակալ եմ խոսքերի համար, ուզում եմ այդ խոսքերը վերագրել մեր ինստիտուտին: Ինչ վերաբերվում է օրենսդրական փոփոխություններին, գիտե՞ք, բավական կարճ, ընդամենը երեք ամսվա գործողություն ունի մեր օրենքը, որը որ ձեր կողմից ընդունվեց և փետրվարի մեկին ուժի մեջ մտավ, ասել, որ այս պահի դրությամբ ինչ որ խնդիրներ ենք մենք տեսել, ես չեմ կարող ասել: Շնորհակալ եմ պատրաստակամության համար, նաև այս հարցերը հետագայում քննարկելու համար:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Մենք հարցերն էլ ավարտեցինք: Շնորհակալություն, պարոն Մելիքյան: Մենք ունենք նաև կանոնակարգով նախատեսված մտքերի փոխանակության հնարավորություն, եթե կա ցանկություն ելույթ ունենալ ներկայացված տարեկան հաղորդման մասին, խնդրեմ, կարող ենք հերթագրվել ելույթների համար: Չկա: Կա՞: Ելույթների համար՝ Դավիթ Իշխանյան, խնդրեմ: Դավիթ Իշխանյան՝ մտքերի փոխանակության համար:
Դավիթ Իշխանյան – Հարգելի գործընկերներ, իհարկե մենք առիթ ունեցել ենք Մարդու իրավունքի պաշտպանի առանձաբար որոշ քննարկումներ ծավալել, իհարկե ոչ այս զեկույցի հետ կապված, բայց նաև անդրադարձել ենք այս տարեկան հաղորդմանը: Ես կուզենայի մի հարցի անդրադառնալ, բնականաբար այն ոլորտները, որին անդրադարձավ Մարդու իրավունքի պաշտպանը իր գործունեության արտաքին, ներքին, պաշտպանի գործունեության այս մարդու իրավունքերի առանձին ոլորտների, ես կուզենայի մեկ հարց, որ հնչեղության կարիք ունի, մենք առանձնաբար էլ սրա մասին խոսել ենք, սա վերաբերվում է ուրեմն սեփականության իրավունքին: Զարմանալիորեն սեփականության իրավունքի ուղղությամբ և առնչությամբ համարյա ամենաքիչ դիմումներն է ստացել մեր քաղաքացիներից: Այնուհանդերձ, այս ոլորտը բավականին, կարելի է ասել բաց է, բավականին կարիք ունի լուրջ վերաբերմունք ցուցաբերելու և, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այդ ոլորտին, հնարավորինս նաև ստեղծելու այն հարթակը, այն մթնոլորտը, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան ավելի օգտվել իրենց ընձեռված հնարավորությունից, մասնավորապես՝ դիմումներով: Դիմելով Մարդու իրավունքի Պաշտպանին այդ ոլորտում որոշակի առաջընթաց ապահովելով: Որովհետև կան բազմաթիվ դեպքեր, գոնե իմ պատգամավորական գործունեության ընթացքում տարբեր շրջաններում առնչվել ենք այդ իրավունքի, ասեմ՝ խախտման դեպքերի, նույնիսկ դատավճիռը, դատական ակտերի հարկադիր կատարածուի մակարդակով, բայց համապատասխան հաջողություններ չարձանագրելով: Պարզապես, վստահության դաշտ է և հարթակը ստեղծելու առումով: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Պարոն Մելիքյան, դուք եզրափակիչ ելույթի իրավունք ունեք, չկա՞: Շատ լավ, մենք այսքանով ամփոփում ենք Մարդու իրավունքի պաշտպանի կողմից ներկայացված տարեկան հաղորդման ներկայացումը, ի լրացումն իմ գործընկերների, կարծիքների, հարցադրումների, ուզում եմ ասել, որ մենք՝ երևի թե, 2016թ. արդյունքները, և անցյալ տարի և հիմա Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած հաղորդումներին և հաշվետվություններին վերաբերվում ենք, գուցե մի քիչ բծախնդիր և, նաև տեսնում ենք, որ որոշակի, զուտ մեթոդոլոգիայի առումով փոփոխություններ կան և դա մեզ համար ընկալելի է: Հաշվի առնելով առաջարկը վերջին մասում օրենսդրական փոփոխությունների, ես առաջարկում եմ չուշացնել, հենց հունիս ամսվա ընթացքում ձեզ համար հարմար ժամկետը որոշեք և ասեք, որովհետև հիմա մի քանի օրինագծեր ունենք կապված քրեական, վարչական դատավարության հետ, ձեր ասած այս առաջարկությունները լավ կլիներ մենք քննարկենք և արդեն ունեցած պատկերացումներով այդ նույն օրենքի նախագծերին անդրադառնանք: Այսինքն, հենց հունիս ամսվա ընթացքում փորձենք այդպիսի քննարկում անենք: Կարծում եմ՝ պետա-իրավական հարցերի հանձնաժողովի հիմքի վրա: Շնորհակալություն, այսքանով ավարտում ենք տարեկան հաղորդումը, բայց հիմա մենք կանոնակարգով ընդմիջման ժամ է, ընդմիջում մինչև 13:00-ն: Շնորհակալություն:
(Ընդմիջում):
Աշոտ Ղուլյան - Մեր այսօրվա նիստի հաստատած օրակարգով հաջորդ հարցը Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2017թ. գործունեության տարեկան հաղորդումն է: Այժմ ես խնդրում եմ Հաշվեքննիչ պալատի նախագահ, պարոն Էռնեստ Ավանեսյանին ներկայացնելու հաշվետվությունը: Խնդրեմ:
Էռնեստ Ավանեսյան - Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ և ներկաներ, Հաշվեքննիչ պալատի կողմից 2017թ. թվականի վերահսկողական գործառույթներն իրականացվել են պալատի գործունեության տարեկան ծրագրին համապատասխան:
Ծրագրային հարցերի շրջանակներում կազմված ընթացիկ հաշվետվությունները և եզրակացությունները, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատի 2017թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն օրենսդրությամբ սահմանված ժամկետում տրամադրվել է Ազգային ժողովին: Նշված փաստաթղթերը ներկայացվել են նաև Հանրապետության նախագահին և Կառավարությանը: Բացի դրանից, Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դրանք տեղադրվել են Պալատի պաշտոնական ինտերնետային կայքում:
«Հաշվեքննիչ պալատի մասին» ԱՀ օրենքի համաձայն Հաշվեքննիչ պալատի 2017 թվականի տարեկան հաղորդումն իր մեջ պարունակում է ԼՂՀ վերահսկիչ պալատի վերջին տարեկան գործունեության ծրագրով նախատեսված ծրագրային հարցերով սահմանված վերահսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:
Տարեկան հաղորդումը բաղկացած է երեք մասից, որոնցում ներառվել են ամփոփ տեղեկատվություն պալատի կողմից տրամադրված եզրակացությունների և վերահսկողության արդյունքներով կազմված ընթացիկ հաշվետվությունների վերաբերյալ, ինչպես նաև այլ տեղեկություններ:
Ընդհանուր առմամբ, հաշվետու տարվա ընթացքում պալատն իրականացրել է 21 վերահսկողական միջոցառում, որից 19-ով կազմվել է ընթացիկ հաշվետվություն, 2-ով՝ եզրակացություն:
Վերահսկողությունն իրականացվել է 33 օբյեկտում, այդ թվում` 14 պետական մարմին, 7 համայնք, 10 ոչ առևտրային կազմակերպություն և 2 առևտրային ընկերություն: Վերահսկողությամբ ընդգրկված միջոցառումների ընդհանուր ֆինանսական ծավալը կազմել է մոտ 15.0 մլրդ դրամ:
Վերահսկողությամբ ընդգրկվող ժամանակաշրջան են ընտրվել հիմնականում 2015-2016 բյուջետային տարիները: Կապիտալ ներդրումների ծրագրով ընդգրկվել են 2013-2017 թվականներին իրականացված շինարարական աշխատանքները:
Վերահսկողական միջոցառումների ընթացքում կազմված արձանագրություններում նշված փաստերի, դատողությունների և եզրահանգումների վերաբերյալ վերահսկվող օբյեկտների կողմից առարկություն չի ներկայացվել: Պալատի վերահսկողություն իրականացնող աշխատակիցների գործողությունների, ընթացիկ հաշվետվությունների, եզրակացությունների դեմ վարչական կամ դատական կարգով բողոքներ չեն ստացվել:
Ընդհանուր առմամբ, պալատի կողմից 2017 թվականին իրականացված վերահսկողության արդյունքներով հայտնաբերվել են 264,173.0 հազ. դրամի չափով խախտումներ և թերություններ: Ըստ տեսակների առավել հաճախակի հանդիպվող խախտումներն են.
ա) խախտումներ բյուջեի կատարման գործընթացում՝ 103,594.8 հազ. դրամ կամ ընդհանուրի 39.2%,
բ) խախտումներ հաշվապահական հաշվառման վարման, հաշվետվությունների կազմման գործընթացում՝ 24.162.6 հազ. դրամ կամ` 9.2%,
գ) խախտումներ պետական գնումների իրականացման գործընթացում՝ 136,415.6 հազ.դրամ կամ` 51.6%:
Բյուջեի կատարման գործընթացում հայտնաբերված խախտումների մեծ մասը` 42.5%-ը կամ 44,009.8 հազ.դրամը, վերաբերում է սահմանված նորմաների ոչ ճիշտ կիրառմանը: Խախտումների 28.8%-ը կամ 29,849.4 հազ.դրամը կապված է սահմանված ընթացակարգերի շրջանցմամբ շինարարական աշխատանքների իրականացման հետ: Առկա էին նաև բյուջետային միջոցների անարդյունավետ և ոչ նպատակային օգտագործման դեպքեր, որոնք կազմում են նշված գործընթացում տեղ գտած խախտումների 6.0%-ը կամ 6191.0 հազ.դրամ:
Վերահսկողության արդյունքներով պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը կազմել է 23,544.6 հազ. դրամ կամ բյուջեի կատարման գործընթացում հայտնաբերված խախտումների 22.7%-ը, որը, համաձայն պալատ ներկայացված տեղեկությունների, վերականգնվել է պետական բյուջե (այդ թվում` 2,255.6 հազ. դրամ գույքի պակասորդի վերականգնման տեսքով):
Հաշվապահական հաշվառման վարման, հաշվետվությունների կազմման գործընթացում հայտնաբերված խախտումների հիմնական մասը պայմանավորված էր հաշվետվություններում անհրաժեշտ ցուցանիշների չարտացոլման կամ սխալ արտացոլման, ինչպես նաև ծախսերը հիմնավորող փաստաթղթերին ներկայացվող պահանջների չպահպանման հետ: Այս ոլորտում խախտումների 59.1%-ը կամ 14,280.4 հազ. դրամը տեղ են գտել պետական բաժնեմասնակցությամբ առևտրային ընկերությունում և պետական ոչ առևտրային կազմակերպությունում:
Ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների գնման գործընթացում հայտնաբերված խախտումները հիմնականում կապված են եղել գնման եղանակի ընտրության հետ. շատ դեպքերում նախապատվությունը տրվել է գնման ոչ մրցակցային ընթացակարգին:
Վերլուծություններից հետևում է, որ, ինչպես և նախորդ տարիներին, խախտումների հիմնական մասը կրել է ընթացակարգային բնույթ և ըստ էության, անմիջականորեն չեն հանգեցրել բյուջեից իրավական ակտերի խախտմամբ միջոցների հատկացմանը: Հաշվեքննիչ պալատը գտնում է, որ պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսական միջոցների ու սեփականության օգտագործման պարագայում հնարավոր կլիներ խուսափել խախտումների և թերությունների զգալի մասից:
Հաշվեքննիչ պալատը մեծ նշանակություն է տալիս բյուջետային միջոցների, պետական և համայնքային սեփականության նպատակային և արդյունավետ օգտագործմանը վերահսկողական գործառույթներով աջակցելուն: Հաշվետու տարում վերահսկողության արդյունքներով պալատի կողմից վերահսկվող օբյեկտներին տրվել է 20-ից ավելի առաջարկություն, իսկ կառավարությանը` 3: Առաջարկություններում, ի թիվս այլոց, անդրադարձվել է պետական աջակցության ծրագրերով ֆինանսավորման և վերահսկողության հստակ մեխանիզմ մշակելու, կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերում պետական բյուջեից միջոցների հատկացման հստակ և չափելի նպատակներ ու կոնկրետ ուղղություններ նախատեսելու հարցերին:
«Վերահսկիչ պալատի մասին» ԼՂՀ օրենքի համաձայն, վերահսկվող օբյեկտների ղեկավարների կողմից գրավոր տեղեկատվություն է ներկայացվել Պալատ ընթացիկ հաշվետվություններում ամրագրված խախտումները վերացնելու ուղղությամբ: Հիմնականում միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված խախտումներն ու թերությունները վերացնելու ուղղությամբ, որոշ հարցեր գտնվում են քննարկման փուլում:
Բացի հաշվետու ժամանակաշրջանում հայտնաբերված բյուջեի վերականգնման ենթակա գումարներից, նախորդ տարիներին կապիտալ ներդրումների ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով 2017 թվականին պետական բյուջե է վերականգնվել 14,745.8 հազ. դրամ: ԼՂՀ գլխավոր դատախազության 2017թ. գրությունների համաձայն, նախորդ տարիներին դատախազություն ուղարկված նյութերով մեկ շինարարական օբյեկտի մասով պետական բյուջե է վերականգնվել 2,094.3 հազ. դրամ, իսկ մեկ օբյեկտի մասով որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
«Վերահսկիչ պալատի մասին» ԼՂՀ օրենքի համաձայն, Պալատի 2016 թվականի ֆինանսական գործունեությունը 2017 թվականին ենթարկվել է աուդիտի: Համաձայն անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացության խախտումներ և թերություններ չեն հայտնաբերվել:
Հարգելի պատգամավորներ, 2017 թվականը Հաշվեքննիչ պալատի համար առանձնահատուկ նշանակություն ունի. ընդունվել է նոր օրենք, որում հստակեցվել են հաշվեքննության հասկացությունը և նպատակները, նախատեսվել է Հաշվեքննիչ պալատի առավել անկախ լինելու հնարավորություն (տարեկան գործունեության ծրագրի հաստատումը վերապահվել է Պալատին), պետական բյուջեի կատարման նկատմամբ հաշվեքննության գործառույթներն ընդլայնվել են:
Վերահսկողությունից հաշվեքննություն անցումն սահուն իրականացնելու նպատակով Հաշվեքննիչ պալատի կողմից ձեռնարկվում են մի շարք քայլեր. արդեն իսկ մշակվել է Հաշվեքննիչ պալատի կանոնակարգը, որում մանրամասն կարգավորվում է հաշվեքննության ընթացակարգը, Հաշվեքննիչ պալատի պաշտոնատար անձանց համար անց են կացվել ֆինանսական հաշվեքննության վերապատրաստման դասընթացներ:
Հաշվեքննիչ պալատը շարունակելու է իր առաքելությունն իրականացնել նույն գործելաոճով՝ ապահովելով հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում բյուջետային միջոցների օգտագործման օրինականության և արդյունավետության վերաբերյալ ժամանակին, մասնագիտական և անկողմնակալ տեղեկատվության ներկայացումը: Շնորհակալություն ուշադրության համար:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Հարցե՞ր: Խնդրում եմ, հերթագրվել՝ Գագիկ Բաղունց, ուրի՞շ: Չկա: Հարցի համար, խնդրեմ, Գագիկ Բաղունց:
Գագիկ Բաղունց – Պարոն Ավանեսյան, հարցս վերաբերվում է պետական բյուջեի ծրագրերի կատարմանը, եզրակացության 6-րդ էջում նշված է, որ 7 ծրագրեր, որոնց կատարման համար նախատեսված էր կատարել 35 միլիոն դրամ, ընդհանրապես չեն կատարվել, իսկ 6 ծրագիր, որոնց համար նախատեսված էր 450 միլիոն, ճշտված ծրագրով զրոյացվել են: Ո՞րն են դրանց պատճառները:
Էռնեստ Ավանեսյան – Շնորհակալություն հարցի համար, Ձեր տված հարցը վերաբերվում է բյուջեի կատարման վերաբերյալ տրված եզրակացությունում: Մենք այսօր քննարկում ենք հաղորդումը, ես հուսով եմ, մենք անդրադառնալու ենք այդ հարցին՝ բյուջեի կատարողականը քննարկելու: Այս պահին իմ ձեռքի տակ չկան այդ տվյալները, այդ բացատրությունների կամ էլ այդ պատճառների մասին կխոսենք հետագայում:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Ինչպես և Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման դեպքում մենք հնարավորություն ունենք ելույթներ ունենալ, եթե կա այդպիսի ցանկություն մտքերի փոխանակության, խնդրեմ, հերթագրենք, եթե՝ չէ. Ցանկություն չկա՞: Կարծում եմ եզրափակիչ ելույթ էլ չկա, որովհետև արդեն ամեն ինչ ասեց, եթե ընթացքում որևէ թեմա է քննարկվում, դրա հանդեպ է այդ ցանկությունը և պահանջը առաջանում: Մենք Հաշվեքննիչ պալատի 2017թ. գործունեության տարեկան հաղորդումն էլ լսեցինք, կանոնակարգը չի ենթադրում որոշում ընդունել: Մենք, պարզապես, ի գիտություն ենք ընդունում: Շնորհակալություն հայտնենք Հաշվեքննիչ պալատի նախագահին և անցնենք հաջորդ օրակարգային հարցին: Հաջորդը՝ 2015-2017թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի հաշվետվությունն է: Այն Ազգային ժողովին է ներկայացնում Ազգային Վիճակագրական ծառայության նախագահ պարոն Կարեն Ներսիսյանը: Խնդրեմ:
Կարեն Ներսիսյան – Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, թույլ տվեք հակիրճ ներկայացնեմ 2015-2017թվականների երեք տարվա մեր ծառայության կողմից կատարված աշխատանքները՝ և բովանդակային իմաստով, և որոշ թվական տվյալներ մեջբերելով: Մենք փորձել ենք, անցած տարին, այսինքն մինչև 2017 թվականները՝ երեք տարում, կատարել մի շարք բարեփոխումներ ինչպես ծառայության ամբողջ համակարգում, այնպես էլ տնտեսավարող սուբյեկտների մակարդակով, հաշիվ-հաշվառման վիճակագրական հաշվառման մասին է խոսքը, կազմակերպման պրակտիկայում բարելավման հարթություններում: Ես ուղղակի թվարկեմ այն հիմնական ուղղությունները, որոնք համարում եմ շատ կարևոր, ես կնշեի առաջին հերթին, որ մենք անցել ենք արդեն 2015 թվականի ազգային հաշիվների միջազգային նոր ստանդարտների, որը կոչվում է մյուս երկու, այսինքն 2008 թվականին միջազգայնորեն համադրելիության հանգամանքը, պահանջը ապահովելու առումով մենք անցել ենք դրան: Դա վերաբերվում է գործունեության տեսակներից ստանդարտացման տիրույթի, այսինքն մենք հաշվում ենք են նույն լեզվով, ինչ որ միջազգային պահանջներն են թելադրում: Երկրորդը՝ մենք սկսել ենք հաշվարկել 2015 թվականի երկրորդ կիսամյակից ծառայությունում հաշվարկվում է մի շատ կարևոր ցուցանիշ, որի անունն է տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը ի տարբերություն համախառն ներքին արդյունքի ցուցանիշից, որն ավելի օպերատիվ և ընդհանուրից բացի կոնկրետ տեղեկություն է տալիս տնտեսության վիճակի և նրա զարգացման դինամիկայի վերաբերյալ, որը, կարծում եմ շատ հետաքրքիր կլինի, ինչպես հետազոտողների, այնպես էլ մասնագիտական շրջանակների և մասնավորապես ներդրումների համար: Մեզ մոտ, ուղղակի թիվը ասեմ 4 ամսվա ընթացիկ տարվա ապրիլ ամսվա արդյունքներով, մեզ մոտ այդ տնտեսական ցուցանիշը կազմում է 123 ու մեկ տոկոս, համեմատության համար նշեմ, որ Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 9,7 տոկոս: Այսինքն, մեզ մոտ տնտեսության հիմնական ճյուղերը դրսևորել են այդպիսի վարքագիծ, որը խրախուսելի է: Հաջորդ կարևոր միջոցառումը, որ մենք կատարել ենք այդ երեք տարվա ընթացքում, կարելի է ասել շատ մեծ նշանակության, հնչեղության մի ձեռնարկում է, որը կոչվում է տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտություններ, մենք կարողացել ենք ներկայացնել, սոցիալական պատկերը և հատկապես աղքատության մակարդակն ենք փորձել չափել միջազգային ընդունված մեխանիզմներով ու մեթոդներով: Թիվն ասեմ՝ 2016 թվականի արդյունքներով այն կազմել է 23.3% համեմատության համար էլի ասեմ՝ Հայաստանում այդ թիվը կազմում է 29.4% աղքատության մակարդակը: Հաշվում ենք աղքատության խորը ուսումնասիրություն և այդ ցուցանիշները մենք ավելի իրատեսական և ճշգրիտ ենք սկսել հաշվարկել, նաև գործազրկության մակարդակը: Պաշտոնականից, որը տարբերվում է, էլի նույն մեթոդաբանությամբ, պահանջով: Ուզում եմ ձեր ուշադրությանը հրավիրել նաև մի այնպիսի կարևոր ցուցանիշի մասին, ինչպիսի է մեր հասարակության բևեռվածության աստիճանը, նաև այդ ուղղությամբ ենք կարողանում որոշել, որը կոչվում է Ջինի գործակից: Դա էլ ենք հաշվարկում, որը նույնպես որոշակի համադրումների և հետազոտությունների համար շատ կարևոր է: Դուք, երևի բոլորդ մասնակցել և հիշում եք, որ 2015 թվականին անց ենք կացրել մարդահամար: Այդ մարդահամարը ենթադրում է բավականին մեծ կազմակերպական, ինչպես նաև ֆինանսական մեծ միջոցներ: Մոտավորապես 813 մարդ է ներգրավված եղել այդ միջոցառմանը: Մարդահամարի ադյունքները մենք արդեն հրապարակել ենք մեր կայքում և տվյալներն էլ կան, եթե որևէ խնդիր կա՝ կարող են դիմել և ստանալ: Հաջորդ կարևոր ուղղություններից մեկը՝ մեր գործունեության, տնտեսավարող սուբյեկտների հաշվառման ժամանակակից մեթոդների և հատկապես էլեկտրոնային հաշվետվություն ներդրման համակարգի ստեղծումն է, սկսել ենք այդ գործը սրանից երկու տարի առաջ, այսինքն ընդգրկում է վերջին երեք տարվա շրջանակաները և այսօր էլ փորձում ենք, հատկապես, եթե հարկային մարմինները անցել են էլեկտրոնային հաշվետվությունների, մենք դեռևս այդպիսի բազա չունենք, որովհետև համապատասխան ֆինանսական միջոցներ չունենք: Մենք, փորձում ենք այդ հարցը լուծել: Բայց, եթե որևէ կազմակերպություն ուզում է ներկայացնել հաշվետվությունը էլեկտրոնային, մենք չենք խանգարում, թող ներկայացնեն: Հաջորդ մեր գործունեության կարևոր ուղղություններից մեկն այն է, որ մենք առաջին անգամ Ղարաբաղում հաշվել ենք անհատական բնակարանային շինարարության հետազոտություն, այսինքն անհատական բնակարանային շինարարության ծավալներն ենք գնահատել, որը շատ կարևոր է նաև մեր տնտեսության և, հատկապես, ՀՆԱ-ի հաշվարկման ցուցանիշներն ավելի հստակ և ամբողջական լինելու համար:
Մեր հաշվետվությունը 43 էջ է, համապատասխան հանձնաժողովներում քննարկվել է, ես, ուղղակի ինչքան հրապարակուներ ենք ասել, մոտավորապես, 4238 միավոր աշխատաքների ծավալներ է կազմել մեր ընդհանուր աշխատանքների ծավալը, նշվում է նաև, որ մեր խորհրդի կողմից ընդունել ենք որոշումները, հրահանգները և կառավարական ոլորտին առնչվող մի շարք այլ փաստաթղթեր: Ես կուզեի նշել, որ մենք ավելի ակտիվ ենք սկսել համագործակցել ինչպես Հայսատանյան մեր գործընկերների հետ, այնպես էլ Հայաստանի Կենտրոնական բանկի հետ մենք ստորագրել ենք հուշագիր, որով տեղեկատվություն ենք փոխանակում: Գիտեք, Կենտրոնական բանկը, այնպիսի ինչպիսի կառույց է, նրանք մեզ եռամսյակային կտրվածքով տալիս են տեղեկատվություն մի շարք կարևոր ցուցանիշների համար, որ մենք կարողանում ենք ավելի իրատեսական հավաստի և արժանահավատ հաշվարկել մեր՝ այսպես ասած, արտաքին ապրանքաշրջանառությունը և, մասնավորապես այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են, ոչ պաշտոնական տրանսֆերտները, ինչպես նաև վարկային ներդրումային ծավալները մեր տնտեսվարողների կողմից և դրամարկղային շրջանառության ծավալները: Դրանք մենք չենք հրապարակում, բայց կոնկրետ որոշակի տեղեկատվություն, պետական մարմինների և մեր պրակտիկ աշխատանքում ավելի հավաստի և արժանահավատ օգտագործելու նպատակ են հետապնդում: Զբաղվել ենք նաև կադրերի պատրաստաման և վերապատրաստման քաղծառայության համակարգում, թվերը կան, մոտ 20 հոգու վերապատրաստել ենք, ստացել համապատասխան դասային կոչումներ: Բյուջեի ֆինանսավորմամբ պլաները միշտ թերակատարել ենք, այսինքն ամբողջությամբ չենք ծախսել և, ընդհանրապես, այսօր, ես ուղղակի նշեմ, որ մենք աշխատում ենք, 17 հատ ցուցանիշ կա, որ մենք փորձում ենք հաշվարկել, Հայաստանում այդ մեթոդաբանությունը ներ է դրվել 2017թ. դեկտեմբերին և նրանց կայքում կա: Մենք էլ ենք ուզում հետ չմնանք և արդեն համապատասխան աշխատանք կատարում ենք: Այսքանը, ես փորձեցի կարճ ներկայացնել, մի քիչ երկար ստացվեց, կներեք: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, մյուս հաշվետվությունների նման, խնդրեմ հարցեր, հերթագրում ենք՝ Էդուարդ Աղաբեկյան, ուրի՞շ, չկա: Խնդրեմ, Էդուարդ Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան - Պարոն Ներսիսյան, իհարկե ողջունելի է որոշ ցուցանիշների վերջին տարիներին անընդհատ վիճակագրության դաշտ բերելը, վերլուծելը, մասնավորապես՝ տնտեսության ակտիվության ցուցանիշ, նախորդ տարի, հիմա արդեն Ջինի գործակցի մասին եք խոսում, կցանկանայի տվյալներ Ջինի-ի բևեռվածության մակարդակի, մոտավորապես՝ համադրելիության: Հայաստանի համապատասխան ցուցանիշի ու ԱՊՀ-ի նման ցուցանիշների, եթե կան շեղումներ, ըստ Ձեզ՝ պատճառները: Երկրորդ հարցս, անընդհատ, վերջին տարիներին խոսում ենք համախառն ներքին արդյունքի աճի մասին, երկնիշ ցուցանիշներով, համախառն ներքին արդյունքը աճում է և եթե ժամանակին տնտեսական ակտիվության ցուցանիշը դրանից զատվում էր, չէինք փոխկապակցում: Համախառն ներքին արդյունք, տնտեսության ակտիվության ցուցանիշ և զբաղվածության մակարդակ: Ըստ Ձեզ, այս երեք ցուցանիշները համահավասար պիտի լինեն, այսպես եմ կարծում, այլապես ՀՆԱ-ի աճը դառնում է ինքնանպատակ և որևէ մեկին պետք չէ, եթե ՀՆԱ-ն աճում է, զբաղվածության մակարդակի վրա ադեկվատ ազդեցություն չի թողնում:
Կարեն Ներսիսյան – Կփորձեմ պատասխանել, ինչ վերաբերվում է Ջինի գործակցին, ապա ես չմոռացա ասել, ուղղակի ժամանակի առումով, մենք՝ հրապարակել ենք սոցիալական պատկերով աղքատությունը այդ տնային տնտեսությունների կենսապայմանների հետազոտության տվյալներով: Շուտով, 2017 թվականին էլ կդնենք, բայց 2016 թվականի արդյունքներով մեր Ջինի գործակիցը մի քիչ գերազանցում է թույլատրելի մակարդակը, բայց ցածր է, քան թե Հայաստանում, զրո 378 է, պետք է լինի զրո 350, այդքան գերազանցում է բևեռվածության աստիճանը, հաշվում են: Երկրորդ հարցը, կներեք այսօր, ՀՆԱ-ն, իրոք մենք, որպես տնտեսական աճի բնութագրող կարևոր գործոն, ես, որպես տնտեսագետ փորձեմ ներկայացնել և, իհարկե, ոլորտի պատասխանատու: Սա միջազգային պրակտիկայում օգտագործվում է, իրոք՝ նկարագրել տնտեսության վիճակը: Կներեք, այսօր Դավոսի հանձնաժողովում մեկ տարի առաջ առաջարկել են ՀՆԱ-ի փոխարեն՝ ԻԴԻ: Ինկլուզիվ դիվելեֆլենտ ինդեքսը՝ ներառական զարգացման համաթիվ: Այսպիսի բաներ են ուզում կիրառել: Դուք ճիշտ նկատեցիք, որ մենք տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ՏԱՑԸ, մենք ներ ենք դրել ի տարբերություն ՀՆԱ-ի, ցույց է տալիս թե ինչքան է տնտեսությունը աճել, առանց միջանկյալ սպառումի: Եթե ՀՆԱ-ն տնտեսության և հանրային կյանքում ստեղծված նոր ավելացված արժեքն է, ապա ՏԱՑԸ դա այսպես միջանկյալ սպառումը հանելու, այսինքն դեռևս այդպես որակական գնահատական չի տալիս: Թե ինչ մնում է, թե ՀՆԱ-ի աճը ինչպես է ազդում մարդկանց բարեկեցության վրա, այսինքն տնտեսական աճը փոխակերպում է տնտեսական զարգացման, դա արդեն, կներեք մենք չափողներն ենք, մենք քաղաքականություն մշակողներ չենք: Կարծում եմ համապատասխան կառույցները կարող են նման վերլուծությունների հիման վրա ավելի իրատեսական ծրագրեր կառուցել և այդպես որոշումներ ընդունել: Ես, որպես տնտեսագետ, այդքանը կարող եմ ասել: Մենք հաշվել ենք և, կարծում եմ, մեզ թույլատրում է վիճակագրական շեղումը մինչև 5 տոկոս, մենք փորձում ենք, տեղավորվում ենք մինչև 3 տոկոսի սահմաններում:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Ներսիսյան, կարող եք նստել, մենք կարող ենք նաև մտքերի փոխանակություն անել ներկայացված հաշվետվության շուրջ: Եթե կա ցանկություն, խնդրեմ, հերթագրվենք, եթե չէ, փաստորեն ավարտում ենք սրանով նաև 2015-2017 թվականների ԼՂՀ պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի կատարման հաշվետվության քննարկումը, որը նույնպես որոշում չի ընդունում և Ազգային ժողովը ներկայացնում է ի գիտություն: Մենք, փաստորեն այսքանով ավարտում ենք հաղորդումների և հաշվետվությունների բաժինը և, այժմ, կարող ենք անցնել, շնորհակալություն, պարոն Ներսիսյան, կարող ենք անցնել օրենսդրական նախաձեռնություններին և կանոնակարգի պահանջներին համապատասխան, մենք հիմա առաջինը անդրադառնալու ենք այն օրենքի նախագծին, որի քննարկումը կիսատ է մնացել, այսինքն առաջին ընթերցում անցած օրենքի նախագծերին, և այս իմաստում մեր օրակարգում Առևտրաարդյունաբերական պալատի մասին օրենքի նախագիծն է և այն Ազգային ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար պարոն Լևոն Գրիգորյանը, խնդրեմ:
Լևոն Գրիգորյան – Շնորհակալություն: Ազգային ժողովի մեծարգո նախագահ, մեծարգո պատգամավորներ, հարգելի գործընկերներ: Մենք, Արցախի Հանրապետության օրենքը Արևտրաարդյունաբերական պալատի մասին, ներկայացրել ենք Ազգային ժողովին առաջին ընթերցմամբ, որոշ ժամանակ առաջ: Առաջին ընթերցումից հետո ընկած ժամանակահատվածում, մինչև երկրորդ ընթերցումը մենք առաջարկություններ և առաջարկություններ չենք ստացել Ազգային ժողովից: Ունեցել ենք առիթ քննարկել նաև գլախադասային հանձաժողովում: Պիտի ասեմ, որ Արևտրաարդյունաբերական պալատի դերակատարությունը Արցախի Հանրապետության տնտեսական կյանքում պիտի որ ակտիվություն մտցնի: Պալատը, որպես ինստիտուցիոնալ կառույց, որոշ խնդիրներ է լուծելու՝ և կառավարության, և տնտեսվարողների համար: Խնդիրներն ու նպատակները ներկայացվել են առաջին ընթերցման ժամանակ, եթե այս ընթացքում առաջացել են հարցեր՝ պատրաստ եմ պատասխանել ու եթե՝ ոչ, ապա կարող եք քվեարկել:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, հարցեր ունե՞նք հիմնական զեկուցողին: Երկրորդ ընթերցամբ է ներկայացված օրենքի նախագիծը: Հարցեր չկան, շնորհակալություն, պարոն Գրիգորյան: Շատ լավ, մենք փաստորեն մի նախագիծ էլ ունենք, որը էլի ներկայացնում է Էկանոմիկայի, արտադրական ենթակառուցվածքների նախարարի կողմից, բայց քանի որ սա երկրորդ ընթերցում է և մենք այն պետք է օրենք ընդունենք: Կարող ենք հիմա այդ ձևով էլ անել, որևէ բան չի փոխվում, կարծում եմ:
Լևոն Գրիգորյան – Այսինքն, օրակարգում փոփոխություննե՞ր են եղել:
Աշոտ Ղուլյան - Այո, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և դրա կից փաթեթն ենք հիմա ներկայացնում, մյուս հարցերը մենք հանել ենք, որպեսզի ժամանակ ունենանք գրավոր առաջարկություններ ներկայացնեն և, մենք սպասում ենք այդ առաջակություններին:
Լևոն Գրիգորյան – Շատ լավ: Ձեր քննարկմանն ենք ներկայացնում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին և «Պետական տուրքի մասին Արցախի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Գույքի նկատմամբ իրավունքերի պետական գրանցման մասին և Պետական տուրքի մասին Արցախի Հանրապետության օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելը պայմանավորված է 2012 թվականի հուլիսից սկսած Անշարժ գույքի կադաստրի ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ՝ նպատակ ունենալով համակարգի նկատմամբ շարունակական պարզեցումը և բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը: 2012 թվականից սկսած բարեփոխումների գործնական կիրառումը ակնհայտորեն դրսևորեց իր դրական արդյունքները: Միաժամանակ ի հայտ բերելով առանձին հարցերի առավել մանարամասն կարգավորման, հստակեցման անհրաժեշտություն, որի լուծմանն են ուղղված ներկայացվող օրենսդրական փոփոխությունները: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին և պետական տուրքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների որոշ հատվածներում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ մասնավորապես, գույքի նկատմամբ իրավունքերի պետական գրանցման մասին օրենքում նախատեսվում է հստակեցնել Անշարժ գույքի օբյեկտ հասկացությունը, որի մեջ նաև կընդգրկվեն գծային ենթակառուցվածքները, ինչպես նաև օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել ֆիզիկական կամ իրավաբանական անձնաց տեղեկատվության մատչելիության սահմանափակումը: Նախատեսվում է նաև ամրագրել չափագրողների որակավորման վկայականների գործունեության կասեցման և դադարեցման ընթացքը, որը համապատասխանեցվել է մյուս գործող օրենսդրական պահանջներին: Առաջարկվում է նաև ընդլայնել իրավունքի պետական գրանցման համար գրավոր դիմում ներկայացնողների ցանկը: Պիտի նշեմ, որ մենք առաջարկում ենք, որպեսզի դիմում ներկայացնողների շարքում ընդգրկվի նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարմինը՝ կատարողական թերթի կատարումն ապահովելու նպատակով: Լրացումների և փոփոխությունների մյուս մասը նպատակ ունի ավելի մատչելի դարձնել քաղաքացիների և իրավաբանական անձաց պետական կադաստրի ծառայություններից օգտվելու մյուս դրույթները, որոնք են, օրինակ անշարժ գույքի գործարքներից ծագող պայմանագրերի և միասնական տեղեկանքների մեջ ուժի մեջ մտնելու ժամկետների, գործող օրենսդրությամբ սահմանված են օրացույցային օրերով, առաջարկում ենք փոփոխել և սահմանել աշխատանքային օրերը՝ ի օգուտ դիմումատուներին: Ամենից կարևոր փոփոխությունները, որ առաջարկվում է նախագծով, դա ծառայությունների մատուցման համար սահմանված ժամկետների կրճատումն է: Գործող օրենսդրությամբ ամենից կարճ ժամկետը իրավունքի պետական գրանցման և տեղեկատվություն տրամադրելու համար նախատեսված դիմումը ներկայացնելու օրվանից սկսած հաջորդ օրը նախատեսվում է ծառայությունների ամենակարճ ժամկետ սահմանել դիմումներ ներկայացնելու պահից սկսած՝ աշխատանքային երկու ժամվա ընթացքում: Գույքի նկատմամբ իրավունքերի պետական գրանցման մասին ԼՂՀ օրենքում առաջարկվող փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել նաև Պետական տուրքի մասին ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարել: Որոշ տեղեկատվության տրամադրման համար գանձվել է պետական տուրքի վճարի չափը սահմանելու համար: Նախագծով առաջարկվում է նաև անշարժ գույքի հասցեի գրանցման դեպքում ազատել պետական տուրքի վճարումից: Այսքանը, համառոտ այս օրենքների փաթեթի մասին, օրենքները ծավալուն են, եթե հարցեր կան, պատրաստ եմ պատասխանել:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցե՞ր: Հայկ Խանումյան:
Հայկ Խանումյան – Իմ հարցը, Պետական տուրքի մասին օրենքի փոփոխությունների չէ, ընդհանրապես, օրենքի մասին է: Իմաստը ո՞րն է, եթե բազան կա անշարժ գույքի միավորների, իրավունքների ծագման, գույքային իրավունքի փոխանցման համար, տարբեր վճարներ սահմանել, տարբեր օրերի համար, միգուցե հենց նույն օրը տեղեկանք ստանա, ամենացածր գնով և, ենթադրենք բազային տուրքի երեսնապատիկի կամ հնգապատիկի, կրկնապատիկի չափով, ոչ թե հարյուրապատիկի կամ, չգիտեմ քսանապատիկի և այլն: Այսինքն, այս օրերի չորրորդ աշխատանքային օր, երկրորդ օր, երրորդ օր, նույն օր, իմաստը, ո՞րն է, երբ որ դրա բազան մենք ունենք և կարելի է միանգամից տրամադրել մատչելի գնով: Շնորհակալություն:
Լևոն Գրիգորյան – Շնորհակալություն հարցի համար, եթե մենք (չի լսվում) նայենք՝ ինչ էր կատարվում մինչև 2012թ., Մենք բոլորս պետք է հիշենք, որ մենք երկար ժամանակ ենք կորցնում իրավունքների գրանցման համար, բազային օրը 15 օրն էր, բացի դրանից, մենք խնդիր ունեինք չափագրության հետ: 2012թ. սկսած՝ բարեփոխումներ անշարժ գույքի կադաստրի ոլորտում, հնարավորություն ստեղծեցինք կրճատել այդ օրերը, միանգամից բազային նոր սահմանելով չորրորդ աշխատանքային օրը: Հնարավորություններից մեկն այն էր, որ մասնավորեցվեց մինչ այդ կադաստրի ստորաբաժանման կողմից իրականացվող անշարժ գույքի չափագրման գործառույթը, այսինքն քաղաքացին դիմելուց առաջ արդեն իսկ կարող էր ունենալ չափագրման նյութերը և դիմումի հետ ներկայացնել այդ չափագրման նյութերը՝ գրանցումը ընթացքավորելու նպատակով: Ինչ վերաբերվում է չորս, երկու, երեք և մնացած օրերին, իհարկե մենք պիտի մի օր գանք նրան, որ չսահմանենք տարբեր գումարներ, չսահմանենք երկար օրեր, այլ իրականացնենք գրանցում տեղում: Բայց, ցավոք սրտի, այսօրվա մեր համակարգը դեռ թույլ չի տալիս մեզ իրականացնել նման գրանցում: Աշխարհում այդ հնարավորությունները տարբեր պետություններ ունեն, բայց այդ հնարավորությունները եկել են տարիների ընթացքում և շատ լուրջ ներդրումների ընթացքում: Ինքնանպատակ չէ չորս օր, երեք օր, քառասուն հազար, երեսուն հազար, հիսուն հազար դրամը, այդ ամեն ինչը կախված է աշխատանքի ծավալից, քարտեզագրական նյութերի որակից և քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերի որակից: Այդ առումով մենք դեռ, մոտավորապես մեկ կամ երկու տարի հնարավորություն չենք ունենալու վերանայել այս համակարգը: Մենք 2017 թվականի ամառվանից ներդրել ենք նոր համակարգ գրանցումների՝ Արպիս կոչվող համակարգը, որը Հայաստանի նույն համակարգի համահունչ համակարգն է: Մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել մատչելի դարձնելու քաղաքացիների համար գրանցումների գործառույթը: Մենք այսօր կարող ենք դիմումներ ընդունել Արցախում և գրանցում իրականացնել Հայաստանի Հանրապետությունում: Մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում կարող ենք դիմումներ ընդունել և գրանցումներ կատարել Արցախում: Բայց, օրերի կրճատման խնդիրը առաջին քայլն է, որը այսօր ներկայացվում է: Վստահ եմ, որ մենք մի օր կանենք, ժամերի և րոպեների խնդիր է:
Աշոտ Ղուլյան - Արձագանքո՞ւմ եք, պարոն Խանումյան: Շնորհակալություն: Ուրիշ հարցե՞ր: Չկան, շատ լավ, շնորհակալություն, պարոն Գրիգորյան:
Լևոն Գրիգորյան – Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունները հրախպարակելու համար, հրավիրում ենք Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արպատ Ավանեսյանին, խնդրեմ:
Արպատ Ավանեսյան - Հարգելի գործընկերներ, երկրորդ ընթերցմամբ ներկայացվող Առևտրաարդյունաբերական պալատի մասին օրենքի վերաբերյալ այս ընթացքում, ոչ մեր՝ պատագամավորների կողմից, ոչ փորձագետների կողմից ոչ մի առաջարկ չի եղել: Դրա մասին կառավարության լիազոր ներկայացուցիչը ներկայացրեց, որի համար էլ մենք՝ այս անգամ ևս, երաշխավորել ենք, որպեսզի ներկայացված օրենքի նախագիծը ընդունվի Ազգային ժողովի կողմից, որպես լիակատար օրենք: Երկրորդը՝ երկու վերնագրեր են այստեղ՝ Գույքի նակատմամբ իրավունքերի պետական գրանցման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և Պետական տուրքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Հանձնաժողովում լիարժեք քննարկվել է, բարձրացված բոլոր հարցերին պարոն Գրիգորյանը տվել է սպառիչ պատասխաններ և, այսօր էլ այստեղ բարձրացված հարցին շատ էլի հասանելի ձևով բացատրեց և կարծում եմ՝ խնդիր չի մնացել այս օրենքի հետ կապված, որի համար մեր հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և ակնկալում ենք ընդունել որպես օրենք: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցեր ունե՞նք, գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Եթե ցանկություն կա, հիմա երկու նախագծին էլ վերաբերվում է, երկու նախագծերի մասով ելույթներ, մտքերի փոխանակություն ծավալել, խնդրեմ, հերթագրվենք, եթե չէ, ամփոփենք ու անցնենք քվեարկության: Չկան: Ուրեմն մենք երկու առանձին օրենսդրական նախաձեռնություններ ենք ներկայացնում՝ մեկը, ինչպես քիչ առաջ նշվեց արդեն, առաջին ընթերցում անցած՝ Առևտրաարդյունաբերական պալատի մասին, մյուսը երկու օրենքի նախագիծ է՝ մեկ փաթեթով, կարծում եմ, որ Առևտրաարդյունաբերական պալատի մասին նախագիծը՝ մենք, դրա մասին խոսել ենք, իհարկե սպասումները դրական են, լավ են և կարծում եմ՝ այսօր մենք դրա կարիքը ունենք, ինչ որ ձևով և հասարակական և մասնագիտական տեսանկյուններից խթանելու փոքր ու միջին ձեռներեցությունը և, հույս ունենանք, որ այդ կառույցը, իսկապես գործուն կլինի, որպեսզի նաև կարողանա օգտակար խորհրդատվություններ ներկայացնել բոլոր այն կառույցներին և անհատներին, ովքեր կցանկանան մեր երկրում զբաղվել ձեռներեցությամբ: Սա, պարզապես մի օղակ է լրացուցիչ, խթանելու համար այս գործունեությունը: Ինչ վերաբերվում է երկրորդին, ապա այստեղ էլ դրական առաջարկներ կան, որովհետև ժամանակը գնում է, և օրենսդրական նախաձեռնություններով լիազոր մարմինը փորձում է ավելի հարմար պայմաններ ստեղծել բնակչության համար, և այս տեսանկյունից, կարծում եմ, երկու նախաձեռնություններն էլ արժանի են նրան, որ մենք քվեարկենք դրական: Ամեն դեպքում, մենք պատրաստ ենք քվեարկել և ես առանձին –առանձին եմ ներկայացնում, որպեսզի մենք չշփոթենք: Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Առևտրաարդյունաբերական պալատի մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես, որոշումն ընդունված է: Հաջորդ՝ երկրորդ որոշումը, Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և Պետական տուրքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Արցախի Հանրապետության օրենքներն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա: Որոշումն ընդունվում է միաձայն: Շնորհակալություն, մենք այս երկու օրենսդրական նախաձեռնությունների հանդեպ նույնպես մեր վերաբերմունքն արտահայտեցինք: Այժմ անցնում ենք օրակարգի օրենսդրական նախաձեռնությունների վերջին հարցին՝ Դատախազության մասին, օրենքի նախագիծը, այն լիազորված է Ազգային ժողողովում ներկայացնելու Արցախի Հանրապետության արդարադատության նախարար, պարոն Արարատ Դանիելյանը, խնդրեմ:
Արարատ Դանիելյան – Բարև ձեզ, հարգելի պատգամավորներ: Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում Դատախազության մասին օրենքի նախագիծը: 2017 թվականի փետրվարի 20-ին ընդունվեց Արցախի Հանրապետության նոր Սահմանադրությունը, որում ամրագրվեցին ԼՂՀ 2006 թվականի Սահմանադրությամբ դատավարության վերաբերյալ համակված նոր իրավակարգավորումներ: Նախագծով նախատեսվող կարգավորումները առավելապես պայմանավորված են Սահմանադրությամբ նախատեսված մի շարք նոր դրույթներով: Այսպես, Արցախի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, սահմանվել են դատախազության լիազորությունները, որոնք իրենց արտացոլումն են գտել նախագծի 5-րդ գլխում: Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասի, 2-րդ կետի համաձայն դատախազությունը հսկողություն է իրականացնում, իսկ դատական քրեական վարույթը օրինականության նկատմամբ: Նշված լիազորության իրականացման կարգը սահմանում է օրենքի 23-րդ հոդվածով և ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքով:
Սահմանադրության 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն դատախազությունը օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան: Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծով ամրագրվել է, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը իր մեջ ներառում է նաև պետության պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից համայնքին ուղղված միջոցները: Դատախազը քաղաքացիական դատավարության կարգով հարուցում է ոչ միայն պետության գույքային, այլ նաև ոչ գույքային շահերի պաշտպանության հայց: Ընդլայնվել են դատախազի լիազորությունները բացառիկ դեպքերում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելիս: Մասնավորապես, դատախազն իրավունք ունի անվճար օգտվելու ծառայողական նպատակներով օգտագործելու տեղեկատվական տվյալների բազայից, ինչպես նաև պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին անհրաժեշտության դեպքում ներգրավելու համապատասխան մասնագետի կամ փորձագետի: Սահմանում է, որ համապատասխան մարմինները պարտավոր են դատախազին տրամադրել պահանջվող իրավական ակտերը, փաստաթղթերը և այլ տեղեկությունները ողջամիտ ժամկետներում: Հստակեցվել է նաև դատախազության իրավասությունը պետական շահերի պաշտպանության լիազորությունները իրականացնելիս: Նախագծով առաջարկվում է դատախազության մասին օրենքի 145-րդ հոդվածում սահմանված արհեստակցական միությանը անդամակցվելու իրավունքի սահմանափակումը հանել, քանի որ, եթե 2006թ, Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն արհեստակցական միություններ ստեղծելու իրավունքը կարող է սահմանափակվել դատախազությունում ծառայողների համար, ապա մեր նոր Սահմանադրության 45-րդ հոդվածը՝ ըստ անձանց կարգավիճակի, ուղղակիորեն սահամանափակում չի նախատեսվում: Ընդ որում, նման դիրքորոշում բխում է նաև միջազգային փաստաթղթերից: Սահմանադրության 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, գլխավոր դատախազ կարող է ընտրվել 35 տարին լրացած Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով, փորձառությամբ բարձրագույն կրթությամբ իրավաբան: Միաժամանակ սահմանվել է, որ գլխավոր դատախազի համար օրենքով կարող են սահմանել լրացուցիչ պահանջներ, ուստի նախագծով նախատեսվում է, որ գլխավոր դատախազը պետք է տիրապետի հայերենին և չպետք է առկա լինի օրենքի 33 –րդ հոդվածով որևէ սահմանափակում: Նախագծով առաջարկվում է վերանայել գործող օրենքի մի շարք դրույթներ, որոնք վերաբերվում է վերադաս և ստորադաս դատախազների փոխհարաբերությունների կանոնակարգմանը, որը կտարածի ոչ միայն միջդատական քրեական օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի և վերադաս դատախազի, այլև դատախազության սահամանադրական բոլոր գործառույթների իրականացման ոլորտում, ստորադաս և վերադաս դատախազների փոխհարաբերությունների հիման վրա: Նոր կարգավորումներ են նախատեսվել կարգապահական տույժերը, կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը և ժամկետները սահմանելու դեպքերում, որոնք հիմնականում պայմանավորված են գործող առկա օրենքում բացերը և անճշտությունները վերացնելու անհրաժեշտությամբ: Առաջարկվում է նաև որոշակի խմբագրական փոփոխություններ կատարել նաև թվով 6 հոդվածներում, որտեղ ներկայացված օրինագծում այդ կետերը առաջարկվում է համապատասխանեցնել Սահմանադրությամբ ամրագրված այդ խմբագրությամբ: Օրինակ, նշումը իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորություններ և առաջարկվում է նրան փոխարինել, իրականացվում է դատախազության Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ, այսինքն Սահմանադրության դրույթն ամրագրել այդ հոդվածներում: Նման օրենք գործում է նաև Հայստանի Հանրապետությունում: Կան առանձնահատկություններ, որոնք գործում են մեր այդ գործող օրենքում, դա կապված է դատախազների նշանակման գործընթացներին, հանձնաժողովներին այդ կազմակերպչական աշխատանքներին և հիմնականում այն, ինչ որ նշվեց, դա ամրագրված է այս օրինագծում:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Դանիլյան, հարցեր ունե՞նք հիմնական զեկուցողին: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Դանիլյան: Նոր օրենք է ներկայացված, որպես հիմնական մայր օրենք և հիմա գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը պետք է լսենք: Խնդրեմ, պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյան:
Հովիկ Ջիվանյան – Ինչպես արդեն նշվեց, Դատախազության մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկման էր դրվել, ներկայացվել Ազգային ժողով: Պետա-իրավական հանձնաժողովը, տեղին է նշել, Դատախազության մասին օրենքի նախագծի քննարկումները, հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և առաջարկել այն ընդունել առաջին ընթերցմամբ՝ հնարավորություն տալով առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում ակնկալելով հարցադրումները կամ առաջարկությունները, այդքանը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցե՞ր գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկա: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան:
Ցանկություն կա՞ ելույթների: Չկա: Փաստորեն, մենք երկու շաբաթ ժամանակ ունենք, ներկայացված օրենքի նախագծի հետ կապված մեր դիտողությունները, մեր առաջարությունները ներկայացնելու և, կարծում եմ, հարցեր կլինեն, որովհետև արդեն որոշ թեմաներ կան և խմբագրական և գուցե, ինչ -որ մի տեղ, բովանդակային, կարող են որոշակի փոփոխությունների առիթ տալ: Մենք հիմա, քանի որ հարցի քննարկումն ավարտել ենք, պարզապես խնդրում եմ ուշադրություն դարձնել, հիմա քվեարկությանն ենք անցնում Ազգային ժողովի որոշման նախագծի համար Դատախազության մասին Արցախի Հանրապետության օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 25, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ 1: Ճիշտ է չէ՞: Շատ լավ, մենք, փաստորեն օրենքի նախագծերի քննարկումներն էլ ավարտեցինք, այժմ մեզ մնում է օրակարգի վերջին հարցը՝ պատգամավորական հայտարարությունների համար, խնդրեմ, եթե այդպիսի ցանկություն կա՝ Ալյոշա Գաբիրելյան, Հայկ Խանումյան, Գագիկ Բաղունց: Ուրեմն, երեք հայտարարություն: Նորից եմ կրկնում, Ալյոշա Գաբրիելյան, Հայկ Խանումյան, Գագիկ Բաղունց: Երեք րոպե է տրամադրվում հայտարարության համար, ես հրավիրում եմ առաջին հայտարարությունը՝ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյան, խնդրեմ, թող պատրաստվի Հայկ Խանումյանը:
Ալյոշա Գաբիրելյան – Հարգարժան գործընկերներ, իրոք որ մայիս ամիսը համարվում է հայ ժողովրդի համար կարևորագույն ամիս, քանզի մայիս ամսում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք իրենց կնիքն են տվել մեր պետականության ստեղծման, ուժեղացման, կազմավորման, ինպես նաև, հիշարժան տոներ, ազգային ավանդույթներ պահպանելու, խորացնելու իմաստով: Այս տեսակետից, մեր խմբակցությունը մեծ ցավով է արձանագրում, որ Արցախում տարեցտարի, կարծես թե, պետք է ինչ որ ձևով նշվի նաև ազգային կարևորագույն տոներից մեկը՝ առաջին հանրապետության ստեղծման 100-ամյակը, հատկապես նշելու առիթն էր, որ բաց թողեցինք, ցավոք սրտի և հավուր պատշաճի այդ կարևորագույն տոնը չնշեցինք: Պատճառը, երևի թե այն է, որ դեռևս մեր գիտակցության մեջ առաջին հանրապետությունը, որպես դարեր շարունակ կորցրած պետականության վերականգնման ժամանակաշրջան՝ չի հասել արցախցիներիս, և ավելի վատը այն է, որ, երբ հարցնում են՝ այս ի՞նչ տոն է, բնակչության մի մեծ մասը, այս ի՞նչ տոն է, ինչի համար է այս տոնը, չիմանալով այդ տոնի իմաստն ու բովանդակությունը: Այս տեսակետից, այն սահմանափակվեց միայն ու միայն մի քանի միջոցառումներով, որ կազմակերպվեց մշակույթի և երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, իսկ մնացած օջախներում՝ հատկապես ուսումնական հաստատություններում, այդպես էլ ոչ մի տեղ չնշվեց այդ տոնը: Ցավում ենք դրա համար և միաժամանակ առաջարկություն ունենք, որ գոնե, եթե մենք եռատոնը նշում ենք այսպես լավ ու գեղեցիկ և մեր տոնն ենք համարում և, երբ առաջին հանրապետության տոնակատարությունը նշելու համար մենք կազմում ենք Ղարաբաղում պետական պատվիրակություն ամեն տարի և պիտի մասնակցի Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումներին, սա ցավալի է: Այսինքն, ստացվում է, որ առաջին հանրապետության ստեղծումը ղարաբաղցիներիս չի վերաբերվում և չենք էլ նշում: Այդ տեսակետից, լավ կլիներ և առաջարկություն ենք մտցնում, որ այն հանձնաժողովը՝ պետական կառավարական, որը ստեղծում է եռամիասնական տոնը նշելու համար, ընդամենը մի քանի օր հետո, որ պիտի նշվի հանրապետությունը, զբաղվի այդ հարցերով, ինչ կխանգարեր, եթե մենք նշեինք այդ կարևորագույն տոնը: Եվ, կոնկրետ ինձ համար շատ ամոթ էր, որ բաձր մակարդակով, առանց այստեղ նշելու, մեր պետական այրերը կամ տարբեր իշխանության թևերից մասնակցում են Հայաստանում կազմակերպվող միջոցառումներին: Եկեք այս բացը մենք շտկենք ու լրացնենք, որովհետև մենք հայեր ենք, մեր հանարապետությունն է եղել, մեր հպարտությունն է եղել և պետք է հավուր ձևով նշենք այդ տոնը նաև Ղարաբաղում:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան: Հաջորդ հայտարարությունը՝ Հայկ Խանումյան, թող պատրաստվի Գագիկ Բաղունցը:
Հայկ Խանումյան – Հարգելի ներկաներ, այն հարցերը, որոնց մասին ես կխոսեմ այսօրվա ելույթում, արդեն շոշափել եմ բազմաթիվ անգամ, թե այս ամբիոնից և թե տարբեր հրապարակային հարթակներում: Այս թեմաները մենք բազմաթիվ անգամ քննարկել ենք նաև տարբեր ձևաչափերով: Ազգային ժողովի նախորդ նիստից ապրիլի 19-ից մինչև այսօր էական փոփոխություններ են եղել մեր կյանքում: Մենք ականատես ենք եղել հայաստանյան հասարակության զարթոնքին և ավտորիտար համակարգի փլուզմանը Երևանում: Ակնհայտ է, որ այդ գործընթացը պետք է արագացնի նաև Արցախում հասարակության ուժեղացման գործընթացը: Գործընթաց, որը ցանկալի է այս դահլիճում նստած գործիչների մեծ մասին համար: Դրա համար լրջագույն փոփոխություններ են պետք մի քանի ոլորտներում: Ես նախկին ելույթներում դրանց անդրադարձել եմ, փորձեմ համառոտ կրկին խոսեմ դրանց մասին. Առաջին՝ Ազգային ժողովը մնում է փակ հանրության համար, սա անթույլատրելի երևույթ է, սրա վերջին կաթիլը այս տարվա բյուջեի կատարման խոչընդոտումն էր: Բյուջեի կատարողականը Ազգային ժողովի վերահսկողության գլխավոր ֆունկցիայի գլխավոր գործիքն է, և հանրությունը առավելագույնս պետք է տեղյակ լինի, թե ինչպես են ընթացել քննարկումները: Մեր բնակիչները պետք է իմանան, թե ինչպես է ծախսվել իրենց կողմից վճարված հարկերը, իրենց կողմից ընտրված պատգամավորները, որ ծրագրերն են կարևորել, գումարների ծախսման արդյունավետությանն ինչպես են վերաբերվել, ինչ հարցեր ու առաջարկներ են հնչեցվել: Այս ամենի փոխարեն մենք տեսանք չլուսաբանվող կատարողական և հանրությունից կատարողականի գործընթացը թաքցնելու փաստ: Վստահ կարող եմ նշել, որ այս ամենը Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի նախաձեռնությունն է: Վստահորեն կարող ենք փաստել, որ պարոն Ղուլյանը իրականացնում է Ազգային ժողովի աշխատանքների սաբոտաժ: Եվ ոչ միայն կատարողականի հարցերով, այլ՝ ընդհանրապես: Ես նախկինում Ազգային ժողովի նախագահին մեղադրել եմ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքին ամեն նիստին խախտելու մեջ, մեղադրել եմ նրան անգործության մեջ, հիմա մեղադրում եմ Ազգային ժողովի աշխատանքերի և պատգամավորների գործունեության միտումնավոր խանգարման ու սաբոտաժի մեջ: Այս հարցը քաղաքական քննարկման առարկա պետք է դառնա խորհրդարանական կուսակցությունների միջև: Երբ Հայաստանում ամեն փոքր համայնքի ավագանու նիստ անգամ օնլայն հեռարձակվում է, ամոթ է, երբ Արցախում հանձնաժողովների և լիագումար նիստերն ու քննարկումները թաքցնում են հանրությունից:
Երկրորդ խնդիրը, որ անընդհատ անդրադառնում ենք Արցախի հանրային հեռուստատեսության հարցն է, այս հեռուստատեսությունը մնում է դեռ ավտորիտար համակարգի գործիք, չի արտահայտում բազմակարծություն, չի անդրադառնում կարևորագույն քաղաքական հարցերին և փակ է մնում քաղաքական թեմաների և հատկապես ընդդիմության համար:
Երրորդ խնդիրը պետական համալսարանի փակ ու կուսակցականացված լինելն է: Այս հարցը ես բարձրացրել եմ ամիսներ առաջ: Երբ Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահն ու ռեկտորը մի կուսակցության անդամ է, ակնհայտ է, որ բուհը վարչական գործիքի վտանգի տակ է: Ես դասավանդել եմ ԱրՊՀ -ում և իմ օրինակով տեսել եմ, թե ինչպես նախագահականը կարող է միջամտել անգամ ստուգարքի նշանակմանը: Բուհերը պետք է ունենան կատարյալ անկախություն: Աշոտ Ղուլյանը և Արայիկ Հարությունյանը նախկինում նույնպես ասել են, որ պետք է հրաժարվեն պետական բուհերի խորհրդի պաշտոններից: Բուհերը պետք է լինեն ապակուսակցական և ունենան ինքնավարության առավելագույն բարձր մակարդակ: Ժամանակի սղության պատճառով միայն այս երեքը: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Մի քիչ էլ կա, ոչինչ: Շնորհակալություն: Ես հիմա չեմ անդրադառնա, բայց քանի որ, կոնկրետ Ազգային ժողովի նախագահի գործունեությանն է վերաբերվում, ես առաջարկում եմ վաղը կամ մյուս օրը մենք՝ խմբակցություններով քննարկենք: Քննարկենք, ի՞նչն է խնդիրը: Ես պատրաստ եմ: Պատգամավորական հայտարարության համար՝ Գագիկ Բաղունց, խնդրեմ:
Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, մեր ժողովրդի համար ապրիլը հերթական անգամ եղավ փորձությունների ամիս: Ցավոք, փորձությունից փորձություն, հաղթահարելով բազում մարտահրավերներ և ազգային գոյությանը սպառնացող ոտնձգություններ, մենք այդպես էլ դասեր քաղելու պատրաստակամություն չենք մշակել: Թվում էր՝ ապրիլյան պատերազմից հետո, երբ մենք ազգովի համախմբվեցինք մեր սահմանների պաշտպանության գաղափարի շուրջ, մենք վերջապես կսկսենք մեր պետականությունը կառուցել օրինականության և արդարության սկզբունքների վրա: Բայց հետագա երկու տարիներին այդպես էլ չլուսավորվեցին պետականության հիմքերը քայքայող բազմաթիվ բացասական երևույթների դեմ պայքարելու մտադրությամբ: Ավելին, մարտ և ապրիլ ամիսներին հայկական լրատվամիջոցները հեղեղված էին հոդվածներով, որոնք ներշնչում էին երկրի հանրապետական կուսակցության, նրա առաջնորդների գոյություն ունեցող պետական համակարգի անգնահատելի ծառայությունների և նրանց անփոխարինելիության մասին: Հասարակության բևեռացումը և արմատականացումը, որը առաջ է եկել սոցիալական արդարության հիմնարար սկզբունքների ոտնահարման հետևանքով, ավելի են խորանալու, եթե իշխանությունը, վերջապես դեմքով չշրջվի դեպի հասարակությունը: Լիովին օրինաչափ էր, որ բնակչությունը սկսեց դիմել բողոքի ավելի ու ավելի սուր ձևերի և այդ բողոքի հիմնական կրողը դարձավ երիտասարդությունը: Երիտասարդությունը իշխանություններից պահանջում էին մտածել ոչ թե հանուն սեփական վերարտադրության ապագա ընտրությունների, այլ ապագա սերունդների մասին: Իսկ երբ ապագան ըմբոստանում է ներկայի դեմ, ապա դա վկայում է հասարակության լուրջ հիվանդության մասին: Ի պատիվ մեր ժողովրդի, մեր երիտասարդությունը այս անգամ էլ իրեն դրսևորեց արժանի մակարդակի վրա: Ցուցաբերվող քաղաքացիական և քաղաքական հասունություն, համաժողովրդական շարժման շարքերում նա կատարել է առաջին անգնահատելի քայլը, բայց այդ քայլը պետք է դառնա հաշվարկված, կշռադատված և երկար ճանապարհի սկիզբը: Բողոքի համաժողովրդական ալիքը ծնել է հսկայական էներգիա և մեր ժողովուրդի դարավոր իմաստությունը պետք է առաջին հերթին դրսևորվի այդ ֆանտաստիկ էներգետիկայի ակունքների իմացությամբ և տեսլականով: Այդ ամենը մենք ձեռք ենք բերել ազգի մեծագույն զոհաբերականությամբ, վճարելով հազարամյա հալածանքներով և տառապանքներով: Թուրքական յաթաղանին հեղած արյան գետերով, արցախյան պատերազմի հազարավոր կյանքերով: Եվ մենք իրավունք չունենք այդ էներգիան մսխել ներքին հաշիվներին: Չնչին, սույն րոպեական խնդիրների լուծման համար, մենք իրավունք չունենք ապակայունացնելու ներքին իրավիճակը, բայց միաժամանակ իրավունք չունենք պահպանել կամ ստեղծել պայմաններ, որ նպաստում են կամ առաջ են բերում զայրույթ և ապակայունություն: Չարժե հուսալ, որ արդեն վաղը՝ մեզ մոտ կիշխի արդարության և դրախտային կյանքի դարաշրջան, պետք է պատրաստ լինել լուրջ մարտահրավերների, առաջին հերթին այն բանի գիտակցմանը, որ արտաքին վտանգի թերագնահատումը կործանարար է: Նրանից, թե ինչպիսին կլինի մեր հետագա քայլերը, որքան արագ մենք կշարժվենք հանրային և քաղաքական ինքնամաքրման ճանապարհով, որքան արագ մենք կազատվենք նեղ կուսակցական և անձնական շահեր հետապնդող կուսակցություններից և նրանց առաջնորդներից, այնքան արագ մենք կկառուցենք պաշտպանված, ծաղկուն ու սոցիալական ժողովրդավարության վրա հենվող երկիր: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Մենք ավարտեցինք նաև պատգամավորական հայտարարությունների բաժինը, ես բոլորիդ մի բան եմ խնդրում, մնալ քաղաքական կոռեկտության շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, իհարկե մեզ համար շատ հարազատ և թանկ, բայց կարծում եմ՝ մենք դրան պետք է վերաբերվենք, որպես եղբայրական և բարեկամական երկիր և նաև մեր ինքնիշխանությունն անենք: Շնորհակալություն այսօրվա աշխատանքի համար: