ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
21.05.2015թ. ժամը 11:00
ՆԻՍՏԸ ՎԱՐՈՒՄ Է ՏԱՐԻՔՈՎ ԱՎԱԳ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐՊԱՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ
Նիստին ներկա են ԼՂՀ Նախագահը, վարչապետը, կառավարության անդամները, Արցախի թեմի առաջնորդը, նորընտիր պատգամավորները, հյուրեր, լրագրողներ:
Արպատ Ավանեսյան - Մեծարգո Նախագահ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Սրբազան Հայր, հարգարժան վարչապետ, 6-րդ գումարման Ազգային ժողովի պատվարժան պատգամավորներ, հարգելի հրավիրվածներ, տիկնայք և պարոնայք.
Առաջնորդվելով ԼՂՀ Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգով, ինձ, որպես նորընտիր խորհրդարանի ավագ պատգամավորի, հերթական անգամ պատիվ է վիճակվել բացելու ԱԺ 1-ին նստաշրջանը:
Օգտվելով այս հիշարժան պահից, ողջունում եմ նստաշրջանի մասնակիցներիդ, մեր ողջ ժողովրդին` ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի 1-ին նստաշրջանի գումարման առիթով:
ԼՂՀ Ազգային ժողովը, որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին, ինչպես նախորդ գումարումներում, այժմ և այսուհետ, համոզված եմ` հավատարիմ կմնա ժողովրդին ու պետությանն անմնացորդ ծառայելու իր բարձր կոչմանը, արժանի ավանդ կունենա պետականաշինության անցած տասնամյակներում մեր ձեռքբերումների պահպանման ու բազմապատկման գործում:
Այժմ, հարգելի ներկաներ, թույլ տվեք, ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի 1-ին նստաշրջանը հայտարարել բացված:
(ԼՂՀ օրհներգի կատարումը):
Արպատ Ավանեսյան - Նստաշրջանի հարգելի մասնակիցներ, նորընտիր խորհրդարանին ողջույնի ու շնորհավորանքի խոսք ունի ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը:
Բակո Սահակյան - Գերաշնորհ սրբազան Հայր, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, տիկնայք և պարոնայք:
Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ:
2015թ. մայիսի 3-ին հանրապետությունում կայացան հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնք, ինչպես միշտ, եղան բաց ու թափանցիկ և անցան բարձր մակարդակով: Այդ մասին են վկայում միջազգային դիտորդների արձանագրությունները և նրանց կողմից արված համապատասխան հայտարարությունները:
Ազատ մրցակցությամբ, ժողովրդավարական սկզբունքներին համահունչ անցկացված ընտրությունները կարևոր հիմք են հանդիսանում նոր ձևավորված խորհրդարանի արդյունավետ աշխատանքի համար:
Հարգելի ներկաներ.
Նախևառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին` իրենց աշխատանքի համար:
Նախորդ խորհրդարանն իրականացրել է բավականին ծավալուն աշխատանք օրենսդրական դաշտում, ունեցել իր ընդգծված դերակատարությունը մեր հանրապետության ներքին և արտաքին քաղաքական կյանքում: Ձեզնից ոմանք եղել են և 5-րդ, և նախորդ գումարումների խորհրդարանների պատգամավորներ և այս փորձը, համոզված եմ, պահանջված կլինի նաև ներկայիս Ազգային ժողովում:
6-րդ գումարման Ազգային ժողովն ունի իր յուրահատկությունները: Այն մշտական հիմունքներով գործող պրոֆեսիոնալ խորհրդարան է, որտեղ նոր հարաբերակցություն է հաստատված նաև համամասնական և մեծամասնական ընտրակարգերով ընտրված պատգամավորների թվաքանակի միջև` հօգուտ վերջինիս:
Նման փոփոխությունները մշակված բարեփոխումների արդյունք են, որոնց մեր պետությունը գնացել է գիտակցված, նպատակ ունենալով ավելի արդյունավետ դարձնել և օրենսդիրի իշխանության, և ընդհանուր պետական համակարգի գործունեությունը:
Առաջին հերթին դա պատասխանատվության բարձր աստիճան է պահանջելու յուրաքանչյուր պատգամավորից, ակնկալում ենք, որ էական տեղաշարժեր կլինեն նաև կուսակցությունների կազմակերպվածության, կայացման և գործունեության մեջ:
Սպասելիքները նոր խորհրդարանից առաջին հերթին վերաբերում են օրինաստեղծ գործունեությանը: Հույս ունենք, որ նոր որակ կհաղորդվի օրենքների մշակման աշխատանքներին, հաշվի առնելով զարգացած երկրների փորձը և մեր հանրապետության առանձնահատկությունները:
Արդյունավետ օրինաստեղծ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ կլինի շարունակել գործնական հարաբերությունների պահպանումն իշխանության գործադիր և դատական թևերի հետ: Այս համագործակցությանը մեր երկրում միշտ կարևոր տեղ է հատկացվել և, հուսով եմ, որ այն կշարունակվի նաև 6-րդ գումարման Ազգային ժողովում:
Կարևոր են նաև Ազգային ժողովի աշխատանքներն ուղղված միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Այս ոլորտում մեր հաջողությունները անմիջական ազդեցություն կունենան երկկողմ հարաբերությունների հաստատման և Արցախի միջազգային ճանաչման գործընթացի վրա, մանավանդ որ խորհրդարանական դիվանագիտությունն ունի իր յուրահատկությունները, ինչը թույլ է տալիս շրջանցել քաղաքական բազմաթիվ խոչընդոտներ, որոնց հետ առնչվում են հատկապես չճանաչված պետությունների գործադիր մարմինները:
Այստեղ արդեն իսկ կան շոշափելի ձեռքբերումներ, վերջին 5 տարիներին նոր որակ է հաղորդվել տարբեր երկրների հետ միջխորհրդարանական և միջկուսակցական հարաբերությունների հաստատման և ընդլայնման գործընթացին: Անհրաժեշտ է լինելու պահպանել արձանագրված դրական դինամիկան և գրանցել նոր հաջողություններ:
Այս համատեքստում կարևոր է էլ ավելի խորացնել համագործակցությունը Արցախի արտգործնախարարության, ՀՀ Ազգային ժողովի և միջազգային տարբեր կազմակերպությունների հետ:
Հարգելի ներկաներ.
ԱԺ աշխատանքների արդյունավետ իրականացումը մեծապես կախված է այն քաղաքակիրթ աշխատանքային և փոխադարձ հարգանքի մթնոլորտից, որը պետք է առկա լինի խորհրդարանում: Հենց դա հնարավորություն կտա ավելի արդյունավետորեն մոտենալ առկա հարցերի քննարկմանը և բազմակողմանի հիմնավորված ու ճիշտ որոշումներ ընդունելուն, որոշումներ, որոնք ստանում են օրենքի ուժ, ինչն էլ ենթադրում է բարձր պատասխանատվություն: Իհարկե, քննարկումների ընթացքում մտքերի բախում պետք է տեղի ունենա, ինչը անխուսափելի է և պահանջված: Միևնույն ժամանակ խորհրդարանը չպետք է դառնա քաղաքական շահարկումների միջոցով նեղ անձնական դիվիդենտներ շահելու տեղ: Այն մի հարթակ է, որտեղ հանրության տարբեր հատվածների կողմից ընտրված պատգամավորները պիտի աշխատեն հանուն մեր երկրի, պետության զորացման, հասարակության համախմբվածության, ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման:
Այսպիսի մթնոլորտի ձևավորումը քաղաքական մշակույթի բաղադրամասից մեկն է, իսկ մեր պետությունը գտնվելով յուրահատուկ աշխարհագրական, քաղաքական իրավիճակում, պետք է ամեն ինչ անի, որ ունենա բարձր և օրինակելի քաղաքական մշակույթ:
Ավարտելով խոսքս, 6-րդ գումարման Ազգային ժողովին մաղթում եմ հաջող և արդյունավետ աշխատանք, բոլորիդ` խաղաղություն, քաջառողջություն և ամենայն բարիք:
Շնորհակալություն:
(Ծափահարություններ):
Արպատ Ավանեսյան - ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովին ուղղված օրհնանքի խոսքի համար հրավիրվում է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան - Ձերդ գերազանցություն Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, մեծարգո իշխանավորներ, նորընտիր պատգամավորներ, հայրենակիցներ.
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, ժողովուրդը ձեզ տվեց իր քվեն, ձեզ կոչեց մի վսեմ բարձր առաքելությամբ՝ վստահելով մեր երկրի օրենսդիր դաշտը: Մենք օրենքը ստացել ենք որպես մարդ արարած Աստծուց և ստանձնում ենք Աստծո պարտականություն Արցախում, շատ կուզենայի, որ սա ամեն օր դուք ի մտի ունենայիք: Կմաղթեմ, որ դուք շատ սահուն և անսասան կերպով առաջ տանեք ձեր կարևոր առաքելությունը, որից կախված է մեր ճակատագիրը:
Մենք ձեզ հետ մտնում ենք 5 տարվա վճռական մի ժամանակահատված, երբ շատ քաղաքական հարցեր կլուծվեն աշխարհում՝ գեոպոլիտիկ խնդիրներ, հարցեր՝ կապված հայոց Ցեղասպանության հետ, Արցախի հետ: Կմաղթեմ ուժ ու կարողություն, որ առավելագույնս կարողանաք անել մեր ճակատագրի համար, մեր աշխարհի բարօրության համար: Ուստի, ես շատ կկամենայի, որ մենք հիմա հոտնկայս աղոթենք և Աստուց խնդրենք զորավոր օրհնություն, որ այն ձեզ զորավիգ լինի ամեն օր, ամեն ժամ, ձեզ հետ էլ` մեր երկրին ու ժողովրդին:
Օրհնյալ մեր տեր Հիսուս Քրիստոս, ամէն.
Հայր մեր որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո,
Եկեսցէ արքայութիւն Քո,
Եղիցին կամք Քո որպես յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր:
Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
Որպես եւ մեք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ:
Զի քո է արքայութիւն եւ զորութիւն եւ
Փառք յաւիտեանս, ամէն:
Պահպանիչ և հույս հավատ Քրիստոս աստված մեր անկախ հանրապետությունս, ժողովուրդս հովանի աստծու, և պահյա պահպանյա, և օրհնյա նորընտիր Ազգային ժողովս մեր, Արցախ Հանրապետությունս, ժողովուրդս ու բանակս մեր, ընդ հովանյա սուրբ և պատվական խաչիդ քո խաղաղության, փրկեա և ազատյա մեզ երևելի և աներևույթ թշնամյաց և արժանավորյա գոյությամբ, փառավորս քեզ հոգուտ այժմ և միշտ հավիտենիայս հավիտենից, ամեն, օրհնյալ եղիր միշտ երթ այդ ի խաղաղություն, ի հաջողություն և Տեր Հիսուս Քրիստոս հավիտեանս, եղիցին ձեզ և մեզ հավիտեանս հավիտենից, ամեն, ամենայն հաջողություն և Աստծո օրհնություն:
Արպատ Ավանեսյան - Հարգելի գործընկերներ, համաձայն Ազգային ժողովի կանոնակարգի 34-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջի` Ազգային ժողովի նորընտիր պատգամավորները պարտավոր են հանդիսավոր երդում տալ, պատգամավորներին խնդրում եմ լսել երդումը, ավարտին կրկնել երդվում եմ պատգամը և ապա ստորագրել ձեզ բաժանված երդման տեքստի տակ: Երդման տեքստը հրապարակայնորեն հնչեցնելու համար հրավիրում եմ նորընտիր Ազգային ժողովի պատգամավոր Ռոմելա Դադայանին: Խնդրում եմ բոլորիդ ոտքի. ընդմիջմանը դրանք պետք է հանձնել ԱԺ քարտուղարություն:
Ռոմելա Դադայան - «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման, Երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել ԼՂՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ԼՂՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար. երդվում եմ»:
Արպատ Ավանեսյան - Կարծում եմ, այս հանդիսավոր պահը արժանի է շնորհավորանքի:
(Ծափահարություններ):
Հարգելի ներկաներ: Այս պահից սկսած 6-րդ գումարման պատգամավորները կարող են իրականացնել իրենց լիազորությունները:
Հիմք ընդունելով Ազգային ժողովի կանոնակարգի պահանջը` հրապարակում եմ 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավորական կազմը.
1. |
Աղաբեկյան Էդուարդ Արտավազդի |
«Շարժում-88» կուսակցություն |
2. |
Առստամյան Արսեն Արամայիսի |
Ընտրատարածք N 2 |
3. |
Ավանեսյան Արպատ Սանջանի |
«Ազատ հայրենիք» կուսակցություն |
4. |
Ավանեսյան Իվան Խորենի |
Ընտրատարածք N 6 |
5. |
Բալայան Վահրամ Ռազմիկի |
Ընտրատարածք N 4 |
6. |
Բալասանյան Վիտալի Միխայիլի |
Ընտրատարածք N 5 |
7. |
Բաղունց Գագիկ Միքայելի |
«Շարժում-88» կուսակցություն |
8. |
Բաղրյան Վարդգես Բորիսի |
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» |
9. |
Բարսեղյան Լյուդմիլա Անուշավանի |
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» |
10. |
Գաբրիելյան Ալյոշա Գրիգորիի |
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն |
11. |
Գալստյան Ժաննա Գեորգիի |
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» |
12. |
Գրիգորյան Արամ Արամայիսի |
«Ազատ հայրենիք» կուսակցություն |
13. |
Դադայան Ռոմելա Նիկոլայի |
«Ազատ հայրենիք» կուսակցություն |
14. |
Թովմասյան Արթուր Բաբկենի |
Ընտրատարածք N 9 |
15. |
Իշխանյան Դավիթ Ռուբենի |
Ընտրատարածք N 8 |
16. |
Իսրայելյան Ռուսլան Էդուարդի |
«Ազատ հայրենիք» կուսակցություն |
17. |
Խանումյան Հայկ Ռուբենի |
«Ազգային վերածնունդ» կուսակցություն |
18. |
Ծատրյան Արմո Մարդիի |
Ընտրատարածք N 11 |
19. |
Կասպարյան Գրիգորի Իսակի |
«Ազատ հայրենիք» կուսակցություն |
20. |
Հարությունյան Սերգեյ Սյոմիկի |
Ընտրատարածք N 7 |
21. |
Հյուսնունց Ռուդիկ Լևոնի |
«Ազատ հայրենիք» կուսակցություն |
22. |
Հովհաննիսյան Լեռնիկ Լենտրուշայի |
Ընտրատարածք N 10 |
23. |
Ղահրամանյան Ռոբերտ Էդիկի |
«Ազատ հայրենիք» կուսակցություն |
24. |
Ղուլյան Աշոտ Վլադիմիրի |
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» |
25. |
Մելքումյան Դավիթ Հայկի |
Ընտրատարածք N 1 |
26. |
Մխիթարյան Արզիկ Մարտիրոսի |
Ընտրատարածք N 3 |
27. |
Մնացականյան Ռիտա Միքայելի |
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն |
28. |
Պետրոսյան Գագիկ Ռազմիկի |
«Ազատ հայրենիք» կուսակցություն |
29. |
Պետրոսյան Գեորգի Միքայելի |
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն |
30. |
Ջիվանյան Հովիկ Խանլարի |
«Ազատ հայրենիք» կուսակցություն |
31. |
Սարգսյան Արմեն Թեմուրի |
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն |
32. |
Ուլուբաբյան Վարդգես Աշոտի |
«Ազատ հայրենիք» կուսակցություն |
33. |
Օհանջանյան Արարատ Արամայիսի |
«Ազատ հայրենիք» կուսակցություն |
Հիմա Ազգային ժողովի պատգամավորներին առաջարկում եմ գրանցվել. եթե կարելի է նորից:
Հարգելի պատգամավորներ: Քանի որ քվորումն ապահովված է, թույլ տվեք ձեր ուշադրությանը ներկայացնել առաջին նստաշրջանի օրակարգը: Այն կանոնակարգված է օրենքով, ուստի քվեարկության ենթակա չէ:
(Ներկայացնում է օրակարգը)
1. Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն.
2. Ազգային ժողովի նախագահի ընտրություն.
3. Ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրություն.
4. Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություն.
5. Մշտական հանձնաժողովների կազմավորում.
6. Կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարց:
Այժմ անցնենք առաջին հարցի քննարկմանը:
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի, Ազգային ժողովի որոշմամբ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի 1-ին նիստում ստեղծվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով, որը պահպանում է իր լիազորությունները մինչև հաջորդ հերթական նստաշրջանի սկիզբը:
Ինչպիսի՞ առաջարկություն կա քաղաքական և անհատական կազմի վերաբերյալ.
Գագիկ Պետրոսյան - Քանակական առումով առաջարկում ենք 3 հոգի, թեկնածուների առումով առաջարկում եմ Ռոմելա Նիկոլայի Դադայանի թեկնածությունը:
Վարդգես Բաղրյան - Արցախի ժողովրդավարական կուսակցությունն առաջարկում է Լյուդմիլա Բարսեղյանի թեկնածությունը:
Արպատ Ավանեսյան - Պրն. Աղաբեկյան` Բաղունց, այո՞:
Հանձնաժողովների անդամների առումով արդեն պարզ է, խնդրում եմ պատրաստվեք քվեարկության:
Քվեարկություն:
Քվեարկության է դրվում Ազգային ժողովի որոշման նախագիծը` ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ստեղծել հետևյալ կազմով`
- Դադայան Ռոմելա Նիկոլայի
- Բարսեղյան Լյուդմիլա Անուշավանի
- Բաղունց Գագիկ Միքայելի
Որոշումն ընդունված է:
Հաշվիչ հանձնաժողովին խնդրում եմ առանձնանալ և իրենց կազմից ընտրել հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
Ռոմելա Դադայան - Հանձնաժողովը որոշել է նախագահ ընտրել Ռոմելա Դադայանին, քարտուղար` Լյուդմիլա Բարսեղյանին:
Արպատ Ավանեսյան - Օրակարգի 2-րդ հարցը Ազգային ժողովի նախագահի ընտրությունն է: Համաձայն ԼՂՀ Սահմանադրության 83-րդ հոդվածի 1-ին մասի, Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրում է Ազգային ժողովի նախագահ: «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետով Ազգային ժողովի նախագահի պաշտոնում պատգամավորների կողմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է պատգամավորներին: Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 54-րդ հոդվածի և 92-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների, Ազգային ժողովի նախագահի ընտրության վերաբերյալ քննարկումները ընթանալու են հետևյալ ընթացակարգով. Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար թեկնածուներ առաջադրելու կամ առաջարկություն ներկայացնելու համար հատկացվում է մինչև 10 րոպե, ելույթով հանդես է գալիս առաջադրված թեկնածուն, հետո հարցեր են տրվում նրան, կատարվում է մտքերի փոխանակություն, առաջադրված թեկնածուն հանդես է գալիս եզրափակիչ ելույթով և վերջում, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի, կատարվում է գաղտնի քվեարկություն: Առաջադրված թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչև եզրափակիչ ելույթների ավարտը: Ընթացակարգը պա՞րզ է: Եթե այո, ապա խնդրում եմ առաջարկել թեկնածուներ:
Արթուր Թովմասյան - ԼՂՀ մեծարգո Նախագահ, վսեմաշուք Սրբազան Հայր, հարգարժան վարչապետ, հարգելի կառավարության անդամներ, սիրելի պատգամավորներ: Բոլոր 33 պատգամավորներին նախ շնորհավորում եմ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ: «Ազատ հայրենիք» խմբակցությունը սեր և խաղաղություն է մաղթում ձեզ: Վերջերս ԱԺԿ նախագահ Աշոտ Ղուլյանը և «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել են հուշագիր հետագա համագործակցության խորացման մասով: Հիմք ընդունելով դա, նաև այն, որ խորհրդարանը ոչ միայն օրենսդիր և ներկայացուցչական մարմին է, այլ նաև քաղաքական մարմին է, և 4-րդ, և 5-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին հաջողվել է բարձրացնել քաղաքական առումով Ազգային ժողովի դերը, առաջարկում եմ Աշոտ Վլադիմիրի Ղուլյանի թեկնածությունը:
Արպատ Ավանեսյան - Հաջորդը. չլինելու պարագայում այն 10 րոպեն չեմ սպասելու, դրանով կսահմանափակվեմ. չկա: Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է մեկ թեկնածու: Ելույթի համար հրավիրվում է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրված Աշոտ Ղուլյանը: Խնդրեմ:
Աշոտ Ղուլյան - Մեծարգո Նախագահ Արցախի Հանրապետության, Գերաշնորհ Սրբազան Հայր, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ, տիկնայք և պարոնայք.
Ինձ համար չափազանց պատասխանատու պահ է, այնպես, ինչպես լուրջ քննության ժամանակ, մի բան է միայն հանգստացնում, որ առաջին անգամը չէ, որ մասնակցում եմ նման քննության: Շնորհակալ եմ իմ գործընկերոջը, պատգամավոր Արթուր Թովմասյանին և այն քաղաքական ուժին, որը ներկայացրել է իմ թեկնածությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար:
Հարգելի պատգամավորներ, Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իմ նախորդ գործունեությունը եղել է թափանցիկ ձեր բոլորի վկայությամբ և, կարծում եմ, այսօր այն վերապատմելու հատուկ կարիք չկա: Ինձ համար ամբողջովին տեսանելի են, թե նախորդ գումարման խորհրդարանի աշխատանքներում ինչ է մեզ հաջողվել և որտեղ ենք թերացել, թե ինչ է պետք փոխել և ինչը շարունակել: Շատ համառոտ կարող եմ ասել հետևյալը. եթե դուք, հարգելի գործընկերներ, վստահեք ինձ ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, ես ձգտելու եմ ամեն ինչ անել ձեր բարձր վստահությունն արդարացնելու համար: Շնորհակալություն:
Արպատ Ավանեսյան - Հարցեր: Էդուարդ Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան - Պրն. Ղուլյան, ԼՂՀ Սահմանադրության ընդունումով երկու տարի Ազգային ժողովին ժամանակ է տրվել գործող օրենսդրության օրենքները համապատասխանեցնել Սահմանադրությանը: Ի՞նչ աշխատանքներ են ձեռնարկվել Ազգային ժողովի կողմից, արդյո՞ք համապատասխանեցված է օրենսդրական դաշտը Սահմանադրությանը, այլապես բազում հարցերով ստիպված ենք լինում ուղղել, առաջնորդել Գերագույն դատարան, սահմանադրական ատյան և այլն, և այլն:
Աշոտ Ղուլյան - Իսկապես, Սահմանադրությունն ընդունելուց հետո սահմանել ենք նույն Սահմանադրությամբ երկու տարի ժամանակ օրենսդրությունը մեր երկրի Հիմնական օրենքին համապատասխանեցնելու համար և այդ աշխատանքը մի մեծ մասով, կարելի է ասել, կատարվել է, այժմ չեմ ուզում թվային ցուցանիշներով ասել, բայց կարող ենք ասել, որ 90 տոկոսից ավելի մեր օրենսդրությունը համապատասխանեցված է երկրի Սահմանադրությանը: Պարզապես մենք ունենք հարցեր, որտեղ քաղաքական կարևոր որոշումների կարիք կա և այստեղ խնդիրը ոչ միայն օրենսդրությունը երկրի Սահմանադրությանը համապատասխանացնելն է, այլև մեր քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների ճիշտ չափաբաժինը սահմանելու մեջ է: Հետևաբար, աշխատանքը դեռ առջևում է, կարծում եմ 6-րդ գումարման խորհրդարանին որևէ բան չի խանգարելու այդ մնացյալ աշխատանքը շարունակելու և ավարտին հասցնելու համար:
Արպատ Ավանեսյան - Հաջորդը պարոն Գաբրիելյան:
Ալյոշա Գաբրիելյան - Պրն. Ղուլյան: Ունեք մեծ փորձառություն, եթե չեմ սխալվում, դուք երկու գումարման Ազգային ժողովի նախագահ եք եղել, ունեք մեծ փորձ, հիմա ընտրվելու դեպքում կղեկավարեք մշտական գումարման նստաշրջան, որը գործող է լինելու: Արդյոք, ձեզնից ի՞նչ լրացուցիչ ջանք է պահանջվելու և գործունեության ինչ որակներ են ձեզ անհրաժեշտ:
Աշոտ Ղուլյան - Իսկապես, 6-րդ գումարման խորհրդարանն իր գործառույթների մասով, ինչպես Սահմանադրությամբ և օրենքով է նախատեսված, արդեն լինելու է մշտական հիմունքներով գործող խորհրդարան, բայց կարծում եմ, դա որևէ կերպ չի փոխելու Ազգային ժողովի մշտական մարմինների գործառույթները, որովհետև նախորդ տարիներին Ազգային ժողովի նախագահի պարտականությունների և իրավունքների մեջ որևէ սահմանափակում չի եղել մշտական կամ ոչ մշտական հիմունքներով աշխատող խորհրդարանի հետ իր գործառույթները իրականացնելու ամբողջ սպեկտրում, կարծում եմ, որ ավելանալու է աշխատանքի ծավալը և քաղաքական խորհրդատվությունների անհրաժեշտությունը, որը 6-րդ գումարման խորհրդարանի արդեն ներկայացված քաղաքական պատկերի վրա, բնական է, որ դա լինելու է որպես կարևոր ուղղություն մեր հետագա աշխատանքներում: Ես որևէ խոչընդոտ կամ խնդիր չեմ տեսնում այդ աշխատանքները կազմակերպելու մեջ, պարզապես վստահ եմ, որ ձեզանից ամեն մեկից ինչ որ պահանջվում է այդ քաղաքական աշխատանքը կոնսոլիդացնելու, համախմբելու համար, դուք նույնպես իրականացնելու եք, որովհետև Ազգային ժողովի գործունեությունը միայն Ազգային ժողովի նախագահի գործունեությամբ չի սկսվում և ավարտվում: Այն ավելի շատ կախված է Ազգային ժողովի պատգամավորական կազմի և, իհարկե, աշխատակազմի համախմբված և համակարգված աշխատանքից:
Արպատ Ավանեսյան - Հաջորդը. հարցեր այլևս չկան:
Այժմ կանցնենք քվեարկության: Գաղտնի քվեարկության ընթացակարգի պարզաբանման համար հրավիրում ենք հաշվիչ հանձնաժողովի նախագահին:
Քվեարկության կարգը ցուցադրեք էկրանի վրա:
Ռոմելա Դադայան - Հարգարժան պատգամավորներ. hայտնում եմ ձեզ, որ գաղտնի քվեարկությունը տեղի է ունենալու Ազգային ժողովի շենքի ճեմասրահում: Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 61-րդ հոդվածի 8-րդ կետի` պատգամավորները քվեաթերթիկը լրացնում են գաղտնի քվեարկության խցիկում: Մեկ թեկնածուի դեպքում ջնջվում է «դեմ» բառը` եթե քվեարկվում է թեկնածուի օգտին, կամ «կողմ» բառը` եթե քվեարկվում է դեմ: Էլեկտրոնային տարբերակը ունենք: Դեմ լինելու դեպքում` կողմն է ջնջվում, կողմ լինելու դեպքում` դեմն է ջնջվում: Անվավեր են համարվում չսահմանված նմուշի քվեաթերթիկները, ինչպես նաև սահմանված թվից ավելի թեկնածուներ թողնված քվեաթերթիկները: Կամ մեկ թեկնածուի դեպքում միաժամանակ ջնջվում են կողմ և դեմ բառերը, կամ էլ ավելացված են այլ գրառումներ:
Արպատ Ավանեսյան - Ամեն ինչ պատրաստ է: Պատգամավորներին խնդրում եմ անցնել ճեմասրահ` քվեարկության համար: Նիստին հրավիրված անձանց խնդրում եմ քվեարկության ավարտից հետո վերադառնալ դահլիճ:
(Գաղտնի քվեարկություն):
Արպատ Ավանեսյան - Քվեարկությունն ավարտված է: Ազգային ժողովի նախագահի ընտրությունների արդյունքները հրապարակելու համար հրավիրվում է հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռոմելա Դադայանը:
Ռոմելա Դադայան - Գաղտնի քվեարկության արդյունքները Ազգային ժողովի 1-ին նստաշրջանի հաշվորդ հանձնաժողովի մայիսի 21-ի նիստին Ազգային ժողովի նախագահի ընտրության համար.
Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 61-րդ հոդվածի 11-րդ կետով, հաշվորդ հանձնաժողովն անց է կացրել Ազգային ժողովի նախագահի ընտրության գաղտնի քվեարկություն: Բացելով քվեատուփը, հանձնաժողովը պարզել է հետևյալը` անվավեր ճանաչված քվեաթերթիկ չկա, քվեարկությանը մասնակցել է 33 պատգամավոր, առաջադրված թեկնածուն քվեարկության ընթացքում ստացել է հետևյալ ձայները` Ղուլյան Աշոտ Վլադիմիրի
Կողմ` 28
դեմ՝ 5:
Թեկնածուն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ:
(Ծափահարություններ):
Արպատ Ավանեսյան - Եկեք շնորհավորենք Աշոտ Ղուլյանին ու հրավիրենք շարունակելու 1-ին նստաշրջանի աշխատանքները:
Աշոտ Ղուլյան - Մեծարգո Նախագահ, Սրբազան Հայր, հարգելի գործընկերներ:
Շնորհակալ եմ վստահության համար: Երախտագիտություն եմ հայտնում ինձ կողմ քվեարկած պատգամավորներին: Հավաստիացնում եմ բոլոր պատգամավորներին, որ իմ ուժերն ու հնարավորությունները ծառայելու են խորհրդարանի արդյունավետ գործունեության ծավալմանը, դրա համար ակնկալում եմ ձեզանից յուրաքանչյուրի օգնությունը, աջակցությունը և հարցերի քննարկման ժամանակ բացառապես պետական շահերով առաջնորդվելու ձգտումը:
Կարծում եմ, Պարգև Սրբազանի օրհնանքը կամրապնդի հավատը սկսած գործի արդարացիության մեջ: Հատուկ շնորհակալ եմ ԼՂՀ Նախագահին, օրենսդիր իշխանության լուծման գործում նրա շահագրգիռ և հոգատար վերաբերմունքի համար:
Շնորհակալություն վստահության համար և այն պարտավորեցնող է:
Այժմ ընդմիջում` 20 րոպեով:
Աշոտ Ղուլյան - Հարգելի գործընկերներ. 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակում է իր աշխատանքը, խնդրում եմ գրանցվել: Գրանցում: Տեխնիկական սխալ է: Լուսատախտակի վրա 31 թիվն է, բայց իրականում ներկա են 32 հոգի:
Հարգելի գործընկերներ: Ազգային ժողովի 1-ին նիստը շարունակում է իր աշխատանքը: Օրակարգի 3-րդ հարցը Ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրությունն է:
Համաձայն ԼՂՀ Սահմանադրության 83-րդ հոդվածի 1-ին մասի, Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների ընդհանուր մեծամասնությամբ ընտրում է Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է պատգամավորներին:
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 54-րդ հոդվածի և 92-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների, Ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրության վերաբերյալ քննարկումները ընթանալու են նույն ընթացակարգով, ինչպես Ազգային ժողովի նախագահի ընտրության դեպքում է: Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար, թեկնածուներ առաջադրելու կամ առաջարկություններ ներկայացնելու համար հատկացվում է մինչև 10 րոպե, ելույթով հանդես է գալիս առաջադրված թեկնածուն, հետո հարցեր են տրվում նրան, կատարվում է մտքերի փոխանակություն, առաջադրված թեկնածուն հանդես է գալիս եզրափակիչ ելույթով, և վերջում, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի, կատարվում է գաղտնի քվեարկություն:
Առաջադրված թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչև եզրափակիչ ելույթի ավարտը:
Ընթացակարգը պարզ է: Եթե հարցեր չկան, խնդրում եմ առաջադրել թեկնածուներ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար: Խնդրեմ:
Սերգել Հարությունյան - Առաջարկում եմ Վահրամ Ռազմիկի Բալայանի թեկնածությունը:
Աշոտ Ղուլյան - Ուրի՞շ: Չկան: Առաջադրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Վահրամ Ռազմիկի Բալայանի թեկնածությունը:
Այժմ, խնդրում եմ պարոն Բալայանին իր ներկայացման խոսքն ուղղել պատգամավորներին, որից հետո, ինչպես ընթացակարգն է, կարող եք հարցեր ուղղել կամ մասնակցել մտքերի փոխանակությանը: Իսկ հիմա ելույթի համար հրավիրվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Վահրամ Բալայանը, խնդրեմ:
Վահրամ Բալայան - Նախ ուզում եմ երախտագիտությունս հայտնել Ստեփանակերտի թիվ 4 ընտրատարածքի իմ ընտրողներին, շնորհակալություն, թեկնածություն առաջադրելու համար տեղակալի պաշտոնում: Բնականաբար, ես գիտակցում եմ, որ մշտական գործող Ազգային ժողովն այլ գործառույթներ ունի և ես կձգտեմ ձեր վստահության քվեն ստանալու պարագայում իրագործել այն ծրագրերը, որոնք ծառացած են Ազգային ժողովի առջև, իմ իրավասության շրջանակներում ձեզ հետ միասին շարունակել մեր պետականակերտման գործընթացը: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Հարցեր կա՞ն. չկան: Պրն. Բալայան, կարող եք նստել, շնորհակալություն: Մտքերի փոխանակության, ելույթների ցանկությո՞ւն. չկան:
Ուրեմն, երևի թեկնածուի եզրափակիչ ելույթի կարիք չկա: Գաղտնի քվեարկության ընթացակարգը պարզաբանվել է, մենք փորձել ենք էկրանին տեսողական նյութը ներկայացնել, բայց կարծես թե ներկայացումը՝ էկրանի սլայդը մի քիչ շփոթել են, դրա համար ուզում եմ նորից հիշեցնել, կողմ լինելու դեպքում ջնջվում է «դեմ» բառը և դեմ լինելու դեպքում` «կողմ» բառը:
Մենք պատրաստ ենք սկսել գաղտնի քվեարկությունը և պատգամավորներին հիմա պիտի նորից խնդրեմ, որ անցնեն ճեմասրահ քվեարկության համար. այս անգամ մի քիչ ավելի արագացված ենք անելու, որովհետև առաջին դեպքում մենք որոշ տեխնիկական խնդիրներ ունեցել ենք: Հիմա ընդմիջում` մինչև պատրաստ լինելը:
Խնդրեմ, գաղտնի քվեարկություն:
Աշոտ Ղուլյան – Հարգելի գործընկերներ, խնդրում եմ մի րոպե ուշադրություն, 6-րդ գումարման Ազգային ժողովի 1-ին նստաշրջանը շարունակում է իր աշխատանքները, և այժմ մենք պետք է ստանանք նաև քիչ առաջ տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքները: Ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրության արդյունքները հրապարակելու համար հրավիրվում է հաշվիչ հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ռոմելա Դադայանը: Խնդրեմ:
Ռոմելա Դադայան – Առաջնորդվելով Ազգային ժողովի կանոնակարգ ԼՂՀ օրենքի 61-րդ հոդվածի 11-րդ կետով, հաշվորդ հանձնաժողովն անց է կացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրության գաղտնի քվեարկություն: Բացելով քվեատուփը, հանձնաժողովը պարզել է հետևյալը` մասնակցել է 32 պատգամավոր, առաջադրված թեկնածուն քվեարկության ընթացքում ստացել է հետևյալ ձայները՝
Կողմ՝ 30, դեմ` 2:
Աշոտ Ղուլյան - Բոլորիս անունից շնորհավորում եմ պրն. Բալայանին և հրավիրում եմ նրան զբաղեցնելու իր տեղը, խնդրեմ:
(Ծափահարություններ):
- Աշոտ Ղուլյան - Հարգելի գործընկերներ, հաջորդ հարցը օրակարգի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունն է: Սա վերջին փակ գաղտնի քվեարկություն պահանջող հարցն է: Բայց նախքան դրան անդրադառնալը, հիշեցնեմ, որ Ազգային ժողովի կանոնակարգով մենք հիմա պետք է մեկ ժամ ընդմիջում հայտարարենք. եթե ցանկություն կա՝ հայտարարենք, այնուհետև շարունակենք, եթե չէ՝ կարող ենք հիմա շարունակել /առաջարկություններ դահլիճից/: Ուրեմն՝ շարունակում ենք, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության մասով ուզում եմ ձեզ, որպես լրացուցիչ տեղեկություն, հայտնեմ հետևյալը, որ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ կետի, Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան պատգամավորների ընդհանուր թվի 2/5-ով, ընտրվում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է պատգամավորներին:
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 54-րդ հոդվածի և 92-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածուներ առաջադրելու կամ առաջարկություն ներկայացնելու համար հատկացվում է մինչև 10 րոպե, ելույթով հանդես է գալիս առաջադրված թեկնածուն, հետո հարցեր են տրվում նրան, կատարվում են մտքերի փոխանակություն, առաջադրված թեկնածուն հանդես է գալիս եզրափակիչ ելույթով և վերջում կատարվում է գաղտնի քվեարկություն՝ համաձայն ԼՂՀ օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ կետի: Առաջադրված թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչև եզրափակիչ ելույթի ավարտը:
Ընթացակարգը պարզ է. այժմ խնդրում եմ առաջադրել թեկնածուներ: Հիշեցնեմ, որ այսօր «Ազգային ժողովի կանոնակարգի» համաձայն գործում են յոթ մշտական հանձնաժողովներ`
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով,
Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողով,
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով,
Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողով,
Պետական - իրավական հարցերի մշտական հանձնաժողով,
Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով,
Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողով:
Որպես տեղեկություն հայտնեմ, որ նախորդ օրերին տեղի են ունեցել որոշ քաղաքական խորհրդատվություններ, կարծում եմ, սա որևէ գաղտնիք չի պարունակում, որ կան որոշ պայմանավորվածություններ քաղաքական ուժերի միջև` այդ հանձնաժողովների նախագահների ընտրության հարցում:
Այժմ հայտարարվում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուների առաջադրումը: Խնդրեմ:
Հովիկ Ջիվանյան - Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում եմ Արզիկ Մարտիրոսի Մխիթարյանի թեկնածությունը:
Աշոտ Ղուլյան - Ուրիշ առաջարկություննե՞ր. չկան: Շնորհակալություն:
Հաջորդը` արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության համար. թույլ տվեք օգտվել իմ պատգամավորական իրավունքներից՝ ես առաջարկեմ պրն. Արպատ Ավանեսյանի թեկնածությունը: Նաև ասեմ, որ նա Ազգային ժողովի ամենափորձառու պատգամավորներից է, ինչը ինձ թույլ է տալիս ներկայացնելու՝ ծավալով և ուղղություններով մեծ հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Ուրիշ առաջարկներ կա՞ն. չկան:
Հաջորդը` գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համար:
Դավիթ Իշխանյան - Նկատի առնելով անցյալի փորձը և անձնական փորձառությունը, առաջարկում եմ Արմեն Թեմուրի Սարգսյանի թեկնածությունը:
Աշոտ Ղուլյան - Ուրի՞շ. չկան: Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համար առաջարկվում է Արմեն Թեմուրի Սարգսյանը:
Հաջորդը` պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի պաշտոնն է:
Ռուսլան Իսրայելյան - Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում եմ Ժաննա Գեորգիի Գալստյանի թեկնածությունը:
Աշոտ Ղուլյան - Ուրի՞շ: Չկան: Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ է առաջարկվում Ժաննա Գեորգիի Գալստյանը:
Հաջորդը` պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեք, խնդրեմ:
Գագիկ Պետրոսյան - Հաշվի առնելով ձեռք բերած փորձը առաջարկում եմ Հովիկ Խանլարի Ջիվանյանի թեկնածությունը:
Աշոտ Ղուլյան - Ուրիշ թեկնածուներ կա՞ն. չկան:
Հաջորդը` սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրությունը:
Ժաննա Գալստյան - Առաջարկում եմ Արամ Արամայիսի Գրիգորյանի թեկնածությունը, նկատի ունենալով, որ նախկինում եղել է այդ հանձնաժողովի նախագահի ու տեղակալի պաշտոններում և տիրապետում է ոլորտին:
Աշոտ Ղուլյան - Ուրիշ առաջարկություննե՞ր. չկան: Ընդունված է Արամ Գրիգորյանի թեկնածությունը:
Հաջորդը` ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունն է: Կարող եք առաջարկել թեկնածուներին:
Վարդգես Ուլուբաբյան - Ես առաջարկում եմ Ռուսլան Էդուարդի Իսրայելյանի թեկնածությունը, հաշվի առնելով նրա փորձն ու անցած ճանապարհը:
Աշոտ Ղուլյան - Ընդունված է: Կա՞ն ուրիշ թեկնածուներ. չկան:
Յոթ մշտական հանձնաժողովների պաշտոնների համար առաջադրվել է յոթ թեկնածու, և հիմա նորից կընթերցեմ անունները:
(Կրկնում է հանձնաժողովները և նախագահների թեկնածուների անունները):
Խնդրում եմ, որ հանձնաժողովների նախագահներն իրենց խոսքն ուղղեն պատգամավորներին: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արզիկ Մխիթարյան, խնդրեմ:
Արզիկ Մխիթարյան - Հարգարժան Ազգային ժողովի նախագահ, մեծարգո վարչապետ, սիրելի պատգամավորներ:
88-ից ի վեր ջրեր են շատ հոսել, և այսօր 6-րդ անգամ Ազգային ժողովի ընտրություն է իրականացվել, շնորհավորում եմ բոլորիս: Ես նոր եմ Ազգային ժողովում, բայց քաղաքականության մեջ ինձ նոր չեմ համարում, լինելով իրավաբաններ, քաղաքագետներ թողարկող ֆակուլտետի դեկան, ես ունեմ այն հնարավորությունները, որ օրենսդիր դաշտում ևս իմ ծառայությունը բերեմ ժողովրդին: Շնորհակալություն, վստահության համար:
Աշոտ Ղուլյան - Հարցեր ունե՞ք. Հայկ Խանումյան:
Հայկ Խանումյան - Շնորհակալություն: Հարցս այլ երկրների հետ բարեկամական խմբերի մասին է: Ի՞նչ եք կարծում, Արցախի խորհրդարանում առաջնահերթությունը ո՞ր երկրների հետ պիտի լինի:
Արզիկ Մխիթարյան - Ես պիտի ուսումնասիրեմ Ազգային ժողովի եղած փորձը, որովհետև չեմ տիրապետում ինֆորմացիայի, բայց չեմ կարծում նոր գյուտ պիտի անենք, եթե նշեմ, որ այն գերտերությունների հետ, որոնցից կախված է մեր ճանաչումն ու կայացումը, անպայման պիտի համագործակցենք, դոմինանտը կլինի Ռուսաստանը, որովհետև իմ կարծիքով, նրա հետ մեր հարաբերությունները պիտի լինեն գերագույնս:
Աշոտ Ղուլյան - Ուրիշ հարցե՞ր: Չկան: Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արպատ Ավանեսյան, խնդրեմ:
Արպատ Ավանեսյան - Նախորդ երկու նստաշրջանների երկու հանձնաժողովներում եմ եղել և փորձել եմ նոր մշակույթ մտցնել, որ բացի միջխորհրդարանական երկու հանրապետությունների հանձնաժողովներից ունենանք լուրջ աշխատող հանձնաժողովային կապ: Եվ վերջերս, այդ աշխատանքների ճիշտ կազմակերպման համար ՀՀ Ազգային ժողովի կողմից իմ աշխատանքը գնահատվել է ՀՀ Ազգային ժողովի «Ոսկե մեդալով»: Ես մտադիր եմ, որ վստահված աշխատանքը լուծեմ հիմնովին և լավ կերպով: Գյուղատնտեսությունը, շինարարությունը ավելի մեծ քայլերով շարժվելու կարիք ունի, ես կփորձեմ ակտիվ գործել:
Աշոտ Ղուլյան - Հարցե՞ր: Չկան:
Գիտության, կրթության, սպորտի, երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին լսենք, խնդրեմ:
Արմեն Սարգսյան - Ոլորտն ինձ համար նոր չէ: Երկար տարիներ եղել եմ նույն անունը կրող նախարարության նախարարը: Հետո՝ նաև այդ հանձնաժողովի նախագահ: Միշտ փորձել եմ ապահովել դեմոկրատական մթնոլորտը, որովհետև հանձնաժողովում կան բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներ և բոլորը պետք է կարողանան անկաշկանդ արտահայտեն իրենց մտքերը: Միշտ նախարարների հետ եղել են նորմալ աշխատանքային հարաբերություններ: Կփորձեմ շարունակել նույն ձևով և աշխուժացնել օրենսդրական ոլորտի աշխատանքները:
Աշոտ Ղուլյան - Հարցեր կա՞ն: Չկան:
Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Ժաննա Գալստյանն է հրավիրվում, խնդրեմ:
Ժաննա Գալստյան - 2000թ. առաջին անգամ պատգամավոր ընտրվելով, եղել եմ նույնանուն հանձնաժողովի անդամ: Այս հանձնաժողովին վերաբերող ոլորտներին քաջատեղյակ եմ և ինձ հոգեհարազատ է, ամենակարևորը ինձ համար երկրի անվտանգությունն է: Ես, վստահության դեպքում, կաշխատեմ, որ այս անգամ հանձնաժողովը լուրջ համագործակցի ՀՀ Ազգային ժողովի համանուն հանձնաժողովի հետ, նաև լուրջ ուշադրություն դարձնի քաղաքացիական պաշտպանության հարցերի կարգավորմանը: Այսքանը:
Աշոտ Ղուլյան - Հարցեր կա՞ն: Չկան:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Հովիկ Ջիվանյանի թեկնածությունը, խնդրեմ:
Հովիկ Ջիվանյան – 2005թ.-ից եղել եմ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կազմում, որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ, տեղյակ եմ ոլորտին, մասնագիտությամբ իրավաբան եմ: Ձեր վստահության քվեն ստանալու պարագայում վստահեցնում եմ, որ արդյունավետ կկազմակերպեմ հանձնաժողովի աշխատանքները: Այսքանը:
Աշոտ Ղուլյան - Հարցեր կա՞ն: Չկան:
Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արամ Գրիգորյանի թեկնածությունը, խնդրեմ:
Արամ Գրիգորյան - Նախ շնորհակալություն պատգամավոր Ժաննա Գալստյանին` վստահության համար: Հինգերորդ գումարման ընթացքում եղել եմ նշված հանձնաժողովի փոխնախագահ, այնուհետև՝ նախագահի պաշտոնում: Վստահեցնում եմ, որ քվե ստանալու պարագայում, համագործակցելով մյուս հանձնաժողովների հետ, կլուծենք հանձնաժողովի առջև ծառացած խնդիրները:
Աշոտ Ղուլյան - Հարցեր կա՞ն: Չկան:
Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Ռուսլան Իսրայելյանը. խնդրեմ:
Ռուսլան Իսրայելյան – Նախ շնորհավորում եմ բոլոր պատգամավորներին` 6-րդ գումարման պատգամավոր ընտրվելու կապակցությամբ: Շնորհակալություն, ինձ վստահելու և իմ թեկնածությունն առաջադրելու համար: Իմ փորձն ու գիտելիքները կօգտագործեմ նշված հանձնաժողովի, մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանն ուղղված աշխատանքներին: Այսքանը:
Աշոտ Ղուլյան - Հարցեր կա՞ն: Չկան: Եթե մտքերի փոխանակման, ելույթների ցանկություններ կան` խնդրեմ: Չկան: Ուրեմն, ամփոփենք և անցնենք գաղտնի քվեարկության: Պատգամավորներին կրկին խնդրում եմ անցնել ճեմասրահ` քվեարկության համար:
Ընդմիջում` քվեարկության համար:
(Գաղտնի քվեարկություն):
Աշոտ Ղուլյան – Խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղերը, հարգելի գործընկերներ, 6-րդ գումարման 1-ին նստաշրջանը շարունակում է աշխատանքները, փակ գաղտնի քվեարկության արդյունքները պատրաստ են, մենք անց ենք կացրել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության փակ գաղտնի քվեարկություն, որը հիմա կներկայացնի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռոմելա Դադայանը:
Ռոմելա Դադայան - Գաղտնի քվեարկության արդյունքներով, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 61-րդ հոդվածի 11-րդ կետով, հաշվորդ հանձնաժողովը անց է կացրել՝
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի գաղտնի քվեարկություն, պարզել ենք հետևյալը` Արզիկ Մարտիրոսի Մխիթարյան - կողմ` 25, դեմ` 7:
Ձեր թույլտվությամբ ընթերցեմ միայն հանձնաժողովների անունները.
ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի գաղտնի քվեարկության, բացելով քվեատուփը, հանձնաժողովը պարզել է` մասնակցել է 33 պատգամավոր` Արամ Արամայիսի Գրիգորյան - կողմ` 27, դեմ` 5:
Գիտության, կրթության, սպորտի, երիտասարդության և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահի գաղտնի քվեարկության, պարզել ենք հետևյալը. մասնակցել է 33 պատգամավոր` Արմեն Թեմուրի Սարգսյան - կողմ` 27, դեմ` 5:
Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի` Ռուսլան Էդուարդի Իսրայելյան. քվեարկել է 33 պատգամավոր` կողմ` 27, դեմ` 5:
Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահի` Արպատ Սանջանի Ավանեսյան - կողմ` 27, դեմ` 4, անվավեր` 1:
Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի` Ժաննա Գեորգիի Գալստյան - կողմ` 29, դեմ` 3:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Հովիկ Ջիվանյան - կողմ` 30, դեմ` 2:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Մենք այս արձանագրություններն ընդունում ենք որպես հիմք, բոլորի անունից շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում բեղմնավոր, արդյունավետ աշխատանք:
(Ծափահարություններ):
Աշոտ Ղուլյան - Հաջորդը մշտական հանձնաժողովների կազմավորման հարցն է, և մեզ մնում է՝ կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցին անդրադառնալ, բայց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով կառավարությանը դեռևս ժամանակ է տրվում: Մենք երեկ քննարկել ենք ԼՂՀ վարչապետի հետ, վերջում կհայտարարվի ժամկետը, իհարկե 1-ին նստաշրջանի հաջորդ նիստը հենց միայն այդ հարցին նվիրելու պայմանով:
Մնում է մշտական հանձնաժողովների ձևավորման հարցը և այժմ եկեք պայմանավորվենք և ընդունենք ներկայացված կազմը, իհարկե, այն կարող ենք համարել նախնական:
Այսօր և վաղը կարող եք դրանք տրամադրել: Եթե լինեն հնարավոր փոփոխությունների մասին հարցեր, մենք կարող ենք դրանց անդրադառնալ:
Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն պատգամավորներն անդամակցում են իրենց դիմումի համաձայն, մենք մի փոքր հարցում արել ենք, այսօր ձեզ կներկայացնեմ մշտական հանձնաժողովների հետևյալ կազմերը.
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Հյուսնունց Ռուդիկ Լևոնի
Մխիթարյան Արզիկ Մարտիրոսի
Մելքումյան Դավիթ Հայկի
Պետրոսյան Գեորգի Միքայելի
Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողով
Ավանեսյան Արպատ Սանջանի
Ավանեսյան Իվան Խորենի
Թովմասյան Արթուր Բաբկենի
Գաբրիելյան Ալյոշա Գրիգորիի
Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գալստյան Ժաննա Գեորգիի
Բալասանյան Վիտալի Միխայիլի
Հովհաննիսյան Լեռնիկ Լենտրուշայի
Հարությունյան Սերգեյ Սյոմիկի
Պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Պետրոսյան Գագիկ Ռազմիկի
Ջիվանյան Հովիկ Խանլարի
Ղահրամանյան Ռոբերտ Էդիկի
Առստամյան Արսեն Արամայիսի
Աղաբեկյան Էդուարդ Արտավազդի
Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով
Բարսեղյան Լյուդմիլա Անուշավանի
Գրիգորյան Արամ Արամայիսի
Դադայան Ռոմելա Նիկոլայի
Օհանջանյան Արարատ Արամայիսի
Մնացականյան Ռիտա Միքայելի
Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողով
Իսրայելյան Ռուսլան Էդուարդի
Խանումյան Հայկ Ռուբենի
Ծատրյան Արմո Մարդիի
Կասպարյան Գրիգորի Իսակի
Իշխանյան Դավիթ Ռուբենի
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Սարգսյան Արմեն Թեմուրի
Բաղրյան Վարդգես Բորիսի
Բաղունց Գագիկ Միքայելի
Ուլուբաբյան Վարդգես Աշոտի
Հիմա չեմ ուզում քննարկումներ սկսել, որովհետև, կարծես, համաձայնություններ կան: Մենք պատրաստ ենք, եթե հանձնաժողովներում ընդգրկումը պատգամավորներին չի գոհացնում, կարող ենք այդ հարցերը քննարկել մենք կարող ենք դրան անդրադառնալ:
Այժմ, կեզրափակենք 1-ին նստաշրջանի 1-ին նիստը` այս մասով: Ես խնդրում եմ հանձնաժողովների ներկայացրած կազմերը առանձին հավաքվեն հանձնաժողովներին հատկացված սենյակներում: Խնդրում եմ նրանք իրենց կազմից առաջարկեն հանձնաժողովի նախագահի տեղակալներ: Նրանք ընտրվում են անդամների կազմից` քվեարկությամբ: Մեզ պարզապես տալիս են այդ որոշումները` քվեարկության արդյունքներով:
Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցով՝ կառավարությունը խնդրել է ժամկետ մինչև հունիսի 10-ը: Կարծում եմ, այդ ժամկետը բավարար է, որպեսզի մարդիկ հասցնեն ձևավորել կառավարության գործունեության նոր ծրագիր և այն ներկայացնեն Ազգայի ժողով: Հաջորդ նիստը` 1-ին նստաշրջանի, տեղի է ունենալու հունիսի 10-ին, ժամը 11:00-ին: Կառավարության գործունեության ծրագիրը ներկայացվելու է հատուկ ընթացակարգով, որին դուք արդեն տեղյակ եք:
Այսքանով ավարտում ենք մեր այսօրվա աշխատանքները:
Շնորհակալություն բոլորիդ, համատեղ և կառուցողական աշխատանքի համար: Մենք ընտրել ենք Ազգային ժողովի մշտական մարմիններ, 6-րդ գումարման Ազգային ժողովը կարող է անցնել իր գործառույթների իրականացմանը:
Առաջին նստաշրջանի 1-ին նիստը հայտարարում եմ փակված:
Շնորհակալություն, բոլոր հրավիրվածներին և մասնակիցներին:
Պատգամավորներին խնդրում եմ մնալ` փոքր հայտարարությունների համար: Մնացածներին` ցտեսություն և հաջողություն: