ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
17.01.2017թ. ժամը 11:00
Նիստին մասնակցում են Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, ԶԼՄներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա են 28 պատգամավոր, բացակա՝ 4:
ՆԻՍՏԸ ՎԱՐՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԸ
Ա.Ղուլյան - Բարի առավոտ բոլորին: Հարգելի գործընկերներ, հրավիրվածներ: Երեկ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օրենքով սահմանված կարգով հանդես են եկել արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ, և այդ առաջարկն իմ կողմից ընթացքավորվել է՝ համապատասխան որոշմամբ: Հաշվի առնելով, որ արտահերթ նստաշրջան կամ նիստ հրավիրելու կարգը, ժամկետները և օրակարգը սահմանվում են նախաձեռնողի կողմից, ինձ մնում է թարմացնել տեղեկատվությունը, որ օրակարգային հարց որպես այդպիսին առաջարկվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի մասին հարցը և հիշեցնել, որ 6-րդ գումարման Ազգային ժողովն այդ հարցի քննարկումը սկսել է Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված կարգով 2016թ. դեկտեմբերի 29-ի նիստում, և այդ օրը հարցի քննարկումն ընդմիջվել է պատգամավորների ու խմբակցությունների առաջարկությունները ստանալու նպատակով: Այդ նիստում մենք համաձայնվել ենք նաև հարցի քննարկման հատուկ ընթացակարգի հարցերով և այդ որոշմամբ նախատեսել ենք, որ տոնական օրերի հաշվառումով պատգամավորների առաջարկությունների ներկայացման ժամկետները սահմանվում են հունվարի 9-ից 11-ը, ինչն էլ իրականացվել է նախանշված կերպով: Հաջորդ օրերին խմբակցությունների և պատգամավորների առաջարկությունները մանրամասնորեն քննության են առնվել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից, և հունվարի 13-ին այդ քննարկումների արդյունքները առանձին-առանձին ներկայացրել են առաջարկություններ կատարած հեղինակներին: Երեկ առավոտյան մասնագիտական հանձնաժողովը պատգամավորներին է ներկայացրել առաջարկությունների արդյունքներով կազմված ամփոփաթերթը, իսկ օրվա վերջին հրապարակվել է այդ առաջարկությունների հիման վրա լրամշակված Սահմանադրության նախագիծը: Սա է հարցի նախապատմությունը, և հիմա պատգամավորներին խնդրում եմ գրանցվել աշխատանքները սկսելու համար:
Գրանցում:
Գրանցման արդյունքներով ներկա են 28, բացակա է 4 պատգամավոր՝ հարգելի պատճառներով, մենք նախապես նրանց բացակայության մասին գիտեինք: Արտահերթ նստաշրջանն իրավասու է սկսելու իր աշխատանքները և նստաշրջանի աշխատանքները հայտարարում եմ բացված: Քանի որ օրակարգը նախապես հայտնի էր, բնականաբար կազմակերպչական հարցերով քննարկումներ չենք անում, բայց այսպիսի մի առաջարկություն կա` մենք անցյալ անգամ նիստն ընդմիջել ենք մտքերի փոխանակության հարցից առաջ: Հիմա մենք մտքերի փոխանակություն կարող ենք սկսել, բայց հաշվի առնելով, որ այս ընթացքում տեղի են ունեցել առաջարկություններ, դրանց քննարկումներ, իհարկե դրանք առանձին-առանձին ներկայացվել են: Եթե կա ցանկություն այդ ներկայացված առաջարկությունների վիճակագրությունները լսելու, հասկանալու, ընդհանուր կարճ տեղեկանք տալու, խնդրենք Նախագահի ներկայացուցչին՝ պարոն Արարատ Դանիելյանին, ներկայացնի, եթե չէ՝ կարող ենք միանգամից անցնել մտքերի փոխանակությանը: Վիճակագրությունը լսե՞նք. ցանկություն կա լսելու. պրն. Դանիելյան, խնդրեմ:
Արարատ Դանիելյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին ուղղված առաջարկությունների ընդհանուր պատկերը հետևյալն է. «Հայրենիք» խմբակցություն՝ 1 առաջարկություն, «Դաշնակցություն» խմբակցություն՝ 36 առաջարկություն, «Շարժում 88»՝ 38 առաջարկություն, պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյան՝ 3 առաջարկություն, պատգամավոր Արմո Ծատրյան՝ 11 առաջարկություն, պատգամավոր Վարդգես Բաղրյան՝ 13 առաջարկություն, պատգամավոր Դավիթ Մելքումյան՝ 4 առաջարկություն, Արթուր Թովմասյան՝ 1 առաջարկություն, Ռոմելա Դադայան՝ 2 առաջարկություն, պատգամավորներ՝ Գագիկ Պետրոսյան, Արսեն Առստամյան՝ 75 առաջարկություն: Ընդամենը Սահմանադրության նախագծի վերաբերյալ ներկայացվել են 184 առաջարկություններ, որոնցից՝ 19-ը բովանդակային առումով կրկնվող առաջարկություններ են: Ներկայացված առաջարկություններից ընդունվել են 30-ը, որից՝ 17-ը ամբողջությամբ, իսկ 13-ը՝ մասնակի: Չի ընդունվել 154 առաջարկություն, որոնցից՝ 13-ը Սահմանադրության հայեցակարգային սկզբունքներին չհամապատասխանելու պատճառով, իսկ 25-ը փոխկապակցված առաջարկություններ են, որոնց մերժումը պայմանավորված է հիմնական առաջարկության հետ չհամաձայնվելով: Ներկայացված առաջարկություններից 28-ը չեն ընդգրկվել սահմանադրական նախագծի տեքստում, քանի որ այդ իրավահարաբերությունները նպատակահարմար է կարգավորել օրենքի մակարդակով: Հեղինակի նախաձեռնությամբ Սահմանադրության նախագծում կատարվել է մեկ փոփոխություն: Հեղինակի կողմից նախագծում կատարվել են խմբագրական և լեզվաոճական փոփոխություններ, նախագիծը ենթարկվել է մասնագիտական և լեզվաբանական փորձաքննության:
ԱշոտՂուլյան - Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Սա պարզապես հակիրճ տեղեկանքն է ներկայացված առաջարկությունների և քանակի, և ուղղությունների մասին: Այժմ հայտարարվում է մտքերի փոխանակություն: Խնդրում եմ պատգամավորներին գրանցվել:
1. Արսեն Առստամյան
2. Հայկ Խանումյան
3. Վարդգես Բաղրյան
4. Արթուր Թովմասյան
5. Արզիկ Մխիթարյան
6. Աշոտ Ղուլյան
Եվ ձեր թույլտվությամբ ես ինձ էլ ավելացնեմ ելույթ ունեցողների ցանկում:
Մտքերի փոխանակության բաժինը հայտարարվում է բաց, այժմ ելույթի համար խոսքը տրվում է պատգամավոր Արսեն Առստամյանին:
Արսեն Առստամյան – Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ: Սահմանադրության նախագծի քննարկման փաստացի մեկնարկը երկրի ներկայացուցչական մարմնում տրվել է դեկտեմբերի 29-ին հրավիրված լիագումար նիստով: Կարևորելով Սահմանադրության դերը քառորդդարյա պատմություն ունեցող մեր երկրի տարբեր ոլորտների կենսագործունեության և յուրաքանչյուրիս իրավահարաբերությունների կարգավորման գործում և առավել հզոր, պաշտպանված ու բարեկեցիկ ապագա ունենալու հանգամանքը՝ պատգամավոր Գագիկ Պետրոսյանի հետ որոշել ենք Սահմանադրության նախագծի վերաբերյալ առաջարկություններով հանդես գալ միասնական ճակատով և համատեղ աշխատանքի արդյունքում յոթ տասնյակից ավելի, մեր կարծիքով, տրամաբանությունից ակունքվող առաջարկություն ենք ներկայացրել: Եվ ժամանակի սղության, և ձեր համբերությունը չչարաշահելու պատճառով՝ այսօր կետ առ կետ չեմ անդրադառնալու այդ առաջարկներին: Բայց, այդուհանդերձ, հանձնաժողովի կողմից չընդունված առաջարկությունների վերաբերյալ մի քանի կարևոր շեշտադրումներ կանեմ: Իսկ մինչ այդ, ուզում եմ նշել, որ հունվարի 13-ին, մասնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, բավականին կառուցողական քննարկում ենք ունեցել հանձնաժողովականների հետ, ինչը ողջունելի է և արժանի գնահատման: Հարկ եմ համարում ընդգծել, որ քննարկումների արդյունքում որոշ հարցերի շուրջ եկել ենք ընդհանուր հայտարարի, որոշների շուրջ էլ կողմերից յուրաքանչյուրը պնդել է իր տեսակետը: Հենց այստեղ էլ տեղին է, որ ելույթս շարունակեմ առավել առարկայական հարթությունում: Սկսեմ երրորդ հոդվածից, որի 1-ին մասի 2-րդ նախադասությունը հետևյալ ձևակերպումն ունի. «Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»: Հարգելիներս, մարդու արժանապատվությունն ինքնին անօտարելի է: Որևէ մեկը չի կարող բերել գոնե մեկ դեպք կամ պայման, որի պարագայում, անգամ տեսականորեն, մարդը կարող է ունենալ օտարելի արժանապատվություն: Իսկ եթե նպատակը Սահմանադրությունում «օտարելի» բառի օգտագործումն է, ապա այն կարելի է օգտագործել 23-րդ՝ «Մարդու արժանապատվությունը» հոդվածում: Հարգելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներն ու նորմերը, այդուհանդերձ, սկզբունքորեն դեմ ենք այս փուլում կամովի դառնալ գերին միջազգային պայմանագրերի: Ավելի պարզ. փաստացի գտնվում ենք պատերազմական իրավիճակում և վաղը հնարավոր է պարտադրված լինենք ընդունելու մեր երկրի պաշտպանունակության շահերից բխող մի այնպիսի օրենք, որը կարող է հակասել միջազգային պայմանագրերին: Երբ միջազգային հանրությունը կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, այդ ժամ էլ սիրով կավելացնենք այդ նորմը: Առաջ անցնելով` այս համատեքստում մեր կողմից արված ևս մեկ դիտարկման անդրադառնամ. 55-րդ հոդվածի 2-րդ մասով արգելվում է Արցախի Հանրապետության քաղաքացուն օտարերկրյա պետության հանձնելը, բացառությամբ Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի: Այսօր՝ ոչ, բայց վաղվա համար այստեղ մենք վտանգներ ենք տեսնում, հետևաբար գտնում ենք, որ որևէ պարագայում Արցախի Հանրապետության քաղաքացուն օտարերկրյա պետության հանձնելն անընդունելի է:
Առաջարկել ենք նաև դրոշի 3-րդ շերտը որպես հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը խորհրդանշող նարնջագույնի փոխարեն անվանել ծիրանագույն, քանի որ այն ավելի ազգային է: Գիտենք, որ ծիրանագույնը նարնջագույնի երանգներից է: Գուցե վրացու համար այն նարնջագույն է, բայց մեզ համար՝ հայկական լեռնաշխարհում ապրողներիս համար այն պետք է ընկալվի ծիրանագույն:
Հաջորդը. նախագծի 30-րդ հոդվածը տղամարդկանց և կանանց իրավահավասարությանն է վերաբերում: Մեր խորին համոզմամբ, այն ոչ միայն հակաքրիստոնեական է, այլև վիրավորական կանանց համար: Քիչ էր մնում գրվեր կինն էլ մարդ է, հետևաբար կանայք և տղամարդիկ իրավահավասար են: Սահմանադրության փիլիսոփայության և տրամաբանության անքակտելի մասն է նաև մարդկանց իրավահավասարության սկզբունքը: Իսկ եթե մարդիկ իրավահավասար են, հետևաբար անհասկանալի է մնում, թե ինչ նպատակով է գրվում, որ կանայք և տղամարդիկ իրավահավասար են: Ավելին, տղամարդու և կնոջ իրավահարաբերության հարցը մեր երկրամասում լուծված է չգրված, բայց դարերով իմաստնացած օրենքներով:
60-րդ հոդվածի 6-րդ մասը օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց թույլատրում է օգտվել հողի սեփականության իրավունքից, օրենքով սահմանված դեպքերում: Գտնում ենք, որ ոչ մի դեպքում չի կարելի հողի սեփականության իրավունք տալ օտարերկրյա քաղաքացիներին: Մեր կարծիքով, ներկայացված Սահմանադրության նախագիծը տեսականորեն չի բացառում երկրում սահմանադրական անկայունությունը: Մասնավորապես, յուրաքանչյուր տարին մեկ ընտրություններ անցկացնելու հանգամանքը, գոնե տեսականորեն, նախագիծը չի բացառում: Այդ նպատակով առաջարկել ենք պետական նախարարի փոխարեն ներդնել փոխնախագահի ինստիտուտ, ինչը կառավարման դասական նախագահական համակարգի բաղադրիչներից մեկն է և աշխարհում ընդունված և գործող: Նաև, մեր կարծիքով, նպատակահարմար չէ անցկացնել Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համաժամանակյա արտահերթ ընտրություն, եթե երկրում չկա քաղաքական ճգնաժամ: Ընդգծեմ, որ փոխնախագահի ինստիտուտի ներդրմամբ չի խախտվի Նախագահի և Ազգային ժողովի համաժամանակյա ընտրություն անցկացնելու սկզբունքը, ավելին, կապահովվի Սահմանադրական կայունություն: Ընդհանուր առմամբ, սրանք էին այն դիտարկումները, որ ցանկանում էի ներկայացնել:
Ավարտում եմ: Հեռու ենք այն մտքից, որ ներկայացված նախագիծը կատարյալ է: Ասվածի լավագույն ցուցիչներից մեկը ներկայացված առաջարկությունների բովանդակությունն ու քանակն է: Բայց, որ ժողովրդի վստահության քվեին արժանանալուց հետո այն ունակ կլինի ապահովելու երկրի բնականոն կենսագործունեությունը, և մարդու իրավունքների պաշտպանությունը կիրականացվի շատ ավելի արդյունավետ՝ անժխտելի է: Անկախ այն հանգամանքից, թե մեր կողմից ներկայացված քանի առաջարկ է ընդունվել և քանիսն է մեզ համար անընդունելի հիմնավորումներով մերժվել մասնագիտական հանձնաժողովի կողմից, որոշել ենք կողմ քվեարկել «Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին» որոշմանը, որովհետև, մեր խորին համոզմամբ, իրավունք չունենք մեր բացասական քվեարկությամբ ժողովրդին զրկել հանրաքվեի միջոցով իր վերաբերմունքը հայտնելու սահմանադրական իրավունքից: Ի վերջո, անցկացվելիք հանրաքվեն ևս մեկ առաջընթաց քայլ կարող է լինել ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն կառուցելու ճանապարհին: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հիշեցնեմ, որ 5 րոպե պատգամավորների համար, եթե դրա անհրաժեշտություն կա, կարող ենք ավելացնել, ուղղակի խնդրում եմ նշել անհրաժեշտության մասին: Ելույթի համար խոսքը տրվում է պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանին, հաջորդը Վարդգես Բաղրյանն է: Խնդրեմ.
Հայկ Խանումյան - Ուզում եմ հասկանամ՝ մտքերի փոխանակությունից հետո խմբակցություններին առանձին ժամանակ տրվելու է, թե այս ընդհանուր է…
Աշոտ Ղուլյան - Չէ, գրված է կամ պատգամավոր, կամ … ոնց որ ուզում եք, կարող եք որպես խմբակցության ղեկավար 7 րոպե ելույթ ունենալ: Խնդրեմ:
Հայկ Խանումյան - Հարգելի ներկաներ, անցյալ նիստի ժամանակ զեկուցողը ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Այժմ ես կխոսեմ այդ գործընթացի մասին, որին մասնակցել եմ Ազգային Վերածնունդ կուսակցության վճռով: Այսպես, երբ փետրվարին տեղի ունեցավ խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների խորհրդակցություն սահմանադրական փոփոխությունների հարցով, ես առաջարկեցի համապատասխան հանձնաժողովը ստեղծել Ազգային ժողովին կից: Առաջարկը մերժվեց, հետո իմացանք, որ հանրապետության Նախագահին կից ստեղծված հանձնաժողովի նախագահ է դարձել Ազգային ժողովի նախագահը, ով ի դեպ նույնպես դեմ էր այդ հանձնաժողովն Ազգային ժողովին կից ստեղծելուն: Փետրվարյան հանդիպմանը մասնակից կուսակցություններից երեքը՝ Ազատ Հայրենիքը, Դաշնակցությունը և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը կողմ էին կառավարման խորհրդարանական մոդելին, Շարժում-88-ը՝ կիսանախագահական, իսկ մենք ընդհանրապես դեմ էինք փոփոխություններին: Այնուամենայնիվ, մենք որոշեցինք մասնակցել գործընթացին՝ մեր ընտրողների շահերը պաշտպանելու նպատակով: Գործընթացը պատկերացնում էինք այսպես. կլինեին քաղաքական ուժերի անընդհատ խորհրդակցություններ, տարբեր դրույթների հետ կապված նրանց մոտեցումները կսահմանվեին և հայեցակարգի, ապա նախագծի տեսք կստանային մասնագիտական հանձնաժողովի կողմից: Սակայն մի օր պարզվեց, որ ո՛չ քաղաքական ուժերը և ո՛չ էլ մասնագիտական հանձնաժողովը ոչինչ չեն որոշում: Խմբակցությունների հետ հանդիպեց հայեցակարգի փաստացի հեղինակը՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, որն էլ ներկայացրեց այժմյան նախագծի հիմքում ընկած հայեցակարգը:
Սա է հիմնական գործընթացը, որ տեղի էր ունեցել սահմանադրական փոփոխությունների հետ կապված: Այդ նախագիծը ոչ արտահայտում է Արցախի ժողովրդի, ոչ Արցախի քաղաքական ուժերի ցանկությունը: Այն բերվել և մեր սեղաններին է դրվել Երևանից:
Մեր կուսակցության տեսակետը հենց սկզբից բացասական է եղել սահմանադրական փոփոխությունների նկատմամբ ընդհանրապես: Մեր բացասական վերաբերմունքը մի քանի պատճառ ունի.
1. Սովորաբար թերզարգացած ժողովրդավարություններում Սահմանադրությունը փոխում են իշխանության վերարտադրության համար: Այսօր արդեն կարող ենք ասել, որ Սահմանադրությունը փոխվում է մեկ անձի իշխանության վերարտադրության համար:
2. Ամեն տասը տարին մեկ Սահմանադրություն փոխելով մենք սպանում ենք ինստիտուցիոնալ զարգացման հույսը, քանզի ինստիտուտները, կառույցները կարող են կայանալ միայն խաղի հստակ և հաճախակի չփոխվող կանոնների պայմաններում:
Վերջերս մեզ ներկայացվեց հունիսին Արցախում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Ըստ դրա, ժողովրդի ընդամենը 2 տոկոսն է կարծում, որ Ազգային ժողովն ի վիճակի է որևէ հարց լուծել: Ազգային ժողովի վերաբերյալ դիտարկումները ցույց են տալիս, որ ժողովրդի մեծ մասն այն դիտարկում է բարձր աշխատավարձ ստացող և ոչինչ չանող պաշտոնյաների ամբողջություն:
Այսօր Ազգային ժողովը հնարավորություն ունի ընդամենը մեկ քվեարկությամբ վերականգնել Ազգային ժողովի՝ որպես իշխանության կարևոր թևի համբավը և գործոն լինելը: Մերժելով այս նախագիծը՝ մենք կփոխենք ԱԺ մասին պատկերացումները, կմեծացնենք նրա դերը պետական կառավարման համակարգում, այն կդարձնենք իրական որոշում ընդունող: Դեմ քվեարկելով այս նախագծին՝ մենք հնարավորություն կտանք, որպեսզի իշխանությունների տարանջատման սկզբունքը գործի ոչ թե միայն թղթի վրա, այլ իրականության մեջ: Դեմ քվեարկելով այս նախագծին՝ մենք ցույց կտանք, որ որևէ մեկը՝ լինի դա Երևանում, թե Ստեփանակերտում չի կարող իր անձնական շահերից բխող և ժողովրդի շահերն արհամարհող որոշում ընդունել: Ավելին ասեմ՝ ես վստահ եմ, որ այս նախագծի ընդունման դեպքում Ազգային ժողովը, որպես իշխանության թև, ընդհանրապես կորցնելու է իր հեղինակությունը և վերածվելու է Երևանի կամ Ստեփանակերտի նախագահականների որոշումները դակող մարմնի: Չնայած այս նախագծի ընդունման դեպքում ոչ ոք կարծիք այլևս չի էլ հարցնելու: Որոշումներն ընդունվելու են առանց Ազգային ժողովի: Ինչու՞ այսպես տեղի ունեցավ և ինչու՞ ընտրվեց այս մոդելը:
Ես ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ այն մեծապես կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է տարածքային զիջումների հաշվին կարգավորման գնալու իր ցանկության մասին: Հայաստանի որոշ քաղաքական շրջանակների կողմից նա այս հարցում աջակցություն է ստացել: Փոխելով Արցախի Սահմանադրությունը և խաղից հանելով Ազգային ժողովը, ասել է թե հիմնական քաղաքական ուժերին, ավելին՝ խաղից հանելով ժողովրդին, Սերժ Սարգսյանը հնարավորություն կունենա կարգավորման իր ցանկությունն իրականացնել իրեն լոյալ նեղ խմբի հետ:
Ես այս ամբիոնից զգուշացնում եմ, որ այս նախագծի ընդունման դեպքում մենք վաղը կանգնելու ենք Արցախի հարցում մտահոգիչ զարգացումների առջև: Եթե այստեղ նստածների մեծ մասն ապրիլին կարողացել է իր հստակ կարծիքը հայտնել զիջումների անհնարինության մասին, ապա հիմա դրա հնարավորությունն էլ չի լինելու, քանզի, կրկնում եմ, այս նախագծի ընդունման դեպքում, Ազգային ժողովի քաղաքական ուժերն այլևս դերակատար չեն լինելու:
Եվ որպես վերջաբան ասեմ, որ դեմ եմ քվեարկելու սահմանադրական փոփոխությունների նախագծին:
Աշոտ Ղուլյան - Հաջորդ ելույթի համար հրավիրվում է Վարդգես Բաղրյանը: Ուղղակի ուզում եմ մի փոքր վերապահում անել, քանի որ նախապես չէինք հայտարարել, մտքերի փոխանակությունը վերաբերում է բոլորին, մենք հատուկ չունենք, որ խմբակցություններն՝ առանձին. Դավիթ Իշխանյանն է խնդրում ելույթի համար խոսք, պարզապես մտածում է, որ խմբակցություն… պրն. Իշխանյան, խնդրեմ, երևի սրանից հետո խոսքը Ձեզ կտանք:
Վարդգես Բաղրյան - Հարգելի գործընկերներ, ներկաներ, կարծում եմ ավելորդ է խոսել այն մասին, որ այսօր Ազգային ժողովում քվեարկության է դրվելու կարևորագույն փաստաթուղթ՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը: Առհասարակ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին մեզանում խոսվում էր վաղուց, եղել են տարբեր ձևաչափերով քննարկումներ, բայց, այսպես ասած, ակտիվ փուլը մեկնարկել է անցած տարվա փետրվարին, երբ խորհրդարանական և արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժեր դիմել են ԼՂՀ նախագահին՝ սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսելու առաջարկով: Առաջարկն ընդունվել է, և գործընթացը սկսվել է: Սակայն ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած պատերազմն իր խմբագրումներն է մտցրել նաև այս գործընթացում: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ կարծիք կար ԼՂՀ-ում նույնպես, ինչպես ՀՀ-ում, նորից անցնել խորհրդարանական կառավարման համակարգի: Ասեմ, որ ես չեմ կիսում այդ տեսակետը, որը, սակայն, չի նշանակում, թե խորհրդարանական կառավարումն ընդհանրապես անընդունելի է: Մենք գիտենք, որ աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որտեղ հենց գործում է խորհրդարանական կառավարման մոդելը, և այդ երկրներում կենսամակարդակը բավականին բարձր է: Բայց չէ որ մեր երկիրը պատերազմող երկիր է և, իմ համոզմամբ, մեզ անհրաժեշտ է կենտրոնաձիգ կառավարում: Չեմ կիսում այն կարծիքը, թե ուժեղ նախագահական կառավարման դեպքում ամբողջ իշխանությունն անցնում է երկրի նախագահին, և նա, ասենք, միանձնյա կարող է նաև ոչ համարժեք որոշումներ կայացնել: Ուսումնասիրելով Արցախի Սահմանադարության նախագիծը՝ ես այդ մտքին չեմ հանգել: Ուշադիր կարդալով նախագծի հինգերորդ գլուխը, կտեսնենք, թե ինչպիսի հակակշռող լիազորություններով է օժտված լինելու Ազգային ժողովը: Բացի այդ, այո, գտնում եմ, որ հիմնական պատասխանատվությունը պետք է կրի մեկ անձ, հակառակ դեպքում կոլեկտիվ պատասխանատվությունը կարող է հանգեցնել նաև անպատասխանատվության: Ճիշտ եմ համարում նաև, որ երկրի ղեկավարը, ըստ նոր Սահմանադրության, անմիջական պատասխանատվություն է կրելու կառավարության գործունեության համար: Չեմ ասում, թե նախագիծն իդեալական է: Ես ինքս բազմաթիվ դիտողություններ և առաջարկություններ եմ արել, որոնց մի մասը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ընդունել է, մյուսը՝ ոչ: Սակայն կարծում եմ, որ ընդհանուր առմամբ այն համահունչ է Արցախի Հանրապետության հավատարմությանը ժողովրդավարական արժեքներին, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության գաղափարին, արտահայտում է ժողովրդի կենսական շահերը:
Ըստ իս, Արցախի Սահմանադրության նախագիծը պատրաստ է ներկայացվելու մեր ժողովրդի դատին, որն էլ հանրաքվեի օրը պետք է ասի իր վերջնական խոսքը: Իսկ ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը: Վերջում ասեմ, որ «Ժողովրդավարություն» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արցախի Սահմանադրության նախագծին: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Այժմ, ելույթի համար խոսքը տանք «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար, պատգամավոր Դավիթ Իշխանյանին:
Դավիթ Իշխանյան – Շնորհակալություն՝ հնարավորության համար, հարգելի գործընկերներ, մասնագիտական հանձնաժողովի հարգարժան անդամներ, ներկայացնում եմ «Դաշնակցություն» խմբակցության տեսակետը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: ՀՅԴ-ն նորանկախ մեր զույգ հանրապետություններում պարբերաբար հանդես է եկել նախաձեռնություններով կառավարման համակարգը կիսանախագահական կամ նախագահական համակարգից խորհրդարանականի վերածելու: ՀՀ-ում դա հաջողվեց 2015թ., որը ինչ-որ տեղ խթան հանդիսացավ Արցախի Հանրապետությունում ևս նմանատիպ գործընթաց սկսելու:
ՀՅԴ Արցախի կառույցը 2016թ. փետրվարին ԼՂՀ-ում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների նախաձեռնողներից մեկն էր: ԼՂՀ նախագահի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի կողմից 2016թ. օգոստոսին հրապարակվեց նոր Սահմանադրության նախ հայեցակարգը, իսկ նոյեմբերին՝ նաև նախագիծը:
Անցած մեկ տարվա ընթացքում բազմաթիվ քննարկումների ու խորհրդակցությունների արդյունքում ի հայտ եկավ քաղաքական դաշտի կարևոր դերակատարների մոտեցումներն ու սկզբունքները նախ հայեցակարգի, ապա բուն Սահմանադրության նախագծի վերաբերյալ:
Սահմանադրության թե՛ հայեցակարգի, թե՛ նախագծի վերաբերյալ դաշնակցությունը հրապարակավ ներկայացրել է իր տեսակետները՝ հույս ունենալով ներազդելու ընթացող գործընթացներին: ՀՅԴ համոզմամբ, կառավարման համակարգի փոփոխությունները պետք է գործեն ի նպաստ իրավական, ժողովրդավարական, ինքնիշխան միջազգային ճանաչման գործին աջակցող ուժերի և միջազգային կառույցների համար: Նկատենք, որ մեկ միասական հայրենիք ունենալու հայության տեսլականը իրագործելու նպատակով այսօր կարիք ունենք ստեղծելու իրավական, քաղաքական, տնտեսական նույնօրինակ դաշտ: Դա հայության ուժերը մեկտեղելու նոր հեռանկարներ է ուրվագծում:
Սահմանադրության նախագիծը, որ ներկայացված է քննարկման, չի համապատասխանում այդ հրամայականներին: Մեզ անհրաժեշտ է երկիրն օժտել կառավարման այնպիսի համակարգով, որը համապատասխան լինի մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների դիմակայմանը և քաղաքակիրթ աշխարհին ինտեգրմանը: Այդպիսի համակարգը ՀՅԴ պատկերացմամբ, համամասնական ընտրություններով կառավարման խորհրդարանական համակարգն է: Սահմանադրության նախագծով առաջարկվում է գերկենտրոնացված նախագահական համակարգ: Քննարկման ենթակա Սահմանադրության նախագծով նախատեսվող կառավարման համակարգը որևէ երկրում գործող կառավարման համակարգի հետ աղերսներ չունի, որն ավելի է խորացնում թերահավատությունը տվյալ փաստաթղթի նկատմամբ:
Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցությունը, անկախ իր դիրքորոշումից և ունեցած վերաբերմունքից, մասնակցել է սահամանադրական բարեփոխումների բոլոր հանգրվաններին, մասնագիտական հանձնաժողովին ներկայացնելով իր առաջարկների գրավոր փաթեթը: Հանձնաժողովի կողմից ընդունվել են որոշակի առաջարկներ, սակայն առանցքային քաղաքական նշանակության առաջարկություններն այդպես էլ մնացել են թղթի վրա: ՀՅԴ Արցախի կառույցին այդպես էլ չհաջողվեց սեփական համոզմունքներն ու ընկալումները դարձնել ինչպես մասնագիտական հանձնաժողովի, այնպես էլ քաղաքական գործընկեր կուսակցությունների դիրքորոշում:
Ընկալելով ստեղծված իրավիճակը և գիտակցելով երկրի ապագայի հանդեպ մեր պատասխանատվությունը, «Դաշնակցություն» խմբակցությունը ներկայացված Սահմանադրության նախագծին քվեարկելու է դեմ:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հիմա ստիպված ենք փոփոխություններ անել. Խնդրեմ. ելույթի համար «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան - Հարգելի գործընկերներ, ճիշտն ասած, ես չէի պատրաստվում ելույթի, հատկապես հաշվի առնելով հանրային հեռուստատեսության շատ «խելոք» լրագրողների տեսակետը, որոնք ի լուր հանրության հայտարարում են, որ Աղաբեկյանը՝ անցած նիստին մասնավորապես, պայքարում էր ելույթի համար:
Սահմանադրության նախագծի վերաբերյալ. կառավարման մոդելների տարբերությամբ քննարկել Սահմանադրության լավ կամ վատ լինելը հավասարազոր է երեխայի սեռով պայմանավորված՝ աղջիկ կամ տղային նախապատվություն տալը: Սահմանադրականության ահռելի դեֆիցիտի պայմաններում, ինչպիսին կա մեր իրականությունում, խոսել Սահմանադրության կառավարման մոդելի մասին՝ լավ կամ վատ, անիմաստ է: Ի սկզբանե մենք միշտ էլ հայտարարել ենք, որ կողմ ենք կիսանախագահական համակարգին, որն, ի դեպ, նաև կուսակցության ծրագրային դրույթ է, կիսանախագահական համակարգին, սակայն նախագահի դերի հստակեցմամբ: Մեր պայմաններում առաջարկվող տարբերակում, արդյունքում ունենք դոմինանտ՝ գործադիր և ռեցեսիվ օրենսդիր իշխանություն: Ինչպիսի՞ն կլինի հետագան: Ցույց կտա ժամանակը: Սրանից արդյո՞ք շատ կշահի պետությունը: Իշխանությունը, ենթադրվում է՝ այո, պետությունը կշահի, թե՞ ոչ՝ չգիտեմ: Կարծում եմ, առաջարկությունների թվաքանակը նաև վկայում է այն մասին, որ նաև պատշաճ ձևով չի կազմակերպվել խորհրդարանում քննարկումները, համենայն դեպս, մտքերի փոխանակություններում պետք է առաջ գային հարցապնդումների հիմնավորումներ, որոնք որ առաջադրվել են քաղաքական ուժերի կողմից: Թերի է նաև փորձագիտական եզրակացությունը, որն ի դեպ, հանձնաժողովի նիստում խոստացվել է ներկայացնել, առայսօր փորձագիտական որևէ երրորդ կողմի, չգիտեմ անկախ իրավապաշտպան կամ մասնագիտական կառույցի կողմից չի ներկայացվել:
Այսուհանդերձ, մենք մասնակցել ենք մեր առաջարկություններով, փորձել ենք հնարավորինս ըստ մեր տեսակետների բարելավել, փորձել ենք որոշակի դիտարկումներով հանդես գալ: Շնորհակալ ենք հանձնաժողովին, որ առաջարկությունների 10% -ն ընդունել է: Թերևս այսքանը: Նման 10 %-ը հենց վկայում է, որ մենք «կողմ» քվեարկել առաջարկվող նախագծին՝ չենք կարող: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Ելույթի համար խոսքը տրվում է Ազգային ժողովի պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանին: Հաջորդը՝ Արզիկ Մխիթարյան:
Արթուր Թովմասյան - Որպես անձ շատ նորմալ ընդունեցի ընդդիմադիր կուսակցությունների ոճը՝ սահմանադրական բարեփոխումների նախագծին, բայց շատ ցավով ընդունեցի, որովհետև մինչև վերջին պահն էլ մտածում էի, որ ՀՅԴ-ն «այո» կասի Սահմանադրությանը, որպես անձ ես ցավով ընդունեցի, որովհետև ՀՅԴ դերը և Արցախի կայացման համար, և Հայաստանի Հանրապետության՝ ներկայիս, ինչու չի նաև առաջին հանրապետության, մեծ, շատ մեծ էր: Քանի որ մտքերի փոխանակում է՝ էս էլ ընկեր Առստամյանի համար եմ ուզում ասել. ուրեմն մեր ընկերներից մեկի երեխայի հարսանիքի ժամանակ նաև սեղանին ամերիկահայեր կային իրենց ընտանիքներով, և երբ որ ես ասացի, որ Լենինն է մեղավոր, որ կանայք ու տղամարդիկ իրար հավասար են, ամերիկահայերի կանայք սկսեցին վատ նայել ինձ, ասեցի` ի՞նչ եք վատ նայում, Լենինն է մեղավոր, էլի, որովհետև դուք այնքան բարձր էիք, որ նա բերեց հավասարեցրեց տղամարդկանց հետ: Մի քիչ էլ ծիծաղեք էլի, մռայլ բանով ահմանադրության նախագիծ եք քննարկում. ինչևէ: Ավելի քան տասը տարվա կենսագրություն ունի Արցախի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը: Այն ընդունվեց համաժողովրդական հանրաքվեի արդյունքում, որով արցախահայությունը հիմնական օրենքի տեսքով, կամաարտահայտությամբ ընդհանրացրեց, ամրագրեց իր ինքնորոշման, անկախ պետականության կերտման անօտարելի իրավունքը, հստակեցրեց պետական իշխանության քաղաքական կազմակերպման ողջ սպեկտորը: Ինչպես ամեն մի օրենք, Սահմանադրությունը նույնպես վերջնական ավարտի բերված, քարացած, անփոփոխելի իմունիտետով օժտված քաղաքական կատեգորիա չէ: Հասարակական հարաբերությունների հետզհետե զարգացումներն ու փոխակերպումները, ժամանակի մարտահրավերներին դիմակայելն ու ընթացքային հիմնախնդիրների օպերատիվ լուծումները կարող են հանգեցնել մի իրավիճակի, երբ դրանց անկաշկանդ առաջընթացին խոչընդոտում են թե՛ օրենքները, թե՛ Սահմանադրությունը: Մեր դիտարկմամբ, վերջին տարիներին հանրային տրամադրություններն ու հասարակական կարծիքը, հենց դրանցով էլ պայմանավորված Արցախում գործող քաղաքական կուսակցությունների և արտախորհրդարանական ուժերի տրամադրվածություններն ուղղորդվել են դեպի այն գիտակցումը, որ հասունացրել է պետական իշխանությունը առավել արդյունավետ կառավարելու, ինքնակազմակերպելու համար ինստիտուցիոնալ փոփոխությունների անհրաժեշտություն:
ԼՂՀ-ում առաջիկայում սահմանադրական փոփոխությունները ենթադրում են ուժեղացված և կենտրոնաձիգ նախագահական կառավարման և օրենսդիր մարմնի դերի բարձրացմամբ նորովի մոդել, որը կնպաստի երկրի պաշտպանունակության և անվտանգության մակարդակի շարունակական բարձրացմանը ու կառավարման պետական համակարգի օպտիմալացմանը: Այն դրական ազդեցություն կունենա ԼՂՀ պետական սահմանների, տարածքային ամբողջականության վերականգնման, միջազգային հանրության կողմից ԼՂՀ անկախ պետականության ճանաչման և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա: Կարևորում ենք մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների, ազատությունների ու պարտականությունների ամրագրումը, տեղական ինքնակառավարման մարմինների լիարժեք ինքնուրույնության ապահովումը, լիազորությունների բարձրացումը և քաղաքացիական հասարակության լիակատար ձևավորումը:
ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցությունը կողմ է քվեարկելու սահմանադրական բարեփոխումների նախագծին, այնուհետև կուսակցության նախագահ, երկրի վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ակտիվորեն մասնակցելու է քարոզարշավին և իր «այոն» է հայտնելու Սահմանադրության նախագծին: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Ելույթի համար խոսքը տրվում է Արզիկ Մխիթարյանին, և եզրափակիչ ելույթն էլ լինելու է իմ ելույթը:
Արզիկ Մխիթարյան - Հարգարժան գործընկերներ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մեծարգո անդամներ, ես սահմանադրական իրավունքի մասնագետ չեմ և չեմ պատրաստվում Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ և այստեղ քննարկումներ անել Սահմանադրության նախագծի բովանդակության վերաբերյալ: Մենք բոլորս շատ լավ ծանոթ ենք արդեն նախագծին: Փառք Աստծո, մենք հնարավորություն ստացանք Ազգային ժողովով բավականին երկար քննարկումներ անել: Ես որպես քաղաքացի և որպես պատգամավոր բավականին յուրացրած եմ համարում այն բոլոր դրույթները, ինչ ներկայացված են: Համոզված եմ, որ անձի, քաղաքացու իրավական գործողությունների հիմքերն արդեն ամրագրվել են մեր Սահմանադրության մեջ, և մենք պատրաստվում ենք իրավական պետություն ունենալուն: Երբ քննարկումները գնում էին, ես ակամայից հիշեցի 1997 թվականը, երբ պրն. Ղուլյանն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ էր, և ինձ գործուղեց Ամերիկայի Հայկական համագումարի 25-ամյա հոբելյանին մասնակցելու: Այնտեղ ելույթ ունեցանք՝ պրն. Օհանյանը` որպես ԼՂՀ պաշտպանության փոխնախարար և ես` որպես արցախյան ազատամարտի ակտիվիստ: Ելույթս բավականին հուզիչ էր, տպավորիչ էր հավանաբար, որովհետև արդյունքում հանրահայտ սենատոր Պորտերի կինը՝ Կատրին Պորտերը, բարձրացավ ամբիոն, փաթաթվեց, գրկախառնվեց ինձ, համբուրեց ու ինձ հանձնեց Ամերիկայի Սահմանադրությունն, ասելով հետևյալ նախադասությունը. «Մենք շատ կցանկանայինք, որ Արցախը մի օր ունենա իր Սահմանադրությունը»: Դա 97 թվականն էր, և մենք դեռևս Սահմանադրություն չունեինք: Բայց ապրում էինք ուղիղ, պայքարում էինք և պետություն էինք կառուցում առանց այդ Սահմանադրության: Եվ այսօր, երբ երկրորդ անգամ Սահմանադրություն ենք ընդունում, մենք հարվածում ենք դագանակով թշնամու մռութին, որ մենք ահա ունեցել ենք մեկ Սահմանադրություն, ընդունում ենք երկրորդը: Թող որ լինի այդ Սահմանադրությունը փոքր-ինչ թերություններով, թող որ այդ Սահմանադրությունը չլինի աշխարհի ամենակատարյալ Սահմանադրությունը, այսօր որոշ գործընկերներ վերաբերմունք ունեն, որ կառավարման այս մոդելը կարող է իրեն չարդարացնել, որ կարող է այս կամ այն դրույթը այնպիսինը չլինի, ինչպիսինը ցանկանում ենք: Ես համոզված եմ, որ բոլորս էլ գիտակցում ենք, որ Սահմանադրությունն իրագործելու ամենամեծ երաշխիքը դա մեր հասարակության իրավագիտակցությունն է, որ մենք կարողանանք ազատությանը արժանի ժողովուրդ լինենք և կարողանանք այդ Սահմանադրությունը կիրառել: Եվ ցանկացած կատարյալ Սահմանադրություն կարող է չաշխատել, եթե մենք բոլոր այդ ապահովվող պարագաները, պայմանները չունենանք:
Ես ուզում եմ հիշեցնեմ Ավետիս Ահարոնյանի շատ իմաստուն ասված այն բառերը, որոնք նա ասաց անցյալ դարասկզբին. «Եթե մի երեկոյան բոլոր հայերն իրենց հաշտեցնեն նահատակվելու գաղափարին, կարթնանան ազատության մեջ»:
Մենք 88-ից ի վեր հաշտեցրել ենք մեզ նահատակվելու գաղափարին, հայրենիք ունենալու գաղափարին, ազատ հայրենիք, իրավական հայրենիք ունենալու գաղափարին: Եվ այսօր ես համոզված եմ, որ պետք է մի կողմ դնենք մեր կուսակցական բոլոր այդ գաղափարախոսական տենդենցները և զգանք մի բան՝ ամեն ինչից վեր կանգնած է Արցախը, ամեն ինչից վեր կանգնած է մեր հայրենիքը: Ես երբեմն ներքին սարսուռ եմ զգում, երբ բոլոր ամբիոններից թվարկվում է՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ: Այսինքն՝ մեզ համարժեք ներկայացնում են երեք միլիոնանոց հայրենիքի, ավելի քան յոթ միլիոն սփյուռքահայության հետ և մեզ համարժեք են համարում այդ արժեքներին: Եվ մենք այս տարիների ընթացքում մեզ արժանապատիվ ձևով պահել, պահել ենք յուրահատուկ, արցախցուն հատուկ ֆենոմենով: Մենք եկեք չընդօրինակենք, որ աշխարհում գոյություն ունի ժողովրդավարություն, որ ՀՀ Ազգային ժողովում կան ընդդիմադիր ուժեր, որոնք կարող են գնալ Եվրոպայի կենտրոնում նստել և մեր նախագահին վարկաբեկել:
Մենք արցախցի ենք և պետք է պահպանենք մեր տեսակը, մեր ճիշտ լինելու տեսակը:
Իմ կարծիքով, ինձ թվում է, այսօր մենք պարտավոր ենք պարզապես ճիշտ կողմնորոշելու մեր ժողովրդին: Վերջապես, յուրաքանչյուրս ունենք ընտրողներ, ունենք շրջապատ, յուրաքանչյուրս գիտակցում ենք, որ եթե մենք այսօր հանրաքվե ասելով՝ Սահմանադրության ճակատագիրը տալիս ենք ժողովրդի ձեռքը, համոզվա՞ծ ենք, որ ժողովրդի յուրաքանչյուր անհատը չէ, որ հասկանում է, թե Սահմանադրության արժեքը որն է, այստեղ շատ տեղին է հիշեցնեմ ձեզ Հրանտ Մաթևոսյանի շատ հանճարեղ ասված մի միտք. ասում է` «Կռունկների երամը թռչում է Եգիպտոս, սակայն երամի ոչ մի թռչունը Եգիպտոսի ճանապարհը չգիտի: Երամը ունի բնազդ և գտնում է Եգիպտոսի ճանապարհը»:
Մեր ժողովուրդն ունի բնազդ, իմաստուն բնազդ, և իմաստունն է որոշելու, թե որն է ճիշտը, սակայն այդ բնազդին մենք պետք է ուժ հաղորդենք: Մենք ձեզ հետ, որպեսզի կարողանանք ասել, որ այսօր անհրաժեշտ է այդ Սահմանադրությունը, լավն է այն, թե վատն է՝ այն անհրաժեշտ է, որովհետև մեկ անգամ ևս մենք պատասխանում ենք թշնամուն, հակառակորդին, որ մենք բռնել ենք իրավական անկախ պետություն դառնելու ճանապարհը: Շնորհակալություն:
Վահրամ Բալայան - Ելույթի համար խոսքը տրվում է ԱԺ նախագահ, պատգամավոր Աշոտ Ղուլյանին:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Ազգային ժողովի նախագահը հազվադեպ է ելույթ ունենում այս ամբիոնից, և, կարծում եմ, դա ոչ միայն Արցախի Հանրապետության Ազգային ժողովում է, դա նրանից է, որ Ազգային ժողովի նախագահի կարգավիճակում նիստեր վարելը հնարավորություն է տալիս ավելի հաճախ սեփական կարծիքը արտահայտել: Բայց այս անգամ պահը այնպիսին է և, կարծում եմ, պահի պատասխանատվությունը այնպիսին է, որ բոլորից էլ պահանջում է, որպեսզի բոլորս հասկանանք, որ եկել է անկեղծության պահը, և այն պահն է, երբ որ ամեն մեկի անձնական կարծիքից կախված է լինելու, թե ինչքանո՞վ ենք ընդունակ հասկանալու դիմացինի կարծիքը, ինչքանո՞վ ենք մենք կարողանալու ընդունել, որ բոլորս էլ ունենք հավասար իրավունքներ և այստեղ քաղաքական ուժերի ոչ մրցապայքար է, ոչ էլ` առանձին պատգամավորների: Մենք բոլորս էլ մի բանով ենք շահագրգռված, որպեսզի մեր երկիրն ունենա ավելի լավ Սահմանադրություն, որովհետև մենք արդեն որոշակի ավանդույթներ ունենք սահմանադրական հարցի հետ կապված, և այս հասունությունը պետք է երևա, հենց այսօր պետք է երևա, հենց 2017թ. Սահմանադրությունն ընդունելիս:
Ես, իհարկե, չէի ուզենա հատուկ անդրադառնալ այստեղ հնչած մտքերին, բայց, այնուամենայնիվ, քանի որ այդպիսի գաղափարներ, այդպիսի տեսակետներ հնչել են, նաև անհնար է, որ անտարբեր մենք անցնենք, որովհետև այստեղ որոշակի կարծիքներ են հայտնել, որոնք, իհարկե, կարող են անձնական կարծիք լինել, բայց դրանք չեն կարող լինել պաշտոնական, որ դա է միակ ճշմարտությունը, և որպես երկրորդ կարծիք ես ուզում եմ ասել հետևյալը. որպես քաղաքացի, որպես պատգամավոր, որպես Ազգային ժողովի նախագահ հատկապես, մինչև 2016թ. ամենաքիչը ես եմ խոսել սահմանադրական բարեփոխումների մասին: Բայց երբ որ 2016թ. քաղաքական ուժերի մոտ այդպիսի համաձայնություն է ձևավորվել՝ մտածել, աշխատել և մշակել Սահմանադրության նախագիծ, ես չէի կարող որպես և՛ քաղաքացի, և՛ պատգամավոր, և՛ Ազգային ժողովի նախագահ, անտարբեր նստել ու տեսնել, թե ինչ է կատարվում:
Ես ընդունել եմ մեր բոլոր գործընկերների, այստեղ նստած բոլոր քաղաքական ուժերի առաջարկը, որ մենք կարիք ունենք. իհարկե, մենք կարիք ունենք և պետք է անպայման աշխատենք սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ: Բայց երբ որ այդ համաձայնությունը կա, մենք պետք է հասկանանք, որ չի կարող լինել 5 կարծիք և 5 կարծիքը տեղավորել Սահմանադրության մեջ: Մենք պետք է նաև ընդունենք, որ այդ 5 կարծիքները պետք է կարողանան իրար ընդառաջ գնալ և կարծիքները պետք է կարողանան փոխզիջումների միջոցով միավորվել և դառնալ մեկ փաստաթուղթ, որովհետև մենք չենք կարող հին տարբերակով փաստաթուղթ ունենալ: Եվ այստեղ, իհարկե, քանի որ նշեցի, դա քաղաքական ուժերի նախաձեռնությունն է, խոսել իշխանությունների վերարտադրության մասին, և դա պնդելը, կարծում եմ, տեղին չէ, որովհետև Նախագահի կողմից չի առաջարկվել սահմանադրական բարեփոխումները, Նախագահը պարզապես ընդառաջ է գնացել այն քաղաքական ուժերի կարծիքին, որն այստեղից՝ Ազգային ժողովից է դուրս եկել: Եվ ես կարծում եմ, որ այն տարբերակը, որ մենք մտածում ենք, որ Ազգային ժողովում պետք է լիներ այդպիսի հանձնաժողով, գիտեք, Ազգային ժողովում մենք շատ բան կարող ենք մտածել, բայց Ազգային ժողովն չի կարող դուրս գալ գործող Սահմանադրության շրջանակներից, որ Ազգային ժողովը միայն պիտի լինի այսպիսի հանձնաժողովի կենտրոն, ինքը իրենով կարող է ձևավորել հանձնաժողով… իսկ հասարակության կարծիքը մենք ոնց ենք լսելու, ես ընդունում եմ, որ գուցե հանրային քննարկումների մասով, ժամանակի սղությունը՝ մենք մի քիչ ուշ ենք սկսել աշխատել, թույլ չի տվել մի քիչ ավելի լայնացնել այդ քննարկումների շրջանակը, բայց ասել, որ մենք խորհրդարանական քննարկումներ չենք արել, և, դա, իհարկե՝ կարող է և բաց է, մենք 2006թ. հանրային քննարկումներ չենք արել: Հանրային քննարկումների ինստիտուտը հենց եկել է լրացնելու. 3 խորհրդարանական լսումների փոխարեն երևի 43 հանրային փուլեր ենք անցկացրել և փորձել ենք հաշվի առնել երկրի բնակիչների տեսակետները, կարծիքները հաշվի առնել:
Ի վերջո, երկրի Սահմանադրությունը, ես կարծում եմ, որ դա երկրի քաղաքացիների միջև կոլեկտիվ պայմանագիր է համակեցության մասին, միասին ապրելու մասին: Բանավեճը, թե ինչպիսի կառավարման համակարգ պետք է մենք ունենանք՝ պառլամենտակա՞ն, թե՞ նախագահական, ես համոզված եմ, որ շարունակվելու է նաև Սահմանադրությունը ընդունելուց հետո: Որովհետև դա շատ բնական է: Մենք պետք է կարողանանք մշտապես այդ բանավեճն ունենալ, և դա խոսում է միայն այն մասին, որ արցախցու երազանքը, որը եղել է 1988թ.-ից առաջ և մեզ մղել է այդպիսի քայլերի՝ այսօր էլ պահպանվում է: Այդ երազանքն է, որ արցախցուն մղել է իր իրավունքների պաշտպանությանը, նրան դուրս բերել հրապարակ, քաղաքական հասունության երբեմն դառը դասերից հետո ստիպել դուրս գալ միամիտ հույսերի անուրջներից և օգտվել ժամանակի ու գործող օրենսդրության ընձեռած հնարավորություններից, հռչակել անկախ պետականություն և միջազգային իրավունքին համահունչ հանրաքվե անել ու սեփական պետականության հիմքերը դնել:
Այդ շրջանում մենք շատ լուրջ որոշումներ ենք ընդունել և լուրջ որոշումների ենք գնացել, որոնք նույնպես եղել են արցախյան երազանքի մղումով, մենք մի շատ բարձր նշաձող ենք մեզ համար սահմանել 90-ականների սկզբին, այդ նշաձողը պառլամենտական հանրապետություն հռչակելն է: Ես հպարտությամբ եմ ասել, որ մենք հաղթահարել ենք այդ նշաձողը: Այլ բան է, որ ժամանակը, հետագայում՝ իրավիճակը նաև, մեզ հուշեցին, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ որ արտաքին մարտահրավերները հաշվի առնելով, պետք է կարողանայինք մեր պետական համակարգը վերակառուցել և այն իսկապես դարձնել ժամանակի պահանջներին համապատասխան:
Այսօրվա իրավիճակը, արտաքին մարտահրավերների առումով, շատ քիչ է տարբերվում 90-ականների իրավիճակից, և հենց այս հանգամանքն է, որ Արցախի Հանրապետության նույնիսկ ամենահեռավոր գյուղերում, իհարկե, շատ տեղեր գուցե չեն հասկանում պառլամենտական ու նախագահական կառավարման տարբերությունները, խորքային առանձնահատկությունները, բայց մարդիկ, երբ որ նրանց հարցնում են, թե ինչ են ուզում, շատերը նշում են կենտրոնաձիգ ուժեղ պետություն ունենալու անհրաժեշտության մասին և, նաև իրենց պատասխանները հենց դրա օգտին են ներկայացնում:
Մենք ընդհանրապես շատ քիչ տեղ ենք հատկացնում սոցիոլոգիական հարցումներին, հանրային կարծիքի ուսումնասիրություններին, բայց չի կարելի չնկատել, որ ժամանակակից աշխարհում այսօր շատ մեծ տեղ է դրանց տրվում՝ հատկապես որոշումներ ընդունելիս:
Վերջին ամիսների աշխատանքը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում, չնայած 2006թ. Սահմանադրություն ընդունելու ժամանակ այդ փորձին, ինձ համար շատ կարևոր և օգտակար աշխատանք էր, որից կատարված գլխավոր հետևությունն ինձ համար այսպիսինն է`
ժամանակակից սահմանադրական կարգավորումները փոխվում և կատարելագործվում են ոչ թե տասնամյակներով, այլ տարիներով (ես վախենամ, որ ժամանակը մի քիչ էլ է արագացրել այդ ընթացքը):
Մեր օրերի սահմանադրությունները շատ պարզ ձևով բացահայտում են 2 գլխավոր առանձնահատկություն, առաջնահերթություն.
Առաջինը՝ պետությունը, այսինքն իշխանությունները, կառավարման ինստիտուտները, գնում են լիազորությունների և իրավասությունների աստիճանական սահմանափակման ճանապարհով՝ ավելացնելով պարտականությունները. այդպիսի միտում կա հստակ ժամանակակից սահմանադրությունների մեջ: Եվ երկրորդը՝ մարդու, այսինքն քաղաքացու և անհատի իրավունքներն ու ազատությունները ընդլայնման դինամիկա ունեն:
Այսպիսին է ժամանակակից սահմանադրությունների սահմանադրական մշակույթի զարգացման ճանապարհը:
Ահա այս միջակայքում ենք մենք փորձել գտնել կամ ադապտացնել սահմանադրաիրավական այն կարգավորումները, որոնք ամրագրվել են Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծում: Եվ ես ավելի քան վստահ եմ, որ դրանք բավարար են իրականացնելու համար արցախցու երազանքը, որի մասին մենք խոսեցինք: Իսկ այդ երազանքը, ինչքան էլ փորձենք տարբերություններ փնտրել, ամփոփվում է մի կարևոր բանաձևի մեջ` ազատ ու անվտանգ ապրելու իր ստեղծած անկախ պետության մեջ:
Ես դժվարանում եմ հարևան մեր երկրների սահմանադրությունների մեջ կամ պետական կառավարման համակարգերի մեջ գտնել այնպիսի նախադեպ ու մոդել, որտեղ պառլամենտական կառավարման բաղադրիչներն այնքան շատ են, ինչքան Արցախի Հանրապետության Սահմանադրության ներկայացվող նախագծում: Հետևաբար, ասել, որ մենք ստեղծել ենք գերկենտրոնացված կամ սուպերնախագահական կառավարման համակարգ, որպես մասնագիտակական հանձնաժողովի անդամ, ես ձեռնպահ եմ մնում և խորհուրդ եմ տալիս այդպիսի հետևություններ չանել: Ժամանակը ցույց կտա, որ մենք իսկապես փորձել ենք ոչ միայն հավասարակշռություն ապահովել, փորձել ենք այդ միջակայքը դարձնել այնպիսին, որ դա երբևէ քննադատության չարժանանա դրսի հայացքով, և մեր երկրի քաղաքացիներին էլ հնարավորություն տա լիարժեք օգտագործել իրենց իրավունքներն ու ազատությունները: Չկան վատ ու անհաջող կառավարման համակարգեր, կան արդյունավետ և ոչ այնքան կառավարման համակարգեր: Պարզապես ամեն ինչ կախված է մեզնից և եթե մենք մի բանում վերապահումներ ենք անում և իսկապես ապավինում ենք արցախցու իմաստնությանը, ապա պետք է հասկանանք, որ արցախցու իմաստնությունը այստեղ էլ պետք է գործի, այսինքն կառավարման համակարգի արդյունավետությունը, այնպես, ինչպես եղել է դարեր առաջ, հիմա էլ է այդպես լինելու, չկան ժամանակակից սահմանադրություւնների մեջ ստերիլ համակարգեր, և բոլոր համակարգերն էլ, եթե ուշադրություն դարձնենք, այստեղ շատ ուժեղ սինթեզներ ու համակցություններ կան, նախագահականը պառլամենտականի հետ, պառլամենտականի բաղադրիչները նախագահականի, կիսանախագահականի հետ, և դա է երևի պատճառը, որ մենք իսկապես այսօր ունենք Սահմանադրության մի մոդել, որը չի կարելի էդպես ընդգծված ասել, որ միայն նախագահական կառավարման մոդելն է էդպես… կամ պառլամենտական համակարգը այստեղ քիչ ուշադրության է ներկայացվել:
Ես ուզում եմ ավարտել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքի հետ կապված իմ դիտարկումներով, և ուզում եմ իմ շնորհակալությունը ձեր ներկայությամբ հայտնել իմ գործընկերներին` մասնագիտական հանձնաժողովից, որովհետև այնպես, ինչպես դուք եք այսօր այդ նույն հարցերը կասկածի տակ առնում, վերապահում անում, հավատացեք, որ մենք այդ նույն հարցերով ոչ միայն բանավիճել ենք, այլև իրար հետ վիճել ենք, գուցե ինչ-որ տեղ նույնիսկ նեղացել ենք, բայց, ի վերջո, հաջորդ օրը մենք եկել ենք նույն սեղանի շուրջ, և ասել ենք, որ սա վերաբերում է մեր երկրին, այստեղ պետք է մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի տեսնի իր շահերն ու հնարավորությունները: Եվ որևէ առանձնացված, քաղաքականացված կամ ավելորդ քաղաքականացված իմաստ չկա և չի կարող լինել:
Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք իսկապես հասկացել են հարցի կարևորությունը, և ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, որ այսօր ինչ-որ մի տեղ մեր ներկայացրած նախագծին չեն հավատացել 100 տոկոսով, ես կարծում եմ, որ այս հայացքների տարբերությունը մեզ հուշելու է, որ մեր աշխատանքը չի ավարտվել, մենք շարունակելու ենք աշխատել, որովհետև ժողովրդին ներկայացվող նախագիծը պետք է ամենատարրական վրիպակներից, սխալներից զերծ լինի, և մենք հաջորդ օրերին նույնպես աշխատելու ենք, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն պատգամավորներին, խմբակցություններին, ովքեր իրենց առաջարկություններով մեզ նորից հուշել են, որ ձեր ասածը կարող է այս պահին, գուցե այս տեղում այնքան էլ հիմնավոր չլինի, դա մեզ ստիպել է, որպեսզի մենք նորից վերադառնանք Սահմանադրությունը ծերից-ծեր կարդալուն և, այն առաջարկները, որոնք ընդունվել են, հենց այդ գաղափարի անհրաժեշտությունը հասկանալու ճանապարհով է եղել: Ես խոսքս ուզում եմ ավարտել, ձեզ բոլորին խնդրելով և առաջարկելով կողմ քվեարկել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալուն: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Մենք ավարտել ենք մտքերի փոխանակության այս փուլը հարցի քննարկման ընթացքում: Հիմա մենք ունենք եզրափակիչ ելույթների համար կանոնակարգով նախատեսված այս մասը, եթե նույնիսկ ընդմիջման կարիք լինի, կարող ենք ընդմիջում անել, բայց նկատում եմ, որ հանձնաժողովներում այդպիսի տրամադրություններ չկան: Այժմ եզրափակիչ ելույթների մասն է, հարակից զեկուցման կարիք կա՞, պրն. Ջիվանյան. չկա: Հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթի համար հրավիրում եմ Սահմանադրության նախագիծը ներկայացնելու համար ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ պարոն Արարատ Դանիելյանին:
Արարատ Դանիելյան – Շնորհակալություն, հետաքրքիր քննարկումների համար: Երևի թե ես շատ հարգելով օրենքների դրույթները, առավել ևս «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը, իմ նախապատրաստած ելույթը կներկայացնեմ, բայց բոլոր հարցադրումներին ես հնարավորություն կունենամ ավելի հրապարակայնորեն այսօրվանից կամ վաղվանից լարատվամիջոցներում պատասխանելու, այսինքն՝ քանի որ մենք բազմաթիվ քննարկումներում ներկայացրել ենք մեր տեսակետը, և մի նոր բան չի հնչել: Ուստի, անդրադառնամ իմ նախապատրաստած ելույթին:
ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, երեկ ձեզ է ներկայացվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ ստացված առաջարկությունների ամփոփաթերթը, իսկ Սահմանադրության լրամշակված նախագիծը տեղադրված է Ազգային ժողովի կայքէջում: Նախագիծը փոփոխությունների է ենթարկվել ձեր առաջարկների հիման վրա, և այն ընդունելի է ԼՂՀ նախագահի համար: Հանձնաժողովն այս կարճ ժամանակահատվածում անդրադարձել է բոլոր առաջարկություններին, որոնք ներառված են ամփոփաթերթում: Պետք է նշել, որ ոչ բոլոր առաջարկություններն են ունեցել հիմնավորումներ, բացառություն են կազմել «Հայրենիք» խմբակցության պատգամավորներ Թովմասյանի, Դադայանի և պատգամավորներ Պետրոսյանի ու Առստամյանի կողմից ներկայացված առաջարկությունները: Քննարկումները տեղի են ունեցել հիմնականում խմբակցությունների ներկայացուցիչների և առանձին առաջարկություն ներկայացրած պատգամավորների հետ: Քննարկումների ընթացքում մենք հնարավորություն ենք ունեցել լսելու բազմաթիվ կարծիքներ: Առաջարկների թիվը մեծ էր, և մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում ձեզ բոլորիդ: Դրանց մի մասն ընդունվել և ներառվել է Սահմանադրության նախագծի տեքստում, ինչի արդյունքում նախագիծը դարձել է ամբողջական, առավելագույնս հաղթահարվել են ներսահմանադրական բացերը, անհստակությունները և թերությունները, կատարվել են խմբագրական շտկումներ: Հանձնաժողովի աշխատանքների արդյունքների վրա մեծ ազդեցություն է թողել նաև բազմաթիվ քննարկումները հասարակության մեջ
Այժմ ես կցանկանայի անդրադառնալ այն հիմնական փոփոխություններին, որոնք կատարվել են այս ընթացքում և որոնք ներկայացվել են Ազգային ժողով:
Սահմանադրության նախաբանի վերաբերյալ առաջարկություններ են արել «Դաշնակցություն», «Շարժում-88» խմբակցությունները, պատգամավոր Բաղրյանը: Նախաբանը վերանայվել է և բովանդակային, և խմբագրական մասով: «Դաշնակցություն» խմբակցության կողմից առաջարկվել է չսահմանափակվող իրավունքների թիվը ավելացնել: Առաջարկությունն ընդունվել է մասնակի, և չսահմանափակվող իրավունքների թվին ավելացվել է 31-րդ հոդվածի 1-ին մասը՝ պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը: Այդ կապակցությամբ փոխվել է նաև 31-րդ հոդվածի կառուցվածքը, և այն կազմված է 3 մասից: «Շարժում-88» խմբակցության առաջարկով Մարդու ազատ գործելու իրավունքի հետ կապված 39-րդ հոդվածում ավելացվել է այն դրույթը, ըստ որի՝ «Յուրաքանչյուր ոք ազատ է անելու այն ամենը, ինչ արգելված չէ Սահմանադրությամբ կամ օրենքով և չի խախտում այլոց իրավունքներն ու ազատությունները: Պատգամավոր Մելքումյանի առաջարկով նախագծի 41-րդ հոդվածի վերնագրում և 2-րդ մասում «կրոնի» բառը փոխարինվել է «դավանանքի» բառով, իսկ 1-ին մասի «խղճի, կրոնի» բառերը՝ «խղճի և դավանանքի» բառերով: Պատգամավոր Բաղրյանի առաջարկով նախագծի 21-րդ, 43-րդ և 46-րդ հոդվածներում կատարվել են լեզվաոճական փոփոխություններ: Պատգամավորներ Դադայանի, Պետրոսյանի և Առստամյանի առաջարկներով նախագծի 83-րդ հոդվածում կատարվել է համապատասխան փոփոխություն՝ հայտնի «արժանապատիվ, գոյություն» բառերը փոխվել են «ապրելու իրավունքով»: Պատգամավորներ Պետրոսյանի և Առստամյանի առաջարկով 76-րդ հոդվածի 3-րդ մասում կատարվել է համապատասխան փոփոխություն:
«Շարժում-88» խմբակցության առաջարկով 93-րդ հոդվածի 7-րդ կետում կատարվել է փոփոխություն: Այս բոլոր փոփոխությունները ներառված են ամփոփաթերթում, դրա համար ավելի մանրամասնորեն ես չեմ անդրադառնում:
Նախագծի 117-րդ հոդվածի վերաբերյալ տարբեր առաջարկություններ են ներկայացրել պատգամավորներ և Պետրոսյանը, և Առստամյանը, Ծատրյանը, «Դաշնակցություն» և «Շարժում-88» խմբակցությունները: Հոդվածում կատարվել է համապատասխան փոփոխություն, հանվել են «Ազգային ժողովի լիազորությունների ամբողջ ժամկետով» բառերը: Միաժամանակ նախատեսվել է նաև ԱԺ նախագահի կամ նրա տեղակալի նոր թեկնածու առաջադրելու պարտադիր պահանջ: «Շարժում-88» խմբակցության և պատգամավորներ Պետրոսյանի և Առստամյանի առաջարկով նախագծի 121-րդ հոդվածում կատարվել է համապատասխան փոփոխություն: «Դաշնակցություն» խմբակցության կողմից առաջարկվել է նախագծի 140-րդ հոդվածից հանել 4-րդ կետը, որն ընդունվել է: Պատգամավոր Մելքումյանի առաջարկով նախագծի 141-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ: «Դաշնակցություն» խմբակցության և պատգամավորներ Պետրոսյանի և Առստամյանի առաջարկով 147-րդ և 161-րդ հոդվածներից հանվել է «անընդմեջ» բառը: Նախագծի 162-րդ հոդվածի վերաբերյալ «Դաշնակցություն» խմբակցության առաջարկն ընդունվել է մասնակի և զգալիորեն կրճատվել է այն հոդվածների թիվը, որոնք կարող են փոփոխվել Աժ կողմից: Նախագծի 167-րդ հոդվածի 1-ին մասը պատգամավորներ Գ. Պետրոսյանի և Ա. Առստամյանի առաջարկով փոփոխվել է և սահմանվել է երեք տարվա ժամկետ: «Հայրենիք» խմբակցության առաջարկով նախագծի 168-րդ հոդվածում կատարվել է համապատասխան փոփոխություն:
Ժամանակի սղության պատճառով հնարավորություն չունեմ մանրամասնորեն անդրադառնալու բոլոր այն փոփոխություններին, որոնք ներկայացված են նախագծում, բայց կարծում եմ, որ ներկայացված հիմնական փոփոխությունները հստակ ցույց են տալիս այն միտումը, որը կա հանրապետության Նախագահի կողմից՝ հասնել հնարավորինս մեծ հասարակական համաձայնության, կատարել քաղաքական փոխզիջումներ, որպեսզի Սահմանադրության նախագիծն իսկապես ընդգրկի քաղաքական ուժերի և հասարակական հատվածների այն ցանկությունները և շահերը, որոնք արժանի են պաշտպանության սահմանադրական մակարդակով:
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետը` առաջարկում եմ Ազգային ժողովի որոշմամբ համաձայնություն տալ նշանակելու հանրաքվե՝ Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխված նախագիծն ընդունելու հարցով: Շնորհակալություն, ուշադրության համար:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Այսքանով ամփոփում ենք մեր քննարկումները, և քանի որ պրն. Դանիելյանը հնչեցրեց, Սահմանադրության նախագծի քնարկումներն Ազգային ժողովում ավարտվում են հենց նախագահի ներկայացուցչի առաջարկով: Պրն. Դանիելյանն առաջարկեց, որպեսզի Ազգային ժողովն քվեարկի Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու համար այն բոլոր փոփոխություններով, որի մասին մենք քիչ առաջ խոսել ենք, նշել ենք և որոնք նաև ամփոփաթերթիկում ներկայացված են ու այսօր առավոտյան բաժանվել են պատգամավորներին: Երևի մտքերի փոխանակությունից դուրս ուրիշ բան այս պահին ոչ կանոնակարգով է նախատեսված, ոչ էլ կարծում եմ կա դրա կարիքը:
Մենք հիմա անցնում ենք քվեարկության: Պատգամավորներին խնդրում եմ ուշադիր լինել. Ազգային ժողովի որոշման նախագիծն Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին:
Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 133-րդ հոդվածով, ԼՂՀ Ազգային ժողովը որոշում է՝ համաձայնություն տալ Արցախի Հանրապետության Սահմանադրության մասին նախագիծը հանրաքվեի դնելուն Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը:
Քվեարկություն:
Կողմ՝ 20,
դեմ՝ 7,
ձեռնպահ՝ 1:
Ձայների այսպիսի հարաբերակցությամբ որոշումն ընդունվում է: Նորից եմ կրկնում.
կողմ՝ 20, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 1:
Սահմանադրության նախագիծն արժանանում է հավանության, և այն ներկայացվում է ԼՂՀ նախագահին՝ հանրաքվեի դնելու առաջարկով:
Շնորհակալություն: Այսքանով մենք սպառում ենք այսօրվա մեր արտահերթ նստաշրջանի աշխատանքը և ես նորից եմ ուզում, այս անգամ գուցե սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անունից, շնորհակալություն հայտնել այս ամիսների համատեղ աշխատանքների համար: Շնորհակալություն, բոլորին: Ցտեսություն: