ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 5-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ՆԻՍՏԻ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
23.02.2017թ. ժամը 11:00
Նիստին ներկա են 25 պատգամավորներ, ԼՂՀ կառավարության անդամներ՝
ԼՂՀ փոխարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Բացակայում են 7 պատգամավորներ:
ՆԻՍՏԸ ՎԱՐՈՒՄ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԸ
Աշոտ Ղուլյան - Բարի առավոտ բոլորին, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ, տիկնայք եւ պարոնայք:
6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները և այսօրվա լիագումար նիստով մեկնարկում է հերթական 5-րդ նստաշրջանը: Նախորդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստում մենք անդրադարձել ենք 2016 թվականի կարևոր իրադարձություններին և ամփոփել ենք անցած տարում խորհրդարանի գործունեությունը:
Այսօր փետրվարի 23-ն է, ուստի ուզում եմ բոլոր ներկաներին շնորհավորել Հայրենիքի պաշտպանի օրվա և մեր եկեղեցական կարևոր տոներից մեկի՝ Վարդանանց տոնի առթիվ: Կարծում եմ, ամեն դեպքում, խոսքը շատ կարևոր մասնագիտության ու առաքելության մասին է, հետևաբար առաջարկում եմ այդ օրվա խորհրդին հետևելով՝ մեր բոլորի շնորհավորանքն ու երախտագիտությունը հաղորդենք այն նվիրյալներին, ովքեր այդ գործն անում են ի պաշտոնե և առաջին հերթին՝ առաջին գծում:
Մինչև նոր նստաշրջանի և նիստի օրակարգերին անցնելը տեղին եմ համարում անդրադառնալ հունվար-փետրվար ամիսներին խորհրդարանի կատարած աշխատանքներին: Չնայած խորհրդարանը այս ընթացքում՝ ընդունված կարգով որոշ ժամկետով գտնվում էր նաև արձակուրդում, այնուամենայնիվ, սահմանադրական բարեփոխումների գործընթացով պայմանավորված, հունվար ամսին մենք շարունակել ենք աշխատել: Մասնավորապես, հունվարի 17-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում նախորդ տարվա դեկտեմբերի 29-ի լիագումար նիստում ընդմիջված հարցն էր՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծին համաձայնություն տալու մասին:
Ազգային ժողովի որոշմամբ Սահմանադրության առաջարկվող նախագիծն արժանացել է հավանության և այն ուղարկվել է Հանրապետության Նախագահին՝ հանրաքվեի ներկայացնելու համար: Հանրապետության Նախագահի հունվարի 19-ի հրամանագրով հանրաքվեի օր է նշանակվել փետրվարի 20-ը: Մեր ժողովրդի համար հիշարժան այդ օրը տեղի է ունեցել համաժողովրդական կամարտահայտություն, ինչի առիթով կցանկանայի շնորհավորել բոլորիս` սահմանադրական բարեփոխումների գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու և այն իր տրամաբանական ավարտին հասցնելու կապակցությամբ:
Փետրվարի 29-ին սահմանադրական հանրաքվեով մենք վերահաստատեցինք 1988թ. փետրվարյան օրերի ազատագրական պայքարի մեր գլխավոր բանաձեւումը՝ իր պատմական հայրենիքում ազատ ու ինքնիշխան ապրելու մեր ժողովրդի վճռականությունը:
Փետրվար ամիսը աչքի է ընկել նաև Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար Արցախ ժամանած օտարերկրյա պատվիրակությունների հետ բազմաթիվ հանդիպումներով: Մասնավորապես.
- Փետրվարի 18-ին՝ առաջին անգամ Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է Բոլիվիայի բազմազգ պետության պատվիրակությունը,
- Փետրվարի 19-ին՝ Աբխազիայի Հանրապետության, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության, Հարավային Օսիայի, Բելգիայի դիտորդական խմբերին և Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորների հետ,
- Փետրվարի 20-ին՝ Հայաստանի Հանրապետության, Ֆրանսիայի, Ուրուգվայի, Բրազիլիայի, Մեքսիկայի, Իսպանիայի, Բուլղարիայի, Բասկերի երկրի դիտորդական պատվիրակություններին,
- Փետրվարի 21-ին՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Արգենտինայի, Ռուսաստանի հասարակական, քաղաքական, գիտական շրջանակաները ներկայացնող մի շարք գործիչների հետ:
Ուրախությամբ պետք է նշեմ, որ բոլոր հանդիպումների ժամանակ մեր արտասահմանյան գործընկերները մեծ հիացմունքով էին խոսում Արցախում ժողովրդավարության առկա մակարդակի, երկրի զարգացման տեմպերի և կազմակերպվող քաղաքական գործընթացների ազատության ու թափանցիկության մասին: Այս համատեքստում կցանկանայի ընդգծել այդ հանդիպումների կարևորությունը օտարերկրյա պետությունների հետ արդեն գոյություն ունեցող միջխորհրդարանական կապերի ամրապնդման և նոր կապերի հաստատման տեսանկյունից:
Հարգելի գործընկերներ. նոր Սահմանադրության համաձայն երեք տարվա ընթացքում երկրի օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի փետրվարի 20-ին ընդունված նոր Հիմնական օրենքին, և վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հստակ պատկերացնում է, որ մեզ լուրջ ու համբերատար գործ է սպասվում՝ ապահովելու երկրի սահուն և համակարգված անցումը դեպի նոր սահմանադրական կարգավորումներ: Ուստի, բոլորիս մաղթում եմ նոր եռանդ և հետևողականություն՝ հետագա օրինաստեղծ գործունեության մեջ:
Այսքանը, որպես ներածական խոսք Ազգային ժողովի նախընթաց գործունեությունն ամփոփելու համար և այժմ պիտի խնդրեմ գրանցվել պատգամավորներին նստաշրջանի աշխատանքները սկսելու համար:
Գրանցում:
Ներկա են 26 պատգամավորներ, բացակա են 7-ը, որևէ մեկի մոտ կարող է խնդիր կա՝ կոճակը չաշխատելու: Այս դեպքում մեկը պիտի հանենք, առայժմ մեր գործընկերոջ լիազորությունները ուժի մեջ չեն մտել: Գրանցում ենք 25 պատգամավորներ: /Ձայներ՝ դահլիճից, չի լսվում /: Ամեն դեպքում, լիագումար նիստին ներկա են 25 պատգամավոր և ինձ վերապահված լիազորությամբ 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանը հայտարարում եմ բացված:
Հնչում է Արցախի Հանրապետության հիմնը:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, նստաշրջանի աշխատանքները սկսված են և նախքան նստաշրջանի օրակարգերի և այսօրվա թեմաների մասին խոսելը, ես ուզում եմ, թերևս, կանոնակարգային, և որպեսզի մենք արդեն ամբողջական կազմով լինենք, սկսել հենց այս հարցից:
Ինչպես հիշում եք, 2016թ. վերջին մեր գործընկեր Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար և «Ազգային ժողովի կանոնակարգի» համաձայն կազմվել է համապատասխան արձանագրություն թիվ 5 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարած համարվելու մասին և այն ուղարկվել է ԿԸՀ: Փետրվարի 20-ին կայացել է նաև ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններ թիվ 5 ընտրատարածքում:
Համաձայն ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածի պահանջների, տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ամփոփվելով քվեարկության արդյունքները, և ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշման համաձայն թիվ 5 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր է ընտրվել Վիլեն Սաֆարի Սաֆարյանը:
ԱԺ «Կանոնակարգ» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն ԱԺ կազմը հետագայում համալրած պատգամավորներն Ազգային ժողովի նիստում երդվում և ստորագրում են երդման տեքստի տակ: Վիլեն Սաֆարյանին խնդրում եմ մոտենալ ամբիոնին և իրականացնել կանոնակարգով նախատեսված այդ ընթացակարգը: Խնդրեմ:
Վիլեն Սաֆարյան - Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պաշտպանել Արցախի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել Արցախի Հանրապետության իշխանության ու շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:
Աշոտ Ղուլյան - Խնդրում եմ ստորագրեք. ուզում եմ բոլորիս անունից շնորհավորել մեր գործընկերոջը: /Ծափահարություններ/: Կարող եք նստել: Եվ արդեն կարող եք մասնակցել քվեարկություններին: Շնորհակալություն:
Հարգելի գործընկերներ, մենք ինչպես և նախորդ նստաշրջանների ընթացքում, այս անգամ էլ մեր գործունեությունը, աշխատանքները, կոնկրետ լիագումար նիստում, սկսում ենք մեր օրակարգային թեմաներից, ԱԺ-ում շրջանառության մեջ գտնվող հարցերի կանոնակարգումից: Մենք նստաշրջանի օրակարգում այս անգամ ունենք մի քանի թեմաներ, բայց նախորդ օրը, մեր աշխատանքային խորհրդակցության ժամանակ մենք նաև հաշվի ենք առել այս թեմաների, այս հարցերի պատրաստվածությունը: Ես հիմա խնդրում եմ ուշադրություն դարձնել, ձեզ բաժանված են նստաշրջանի օրակարգերը, որտեղ մենք ունենք երկու օրակարգային հարց՝ «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» հարցն է և «Մարդու վերարտադրության, վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն է: Երկու օրենսդրական նախաձեռնություններն էլ արդեն շրջանառության մեջ են, մեկը՝ վաղուց, անցած տարվա վերջից, մյուսը նոր է, և այս երկու հարցերի հետ կապված մենք նախնական քննարկումներ ունեցել ենք, առայժմ հարցերը պատրաստ չեն Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկելու համար: Ի դեպ, մեր նախորդ օրվա քննարկումից հետո մենք արդեն պայմանավորվել ենք գործադիր իշխանության հետ, մարտի 3-ին Ազգային ժողովում տեղի կունենա «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի խորհրդարանական նախնական քննարկումները:
Բացի այս օրենսդրական երկու նախաձեռնություններից մենք ունենք նաև այլ հարցերի շարքում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից 2016 թվականին իրականացված աշխատանքների մասին և ԼՂՀ դատախազության 2016 թվականի գործունեության մասին հարցերը: Առայժմ նստաշրջանի օրակարգն ունենք այսպիսի ցանկով: Եթե կան հարցեր՝ խոսենք, եթե չէ՝ Դավիթ Իշխանյան.
Դավիթ Իշխանյան - Առաջարկում եմ ԼՂՀ-ն փոխարինել ԱՀ-ով՝ Արցախի Հանրապետություն:
Աշոտ Ղուլյան - Շատ լավ, բայց քանի որ մենք Սահմանադրության մեջ գրել ենք՝ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու պահից, մի քանի օր սպասենք: Չեմ կարծում, թե ինչ-որ բան փոխվելու է: Շնորհակալություն: Ուրի՞շ: Չկան:
Քվեարկության է ներկայացվում ԱԺ որոշման նախագիծը ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի օրակարգը հաստատելու մասին:
Քվեարկություն:
Կողմ՝ 26,
դեմ՝ չկա,
ձեռնպահ՝ նույնպես:
Որոշումն ընդունված է: Նստաշրջանի օրակարգը հաստատված է:
Մեր հաստատած նստաշրջանի օրակարգի համաձայն այսօր մենք ունենք քննարկման ենթակա հարցեր և, այդ հարցերը, փաստորեն, ընթացակարգային են՝ 5-րդ նստաշրջանի օրակարգի մասին, այսօրվա նիստի օրակարգը հաստատելու մասին և, փաստորեն, մենք ունենք այլ հարցերի շարքից 2 տարեկան հաղորդումներ՝ դատախազության գործունեությանը վերաբերվող և քաղաքացիական ծառայությանը վերաբերվող: Մենք այսօրվա նիստում՝ կանոնակարգի համաձայն, ունենք նաև կառավարության հետ հարց ու պատասխան և, ինչպես միշտ, նաև ունենք պատգամավորական հայտարարությունների օրակարգային հարցը: Կա՞ն հարցեր այսօրվա օրակարգի հետ կապված: Հարցեր չկան:
Քվեարկության է ներկայացվում ԱԺ որոշման նախագիծը ԼՂՀ Ազգային ժողովի 2017 թվականի փետրվարի 23-ի նիստի օրակարգը հաստատելու վերաբերյալ:
Քվեարկություն:
Կողմ՝ 24,
դեմ՝ չկա,
ձեռնպահ՝ նույնպես:
Շնորհակալություն: Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատված են:
Ինչպես սովորաբար մենք նստաշրջանի մեկնարկին նորից թարմացնում ենք մեր գործունեությունը կապված ԱԺ աշխատանքների հետ ամբողջ նստաշրջանի ընթացքում, այս անգամ էլ 6-րդ գումարման ԱԺ 5-րդ նստաշրջանի մեկնարկին առաջարկում ենք ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի հետ կապված մեր որոշմանը նույնպես անդրադառնալ: Կա՞ն հարցեր: Եթե չկան, մենք սովորաբար.
Հայկ Խանումյան - Առաջարկում եմ 3 հոգանոց կազմը փոխարինել 5 հոգանոց կազմով՝ բոլոր խմբակցություններից ներգրավելով անդամներ:
Աշոտ Ղուլյան - Կարծում եմ, որևէ բան չի փոխվում, բայց մենք նախապես պայմանավորվել ենք, որ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը պատգամավորների 3 հոգուց կազմված այդպիսի հանձնաժողով է:
Հայկ Խանումյան - 3 հոգով, սովորաբար, գալիս է այնտեղից, որ նախորդ գումարման Ազգային ժողովում 3 քաղաքական ուժեր էին ներկայացված, էդ ձևով էր գալիս:
Աշոտ Ղուլյան - 3 հոգով գալիս է նրանից, որ 3 հոգով նորմալ անց է կացվում:
Հայկ Խանումյան - Ես հիմա առաջարկում եմ անց կացնել 5 հոգով:
Աշոտ Ղուլյան - Դե, եթե առաջարկում եք, մենք հիմա պիտի հարցնենք պատգամավորներին, եթե կողմ են 5 հոգով, այդ դեպքում ՝ 5 հոգով, եթե՝ չէ, կարող ենք. կա՞ն ուրիշ առաջարկություններ՝ կապված 5 հոգանոց հանձնաժողովի հետ: 5 հոգանոց հանձնաժողովը, փաստորեն ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը տարեկան 1-2 անգամ, փաստորեն ընտրության, նշանակելու հետ կապված գաղտնի քվեարկության արդյունքներն են՝ սովորաբար, կամ եթե մեր էլեկտրոնային համակարգը չի աշխատում, ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը պարտավոր է հաշվել: Չեմ կարծում, որ 33 հոգանոց հանձնաժողովի 5 հոգին պետք է հաշվեն: Եթե այդպիսի կարծիք կա, խնդրեմ: Լավ, հիմա քվեարկում ենք: Ովքեր կողմ են, որպեսզի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը լինի 5 հոգիանոց, խնդրում եմ քվեարկել:
Քվեարկություն:
Կողմ՝ 12,
դեմ ՝4,
ձեռնպահ՝ 6:
Որոշումը չի ընդունվում, որովհետև կանոնակարգով մինիմում 14 ձայն է պետք, որպեսզի որոշումն անցնի: Շնորհակալություն: Եթե առաջարկությունը չի անցել, ուրեմն մենք անցնում ենք արդեն ընդունված կարգով ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ստեղծելու ընթացակարգին:
Մենք նախկինում առաջարկում էինք, որպեսզի խմբակցություններն իրենք առաջարկեն և 6-րդ գումարման ԱԺ աշխատանքների մեկնարկին մենք արդեն որոշակի պայմանավորվածություն ենք ունեցել, թե ինչպիսի կազմով: Եթե կան ուրիշ առաջարկություններ՝ խնդրեմ, եթե ՝ չէ, արդեն անվանական: Խնդրեմ, Հայկ Խանումյան:
Հայկ Խանումյան - ԱԺԿ ներկայացուցչին փոխարինել դաշնակցության ներկայացուցչով: Առաջարկություն. տիկին Բարսեղյանին փոխարինել տիկին Ռիտա Մնացականյանով:
Աշոտ Ղուլյան - էդ ազատ ոճի բան չի, դե առաջարկում եք, հիմա… ուրիշ առաջարկություններ կա՞ն, խմբակցությունները մյուս: Չկան: Եթե չկան, մենք ուրիշ բան չենք էլ քննարկել, սա, պարզապես, երևի այսօր առավոտյան թարմ մտքերի շարքից է: Մյուս առաջարկությունը ես եմ մտցնում: Առաջարկություն ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը նախկին կազմով թողնելու և այդ կազմով քվեարկելու համար: Այսինքն՝ Ռոմելա Դադայան, Լյուդմիլա Բարսեղյան, Գագիկ Բաղունց կազմով: Հիմա, քվեարկում ենք այս տարբերակը, եթե չանցնի, ուրեմն մյուսը կանենք: Ովքեր համաձայն են Ազգային ժողովի որոշման նախագիծը Ազգային ժողովի կանոնակարգի 24-րդ հոդվածով ստեղծել 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով՝ Ռոմելա Դադայան, Լյուդմիլա Բարսեղյան, Գագիկ Բաղունց կազմով, խնդրում եմ քվեարկել:
Քվեարկություն:
Կողմ՝ 16,
դեմ՝ 1,
ձեռնպահ՝ 1:
Որոշումն ընդունված է:
Հայկ Խանումյան - … չի լսվում
Աշոտ Ղուլյան - Որովհետև այս առաջարկությունն էլ է եղել:
Հայկ Խանումյան - … չի լսվում
Աշոտ Ղուլյան - Հա, բայց առաջարկությունը Դուք Ձեր մասով ասեք, ուրիշ խմբակցության տեղ առաջարկություններ եք անում:
Հայկ Խանումյան - … չի լսվում
Աշոտ Ղուլյան - Մենք առաջարկությունը լսել ենք, Ձերն էլ, իմն էլ: Քվեարկել ենք և որոշումն ընդունված է: Շնորհակալություն:
Օրակարգային հարցերի հետ կապված, մենք արդեն խոսեցինք, որ մենք օրենսդրական նախաձեռնություններ չունենք, 2 տարեկան հաղորդումներ ունենք: Այժմ ես հայտարարում եմ առաջին՝ ԼՂՀ դատախազության 2016 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը: Այն Ազգային ժողովին է ներկայացնում ԼՂՀ գլխավոր դատախազ պարոն Արթուր Մոսիյանը, խնդրեմ:
Արթուր Մոսիյան - Հարգարժան ԱԺ նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ: Ձեզ է ներկայացվում ամենամյա հաղորդումը ԼՂՀ դատախազության 2016թ. կատարած գործունեության վերաբերյալ:
«Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված գործառույթներին և ԼՂՀ դատախազության կանոնակարգի պահանջներին համապատասխան, 2016 թվականին որոշակի աշխատանքներ են տարվել պետական շահերի պաշտպանության, կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության, մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով քննության որակի բարձրացման և օրինականության պահպանման, ինչպես նաև դիմումների քննարկման, կազմակերպա-վերահսկողական, արտերկրի հետ համագործակցության, իրավական ապահովման և այլ ոլորտներում աշխատանքների բարելավման ուղղությամբ:
Գործունեության առավել կարևորություն ներկայացնող հարցերով կատարվել են ուսումնասիրություններ ու վերլուծություններ, որոնց արդյունքները քննարկվել են դատախազության կոլեգիայի նիստում ու համապատասխան խորհրդակցություններում:
Դատախազության գործունեության կազմակերպման, ինչպես նաև քրեական գործերով դատավարական ղեկավարման կազմակերպման ընթացքում առավել կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ 2016 թվականին ԼՂՀ-ում անց է կացվել դատախազության կոլեգիայի 5 նիստ և 56 օպերատիվ խորհրդակցություն:
Այժմ հանցավորության ընդհանուր վիճակի մասին ԼՂՀ-ում: 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործությունների 704 դեպք` 10.000 բնակչի հաշվով միջինը 47 հանցագործություն, բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունները` 689, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 240 դեպքով, չբացահայտված են մնացել 23 հանցագործություն: 23 հանցագործություններից 1-ը սեռական անձեռնմխելիության, 22-ը սեփականության դեմ ուղղված հանցագործություններ են, ընդ որում 1-ը` պետական կամ հանրային գույքի հափշտակության` սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության` նաև գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, 12-ը` գողության, դրանցից 2-ը բնակարանային գողության, 8-ը` սեփականության դեմ ուղղված, այլ հանցագործության` գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու և գույքը անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքեր են: Նախ, ասենք, որ այդ 240 դեպքը, որ արձանագրվել է աճ, դրանք իրականում աճ չեն, այլ հարցը նրանում է, որ սա մեզ համար անցումային տարի է, ինչ իմաստով, որ հանցագործությունների հաշվառման մեթոդոլոգիան է փոխվել, մինչև այժմ հանցագործությունների, մասնավոր մեղադրանքի դեպքերը և մի շարք այլ քրեական հոդվածներով ամրագրված հանցագործության դեպքեր որպես հանցագործություն չէին հաշվառվում: Եթե այդ 334 նման դեպք կա, եթե այդ 334 դեպքը հանենք, ստացվում է, որ հանցավորության մակարդակը ոչ թե ըստ հաշվառման, այլ իրականում մոտ 20 տոկոսով նվազում է արձանագրվել ԼՂՀ-ում: Որպեսզի հետագայում հարցեր չառաջանան, մասնավոր մեղադրանքի դեպքերով, եթե դիմողը չի դիմում, կամ մեղադրյալը, կասկածյալը, տուժողը հաշտվում են, նախկինում չէր հաշվառվում որպես հանցագործություն, որովհետև քրեական /չի լսվում/ մերժվում է կամ զենքի կամավոր հանձնումը, այսինքն, էն ժամանակ չէր հաշվառվում, հիմա հաշվառվում է որպես հանցագործություն, որովհետև քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթներով անձը ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից, բայց դա նշանակում է հանցանք կա, որ ազատում են քրեական պատասխանատվությունից: Այսինքն, սա զուտ հաշվառման մեթոդոլոգիայի փոփոխության հարց է և նոր հրաման է ձևակերպված էդ առումով, որ հանցագործությունները հաշվառվում են:
Ըստ վարչատարածքային միավորների չբացահայտված հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունից երևում է, որ չեն բացահայտվել Ստեփանակերտ քաղաքում արձանագրված անձնական գույքի հափշտակության` կողոպուտի և գողության մեկական, Մարտակերտի շրջանում արձանագրված անձնական գույքի հափշտակության` գողության 4 և Ասկերանի շրջանում արձանագրված գողության 3 դեպքերը: Մարտունու շրջանում չի բացահայտվել սեփականության դեմ ուղղված հանցագործություններից անձնական գույքի հափշտակության` գողության 2 և սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության` գույքը անզգուշությամբ ոչնչացնելու և վնասելու 6 և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեկ դեպք, Հադրութի շրջանում` չի բացահայտվել սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործության մեկ և Քաշաթաղի շրջանում, Շուշիի շրջանում՝ գույքը անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու՝ մեկ, բնակարանային գողության 2 դեպք: Շահումյանի շրջանում արձանագրված բոլոր հանցագործություններն էլ բացահայտվել են:
Ընդհանուր առմամբ, 2016 թվականին աճել է բացահայտման ցուցանիշը՝ նախորդ տարվա 92,5%-ի փոխարեն 2016 թվականին հանցագործության բացահայտման ցուցանիշը կազմել է 96,6%:
Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի 2016 թվականին գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 14 (2015թ.-ին` 6), ծանր հանցագործությունների` 47 (2015թ.-ին` 76), միջին ծանրության հանցագործությունների` 243 և ոչ մեծ ծանրության հանցագործությունների՝ 400 դեպք:
2015 թվականի համեմատությամբ, 2016 թվականին առանձնապես ծանր հանցագործությունների թիվը աճել է 8 դեպքով: Խոսքը վերաբերում է Ստեփանակերտում արձանագրված մեկ բազմադրվագ թմրամիջոցների գործին, որ մեկ գործով հարուցվել է 8 քրեական գործ:
Ընդհանուր առմամբ, ծանր հանցագործությունների քանակը նվազել է 29-ով: Ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքներով, որ, ինչպես նշեցի, «Հանցագործությունների միասնական հաշվառման մասին» համատեղ հրամանի համաձայն` ոստիկանության կողմից մասնավոր մեղադրանքի շարքին դասվող հանցագործությունները հաշվառվել են որպես հանցագործության դեպքեր, ինչը նախորդ տարիներին չէր հաշվառվում:
Ողջունելի է այն դրական փաստը, որ 2016 թվականին հանրապետության տարածքում արձանագրված 704 հանցագործության դեպքից միայն 61-ը կամ ընդամենը 8,6%-ն են կազմում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները: Սա 50%-ով կրճատվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը հանրապետությունում:
Ըստ վարչատարածքային միավորների, հանցագործությունների կատարման վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունից երևում է, որ 16 թվականին Ստեփանակերտ քաղաքում և հանրապետության բոլոր շրջաններում, կապված նոր հաշվառման հետ, արձանագրվել է հանցագործությունների դեպքերի աճ:
2016 թվականին ԼՂՀ-ում արձանագրվել են մարդու դեմ ուղղված հանցագործությունների 209 դեպք: Մարդու դեմ ուղղված հանցագործությունները աճել են 153 դեպքով: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրված մարդու դեմ ուղղված հանցագործությունների 209 դեպքից 172-ը դասվում են մասնավոր մեղադրանքով գործերի շարքին, որոնցով քրեական հետապնդում չի իրականացվել ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով:
2016 թվականին 32 դեպքով աճել են հանրապետության տարածքում գրանցված սեփականության դեմ ուղղված հանցագործությունները:
Վերլուծությունից երևում է, որ հաշվետու ժամանակահատվածում հանրապետության տարածքում գրանցվել է պետական կամ հանրային գույքի հափշտակության 12 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եղել է նույնպես 12:
Վերլուծելով սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, որոնց մեջ հիմնականում մեծ թիվ են կազմում անձնական գույքի հափշտակության` գողության դեպքերը և ըստ վարչատարածքային միավորների դրանք համամասնորեն համադրելով բնակչության թվաքանակի հետ, կարելի է եզրակացնել, որ ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Շահումյանի շրջանում, իսկ ամենացածրը` Ստեփանակերտ քաղաքում:
2016 թվականին արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 11 դեպք՝ 2015-ի 24-ի փոխարեն:
2016 թվականին արձանագրված հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները աճել են: Մասնավորապես, 40-ով աճել է հրազեն, ռազմամթերք պահելու և պատրաստելու դեպքերը:
Այս հանցատեսակի շեշտակի ավելացումը նույնպես պայմանավորված է այդ հրամանի և մեթոդոլոգիայի փոփոխությամբ: Պետք է ասել, որ նախորդ տարվա 132 միավոր հրազենի փոխարեն 2016թ. բնակչությունից վերցվել կամ կամավոր հանձնվել է մոտ 170 զենք:
Հաշվետու ժամանահատվածում գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված 75 հանցագործության դեպք:
Հարկ է նշել, որ ի տարբերություն նախորդ տարիների, հաշվետու ժամանակահատվածում արձանագրված իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման փաստեր են: Եթե հիշում եք, նախորդ տարիներին արձանագրվել է միայն 2 իրացման դեպք, նախորդող տարիներին ընդհանրապես չկար, էս էլ, ճիշտ է՝ վիճակագրական իմաստով ստացվում է, որ հանցագործության աճ է արձանագրվել, բայց թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերն օր առաջ հայտնաբերելը նաև կանխում է մեծ մասամբ թմրամիջոցների օգտագործողների շարքերն են նվազում, և էս առումով, և էս իմաստով չնայած արձանագրվել է 12 իրացման դեպք՝ խոշոր չափերի, վերջին մեկ տարում, երևի իրացման առումով այնքան թմրամիջոց է հայտնաբերվել, առգրավվել, ինչն ավելի շատ է, քան նախորդ 20-25 տարիներին: Այսինքն, էս ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքներն իրոք, նորմալ ընթանում են, բայց սա, կարծում եմ, վերջը չի և էս առումով՝ և կառավարության, և Ազգային ժողովի ամբիոնից ես 1-2 անգամ ասել եմ, այսինքն թմրամիջոցներն այնպիսի երևույթ են, որ ամբողջ պետությունով պետք է պայքարել: Դժբախտաբար, պետք է արձանագրենք, որ թմրամիջոցների դեմ պայքարում իրավապահները մնացել եմ մենակ, այսինքն մարդիկ հանցագործություն են անում, իրավապահները բռնում են, դատում են և այլն, և այլն: Այսինքն մնացած բոլոր կառավարության և օրենսդիր օղակները, որ պետք է ներգրավված լինեն, սկսած կրթության նախարարությունից, առողջապահության, սոցիալական և այլն, էս առումով պասիվ դիրքում են: Ասում եմ, Էս համազգային ախտի դեմ իրավապահները, դժբախտաբար, մնացած են մեն-մենակ: Եվ էդ ուղղությամբ օրենսդիրը և գործադիրը գործ ունեն անելու:
Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարներով գրանցված հանցագործությունների 32 դեպք, այդ թվում` 4-ը` (2015 թվականին` 5-ը) մահվան ելքով:
2016 թվականին արձանագրված պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 26-ով:
16 թվականին արձանագրվել է անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված 39 հանցագործություն, նախորդ տարին եղել է 24-ը: Այստեղ ևս ունենք մտահոգվելու առիթ: Հարցն այն է, որ տարեցտարի աճում են անչափահասների կողմից կամ նրանց ներգրավվածությամբ հիմնականում էդ հանցագործությունների քանակը:
Վերլուծությունները ցույց են տալիս, որ ինչպես նախորդ տարիներին, անչափահասների կողմից կատարված հանցագործությունների գերակշիռ մասը գողության դեպքեր են, ծեծի, դիտավորությամբ առողջությանը թեթև, միջին կամ ծանր վնաս պատճառելու դեպքեր են: Հանցագործություն կատարած 42 անչափահասներից 2-ը իգական սեռի ներկայացուցիչներ են, 40-ը` արական, 14-15 տարեկան` 16 անձ, 16-17 տարեկան` 26 անձ: Նրանցից 20-ը սովորողներ են, 22-ը` այլ զբաղմունքի տեր կամ չաշխատող երեխաներ: Հատկանշական է, որ 21 հանցագործություն կատարվել է խմբի կողմից, որից 14-ը՝ միայն անչափահասների խմբի կողմից, 7-ը՝ նրանց մասնակցությամբ: Մեկ հանցագործություն կատարվել է նախկինում դատված անչափահասների կողմից: Վիճակագրական այս տվյալները վկայում են, որ անչափահասների ծնողների և ուսուցիչների, ոստիկանության անչափահասների գործերով տեսուչների կողմից պետք է մշակվեն ու իրացվեն անչափահասների վարքագծի իրավաչափությունն ու պաշտպանունակությունը ապահովող առավել առարկայական, ժամանակակակից մարտահրավերներին համահունչ միջոցառումներ:
Ուսումնասիրելով հանցագործություն կատարած անձանց կրիմինալոգիական հատկանիշները, պարզվել է, որ հանցագործությունների տեսակարար կշռում էական մաս են կազմում արական սեռի ներկայացուցիչները: Հանցագործություն կատարած անձանցից 605-ը արական սեռի ներկայացուցիչներ են, 62-ը` իգական: Ըստ տարիքային խմբի հետևյալ պատկերն է. 14-15 տարեկաններ` 16 անձ, 16-17 տարեկաններ` 26 անձ, 18-24 տարեկաններ` 124, 25-29 տարեկաններ` 98, 30-49 տարեկաններ` 266, 50 տարեկան և ավելի` 137: Հանցագործություն կատարած անձանցից 571-ը ԼՂՀ քաղաքացիներ են, 88-ը` ՀՀ քաղաքացիներ, 8-ը` օտարերկրացի: Ըստ կրթական մակարդակի` 24-ը ունեն տարրական, 439-ը` միջնակարգ, 77-ը` միջնակարգ-մասնագիտության, 8-ը` թերի բարձրագույն, 119-ը` բարձրագույն կրթություն: Ըստ սոցիալական վիճակի` 55-ը ծառայողներ են, 35-ը` բանվոր, 97-ը` վարձու աշխատող, 23-ը` անհատ ձեռնարկատեր, 8-ը` գյուղատնտեսությամբ զբաղվող, 237-ը` գործազուրկ, 21-ը` սովորող, որից 4-ը` ուսանող, 191-ը` այլ զբաղմունքի տեր անձինք:
Հանցանքը կատարելու պահին 37 անձինք գտնվել են ալկոհոլային հարբածության վիճակում: Թմրանյութի ազդեցության տակ կամ թունային հարբեցողության վիճակում կատարված հանցագործության դեպքեր չեն արձանագրվել:
Այժմ անցնենք դատախազության հիմնական գործառույթներին: Ինչպես գիտեք, դրանք 6-ն են:
1. Քրեական հետապնդում հարուցելը և իրականացնելը - 2016 թվականին ԼՂՀ դատախազության կողմից հարուցվել է 18 քրեական գործ, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ԿԱ ոստիկանության քննչական վարչություն:
«Դատախազության մասին» ԼՂՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատախազության համակարգում քրեական գործերով նախաքննությունը օրենքով սահմանված դեպքերով և կարգով իրականացնում է գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժինը:
Հատուկ քննչական բաժնի քննիչների կողմից 2016թ. հարուցվել է 4 քրեական գործ, որոնք համապատասխան մեղադրական եզրակացություններով ուղարկվել են դատարան:
2. Հսկողությունը հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ - 2016 թվականի ընթացքում դատախազության կողմից դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել նախաքննության 529 և հետաքննության 828 մարմինների կողմից ընթացքավորված 1357 նյութերի օրինականության նկատմամբ:
Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն է իրականացվել 346 քրեական գործերի հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, որից 275-ը հարուցվել է 2016 թվականին, 31-ը փոխանցվել է 2015 թվականից:
Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացվող քրեական գործերից 111-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Մնացած 109 քրեական գործի վարույթ կարճվել է, այդ թվում` 36-ը` ոչ արդարացման հիմքով, 73-ը՝ ոչ արդարացման:
Դատարան ուղարկված քրեական գործերով և ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով և մերժված նյութերով հանցագործությամբ քննության ընթացքում պետությանը պատճառված վնասի մեծ մասը նախնական քննության ընթացքում վերականգնվել է:
Քրեական գործերի քննության ընթացքում ձերբակալվել է 34 (2015թ.-ին` 77) անձ, քննիչների կողմից դատարան է ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին 35 (2015թ.-ին` 54) միջնորդություն, որոնք բավարարվել են:
Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ընթացքում հայտնաբերվել է 41 իրավախախտման դեպք, որոնց կապակցությամբ իրավախախտման փաստով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ ներկայացվել է 2 միջնորդություն, ինչի արդյունքում ոստիկանության 3 աշխատակից ենթարկվել է կարգապահական տույժի: Քրեական գործերի և նյութերի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում հանցագործություն ծնող պատճառների և դրանց կատարմանը նպաստող պայմանների վերացման հանձնարարականով թվով 9 միջնորդագիր և հաղորդումներ են ներկայացվել պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմիններ:
Հաշվետու ժամանակահատվածում նախաքննությամբ ավարտված 220 քրեական գործերից 32-ով երկարաձգվել են նախաքննության ժամկետները, որոնցից 15-ը պայմանավորված է եղել նշանակված փորձաքննությունների ուշացումով, 17-ը` քննչական և դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտության պատճառով: Նշված բնագավառում անհրաժեշտ է ուժեղացնել դատախազական հսկողությունը և պատշաճ դատավարական ղեկավարում իրականացնել, որպեսզի նախաքննությունն ավարտվի օրենքով նախատեսված ժամկետներում:
3. Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում - 2016 թվականին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրանք է պաշտպանվել 121 քրեական գործով: Քրեական գործերով հանցագործությամբ պատճառված նյութական վնասի չափը կազմել է 63.213 հազար դրամ, որից պետությանը` 7.572 հազար, իրավաբանական անձանց` 38.187 հազար, ֆիզիկական անձանց` 17.453 հազար դրամ: Դատական քննությունն ավարտած քրեական գործերով վերականգնվել է 8.944 հազար դրամ:
4. Դատարանների վճիռների և դատավճիռների որոշումների բողոքարկումը - 2016 թվականի ընթացքում քրեական գործերով դատական ակտերի` դատավճիռների դեմ դատախազների կողմից բերվել են 8 վերաքննիչ բողոքներ, ընդ որում 8 վերաքննիչ բողոքներից 5-ը բավարարվել է, 1-ով ընդունվել է այլ որոշում, 2-ը գտնվում է ընթացքի մեջ:
Դատավարության մյուս մասնակիցների կողմից քրեական գործերով դատական ակտերի դատավճիռների դեմ բերվել են 28 վերաքննիչ և 5 վճռաբեկ բողոքներ, ընդ որում 28 վերաքննիչ բողոքից 5-ը բավարարվել է, 16-ը` մերժվել, 4-ով ընդունվել է այլ որոշում, 3-ը գտնվում են քննության ընթացքի մեջ, իսկ 5 վճռաբեկ բողոքներից 4-ը մերժվել է, 1-ով ընդունվել է այլ որոշում: Պետք է ասել, որ 2016 թվականին, որը նաև /չի լսվում/ թե դատախազության և թե նախաքննական մարմինների. 2016 թվականներին դատարաններում հանցագործության որակման փոփոխություն կամ արդարացման դատավճիռ չի կայացվել: Համեմատության համար ասեմ, որ ՀՀ-ում հարյուր ութսունքանի դատավճիռների մոտ 5 տոկոսը այսինքն վերանայվում է, որը խոսվում է նախաքննության մարմինների ոչ պատշաճ կատարած աշխատանքի մասին:
5. Պետական շահերի պաշտպանությունը - 2016 թվականին պետական շահերի պաշտպանության բնագավառում ԼՂՀ դատախազության կողմից պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական ոչ առևտրային կազմակերպություններում և այլ մարմիններում կատարվել է 64 ստուգում, հայտնաբերվել է 377 իրավախախտում: Հայտնաբերված իրավախախտումների, դրանք ծնող պատճառների ու կատարմանը նպաստող պայմանների վերացման պահանջով թվով 14 հաղորդումներ ու միջնորդագրեր են ուղարկվել համապատասխան մարմիններ:
Կատարված ստուգումների արդյունքում պետության շահերին հասցված վնասը կամովին վերականգնելու մասին նախազգուշացվել է 161 անձ, ինչի հիման վրա կամովին պետբյուջե է մուծվել 95.796 հազար դրամ:
Պետության շահերի պաշտպանության բնագավառում քաղաքացիական դատավարության կարգով դատարան է հարուցվել մեկ հայց` 840.500 դրամ հայցապահանջով:
Պետական շահերի պաշտպանության ոլորտում նախապատրաստվել են 5 նյութեր, որից 3 նյութերով մերժվել է քրեական գործի հարուցումը, 2-ով հարուցվել է քրեական գործ: Պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցված քրեական գործերով ապացուցված, պետությանը պատճառվել է 2.977 դրամ վնաս, որը նախաքննության միջդատական վարույթի ընթացքում լրիվությամբ վերականգնվել է պետբյուջե: Մնացած գործընթացի վերացման արդյունքում թերություններ չեն արձանագրվել, բացի էս վերը նշվածից:
6. Հսկողությունը պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ - ԼՂՀ դատախազությունը 2016թ. օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների շրջանակներում համապատասխան աշխատանքներ է կատարել ԿԱ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում օրինականության պահպանման ընդհանուր վիճակի, պատիժների կատարման, ինչպես նաև դատապարտյալների, ձերբակալված ու կալանավորված անձանց իրավունքների պահպանման, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների փոփոխման ու դադարեցման, ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման ընթացքում օրինականության ապահովման ուղղությամբ:
ԿԱ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում և տեսչություններում 16թ. ընթացքում կատարվել են թվով 948 ստուգումներ, որից 896-ը` ձերբակալվածներին պահելու վայրերում, 24-ը` քրեակատարողական հիմնարկում, 16-ը` քրեակատարողական տեսչությունում, այդ թվում 5-ը` տուգանքի վերաբերյալ, 4-ը` պատիժը պայմանականորեն չկրող անձանց վերաբերյալ, 7-ը` այլ պատիժների վերաբերյալ, 12-ը` ԼՂՀ ԱՆ հոգեթմրաբանական դիսպանսերում:
17թ. հունվարի 1-ի դրությամբ ԿԱ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում պատիժ էին կրում 101 դատապարտյալ (2016թ. հունվարի 1-ի դրությամբ` 118 դատապարտյալ), այդ թվում 38-ը` կիսաբաց ուղղիչ տեղամասում, 42-ը` կիսափակ ուղղիչ տեղամասում, 28-ը` փակ ուղղիչ տեղամասում:
ԼՂՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը մասնակցել է 147 դատական նիստի` դատապարտյալներին պատժից ազատվելու, ինչպես նաև համաներման կիրառման հարցերով:
7. Դատախազության կողմից իրականացվող այլ գործառույթներ – ա/քաղաքացիների դիմումների, բողոքների քննարկումը և ընդունելությունը. 16 թվականին որոշակի աշխատանքներ են կատարվել դատախազությունում ստացված դիմումները և բողոքները սահմանված ժամկետում քննարկելու, դրանց քննարկման արդյունավետությունը բարձրացնելու, տեղ գտած թերություններն ու խախտումները վերացնելու, ինչպես նաև քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
16 թվականին ԼՂՀ դատախազություն է մուտքագրվել 278 դիմում-բողոք, այդ թվում 4-ը` կրկնակի: 278 մուտքագրված դիմումներից 48-ը բավարարվել է, 21-ը` մերժվել, 4 դիմումների ստուգումները դադարեցվել են` ԼՂՀ դատախազության կանոնակարգի համաձայն, 3 դիմում թողնվել է անհետևանք, մնացածին տրվել են համապատասխան պարզաբանումներ և ուղարկվել այլ մարմիններ: Նույն ժամանակահատվածում ԼՂՀ դատախազությունում կազմակերպվել է դիմում-բողոքներով ներկայացած 190 քաղաքացիների ընդունելություն, որոնցից 28-ը` ԼՂՀ գլխավոր դատախազի կողմից:
բ) Իրավական ապահովումը - ԼՂՀ դատախազությունում իրավական ապահովման ոլորտում իրականացվել են տարբեր իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված միջոցառումներ: Այդ իմաստով մշակվել և գործողության մեջ են դրվել դատախազության գործունեության վերաբերյալ կազմակերպական բնույթի թվով 31 հրաման և մեկ հանձնարարական:
գ) Միջազգային - իրավական կապերի ապահովումը - Համաձայն ԼՂՀ և ՀՀ գլխավոր դատախազությունների միջև կնքված հուշագիր-համաձայնագրի, ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ԼՂՀ դատախազության կողմից նախապատրաստվել են ԼՂՀ տարածքում հանցագործություններ կատարած և հետախուզվող 2 անձանց հանձնումը, ընդ որում 1-ը բավարարվել է, 1-ը գտնվում է քննարկման փուլում:
Բացի դրանից ԼՂՀ դատախազության կողմից ՀՀ գլխավոր դատախազության միջոցով կատարվել են քրեական գործերի, նյութերի շուրջ հարցումներ, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազությունից և հիմնականում ՌԴ գլխավոր դատախազությունից իրավական օգնության կարգով ստացված մի շարք միջնորդագրերի ու հատուկ հանձնարարականների պահանջների կատարումը:
16 թվականի հունվարի 1-ի դրությամբ հետախուզման մեջ են գտնվել հանցագործություն կատարած 67 անձինք և 11 անհայտ կորածներ: 16 թվականի ընթացքում կազմվել է 21 գործ` 17-ը հանցագործություն կատարած անձանց վերաբերյալ, 4-ը` անհայտ կորածների: 17 թվականի հունվարի 1-ի դրությամբ հետախուզման մեջ են գտնվել հանցագործություն կատարած 74 անձինք և 13 անհայտ կորածներ: Նաև հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ցուցանիշն է բարձրացել. 16թ. կազմել է 13,3 տոկոս 2015 թվականի 10,6 տոկոսի համեմատ:
դ) Հանրային իրազեկման և հրապարակայնության ապահովումը - Դատախազությունը նաև որոշակի աշխատանք է կատարել հանրային իրազեկման և հրապարակայնության ապահովման ուղղությամբ` դատախազության ինտերնետային կայքի և այլ միջոցներով հանրությունը պարբերաբար տեղեկություններ է ստացել դատախազության կատարած աշխատանքի միջոցով:
ե) Անձնակազմի հետ տարվող աշխատանքները - Այս պահին դատախազությունում կան հունվարի 1-ի դրությամբ 47 դատաքննչական աշխատողներ: Տարվա ընթացքում 28 դատաքննչական աշխատողներ բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել են, 4-ը՝ տեղափոխվել ավելի բարձր պաշտոնի, 1-ի մոտ եղել է պաշտոնի իջեցում: Ընդհանուր սրանք են: 17 թվականին շարունակելով իրականացնել Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները` ԼՂՀ դատախազությունը կանի հնարավորը հանրապետությունում օրինախախտումների դեմ տարվող պայքարն ուժեղացնելու, հասարակական կարգի ամրապնդմանն օժանդակելու, ինչպես նաև պետության, ֆիզիկական և իրավաբական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Մենք կանոնակարգով և օրենսդրությամբ այդպես է, որոշում, իհարկե, չենք ընդունում, բայց քննարկում կարող ենք անել: Եթե պատգամավորները հարցեր ունեն, ապա կարող են այդ հարցերով դիմել գլխավոր դատախազին: Խնդրեմ. Գագիկ Բաղունց:
Գագիկ Բաղունց - 2 հարց. առաջին հարցս վերաբերում է հանցագործությունների դեպքերի աճին: Ձեր տված բացատրություններով բավարարված եմ, ուղղակի ընդհանուր տենդենցը պատկերացնելու համար, եթե հնարավոր է, 14 կամ 15 թվականների հանցագործությունների թիվը:
Արթուր Մոսիյան - Անգիր չեմ հիշում, եթե պետք է, լրացուցիչ կասեմ էդ թվերը:
Գագիկ Բաղունց - Եղավ. երկրորդ հարցս. հաշվետվության 11-րդ էջում նշված է, որ արձանագրվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու 1 դեպք, որն արձանագրվել է Մարտունու շրջանում: Պատգամավորն իշխանության ներկայացուցիչ չի համարվու՞մ:
Արթուր Մոսիյան - Համարվում է:
Գագիկ Բաղունց - Բա ինչու՞ չի հաշվարկվել այդ դեպքը. պատգամավորի նկատմամբ բռնություն գործելու դեպքը:
Արթուր Մոսիյան - Մի րոպե, ինչի՞ մասին է խոսքը:
Գագիկ Բաղունց - էջ 11-ում գրված է, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեկ դեպք է արձանագրվել Մարտունու շրջանում:
Արթուր Մոսիյան - Էջը չճարեցի, մի հատ ասեք որ էջն է:
Գագիկ Բաղունց - Էջ 11:
Արթուր Մոսիյան - Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է պետական իշխանության, պետական ծառայության, կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների 17 դեպք:
Գագիկ Բաղունց - Պարոն Մոսիյան, չէ, նախավերջին պարբերությունը՝ ներքևից:
Արթուր Մոսիյան - Ըստ շրջանների է տված, գրած է՝ հաշվետու ժամանակաշրջանում Շահումյանի շրջանն առանձին, Մարտունու շրջանում ՝ մեկ դեպք է արձանագրված: Եթե տակն ընթերցեք, գրված է՝ հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է պետական իշխանության, պետական ծառայության, կառավարման դեմ կարգի ուղղված հանցագործությունների 17 դեպք: Պարզապես մեկ աբզաց վերցնում եք ու ասում Մարտունու շրջանում է դեպք ա, պատգամավորը չի՞ համարվում. շրջան-շրջան գրած է, ընդհանրապես մի դեպք չի գրանցված իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու:
Գագիկ Բաղունց - Կներեք, կներեք:
Աշոտ Ղուլյան - Ուրիշ հարցե՞ր: Արպատ Ավանեսյան:
Արպատ Ավանեսյան - Պարոն Մոսիյան, շատ լավ ներկայացրեցիք հանցագործություն կատարած մարդկանց թիվը և ըստ շրջանների, և ըստ տարիքային խմբի, և կրթական ցենզի: Արդյո՞ք, Դուք հաշվարկ ունեք, թե ըստ մասնագիտությունների ի՞նչ սպեկտր ունեն հանցագործություններ կատարողների այդ անձնակազմը:
Արթուր Մոսիյան - Ըստ մասնագիտությունների, չէ, չի հաշվարկվել: Հաշվարկման մեթոդոլոգիայով, պարոն Ավանեսյան, դա չկա, եթե առաջարկություն եք մտցնում, կքննարկենք:
Աշոտ Ղուլյան - Ուրիշ հարցե՞ր: Չկա՞ն: Խնդրեմ, Վահրամ Բալայան:
Վահրամ Բալայան - Պարոն Մոսիյան, ուրեմն, այստեղ արձանագրվել է, որ 32 դեպքով՝ էջ 8, անձնական գույքի հափշտակման հետ կապված ավելացել է: Ձեր վերլուծությամբ` սա սոցիալական հիմք ունի՞, թե, ավելի շատ, քրեածին բան ունի: Եվ, երկրորդ հարցս, մեկ դեպք՝ սեռական անձեռնմխելիության հետ կապված՝ չի բացահայտվել: Սա ինչո՞վ է բացահայտվում:
Արթուր Մոսիյան - Ճիշտն ասած, բացահայտվել է, գտնվում է հետախուզման մեջ: Բայց, քանի էքստրադիցիայի չենք ենթարկել և ստեղ չի: Այսինքն, անձը հայտնի է: Սա ապրիլյան պատերազմից հետո՝ մայիսին կատարված դեպք է, անչափահասի նկատմամբ բռնություն է, բայց հենց իրավապահ մարմինները բացահայտել են, որ պիտի ձերբակալվեր, փախել է: Այսինքն, անձը հայտնի է, բայց մնում է մեզ վրա՝ որպես չբացահայտված հանցագործություն, որովհետև այդ մարդը պիտի տեղափոխվի այստեղ, քրեական գործ հարուցենք, նոր այն դառնա բացահայտված: Բայց անձը հայտնի է և գտնվում է հետախուզման մեջ: Մնացածը, ինչ վերաբերվում է, ի՞նչ հիմք ունեն, հիմքերը տարբեր են, պարոն Բալայան: Միանշանակ նշել, իհարկե, կա նաև սոցիալական կոմպոնենտը, իհարկե, կան նաև քրեածին հակում ունեցող մարդիկ: Եթե նկատել եք հաշվետվության մեջ գրված է, որ որոշ հանցագործություններ... կրկնահանցագործություն. 3-4 անգամ են կատարում. խոսքը, նաև հաշվետվության մեջ գրված է, որ օպերատիվ աշխատողները և իրավապահ մարմինները պետք է անհրաժեշտ ուշադրություն դարձնեն քրեածին հակում ունեցող մարդկանց: Որովհետև, տեսեք, հանցագործությունների մեծ մասը՝ 32 գործ, դրանից տասնըքանիսը կատարվում է 1-2 մարդու կողմից, նախկինում դատված էլի գողության համար, և այլն, և այլն: Այսինքն, նաև կանխարգելիչ միջոցառումների մասով ունենք թերացում, որովհետև եթե այդ մարդը 4-5 հանցագործություն է կատարել և գտնվում է օպերատիվ էդ մեր մարմինների հսկողությունից դուրս, համենայնդեպս, սա նշանակում է, որ կանխարգելիչ գործունեությունում մենք դեռ խնդիր ունենք: Բայց միայն ասել սոցիալական հիմք է, ես չէի ասի: Իհարկե, սոցիալական հիմքն էլ կա, կոմպոնենտն էլ կա, այսինքն մի շարք հիմքեր են, միայն սոցիալականը չի: Բայց նաև սոցիալականը կա:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Ալյոշա Գաբրիելյան:
Ալյոշա Գաբրիելյան - Պարոն Մոսիյան, ԼՂՀ ՊԲ կատարված հանցագործություններն է՞լ են մտնում այդ տեղեկատվության մեջ, թե ոչ: Եթե հանրապետության քաղաքացի են, չե՞ն մտնում:
Արթուր Մոսիյան - Նրանց հաշվառումը, պարոն Գաբրիելյան, կատարվում է առանձին:
Ալյոշա Գաբրիելյան - Լավ, երկրորդը, ապրիլյան դեպքերի ընթացքում այն հանցագործությունները, որ կատարվել են ԼՂՀ քաղաքացիների նկատմամբ, կոնկրետ Թալիշում, մտցվա՞ծ է, թե չէ:
Արթուր Մոսիյան - Սրա ընդհանուր քանակը, եթե զինվորական հանցագործություն է կատարված՝ առանձին հաշվառվում է, եթե քաղաքացիական է՝ այո, մտցված է: Իմիջիայլոց, ասեմ, որ էդ գործերով 700-ից ավելի դիմում-բողոք մտած է եվրոպական դատարան և սրանով զբաղվում են համապատասխան իրավասու մարմինները: Բայց, սրանք որպես հաշվառում մտցված է. այսինքն 1 կամ 2 դեպքով, բայց, եվրոպական դատարան 700-ից ավելի քաղաքացիական հայց է մտել:
Ալյոշա Գաբրիելյան - Քրեակատարողական հիմնարկների վերահսկողությունը Ձեր կողմից իրականացվում է, պայմանների հետ կապված՝ արդյոք, վերահսկու՞մ եք, և այդ հիմնարկներում ե՞ն պահվում գերեվարված ադրբեջանցիները: Եվ մտնու՞մ են նրանք, ընդհանրապես, նաև որպես քրեական՝ գործ մտնու՞մ են Ձեր տեղեկատվության մեջ:
Արթուր Մոսիյան - Մասնագիտական առումով մենք գերեվարված ադրբեջանցի չունենք, մենք ունենք դիվերսանտ, որը սահմանն անցել է՝ քրեական հանցագործություն կատարած: Այո, պահվում են էդ հիմնարկներում: Ըստ անհրաժեշտության նաև կարող է պահվեն ԱԱԾ մեկուսարանում՝ կապված գործի բարդությունից կամ այլ հանգամանքներից:
Իսկ քրեակատարողական հիմնարկում, ես նշեցի, առնվազն 12 ստուգում՝ մշտական, և բացի դրանից, այլ ստուգումներ հանկարծակի լինում են:
Աշոտ Ղուլյան - Կա՞ն ուրիշ հարցեր: Չկան: Շնորհակալություն, պարոն Մոսիյան: Մենք, տարվա ընթացքում, իհարկե, առիթներ ունենալու ենք և, Ձեր նշածի վերաբերյալ. Դուք խոսեցիք իշխանության մյուս թևերի օժանդակության մասին, կարծում եմ, որ Ազգային ժողովը դրան անպայման կանդրադառնա: Շնորհակալություն:
Հաջորդը մեր տարեկան հաղորդումների շարքից քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից 2016 թվականին իրականացրած աշխատանքների մասին հաղորդումն է: Այն ներկայացնում է ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ պարոն Բորիս Առուշանյանը: Խնդրեմ:
Բորիս Առուշանյան - Համառո՞տ, թե.
Աշոտ Ղուլյան - Դե, բաժանված է եղել պատգամավորներին, կարծում եմ, համառոտ, երևի:
Բորիս Առուշանյան - Հարգարժան ԱԺ նախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում տեղեկություններ քաղծառայության խորհրդի կողմից 2016 թվականին իրականացված աշխատանքների մասին:
2017 թվականին հունվարի 1-ի դրությամբ համակարգի մեջ մտած է 25 մարմին, 1261 քաղաքացիական ծառայության պաշտոն, համապատասխանաբար՝ 34 բարձրագույն, 398 գլխավոր, 552 առաջատար և 277 կրտսեր: Խորհրդի կողմից հաստատվել է տարվա ընթացքում 15 անվանացանկերում կատարված փոփոխություններ և լրացումներ: Համաձայնություն է տրվել 116 պաշտոնի անձնագրերում փոփոխությունների կամ նոր անձնագրերի հարցերում:
Կարճաժամկետ ռեզերվում գրանցվել է 32 և հանվել 38 քաղծառայող, իսկ երկարաժամկետ ռեզերվում՝ 67 և 40: /Չի լսվում /թափուր պաշտոնների կարճաժամկետ ռեզերվից 12 քաղծառայող և երկարաժամկետից՝ 13, նաև՝ 5 կրտսեր քաղծառայության թեկնածուներ: Փոփոխություններ և լրացումներ են կատարվել մի շարք որոշումներում և կարգերում: Կատարելագործվում են մրցույթների, ատեստավորումների, վերապատրաստման գործընթացները: Կատարվել է 81 մրցույթ՝ բարձրագույն, գլխավոր և առաջատար պաշտոնների մասով: Ատեստավորվել է 244 քաղծառայող:
Հավաստագիր ստանալու համար տարեկան անց է կացվում 4 անգամ թեստավորում, այսինքն՝ 3 ամիսը մեկ: Եղել է 289 դիմում, մասնակցել են 279 քաղաքացի և հավաստագիր է ստացել 223 - ը, որոնցից 39-ը արդեն զբաղեցնում են քաղծառայության կրտսեր պաշտոններ: Մեր աշխատակազմը մասնակցել է մարմիններում իրականացվող աշխատանքներին՝ մրցույթների, ատեստավորումների, հարցաշարերի վերամշակման, համակարգչային ծրագրերի տեղադրման և այլ գործընթացներում: Իրականացվել են փաստաթղթերի արխիվացման աշխատանքներ: Քաղծառայության խորհուրդը համաձայնություն է տվել 65 տարին լրանալուց հետո մինչև 1 տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իրենց պաշտոնը 17 քաղծառայողի և համաձայնություն տվել 10 քաղաքացու արտամրցութային կարգով զբաղեցնելուն:
Խորհուրդը ընդունել է 258 նորմատիվ և անհատական որոշումներ, տրամադրել մեթոդական պարզաբանումներ, անցկացրել սեմինար-խորհրդակցություններ:
Հերթական վերապատրաստման համար տարվա ընթացքում հաստատվել է 26 ծրագիր, 270 քաղծառայողներ անցել են 2 հերթով վերապատրաստումներ՝ հուլիսի 4-18-ը, իսկ գյուղնախարարության որոշ աշխատակիցներ՝ հոկտեմբեր ամսին:
Հրավիրվել է 29 դասախոս Արցախից՝ տեղական բուհերից ու մարմիններից, իսկ 23-ը՝ ՀՀ-ից, այսինքն՝ 52 դասախոս: Ավարտելուց տրամադրվել են վկայականներ, անց է կացվել սոցհարցում՝ հետագա կատարելագործման նպատակով:
Խորհուրդը ուսումնասիրություն է կատարել ըստ հաստատած պլանի 12 մարմիններում օրենքի պահանջների կատարման, խախտումների բացահայտման նպատակով, որոնց մի մասը ուսումնասիրման ընթացքում է վերացվել, իսկ մի մասն էլ՝ տարվա ընթացքում:
Ծառայողական քննություն անցկացնելու նպատակով խորհուրդ է ներկայացվել 2 դիմում՝ 1-ը Մարտակերտի աշխատակազմից, իսկ մյուսը՝ գյուղնախարարությունից, քաղծառայողի նկատմամբ կարգապահական տույժի միջոցներ կիրառելուն և այդ հիմքով պաշտոնից ազատելուն համաձայնություն տալու համար: Կատարելով համապատասխան ծառայողական քննություն, 2 դեպքում էլ քաղծառայության խորհուրդը չի տվել իր համաձայնությունը և այդ քաղծառայողները շարունակում են աշխատել:
ՀՀ և ԼՂՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի համաձայն, այդ միջոցառումներից ելնելով մեկ քաղծառայողի ուղարկել ենք ՀՀ Պետական կառավարման ակադեմիա, «Հանրային կառավարման բաժին», մեկ ծառայող ԱԳՆ աշխատակազմից, որոնք ևս մտնում են քաղծառայության համակարգ, մասնակցել է Լեհաստանի Հանրապետությունում կազմակերպված դասընթացներին: Երկու խորհուրդների միջև՝ ՀՀ և մեր, մենք գտնվում ենք մշտական կապի մեջ՝ փորձի փոխանակման, օրենքի կատարելագործման և այլ հարցերով: ՀՀ-ում, ես պետք է ասեմ ձեզ, որ այս տարի նախատեսվում են համակարգային լուրջ փոփոխություններ՝ քաղծառայության համակարգի: Ստեղծված է աշխատանքային խումբ, եղել են տարբեր առաջարկություններ և կառավարության կողմից, և Ազգային ժողովի: Մենք սպասում ենք, տեսնենք ինչ լուրջ փոփոխություններ են սպասվում ՀՀ-ում, որպեսզի մենք ևս քննարկենք այդ սպասվելիք փոփոխությունները:
Շարունակվում են աշխատանքները մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման ոլորտում: Այսքանը: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Առուշանյան: Հարցեր կա՞ն: Արսեն Առստամյան:
Արսեն Առստամյան - Պարոն Առուշանյան, 5 մրցույթ չի կայացել: Ինչո՞վ է պայմանավորված, և դիմորդների բացակայությու՞նն էպատճառը: Ի՞նչ պաշտոնների մասին է խոսքը: Սա այն դեպքում, երբ մեզ շատ հաճախ դիմում են աշխատանքի տեղավորման խնդրով:
Բորիս Առուշանյան - Մրցույթները չեն կայանում տարբեր պատճառներով: Այսինքն, կամ քաղաքացին չի մասնակցում, կամ հանձնաժողովը չի ձևավորվում, տարբեր են լինում պատճառները:
Արսեն Առստամյան - Իսկ կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ պաշտոնների մրցույթ էր սա, որոնք չեն կայացել:
Բորիս Առուշանյան - Ասենք, այստեղ չի գրած: Ես կարող եմ կոնկրետ ճշտել ու Ձեզ հայտնել:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Ուրի՞շ: Ալյոշա Գաբրիելյան.
Ալյոշա Գաբրիելյան - Պարոն Առուշանյան, այստեղ նշած է, որ 17 քաղծառայողների, որոնց տարիքը 65-ը անց է, շնորհվել է, մեկ տարով ևս երկարաձգվել է: Կուզեի իմանալ, էդ 17-ը ի՞նչ առավելություններ ունեին, ասենք, ի՞նչն է պատճառը, որ թույլատրվել է մեկ տարի էլ աշխատել:
Բորիս Առուշանյան - Կարգը այսպես է, գործող կարգը: Մարմինը դիմում է քաղծառայության խորհրդին, հիմնավորում, խնդրում, որ, ասենք, տվյալ քաղաքացուն ցանկալի է ևս մեկ տարի մենք թույլտվություն տանք շարունակելու պաշտոնավարել: Հաշվի առնելով նրա փորձը,գիտելիքները, տվյալ պահին նրա կարևորությունը համակարգում: Ընդհանրապես, քաղծառայության խորհուրդը, եթե մարմինը դիմում է, այդպիսի պրակտիկա չկա, որ մենք մերժենք: Քանի որ մարմինը գտնում է, որ պետք է շարունակի, օրենքով թույլատրվում է, այդ իրավունքը տրված է, մենք համաձայնություն տալիս ենք:
Աշոտ Ղուլյան – Ուրիշ հարցեր: Չկա՞ն: Պարոն Առուշանյան, ռեզերվում քանի՞ հոգի ունենք, որ արդեն մրցույթը անցել են, բայց չեն նշանակվել:
Բորիս Առուշանյան - Թվերը տվել եմ: Եթե կրտսերների մասով վերցնենք, փաստորեն 223 հավաստագիր են ստացել, որից 39-ն է զբաղեցրել: Տարբերությունը դեռ աշխատանքի չի տեղավորվել՝ կրտսերների մասով, հիմնականում կրտսերներն են ռեզերվում, բարձր պաշտոնների մասով շատ քիչ են, որոնք պաշտոն չեն ստացել: Այստեղ, ես Ձեզ ասեմ, որ ՀՀ-ում խստացրել են հավաստագրման գործընթացը, ծրագրերի մեջ մտցրել են, էդ թեստավորման հարցաշարի մեջ մտցրել են ծրագրեր կապված հայոց լեզվի, պատմության և այլ բնագավառների իմացությունից, որը բավականին քչացրել է թեստավորում անցած քաղաքացիների թիվը: ՀՀ-ում այդ տոկոսը կազմում է մոտավորապես 10-20 տոկոս:
Մենք ևս այդ աշխատանքներն արդեն կատարել ենք, լրիվ փոխել ենք հարցաշարերը, բայց դեռևս չենք մտցրել այդ կարգը, հաշվի առնելով մի քանի հանգամանքներ: Նախ, առաջինը, որ ՀՀ-ում սպասվում են լուրջ փոփոխություններ համակարգում, տեսնենք ինչ փոփոխություններ են լինելու, հետո՝ նոր: Հնարավոր է նաև այս կարգերը փոխվեն: Երկրորդը նա է, որ, ճիշտն ասած, մեր կարծիքով, մեր խորհրդի կարծիքով, չի լուծվում գործազրկության պրոբլեմը, երկրորդը, մարմիններին մենք զրկում ենք ընտրություն կատարելու հնարավորությունից: Չէ՞ որ թեստավորման ժամանակ միայն կարաս գիտելիքները ստուգես, մյուս որակները չես կարողանում ստուգես, իսկ մարմնի ղեկավարն աշխատանքի ընդունելու ժամանակ՝ նա կարող է թեստավորումն անցածների միջև ընտրություն կատարել: Այդ ընտրության հնարավորությունից փաստորեն զրկում ենք, եթե խստացնում ենք շատ: Բայց, բոլոր դեպքերում, քանի որ ՀՀ-ն արդեն անցել է դրան, մենք ևս պլանավորում ենք անցնել այդ համակարգին: Այնպես որ շուտով, երևի այս թվերի մեջ տարբերություն չի լինի: Այդքան մեծ թվով քաղաքացիներ չեն ստանալու հավաստագիր, եթե մտցնենք այդ կարգը:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Արպատ Ավանեսյան:
Արպատ Ավանեսյան - Երբևէ փորձե՞լ եք այդ խստացված թեստերով...
Բորիս Առուշանյան - Չենք փորձել :
Արպատ Ավանեսյան - Իրենց էլ խորհուրդ տվեք, թող փորձեն, բոլորը խելոքացել են: Երբ իրենք ինչ-որ մի տեղ են զբաղեցնում, դեռևս հում, նոր ինստիտուտ ավարտածների դեմ դնում են լուրջ խնդիրներ, որը շատ կասկածելի բաների տեղիք է տալիս: Ասեմ, որ շատ վատ պրակտիկա է դա, դա պիտի լինի չափավոր: Ի վերջո, ցանկացած քննություն արվում է միջին մասնագետի համար, միջին ուսանողի համար: Հիմա բերել, դրել եք, ակադեմիայի պրեզիդենտ ե՞ք ընտրելու, թե կրտսեր մասնագետ:
Բորիս Առուշանյան - Հայաստանում շատ են խստացրել, մենք դեռևս փորձում ենք մի քիչ ավելի...
Արպատ Ավանեսյան - Դուք չփորձեք, որովհետև շատ վատ պրակտիկա է :
Աշոտ Ղուլյան - Ուրիշ հարցեր կա՞ն: Չկան: Շնորհակալություն, պարոն Առուշանյան, հաղորդումն ընդունվում է ի գիտություն: Կարծում եմ, տարվա ընթացքում էլի առիթներ կլինեն այդ ոլորտին, այդ բնագավառին՝ որպես կադրային թեմաներ անդրադառնալու: Շնորհակալություն:
Բորիս Առուշանյան – Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Մենք փաստորեն ավարտել ենք այսօր օրակարգում դրված հարցերի քննարկումը: Մենք ունենք կառավարության հետ հարց ու պատասխանը և պատգամավորների հայտարարությունները: Մենք դեռ մի 20 րոպե ունենք, եթե դեմ չեք, մենք կարող ենք պատգամավորական հայտարարությունները հիմա անել, որպեսզի կառավարության հետ հարց ու պատասխանից հետո միանգամից ավարտենք: Կամ կարող ենք շարունակել նույն ձևով: Հայտարարություններն անե՞նք, որպեսզի կառավարության հետ հարց ու պատասխանից հետո փակենք նիստը: Շատ լավ: Հիմա պատգամավորական հայտարարությունների օրակարգային հարցն է, խնդրեմ, առաջարկություններ.
Հայկ Խանումյան,
Ռոմելա Դադայան,
Արսեն Առստամյան,
Արամ Գրիգորյան,
Վարդգես Բաղրյան:
/ Կրկնում է ցուցակը/:
Հիմա, այս նույն հերթականությամբ, պատգամավորական հայտարարության համար հրավիրվում է պատգամավոր Հայկ Խանումյանը, թող պատրաստվի Ռոմելա Դադայանը: Խնդրեմ:
Հայկ Խանումյան - Հարգելի ներկաներ. 88թ. փետրվարի 20-ին Արցախի հայությունն աշխարհին ցույց տվեց, որ ազատությունից և արժանապատվությունից բարձր արժեք իր համար գոյություն չունի: Մեր ժողովուրդը դուրս եկավ Խորհրդային կայսրության դեմ, որն իր ստեղծումից մինչև կործանումն աչքի ընկավ հայության նկատմամբ թշնամական վարքագծով, սկսած կայսրության ստեղծման սկզբնամասում Հայաստանի անքակտելի մաս կազմող Նախիջևանի և Ղարաբաղի՝ մայր Հայրենիքի օտարումից մինչև կայսրության վերջին տարիներին Արցախի հայկական բնակավայրերի հայաթափումը՝ «Օղակ» օպերացիայի ժամանակ: Փետրվարի 20-ը կայսրություններին դիմակայելու և ազգային արժանապատվության համար պայքարի օրն է: Այս օրվա խորհրդանիշը ներքաղաքական-քարոզչական նպատակներով օգտագործելն անընդունելի և անթույլատրելի է:
Օրեր առաջ Արցախում տեղի ունեցավ Սահմանադրության հանրաքվե: Ինչպես գիտեք, Ազգային վերածնունդ կուսակցությունը դեմ է քարոզել այս նախագծին, մենք առիթ ունեցել ենք նաև այս ամբիոնից ներկայացնել մեր փաստարկները: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել «դեմ եմ» քվեարկած բոլոր ընտրողներին: Ես ողջունում եմ նաև իրենց համոզմունքների հիման վրա քվեարկած յուրաքանչյուր ընտրողի: Պետք է արձանագրենք, որ «դեմը» պարտվել է և Արցախում նոր Սահմանդրություն է գործելու:
Ազգային վերածնունդ կուսակցությունը չուներ տեղամասային հանձնաժողովի անդամներ շրջաններում և խախտումների մասին գրավոր հաղորդումներ մենք չենք ստացել: Այնուամենայնիվ, քվեարկությունից հետո մենք ստացել ենք բազմաթիվ ահազանգեր, համաձայն որոնց տեղի են ունեցել բաց քվեարկության զանգվածային դեպքեր Շուշիի, Հադրութի, Շահումյանի, Քաշաթաղի և Մարտակերտի շրջաններում: Վերոնշյալ շրջանների տարբեր բնակավայրերում ցույց է տրվել մասնակցության արհեստական բարձր ցուցանիշ, որոշ դեպքերում ընտրողների անձնագրային տվյալները նախօրոք եղել են տեղամասային հանձնաժողովի մոտ: Որոշ բնակավայրերում անվավեր քվեաթերթիկները հաշվարկի ժամանակ գումարվել են «կողմ»-ին: Նշեմ, որ մենք չենք բողոքարկելու հանրաքվեի արդյունքները, սակայն հաշվի առնելով վերոնշյալը, ես հանձնարարել եմ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում Ազգային վերածնունդ կուսակցության ներկայացուցչին չստորագրել համապատասխան արձանագրությունը: Շնորհակալ եմ:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Պարոն Խանումյան, օրենքով սահմանված կարգ է, եթե կան ահազանգեր, կարող եք ընթացք տալ: Կարծում եմ, որ դա ավելի ճիշտ կլինի, էդ ահազանգերը չեք.../չի լսվում/: Հայտարարության համար հրավիրվում է տիկին Ռոմելա Դադայանը, թող պատրաստվի Արսեն Առստամյանը:
Ռոմելա Դադայան - Հարգարժան գործընկերներ: Թույլ տվեք ինձ իրավունք վերապահեմ դահլիճում գտնվող իգական սեռի ներկայացուցիչների անունից շնորհավորել բոլորիդ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ: Ճիշտ է, սա համարում ենք որպես խորհրդային երկրից եկող, բայց ես ուզում եմ նշել, որ բոլորդ անցել եք խորհրդային բանակի բովով և այն, ինչ սովորել եք խորհրդային բանակում, այն իրականացրել եք մեր սահմանների պաշտպանության առումով: Ցանկանում եմ բոլորիդ, ի դեմս ձեզ նաև Արցախի սահմանները պահող բոլոր զինծառայողներին և զինվորական պարտականությունը կատարող բոլոր սպաներին, ենթասպաներին շնորհավորել Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ, ցանկանալ նրանց առողջություն, զգոնություն, աչալրջություն և վեհ գաղափարներ:
29 տարի շարունակ փետրվարի 20-ը արցախահայության համար մաքառման, ինքնադրսևորման և ինքնահաստատման օր էր, վերածննդի օր: Պատմական իրողություն համարվող փետրվարի 20-ը ընդամենը 2 օր առաջ համալրվեց ևս մեկ նշանակալից իրադարձությամբ:
«Հայրենիք» խմբակցությունը ողջունելով Սահմանադրության նախագծի համաժողովրդական հանրաքվեում ժողովրդի ազատ կամարտահայտությունը և ակտիվ մասնակցությունը, արձանագրում է, որ Արցախի Հանրապետության երկրորդ Սահմանադրությունը այլևս իրողություն է:
Անկախ մեր քաղաքական հայացքներից և դիրքորոշումներից՝ պետք է գիտակցենք, որ Սահմանադրությունը բոլորիս համար է, և ժողովրդի կամքով ընդունված փաստաթուղթը պարտադիր է յուրաքանչյուրի համար:
Ինչ վերաբերում է հանրաքվեի ընթացքին և դրա վերաբերյալ արձագանքներին, ապա մեր խմբակցությունը ցանկանում է հատկանշել հետևյալ կետերը՝
1. Լավ է, որ հանրաքվեի քարոզարշավն ընթացել է քաղաքակիրթ և հանգիստ պայմաններում, որոնց շնորհիվ բոլորը հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց տեսակետները: Փոխադարձ հարգանքի և բազմակարծության վրա հենված քաղաքական մշակույթը պետք է անբաժան լինի մեր քաղաքական համակարգից:
2. Փաստ է, որ թեև բոլոր քաղաքացիները խորամուխ չեն եղել մայր օրենքի ողջ հոդվածներում, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, գիտակցել են առաջարկվող Սահմանադրության հիմնական դրույթների և բուն հանրաքվեի կարևորությունը՝ ազատ կամքով քվեարկելով իրենց նախընտրած տարբերակի օգտին: Իսկ եթե ոմանք պնդում են, թե «Ժողովրդին ասել են գնա սա արա, և գնաց արեց», պետք է իրենց աշխատելաոճը չվերագրեն այլոց: Մեկընդմիշտ հիշեք, իննսունականներն անցյալում են, և պետք չէ կրկեսի ակնոցներով նայել իրականությանը, այլապես քեզ միշտ ծաղրածու կզգաս, իսկ քո հետևից քայլողներին՝ խամաճիկներ:
3. Պետք է արձանագրել, որ հանրաքվեն կազմակերպվել է բավականին բարձր մակարդակով, ինչը հաստատեցին նաև միջազգային դիտորդները: Այս հանրաքվեն, իր կազմակերպվածությամբ ու ժողովրդավարությամբ, մեկ քայլ առաջ էր նախորդ հանրաքվեից և ընտրություններից, և այդ հանգամանքը վստահություն է ներշնչում արդյունքների հանդեպ: Միևնույն ժամանակ բոլորս պարտավոր ենք հետևություններ կատարել և ապագայում շտկել տեղ գտած թերացումներն ու բացթողումները:
Վերջում, Հայրենիք խմբակցության անունից շնորհավորում եմ բոլորին՝ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման առթիվ, և կոչ անում առաջ նայել ու միասնական ջանքերով իրագործել մեր ժողովրդի պայքարի ու այս Սահմանադրության հիմքում դրված նպատակներն ու երազանքները:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, տիկին Դադայան, նաև տղամարդկանց հասցեին սկզբից ասած շնորհավորանքի համար: Հաջորդը՝ հայտարարության համար, Արսեն Առստամյան, թող պատրաստվի Արամ Գրիգորյանը:
Արսեն Առստամյան - Հարգելի գործընկերներ, ներկաներ. 2016 թվականի փետրվարին մեր երկրում պաշտոնապես մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացը 2017 թվականի փետրվարի 20-ին հասավ վերջնագծին։ Փետրվարի 20-ը՝ Արցախի վերածննդի օրը, այսուհետ մեր նորագույն պատմության մեջ, վստահ եմ, խորհրդանշելու է նաև նոր շրջափուլի սկիզբ։ ԼՂԻՄ մարզխորհրդի պատմական նստաշրջանից ուղիղ 29 տարի անց Արցախի Հանրապետության 79428 քաղաքացիները մասնակցելով հանրաքվեին, գործնականում վերահաստատել են նաև պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն առ այն, որ վերադարձ անցյալին չի կարող լինել ոչ տարածքների, ոչ էլ կարգավիճակի մասով։ Փետրվարի 20-ին մենք ի լուր աշխարհի, այս ձևաչափով 3-րդ անգամ, հայտարարեցինք, որ չենք շեղվել ժողովրդավարական արժեքներով երկիր կառուցելու և այն էլ ավելի շեն ու բարգավաճ դարձնելու մեր ճանապարհից։
Որպես Սահմանադրական հանրաքվեի «կողմ» ճամբարի քարոզչական շտաբերից մեկը ղեկավարած քաղաքացի, ուզում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել հանրաքվեին մասնակցած բոլոր քաղաքացիներին՝ ցուցաբերած ակտիվության համար։ Համոզված եղեք, որ քվեաթերթիկը քվեատուփ գցելով, անկախ նրանից, թե որ վանդակում եք կատարել համապատասխան նշում, ամրապնդել եք մեր անկախության շենքի հենասյուները։
Շնորհակալություն եմ հայտնում հանրաքվեի բոլոր մակարդակների հանձնաժողովների անդամներին՝ համապետական նշանակության հերթական կարևոր միջոցառումը օրենքի տառին և ոգուն, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքներին համահունչ կազմակեպելու և անցկացնելու համար։
Շնորհակալական խոսքեր եմ ուղղում տարբեր երկրներից Արցախ այցելած և դիտորդական առաքելություն իրականացրածներին, ովքեր եկան, տեսան ու փաստեցին, որ դեռևս չճանաչված Արցախի Հանրապետությունը ոչնչով չի զիջում շատ ու շատ ճանաչված պետությունների։ Ավելին, ընտրական գործընթացի կազմակերպման առումով կարող է նաև օրինակ ծառայել։ Շնորհակալություն։
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Առստամյան: Արամ Գրիգորյանը հանում է իր հայտարարությունը, հաջորդ հայտարարությունը վերջինն է, Վարդգես Բաղրյան:
Վարդգես Բաղրյան - Հարգելի գործընկերներ: Ինչպես գիտենք, փետրվարի 20-ին անցկացվեց Արցախի Սահմանադրության հանրաքվե, որտեղ ընտրողների ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց մեր երկրի Հիմնական օրենքին` դրանով իսկ հավաստելով իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, պատրաստակամությունը պաշտպանելու հայրենիքը և էլ ավելի հզորացնելու այն:
Ժողովրդավարություն խմբակցությունը իր գոհունակությունն է հայտնում հանրաքվեին ակտիվ մասնակցության և ճիշտ ընտրություն կատարելու կապակցությամբ` հարգելով նաև նրանց տեսակետը, ովքեր, այնուամենայնիվ, դեմ են քվեարկել ներկայացված նախագծին: Ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցներին քաղաքացիական բարձր կենսադիրք ցուցաբերելու համար:
Հանրաքվեն ազատ և թափանցիկ են գնահատել աշխարհի տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ դիտորդներն ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները` նշելով բարձր կազմակերպվածությունը, ակտիվ մասնակցությունը և արցախցիների վճռականությունը կառուցել ազատ ու անկախ, ժողովրդավարական երկիր:
Կարծես թե դժվար է չհամաձայնել այս ակնհայտ ճշմարտության հետ, բայց արի ու տես, որ ոմանք չեն ուզում հաշտվել ընտրողների կամարտահայտության հետ, որը չի համընկնում իրենց տեսակետին: Նրանք նույնիսկ ասում են, թե, իբր, ժողովուրդը վախեցած է: Պատկերացնու՞մ եք, մենք վախեցած ենք, և նրանք ուզում են ցրել մեր վախը:
Խոսքի ազատությունը լավ բան է, բայց պետք է կարողանալ պատասխան տալ ասածի համար: Ի՞նչ է նշանակում` թվեր են նկարել: Իրենք նկատել են այդ ընտրախախտումը, իսկ միջազգային դիտորդներն ու լրագրողները` ոչ: Ինչևէ:
Արցախի Սահմանադրությունն այլևս իրողություն է և բոլորիս սրբազան պարտքն է ապրել սահմանադրականությամբ: Իսկ մեզ` պատգամավորներիս, առաջիկա ամիսներին սպասվում է լարված աշխատանք, որպեսզի մի շարք օրենքներ համապատասխանեցնենք Սահմանադրությանը:
Ժողովրդավարություն խմբակցությունը իր գոհունակությունն է հայտնում այն քաղաքական ուժերին, որոնց հետ հանրաքվեի քարոզարշավի ժամանակ աշխատել ենք համատեղ, և պատրաստակամություն է հայտնում այսուհետ ևս միասնական ճակատով փորձել լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Մենք ունեինք 5 գրանցված հայտարարությունների հայտեր, 4 հոգի հանդես են եկել հայտարարությամբ: Սրանով մենք եզրափակում ենք մեր պատգամավորական հայտարարությունների բաժինը: Մեզ մնում է օրակարգային մեկ հարց: Ժամը 13.00-ին՝ կառավարության հետ հարց ու պատասխանը: Այս պահին՝ ընդմիջում: Շնորհակալություն:
Ժամը 13:00. ՀԱՐՑԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Աշոտ Ղուլյան - Հարգելի գործընկերներ, կառավարության հարգարժան անդամներ: Շարունակում ենք այսօրվա լիագումար նիստի աշխատանքները: Այսօր առավոտյան մեկնարկել է 6-րդ գումարման Արցախի Հանրապետության ԱԺ 5-րդ նստաշրջանի աշխատանքները և այսօրվա մեր լիագումար նիստի օրակարգում, կանոնակարգի պահանջներին համաձայն, մենք ունենք կառավարության հետ հարց ու պատասխանի օրակարգային հարցը: Կառավարության ներկայացուցիչներն այստեղ են փոխվարչապետի գլխավորությամբ: ԼՂՀ վարչապետն այս օրերին հանրապետությունում չէ, քանի որ մենք առավոտյան խոսքը սկսել ենք շնորհավորանքներից, ուզում եմ այս պահին էլ ԱԺ անունից շնորհավորել կառավարության մեր գործընկերներին այսօրվա տոնի՝ Հայրենիքի պաշտպանի և Վարդանանց տոնի կապակցությամբ, և, կարծում եմ, սա հավասարապես վերաբերում է բոլորին, ովքեր Հայրենիքի պաշտպանության գործին են և առաջնագծում, և նախորդ տարիներին ու հիմա:
Հիմա ես առաջարկում եմ պատգամավորներին գրանցվել հարցերի համար և, ինչպես ընդունված է, հարցերը հնչելու են ամբիոնից, պատասխանները՝ նույնպես: Խնդրեմ:
Հայկ Խանումյան,
Արսեն Առստամյան,
Վարդգես Ուլուբաբյան,
Գագիկ Բաղունց,
Արպատ Ավանեսյան:
Ես ընթերցում եմ հայտագրված պատգամավորների տվյալները: /Կրկնում է ցուցակը/: Հարցի համար հրավիրվում է Հայկ Խանումյանը, թող պատրաստվի Արսեն Առստամյանը: Խնդրեմ:
Հայկ Խանումյան - Առաջին հարցին չգիտեմ ով պետք է պատասխանի, հավանաբար փոխվարչապետը, երկրորդ հարցն ԱԳՆ-ին է ուղղված: Առաջին հարցը վերաբերում է Քոլատակում կառուցված քսաներեք բնակելի տներին, որոնք մինչև այսօր չեն գտել իրենց շահառուին, համենայն դեպս չեն հատկացվել շահագործման: Ո՞րն է պատճառը, որ տներն այսօր փաստորեն չբնակվելով, ենթարկվում են էռոզիայի և այլն, պահպանման խնդիր է առաջանում: Ինչու՞ այդ հարցը չի լուծվել: Երկրորդ հարցը, պարոն արտգործնախարար, վերաբերում է Շոտլանդիայի խորհրդարանում երեկ ընդունված բանաձևին՝ Խոջալուի կոտորածներին, այսպես կոչված, և դրանից բխող տեքստին: Նշեմ, որ Շոտլանդիայի խորհրդարանում մեծամասնություն են կազմում. բոլոր խմբակցություններն են ընդունել այդ հայտարարությունը, բանաձևը: Շոտլանդիայի խորհրդարանում մեծամասնություն է կազմում Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, որը, ինչպես և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը Եվրոպայի Ազատ Դաշինքի անդամ է: Սա, երևի, ոչ այնքան արտգործնախարարության, որքան կուսակցության դիվանագիտության խնդիր է: Պարոն Ղուլյան, կարծում եմ, որ շրջաններում մի քանի օր քիչ պտտվելուց ու ժողովրդին համոզելուց, որ Սահմանադրությունը փոխվում է Արցախ անվան համար, եթե աշխատեիք ձեր կուսակիցների կամ դաշնակիցների հետ, միգուցե արդյունքն այլ լիներ: Համենայն դեպս, ձեր դաշնակիցները խայտառակ բանաձև են նախաձեռնել Շոտլանդիայի խորհրդարանում: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Ես առավոտյան էլ եմ այդ դիտողությունն արել, պարոն Խանումյան: Ես կարծում եմ, ամեն խմբակցություն ինքն իր անունից պիտի խոսի: Մենք ինչ պիտի անենք, կարծում եմ, մենք ավելի լավ գիտենք: /Ձայներ դահլիճից՝ չի լսվում/: Մտել ենք, որ ազդենք: Եվ անցյալ տարի ազդել ենք, որպեսզի իմանաք: Առաջին հարցին պատասխանում է փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Արթուր Աղաբեկյան - Առաջինն, ուզում եմ ողջունել բոլորիդ, շնորհավորել բոլորիս տոնը, այսօր Հայրենյաց պաշտպանի տոնն է և, պատասխանեմ, պարոն Խանումյան, ձեր հարցին: Քոլատակի քսաներեք տունը կառուցվել է ռուսաստանաբնակ բարերար Հայկ Մաղաքելյանի կողմից: Շինարարությունը չի համարվում դեռ ավարտված, համաձայնություն է ձեռք բերվել ՊԲ հրամանատարության և բարերարի միջև: Կառավարությունն ունեցել է ընդամենն օժանդակողի դերակատարություն, նպատակը եղել է այն, որ այնտեղ կառուցվեն տներ, դա հայրենի գյուղն է բարերարի, որտեղ պետք է ապրեն սպայական ընտանիքներ: Մեկ ամիս առաջ մենք տեղեկացել ենք, որ շինարարությունն ամբողջությամբ չի ավարտվել, պատվիրատու և կատարող հարաբերությունների մեջ խնդիրներ կան: Անձամբ խոսել եմ բարերարի հետ, սպասում ենք, որ բարերարը ՌԴ-ից վերադառնա, ավարտեն վերջնական շինարարությունը և այդ տները հանձնենք ՊԲ հրամանատարությանը, որտեղ կբնակվեն ինչպես սպայական ընտանիքներ, այնպես էլ բանակից զորացրված պայմանագրային զինծառայողներ, որոնք, ըստ կարգի, զորացրվել են ԶՈՒ-ից:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Բան ունե՞ք ավելացնելու, Հայկ Խանումյան.
Հայկ Խանումյան - Ուղղակի այդ տներն անընդհատ մնում են, երկար ժամանակ շինարարություն է գնում և էս վիճակում թողնելն ավելի վնաս է պաճառում տներին, քանի որ պահպանման խնդիրներ են առաջանում:
Արթուր Աղաբեկյան - Ամբողջությամբ տեղյակ ենք, մենք շինարարների հետ հանդիպել ենք և շինարարներն իրենց վրա պատասխանատվություն են վերցրել պահպանման խնդիրը լուծել, մինչև լուծվի հետագա հարաբերությունները, որովհետև ֆինանսավորման խնդիր ունեն շինարարները և իրենց պատասխանատվության տակ է ամբողջությամբ պատրաստ պահելն ու հանձնելը՝ ֆինանսավորումն ավարտելուց հետո: Տեղյակ ենք էդ խնդրին: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Աղաբեկյան: Երկրորդ հարցին պատասխանում է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, խնդրեմ:
Կարեն Միրզոյան - Շնորհակալություն: Շնորհակալություն, պարոն Խանումյան, հարցը հնչեցնելու համար: Նաև շատ օպերատիվ ինձ տեղեկացնելու համար, արդեն տեղյակ էի, երբ որ դուք ինձ հայտնեցիք: Եկեք ճիշտ ներկայացնենք իրավիճակը: Խոսքը գնում է ոչ թե Շոտլանդիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի մասին, այլ ընդամենը օրենսդրական նախաձեռնության, հա՞, առաջարկի: Գիտեք տարբերությունը՝ motion and resolution. Այնպես որ, այս ամբիոնից պետք է ճիշտ և կոռեկտ ներկայացնել իրավիճակը:
Ընդունում եմ ձեր գնահատականը, որ այդ փաստաթուղթը, կարծես թե դուք այդպես գնահատեցիք, օբյեկտիվ չէ և չի համապատասխանում իրականությանը: Աշխատանքներ Ադրբեջանի քարոզչության չեզոքացման ուղղությամբ տարվել են, տարվում են և տարվելու են: Այդ մի հարցում դուք կարող եք վստահ լինել: Համոզված եմ, որոշ աշխատանքների դուք ևս տեղյակ եք: Ինչ վերաբերվում է Արցախի քաղաքական ուժերի և արտաքին աշխարհի քաղաքական ուժերի կապերին, ես կարծում եմ, դրանք ողջունելի կապեր են և գնահատել դրանք մեկ օրենսդրական նախաձեռնության կամ բանաձևի տեսակետից, ուղղակի ոչ արդար է: Պետք է հարցերը դիտարկել համալիրի մեջ, պետք է հասկանալ, թե ընդհանուր օգուտը, արժեքն այդ աշխատանքի որն է:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հայկ Խանումյան:
Հայկ Խանումյան - Ուզում եմ ասեմ, որ Շոտլանդիան Բելառուս չի, կան motion - ներ, որոնք բոլոր խմբակցություններն են ստորագրել, բոլոր խմբակցություններն էլ ներկայացված են և այդ խմբակցություններից ամենամեծը, խորհրդարանում մեծամասնություն կազմող ամենամեծ խմբակցությունը Ազատ Դաշինքի անդամ է: Հետևաբար, կարծում եմ, գոնե այս հարթակը պիտի օգտագործվեր նմանատիպ բաներ թույլ չտալու համար: Էլի եմ կրկնում, մենք Լուկաշենկոյի հետ գործ չունենք, այլ գործ ունենք՝ մարդկանց, որոնք ուրիշ արժեքներ են դավանում և նրանց հետ աշխատելն ավելի հեշտ է:
Կարեն Միրզոյան - Ես լիովին ձեզ հետ համաձայն եմ, որ Շոտլանդիան դա Բելառուս չէ: Մեծ սիրով կարող եմ նստել և ձեզ բացատրել նման նախաձեռնության շարժառիթները, որոնք չեն գտնվում այն ոլորտում, որը դուք ակնարկում եք: Եթե թույլ տաք ավելացնեմ, ես միշտ պատրաստ եմ, գիտեք, և դուք էլ համոզվել եք, միշտ պատրաստ եմ հանդիպելու, բանակցելու և ինչու ոչ, որոշ բաներ ձեզանից սովորելու:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Լրացուցիչ ասենք, որ նույն ձևով եղել է անցյալ տարի և այդ հարցը չեզոքացվել է, որի մասին շատերը երևի տեղյակ էլ չեն: Հաջորդ հարցի համար հրավիրվում է պատգամավոր Արսեն Առստամյանը, թող պատրաստվի Վարդգես Ուլուբաբյանը:
Արսեն Առստամյան - Շնորհակալություն: Հարգելի կառավարություն: Հարցս վերաբերում է փախստականի կարգավիճակ ունեցող մեր քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավմանը: 2016թ. տեղյակ ենք, որ այս ուղղությամբ իրականացվել են մի շարք աշխատանքներ, բայց կցանկանայի իմանալ, ի՞նչ է նախատեսվում 2017թ.-ին, ինչպիսի՞ նոր ծրագրեր կարող են լինել, մասնավորապես բնակարաններով ապահովման մասով: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցին պատասխանում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը: Խնդրեմ:
Լևոն Գրիգորյան - Շնորհակալություն հարցի համար: Ինչպես գիտեք, մենք փախստականների ծրագրերով զբաղվում ենք, ընդունած ծրագիր ունենք արդեն 2016 թվականից: 17 թվականին այդ ծրագիրը նույնպես շարունակական կլինի: Մենք անցած տարվա ընթացքում գույքագրել ենք բոլոր փախստականների բնակարանային պայմանները: Այսօր հանձնաժողովը քննարկում է, ի մի է բերում, ամփոփում և տարբեր պետական ծրագրերով փորձելու ենք լուծում գտնել: Այսօր մենք ունենք բնակարանների վարձակալության փոխհատուցման ծրագիրը, որը դրված է բյուջեում և իրականացվում է արդեն երկրորդ տարին: Մնացած ծրագրերի մասով մենք մինչև կիսամյակ արդեն կունենանք հստակ պատասխան:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Բավարարվա՞ծ եք: Հաջորդ հարցի համար հրավիրվում է Վարդգես Ուլուբաբյանը, թող պատրաստվի Գագիկ Բաղունցը:
Վարդգես Ուլուբաբյան - Շնորհակալություն: Ինձ դիմել են հետևյալ հարցով: Ուրեմն, քաղաքում կան բազմաթիվ ապարատներ, хватайка են կոչում: Ծնողներ են դիմել, այսինքն, ինչպե՞ս է վերահսկվում տարիքային այդ ցենզը, կան բազմաթիվ փոքր երեխեք, որոնք վերջին մի քանի դրամը ծախսում են այդ хватайка-ներում: Չգիտեմ, մի ձևի վերահսկվու՞մ է այդ պրոցեսը:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցին պատասխանում է փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Արթուր Աղաբեկյան - Ես շատ պիտի խնդրեմ, ձեր հարցի հետ կապված գրավոր դիմեք Ստեփանակերտի քաղաքապետարան, որովհետև զուտ ներհամայնքային գործառույթ է դա, համայնքի ղեկավարի թույլտվության սահմաններում է, այն չի տարածվում շահումային խաղերի օրենքի վրա և, խնդրում եմ, գրավոր դիմեք Ստեփանակերտ քաղաքի քաղաքապետին:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հաջորդ հարցի համար հրավիրվում է պատգամավոր Գագիկ Բաղունցը, թող պատրաստվի Արպատ Ավանեսյանը:
Գագիկ Բաղունց - Հարցս վերաբերում է Տիգրան Մեծ 21 բ հասցեով բազմահարկ շենքի վթարային վիճակին, ինչի վերաբերյալ կան շենքի բնակիչների բազմաթիվ դիմումներ: 2017թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերի ցանկով չի նախատեսվում շենքի վերանորոգում, չնայած որ 2016թ. ընթացքում քաղշիննախարարության հանձնաժողովն ուսումնասիրել է շենքի վիճակը և արձանագրել վթարային վիճակը: Այդ առումով, ինչպիսի՞ն են մոտեցումները: Եվ, երկրորդ հարցս վերաբերում է դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակչության ոլորտին, ընդհանուր առմամբ: Առաջին կուրսի ուսանողների հետ շփումներից պարզեցի, որ մի շարք երիտասարդներ չեն տիրապետում տարրական գիտելիքների, մի զգալի մասը չի կրակել ինքնաձիգով մինչ այսօր և պարզվեց, որ որոշ գյուղերի դպրոցներում չկա ինքնաձիգ: Օրինակը, Հադրութի շրջանի Գյուլաթաղ դպրոցն է, որտեղ ինքնաձիգ չկա: Ինչ-որ ընդհանուր մոտեցում կա՞ ապահովելու ինքնաձիգով դպրոցներին:
Աշոտ Ղուլյան - Առաջին հարցին պատասխանում է քաղաքաշինության նախարարի տեղակալ Գեորգի Հայրիյանը: Խնդրեմ:
Գեորգի Հայրիյան - Բարև ձեզ: 2016 թվականին, իրոք, ուսումնասիրվել է նշված շենքի վթարային վիճակը: Մասնագետները հրավիրվել են ՀՀ-ից և եկել այն եզրակացության, որ շենքը, իրոք, գտնվում է շատ վատթար վիճակում և, որպեսզի շենքը կարողանանք պահպանել, բավականին լուրջ աշխատանքներ պիտի կատարվեն քաղաքաշինական, դրա համար պետք է պատվիրվեր նախագիծ: Մոտավորապես, սենց մի բան, կողքից նույն չափերով մի շենք պիտի կառուցվի, որ այդ շենքը գրկած պահի: Բայց մինչև հիմա էդ կոնցեպցիան է դա, չկա պատվիրված նախագիծ: Լրացուցիչ կուսումնասիրենք, ես կճշտեմ, հետո կներկայացնեմ ձեզ: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Երկրորդ հարցին՝ դպրոցների հետ կապված, պատասխանում է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար պարոն Սլավիկ Ասրյանը: Խնդրեմ:
Սլավիկ Ասրյան - Շնորհակալություն, հարցի համար: Այդ հարցը մենք հենց վերջերս ենք ուսումնասիրել: Մեր մոտ արդեն կան տվյալներ, ընդհանրապես հանրապետության որ դպրոցներում է, որ առկա չեն զենքի պահպանման պայմանները: Եթե պայմանները չեն համապատասխանում գործող կարգին, հետևաբար զենք չի տրամադրվում: Եվ մենք այս ուղղությամբ արդեն պատրաստում ենք համապատասխան ծրագիր՝ ներկայացնելու կառավարություն: Ասեմ, որ դա բավականին ֆինանսատար աշխատանք է լինելու, որովհետև հիմնական մասում պիտի կառուցվի լրացուցիչ զենքի պահպանման սենյակներ: Նաև կհորդորեի, որ բոլոր նորակառույց շենքերը, որ կառուցվում են, որ գոնե այս մասով, զենքի պահմպանման սենյակները համապատասխանեն սահմանված նորմերին: Օրինակ՝ Ստեփանակերտի 6-րդ դպրոցը, որ 2 տարի առաջ է շահագործման հանձնվել, այնտեղ պատերի հաստությունը չի համապատասխանում, որպեսզի այն որպես զենքի պահպանման սենյակ ծառայի: Այդ ուղղությամբ մենք արդեն գրություն ենք ներկայացրել վարչապետին, որպեսզի քաղշիննախարարությանը համապատասխան հանձնարարական տրվի, որ այդ վերանորոգման աշխատանքներն իրականացնի և կարողանանք ապահովել: Եվ պարզ է, որ եթե զենք չի տրամադրվում, հետևաբար նաև, ասենք, միայն դաշտային պարապմունքների ժամանակ կամ ռազմա - մարզական ճամբարում, որ մենք անցած տարի ուղղակի չենք կազմակերպել, բայց այս տարի նախատեսվում է կազմակերպելու և անպայման այդ կրակային պատրաստությունն արվելու է: Բացի դրանից, մենք նաև յուրաքանչյուր տարի հրաձգության գծով մրցումներ ենք կազմակերպում և ինչքան հնարավոր է, մենք մասնակից ենք դարձնում հատկապես տղա դպրոցականներին: Ուզում եմ ասել, խնդիրն, իրոք, հրատապ է և պետք է գործնական միջոցներ ձեռնարկենք, որպեսզի կարողանանք զենքով ապահովենք: Որոշ տեղեր կան, որ զենքերը պահվում են ոստիկանությունում և էնտեղից վերցնում են, օգտվում են, բայց, մեկ է, խնդիրը լիարժեքորեն դեռ լուծված չի:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, ընկեր Ասրյան: Եվ վերջին հարցը, պատգամավոր Արպատ Ավանեսյան:
Արպատ Ավանեսյան - Հարգելի գործընկերներ, հարգելի կառավարություն: Ուրեմն, սահմանադրական բարեփոխումների այս գործընթացի ժամանակ ես մասնակցություն եմ ունեցել ՀՀ պատվիրակության և մի շարք այլ չճանաչված պետությունների պատվիրակությունների հետ գյուղային բնակավայրերում հանդիպումներում և գործընթացին հետևել: Այդ ընթացքում մեր կառավարության գործունեության նկատմամբ եղել է 2 մոտեցում, ես կասեի՝ սև և սպիտակ, ընդ որում, սպիտակը՝ բավական շատ: Հիմա, ես սև էջերից մեկն ասեմ, որովհետև նա մեր ակտիվում ա, ինչքան լավ ասեն, էնքան լավ ա, բայց կան հարցեր, որոնք մենք պիտի մի քիչ ավելի ուշադիր լինենք: Էս տարիներին դիտարկումից իմ մոտ էլ այն կարծիքը կար, որ մանկապարտեզների, դպրոցների վերանորոգման, նորերի ստեղծման գործընթացը բավական լավ է ընթանում: Եվ պատկերացրեք, շուրջ 12 գյուղերում եղել եմ, մի քաղաքում և միայն 1 բողոք ենք ունեցել կապված մանկապարտեզի հետ: Հարցս ուղղում եմ կառավարությանը հետևյալ իմաստով՝ ինչու՞ չեք փորձում անպայման տվյալ բնակավայրում, տվյալ գյուղում մի անկյուն գտնել, որպեսզի մանկահասակ երեխաները չտեղափոխվեն Ստեփանակերտի մանկապարտեզներ: Հարցն առաջացել է այն բանից, որ Քռասնի գյուղում դպրոցի աշակերտների թիվը բավականին նվազել է, երևի Դուք լրիվ տեղյակ եք և այնտեղ հնարավորություն կա, որ անկյուն ստեղծվի, որպեսզի այդ գյուղից մանկահասակ երեխաներին չբերեն Ստեփանակերտի մանկապարտեզներ, որովհետև միշտ չէ, որ միջոցները հերիքում են, կամ դուք պիտի փոխհատուցում տաք, կամ պետք է իրենք իրենց հաշվին անեն: Ընդ որում պարտադիր չէ, որ դա անպայման այդ դպրոցի ազատված դասարաններում արվի: Սա ուղղակի այդ տարբերակներից մեկն է, որ այդ գյուղացիները խոսում են: Հարցը հետևյալում է՝ հնարավո՞ր է մոտ ժամանակներս քայլեր ձեռնարկեք կամ դպրոցի մասնաշենքում, կամ այլ վայրում մանկապարտեզ դուք հիմնեք Քռասնի գյուղում, որովհետև այնտեղ շուրջ մեկուկես տասնյակ երեխաներ կան, որոնք այդ ճանապարհները գնում-գալիս են: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Հարցին պատասխանում է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավիկ Ասրյանը: Խնդրեմ:
Սլավիկ Ասրյան - Շնորհակալություն, հարցի համար: Նախ՝ Քռասնու դպրոցի երեխաների մասով ասեմ, որ իրենց խնդրանքով, իրենք դիմել են մեզ, որ նախադպրոցական տարիքի երեխաներին մենք ընդգրկենք Ստեփանակերտի մանկապարտեզներում, որը որ մենք կատարել ենք: Ընդհանրապես, գիտեք, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ստեղծման գործընթացը մեր իշխանությունների ուշադրության կենտրոնում է և չկա այնպիսի մի տարի, որ մենք մանկապարտեզ չշահագործենք: Ուղղակի այսպես ա, էլի, փոքր գյուղերում նպատակահարմար չէ մեծ ծախսեր անել և գիտեք, որ, որպեսզի մանկապարտեզը գործի, նա պետք է բոլոր սանիտարա - հիգիենիկ պայմաններին բավարարի: Այսինքն՝ մեծ ծախսեր ենք կատարում, բայց արդյունքում ստացվում է, որ ընդամենը 7-8 կամ 10 երեխա է, որ պիտի հաճախի մանկապարտեզ: Թվում է, որ մենք հիմնականում պիտի ուշադրություն դարձնենք խոշոր բնակավայրերում, որտեղ թեկուզև մեկ խմբանոց հնարավոր լինի, այնտեղ որպեսզի գործի: Էլի ունենք մանկապարտեզներ գյուղերում, որ նման դեպքերում մենք դպրոցին կից որպես նախադպրոցական խումբ ենք բացում, որպեսզի ծախսերն, ասենք թե, ավելի քիչ լինեն: Բայց, բոլոր դեպքերում, եթե թեկուզ 15-20 երեխա չկա, ապա նպատակահարմար չէ այնտեղ ունենալ, այդքան ծախս կատարել և ունենալ մանկապարտեզ: Իսկ այլ բան է, եթե ասենք թե, որպես խմբեր, ասենք ավագ տարիքի երեխաների համար այս խնդիրն էլ կա, ասենք 65 նման կարգի խմբեր ունենք դպրոցներում, որտեղ 5 տարեկան երեխաները ընդգրկվում են դպրոցներին նախապատրաստելու ուղղությամբ, այսինքն, 2 ուղղությամբ էլ մենք այդպիսի քայլեր կատարում ենք, միայն թե երեխաների թիվը համապատասխանի գործող չափանիշներին:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Պարոն Ավանեսյան:
Արպատ Ավանեսյան - Ուրեմն, այդ հարցն ինձ շատ չէր մտահոգի, որովհետև իրենց բերած օրինակը հետևյալն էր, որ այդ երեխաների պատճառով 2 ընտանիք տեղափոխվել են Ստեփանակերտ, ընդ որում…/չի լսվում/.
Սլավիկ Ասրյան - Արպատ Սանջանովիչ, Ստեփանակերտին մոտ բոլոր գյուղերն էլ այդ խնդիրն ունեն: Կամա թե ակամա, ով հնարավորություն ունի՝ տեղափոխվում է: Ստեղ նաև մի քայլը նա է, որ Ստեփանակերտն այնքան մեծանա, որ մոտիկ գյուղերն ընդգրկվեն Ստեփանակերտի տարածքում, երևի թե:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, ընկեր Ասրյան: Մենք այսքանով եզրափակեցինք կառավարության հետ հարց ու պատասխանի մեր օրակարգային թեման: Հարցերի համար հերթագրվել էին 5 պատգամավորներ, բոլոր 5 պատգամավորներն էլ տվել են իրենց հարցերը, ընդհանուր առմամբ հնչել է 7 հարց, բոլոր հարցերին տրվել են պարզաբանումներ, պատասխաններ կամ ուղղորդվել են, թե ինչպես պետք է լինեն դրանց պատասխանները:
Այսքանով մենք ավարտում ենք, շնորհակալություն կառավարության անդամներին: Մենք նաև ավարտեցինք, սպառեցինք այսօրվա օրակարգը:
Շնորհակալություն, այսօրվա աշխատանքի համար, ցտեսություն բոլորին: