Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի
6-րդ գումարման 5-րդ նստաշրջանի նիստի
սղագրություն 30.03.2017թ.
ժամը 11:00
Նիստին մասնակցում են Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա են 29 պատգամավորներ, բացակա՝ 4-ը:
ՆԻՍՏԸ ՎԱՐՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԸ
Աշոտ Ղուլյան - Բարի առավոտ բոլորին: Հարգելի գործընկերներ, հրավիրվածներ: Մինչև երեկ մենք շարունակում էինք Ազգային ժողովում հանձնաժողովային քննարկումները, որի միջոցով մենք ամփոփում ենք, հանրագումարի ենք բերում մեր նախապատրաստությունները, հատկապես, իհարկե, դրանք վերաբերում են օրենսդրական աշխատանքներին, և թեկուզ, մեր օրակարգում և նստաշրջանի, և այսօրվա լիագումար նիստին ներկայացված հարցերը շատ չեն, բայց նախորդ բոլոր շաբաթներին Ազգային ժողովում տեղի են ունեցել մշտական հանձնաժողովների քննարկումներ, կոնկրետ՝ օրենքի նախագծերի հետ կապված, այսինքն հարցերի քննարկումները տեղի են ունեցել մի քանի փուլերով և դրա արդյունքում, մենք այսօր պատրաստենք նիստի: Երեկ Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցության ժամանակ հավանություն է տրվել այն օրակարգին, որն այսօր ներկայացվում է լիագումար նիստին, և այսօր մենք պատրաստ ենք այդ հարցերի մի մասնաբաժին` համարյա թե նստաշրջանի մեծ օրակարգի բոլոր հարցերը քննարկելու: Այժմ ես առաջարկում եմ պատգամավորներին գրանցվել, որպեսզի սկսենք աշխատանքները:
Գրանցում:
Գրանցման արդյունքներով ներկա են 29 պատգամավորներ, բացակա են 4-ը, որոնց չներկայանալու պատճառների մասին մենք տեղյակ ենք, դրանք հարգելի պատճառներ են: Ամեն դեպքում Ազգային ժողովը կարող է սկսել իր աշխատանքները, բայց մինչև օրենսդրական աշխատանքներին անցնելը, ես կանոնակարգային երկու հարցի եմ ուզում անդրադառնալ, որոնք վերաբերում են նախորդ ժամանակահատվածում Ազգային ժողովի խմբակցությունների կողմից ներկայացված որոշ նոր, ասենք, որոշումների, դրանք, իհարկե, խմբակցությունների լիազորությունների շրջանակներում են գտնվում, բայց, ամեն դեպքում, Ազգային ժողովի նիստում դրանք պարտադիր պետք է հնչեցվեն, այսինքն՝ հրապարակվեն:
Մեր հարցերից մեկը վերաբերում է «Դաշնակցություն» խմբակցության որոշմանը, որով «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար կազմում տեղի են ունեցել փոփոխություններ և խմբակցության ղեկավար է ընտրվել պարոն Արմեն Սարգսյանը, քարտուղար՝ Ալյոշա Գաբրիելյանը: Այսինքն, տեղի է ունեցել խմբակցության ղեկավար կազմի փոփոխություն: Եվ երկրորդը, որ մեր նախորդ նիստում մենք նաև ողջունել ենք մեր նոր գործընկերոջը՝ պարոն Վիլեն Սաֆարյանին, և «Շարժում-88» խմբակցության ղեկավարի նամակով հայտնվում է, որ թիվ 5 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Վիլեն Սաֆարյանը ընդգրկվել է «Շարժում-88» խմբակցության կազմում: Սրանք մեր երկու նորություններն են և պարտադիր դրանք պետք է հնչեցվեն, բայց, կարծում եմ, որ մեր գործընկերները տեղյակ են, որ այդ որոշումներն արդեն գործում են ոչ այսօրվանից: Արդեն որոշ ժամանակ առաջ հենց այդ խմբակցություններն այսպիսի որոշումներ են ընդունել և դրանով են առաջնորդվում:
Մեր մյուս հարցերը վերաբերվում են այսօրվա մեր լիագումար նիստին, բայց մինչև լիագումար նիստի օրակարգին անցնելը, ինչպես սովորաբար մենք անում ենք, անդրադառնում ենք նստաշրջանի օրակարգին: Ես խնդրում եմ ուշադրություն դարձնել. Այս օրակարգերը ձեզ բաժանված են, բայց որոշ առանձնահատկություն այսօր մենք ունենք, դրա համար պիտի խնդրեմ ուշադիր լինեք: Նստաշրջանի օրակարգի հետ կապված այն տարբերակը, որ ձեզ ներկայացվել է, մենք այսօր առավոտյան ստացել ենք նաև մեր գործընկերներից՝ օրենքի նախագծի հեղինակների առաջարկությունը. Ղեկավարվելով «Ազգային ժողովի Կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 50-րդ հոդվածի 9-րդ կետով, խնդրում ենք շրջանառությունից հանել մեր կողմից նախաձեռնված «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ԼՂՀ օրենքի նախագիծը: Եթե ուշադրություն եք դարձրել նստաշրջանի օրակարգում «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագծերը երկուսն են, որովհետև սկզբում ներկայացվել է մեկ նախագիծ, հետո մենք քննարկման արդյունքում նաև համաձայնվել ենք, որ դա պետք է լինի ավելի ընդլայնված /դահլիճից ձայնը չի լսվում/, սա օրակարգում մի հատ է, որովհետև դրանից հետո մի հատ նորից ավելացվել է: Այստեղ ավելացումն է չէ՞ նշվում: Նշվում է, որ նոր ավելացնել այս նախագիծը, բայց մինչ այդ մենք արդեն ունեինք մեկը: Ուրեմն, մենք հիմա նստաշրջանի օրակարգում փոփոխությունների մասով. այս մեկն ավելացնում ենք, բայց մյուսն էլ պետք է հանենք, երկրորդ կետում մեկ ավելացում ենք անում, «Զինապարտության մասին» նախկին օրենքի նախագիծը հանում ենք: Ես խնդրում եմ այդ ավելացումը հաշվի առնել և քվեարկության ժամանակ հենց դրա համար ենք քվեարկելու:
Ուրեմն, առաջին մասը նույնն է, որ մենք ավելացնում ենք նոր նախագիծը «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», իսկ երկրորդ մասում մենք հանելու հետ կապված, նաև պետք է ընդունենք, որ հանվում է «Զինապարտության մասին» առաջին նախագիծը, որը նախորդ ամսին արդեն շրջանառության մեջ էր: Պա՞րզ Է: Եթե պարզ է, ես հիմա առաջարկում եմ քվեարկել 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի օրկարգում լրացում կատարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծի համար:
Քվեարկություն. Կողմ՝ 29, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես:
Որոշումն ընդունված է և նստաշրջանի օրակարգից բխող, մենք ներկայացրել ենք Ազգային ժողովի 2017 թվականի մարտի 30-ի լիագումար նիստի օրակարգը, որտեղ ներառված են 3 օրենսդրական հարցեր` օրենքի նախագծեր: Դրանք այն հարցերն են, որ քիչ առաջ նշեցի, մենք նախորդ շաբաթներին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկել ենք և հանձնաժողովները տվել են դրական եզրակացություններ: Եվ ունենք լրացուցիչ այլ հարցերի շարքից՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2016թ. գործունեության մասին հաղորդումը և, ինչպես միշտ, պատգամավորական հայտարարություններ: Եթե հարցեր կան օրակարգի մասին՝ խնդրեմ, եթե՝ չէ, հաստատենք ու անցնենք օրենքի նախագծերին: Չկա՞ն: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը` ԼՂՀ Ազգային ժողովի 2017թ. մարտի 30-ի նիստի օրակարգը հաստատելու մասին:
Քվեարկություն.
Կողմ՝ 29, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես:
Որոշումն ընդունված է: Այժմ մենք անցնում ենք արդեն հաստատված օրակարգի կարևոր թեմաների քննարկմանը: Ուրեմն, օրենսդրական նախաձեռնությունների շարքից առաջինը «ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Զենքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերն են, նախագծերի փաթեթի տեսքով: Այն այսօր լիազորված է ներկայացնել կառավարությանն առընթեր ԱԻՊԾ տնօրենի տեղակալ պարոն Պետրոսյանը: Խնդրեմ:
Սամվել Պետրոսյան - Մեծարգո նախագահ Ազգային ժողովի, հարգելի պատգամավորներ:
Ձեզ եմ ներկայացնում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերը: ԼՂՀ Նախագահի 2012թ. մարտի 27-ի ՆԿ-3-Ն կարգադրությամբ հաստատվել է քաղաքական պաշտպանության հայեցակարգը: Հայեցակարգի իրականացումն ապահովելու նպատակով վերջին տարիներին մշակվել և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ու Ազգային ժողովի կողմից ընդունվել են մի շարք իրավական ակտերի նախագծեր, որոնցով ծառայության կառուցվածքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների, կանոնակարգվել են ծառայության ստորաբաժանումների խնդիրներն ու գործառույթները, բարձրացվել է կառավարման խնդիրներ իրականացնող միավորների աշխատանքի օպերատիվությունն ու արդյունավետությունը: Ծառայության կողմից քաղաքական պաշտպանության ոլորտում իրականացվող խնդիրներն առանձին դեպքերում ունեն օրենսդրական թերի կամ ոչ հստակ ձևակերպում: Դրա հետ միաժամանակ, ծառայության կողմից տարածքային պաշտպանության օրենսդրությամբ իրեն վերապահված խնդիրների իրականացման ժամանակ պաշտպանության նկատառումներից ելնելով, զենք կրելու անհրաժեշտություն է առաջանում: Նման խնդիր առկա էր ինչպես ապրիլյան պատերազմի, այնպես էլ դրան նախորդած ժամանակահատվածում, ինչպես նաև հրդեհավտանգ շրջանում սահմանամերձ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում: Այս և նմանօրինակ խնդիրների օրենսդրական ամբողջական ձևակերպման անհրաժեշտությունից ելնելով, օրենքների սույն նախագծերով առաջարկվում է գործող օրենքներում համապատասխան լրացումներ ու փոփոխություններ կատարելու միջոցով կարգավորել նշված խնդիրները, ինչպես նաև առկա անհստակություններն ու բացերը, առավել բարձրացնել քաղաքացիական պաշտպանության համակարգի ու փրկարարական ուժերի գործունեությունը` պատերազմական և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերի կազմակերպման գործում, կատարել օպտիմալ դերաբաշխում, ապահովել ծառայության ստորաբաժանումների գործունեության կառավարելիության անընդհատությունն ու անխափանությունը:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում առաջակվող փոփոխությունները որոշ դեպքերում կրում են տեխնիկական բնույթ, նախկին կատարված փոփոխություններից բխող շտկումներ են, իսկ որոշ հարցերի նկատմամբ փոխվում է սկզբունքային մոտեցումը, մասնավորապես բարձրացվում է ծառայության ընդունելու տարիքային շեմը, ինչը ծառայությանը բանիմաց և նեղ փորձառու մասնագիտական կադրերով համալրելու հնարավորություն կտա: Առաջարկվում է նաև որպես ծառայությունից ազատելու հիմք նախատեսել ծառայողի կողմից փրկարարական ծառայության անցման պայմանները և պայմանագիրը խախտելու հանգամանքը, որի նպատակը ծառայության և ծառայողի միջև առկա հարաբերությունների կայունության ապահովումն է: Հանձնաժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ արվել են մի քանի խմբագրական առաջարկություններ, որոնք մեր կողմից ընդունվել են: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցեր կա՞ն հիմնական զեկուցողին: Հարցեր չկան: Շնորհակալություն: Կարող եք նստել: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ժաննա Գալստյանը: Խնդրեմ:
Ժաննա Գալստյան - Հարգելի գործընկերներ: Փաստորեն երկու նախագծերի իմաստը նրանում է, որ առկա իրողությունը բերել օրենսդրական դաշտ, որովհետև, փաստորեն, նոյեմբեր ամսից սկսած, օրինակ, արտակարգ իրավիճակների ծառայությունն ուներ իրեն ամրագրած դիրքեր առաջնագծում, որը ինքը և կահավորում էր, և մարտական հերթապահություն էր իրականացնում, պարզ է` նաև զենքով, որն էլ անօրինական էր: Ուստի, ես ձեզ խնդրում եմ, քանի որ մեր հանձնաժողովը դրական եզրակացությամբ է ձեզ ներկայացնում այդ օրենքը, քվեարկել այդ օրենքների օգտին: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցեր ունե՞ք տիկին Գալստյանին: Հարցեր չկան: Շնորհակալություն: Կարող եք նստել: Եթե կա մտքերի փոխանակության ցանկություն, խնդրեմ, եթե չէ՝ կարող ենք արդեն քվեարկել: Չկա:
Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը «ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Զենքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքներն ընդունելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագծի համար:
Քվեարկություն.
Կողմ՝ 29, դեմ, ձեռնպահ ձայներ չկան:
Ազգային ժողովի որոշումն ընդունվում է միաձայն:
Հաջորդ օրակարգային հարցը «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն է: Այն ներկայացված է պատգամավորական նախաձեռնության կարգով, և այժմ հրավիրում եմ նախագծի հեղինակներից պարոն Արամ Գրիգորյանին: Խնդրեմ:
Արամ Գրիգորյան - Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, օրենքի նախագիծը, որն ուզում ենք ձեզ ներկայացնել, արդեն պարոն Ղուլյանը նշեց, որ պատգամավորական նախաձեռնություն է՝ իմ և Արարատ Օհանջանյանի կողմից: Դա «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծն է: «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է գործող օրենքում օգտագործվող մի շարք հասկացությունների սահմանման և Արցախի Հանրապետությունում փոխնակ մայր հանդիսանալու ցուցումների վերանայման և դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցման անհրաժեշտությամբ:
Այսպես, օրենքի տեքստում օգտագործվում են «բեղմնականխում», «անպտղություն» և «հարազատ» հասկացություններ, որոնց սահմանումները, սակայն, նշված չեն հիմնական հասկացությունների մեջ: Ներկայացվող նախագծով առաջարկվում է վերոնշյալ հասկացությունների ձևակերպումները ներառել հիմնական հասկացությունների մեջ: «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ԼՂՀ օրենքում նշված է` «Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն 18-35 տարեկան այն կանայք, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ»: Նշված ձևակերպմամբ հաշվի չի առնվում կենսաբանական ծնողներին երեխային հանձնելու փոխնակ մոր հոգեբանական պատրաստվածությունը: Միջազգային փորձի ուսումնասիրությունը փաստում է, որ փոխնակ մայր կարող են դառնալ նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած կանայք, ինչը կարևոր է երեխային կենսաբանական ծնողներին հանձնելու հոգեբանական պատրաստվածության, ինչպես նաև փոխնակ մայր դառնալ ցանկացող կնոջ առողջության համար: Ելնելով վերոնշյալից` անհրաժեշտ է գործող օրենքում ներառել դրույթ, որ փոխնակ մայր կարող են դառնալ նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած կանայք: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ անձը համարվում է երեխա մինչև 18 տարեկանը, և որ փոխնակ մայր կարող են դառնալ միայն նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած կանայք, ապա անհրաժեշտություն է առաջանում, որ փոխնակ մայր դառնալու թույլատրելի տարիքի ստորին շեմը բարձրացվի, ինչը և առաջարկվում է նախագծով:
Նախագծով առաջարկվում է նաև ամբողջովին նոր խմբագրությամբ շարադրել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածը` նկատի ունենալով առկա կարգավորումների բացերը և հակասությունները: Այսպես, օրենսդրորեն արգելել սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, այսպես կոչվող սելեկտիվ աբորտները, սահմանել հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված օրենսդրական լրացուցիչ կարգավորումներ և մեխանիզմներ, ԼՂՀ առողջապահության նախարարին՝ վերապահել հղիության արհեստական ընդհատման բժշկական, սոցիալական ցուցումները, հակացուցումները, անհրաժեշտ հետազոտությունների ցանկերի հաստատելու, հղիության արհեստական ընդհատման գործընթացում ներառվող փաստաթղթերի օրինակելի ձևերը հաստատելու լիազորություն: Վերը նշված փոփոխություններով պայմանավորված՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով սահմանված է վարչական պատասխանատվություն օրենքով թույլատրվող հղիության արհեստական ընդհատման գործընթացում սահմանված պահանջների խախտման դեպքերի համար: Հավելենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրքը կիրարկման մեջ է դրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ուստի համապատասխան հոդվածը կգործի նաև մեր հանրապետությունում:
Օրինագծի ընդունմամբ կկանխարգելվեն սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների չհիմնավորված դեպքերը, ինչպես նաև կսահմանվի վարչական պատասխանատվություն` ապօրինաբար հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ և հանրապետությունում զգալիորեն կբարելավվի ժողովրդագրական իրավիճակը:
Հարգելի գործընկերներ: Ուզում եմ հատուկ նշել, որ հուսով եմ, այս օրենքի նախագիծը կընդունվի: Մշակման ընթացքում մենք համագործակցել ենք առողջապահության նախարարության հետ, ստացել ենք առողջապահության նախարարության կողմից առաջարկներ, որոնց քննարկումներից հետո մի մասն ընդունվել է, ընդգրկվել է վերջնական տարբերակում, որը և բաժանված է ձեզ: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցեր կա՞ն նախագծի հեղինակներին: Ժաննա Գալստյան:
Ժաննա Գալստյան - Պարոն Գրիգորյան: Դուք օգտագործեցիք, որ չհիմնավորված ընդհատումը՝ սեռով պայմանավորված, իսկ հիմնավորվածը ո՞րն է: Կարո՞ղ եք բացատրել սեռի հետ կապված մասը:
Արամ Գրիգորյան - Այո, ոչ թե սեռի հետ, այլ արհեստական… Չհիմնավորված, որովհետև կարող է լինի, ասենք աբորտ՝ իգական սեռի, որը պայմանավորված է որևէ անոմալիայով, կյանքի, պտղի անոմալիայով. եթե իգական սեռի հետ կապված լինի այդ հիվանդությունը, ապա կարող է ժառանգության հետ փոխանցվի:
Ժաննա Գալստյան - Թվում է, որ կապ չունի էլի, եթե անոմալիա է, անոմալիա է, այդտեղ սեռը կապ չունի, մեկ է, այդտեղ կարող ենք ընդհատենք էլի, ինձ թվում է, դա մի քիչ… Կներեք:
Արամ Գրիգորյան - Կա տրամաբանություն, տիկին Գալստյան:
Աշոտ Ղուլյան - Ուրիշ հարցե՞ր: Չկան ուրիշ հարցեր: Շնորհակալություն:
Արամ Գրիգորյան - Շնորհակալություն: Հուսով եմ, որ սա հիմք կհանդիսանա ապագայում ավելի խիստ օրենսդրական նախաձեռնությունների մեր հանրապետությունում հնարավորության շրջանակներում հղիության արհեստական ընդհատումները սահմանափակելու համար:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողովի անդամ պատգամավոր Ռիտա Մնացականյանը: Խնդրեմ:
Ռիտա Մնացականյան - Հարգելի ներկաներ: Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել է սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հաձնաժողովի նիստում և ստացել է դրական եզրակացություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցեր կա՞ն գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Շնորհակալություն: Կարող եք նստել: Կա՞ ցանկություն շարունակելու այս թեման՝ մտքերի փոխանակության. եթե կան ուրիշ տեսակետներ, չկան: Շնորհակալություն: Մենք իսկապես այս թեման մի քանի անգամ և' հանձնաժողովում, և' նաև համապատասխան մասնագիտական խորհրդատվությունների պարագայում քննարկել ենք և, կարծում եմ, այն, ինչ ներկայացվում է, դա երևի օպտիմալ այն տարբերակն է, որ այսօր բխում է մեր երկրի շահերից, մեր ժողովրդագրական և այլ կարգի այդ պահանջներից, բայց ես կուզենայի, որ պարոն Գրիգորյանը, որ վերջում առաջարկեց լինել ավելի խիստ` շատ չշտապել, որովհետև ավելի խիստ լինելու դեպքում մենք կարող ենք լրացուցիչ նոր դժվարություններ էլ ստեղծել մեր հանրության համար այնպես, ինչպես հիմա ենք մենք դա արել: Կարծում եմ, մենք հետագա քննարկումներով կկարողանանք ճիշտ որոշումներ, ճիշտ լուծումներ գտնել: Ամեն դեպքում, նախագիծը պատրաստ է արդեն վերջնական քվեարկության և, ես հույս ունեմ, որ մենք այս մասով, իսկապես, բոլոր մեր այն դրական, բարի մտադրությունները, որ կան, որ մենք ինչպես կարող ենք օգտակար լինել մեր հանրությանը, հենց այս որոշումն ընդունելով, օրենքի նախագիծն ընդունելով հենց այդպիսի ընթացք կտանք և այդպիսի իմպուլսներ կհաղորդենք մեր հանրությանը:
Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքն ընդունելու վերաբերյալ:
Քվեարկություն.
Կողմ՝ 28, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես:
Որոշումն ընդունված է:
Շնորհակալություն: Մենք այս հարցի համար նաև հրավիրել էինք առողջապահության նախարար տիկին Աթայանին, բայց, քանի որ հանձնաժողովային քննարկումների ժամանակ համարյա թե ամբողջ նախագծով և բոլոր մյուս նախագծից դուրս էլ, երևի, հարցերը սպառվել են, կարծում եմ, այս պահին ավելացնելու ոչինչ չկա: Շնորհակալություն Ձեզ էլ:
Հաջորդ մեր օրակարգային հարցը «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կտարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն է: Այս նախագիծը նույնպես ներկայացվել է պատգամավորական նախաձեռնությամբ, ներկայացվել է մի խումբ պատգամավորների կողմից: Այժմ ես հրավիրում եմ հեղինակներից Ազգային ժողովի պատգամավոր Ռուսլան Իսրայելյանին: Խնդրեմ:
Ռուսլան Իսրայելյան - Հարգելի գործընկերներ: Քանի որ «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը ներկայացված է նա ձեզ, ուստի կներկայացնեմ միայն սույն օրենքի վերաբերյալ հիմնավորումը: «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է երկու հրատապ խնդիրների օրենսդրական լուծում տալու անհրաժեշտությամբ. առաջինը՝ «Զինապարտության մասին» գործող օրենսդրության կատարելագործումն է: Երկրորդը՝ ներկայիս ու սպասվող մարտահրավերներին դիմակայելու նպատակով հասարակություն-բանակ փոխհարաբերությունների համար իրավական ճիշտ հիմքերի ձևավորումը:
Նախագծով առաջարկվում է՝
- համապատասխանեցնել գործատուների կազմակերպական-իրավական ձևը ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքին,
- գործատուներից պահանջել` զինապարտների գրանցամատյանը վարել սահմանված ձևով,
- զինապարտների անձնագրերն օտարերկրյա պետություններում վավերական լինելու մասին ոստիկանության նշումը կատարել մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը կամ պարտադիր զորակոչից ստացված տարկետման ժամանակով,
- հստակեցնել զինվորական հաշվառման և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացման գործընթացում քաղաքացիների պարտականությունները,
- զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրած անձանց համար ազատվելուց հետո զինվորական կոմիսարիատ ներկայանալու համար գործող երեք օրվա փոխարեն սահմանել յոթնօրյա ժամկետ,
- անհրաժեշտության դեպքում նաև բուժման ուղարկելու իրավունք վերապահել զինվորական կոմիսարիատների՝ զինապարտների բուժզննում անցկացնող հանձնաժողովներին
- հստակեցնել ռազմաուսումնական հաստատություններից ազատված և հեռացված անձանց հետագա զորակոչի գործընթացը,
- հստակեցնել նախկինում ազատազրկման դատապարտված և ազատազրկման վայրում 3 տարուց պակաս ժամկետով պատիժ կրած անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորում հաշվառելու ընթացակարգը,
- պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնություն սահմանել միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկների համար, ովքեր չունեն չափահաս քույր կամ եղբայր,
- հստակեցնել պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ազատազրկման դատապարտված անձանց զորամասի անձնակազմի ցուցակներից հանելու, պատժի կրումից հետո հայտարարված զորակոչի ժամանակ զորակոչվելու և չծառայած ժամկետը ծառայելու ողջ ընթացակարգը,
- հստակեցնել պահեստազորում ընդգրկվելու և հաշվառվելու գործընթացը,
- հստակեցնել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ զորակոչից տարկետում ստանալու իրավունք ձեռք չբերած քաղաքացիներին հանրային ծառայության պաշտոններում նշանակումը արգելելու դրույթը:
Բացի նշված կարգավորումներից, օրենքի նախագիծը նպատակ է հետապնդում իրավական ճիշտ հիմքեր ստեղծել ազգ-բանակ հայեցակարգի իրականացման համար: Ադրբեջանի հետ չկարգավորված հակամարտության և փխրուն խաղաղության պայմաններում շատ կարևոր է հանրության և, հատկապես նրա զորահավաքային հատվածի մասնագիտական ու հոգեբանական պատրաստվածության վիճակը:
Հաշվի առնելով մեր հարևանների ռազմատենչ ցանկություններն ու այլատյացության քարոզչությունը՝ պետք է արձանագրել, որ տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը կախված են լինելու Արցախի Հանրապետության և հայկական զինուժի մոբիլիզացիոն ռեսուրսների կարողություններից, կանոնավոր բանակի ու պահեստազորի պատրաստվածության մակարդակից:
Մեր իրավիճակում գտնվող պետությունները պարտավոր են լուրջ ուշադրություն դարձնել պահեստազորային կազմի պարբերական վարժանքներին և ուսուցողական դասընթացներին: Յուրաքանչյուր պահեստազորային պետք է հնարավորություն ունենա տեղեկանալ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, հակառակորդի կողմից օգտագործվող սպառազինությունների բնութագրերին, ժամանակակից մարտավարական հնարքներին, այլ անհրաժեշտ գիտելիքների և ունակությունների: Այդ նպատակին հասնելու համար առաջարկվում է նախագծով սահմանված պարբերականությամբ պահեստազորում հաշվառված քաղաքացիների համար վարժական հավաքների անցկացում և զինված ուժերի կազմում պահանջվող պատրաստվածություն ստացած պահեստազորի տեղի ու դերի հստակեցում:
Գործող օրենքով պահեստազորում գտնվող անձանց վարժական հավաքների կանչելու իրավասությունը տրված է պաշտպանության նախարարությանը։ Նախագծով առաջարկվում է այդ իրավասությունը փոխանցել կառավարությանը:
Վերոնշյալ փոփոխությունների տրամաբանությունը ենթադրում է համապատասխան փոփոխություն կատարել նաև 30-րդ հոդվածում։ Առաջարկվում է «պաշտոնային դրույքաչափ» բառերը փոխարինել «դրամական բավարարում» բառերով։ Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցեր կա՞ն նախագծի հեղինակներին: Հարցեր չկան: Շնորհակալություն: Կարող եք նստել, պարոն Իսրայելյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պաշտպանության, անվտանգության, օրինապահպանության հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ժաննա Գալստյանը: Խնդրեմ:
Ժաննա Գալստյան - Հարգելի գործընկերներ: «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը արդեն 6 ամիս է գտնվում է շրջանառության մեջ, տարբեր ձևաչափերով քննարկվել է, համարյա բոլորդ էլ ներկա եք եղել: Ուստի, մեր հանձնաժողովը դրական եզրակացությամբ ներկայացնում է ձեզ այս օրինագիծը, բայց առաջարկում ենք ընդունել առաջին ընթերցումով: Մի պարզ պատճառով, որ կան որոշ տեխնիկական խնդիրներ և' Կառավարության մոտ, և' օրինագծի հեղինակների մոտ: Ինձ թվում է, նկատի ունենալով օրենքի կարևորությունը, մեզ մոտ էլ մինչև երկրորդ ընթերցումը կարող է առաջարկություններ ծնվել: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցեր կա՞ն տիկին Գալստյանին: Հարցեր չկան: Շնորհակալություն, տիկին Գալստյան: Մենք այս նախապատմությունն արդեն գիտենք և քիչ առաջ տիկին Գալստյանն էլ նշեց, տևական ժամանակ է Ազգային ժողովում շրջանառվում է այս թեման, բայց մենք հասցրել ենք այս թեման մի քիչ էլ ավելի զարգացնել, ավելացնել, լրացնել և ընթացքում, կարծում եմ, ինչքան մենք խորանում ենք, այնքան մեր ցանկությունները, կարծես, ավելի շատ բան ընդգրկել «Զինապարտության մասին» օրենքում` մեծանում է, և դա կապված է մեր շատ բնական ցանկության հետ, փորձել այնպես անել, որ մեր երկրում քաղաքացիները, հատկապես՝ զինապարտները, լրիվությամբ իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները և մենք կարողանանք այդ կատեգորիայի մեր բնակչության բաժանումը հավասարաչափ, նրանց լիազորությունները, պատասխանատվության ծավալը, պատասխանատվության տեղը, դերը և այլն, այս բոլոր հարցերը, որպեսզի կարգավորված լինեն: Երևի թե մենք արդեն եկել ենք այն օպտիմալ տարբերակին, որը քիչ առաջ էր այս կետերում նշված, որովհետև ընթացքում նաև պարզվել է, որ մենք ժամանակին գուցե մի քիչ հետաձգել ենք այս հարցի հետ կապված որոշ մանրամասների օրենսդրական կարգավորումները, իսկ այսօր դրանք արդեն համապարփակ ձևով ներկայացված են նախագծում և ես, կարծում եմ, որ մենք առաջիկա օրերին արդեն նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո կշարունակենք քննարկումներն ու այն է` ցանկությունը, մտադրությունը. հասնել ճիշտ օրենսդրական կարգավորման այս ոլորտում, կարծում եմ դա մեզ կհաջողվի: Կարծում եմ, ամեն ինչ պարզ է, բայց եթե կա ցանկություն, ամեն դեպքում կանոնակարգային պահանջ է, այս թեմայով մենք կարող ենք շարունակել խոսել, եթե չէ՝ անցնենք քվեարկության: Կա՞ ցանկություն խոսելու, շարունակելու այս թեման: Չկա:
Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին:
Քվեարկություն.
Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես:
Որոշումն ընդունված է: Այս պահից արդեն գործում է երկրորդ ընթերցման տանելու, նախապատրաստելու ռեժիմը: Շնորհակալություն:
Մենք այս 3 հարցերով ավարտում ենք օրենսդրական նախաձեռնությունների բաժինը մեր այսօրվա օրակարգի և, մեզ մնում է նաև 2 հարց: Հիմա այլ հարցերի շարքից՝ ԼՂՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2016թ. գործունեության մասին հաղորդումն է: Այն ներկայացնում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ պարոն Նորեկ Գասպարյանը: Խնդրեմ:
Նորեկ Գասպարյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ: Արցախի Հանրային հեռուստատեսությունը շարունակել է գործել չորսժամյա հեռուստածրագրով, իսկ Հանրային ռադիոն` 5-ժամյա ծրագրով: 2016թ. ևս հեռուստադիտողին են ներկայացվել նաև նոր հեղինակային ծրագրեր: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, Հանրայինին հաջողվել է քայլել ժամանակին համընթաց, արտացոլել մեր նույնիսկ ամենահեռավոր, մի քանի բնակիչ ունեցող գյուղերի կենցաղն ու սոցվիճակը, լսելի դարձնել մեր հայրենակիցների խոսքը: Ապահովվել է նաև երկրի իշխանությունների վարած քաղաքականության, տարբեր ոլորտներում ու բնագավառներում կատարվող աշխատանքների ու մոտեցումների թափանցիկությունը: 2016-ին ևս Հանրայինն իր ծրագրային քաղաքականության հենակետն է համարել կրթության, գիտության, գյուղատնտեսության, սոցապահովության, քաղաքաշինության բնագավառները, վերաբնակեցման ծրագիրը, ժողովրդագրական վիճակը, դատաիրավական ոլորտը, հարկային դաշտը, մշակութային ու երիտասարդական կյանքը, մարզաշխարհը, ներդրումային քաղաքականությունը, այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր հանրապետությունում ու նպաստում մեր պետականաշինությանն ու կայացմանը:
Քիչ աշխատանք չի տարվել լրատվության օպերատիվության ապահովման, «Օր» լրատվականի և ռադիոյի լրատվականի արհեստավարժության մակարդակը բարձրացնելու, տեղեկատվության աշխարհագրությունն ընդլայնելու համար: Լուրերն ապահովել են բազմազանությամբ, սյուժեների ու ռեպորտաժների հարստությամբ: Ընդամենը մեկ փաստ` մեկ տարում Հանրայինը եթեր է հեռարձակել մոտ 1300 սյուժե և ռեպորտաժ: Դրա շնորհիվ մեզ հաջողվել է մեր լրատվական թողարկումները հեռացնել, այսպես կոչված, մայրաքաղաքային ձևաչափից: Կարծում եմ, նման քաղաքականությունը մեր լրատվական թողարկումները դարձնում է ավելի հետաքրքիր, ճշմարտացի ու քաղաքական առումով` ճիշտ ու ազնիվ: Իսկ կիրակնօրյա վերլուծական ծրագիրը ամբողջացրել է աշխատանքային շաբաթը` հյուրընկալելով ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների, տարբեր գերատեսչությունների ղեկավարների, մանկավարժների ու տարբեր բնագավառների մասնագետների:
Մի բավականին հետաքրքիր դիտարկում ևս: 2016-ին մեր կատարածի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեր հաղորդումներում, լրատվական թողարկումերում ընդգրկված մարդկանց թիվն ավելացել է: Ավելի քան 12 հազար մարդ հնարավորություն է ունեցել արտահայտել իր կարծիքը, մասնակցել տարբեր թեմաների քննարկմանը, օգնել ազատ ու անկեղծ խոսքի ձևավորմանը: Դա մեզ իրավունք է տալիս եզրակացնել, որ Հանրայինը տարեցտարի կայանում է, համապատասխանում իր անվանն ու կոչմանը: Ցավալի է, սակայն, որ ստուդիական հնարավորությունների բացակայությունը մեզ զրկում է կլոր սեղաններ, հեռուստաբանավեճեր ու քննարկումներ կազմակերպելու ժամանակակից տարբերակից: Եվ մենք ստիպված մեր նկարահանումները կատարում ենք դրսում, բնականաբար ծախսելով ֆինանսական ավելի շատ միջոցներ:
Կարևոր է նաև տեղեկացնել, որ Հանրային հեռուստառադիոն անկաշկանդ քննադատում է այն բացասական երևույթները, որոնք կան մեր կյանքում: Ավելին, համապատասխան գերատեսչությունները առանց ուշացնելու արձագանքում են մեր բարձրացված հարցերին ու հաճախ լուծում տալիս մտահոգող խնդիրներին: Պետք է նշել, որ այսօր Էլ ամենամտահոգիչը մնում է երիտասարդ մասնագետների բացակայությունը: Ճիշտ է, Հանրայինը 2016-ին բավականին լուրջ աշխատանք է տարել երիտասարդ կադրերի հետ` նրանց ավելի ընդգրկուն ձևով մասնակից դարձնելով իր ծրագրային քաղաքականությանը, սակայն արհեստավարժ մասնագետների բացակայությունը զգացվում է:
2016-ին ավելի են ամրապնդել մեր կապերը ՀՀ Հանրային հեռուստատեսության, «Կենտրոն», «Շանթ», «Երկիր Մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ:
Կարծում եմ, կարևոր է խոսել նաև Հանրային հեռուստառադիոյի ֆինանսական միջոցներից և եթեր հեռարձակված սեփական արտադրանքից: Բյուջեն կազմել է 387 միլիոն դրամ: Հանրայինը տարին ավարտել է շահույթով. ընդհանուր միջին աշխատավարձը՝ 153 հազար դրամ, ստեղծագործական կազմի միջինը՝ 190 հազար դրամ, գլխավոր մասնագետներինը` մոտ 320 հազար: Հանրայինի եկամուտները /գովազդ, հայտարարություն, ֆիլմ/ հասել են 7 միլիոն 700 հազար դրամի, որը հնարավորություն է տվել լրացուցիչ խրախուսել աշխատակիցներին և օրենքով նախատեսված 952 ժամի փոխարեն հեռուստատեսային հայրենական արտադրության ծավալը հասցնել 974 ժամի, ռադիոարտադրանքը` 75 տոկոսի, դա, բնականաբար, սեփական եկամուտների հաշվին:
Քանի որ ավարտին է մոտենում առաջին եռամսյակը, կարծում եմ, ավելորդ չէ նշել, որ Հանրայինը սկսել է աշխատել նոր ծրագրերով ու հաղորդումներով:
Մի քանի խոսք նաև Արցախի հանրային հեռուստատեսության և ռադիոյի կայքի մասին: Մեր կարծիքով, այն մեծ մասսայականություն է վայելում ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ: 2016թ. կայք այցելողների թիվը հասել է 8 միլիոնի: Կայքն ամեն օր թարմացվում է ինֆորմացիոն թողարկումներով ու հեղինակային ծրագրերով` անմիջապես լրատվական թողարկումից հետո: Կարծում եմ, որ նոր եթերաշրջանը հեռուստադիտողի և ռադիոլսողի համար շարունակում է լինել հետաքրքիր, ազնիվ ու ժամանակակից և յուրաքանչյուր հեռուստադիտող անհամբեր սպասում է Արցախի Հանրայինի հաղորդումներին: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հանրային հեռուստառադիոընկերության գործունեության մասին հաղորդումը Ազգային ժողովին ներկայացվում է օրենքով սահմանված կարգով, դա ընդունվում է ի գիտություն: Պատգամավորները կարող են իրենց տեսակետները հայտնել: Խնդրեմ, եթե հարցեր կան, կարող եք ներկայացնել: Գագիկ Բաղունց:
Գագիկ Բաղունց - Կայք այցելողների թիվն է 8 միլիոնի հասել, թե՞ այցելուների թիվը:
Նորեկ Գասպարյան - Այցելողների:
Գագիկ Բաղունց - 8 միլիո՞ն:
Նորեկ Գասպարյան - Կայքը, անմիջապես կայքը մեր պաշտոնական, Youtube, տարբեր, ասենք ծրագրերով, որ մենք դնում ենք համացանցում, կազմում է 8 միլիոն:
Գագիկ Բաղունց - Տարբեր հասցեներով մտնողների թիվն են հաշվու՞մ:
Նորեկ Գասպարյան - Այո, այո:
Աշոտ Ղուլյան - Ուրի՞շ: Հայկ Խանումյան:
Հայկ Խանումյան - Մի դիտարկում էլ ես անեմ: Ամեն անգամ էս դիտարկումն ուզում եմ անեմ, հետո չեմ անում: Բայց, այնուամենայնիվ, պիտի անեմ: Էս հաղորդման ոճի մասին այս շարադրական ոճը, գնահատականները, որ կարծում ենք ազնիվ ու ճշմարիտ են, ճշմարտացի են, հետաքրքիր են և այլն, բայց կարծում եմ, սա հաղորդման նյութ չէ, հաղորդումը մի քիչ ուրիշ կառուցվածք, բան պիտի լինի: Իզուր չէ, որ այդ ոճի մեջ մի 10 անգամ կարդում եմ, կարդում եմ և կարդում եմ: Ուղղակի հաղորդումը պիտի լինի հստակ, ի՞նչ եք ներկայացրել, թվերով, կոնկրետ փաստերով, ոչ թե կարծում եք գնահատականներ եք տալիս և այլն: Կարծում եմ, Դուք չպետք է Ձեր գործունեության գնահատականը տաք:
Նորեկ Գասպարյան - Ոչ թե գնահատական է տրվում, այլ ներկայացվում է այն ամենը, ինչ կատարվել է:
Աշոտ Ղուլյան - Պարոն Գասպարյան: Ամեն դեպքում, ես էլ էի դրան ուշադրություն դարձրել: Այսինքն, Դուք հաղորդումը ներկայացրել եք Ձեր անունից, երևի դրանից է բխում, որ անձնական բաներ եք տալիս, եթե Հանրային հեռուստառադիոընկերության գործունեության մասին է, գուցե ոճական իմաստով ճիշտ է, որ պարզապես բանը լինի, շարադրանքը, ասենք, ոչ թե առաջին դեմքից լինի, այլ հեռուստառադիոընկերության խորհրդի, ոնց որ, տեսակետը լինի: Զուտ շարադրանքի բանն է, ասենք այստեղ փոխվում:
Ձայներ դահլիճից, չի լսվում:
Աշոտ Ղուլյան - Դե, վաղը որ պոետ չլինի, ստացվում է, որ ուրիշ ձևով պիտի գրվի: Դրա համար ասում ենք, որ միասնական ձևով գրվի.
Նորեկ Գասպարյան - Հաշվի կառնենք: Բայց, բնականաբար, ներկայացնողի կարծիքը ևս կարևոր է
Աշոտ Ղուլյան - Տեսեք, ներկայացնողի կարծիքը կարևոր է: Դուք այս ամբիոնից կարող եք խոսել Ձեր կարծիքի մասին: Բայց, քանի որ չոր փաստաթուղթ է, և մնում է, պարզապես այդպես, որպես արխիվ էլ մնալու է, ինքը պաշտոնական ոճի մեջ պետք է լինի: Ուրի՞շ: Արմեն Սարգսյան:
Արմեն Սարգսյան - Պարոն Գասպարյան, Ձեր կարծիքով ի՞նչ արմատական թերություններ կան:
Նորեկ Գասպարյան - Թերություննե՞ր, այո: Առաջին թերությունը, ասենք, ես նշեցի, որ հանրային քննարկման հնարավորությունները՝ ստուդիական հնարավորությունները, տարբեր քաղաքական, ասենք՝ գործիչներ, քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, ընդհանրապես մշակութային հարցեր, ցանկացած բնագավառի հարցեր քննարկման հնարավորություններից Արցախի հանրայինը զուրկ է, զուտ տեխնիկական և ստուդիական առումով եմ ասում: Ասենք, ուրիշ բան է, երբ դրսում նկարահանումներ ենք կատարում, տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ են արտահայտում, այս ամենը չի ամբողջանում, այս ամենը վեր չի ածվում քաղաքականության, հստակ ընդգծված քաղաքականության: Այ, սրա բացակայությունը, կարծում եմ, Հանրայինն այսօր ունի: Ասենք, թերություններ կարելի է նաև ասել զուտ տեխնիկական առումով: Այսօր մեր սարքավորումների հնարավորությունները առնվազն մի 20 տարով ետ են տարբեր հեռուստաընկերությունների հնարավորություններից: Ասենք, նույն այդ ֆորմատների առումով, ամբողջությամբ չի համապատասխանում ժամանակի պահանջներին: Ստուդիական նկարահանումների որակն այլ է, դրսի նկարահանումների որակը՝ այլ: Ընդհանրապես չի համապատասխանում և այդ ուղղությամբ համապատասխան քայլեր են արվում: Կարծում եմ, մոտ ժամանակներում դուք այդ տարբերությունն ամբողջությամբ զգալու եք: Թերությունների թվին կարելի է դասել նաև, ես նշեցի, նաև երիտասարդ մասնագետների խնդիրը: Ցավոք, մինչև հիմա մենք Արցախի պետական համալսարանից չենք ստանում այն մասնագետները, ովքեր այսօր կարող են աշխատել ժամանակի պահանջներին համապատասխան: Ես արդեն մի ամիս է, աշխատում եմ մի խմբի հետ, ինչո՞ւ, որովհետև արդեն քայլեր են արվում 2018թ. երբ հեռուստատեսությունը դառնա 30 տարեկան, մեր ժամաքանակն ամբողջությամբ կփոխվի, կդառնա 10-12 ժամ, դրա համար համապատասխան խումբ է հարկավոր՝ երիտասարդ մասնագետների հետ կապված: Դրա համար աշխատում եմ այդ խմբի հետ, մեծամասամբ համալսարանի ուսանողներ են, բայց, բայց, բայց… Բայցերը շատ են, մոտ 97-98 տոկոսը չի համապատասխանում լրագրության ոչ թե այսօրվա, այլ ընդհանրապես լրագրության պահանջներին: Սա, կարծում եմ, բավականին մեծ և ընդգծված թերություն է:
Աշոտ Ղուլյան - Ռիտա Մնացականյան:
Ռիտա Մնացականյան - Պարոն Գասպարյան, դուք նշեցիք, որ ամենամտահոգիչը մնում է երիտասարդ մասնագետների բացակայությունը: Ճիշտն ասած, ինչ որ չափով Դուք համարյա պատասխանեցիք հարցին, բայց ես կուզեի իմանալ, ունե՞ք, արդյոք, Երևանում պետպատվերով սովորող հեռուստալրագրողներ, հեռուստառեժիսուրա, այդ բաժիններում սովորող ուսանողներ, ղարաբաղցիներ, որոնց դուք ուղարկել եք պետպատվերով և պիտի վերադառնան:
Նորեկ Գասպարյան - Մենք ուղարկել ենք ընդամենը մի մասնագետ՝ մեր ռեժիսորներից մեկին և ընդհանրապես հույս չկա, որ նա կրկին վերադառնալու է:
Չի լսվում…
Նորեկ Գասպարյան - Բավականին բարդ հարց է, բավականին բարդ: Հեռուստատեսությունն այսօր, իսկապես, առաջին հերթին ունի ռեժիսորների կարիք, առաջին հերթին: Մասնագետները, եթե ուշադիր նայում են մեր հաղորդումները, ցանկացած սյուժե, ռեպորտաժ, երևում է ռեժիսորի, այսպես ասած, ձեռքի բացակայությունը, մտքի բացակայությունը, ռեժիսորական մոտեցման բացակայությունը, սա շատ բարդ խնդիր է: Ընդհանրապես, Հայաստանում էլ այդ հարցը կարծես թե ամբողջությամբ լուծված չէ:
Աշոտ Ղուլյան - Ալյոշա Գաբրիելյան:
Ալյոշա Գաբրիելյան - Ուղղակի այսպիսի մի բան է ստացվում: Երկար ժամանակ է, մենք որպես հանրապետություն գոյություն ունենք, բայց մեր հեռուստատեսությունն առանձին ալիքով չի սփռվում և մտահոգիչ է, որ ամենօրյա հաղորդումներ չկան: Կոնկրետ անհասկանալի բան է և տարեցտարի այդպես շարունակվում է: Ինչ-որ տեղ էլ մեր քաղաքացին վիրավորված պիտի զգա, որ չունենք առանձին, էսպես. և երկրորդը՝ ռադիոհաղորդումների մասին է, որ ընդամենը Ստեփանակերտ քաղաքից դուրս ես գալիս, այդ ալիքներն արդեն կորչում են և չես կարողանում ինչ-որ ընդունել այդ: Այս հարցերն ինչպե՞ս և ե՞րբ պիտի լուծվեն վերջապես:
Նորեկ Գասպարյան - Ալիքների սփռման հարցին ես բնականաբար չեմ կարող ամբողջությամբ պատասխանել, որովհետև դա մեր իրավասությունից դուրս է, բայց համապատասխան աշխատանքներ տարվում են: Կարծում եմ, այս վերջին շրջանում քիչ թե շատ բարելավվել է՝ ռադիոյին է վերաբերվում: Ինչ վերաբերվում է հեռուստատեսության առանձին եթերին և ժամերի ավելացմանը, դա յուրաքանչյուրի համար կարծես թե վիրավորական է և այսօր արդեն 4 ժամը լուրջ չի ընդունվում: Դրա համար ես նշեցի, որ 18 թվականին արդեն լուրջ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի 2018թ. գոնե մենք 10-12-ժամյա եթեր ունենանք, իսկ 10-12-ժամյա եթերն արդեն ինքնին որոշում է նաև առանձին ալիք ունենալու խնդիրը: Դա նույնպես լուծվող հարց է, բայց այսօր 4 ժամ առանձին ալիքը, կարծես թե, մենք մտնենք բարևենք, հետո՝ բարի գիշեր և՝ դատարկություն: Սա, չեմ կարծում, որ ճիշտ կլիներ: Բայց 2018թ. այդ հարցերը, համոզված եմ, որ կլուծվեն:
Աշոտ Ղուլյան - Գագիկ Բաղունց:
Գագիկ Բաղունց - Պարոն Գասպարյան, եթե չեմ սխալվում, ձեր հաղորդումներն օնլայն ռեժիմով չեն հեռարձակվում: Պատճառն ի՞նչ է՝ ֆինանսական, թե տեխնիկական:
Նորեկ Գասպարյան - Չէ, չէ, չէ, մենք այս վերջին շրջանում նման փորձեր արել ենք, նույնիսկ օրերով, ամիսներով կարգավորել ենք այդ հարցը, բայց որոշ տեխնիկական խնդիրներ կան, այդ տեխնիկական խնդիրները հիմա քննարկման փուլում են և մենք նորից այդ աշխատանքները կազմակերպելու ենք:
Աշոտ Ղուլյան - Ուրիշ հարցե՞ր: Չկան: Շնորհակալություն, պարոն Գասպարյան: Ամեն դեպքում մենք պարբերաբար, տարին մեկ անգամ այս հաղորդումը լսելով, նաև մտքերի փոխանակության արդյունքում կարծես թե ուղղորդում ենք նաև այն քաղաքականությունը, որ` և Ազգային ժողովն է տեսնում մեր Հանրային հեռուստառադիոընկերության գործունեության մեջ, և Հանրային հեռուստառադիոընկերությունն է իր պատկերացրածը ներկայացնում, և սա երևի միակ անգամը չէ, մենք նաև տարվա բյուջեն քննարկելիս, բյուջեի հաշվետվությունը քննարկելիս, այդ հարցերին անդրադառնում ենք: Իհարկե, տեղ կա կատարելագործվելու, տեղ կա ավելացնելու, բայց դրանք պետք է արվեն նաև մեր հնարավորությունների, մեր ուժերի սահմաններում, նաև ապագայի մասին այդ քաղաքականության մեջ ներդրում կատարելու միջոցով: Այ, քիչ առաջ խոսում էինք երիտասարդ մասնագետների մասին, կարծում եմ, մինչև մենք որոշակի պատվեր չունենանք, թե ինչ ենք ուզում, ինչպիսի կադրեր ենք ուզում պատրաստել և ինչպես ենք դրանք պատրաստելու, որտե՞ղ, շատ դժվար է լինելու սպասել, որ իրենք կադրերը, պատրաստ գալու են և համալրելու են սպասված, պահանջված մասնագիտությունների քանակը: Շնորհակալություն: Այսքանով մենք ավարտում ենք նաև այս հաղորդման օրակարգային հարցը, մեզ մնում է միայն մեկ օրակարգային հարց՝ պատգամավորական հայտարարությունները: Խնդրեմ, եթե կա ցանկություն, գրանցվեք պատգամավորական հայտարարությունների համար.
Արմեն Սարգսյան
Հայկ Խանումյան
Արամ Գրիգորյան
Ռուդիկ Հյուսնունց:
Շնորհակալություն, հիմա հերթով պատգամավորական հայտարարությունների համար հրավիրվում է պատգամավոր Արմեն Սարգսյանը, թող պատրաստվի Հայկ Խանումյանը:
Արմեն Սարգսյան - Սիրելի գործընկերներ: ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի շրջանակներում որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ իրենց քաղաքական պլատֆորմի հիմքում դնում են խաղաղության և բարիդրացիության հաստատում՝ Արցախի հիմնահարցի հանգուցալուծման ոչ հայանպաստ դիրքորոշումներով: Այդ մտքերի ռազմավարությունը հանգում է «տարածքներ Արցախի միջանկյալ կարգավիճակի դիմաց» կամ, որ նույնն է՝ «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքին: Ընդ որում, նրանք փորձում են ապացուցել, որ մեր հակառակորդը ոչ թե Ադրբեջանն է, այլ ամբողջ աշխարհը, որը գործում է մեր դեմ և ստիպում է, որ ընդունենք Մադրիդյան սկզբունքները: Հետաքրքիրն այն է, որ այս ամենը ըստ այդ ուժերի պետք է իրականացնեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները և խոսք անգամ չկա Արցախի ժողովրդի կամ իշխանությունների կարծիքի մասին: Սա փաստորեն անզորության, հարմարվողականության, «թղթե շերեփի» փառաբանում է, մոռանալով, որ հայ ժողովուրդը կռում է իր սեփական «երկաթե շերեփը»: Ամենատարօրինակն այն է, որ այս ամենի մասին ՀՀ առաջին նախագահը որոշել է հիշեցնել մի ժամանակահատվածում, երբ միջազգային հանրությունը ավելի է ընկալում հայկական կողմի պահանջները, երբ ԱՄՆ-ի և Ավստրալիայի մի շարք նահանգներ ընդունել են Արցախի անկախությունը և վերոհիշյալ գործընթացը շարունակվում է: Շեշտենք նաև, որ այսօր ավելի է խորանում Ադրբեջանի և Թուրքիայի դիվանագիտական մեկուսացման գործընթացը և նրա մաքսիմալիստական քաղաքականությունը չափավորելու միտումները: Փաստորեն այդ քաղաքական ուժերը Արցախին, որպես սուբյեկտ, չեն ճանաչում և ամեն ինչ հանգեցնում են Ադրբեջան-Հայաստանի Հանրապետություն փոխհարաբերությանը: Արցախը, որպես հայության միասնականության գրավականի, ՀՀ առաջին նախագահը հակադրում է հետևյալ մտքերով. «Ժողովուրդը մի բան պետք է պահանջի իշխանությունից, լուծի այս խնդիրը: Վերջ տվեք այս մեր դժբախտություններին, մեր տառապանքներին»: Արցախի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը դատապարտում է ՀՀ-ում առկա այս քաղաքական գաղափարները կրողների կեցվածքը և այն դիտում որպես ոտնձգություն Արցախի սուվերենության նկատմամբ: Վերստին հայտարարում ենք, որ Արցախի անկախությանը այլընտրանք չկա և մեր հազարավոր զոհերի արյունը իզուր չի թափվել: Գտնում ենք, որ ցեղասպան Ադրբեջանն ու Թուրքիան վարելով հայատյաց քաղաքականություն, դա նույնիսկ չեն թաքցնում, իսկ դրան հակադրվելու միակ ձևը ուժեղ և հզոր պաշտպանություն, տնտեսական համակարգ և բարձր ոգի ունենալն է: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Հաջորդ հայտարարությունը՝ Հայկ Խանումյան: Թող պատրաստվի Արամ Գրիգորյանը:
Հայկ Խանումյան - Հարգելի ներկաներ: Ես նախօրոք պլանավորել էի այսօր խոսել տեղեկատվական տեխնոլոգիաների պետական աջակցության մասին, սակայն մարտ ամսին Երևանում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ փոխեցին այս ելույթի թեման: Այսպես, Արթուր Սարգսյանի՝ «հաց բերողի» մահը ցույց տվեց, որ Հայաստանի արդարադատության համակարգը մարդասպան համակարգ է, և որ Հայաստանը դեռևս հեռու է իր իսկ կողմից ընդունված համընդհանուր սկզբունքները հարգելուց: «Իգլայի» գործը և Սամվել Բաբայանի ձերբակալությունը ցույց տվեցին, որ Հայաստանի ԱԱԾ-ն հավատարիմ է մնում խորհրդային ԿԳԲ-ի գործելաոճին և մեկ կուսակցության ապօրինի շահերին ծառայող ապօրինի կառույց:
Այժմ անդրադառնանք այն թեմային, որը «Դաշնակցության» մեր գործընկերները հնչեցրին և ես նույնպես կողմ էի, որ այն հնչեցվեր որպես Ազգային ժողովի կողմից ընդհանուր հայտարարություն, այն ընդհանուր հայտարարություն լիներ: ՀՀ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցող որոշ գործիչներ հանդես են գալիս Արցախի հարցը տարածքային և այլ զիջումների հաշվին լուծելու օգտին: Փորձելով հանրությանն ահաբեկել պատերազմի և զոհերի հեռանկարով, այս /չի լսվում/ համատարած պարտվողական քարոզչություն են իրականացնում նման այն քարոզչությանը, որ անում էին բոլշևիկները 20 թվականի աշնանը կազմալուծելով հայկական բանակը: Արդ, կցանկանայի մեկ անգամ ևս կրկնել այն սկզբունքները, որոնց վերաբերյալ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը բազմիցս արտահայտվել է: Առաջին. Արցախի ժողովուրդն արդեն վաղուց իրականացրել է ինքնորոշման իր իրավունքը և բոլորիս նպատակը պետք է լինի իրականացված այդ ակտի միջազգային ճանաչումը: Երկրորդ. Արցախի տարածքների ավելացումը հետևանք է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի: Ագրեսորին պատժելու եղանակներից մեկը նրան տարածքներից զրկելն է, ինչն էլ մենք արել ենք 91-94թթ. պատերազմի ժամանակ: Արցախի ներկայիս տարածքը սակարկման ենթակա չէ, այն Արցախի, Արցախի ժողովրդի և համայն հայության անվտանգության կարևորագույն գրավականն է: Երրորդ՝ որևէ միջազգային կամ օտարերկրյա ռազմական ուժ չի կարող հանդես գալ որպես Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիք: Անվտանգության իրական երաշխիք կարող է լինել միայն Արցախի պաշտպանության բանակը ՀՀ զինված ուժերի հետ իր հարաբերությունների ամբողջականությամբ: Չորրորդ. Միջազգային հանրության որևէ խոստում կամ գրավոր երաշխիք չի կարող խաղաղության ապահովման գործիք լինել, այսինքն, այսօրվա դրությամբ խաղաղությունը հնարավոր է միայն հակամարտող կողմերի ուժերի հավասարակշռության շնորհիվ: Հինգերորդ. Հանուն խաղաղության կամ կարգավիճակի տարածքային և այլ զիջումները բերելու են ավելի լայնածավալ պատերազմի և ավելի շատ զոհերի:
մեծ սիրով կցանկանայի չանդրադառնալ Հայաստանի ընտրական գործընթացներին, հետևաբար, կբավարարվեմ միայն մեր մոտեցումները մեկ անգամ ևս հիշեցնելով: Վերջում, ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում ՀՀ նոր խորհրդարանական ուժերի հետ մենք քննարկելու ենք միայն Արցախի թերբնակեցված շրջաններում բանակաշինության ծավալների ավելացման, զինծառայողներին Արցախում բնակարանային ապահովման, ներգաղթի կազմակերպման և նմանատիպ այլ հարցեր: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Հաջորդը, ուրեմն, հայտարարությունների մասով, հանում են Արամ Գրիգորյանը և Ռուդիկ Հյուսնունցը:
Մենք այսքանով ավարտում ենք նաև հայտարարությունների բաժինը: Քանի որ այս պրոցեսն արդեն մոտենում է ավարտին, ես կարծում եմ, որ մեզ մինչև հիմա հաջողվել է մնալ քաղաքական չեզոքության հարթության վրա, իհարկե, շատ հասկանալի ու, կարծում եմ, ընկալելի է, որ Հայաստանում քաղաքական այս ակտիվ շրջանում բազմաթիվ քաղաքական տարբեր մեկնաբանություններ, կարծիքներ են շրջանառվում, որի մի մասը կարող է մեզ հաճելի չլինել: Ես, իհարկե, կգերադասեի, որ այսօր մենք Ազգային ժողովում չխոսեինք այդ թեմաների մասին, հաշվի առնելով, որ դա Հայաստանի ներքաղաքական իրավիճակին է վերաբերվում, բայց, ամեն դեպքում, ես նաև համարում եմ, որ մենք ինչ որ ասում ենք, անում ենք, պետք է մնանք Ազգային ժողովի և նրա պատգամավորի կարգավիճակին համապատասխան չափերի և սահմանների մեջ: Շուտով, մի քանի օրից կավարտվի այս գործընթացը: Ես կարծում եմ, որ մենք երեկ էլ ենք դրա մասին քննարկել, գուցե արդեն ընտրություններից հետո հարկ կլինի խոսել արդեն միասնական կարծիքով, բայց այժմ դրա մասին տարբեր անհատական կամ խմբային կարծիքներ արտահայտելը որոշ իմաստով կարող է ոչ հաճելի քաղաքական հետևանքներ ունենալ:
Այսքանով, ոչ ոք չի արգելում խմբակցություններին, առանձին անհատներին իրենց կարծիքն արտահայտելու, բայց քաղաքական այդպես պաշտոնական տեսակետներ հայտնելը, սա մի քիչ ռակուրսը փոխում է, մեր քաղաքական, նաև պաշտոնական փոխհարաբերությունների:
մենք եզրափակում ենք Ազգային ժողովի այսօրվա լիագումար նիստի աշխատանքները: Օրակարգը սպառված է: Շնորհակալություն այսօրվա աշխատանքի համար: Վերջում մի հայտարարություն, դա զուտ պատգամավորներին է վերաբերվում: Մենք խնդրել էինք, որ Արցախում տեղի ունեցող տարբեր դասընթացների հետ կապված, նաև մեզ իրազեկել: Ապրիլի 10-12-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից նախատեսվում են հերթական դասընթացները, թեմաներ են նախատեսվում, որոնցից մեկը «Բյուջետային ֆինանսավորումը հանրային ոլորտում» թեման է: Ես առաջարկում եմ պատգամավորներին, եթե կա հետաքրքրություն, մենք գրանցում կատարենք և, եթե մենք ունենանք համապատասխան պատգամավորների քանակ, ապա կարող ենք խնդրել, որ այդ դասընթացները անցկացվեն այստեղ, առաջիկա օրերին պարզապես պիտի խնդրենք, որ փորձագետները և գործավարները մեզ ներկայացնեն պատգամավորների այն ցուցակը, ով ցանկություն ունի մասնակցելու այս ֆինանսավորմանը: Ապրիլի 10-12-ին` 3 օր, բայց շատ խիստ դասընթացների ցանկ է լինելու: Այսքանը, շնորհակալություն, ցտեսություն: