ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման
5-րդ նստաշրջանի նիստի սղագրություն 11.05.2017թ.

ժամը 11:00                                                                         

                                     

Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, կառավարության անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Ներկա են 29 պատգամավոր, բացակա են՝ 4-ը:

 

ՆՒՍՏԸ ՎԱՐՈՒՄ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԸ

 

        Աշոտ Ղուլյան - Բարի առավոտ բոլորին: Հարգելի գործընկերներ, հրավիրվածներ:   Ընդամենը երկու օր առաջ Արցախը համայն հայության հետ մեկտեղ նշել է մեր նորագույն պատմության ամենակարևոր տոներից մեկը՝ մայիսյան եռատոնը: Քառորդ դար առաջ, մայիսյան այս օրերին, մենք Հայրենական Մեծ պատերազմում տարած պանծալի հաղթանակին ավելացրել ենք ևս երկու պատմական նվաճումներ՝ Արցախի ՊԲ կազմավորումը և Շուշիի հերոսական ազատագրումը: Սրանք ձեռքբերումներ են, որոնք անկախության տարիների ընթացքում ամրապնդվել են և դարձել հայի ինքնության  անբաժանելի մասը՝ անկախ նրանից, թե աշխարհի որ մասում, որ անկյունում է նա ապրում: Քանի որ  տոնական այդ օրերին շատ ենք անդրադարձել հիշարժան օրերի իմաստին ու խորհուրդներին, ուստի, ուզում  եմ այս պահին միայն շնորհավորանքներ փոխանցել դահլիճում գտնվող մեր գործընկերներին, իսկ մեր բոլորի անունից էլ՝ հայ ժողովրդին ու նրա բոլոր բարեկամներին: Փառք ու պատիվ այն մարտիկներին, ովքեր բերեցին մայիսյան եռատոնը:

Հարգելի գործընկերներ: Ազգային ժողովի այս լիագումար նիստով մենք սկսում ենք մի նոր գործընթաց, որը սահմանադրական պահանջ է և ուղղված է այս           տարվա փետրվարի 20-ի հանրաքվեով ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրությունը` Սահմանադրությանը գործող օրենսդրության համապա­տաս­խանեցմանը: Այդ գործընթացի համար  սահմանված են կոնկրետ ժամկետներ և այդ պահանջներից մեկը նոր Սահմանադրության դրույթներին համապատասխան ԱԺ կանոնակարգի ներկայացումն է: Նախորդ շաբաթվա ընթացքում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում նախապատրաստական աշխատանքներ են կատարվել և մենք այսօր կարող ենք ամփոփել այդ քննարկումները՝ սահմանված կարգով:  Սա որպես նախաբան, իսկ հիմա ես խնդրում եմ  գրանցվել`  աշխատանքներն սկսելու համար:

Գրանցում:

Գրանցման արդյունքով ներկա են 29 պատգամավոր, բացակա են՝ 4-ը: Հույս ունեմ, որ դեռ մեր գործընկերներից կմոտենան, որովհետև նախապես մեկ բացակայի մասին մենք գիտեինք:  Ամեն դեպքում Ազգային ժողովի նիստն իրավասու է սկսել իր աշխատանքները, ինչպես միշտ՝ կանոնակարգի պահանջներին համապատասխան: Առաջարկում եմ հիմա ուշադրություն դարձնել 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներին և համալրումներին: Այդ որոշման նախագիծը ձեր տրամադրության տակ կա և այդ ցանկում փաստորեն մենք հիմա երկու նոր ավելացում ունենք՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը, որը պատգամավորական նախաձեռնությամբ է ներկայացված և «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թ.թ. ծրագրի կատարման 2016թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» նախագիծը: Սրանք որպես օրենքի նախագծեր են, իսկ որպես այլ հարցեր, մենք վերջերս նաև ստացել ենք, ինչպես նախատեսված է կանոնակարգային ժամկետներում, 2016թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, որի առաջին քննարկումը մենք երեկ արել ենք, այն արդեն ընթացքի մեջ է, համապատասխան ժամանակացույցի ձևով:

Այսպիսինն են մեր լրացումները, եթե կան առաջարկներ, կարծիքներ՝ խնդրեմ, եթե չէ՝ հաստատենք: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին:

Քվեարկություն.

Կողմ՝  29, դեմ՝  չկա, ձեռնպահ՝  նույնպես:

Որոշումն ընդունված է: Այդ համալրումների հետ կապված և դրանից բխող այսօրվա լիագումար նիստին առաջարկվում է ևս մի օրակարգ, լիագումար նիստի օրակարգն է սա արդեն և այս լիագումար նիստի օրակարգում, ինչպես քիչ առաջ մեր հաստատած նիստի օրակարգից կարելի է եզրակացնել, երևի թե, հիմնական հարցը` դա, բացի այս կազմակերպչական հարցերից «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծն է պատգամավորական նախաձեռնությամբ և քիչ  հետո մենք նախագիծն  արդեն քննության կառնենք և, 2  թեմա, որը փաստորեն այլ հարցերի շարքից է՝ Վերահսկիչ պալատի 2016թ. գործունեության տարեկան հաշվետվությունը ու Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի  վերաբերյալ 2017թ. փետրվարի 20-ի հանրաքվեյի կազմակերպման և անցկացման մասին ԿԸՀ-ի հաղորդագրությունը: Ինչպես միշտ, նաև պատգամավորական հայտարարություններ են նախատեսված օրակարգում: Այսպիսինն  է մեր այսօրվա լիագումար նիստի օրակարգը: Հարցեր կա՞ն:

Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի  որոշման նախագիծը  ԼՂՀ  ԱԺ  2017թ. մայիսի 11-ի նիստի օրակարգը հաստատելու մասին:

Քվեարկություն. 

Կողմ՝  30, դեմ՝  չկա, ձեռնպահ՝  նույնպես:

Այսօրվա նիստի օրակարգը հաստատված է, և կարծում եմ, արդեն ինչ որ պետք էր նախաբանի  տեքստում նշեցինք, որ այսօր մեր  քննարկման գլխավոր թեման «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքն է: Այն պատգամավորական նախաձեռնությամբ արդեն որոշ ժամանակ է մի քանի շաբաթ գտնվում է շրջանառության մեջ և ինչպես ենթադրվում է Ազգային ժողովում այդ քննարկումն, իհարկե մենք դեռ շարունակելու ենք, սա դեռ սկիզբն է քննարկման, պաշտոնական քննարկումների: Հաշվի առնելով, որ այն պատգամավորական նախաձեռնություն է, այժմ ես հրավիրում եմ որպես հիմնական զեկուցող, օրենսդրական նախաձեռնության հեղինակներից պարոն Հովիկ Ջիվանյանին: Խնդրեմ, պարոն Ջիվանյան: 

Հովիկ Ջիվանյան - Ողջույն բոլորին: Ինչպես արդեն նշվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումներով  և դա Սահմանադրության պահանջն է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը, ինչպես նաև մի շարք այլ օրենքի նախագծեր պետք է համապատասխանեցվեն Սահմանադրությանը: Ուղղակի ասեմ, որ ժամկետով սահմանափակված օրենքի նախագիծ է, որի համար մենք ունենք հստակ ժամկետներ ընդունելու համար: Այժմ ես փորձեմ  ներկայացնել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը և ներկայացումը պայմանավորված է 2017թ. փետրվարի 20-ի հանրաքվեով ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության 167-րդ հոդվածի դրույթներով և բխում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներից:

Նախագծով Ազգային ժողովի գործունեության կարգը համապատասխանեցվել է նոր Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված գործառույթներին ու լիազորություններին: Ըստ այդմ, փոխվել է կանոնակարգի կառուցվածքը, համապատասխանաբար գլուխները միավորվել են ինը բաժիններում:

Նոր Սահմանադրության դրույթներին համապատասխան «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը չծանրաբեռնելու համար և պատգամավորների գործունեության մանրամասները լիարժեք ներկայացնելու նպատակով «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» առանձին օրենքով կսահմանվեն պատգամավորական էթիկայի կանոնների, պատգամավորների շահերի բախմանն առնչվող հարաբերությունները:

Ազգային ժողովի, նրա մարմինների լիազորությունների և գործառույթների իրականացման ընթացակարգերը «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում կսահմանվեն առանձին՝ Ազգային ժողովի որոշմամբ հաստատված Աշխատակարգով:

Գործող Կանոնակարգի որոշ դրույթներ կշարունակեն գործել մինչև նոր խորհրդարանի ձևավորումը: Կանոնակարգի այն դրույթները, որոնք նախագծով առաջարկվում է պահպանել` խմբագրվել, համապատասխանեցվել են Սահմանադրությանը, այլ օրենքներին, ինչպես նաև օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Նախագծով Ազգային ժողովի մարմինների ցանկում ավելացվել են խմբակցությունները:

Հստակեցվել են պատգամավորների իրավունքներն ու պարտականությունները:

Նախագծով բարձրացվել է խմբակցությունների դերը, մասնավորապես նրանց իրավունք է վերապահված`

1) իրավասու մշտական հանձնաժողովին առաջադրելու թեկնածուներ Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոնների համար,

2) առաջադրելու Բարձրագույն դատական խորհրդի թեկնածու,

3) գրավոր հարցապնդումներով դիմել Հանրապետության նախագահին և կառավարությանը,

4) հրավիրելու խորհրդարանական լսումներ:

Նախագծի առանձին գլխով սահմանված են մշտական հանձնաժողովներին առնչվող հարցերը:

Մշտական հանձնաժողովներին վերապահվել է պաշտոններում ընտրության կամ նշանակման համար Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու նոր լիազորություն: Նախագծով կանոնակարգվել է Սահմանադրության 121-րդ հոդվածով նախատեսված Քննիչ հանձնաժողովների գործունեությունը: Նախագծի 7-րդ գլուխն ամբողջությամբ վերաբերում է Քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, գործունեությանը, իրավունքներին, պարտականություններին և գործունեության արդյունքներով զեկույցի ներկայացման ընթացակարգին:

Նախագծի 2-րդ բաժինը նվիրված է Ազգային ժողովի նստաշրջանների և նիստերի գումարմանն ու անցկացմանը առնչվող  հարցերի կարգավորմանը: Սահմանադրության 114-րդ հոդվածին համապատասխան՝ նախագծով սահմանվել են առաջին նստաշրջանի գումարման ժամկետները:

Ի տարբերություն գործող կանոնակարգով սահմանված ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի, առաջին նստաշրջանի առաջին նիստում ընտրվում է հաշվիչ հանձնախումբ, որն իր լիազորությունները պահպանում է մինչև Ազգային ժողովի լիազորությունների  ավարտը:

Նախագծով հստակեցվել են Ազգային ժողովի հերթական նստաշրջաններում և նիստերում հարցերն ընդգրկելու հաջորդականությունը, օրակարգերի նախագծերը աշխատանքային խորհրդակցությունում քննարկելու և Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելու ընթացակարգերը: Հստակեցվել է Ազգային ժողովի հերթական և արտահերթ նստաշրջանների գումարման  հերթական, արտահերթ և հատուկ նիստերի անցկացման ընդհանուր կարգը:

Օրենսդրական գործընթացում կատարված հիմնական փոփոխություններից է հանդիսանում Սահմանադրության 122-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն երկուսուկես տոկոսի կողմից Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ ներկայացնելը:

Սահմանադրության 162-րդ հոդվածին համապատասխան սահմանվել է  Սահմանադրության ընդունման և փոփոխության կարգը: Խմբագրվել և հստակեցվել է Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների և ուղերձների նախագծերի ներկայացման և քննարկման կարգը:

Նախագծով ամրագրվել են կանոնակարգային բոլոր այն մանրամասները, որոնք առնչվում են կիսանախագահականից նախագահական կառավարման համակարգին անցման պայմաններում օրենսդիր և գործադիր իշխանությունների իրավահարա­բերություններին այն դեպքում, երբ գործադիր իշխանության ղեկավարը հանդիսանում է Հանրապետության նախագահը: Սահմանադրության պահանջներին  համապատաս­խանեցվել պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացման, քննարկման և ընդունման կարգը:

Խորհրդարանական վերահսկողությանն առնչվող հարցերի շարքում հստակեցվել է Հանրապետության նախագահին և կառավարության անդամներին գրավոր և բանավոր հարցերով դիմելու ընթացակարգը: Նախագծով կանոնակարգվել են պաշտոնատար անձանց անվստահություն հայտնելու, փոխելու, պաշտոնանկ անելու լիազորությունների դադարեցման և դադարման մասին հարցերը: Պատգամավորների լիազորությունների դադարման և դադարեցման կարգերը համապատասխանեցվել են Սահմանադրության 113-րդ հոդվածի պահանջներին:

Առանձին գլխով սահմանվել են Հանրապետության նախագահի ծրագրի մասին հաղորդումը և պետական մարմինների զեկույցները, հաղորդումներն ու հաշվետվությունները  ներկայացնելու և քննարկելու ընթացակարգերը:

Սահմանադրության 124-րդ հոդվածի առաջին մասով Ազգային ժողովին վերապահված վերահսկողական լիազորությունների, ինչպես նաև պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացմանը նպաստելու և պատգամավորներին մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին մասնագիտական աջակցություն ու տեղեկատվություն տրամադրելու  նպատակով նախատասվում է կազմավորել  Բյուջետային գրասենյակ:

Նախագծի «Անցումային դրույթներ» գլխում Սահմանադրության 168-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ամրագրվել են Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման, ընտրության անցկացման, Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման համար հատուկ նիստի գումարման մանրամասները: Ակնկալվում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նոր նախագծով առաջարկվող կարգավորումներն արդյունավետորեն կնպաստեն նոր Սահմանադրության կենսագործմանը, կառավարման նոր համակարգում Ազգային ժողովի գործունեության բարելավմանը: Այսքանը, եթե հարցեր կան՝ խնդրեմ:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Մենք հիմա անցնում ենք  հարցերին՝ հիմնական զեկուցողին: Խնդրեմ, եթե հարցեր կան.

Արթուր Թովմասյան - Պարոն Ջիվանյան, որպես մասնագիտական հանձնաժողովի անդամ և մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին ես առաջարկ էի արել Սահմանադրության նախագծի վերաբերյալ, կոնկրետ՝ բժիշկների մասով: Դուք ինձ հավաստիացրել եք, որ 2/3-ով մենք կարող ենք Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել և հնարավորություն տալ մեր երիտասարդ բժիշկներին  իրենց մասնագիտությամբ նաև աշխատելու: Իհարկե, այսօր աբսուրդ է, երեք ամիս հետո Սահմանադրության մեջ, երեք ամիս էլ չկա, բայց դուք պատրաստ եղեք, որ մեկ տարուց հետո, մեկ տարի Սահմանադրությունն աշխատելուց հետո դուք պատրա՞ստ եք Ձեր խոսքը պահելու, հնարավորություն տալու, որպեսզի… Ես ասում եմ, եթե ձեզ մոտ դիմումներ չկան, ինձ մոտ կան բազմաթիվ դիմումներ, որոնք վիրաբույժին են վստահում, պատգամավոր-վիրաբույժին՝ վիրահատություն կատարելու և անեստեզեոլոգին, որը նույնպես այստեղ է: Մյուս բժիշկը, որը պասսիվ վիճակում է, Էդիկը Աղաբեկյան, որ լուրջ քաղաքականությամբ է զբաղվում, մյուս երկուսն ակտիվ են այս առումով և չի բացառվում, որ 2020թ. ուրիշ բժիշկներ էլ են լինելու: Պետությունն այդքան գումարներ է ծախսել, որպեսզի նրանց մասնագիտություն տան, հիմա ժողովուրդն էլ ընտրել է:

Հովիկ Ջիվանյան - Նախ, այն մասով, որ  պատրաստ եմ խոսքս պահեմ: Ամեն դեպքում, պատրաստ եմ, այսօրվա դրությամբ: Իմ կարծիքով, հարցն այսօր Կանոնակարգի հետ որևէ առնչություն չունի, բայց ամեն դեպքում պատրաստ եմ պատասխանելու: Իմ մոտեցումը սահմանադրական քննարկումների ժամանակ էլ  մնացել է մինչև այսօր անփոփոխ, իմ կողմնակալության մասին կարծիքները պիտի փարատվեն, հենց  թեկուզ այն պատճառով, խոսքը գնում է այսօր ԱԺ կազմից 3 հոգու մասին, որից  մեկը, ամբողջ աշխարհը գիտի, իմ ամենամոտիկ ընկերն է, բայց դրանով հանդերձ ես կողմնակից չեմ, որ տարանջատումներ անենք, ես կողմնակից եմ, ընդհանրապես, բոլոր սահմանափակումները հանեն, բոլոր մասնագիտությունների մասով, կամ էլ այդ սահմանափակումն էլ մնա: Դա իմ մոտեցումն է եղել որպես անհատ, որպես մարդ, որպես առանձին պատգամավոր: Եթե կլինի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկությոն և ֆրակցիան կորոշի, որպես ֆրակցիայի պատգամավոր, ես պատրաստ եմ իմ խոսքը պահել: Բայց, ոնց ասում են` համաձայն չլինելով:

Աշոտ Ղուլյան – Պարոն Թովմասյան, ես մի փոքր շարունակեմ: Մենք, իհարկե, հիշում ենք այդ խոսակցությունը, երբ որ մենք խառը ընտրակարգ ենք ունեցել, դա շատ տեղին է եղել, որովհետև մարդիկ կարող էին առաջադրվել ինքնառաջադրմամբ, կամ կարող էին ինչ-որ կուսակցություններից առաջադրվել: Քանի որ 2020թ. ընտրակարգը փոխվելու է համամասնականի, ես կարծում եմ, որ դա ճիշտ կլինի մենք քաղաքական կուսակցություններով քննարկեինք և շատ ճիշտ նկատեցիք, որ Սահմանադրությունն ընդունելուց երեք ամիս հետո` դա մի քիչ տեղին չի այսօր: Մի քանի ամիս հետո մենք կանդրադառնանք այդ հարցին և կփորձենք, եթե ընդհանուր կոնսենսուս լինի, այդ հարցի  ընթացքավորումը  տալ:

Հովիկ Ջիվանյան - Նույնիսկ այդ հիմնավորումից հետո ես մնում եմ իմ կարծիքին, որ նույնիսկ երեք ամիս հետո, մեկ տարի հետո, ընդհանուր սկզբունք է, ես մնում եմ իմ կարծիքին:

Արթուր Թովմասյան - Առաջինը, չենք ուզում քո կարծիքը փոխենք, պարոն Ջիվանյան, ուղղակի ֆրակցիան քեզ պարտադրելու է կողմ քվեարկել:

Հովիկ Ջիվանյան -  Ինձ պետք չի պարտադրել, ես ֆրակցիայի… /Չի լսվում/:

Արթուր Թովմասյան -  Ես էլ, հարցեր կան, դեմ եմ, բայց որ մեծամասնությունը կողմ է, պարտավոր ենք ենթարկվենք: Սա մեկ, երկրորդը՝ ինչ մնում է  «Ազգային ժողովի  կանոնակարգ» օրենքին, հենց Սահմանադրությունը փոփոխության ենք ենթարկելու      2/3-ով, որ ամրագրենք, որ պատգամավորը բացի գիտակրթական, ստեղծագործական… չէ՞, այնտեղ էլ նաև «բժշկական» բառն ավելացնենք կամ «բուժաշխատող»:

/Չի լսվում/:

Աշոտ Ղուլյան – Արմեն Սարգսյան: Խնդրեմ:

Արմեն Սարգսյան - Հարցս հետևյալն է` ինչո՞ւ դուրս է մնացել խորհրդի ամբողջ մի գլուխ, որը վերաբերվում է կառավարման խորհրդին, որ Հայաստանի Հանրապետությունում կա, և կոլեգիալ ղեկավարման վեաբերյալ, շատ կարևոր մարմին է, և մեր կանոնակարգից լրիվ դուրս  է մնացել դա:

Հովիկ Ջիվանյան -  Շատ լավ, ուրեմն, նախ ասեմ, որ ես առաջարկել եմ  նախագիծն ընդունել առաջին ընթերցմամբ, որից հետո մենք ժամանակ ունենք գրավոր առաջարկություններ ընդունենք և քննարկենք, բայց  այդ հարցն իրականում արծածվել է   նաև մինչև այս պահը, մինչև առաջին ընթերցման ներկայացնելը: Կոնկրետ ես էլ կարծիք ունեմ: Նախ, ինձ համար, որպես համահեղինակ, հասկանալի չէ այդ խորհրդի նշանակությունը, գործառույթը: Ի՞նչ գործառույթ եք Դուք նախատեսում, որ այս նախագծով հնարավոր չի իրականացնել: Իմ համար դա բաց է մնացել: Միգուցե այս երկու շաբաթվա ընթացքում Դուք կարող եք հիմնավորել և իմ կարծիքը փոխվելու է, բայց  առայժմ ինձ համար անհասկանալի է նպատակը դրա, որովհետև ես  գտնում եմ, որ ունենք խորհրդակցական մարմին, որտեղ որ Ձեր ասած բոլոր գործառույթները հնարավոր է իրականացնել: Նաև, կան  այլ կարծիքներ, որ մենք 33 հոգու մեջ ստեղծում ենք խորհուրդ, ստեղծում ենք հանձնաժողովներ, 33 հոգու մեջ երևի մի երեք կարգի պատգամավորներ ենք սկսում  ունենալ: Դրա նպատակահարմարությունը ո՞րն է: Բայց էլի միանշանակ չեմ ուզում մերժեմ կամ ժխտեմ, երկու շաբաթ ժամանակ ունենք, կքննարկենք, կտեսնենք: Ամեն դեպքում ես իմ մոտեցումն ունեմ և հիմա առաջարկվում է առանց դրա ընդունել առաջին ընթերցմամբ:

Աշոտ Ղուլյան –  Հարցեր: Էդուարդ Աղաբեկյան:

Էդուարդ Աղաբեկյան -  Ես հարցերի մի մասը քննարկել եմ հանձնաժողովում, նիստերին ներկայացրել եմ: Անկախ նրանից բավարարված եմ դրանց պատասխաններից թե չէ,  շարունակեմ  մի քանի այլ հարց և  հետո  երևի դրանց մասին կփորձեմ անդրադառնալ, եթե կարիք լինի:

Հարց ու պատասխան՝ յուրաքանչյուր ամիս. մեր «Ազգային ժողովի կանոնակարգի» առաջին դրույթներից է: Հիմա, եթե գերկենտրոնացված, այսպես ասենք, նախագահ-գործադիր իշխանություն, մենք շարունակում ենք նախատեսել հարց ու պատասխան 2 ամիս և մնացած դեպքում՝ ըստ անհրաժեշտության: Խնդրում եմ բացատրել, ի՞նչ է կոչվում ըստ անհրաժեշտության և նման նախադեպ երբևէ եղե՞լ է, թե, չէ և ինչո՞ւ հատկապես 2 ամիս:

Երկրորդ հարցը՝ պետբյուջեն ներկայացնում է Ազգային ժողովին, ըստ առաջարկվող Կանոնակարգի` Հանրապետության նախագահը կամ ֆինանսների, գերատեսչության պատասխանատուն և այլն, և այլն: Այս դեպքում անհասկանալի է մնում`  հետագայում, արդյո՞ք, պետնախարար ունեցող մեր համակարգում դա ֆինանսների նախարարն է լինելու  կամ  հայաստանյան մոդուլայինից գրելուց  copy-past-ի հետևանք է:

Եվ երրորդը՝ պատերազմ հայտարարելուց Ազգային ժողովի բյուջեն  ներկայացնում է Նախագահը, պատերազմ հայտարարելուց Ազգային ժողովի ներկայացուցիչը: Ճիշտ չէ՞  կամ երկուսն էլ գրեք՝ Նախագահը կամ ներկայացուցիչը կամ էլ երկուսը… բյուջեն ընդունելը ավելի կարևոր բան է Նախագահի համար, գործառույթ, քան պատերազմ հայտարարե՞լը: Չնայած այնտեղ առանց ԱԺ-ի էլ են պատերազմ հայտարարելու, Նախագահի ընթացակարգ կա: Շնորհակալություն:

Հովիկ Ջիվանյան - Շնորհակալություն հարցերի համար: Հերթով անդրադառնանք:  Առաջին հարցը վերաբերվում էր հարց ու պատասխանին: Ի՞նչ է նշանակում ըստ անհրաժեշտության: Ըստ անհրաժեշտության ենթադրում է, որ ցանկացած ժամանակ, երբ որ կա ցանկություն պատգամավորների մոտ, կարող են Ազգային ժողովի նախագահի  միջոցով, գրավոր կամ բանավոր տեղյակ պահելով, տեղյակ պահեն կառավարության անդամներին, որոնք արդեն պարտավոր են լինելու ըստ օրենքի ներկայանան և պատասխանեն պատգամավորների հարցերին: Այստեղ ես որևիցե խնդիր չեմ տեսնում: Ըստ անհրաժեշտության՝ պարզ ասում է, եթե անհրաժեշտություն կա, եթե կա հայտ, կառավարության անդամները  պարտավոր  են ներկայանալ և պատասխանել   հարցերին:

/Չի լսվում/:

Կառավարության հարց ու պատասխանը միշտ էլ նիստերի ընթացքում է տեղի ունենում: Նիստերից դուրս ձեն չես տա Կառավարության անդամին հարց ու պատասխան անելու: Ըստ անհրաժեշտության, ինքն արդեն, արտահայտությունը լրիվ հասկանալի է, կարծեմ:

Բյուջեի ներկայացնելը ֆինանսների պատասխանատուի կողմից, ոչ թե պետնախարարի կողմից: Դե, մոտեցումները տարբեր են, ասեմ, որ նորություն չի մտահոգությունն ու հարցը: Բայց, իմ կարծիքով շատ ավելի ճիշտ է, որ ֆինանսների  պատասխանատու է գրված, որովհետև, նախ, մենք առայժմ չունենք, պետնախարարի լիազորությունները, չգիտենք ո՞րն է լինելու: Եվ հետո, բյուջեն ավելի շատ ֆինանսական փաստաթուղթ է և ես որևիցե խնդիր չեմ տեսնում,  առաջարկություն անենք, միգուցե կարելի է նորից քննարկել: Այստեղ հատուկ բան չեմ տեսնում:

Երրորդ հարցը պատերազմ հայտարարելն է: Այսինքն, բյուջեն ներկայացնում է Հանրապետության նախագահը կամ Հանրապետության նախագահի ներկայացուցիչը: Պատերազմ հայտարարելը նույն ձևով կարող է և Հանրապետության նախագահը ներկայացնի և… Ես խնդրում եմ կոնկրետ հոդվածի հղում անեք, ես կարծեմ, ինչքան գիտեմ, Հանրապետության նախագահին է այդ իրավունքը վերապահված:

Աշոտ Ղուլյան –  Չէ, չէ, պարոն Ջիվանյան: Շատ, շատ տրամաբանված է, որովհետև պատերազմ հայտարարել, նշանակում է  երկրում էքստրեմալ վիճակ է, շատ հնարավոր է Նախագահը չկարողանա, /չի լսվում/ դա չի նշանակում, որ Նախագահը չի կարողանում, ուրեմն, չի ներկայացնում:

Հովիկ Ջիվանյան -  Դա չի նշանակում, որ Նախագահը չի կարող,  բայց եթե խմբագրման խնդիր կա...

Աշոտ Ղուլյան  - Կքննարկենք, տրամաբանություն կա…

Հովիկ Ջիվանյան -  Հանրապետության նախագահն էլ պիտի էդ իրավունքն ունենա: Եթե որևիցե խնդիր տեսնում եք՝ կքննարկենք:

Աշոտ Ղուլյան - Շատ լավ, Հայկ Խանումյան:

Հայկ Խանումյան -  Իմ հարցը տեխնիկական է, մնացածը մտքերի փոխանակման մեջ: Հոդված 30-ի 3-րդ մաս: Խնդրում եմ այդ մասը պարզաբանեք: Հոդված 30-ի 3-րդ մաս:

Հովիկ Ջիվանյան - Հաշվիչ հանձնախմբի կազմը: Ինչպես է դրանում փոփոխությունները հաստատում…

Հայկ Խանումյան -  Ինչպես է   դրանում փոփոխությունները հաստատում Ազգային ժողովի նախագահը… սահմանված  սկզբունքներին համապատասխան: Եկեք 11-րդ հոդվածի 2-6-րդ մասերը:

Հովիկ Ջիվանյան -   Անցնենք:

Հայկ Խանումյան -  Կարդա՞մ: Մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Խմբակցության  անդամը խմբակցությանը վերապահված հանձնաժողովի  անդամի տեղում նշանակվում, ինչպես նաև հանձնաժողովի կազմից դուրս է գալիս խմբակցության որոշմամբ, եթե սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված համամասնությունը չի խախտվում, ապա խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորը կարող է /չի լսվում/: Խմբակցությունն իրավունք ունի թափուր թողնելու  հանձնաժողովում իրեն վերապահված տեղը և այլն: Հանձնաժողովի անդամների լիաձորությունները դադարում են, եթե… Սրանցից ո՞րն է  հաշվիչ հանձնախմբին վերաբերվում:

Հովիկ Ջիվանյան -    Ըստ էության, սա հաշվիչ հանձնախմբի հետ կապ չունի:

Աշոտ Ղուլյան –  Բոլոր կետերն էլ կապ ունեն: Էդ շրջանակներում, էլի, ասենք, համամասնությունն է գլխավորն այդտեղ:

Հովիկ Ջիվանյան - Չէ, քննարկվել է: Ես էլ եմ գտնում, որ կապ չունի: Կքննարկենք: Խմբագրական է, ես կապը միգուցե…

Աշոտ Ղուլյան –   Ի՞նչ հակասություն եք տեսնում:

Հայկ Խանումյան -  Պարզ չի, ո՞նց են ձևավորվում հաշվիչ հանձնախմբերը:

Աշոտ Ղուլյան – Խմբակցությունների  ներկայացվածության  համամասնությամբ, այսինքն, խմբակցությունը քանի ձայն ունի, հաշվիչ հանձնախումբը եթե որոշում է այսքան, ուրեմն դրա մեջ խմբակցությունների համամասնությունը  պիտի պահպանվի:

Հայկ Խանումյան - Պարզ չե՞նք կարող գրենք, բոլոր խմբակցություններից  ներկայացվածությունը, ու վերջանա, գնա:

Աշոտ Ղուլյան –  Չէ, որովհետև կարող է խմբակցությունները երկուսը լինեն, կարող է յոթը լինեն:

Հայկ Խանումյան - Ե՞վ, ո՞նց է լինելու բանը: Քանի՞ հոգանոց է լինելու հաշվիչ հանձնախումբը:

Աշոտ Ղուլյան –  Ինչքան որ որոշի Ազգային ժողովը:

Հայկ Խանումյան -  Հա, որոշեցինք  11, որոշել ենք 5,  հիմա ո՞նց  եք բաշխում այսօրվա դրությամբ:

Աշոտ Ղուլյան –   Խմբակցությունների համամասնությամբ, ովքեր որ ավել են, այդ  7 հոգուց   ուրեմն 5-ն են ընտրվում: Շատ պարզ տրամաբանությամբ:

Հայկ Խանումյան -  5  հոգի ենք հիմա, բաշխեք այսօրվա  դրությամբ, ո՞նց եք բաշխելու:

Աշոտ Ղուլյան -  Այսօրվա դրությամբ ի՞նչ:

Հայկ Խանումյան - Այսօրվա համամասնությամբ բաշխեք: 5 հոգանոց…

Աշոտ Ղուլյան - Այսօրվանին չի վերաբերվում:  Հիմա, մաթեմատիկական խնդիր ե՞ք առաջարկում:

Հայկ Խանումյան -  Չէ, ուզում եմ հասկանամ:

Աշոտ Ղուլյան -  Եթե գրած է խմբակցությունների համամասնությամբ, նշանակում է, ով ինչքան տեղ ունի: Հինգ հոգանոցի մեջ Ձեր տոկոսն ինչքա՞ն է: Այդ տոկոսին համապատասխան:

Հայկ Խանումյան -  Մերը 5 տոկոս է, բայց այն 5 հոգու մեջ չի տեղավորվում: Առնվազն  28  տոկոսանոց կուսակցություն: Դե, Դուք էլ չեք տեղավորվում, 19 տոկոս եք:

Աշոտ Ղուլյան –  Ուրեմն, մենք էլ չենք լինի, շատ պարզ է:

Հայկ Խանումյան -  Դե, մանկապարտեզ է …

Աշոտ Ղուլյան –  Որևէ հակասություն չկա, բայց  հարցը տվել եք, խնդրեմ, գրավոր կգրեք, բացատրությունը կստանաք:  Գագիկ Բաղունց:

Գագիկ Բաղունց - Նախ, մի փոքր տեխնիկական վրիպում, էջ 96-ում հոդված   149-ից հետո էջ  97-ում  152 հոդվածն է:

Աշոտ Ղուլյան – Դա արդեն, շտկված է:

Գագիկ Բաղունց149–ից հետո 152-ն է գնում: Հիմա հարցերս: Անցումային դրույթներում, Նախագահի ընտրություններում կետ 6-ում. «Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին  կարող են մասնակցել առաջին փուլում  առավել ձայներ ստացած երկու թեկնածուները»: Պետք չի՞  նախ նշել, եթե ի սկզբանե մեկ թեկնածու է լինելու և, երկրորդ փուլում երկու թեկնածուի մասին խոսել:

Հովիկ Ջիվանյան -  Դե, ի սկզբանե, մենք չենք կարող իմանալ մեկն է, թե… Ենթադրվում է, եթե  ընդհանրապես ո՞ր դեպքում է հնարավոր, որ առավել ձայներ ստացած երկու թեկնածու է մնում: Դե, ենթադրվում է, եթե առավել ձայներ ստացած երկու թեկնածու է մնում, ենթադրվում է, դա գործում է այն դեպքի պարագայում, երբ որ առաջին փուլում 2-ից ավելի է եղել: Հիմա, այդ դեպքում մենք գրենք, մի թեկնածուի համար ֆիքսենք, այդ դեպքում բաց  է մնալու 3-ի համարը:

Գագիկ Բաղունց -  Չէ, տարբեր սահմանադրություններում շատ հաճախ նշվում է, որ…

Հովիկ Ջիվանյան - Ներկայացրեք, կքննարկենք, բայց ինձ համար սա պարզ է, բարդացնելն ավելորդ է, կետերում կամ հոդվածներում ծանրաբեռնվելու կարիք ես չեմ տեսնում:

Աշոտ Ղուլյան – Օրենքը նախատեսված է մի քանի թեկնածուների համար: Մեկ թեկնածուի համար  էլ գործում է նույն կարգը: Ուրի՞շ: Հարց ունե՞ք:

Գագիկ Բաղունց - Հոդված 148-ի 2-րդ կետում 30 րոպե ընդհանուր տևողությամբ  պատրաստում և ամսական մեկ անգամ   պարբերությամբ. ԱԺ հիմնական նիստից հետո, 10 օրվա ժամկետում, հարց ու պատասխանի վերաբերյալ առաջարկում եմ մտցնել անմիջապես, լրիվությամբ,  լուսաբանման ժամանակ հատկացնել հեռուստատեսությամբ:

Հովիկ Ջիվանյան - Կքննարկենք,  դա ավելի շատ քաղաքական իմաստ ունի, քան օրենսդրական: Ես գտնում եմ, որ դա շատ ավելի քաղաքական իմաստ ունի: Կքննարկենք խմբակցություններով: Առաջարկեք: 

Աշոտ Ղուլյան –  Արպատ Ավանեսյան:

Արպատ Ավանեսյան - Բոլորդ գիտեք, որ մենք տարեկան բյուջեի կատարողականը Ազգային ժողովում ընդունում ենք և չընդունելու պարագայում  Վարչապետը և կառավարությունը  հրաժարական են տալիս: Այս պարագայում, երբ որ մենք ունենալու ենք նախագահական կառավարում, բյուջեի չընդունման պարագայում, մանավանդ երբ որ Նախագահն է ներկայացնում, ի՞նչ եք նախատեսել և ի՞նչ  ընթացակարգ…

Հովիկ Ջիվանյան - Հարցը հետաքրքիր է: Իրականում, մինչև հիմա գործող Սահմանադրությամբ, բոլորս գիտեինք, որ բյուջեի չընդունման դեպքում որոշակի հետևանքներ  են սկսում առաջանալ, բայց այս պարագայում անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվում: Այս պարագայում դա չկա, քանի որ, մենք ունենք ուրիշ մեխանիզմներ, Խորհրդարանին տրված է՝ քաղաքական նկատառումներից ելնելով, ըստ էության, ցանկացած պատճառով, նույնիսկ քմահաճության հիմքով անվստահություն հայտնել Նախագահին: Այդ մեխանիզմն, ինձ թվում է, լրացված է և շատ ավելի  ընդլայնված: Եվ, այս պարագայում Դուք ճիշտ եք նկատել, բյուջեի ընդունումը կամ չընդունումը որևիցե  հետևանք չի առաջացնում: Չէ, շատ տեղին է այդ հարցը, բայց փոխարինված, անվստահության մեխանիզմ է, քանի որ խորհրդարանի կողմից տրված է…

Արպատ Ավանեսյան - Անիմաստ է դառնում, երբ որ, ասենք, պետք է ներկայացնի  Նախագահից բացի մեկ այլ անձ, անկախ նրանից, թե այդ հիերարխիայում ինչ դիրք է զբաղեցնում:

Հովիկ Ջիվանյան - Նախագահի կողմից այդպես էլ ներկայացվում է: Կա տրամաբանություն, եթե Նախագահի կողմից չի ներկայացվում, այսպես ասեմ, տրամաբանորեն դա թողված է Նախագահի   հայեցողությանը: Դա չի նշանակում, որ Նախագահն իրավունք չունի ներկայացնելու: Նախագահն իրավունք ունի ինքը ներկայացնելու: Բայց իր հայեցողությանն է թողնված՝ ինքն է ներկայացնում, թե իր ներկայացուցիչը: Ինձ թվում է, գրած է՝ ֆինանսների պատասխանատու, դա թող Նախագահն ինքը որոշի: Այլ խնդիր է, եթե մենք ուզում ենք անպայման պարտադրենք, դա ուրիշ բան է:  Դա քաղաքական որոշում է` կայացնենք, որ, Նախագահը պիտի ներկայացնի: Դա այլ մոտեցում է:

Աշոտ Ղուլյան - Ներողություն, հարցերը տալիս ենք՝ պատասխանները լսում:  Արպատ Սանջանի, տեսեք, բյուջետային գործընթացը,  երբ որ ասում ենք Նախագահն է  ներկայացնում, մենք  երեկ էլ էինք սկսել բյուջեի կատարողականից: Դա նշանակում է տևական, մի 10-15 օր ներկայացվում է: Խոսքը նրա մասին է, որ առաջին ներկայացումն, ինչպես երեկ արել ենք, օրինակ վարչապետը եկավ, ներկայացրեց, մնացածն արդեն՝ ըստ ոլորտների, ըստ պատասխանատուների: Երբ ասում ենք բյուջեն ներկայացնել, բյուջեի կատարողականը ներկայացվում է, սա չենք կարող միանգամից գրել, որ մենակ Նախագահը, այսինքն ուրիշ ոչ մեկը չի կարող: Դա տևական, մի շարք օրերի մասին է: Դավիթ Իշխանյան:

Դավիթ Իշխանյան - Շնորհակալություն: «Դաշնակցություն» խմբակցության կողմից, իհարկե բովանդակային առումով,  առաջարկների փաթեթի կարգով և կոնկրետ առաջարկներով ներկայացրել է և, հարցը շոշափելի է: Հանձնաժողովի քննարկումներին գու՞ցե այդ հարցերը շոշափվել է, Ես ներկա չեմ եղել: Ուզում եմ իմանալ և հասկանալ, ի՞նչն է հիմք ընդունվել այս Կանոնակարգը, այս փաստաթուղթը մշակելու ժամանակ: Գործող  Կանոնակարգ օրենքը, թե՞ ՀՀ ներկա Կանոնակարգ օրենքը:  Սա մեկ հարց և, երկրորդ՝ բոլորս էլ հիշում ենք 2015թ. աշնանը մենք քննարկումների ընթացքում, նաև հանձնաժողովի կողմից կյանքի կոչեցինք աշխատանքային խումբ՝ գործող Կանոնակարգի համաձայն: Եվ մեզ վստահեցվեց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի ավարտից հետո կփորձենք վերականգնել այդ ձևաչափը, այսինքն, աշխատանքային խմբի ձևաչափով և համապատասխան քնարկումներով: Մի տեսակ անհասկանալի է, այո, մասնագիտական աշխատանք է կատարվել և երկու խմբակցության պատգամավորների համահեղինակությամբ օրենքը ներկայացվել է: Ինչո՞ւ չէ աշխատանքային խումբը նորից կյանքի կոչվել և աշխատանքներին ներառել բոլոր խմբակցություններին:

Հովիկ Ջիվանյան - Անհասկանալի և ոչ տրամաբանական բան չեմ տեսնում, որովհետև, իրականում, ոնց որ խոստացել ենք սահմանադրական բարեփոխումներից հետո` ներկայացվելու է «Ազգային ժողովի կանոնակարգ»-ի նոր նախագիծ, և հենց այդ նախագիծն էլ ներկայացվում է: Ինչ վերաբերվում է ձևաչափին, ի՞նչն է հիմք ընդունվել, ես չէի ասի, որ հիմք է ընդունվել ՀՀ կամ չգիտեմ, թե  ՀՀ օրենքի նախագիծը և այլն… Հիմք է ընդունվել մի բան, որպեսզի գործող Կանոնակարգը  կարողանա պատասխանել  այն պահանջներին, այն խնդիրներին, որը որ մեր առջև դրված է: Այ հիմքը դա է հանդիսացել:

/Չի լսվում/:

Ինչ վերաբերվում է մասնագիտական խմբին: Դե, մասնագիտական խումբը, մենք ընդհակառակն, ուրախ կլինեինք, աշխատանքները ավարտված չէ: Ով ուզում է, թող ներգրավվի: Եվ որևիցե մեկը, կարծում եմ, չի եղել, որ  ինքը ցանկություն է հայտնել համահեղինակ դառնալու և այս 4 համանեղինակներից որևէ մեկն արգելք է հանդիսացել: Խնդրեմ, ավելին ասեմ, նույնիսկ այս աշխատանքների շարունակման ընթացքում  կարող ենք համահեղինակ որպես նշել, եթե որևիցե մեկը ցանկություն կհայտնի: Այստեղ հարց չեմ տեսնում:

Աշոտ Ղուլյան –    Ուրի՞շ: Ալյոշա Գաբրիելյան:

Ալյոշա Գաբրիելյան - Ազգային ժողովի գործունեությունը լիարժեք չի լինի, եթե, ինչպես Դուք այստեղ նշեցիք, պատգամավորի գործունեության, ինչպես նաև ԱԺ և նրա մարմինների որոշ գործառույթներ առանձին օրենքով  պիտի հրապարակվեն, ինչպես Դուք նշեցիք: Հետևաբար, հարց է առաջանում, որոշակի կտրվածություն լինելու՞ է, թե անմիջապես դրա շուրջն էլ ենք խոսելու:

Հովիկ Ջիվանյան -  Ուրեմն, միանշանակ, ինչպես արդեն նկատել եք, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը, փաստորեն, նախկին, բաժանելով երեք  մասի և իհարկե, մենք կաշխատենք  կտրվածքները չլինի, էլեմենտար, օրինակ, աշխատակարգի մասով, մենք նախատեսում ենք, որ  երկրորդ ընթերցման ժամանակ արդեն ներկայացվի, թե ինչի՞ համար է այս դադարը, որովհետև նույն Աշխատակարգի աշխատանքների վերջնական մշակման համար նաև անհրաժեշտ է Կանոնակարգի կարգավորումները, որպեսզի  աշխատակարգում կարողանանք վերջնական կարգավորումները տանք: Հույս ունեմ, որ հունիս ամսվա ընթացքում նաև արդեն երրորդ մասն է «Պատգամավորների գործունեության երաշխիքների մասին» օրենքի նախագիծը կներկայացվի և այդ կտրվածությունը չի լինի: Այդ ընդհատվածությունը, ամբողջականությունը մենք կհասցնենք պահել:

Աշոտ Ղուլյան – Ուրի՞շ հարցեր: Չկան: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան, կարող եք նստել:

 Մենք հիմա նաև գլխադասային հանձնաժողովի կարծիքն ենք լսելու՝ որպես հարակից զեկույց: Գլխադասային հանձնաժողովը պետական–իրավական հարցերի հանձնաժողովն է: Քանի որ պարոն Ջիվանյանն է հիմնական զեկուցողը, այժմ հանձնաժողովի փոխնախագահ Արսեն Առստամյանն է, հետո  մտքերի փոխանակություն:

Արսեն Առստամյան - Հարգելի գործընկերներ: «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի նախագիծը մայիսի 6-ին քննարկվել է պետաիրավական հարցերով  մշտական  հանձնաժողովի նիստում և քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամները միաձայն որոշել են դրական եզրակացությամբ՝ առաջին ընթերցման ռեժիմով  նախագիծը ներկայացնել ԱԺ: Հավելեմ, որ առկա է նաև Կառավարության եզրակացությունը և դրական եզրակացությամբ ներկայացնելուց հետո՝ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 14-օրյա ժամկետում հնարավորություն կունենանք մեր առաջարկություններով ծանրաբեռնել  համահեղինակներին: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, հարցեր կա՞ն գլխադասային հանձնաժողովին: Չկան: Շնորհակալություն, պարոն Առստամյան, շատ ճիշտ նկատվեց, որ կա նաև կառավարության եզրակացությունը, որովհետև մենք նախորդ քննարկումների ժամանակ չենք անդրադարձել և այնտեղ կան նաև որոշ առաջարկություններ՝ խմբագրական և հայեցակարգային: Այն, ինչ-որ տեխնիկական, խմբագրական հարցերին է վերաբերվում, միանշանակ այս պահին էլ ընդունելի է, որոշ հարցերի հետ կապված՝ Կառավարության առաջարկների մեջ քննարկման տեղ կա և առաջին ընթերցումից հետո մենք նույն ձևով նաև Կառավարության առաջարկները հաշվի կառնենք:

Այժմ խնդրում եմ ելույթների համար գրանցվել, եթե կա ցանկություն:

Հայկ Խանումյան, Վահրամ Բալայան, Էդուարդ Աղաբեկյան և եթե դեմ չեք՝ ես: Շատ լավ, մենք հիմա չորս հոգի ունենք գրանցված ելույթների համար, ես հերթականությամբ հիմա ուզում եմ հրավիրել: Ելույթի համար հրավիրվում է Հայկ Խանումյանը, թող պատրաստվի Վահրամ Բալայանը:

 Ներողություն, Հայկ, 5 րոպե, առավելագույնը 5 րոպե, խնդրեմ:

Հայկ Խանումյան - Մեր  շատ գործընկերներ առաջարկել են ավելացնել «Խորհուրդ» բաժինը Կանոնակարգի նախագծում: Պարոն Ջիվանյանն ասում է,  այնքան էլ չի հասկանում  դրա իմաստը, թե ինչ դերակատարություն է ունենալու և այլն: Ես բերեմ պարզ օրինակ, թե ինչ դերակատարություն կարող է ունենալ: Կարող է, օրինակ, հաստատել կարգերը, կամ գոնե վերահսկողություն սահմանել տարբեր կարգերի հաստատման ուղղությամբ: Տասներկու տարի պարոն Ղուլյանն Ազգային ժողովի նախագահ է, մինչև այսօր կանոնակարգով նախատեսված կարգերը հաստատված չեն: Դուք՝ «Ազատ հայրենիք» խմբակցությունն է առաջարկել պարոն Ղուլյանի թեկնածությունը երկու տարի առաջ, այն դեպքում, երբ որ տասը տարի  մարդը եղել է Ազգային ժողովի նախագահ ու կարգեր չի հաստատել: Ո՞վ պիտի կրի պատասխանատվություն՝  «Ազատ հայրենիք» խմբակցությունը, թե՞  պարոն Ղուլյանը, չգիտեմ: Ո՞նց պիտի անենք, որ այդ կարգերը հաստատվեն, Ազգային ժողովի գործունեությունը նորմալ ընթացք ստանա, չգիտեմ: Հստակ կանոնակարգով գրված են բաներ, բայց կարգերը հաստատված չեն: Տասներկու տարի: Այ, դրա համար է Խորհուրդը պետք: Պարզ տրամաբանություն է, որպեսզի կարգերի հաստատման համար գոնե  վերահսկողություն լինի, որպեսզի ԱԺ գործունեությունը գոնե նորմալ, բնականոն ընթացքով գնա: Այսքանը Խորհրդի մասին: Մնացածն առաջարկների տեսքով կներկայացնենք:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Ելույթի համար հրավիրվում է Վահրամ Բալայանը,  հաջորդը՝ Էդուարդ Աղաբեկյանը:

Վահրամ Բալայան - Շնորհակալություն: Նախ, սկզբից ուզում եմ շնորհա­կալություն հայտնել պետաիրավական հարձնաժողովին և օրենքի  հեղինակներին, որոնց հետ մենք բավականին շահագրգիռ քննարկումներ ենք կատարել: Ես սկզբից ասեմ, որ  խմբակցության անունից եմ խոսք ասելու և այդ քննարկումների արդյունքում մենք ներկայացրել ենք 30 առաջարկություններ, որոնց 11-ը համարյա թե լուծում են ստացել կամ խմբագրել ենք, վերափոխել ենք, կարծում եմ, որ լավ աշխատանք է կատարվել և մյուս 19 առաջարկությունները, ես  որ հիմա պետք է ներկայացնեմ, ինձ թվում է, որ սա էլ քննարկումների արդյունքում երևի կսպառվի, կվերջանա և, համախորհուրդ, այսպես մի որոշում կկայացնենք: Ի դեպ, ասեմ, որ մենք խմբակցությամբ տրամադրված ենք, որ այս օրենքները, այս փոփոխությունները ներկայացնել զուտ միայն մի նպատակով, որպեսզի Ազգային ժողովի պատգամավորի պատասխանատվությունը մեծանա, որպեսզի Ազգային ժողովի պատգամավորն ավելի լիարժեք, լիարյուն ներգրավվի օրենսդրական գործունեության մեջ՝ մեր երկրի ներքին, արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի լուծմանը: Մենք, վերջիվերջո, արհեստավարժ պրոֆեսիոնալ պառլամենտ ենք դարձել և այդ  ծանրաբեռնվածությունը պետք է ունենանք: Տեսանելի է, որ երբեմն մի տեսակ խույս ենք տալիս, չենք ուզում ծանրաբեռնվել, չենք ուզում անել: ժողովուրդն այդ վստահությունը մեզ տվել է և մենք պարտավոր ենք այդ ամենն անել:

Հիմա, ըստ էության: Ուրեմն, հոդված  առաջինում, մենք  առաջարկում ենք ամրագրել հետևյալ գաղափարը: Ազգային ժողովի գործունեությունը հիմնվում է քաղաքական բազմակարծության, հարցերի ազատ քննարկության և կոլեկտիվ լուծումների սկզբունքի վրա: Ճիշտ է, մենք տարբեր խմբակցություններ ենք ներկայացնում, բայց մենք մի մարմին ենք, մենք կոլեկտիվ որոշումներ պետք է կայացնենք, պետք է այստեղ երբեմն իրարից նեղանանք, քննարկենք, խոսենք, բայց վերջիվերջո, որոշում պիտի կայացնենք և հենց հռչակագրի տեսքով այսպես նշենք, որ մենք կոլեկտիվ մարմին ենք և կոլեկտիվ որոշումներ պետք է կայացնենք:

Երկրորդը՝ հոդված առաջինի 2-րդ կետն առաջարկում ենք  բաժանել 2 մասի  և շարադրել հետևյալ կերպ: Սկզբից ասեմ, որ ճիշտ է, հանձնաժողովի անդամները, որի մասին որ պետք է ներկայացնեմ, որոշակի բացատրություն են տվել, բայց ես ինչքան նայել եմ՝ փորձելով ինչ-որ մի այլ տեղ դնել այս գաղափարը, բայց չի ստացվել, որը կարծում ենք, որ կարևոր գաղափար է ու ինչ որ մի տեղ նաև չի հակասում մեր Սահմանադրության ոգուն ու տարրին: Գաղափարը հետևյալն է. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ: Դա ֆիքսված է, այստեղ կա: Առաջարկում ենք ավելացնել հետևյալ գաղափարը, Նախագահի հետ խորհրդակցաբար հայտանշում` երկրի ներքին և արտաքին քաղաքականության կողմնորոշիչները: Սա նորից պատասխանատվության վերստանձնում է նշանակում և, մեկ էլ եմ ասում, համապատասխանում է ամբողջ Սահմանադրության ոգուն: Այնուհետև, արդեն այդ հոդվածը պարզապես բաժանվում է և շարունակում է, ընդունում է պետբյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ նախատեսված այլ գործառույթեր:

Երրորդ գլուխը պետք է կոչել «Խորհուրդ»,  մեր կարծիքով, որ, ցավոք սրտի, մեր Ազգային ժողովի ներկայացված պետաիրավական հանձնաժողովի կողմից ներկայացված այս նախագծի մեջ չկա: Ինչու՞, խոսքը նրա մասին է, որ

- Ազգային ժողովը կոլեկտիվ մարմին է և հետևաբար, պետք է հնարավորություն ունենալ այդ խորհուրդը ստեղծել, որպեսզի նմանատիպ կոլեկտիվ որոշումներ  կայացվեն:

- Մենք հիմա պրոֆեսիոնալ խորհրդարան ենք և եթե նախկինում դա արդարացված էր և նախկինում այդ լիազորությունները դրված էին ԱԺ նախագահի վրա, հիմա կարծում ենք, որ ժամանակն է, որ  այդ որոշակի իրավասությունները պետք է ունենան նաև և՛ հանձնաժողովները, և՛ խմբակցությունները և տրամաբանորեն նաև այդ ամենը շարունակվում ու հասնում է պատգամավորներին:

- Ազգային ժողովի հանձնաժողովների, խմբակցությունների և ընդհանրապես պատգամավորների պատասխանատվությունը և նախանձախնդիր աշխատանքն այստեղ ավելի է մոտիվացվում: Այսինքն, մարդիկ ավելի են ձգտում անել, ստեղծել, նախաձեռնել: Դե, վերջիվերջո, ԱԺ նախագահի ծանրաբեռնվածությունն ինչ-որ մի ձևով թեթևանում է: Այսինքն, այս ամենն այսպես համաչափ կարծես թե բաշխվում է նաև մյուս պատգամավորների վրա: Եվ մեր Ազգային ժողովը` նմանատիպ մի մարմին՝ խորհրդակցական իրավասություններով, խոսքը վերաբերվում է աշխատանքային խորհրդակցության, պարզապես այդ Խորհրդին մենք տալիս ենք որոշակի նաև որոշումներ կայացնելու հնարավորություն:

- Վերջիվերջո ՀՀ նախկին Կանոնակարգ օրենքի մեջ, ինչպես նախկինում, այնպես էլ   նաև ներկայիս գործող, նոր ընդունված օրենքի Կանոնակարգի մեջ, այս ամենը կար: Ես կարծում եմ, որ այնտեղ լուրջ մասնագետներ կան, պատահական չէ, որ  նրանք  այդ ամենը  ներկայացրել են: Ես կարծում եմ, որ մենք էլ պետք է այդ ճանապարհով անցնենք:

- Այնուհետև գլուխ 3 հոդված 5-ում 2-րդ կետում ավելացնել յուրաքանչյուր նստաշրջանի վերջում ամփոփվում և պատգամավորներին է  ներկայացվում մշտական հանձնաժողովների նիստերի և լսումների քանակը: Խոսքը  վերաբերվում է Ազգային ժողովի նախագահի իրավասություններին, որովհետև գաղտնիք չէ, այդպես մեկ-մեկ նայում ենք, հետաքրքրվում ենք, մենք հանձնաժողովների նիստեր չենք գումարում, խորհրդարանական լսումներ չենք անում, սա նրա համար է, որպեսզի վերջիվերջո մի քիչ  ավելի լարված աշխատենք, մի քիչ  ավելի ծանրաբեռնված, ավելի  նախաձեռնող  լինենք:

- Այնուհետև, գլուխ 5-րդ, հոդված 12-ի 2-րդ կետը առաջարկում ենք երեքշաբաթյա բառին փոխարինել տասնօրյա բառով: Խոսքը ինչի՞ մասին է: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնյա անձինք պարտավոր են երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել ձեր պատասխանները, որ կարծում եմ, որ 10 օրն էլ է բավարար: Նմանատիպ  մի քանի  հարցեր կան, որ ես խմբավորել եմ և կասեմ հետևյալը, ասենք, օրինակ` 14-րդ հոդվածի 55-րդ կետի 4-րդում առաջարկում ենք մեկ րոպեն դարձնել 2 րոպե: Այսինքն, պատգամավորի ելույթի մասին է, որ կարողանա մարդ կազմակերպի և միտքը ներկայացնի, կամ, ասենք, գլուխ 25-ի հոդված 108-ի 2-րդ կետում «երեքշաբաթյա» բառը նորից առաջարկում ենք դարձնել «տասնօրյա»: Խոսքը վերաբերվում է Նախագահի և կառավարության անդամների  մեզ տրվող պատասխանին:

- Հաջորդը՝ գլուխ 25-ի 110 կետում 30 օրը առաջարկում ենք դարձնել 14 օր: Խոսքը վերաբերվում է հարցապնդմանը: Կամ, ասենք, գլուխ 25-ի հոդված 112–րդ կետի 3-ը դարձնել մինչև 5 րոպե: Այսինքն, երբ հայտարարություններին հնարավորություն է տալիս պատգամավորը  5 րոպեի ընթացքում իր խոսքը ներկայացնի:

Աշոտ Ղուլյան -  Պարոն Բալայան, ավելացված ժամանակն է արդեն գնում:

Վահրամ Բալայան - Աշոտ Վլադիմիրի, խմբակցություններին 7 րոպե է տրված:

Աշոտ Ղուլյան - Ասում եմ, ավելացված ժամանակն է արդեն գնում: Խմբակցությունների չէ, այստեղ, եկեք ճշտենք՝ մտքերի փոխանակությունը պատգամավորներինն է, ոչ թե խմբակցություններինը: Եթե խմբակցություններինն է, ուրեմն, ուրիշ  ձևաչափով է:

Վահրամ  Բալայան -  Կանոնակարգ  օրենքի համաձայն 5-ին գումարում ենք 3:

Աշոտ Ղուլյան – Խնդրեմ, դրա համար ասում եմ, ավելացված  ժամանակն է գնում: Համեցեք:

Վահրամ Բալայան - Եղավ, ուրեմն, այնուհետև այստեղ դատարանների  կազմավորում, մեր հիմնական գործառույթներից մեկն է դատարանը և կարծում եմ, եթե այնտեղ ամեն տեղ գրված է, որ  ասենք Վերաքննիչ պալատը, դատախազը և մյուս մարմինները ձևավորվում են փակ գաղտնի քվեարկությամբ, լավ կլինի նաև դատավորներինն էլ այսպես ֆիքսվի, որ փակ գաղտնի քվեարկությամբ և ցանկալի կլինի, որպեսզի  դատավորների նշանակման ընթացակարգը նույնպես ինչ-որ մի տեղ էստեղ բացվի, որովհետև մեր հիմնական գործառույթներից մեկն է: Մնացածը, որպեսզի ռեգլամենտը չխախտեմ, գրավոր կներկայացնենք հանձնաժողովին: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Ելույթի համար հրավիրվում է Էդուարդ Աղաբեկյանը, հաջորդը ես եմ…

Էդուարդ Աղաբեկյան - Նախ, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել համահեղինակներին, ԱԺ աշխատակազմի իրավաբանական բաժնին՝ կատարած ահռելի աշխատանքի համար: Իրոք, զգալի աշխատանք է կատարվել և որպեսզի տեղավորվեմ ինձ հատկացված ժամանակահատվածում, ես  մանրամասն, հոդված առ հոդված չեմ անդրադառնա իմ ելույթում և փորձեմ մի քանի մասի բաժանել ելույթս:

Դրանք են`  արդեն կիսամշտական խորհրդարան և մշտական խորհրդարան: Այս երկու տարբերությունն ինստիտուցիոնալ մակարդակներում պետք է զգացվի: Միանշանակ կողմ եմ իմ որոշ գործընկերների այն դիտարկումներին, որ ներկայացուցչական  մարմին են, ընդհանրապես քաղաքական որոշումների ընդունման բավականին փակ համակարգ կա: Ազգային ժողովը, սրանով, յուրահատուկ խորհրդի ներկայացուցչական քննարկումներ` բաց, ընդունելի, ինչքան ընթացակարգ է ժողովրդավարական և այլն, և այլն, որ ավելի հստակ մեսիջներ նաև կառավարման մնացած… առավել  ևս գործադիր իշխանության հետագա միակենտրոն բավականին ուժեղ գործադիր իշխանություն  ունենալու պարագայում կարծեմ Ազգային ժողովում արդարացված կլինի, թե անունն ինչ կլինի՝ խորհուրդ, աշխատանքային խորհրդակցություն, քննարկում, ինչ հարցեր կլինեն, մանրամասն կարելի է դրանց անդրադառնալ: Ամեն դեպքում ներկայացուցչական մարմնից, ներկայացուցիչների կողմից քննարկված խոսք պետք է լինի: Ես չեմ կարողանում հասկանալ, ի վերջո, այս կանոնակարգերը սովորաբար ընդունում է Ազգային ժողովը, Կանոնակարգն ընդունվում է հաջորդ գումարումների համար, ոչ թե նույն գումարումների համար: Այս առումով,  Սահմանադրությունը մեզ ընդամենը պարտավորեցրել է համապատասխանեցնել ի՞նչը, տարբերությունը, Նախագահի ընտրության մաս, բյուջեի ընդունում և այլն, և այլն, մի քանի բաներ: Բայց ընտրվել է պատգամավորների կողմից այս տարբերակը, շատ բարի, շատ լավ է, կարելի է քննարկել: Չեմ հասկանում, օրինակ, այս տարբերակում ինչո՞ւ չկա ներկայացուցչական մարմնում ընդդիմադիր հասկացողություն: Անունն ինչ ուզում եք՝ ասեք, բացի թշնամուց, այլախոհ, բորոտ, չգիտես, այլ կարծիք, և այլն, և այլն, բայց  ամեն դեպքում, եթե ասում ենք /չի լսվում/ ընդ որում նույնիսկ երաշխիքներ, գործունեության երաշխիքներ: Խմբակցությունն ավելացրել եք որպես ԱԺ մարմին: Շատ բարի, շատ լավ, բայց այդ նույն խմբակցությանը, որ տվել ենք Ազգային ժողովի որոշման նախագծի ներկայացնելու իրավունք, նաև խմբակցության, կարելի է տալ նաև խմբակցությանը, ընդդիմադիր կապ չունի, նաև առաջնահերթություն, որոշելու որոշման նախագիծը կամ ընդհանրապես իրենց խմբակցության կողմից, պատգամավորների կողմից նախաձեռնված օրենքներին առաջնահերթություն տալու իրավունք:

Հարց ու պատասխանին ես հարցադրմամբ անդրադարձել եմ: Հաջորդ բաժինը  նաև վերաբերվում է արդեն որպես մոդուլային օգտագործելուն, որովհետև չկա՝ նախագահի ընտրության մասով: Այս ընտրությունների 2017թ. Նախագահի ընտրությունների մասին: Մենք սկզբունքների մասին յուրաքանչյուր հոդվածով առաջարկությունները կոնկրետ կներկայացնենք պատգամավորական խմբին: Կարծում ենք, որ պետք է լինի անպայման այլընտրանքայնություն, ըստ էության, լոգիկան ներկայացուցիչներ, երկրորդ տուր և այլն, և այլն: Նշանակում է, ակնկալում է այլընտրանքայնություն, բաց այլընտրանքայնություն, մենք սկզբունքը չենք նշում: Պետք է լինի հրապարակային, ինչու չէ, Նախագահի ընտրությունը կարող է լինել, պետք է լինի հրապարակային: Կարող է  նիստն ուղիղ հեռարձակել, չհեռարձակել, Նախագահի թեկնածուները կհանդիպեն պատգամավորական խմբերի հետ, խմբակցությունների հետ և այլն, որպես նախընտրական արշավ: Այլապես մենք բավականին լուրջ, ընդամենը մեկ ժամ,  մաքսիմում երկրորդ տուրում էլ մեկ ժամ 15 րոպե ելույթ, որից հետո կարող է մի քանի անգամ ջուր  խմել,  մի քանի անգամ… ու Նախագահ: Բայց, ուշադրություն դարձրեք, վերջ, իրականությունը փոխվել է, հայ իրականության մեջ ամենից հզոր  քաղաքական ֆիգուրան  արդեն ԼՂՀ ուղղակի ընտրված Նախագահն է դառնալու 2020 թվականից: Էլ հայաստանյան վարչապետ, էլ` մնացած, սա նաև մեսիջ է մեր անկախության հետագա քաղաքական պայքարի համանախագահներին և այլն, ում հետ  պետք է գործ ունենալ, և այլն:

          Եվ վերջապես, կարծում եմ  հրապարակայնությունից բացի, մենք ինչ-որ ձևով պիտի փորձենք նաև անդրադառնանք 3 տարի նախագահող անձին, արդեն սա հաշվառվելո՞ւ  է որպես նախագահական ժամկետ, թե՝ ոչ:

Շնորհակալություն, մանրամասն  հարցերը կներկայացնենք նախաձեռնող խմբին: Վահրամ Բալայան -  Հիմա խոսքը տրվում է պարոն Ղուլյանին:

          Աշոտ Ղուլյան  Շնորհակալություն: Հարգելի ընկերներ, ես կարծում եմ, որ պատահական չէ, որովհետև մենք քննարկում ենք մեր Ազգային ժողովի գործունեությանն անմիջապես  առնչվող օրենքի նախագիծը, ուրիշ կերպ չի կարող լինել և ես ողջունում եմ մեր և՛ պատգամավորների, և՛ խմբակցությունների և  հանձնաժողովների աշխատանքը, որովհետև նախապատրաստական և, այս պահին` դահլիճում, հենց այդպիսի աշխատանք է գնում և ամեն ինչի նպատակը մեկն է, որպեսզի մենք  մեր հաջորդ անելիքների մեջ, մեր գործերի մեջ կարողանանք շատ ավելի կազմակերպված աշխատել և նաև այդ աշխատանքների մեջ կարևոր սկզբունք պետք է լինի համաձայնեցվածը: Ամեն դեպքում, ես այսօր պատրաստվում էի ելույթ  ունենալ և ելույթ պիտի ունենայի և, հիմա էլ, պարզապես հաշվի առնելով իմ գործընկերների մինչև հիմա հայտնած կարծիքները, իհարկե, որոշ անդրադարձներ չեմ կարող անել, բայց  «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի  որոշ նախապատմություն. ես ուզում եմ, որ մեր գործընկերների համար էլ  դա պարզ լինի, մենք, երբ որ սկսել ենք Կանոնակարգի նախագիծը մշակել, պարզապես հետաքրքիր է, թե մենք ինչքան ենք աշխատել այդ Կանոնակարգի վրա, քանի անգամ ենք փոխել, ինչեր ենք փոխել, արդյոք դրանք եղե՞լ են սկզբունքային, թե դրանք միշտ եղել են խմբագրական և այլն: Եվ այսպիսի մի տեղեկանք ենք մենք պատրաստել, դա կարող ենք նաև հրապարակային դարձնել, որևէ գաղտնիք չկա: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենք, որպես այդպիսին, մենք սկսել ենք կիրառել 1996թ, այսինքն, երբ  որ Ազգային ժողով է վերանվանվել: Դրանից առաջ, իհարկե, մենք ունեցել ենք տարբեր օրենքներ, որոնք կարգավորել են խորհրդարանի գործունեությունը: Դա եղել է Գերագույն խորհրդի, դա եղել է հետագայում Ազգային ժողովի, երբ որ արդեն վերանվանվել է, բայց որպես «Ազգային ժողովի կանոնակարգ» 1996թ. է գործում: Մինչև այդ մենք ունեցել ենք «Պատգամավորի կարգավիճակի մասին», «Ժողովրդական պատգամավորի կարգի հետկանչման կարգի մասին», «Ազգային ժողովի աշխատակարգ» ենք ունեցել, Ազգային ժողովի  նախագահության կանոնակարգ» ենք ունեցել, իհարկե,  Գերագույն խորհրդին էր դա վերաբերվում: Եվ, ես պարզապես ուզում եմ անպայման նշել, որպեսզի հասկանալի լինի, որ մենք անընդհատ այդ գործընթացի մեջ ենք եղել և 1996թ. սկսած՝ մեր այս փոփոխությունները, կարելի է ասել, համարյա թե  ամեն տարի, այդ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանում կատարվել են 10 փոփոխություններ և լրացումներ, 10 անգամ, որոնցից 2-ը հիմնական են եղել: Դա եղել է  առաջինը՝ 2002, երկրորդը՝ 2007թ.: 

          2002թ. դեկտեմբերի 29-ին կատարված առաջին հիմնական փոփոխությամբ կանոնակարգում հստակեցվել են պատգամավորի  կարգավիճակի, խմբակցությունների, պատգամավորական խմբերի ստեղծման և գործունեության հիմունքների, ԱԺ նախագահի, փոխնախագահի լիազորությունների, նստաշրջանների և նիստերի անցկացման օրենսդրական նախաձեռնության իրավունքի, կառավարության հետ հարց ու պատասխանին վերաբերվող մի շարք հարցեր: 2005թ. մարտի 23-ին ընդունված օրենքում փոփոխություն և լրացում է կատարվել՝ կապված «Հանրաքվեի մասին» ԼՂՀ օրենքի ընդունման հետ: Նշյալ փոփոխությունը օրենքում մշակվել են ԱԺ կողմից Սահմանադրության և հանրաքվեի միջոցով ընդունվող այլ օրենքների նախագծերի  քննարկման և ընդունման ընթացակարգերը:

          2007թ. ապրիլի 4-ին կատարված երկրորդ հիմնական փոփոխությամբ  կանոնակարգը համապատասխանեցվել է 2006թ. դեկտեմբերի 10-ին ընդունված ԼՂՀ Սահմանադրությանը և այստեղ կարգավորվել են Սահմանադրության և դրանում փոփոխություններ կատարելու և հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերի ներկայացման, հանրաքվե նշանակելու, հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերին ներկայացվող պահանջներն ու այդ նախագծերի ներկայացման ու քննարկման  ընթացակարգերը: Ամրագրվել են դրույթներ մշտական հիմունքներով գործող խորհրդարանի վերաբերյալ, որոնք պիտի գործեին ոչ ուշ, քան 2016թ., և այդ դրույթը 2015թ. սկսել է գործել ԱԺ նախագահին, նրա տեղակալին առընչվող կարգերը, ինչպես նաև մշտական հանձնաժողովների ձևավորման, աշխատանքային խմբերի ստեղծման վերաբերյալ կոնկրետ կարգեր և հարաբերություններ: Հետագայում՝ 2008, 2009, 2010թթ. ես պարզապես սրանք թվարկում եմ, չնայած ամեն տեղ էլ սրանց փոփոխությունների իմաստը կա` 2011, 2012 և 2014թթ. մենք 2 անգամ անդրադարձել ենք ԱԺ կանոնակարգին:

          Սրանից կարելի է շատ հանգիստ եզրակացնել, որ «Ազգային ժողովի կանոնակարգը», որ հիմա մենք քննարկում ենք և պիտի ընդունենք, ինքը քարացած փաստաթուղթ չէ: Մենք կարող է այս կանոնակարգային քննարկումներից հետո, 3 ամիս հետո նորից  կարիք ունենանք: Դա  գալիս է  Ազգային ժողովի պատգամավորների, մենք արդեն նոր կանոնակարգով խմբակցությունները դարձնում ենք մշտական մարմին, խմբակցությունների, մշտական հանձնաժողովների կողմից ներկայացված տեսակետների և առաջարկությունների հիմքով և պարզ է, որ, վստահ եմ, այդպես էլ կա, որ բոլորս էլ, ինչ որ առաջարկում ենք, առաջարկում ենք մի գլխավոր նպատակով՝ ավելի լավը դարձնել մեր գործունեությունը, ավելի հեշտացնել, ավելի համաձայնեցված քաղաքական դաշտ ստեղծել: Այս իմաստով ես պարզապես ուզում եմ 2 կարևոր  սկզբունք դնել, սա ես ոչ միայն իմ անունից, այլև նախաձեռնության հեղինակների անունից եմ ուզում առաջարկել և խնդրել: Մենք «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը չենք կարող այդպես մեծ ֆանտազիաներով գրել, կարող է ցանկությունը շատ լինի, բայց 2 սկզբունք պիտի անպայման դրա մեջ հաստատվի՝

          1. «Ազգային ժողովի կանոնակարգը» չի կարող մեր Սահմանադրությունից հեռու լինել, այն ինչ մենք գրել ենք Սահմանադրության մեջ դա լրիվությամբ պետք է տեղավորվի Սահմանադրության պահանջների հետ:

          2. «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը պետք է իր առաջարկած կարգերով, ընթացակարգերով շատ ավելի պարզ, մատչելի հիմքեր ստեղծի, որպեսզի Ազգային ժողովը կարողանա ճիշտ ու հեշտ աշխատել և ընդհանրապես, որևէ սահմանված շրջանակից դուրս չգա:

          Սա է երկու սկզբունքները և ես բոլորիդ խնդրում եմ առաջարկությունների մեջ անպայման հաշվի առեք, որ մենք  չենք կարող Սահմանադրության մեջ մի բան գրել, Կանոնակարգում՝ ուրիշ բան: Քիչ առաջ ներկայացվել են շատ հետաքրքիր առաջարկություններ, այս էլ կարելի է գրել, մյուսներն էլ կարելի է գրել, բայց եթե մենք Սահմանադրության մեջ Ազգային ժողովի համար չենք գրում ներքին և արտաքին քաղաքականության հայտանշում, գիտե՞ք ինչու չի գրված, որովհետև ԱԺ ձևավորվում է Նախագահի հետ ընտրություններում և անհնարին է, որ Ազգային ժողովը և Նախագահը, այս դեպքում, եթե այդ ընտրությունները կատարվում են քաղաքական այնպիսի հիմքով, ուրիշ ներքին ու արտաքին քաղաքականությունների մեջ լինեն, այսինքն, դա նշանակում է, որ  ընտրությունները` հեչ, մենք հիմա նորից  ԱԺ-ում պետք է հայտանշենք: Այսինքն, բոլոր այդ չնշածների մեջ տրամաբանություն կա: Ես կարծում եմ, որ ոչ մեկը չի կասկածում, որ մեր համահեղինակների ցանկությունը եղել է իսկապես այդպիսի բաներ կատարելագործելը: Խոսում ենք խորհրդի մասին: Շատ լավ գաղափար է: Ի՞նչ ենք մենք Խորհրդի միջոցով փորձում անել: Մի պարզ բան է, հիմա մյուս պատգամավորները, ովքեր խմբակցությունների ղեկավար չեն, հանձնաժողովի նախագահ չեն, թող իրենք որոշեն: Չնայած Սահմանադրությունը թույլ չի տալիս  այդպիսի մարմին ստեղծել: Խորհուրդը կոչված է ստեղծել, որոշումներ ընդունել, օրինակ` օրակարգեր հաստատել: Այսինքն, արդեն հաստատված օրակարգով մենք գալու ենք այս դահլիճ, ոչ ոք չի կարող այդ հաստատված օրակարգը փոխել: Այսինքն, 33 հոգանոց պատգամավորական կազմում 14 հոգին առանձին մարմին է լինելու, որոշում ընդունող…

          Ես դեմ եմ դրան` որպեսզի մենք 33 հոգանոց պատգամավորական կազմը բաժանենք որոշում ընդունողների և, մյուսները՝ այդ որոշումները կատարողների: Սա շատ  բարդ տրամաբանություն է՝ 100 հոգանոց  խորհրդարանում գուցե իսկապե՞ս դա իմաստ ունի, որովհետև շատ դժվար է 100 հոգանոց խորհրդարանում գալ և միանգամից օրակարգ հաստատել, բայց 33 հոգանոց խորհրդարանում, կարծում եմ, դա ոչ մի խնդիր չի առաջացնում: Բոլոր հարցերի հետ կապված հարցերի պատասխանները կան,  որպեսզի ժամանակը չչարաշահենք, մենք բոլոր հարցերին, ձեր առաջարկներին կտանք համապատասխան պարզաբանումներ: Պարոն Խանումյանի բարձրացրած հարցը ես կարծում եմ շատ տեղին է, ճիշտ է ասում, բայց այս 12 տարիներին դժգոհություն, բողոք չի եղել ԱԺ-ում ասուլիս, ճեպազրույց կազմակերպելու համար, հիմա բողոքը  կա,  ուրեմն, կարգն ամեն  դեպքում կլինի, երևի 4-5 անգամ այդ կարգերը որպես նախագիծ  բերել  ենք, չենք հաստատել, որովհետև որոշակի դժվարություն կա` Ազգային ժողովի ունեցած ռեսուրսով աշխատակազմով  լրատվություն կազմակերպելու, ասուլիսներ անելու և այլն: Ես կարծում եմ, բոլոր հարցերի պատասխանները կան արդեն, ինչու՞ հիմա մենք չենք անում: Մեկ տարի առաջ էլ մենք այդպիսի նախագիծ ունեցել ենք, բայց քանի որ «Ազգային ժողովի կանոնակարգ»-ը պիտի փոխվեր, բնական է, որ այդ կարգերը պիտի լինեն ԱԺ նոր Կանոնակարգի հիման վրա: Անպայման այդ կարգերը գործելու են, և ուրիշ որևէ  դժգոհություն, բողոք, եթե մինչև հիմա լիներ, մենք անպայման կարձագանքեինք: Երևի թե այսքանը: Ես բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում կառուցողական առաջարկների համար: Վստահ եմ, որ մենք հետագայում հանձնաժողովային քննարկումներում շատ ավելի կոնկրետ այդ ձեր բարձրացրած հարցերին  անդրադառնալու ենք, բայց նորից եմ ուզում իմ խնդրանքը կրկնել, մենք չենք կարող «Ազգային ժողովի կանոնակարգը» գրել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախատեսված շրջանակներից այն կողմ: Առաջարկությունները խնդրում եմ ներկայացնել հենց այս շրջանակներում: Շնորհակալություն:

          Աշոտ Ղուլյան - Մենք, կարծես թե ամփոփեցինք  այս քննարկումները և ես շատ ճիշտ եմ համարում, նորից եմ ուզում նշել, որ մենք անպայման այս քննարկումը պետք է  երկարաձգեինք, մանրամասնությունների մեջ մտնեինք: Հիմա, եթե կա եզրափակիչ ելույթների ցանկություն, խնդրեմ` հեղինակի, հիմնական զեկուցողի,  գլխադասային հանձնաժողովի կողմից, եթե չէ՝ մենք արդեն կարող ենք անցնել որոշում ընդունելուն: Կա՞ ցանկություն, պարոն Ջիվանյան, գլխադասային հանձնաժողովից, չկա, ամեն ինչ պարզ է: Մենք  պայմանավորվեցինք, որ արդեն աշխատելու ենք  առաջարկությունների հիման վրա: Ես հիմա առաջարկում եմ նաև հեղինակների կողմից, և մենք մշտական հանձնաժողովների քննարկումների ժամանակ խոսել ենք դրա մասին, հեղինակներն առաջարկում են օրենքի նախագիծն ընդունել առաջին ընթերցմամբ, որպեսզի մենք ժամանակ ունենանք և կարողանանք ձեր բարձրացրած թեմաներին անդրադառնալ:

          Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը` «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ:

          Քվեարկություն.

          Կողմ՝  23, դեմ՝  1, ձեռնպահ՝ 6:

          Որոշումն ընդունված է: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունված է և ես բոլորիդ նորից խնդրում եմ, կոչ եմ անում, որպեսզի առաջիկա օրերին ներկայացվեն առաջարկությունները: Մի փոքր տեխնիկական խնդիր. Քիչ առաջ պարոն Գաբրիելյանը կարծեմ բարձրացրեց, որպեսզի մենք ընդունենք ԱԺ աշխատակարգը, որը պետք է բխի հենց Կանոնակարգի ներկայացված այս կարգավորումներից, ես պարզապես պիտի խնդրեմ, որ այդ 14 օրը չսպասենք մինչև վերջ լրանալուն, եթե առաջարկություններ կան՝ առաջիկա օրերին տվեք, որպեսզի մենք մյուս մեր մշակումների մեջ կարողանանք այդ զուգահեռ աշխատանքը տանել: Վաղվանից առաջարկությունների փուլը բաց է, և առաջիկա այդ 14 օրը աշխատելու ենք, հետագայում արդեն առաջին ընթերցումից հետո  ստացված առաջարկությունների հիման վրա կներկայացվի  ձեզ այն ամփոփաթերթիկը, որով հեղինակներն իրենց կարծիքը, եզրակացությունը ներկայացրել են, և թե ինչ ենք մենք պատասխանել այդ բարձրացված հարցերին:

          Շնորհակալություն: Մենք այսքանով ավարտում ենք օրենքի նախագծի քննարկումը: Հաջորդը մեր օրակարգում 2 հաղորդագրություն և հաշվետվություն ունենք և, առաջինը՝ Վերահսկիչ պալատի 2016թ. գործունեության տարեկան  հաշվետվությունն է, այն  ներկայացնում է Վերահսկիչ պալատի  նախագահ պարոն Էռնեստ Ավանեսյանը: Մի խնդրանք, պատգամավորներին խնդրում եմ ուշադրություն դարձնել, Կանոնակարգով նախատեսված է Վերահսկիչ պալատի նախագահի  զեկույցը, այնուհետև` հարակից  զեկույց: Խնդրեմ, պարոն Ավանեսյան:

          Էռնեստ Ավանեսյան - Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ և ներկաներ

Վերահսկիչ պալատի  կողմից 2016թ. վերահսկողական գործառույթներն իրականացվել են պալատի գործունեության տարեկան ծրագրին համապատասխան: Ծրագրային հարցերի շրջանակներում կազմված ընթացիկ հաշվետվությունները և եզրակացությունները, ինչպես նաև Վերահսկիչ պալատի 2016թ. գործունեության հաշվետվությունը օրենսդրությամբ սահմանված ժամկետում տրամադրվել է ԼՂՀ Ազգային ժողովին: Նշված փաստաթղթերը ներկայացվել են նաև ԼՂՀ Նախագահին և կառավարությանը:

Այժմ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Վերահսկիչ պալատի 2016 թվականի գործունեության տարեկան հաշվետվության ընդհանուր նկարագիրը: Այն ընդգրկում է ծրագրային հարցերի վերահսկողության արդյունքների վերաբերյալ եզրակացությունների և ընթացիկ հաշվետվությունների ընդհանրացված, համառոտ բովանդակությունը՝ ներկայացնելով բյուջետային միջոցների օգտագործման, պետական և համայնքային սեփականության օգտագործման ընթացքում թույլ տրված խախտումները, դրանց վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրահանգումներն ու առաջարկությունները:

Ընդհանուր առմամբ, հաշվետու տարվա ընթացքում Վերահսկիչ պալատն իրականացրել է 20 վերահսկողական միջոցառում, որից 18-ով կազմվել  է ընթացիկ հաշվետվություն,  2-ով՝  եզրակացություն:

Վերահսկողությունն իրականացվել է 30 օբյեկտում, այդ թվում` 12 պետական մարմին, 8 համայնք, 5-ական ոչ առևտրային կազմակերպություն և առևտրային ընկերություն: Վերահսկողությամբ ընդգրկված միջոցառումների ընդհանուր ֆինանսական ծավալը կազմել է  մոտ 20 մլրդ դրամ:

Վերահսկողությամբ ընդգրկվող ժամանակաշրջան են ընտրվել հիմնականում 2014-2015 բյուջետային տարիները: Կապիտալ ներդրումների ծրագրով ընդգրկվել են  2008-2016թթ.  իրականացված շինարարական աշխատանքները:

Վերահսկողական միջոցառումների ընթացքում կազմված արձանագրություն­ներում նշված փաստերի, դատողությունների և եզրահանգումների վերաբերյալ վերահսկվող օբյեկտների կողմից առարկություն չի ներկայացվել: Վերահսկիչ պալատի վերահսկողություն իրականացնող աշխատակիցների գործողությունների, ընթացիկ հաշվետվությունների, եզրակացությունների դեմ վարչական կամ դատական կարգով բողոքներ չեն ստացվել:

Ընդհանրացնելով Վերահսկիչ պալատի կողմից 2016թ. իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքները՝ կարելի է ամրագրել, որ վերահսկողությամբ ընդգրկված օբյեկտները բյուջետային միջոցները և պետական ու համայնքային սեփականությունը, ընդհանուր առմամբ,  օգտագործել են նպատակային ու հասցեագրված:

Այդուհանդերձ, գործող իրավական ակտերով սահմանված պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, ինչպես նաև առաջադրված նպատակներին հասնելուն ուղղված ընթացակարգերի բացակայության կամ թերիության, իսկ երբեմն նաև ակնկալվող հստակ նպատակների չնախանշման հետևանքով թույլ են տրվել 271.7 մլն դրամի չափով ֆինանսական խախտումներ և թերություններ, որոնց գերակշիռ մասը՝ 63.3%-ը բաժին է ընկնում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտմանը:

Հայտնաբերված խախտումների 8.5%-ը  կամ 23,088.6 հազ. դրամը կազմում է պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը, որից 85.0%-ը քաղաքաշինության ոլորտում հայտնաբերված խախտումներն են: Խախտումների 4.6 %-ը կամ 12,628.5 հազ. դրամը կազմում է իրավաբանական անձանց հաշիվ վերականգնման ենթակա գումարը, 9.9 %-ը կամ 26,787.3 հազ.դրամը՝ փաստաթղթերով չհիմնավորված ծախսը, 63.5 %-ը կամ 172,552.7 հազ.դրամը՝ ընթացակարգային բնույթ կրող, գործող կարգերի խախտմամբ օգտագործված այլ խախտումները, 1.1%-ը կամ 3061.2 հազ.դրամը՝ նախահաշվով/գնման պլանով չնախատեսված ծախսը, 1.0%-ը կամ 2720.0 հազ.դրամը՝ անարդյունավետ ծախսը և 11.4 %-ը կամ 30,902.2 հազ.դրամը՝ ոչ նպատակային ծախսը:

Պետական մարմինների կողմից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացում արձանագրված խախտումները հիմնականում կապված են եղել գնման եղանակի ընտրության հետ, շատ դեպքերում նախապատվությունը տրվել է գնման ոչ մրցակցային ընթացակարգին:

Վերահսկիչ պալատն իր վերահսկողական գործառույթներով աջակցում է բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործմանը: Դա արտահայտվում է նաև վերահսկության արդյունքներով ներկայացվող առաջարկություններով: Հաշվետու տարում վերահսկողության արդյունքներով վերահսկվող օբյեկտներին  և ԼՂՀ կառավարությանը տրվել է 34 առաջարկություն: Առաջարկություններից 7-ը վերաբերում են գործող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելուն: Առաջարկություններում, ի թիվս այլոց, անդրադարձվել է ֆինանսավորման գործող մեխանիզմների վերանայման, ֆինանսավորման և վերահսկողության հստակ մեխանիզմ մշակելու, ինչպես նաև ծրագրերի իրականացումն համապատասխան մարմիններին վերապահելու նպատակահարմարության հարցերին:

«Վերահսկիչ պալատի մասին» ԼՂՀ օրենքի 24-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ վերահսկվող օբյեկտների ղեկավարների կողմից գրավոր տեղեկատվություն է ներկայացվել Վերահսկիչ պալատ՝ ընթացիկ հաշվետվություններում ամրագրված խախտումները վերացնելու վերաբերյալ: Հիմնականում, միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված խախտումները և թերությունները վերացնելու ուղղությամբ: Արդեն իսկ ընդունվել են մի շարք իրավական ակտեր, իսկ որոշները գտնվում են մշակման փուլում: 

Վերահսկիչ պալատին ներկայացված տեղեկությունների համաձայն, պետական բյուջե և իրավաբանական անձանց հաշիվ 35,717.1 հազ. դրամ վերականգնման ենթակա գումարից 2017թ. մարտի 22-ի դրությամբ վերականգնվել է 18,741.2 հազ.դրամ կամ 52.5%: Վերականգնված գումարի 62.9%-ը կամ 11,790.5 հազ.դրամը վերականգնվել է աշխատանքների և ապրանքների տեսքով: ԼՂՀ քաղաքաշինության նախարարի գրության համաձայն միջոցներ են ձեռնարկվում բյուջե վերականգնման ենթակա գումարի մնացորդ 16,975.9 հազ. դրամը վերականգնելու ուղղությամբ:

Եզրափակելով ելույթս  նշեմ, որ հայտնաբերված խախտումների գերակշիռ մասը կրել է ընթացակարգային բնույթ և չնայած չի հանգեցրել պետական և համայնքային բյուջեներից ավել գումարների հատկացմանը, այնուամենայնիվ այդ խախտումները պարունակում են բյուջետային միջոցների օգտագործման օրինականությունն ու  արդյունավետությունը խաթարելու ռիսկայնություն: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան -  Շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Խնդրեմ, հարցեր կա՞ն պատգամավորներին հուզող, Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության վերաբերյալ: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Ավանեսյան, կարող եք նստել: Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության վերաբերյալ հարակից զեկուցում ունի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը: Խնդրեմ:

Ռուսլան Իսրայելյան - ԼՂՀ Վերահսկիչ պալատը սահմանված ժամկետում և կարգով ԼՂՀ Ազգային ժողովին է ներկայացվել 2016թ. գործունեության տարեկան հաշվետվությունը: 2016թ.  Վերահսկիչ պալատը լրիվությամբ իրականացրել է  ԼՂՀ ԱԺ որոշմամբ հաստատված ԼՂՀ Վերահսկիչ պալատի գործունեության ծրագրում ընդգրկված բոլոր 7 ծրագրային հարցերը: Ծրագրային հարցերի վերահսկողության հարցերի վերաբերյալ պալատի  կողմից  հաստատված  ընթացիկ  հաշվետվությունները և եզրակացությունները սահմանված ժամկետում ներկայացրել են ԱԺ պատգամավորներին:

Հաշվետու տարվա ընթացքում Վերահսկիչ պալատն իրականացրել է 20 վերահսկողական միջոցառում, որից 18-ով կազմվել է ընթացիկ հաշվետվություն, իսկ      2-ով՝ եզրակացություն: Վերահսկողություն է իրականացվել 30 օբյեկտում, այդ թվում՝ 12 պետական մարմին, 8 համայնք և 5-ական  ոչ առևտրական կազմակերպություններ և առևտրային ընկերություններ:

Վերահսկիչ պալատը, ընդհանրացնելով 2016թ. իրականացված գործառնույթների արդյունքներն ամրագրել է, որ վերահսկողությամբ ընդգրկված օբյեկտները բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականությունը օգտագործել են նպատակային ու հասցեագրված: Գործող իրավական ակտերով սահմանված պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման,  ինչպես նաև առաջադրված նպատակներին  հասնելուն ուղղված ընթացակարգերի  բացակայության կամ թերության հետևանքով թույլ են տվել 282,7 մլն. դրամի չափով ֆինանսական խախտումներ և թերություններ:

Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործմանն աջակցելու նպատակով Վերահսկիչ պալատը վերահսկվող օբյեկտներին և ԼՂՀ կառավարությանը տվել է առաջարկություններ, որոնցում անդրադարձվել է ֆինանսավորման գործող մեխանիզմների վերանայման, ֆինանսավորման և վերահսկողության հստակ մեխանիզմ մշակելու, ինչպես նաև ծրագրի իրականացումը համապատասխան  մարմիններին վերապահելու նպատակահարմարության հարցերին:

ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովում քննարկվել է Վերահսկիչ պալատի 2016թ. գործունեության տարեկան հաշվետվությունը և համոզված ենք, որ ԼՂՀ Վերահսկիչ պալատը այսուհետ ևս լիարժեքորեն կկատարի օրենսդրությամբ վերապահված իր լիազորությունները: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցեր կա՞ն ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահին: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Իսրայելյան, կարող եք նստել: Քանի որ արդեն ամսից ավելի է, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ԱԺ-ում է և ես կարծում եմ պատգամավորները ժամանակ ունեցել են դրան ծանոթանալու: Մենք որոշում չենք ընդունում: Վերահսկիչ պալատը ներկայացնում է, զեկուցում է և պատգամավորները, պարզապես իրենց  հուզող հարցերը  բարձրացնում են: Այսքանով մենք այս հարցն էլ ենք ավարտում: Ես կարծում եմ, որ մենք մի փոքր ժամանակ ունենք, մի 5 րոպե, բայց առաջարկում եմ պատգամավորներին, սա վերջին հարցն է օրակարգային, գուցե  այս հարցն էլ լսենք, հետո միանգամից փակենք: 

Մեր օրակարգային հաջորդ հարցը վերաբերվում է ԱՀ Սահմանադրության  նախագծի վերաբերյալ 2017թ. փետրվարի 20-ի հանրաքվեի կազմակերպման և անցկացման մասին հաղորդագրությանը: Այն ներկայացնում է կենտրոնական ընտրական  հանձնաժողովի նախագահի տեղակալ պարոն Եղիշե Արզումանյանը: Խնդրեմ:

Եղիշե Արզումանյան - Հարգարժան ԱԺ նախագահ, հարգելի պատգամավորներ: Տեսնում եմ, որ ժամանակը սուղ է, կձգտեմ, որքան հնարավոր է կարճ ժամկետում:

Ուրեմն, այսպես, ԼՂՀ Նախագահի 2017թ. հունվարի 19-ի ԱՀ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին  հրամանագրով ԱՀ Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն նշանակվել է 2017թ. փետրվարի 20-ին: Հանրաքվեի նախապատրաստումն ու կազմակերպումն իրականացվել է «Հանրաքվեի մասին» ԼՂՀ  օրենքի և Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Հանրաքվեն անցկացվել է Կենտրոնական հանձնաժողովի 2015թ. հունվարի 28-ի որոշումով կազմավորված հանրապետության ամբողջ տարածքն ընդգրկող թվով 11 ընտրատարածքներում: Հանրաքվեի ԿԸՀ որոշումով սահմանվել են այն  տարածքային հանձնաժողովները, որոնց լիազորություն է վերապահվել համապատասխան համայնքներում կազմակերպել և անցկացնել հանրաքվե:

Թիվ 10 ընտրատարածքում, որն ընդգրկում է Շուշիի և Քաշաթաղի շրջանների բոլոր համայնքները, հանրաքվեն կազմակերպելու և անցկացնելու լիազորությունը տրվել է հանրաքվեի Քաշաթաղի տարածքային հանձնաժողովին, իսկ թիվ 11 ընտրատարածքում, որում ընդգրկվում են Շահումյանի շրջանի բոլոր, Ասկերանի շրջանի թվով 12 և Մարտակերտի շրջանի թվով 16 համայնքները՝ հանրաքվեի Մարտակերտի տարածքային հանձնաժողովին: Հանրաքվեի ողջ գործընթացը կազմակերպել և հանրաքվեի  օրինականության վերահսկողությունն իրականացրել է հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը:

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը հունվարի 20-ին հաստատել է  ԱՀ Սահմանադրության նախագծի վերաբերյալ 2017թ. փետրվարի 20-ի հանրաքվեի նախապատրաստման  և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, որը ընդգրկում է տվյալներ հանրաքվեի օր նշանակելուց մինչև դրա արդյունքների ամփոփումը իրականացվել է թվով 87 հիմնական գործողությունների կատարման և դրանց պատասխանատուների մասին միջոցառումներ: Համաձայն  ժամանակացույցի, վերոհիշյալ գործողությունների մեկնարկը տրվել է 2017թ. հունվարի 19-ին, իսկ  հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածն  ընդգրկվել է հունվարի 19-ից մինչև փետրվարի 18-ի  ժամը 20.00-ն:

Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հետ կապված նախահաշվով  նախատեսվել էր 85 մլն. 750 հազար 200 դրամ: Նախատեսված ծախսերի մեջ զգալի մաս են կազմել հանրաքվեի կազմակերպման և անցկացման աշխատանքներում ներգրավված 2335 հանձնաժողովականներին և այլ աշխատողներին  տրվող փոխհատուցումների գումարներն ու աշխատավարձերը, 64 մլն.396 հազար 200 դրամ ընդհանուր գումարով կամ ծախսերի 75.3 տոկոսը: Հանրաքվեի անցկացման համար փաստացի ծախսվել է 75 մլն. 298 հազար 986 դրամ կամ  նախատեսվածի 87,8 տոկոսը: Կազմավորվել են 280 հանրաքվեի տեղամասեր, այդ թվում ք. Երևանում և Շուշիի ՔԿՀ-ում, նույնքան էլ կազմավորվել են տեղամասային հանձնաժողովներ, որոնք կազմակերպել և իրականացրել են քվեարկությունը: «Հանրաքվեի մասին» ԼՂՀ օրենքով և ԼՂՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով հավատարմագրվել և ԱՀ Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացրել 30 երկրից Արցախ ժամանած 100 դիտորդ, ինչպես նաև 4 տեղական կազմակերպությունների 103 դիտորդ, մասնակցում էին նաև զանգվածային լրատվամիջոցների 80-ից ավելի ներկայացուցիչներ: Հանրաքվեի քվեարկությունը տեղի է ունեցել 2017թ. փետրվարի 20-ին, քվեարկության նախնական արդյունքներն ամփոփվել են 2017թ. փետրվարի 21-ին: Ես չեմ թվարկի, թե քանի հոգի են մասնակցել ընտրացուցակներում: Կողմ, դեմ քվեարկածներին, կարծում եմ, ծանոթ եք:

Ես կանգ կառնեմ հիմա հանրաքվեի կազմակերպմանն ու անցկացմանը: Ուրեմն, ԼՂՀ ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն  տեղամասային հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ընտրական իրավունք ունեցող այն քաղաքացիները, ընտրողները, որոնք ԿԸՀ սահմանած կարգով անցել են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ և ստացել որոկավորման վկայականներ: Այդ իսկ պատճառով ԿԸՀ կողմից 2016թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կազմակերպվել և անց են կացվել ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ, որոնց մասնակցել և  որակավորման վկայականներ են ստացել 1744 քաղաքացիներ, որոնց  մեծ մասը հետագայում ընդգրկվել է հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի կազմում:

Կցանկանայի կանգ առնել հանրային իրազեկման  հրապարակայնության վրա: Եթե ցանկություն կա, կարող եմ նշել, բայց քանի որ մեծ մասը` մեր պատգամավորների ներգրավված Էին իրազեկային աշխատանքներում, բոլորն էլ տեսել եք: Հանրաքվեային գործընթացի լիակատար  թափանցիկությունն ու լուսաբանումն ապահովելու նպատակով Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան  երաժշտական քոլեջի շենքում ժամանակավոր հիմունքներով գործել է  հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնը, որի նախապատրաստական կազմակերպչական աշխատանքներն սկսվել են փետրվարի 14-ին, բացումը տեղի է ունեցել փետրվարի 18-ին: Այդ կառույցի ժամանակավոր աշխատակազմում ընդգրկվել են 29 աշխատողներ, 2 հոգի հրավիրել ենք օտար լեզուների մասնագետներ, որոնք աջակցել են մամուլի կենտրոնի աշխատանքներին, փետրվարի 19-ին և 21-ին մամուլի ասուլիսներին բանավոր համաժամանակյա թարգմանություններ են իրականացրել  հայերենից՝ անգլերեն, ռուսերեն  լեզուներով և հակառակը: Այդ մամուլի կենտրոնում ստեղծված էր բավականին հնարավոր ժամանակակից պայմաններ, ապահովված էր համացանցով՝ մեծ արագությամբ, և այլն, և այլն, կանգ չեմ առնի:  Ասեմ, որ....  վերջի՞նը, լավ վերջինը,  ասեմ, ռեգիստրի մասին չեմ խոսի, ընտրացուցակների մասին որևէ դիմում-բողոք չի  եղել, ֆինանսավորման մասին ասեմ, որ  ԱԺԿ, «Ազատ հայրենիք» և «Ազգային վերածնունդ» կուսակցությունները քարոզչություն իրականացնելու նպատակով ստեղծել էին հիմնադրամներ՝ իրենց քարոզչությունն  իրականացնելու համար, որոնց մուտքերը կազմել է 5 մլն 320 հազար դրամ, իսկ  ծախսերը՝ 5 մլն. 42 հազար դրամ:

Ուրեմն, քվեարկության արդյունքների  մասին դիմում-բողոք չի եղել, որևիցե դատարան չի ներկայացվել, Գերագույն դատարան չի ներկայացվել որևէ դիմում-բողոք:    Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցեր ունե՞ն պատգամավորները ԿԸՀ ներկայացուցչին: Չկա՞ն հարցեր: Պարոն Արզումանյան, վերջին նախադասության մեջ գրված է, որ հաշվի առնելով միջազգային դիտորդների կարծիքները և տեղական ԿԸՀ  երևի առաջիկայում իր տեսակետը, իր կարծիքը կներկայացնի: Կա՞ այդպիսի բան, որ դիտորդները, օրինակ, բոլորն են նշել կամ էլ մի մասը, որ օրենսդրական կարգավորման կարիք կա մեր ընտրական գործընթացի մեջ:

 Եղիշե Արզումանյան - Շնորհակալություն հարցի համար: Ի տարբերություն նախորդ դիտարկումների, ուրեմն, բոլոր դիտորդները միշտ հիմնականում նշում էին, որ տեղամասային կենտրոնները տեղավորված են ոչ հարմար պայմաններում և այլն, հատկապես այն ընտրողների համար, որոնք  առողջական խնդիր ունեն, և այլն, սակայն այս անգամ նույնիսկ այդ չէր նշված՝ ի տարբերություն մնացածի: Այնպիսի թերություն, որ ասես նշել են, այս անգամ չգիտես թե ինչու, ոչ մեկը չի նշել, իսկ ինչ վերաբերվում է  առաջարկություններին, ապա հաշվի առնելով նոր Սահմանադրության ընդունումը բավականին փոփոխություններ կիրականացվի թե «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում, թե «Հանրաքվեի մասին», թե «Տեղական  հանրաքվեի  մասին» օրենքում, էլ չեմ ասում Ընտրական օրենսգիրքը երևի ամբողջությամբ փոփոխվի:

Աշոտ Ղուլյան -  Շատ լավ: Կան ուրիշ հարցեր: Չկան, շնորհակալություն, պարոն Արզումանյան: Մենք լսեցինք նաև ԿԸՀ հաղորդագրությունը փետրվարի 20-ի հանրաքվեի կազմակերպման մասին: Կարելի է ասել, մենք ավարտում ենք, պատգամավորական հայտարարություններն են: Եթե կա ցանկություն, Հայկ Խանումյան: Ուրի՞շ, Արմեն Սարգսյան: Ուրի՞շ, չկա:

Ուրեմն, պատգամավորական հայտարարություններն են, խնդրեմ, պատգամավոր Հայկ Խանումյան և պատրաստվում է Արմեն Սարգսյանը: Պարոն Խանումյան, 3 րոպե:

Հայկ Խանումյան - Երկու րոպե: Հարգելի  ներկաներ, 26 տարի առաջ այս օրերին, 1991թ. գարնան-ամռան օրերին Շահումյանի, Հադրութի, Շուշիի շրջաններում տեղի էր ունենում հայաթափման լայնածավալ գործողություն, որն առավել հայտնի է «Կոլցո»` Օղակ անվանմամբ: Երեք ամսվա ընթացքում այս շրջանների 24 հայկական գյուղ՝ ավելի քան 10 հազար բնակչությամբ, ամբողջովին հայաթափվեցին:

1991թ. մարտի 17-ին ԽՍՀՄ-ում տեղի էր ունեցել համամիութենական հանրաքվե, որը բոյկոտվել էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից, իսկ Ադրբեջանը կողմ էր քվեարկել ԽՍՀՄ պահպանելու օգտին: Փաստագրական մի ֆիլմում Ադրբեջանի այդ ժամանակվա ղեկավար Այազ Մութալիբովն ասում է, որ ինքը դրա դիմաց Գորբոչովից պահանջեց ԽՍՀՄ զինված ուժերի մասնակցություն հայաբնակ շրջաններում և Լեռնային Ղարաբաղում հայաբնակ գյուղերի հայաթափմանը:

Նախիջևանի և Արցախի հայության նկատմամբ 1920-ականների սկզբին հանցագործությամբ սկիզբ առած ԽՍՀՄ-ը 1990-ականների սկզբին իր մայրամուտին էր մոտենում արցախահայության նկատմամբ նոր հանցագործությամբ:

Այսօր այս ամբիոնից խոսելով 26-ամյա վաղեմության դեպքերի մասին, ես ուզում եմ փաստել, որ Արցախում այն ոչ ոք չի մոռացել, որ մեր շարքերում նստած են այդ գործողություններից տուժած մարդիկ: Օղակ գործողությունը մեկ անգամ ևս փաստեց, որ Արցախի տարածք հայկական զորքերից բացի այլ զորքի առկայությունը բերել է հայ բնակչության կոտորածի կամ տեղահանման:

Այսօր հիշելով Օղակ գործողության մասին, հարգելով դրանից տուժած մեր հայրենակիցների տառապանքները` ես ուզում եմ «Ազգային վերածնունդ» կուսակցության անունից հայտարարել հետևյալը.

- Մեզ համար անընդունելի են հակամարտության կարգավորման այն առաջարկները, որոնցում պարունակվում է օտարերկրյա ռազմական ուժի ներկայություն Արցախի Հանրապետության տարածքում, ինչ անվամբ էլ դրանք լինեն.

- Մեզ համար անընդունելի են հակամարտության կարգավորման այն առաջարկները, որտեղ առկա են տարածքային զիջումների մասին պնդումներ.

Նման առաջարկները մենք համարում ենք խոր արհամարհանք ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման ժամանակ մեզ պարտադրված պատերազմում մեր թափած արյան նկատմամբ: Մենք նաև վստահ ենք, որ նոր «Կոլցոների» բացակայությունը պայմանավորված է միայն Արցախում հայկական պետության առկայության և Պաշտպանության բանակի գոյության փաստով:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հաջորդը՝ պատգամավոր Արմեն Սարգսյան: Մինչև պարոն Սարգսյանը մոտենա, ես պարզապես շարունակելով  ուզում եմ ասել, որ  «Կոլցո» և մյուս ռազմագործողությունների հետ կապված մենք մի առաջարկ ունենք՝ կապված բռնադատվածների հետ, որը շուտով երևի կփորձենք շրջանառության մեջ դնել, որովհետև դա էլ է այդ նույն բռնարարքների  մեջ մտնում: Շնորհակալություն, խնդրեմ, պարոն  Սարգսյան:       

Արմեն Սարգսյան 2017թ. մայիսին լրացավ 6-րդ գումարման Արցախի ԱԺ գործունեության  2-րդ տարին: Անցած երկու տարիները բավարար էին ուրվագծելու գործող խորհրդարանի առավելություններն ու թերությունները: Արհեստավարժ ու մշտական հիմունքներով գործելը այս գումարման խորհրդարանի հիմնական առավելությունն է, ինչն էլ, կարծում եմ, գիտակցում են ոչ միայն օրենսդիրները, այլ նաև խորհրդարանի գործունեությունն ապահովող, սպասարկող, լուսաբանող անձնակազմը: Մեր գնահատմամբ բավարար պայմաններ են ստեղծվել դրա համար: Այդ ամենը կանոնակարգված և հստակեցված է նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքով: 6-րդ գումարման ԱԺ գործունեության, նրա դերի բարձրացմանն ու ակտիվության ապահովմանն է միտված նաև «Դաշնակցություն» խմբացության երկամյա գործունեությունը, խմբակցության ամենշաբաթյա նիստեր, քննարկումներ, օրենսդրական նախաձեռնություններ, պատգամավորների հանդիպումներ ընտրողների հետ, ընդունելություններ, քաղաքական հանդիպումներ և այլն: Այս ամենով հանդերձ, սակայն «Դաշնակցություն» խմբակցությունը լուրջ դժգոհություններ և մտահոգություն ունի ԱԺ աշխատակազմի և մամլո ծառայության  կողմից իրականացվող գործունեությունից: ԱԺ ինտերնետային կայքէջն ամբողջական չի արտացոլում ԱԺ կատարած աշխատանքները, այլ անդրադարձ է կատարում միայն էպիզոդիկ երևույթների վրա, առավելապես չի լուսաբանվում քաղաքական միավոր հանդիսացող ԱԺ խմբակցությունների գործունեությունը, որը խորհրդարանի աշխատանքների վերաբերյալ ոչ լիարժեք պատկերացումներ է ձևավորում մեր ընտրողների շրջանում:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 108-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովի աշխատակազմը պարտավոր է կազմակերպել ԱԺ աշխատանքների լուսաբանում, այդ թվում նաև խմբակցությունների գործունեության լուսաբանումը: «Դաշնակցություն» խմբակցությունը, բարձրաձայնելով  վերոհիշյալը, հույս է հայտնում, որ առաջիկայում վերափոխությունների կենթարկվի ԱԺ աշխատակազմի և մամլո ծառայության գործունեությունը, այլապես մենք ստիպված կլինենք վերոհիշյալ հարցի ավելի արմատական լուծում պահանջել: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Բնական է, որ կարծիքները տարբեր են: Պարոն Սարգսյան, ես չեմ կարող դրան անմիջապես չարձագանքել: Ազգային ժողովում ԱԺ գործունեությունը լուսաբանելու համար ԱԺ մարմիններն են հիմնականում դա անում: Ազգային ժողովում խմբակցությունը, որպես մշտական մարմին առաջարկվում է այն նույն Կանոնակարգով, որը մենք քիչ առաջ քննարկել ենք, քվեարկել ենք և Դուք ձեռնպահ եք քվեարկել: Այսինքն, խմբակցությունը, որպես առանձին մարմին, հենց այս նույն  կանոնակարգով է դառնում ԱԺ մշտական մարմին, և այնպես չէ, որ Ազգային ժողովում մեկին լուսաբանում ենք, մյուսին՝ չէ: Կա ֆիզիկական հասանելիության հնարավորությունների խնդիր և, կարծում եմ, այստեղ որևէ  տարբերակում չկա: Ինչ վերաբերվում է ինտերնետ կայքին և այլն, ապա ես կարծում եմ, որ դա առավելագույնն է, որ մենք կարող ենք անել: Խնդրեմ, եթե կան առաջարկություններ, այնպես, ինչպես Դուք ասում եք Կանոնակարգով նախատեսված, առաջարկեք, որպեսզի ԱԺ-ում, աշխատակազմում լինի այդքան մեծ մամուլի ծառայություն, և, պարզապես, մի բան պիտի խնդրեմ, համեմատեք նաև այդ նույն լուսաբանումը մյուս ԱԺ խմբակցություններում ինչպես է լուսաբանվում: Մենք նոր ենք, իհարկե, սկսում խորանալ և ես կարծում եմ, որ կատարելագործման տեղ կա: Եվ մի բան էլ պարզապես վերջում, ԱԺ աշխատանքների լուսաբանման առումով 15-20 տարի առաջվա և այսօրվա իրականությունը լրիվությամբ տարբեր են: Այն, ինչ որ մենք Կանոնակարգով ամրապնդել ենք, որ Ազգային ժողովը պիտի լուսաբանեն և այլն, սա մի պահանջ է եղել, երբ որ լրատվադաշտը համարյա դատարկ է եղել, իսկ հիմա դուք դեռ ամբիոնին  չհասած ձեր ելույթներն ու հայտարարությունները բոլոր ինտերնետ կայքերով տարածում են, այսինքն, ուզում եմ ասեմ, որ դա որևէ ձևով փակ չի և դուք շատ լավ հնարավորություն ունեք դա ներկայացնելու: Մենք դրա մասին խոսել ենք, բայց պատրաստ ենք նորից խոսելու: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –   Մենք այսքանով ավարտում ենք ԱԺ այսօրվա լիագումար նիստը: Շնորհակալություն աշխատանքի համար: Պատգամավորներին` մենք ժամանակացույցն արդեն տվել ենք, ամսի 15-ից ԱԺ-ում բյուջեի կատարման հաշվետվություններն են, որին խնդրում եմ անպայման մասնակցեք և նորից պիտի ասեմ՝ Կանոնակարգի հետ կապված առաջարկությունները ինչքան հնարավոր է շուտ փոխանցեք:

Շնորհակալություն:  Ցտեսություն: