ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման
      5-րդ նստաշրջանի նիստի
 սղագրություն 31.05.2017թ.

ժամը 11:00

 

Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, կառավարության անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա են 31 պատգամավոր, բացակա են 2-ը:

                

ՆՒՍՏԸ ՎԱՐՈՒՄ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԸ

 

Աշոտ Ղուլյան – Բարի առավոտ բոլորին: Հարգելի գործընկերներ, հրավիրվածներ: ԱԺ լիագումար նիստերի հրավիրման հնարավորությունը գլխավորապես կախված է խորհրդարանի մշտական հանձնաժողովների կողմից ընդհանուր քննարկման համար երաշխավորված նախագծերի պատրաստվածության աստիճանից: Այս դիտանկյունից պետք է փաստենք, որ նախորդ օրերին խորհրդարանի գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն է տրվել  մի քանի օրինագծերի, որոնց շարքում առանցքային պետք է համարել նոր Սահմանադրության դրույթների պահանջով գործող օրենսդրությունը երկրի հիմնական օրենքին համապա­տասխանեցնելու համատեքստում  «Ազգային ժողովի կանոնակարգ»  և «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության  երաշխիքների մասին» օրենքների նախագծերի քննարկումները:

         Մեր նախորդ նիստում ես արդեն խոսել եմ օրենսդրական աշխատանքի այդ նոր ու մեծ գործընթացի մեկնարկի մասին, ուստի, կրկնելու կարիք չկա: Պարզապես, արձանագրենք, որ մայիսի 11-ի լիագումար նիստից հետո մենք հնարավորություն ենք ունեցել ԱԺ խմբակցությունների  ու պատգամավորների մի քանի տասնյակ առաջարկներ ստանալ և դրանք հանգամանորեն քննարկել առաջարկությունների հեղինակների հետ: Ուզում եմ այս ամենին հավելել, որ այսօր մենք պատգամավորներին տրամադրել ենք նաև Աշխատակարգի նախագիծը և առաջիկա օրերին մեր քննարկումները շարունակվելու են արդեն ԱԺ որոշման նախագծի տեսքով շրջանառության դրված այդ փաստաթղթի շուրջ:

Այսքանը որպես հիշեցում և նախաբան, իսկ հիմա ես խնդրում եմ պատգամավորներին գրանցվել՝ աշխատանքները սկսելու համար:

Գրանցում:

Գրանցման արդյունքներով մեր էկրանին ցույց է տալիս, որ ներկա են 30 պատգամավորներ, պարոն Արմեն Սարգսյանը նոր մոտեցավ, որովհետև մասնակցում էր ԱԺ գավաթի խաղարկության մրցույթի արդյունքների  ամփոփմանը, 31 արձանագրենք, ամեն դեպքում ԱԺ նիստը իրավասու է սկսել իր աշխատանքները:

 Ինչպես միշտ, մենք լիագումար նիստը  սկսում ենք ԱԺ նստաշրջանի օրակարգում հնարավոր փոփոխություններով, նոր օրինագծով և նոր ներկայացված հարցերով: Ես խնդրում եմ պատգամավորներին ուշադրություն դարձնել, որոշման նախագիծը ձեզ մոտ կա: Այս ընթացքում մենք ստացել ենք՝ որպես լրացում «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի, ԱՀ «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին»  հարցերը և մենք ստացել ենք նաև 2013թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: Այս 2 հարցերն են, որ գալիս են համալրելու նստաշրջանի օրակարգը կամ մեծ օրակարգը և ես առաջարկում եմ այս համալրումը հաստատենք և անցնենք այսօրվա լիագումար նիստին: Հարցեր կա՞ն նստաշրջանի օրակարգի հետ կապված:

Էդուարդ Աղաբեկյան -  Պարոն Ղուլյան, վերնագիրը գուցե փոխե՞նք՝ ԼՂՀ ԱԺ նիստի օրակարգը:

Աշոտ Ղուլյան -  Մենք մի քանի անգամ խոսել ենք դրա մասին, մեզ մի օր է մնում: ԱԺ կանոնակարգը փոխվելուց  հետո` Արցախի Հանրապետություն, այսինքն, քանի որ մենք հղումերն անում ենք… ես խնդրում եմ մեկ օր համբերենք, որովհետև ընդունելուց հետո արդեն բոլոր ձևակերպումները գնալու են  ԱՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի վրա:  Ուրի՞շ:

Քվեարկության է ներկայացվում ԱԺ որոշման նախագիծը 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի  օրակարգում լրացումներ կատարելու վերաբերյալ:

Քվեարկություն.

Էկրանի վրա  կողմ՝ 30, դեմ ՝ 1, ձեռնպահ: Բայց արձանագրում ենք  կողմ՝ 31, դեմ, ձեռնպահ՝ չկան:  Տեխնիկական  սխալմունքի արդյունք է: Շնորհակալություն: 

Հաջորդը մեր այսօրվա լիագումար նիստի օրակարգն է: Ես արդեն ներածականում նշեցի, որ մենք մշտական հանձնաժողովների երաշխավորությունն ունենք՝ երեք օրինագծերի հետ կապված և այդ երեք նախագծերի օրինագծերը ներառվել են այսօրվա լիագումար նիստի օրակարգում: Օրակարգն այսօրվա՝ մայիսի 30-ին, ձեզ նույնպես բաժանված է: Դրա մեջ կան կազմակերպչական հարցեր, նստաշրջանի, նիստի օրակարգերը հաստատելու մասին, ունենք այս երեք օրենքի նախագծերը՝ «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ. ծրագրերի կատարման 2016թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին և «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության  երաշխիքների մասին» օրինագծերը, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ  օրենքի նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ:  Ինչպես միշտ, լիագումար նիստի վերջում պատգամավորական հայտարարություններ են նախատեսված: Հարցեր կա՞ն այսօրվա օրակարգի հետ կապված: Չկան:

Քվեարկության է ներկայացվում ԱԺ որոշման նախագիծը՝ Ազգային ժողովի  2017թ. մայիսի 31-ի  նիստի օրակարգը հաստատելու մասին:

Քվեարկություն.

Կողմ՝ 28, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 2: Շատ լավ,  այսօրվա օրակարգն հաստատված է և մենք սկսում ենք օրակարգային հարցերի քննարկումներըը, որոնք վերաբերվում են օրենքների նախագծերին:

         Ուրեմն, առաջինն այս շարքում արդեն նշեցի՝ Պետական գույքի մասնավորեցման    2010-2012թթ. ծրագրերի կատարման   նախորդ տարվա հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծն է: Պետական գույքի մասնավորեցման հետ կապված հարցերը ԱԺ-ում քննարկվում են հատուկ ընթացակարգով, մեր գործող Կանոնակարգը նախատեսում է, որ դա ներկայացվում է Կառավարության հետ կապված հարցերի շարքում և ես հիմա խնդրում եմ, որպեսզի կառավարության ներկայացուցիչը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար պարոն Լևոն Գրիգորյանը ներկայացնի հիմնական զեկուցումը, որից հետո մենք նաև լսելու ենք Վերահսկիչ պալատի և մեր գլխադասային հանձնաժողովի հարակից զեկույցները: Խնդրեմ, պարոն Գրիգորյան:

Լևոն Գրիգորյան - ԱԺ հարգարժան նախագահ, հարգարժան գործընկերներ, ներկաներ:

Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի ձեր քննարկմանն է ներկայացվում «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ. ծրագրի կատարման 2016թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի նախագիծը:

Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել, ծրագրում լրացումներ և փոփոխություններ չեն կատարվել, գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:

Աշխատակազմը շարունակել է ծրագրի ցանկում մնացած 14 ընկերությունների ակտիվների վիճակի ուսումնասիրման աշխատանքները՝ ծրագրում դրանց մնալու նպատակահարմարության հարցի սահմանված կարգով ընթացքավորման նպատակով (Աղյուսակներ 1 և 1.1):

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016թ. «Պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ոչ ֆինանսական ակտիվների օտարումից (մասնավորեցումից) մուտքերը սահմանվել են 20,0 մլն դրամի չափով: Կատարողականը կազմել է 47,2 մլն դրամ կամ պլանի 236,0 տոկոսը:   (Աղյուսակ 2):

Փակ բաժնետիրական ընկերությունների սեփականությունը հանդիսացող  գույքի օտարման գործարքներից առաջացած 5,9 մլն դրամ գումարը՝ համաձայն գործող օրենսդրության պահանջների, ամբողջությամբ փոխանցվել է սեփականատերերին: (Աղյուսակ 7):

Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում Աշխատակազմի վերահսկողության ներքո շարունակվել է գտնվել թվով 20 մասնավորեցման (օտարման) գործերի ընթացքը, որոնց ընդհանուր ստանձնած պարտավորությունները ներդրումների մասով կազմել են 2 332 մլն դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով՝ 114 աշխատատեղ (Աղյուսակ 3):

Միևնույն ժամանակ, օրենքով նախատեսված կարգով վերահսկողությունից հանվել են թվով 7 մասնավորեցման սուբյեկտներ, որոնց ստանձնած ընդհանուր պարտավորությունները կազմել են՝ ներդրումների մասով 651,2 մլն. դրամ, իսկ սոցիալական երաշխիքների մասով 20 աշխատատեղ։ Կատարողականը կազմել է 652,9 մլն. դրամ և 7 աշխատատեղ կամ ստանձնածի համապատասխանաբար 100,0 և 35,0 տոկոսը (Աղյուսակ 4):

Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի մասնավորեցման նոր պայմանագիր է կնքվել մեկ գնորդի հետ, որը ընդհանուր առմամբ ստանձնել է           30,0 մլն. դրամի չափով ներդրումների կատարման և 7 աշխատատեղերի ստեղծման պարտավորությունները:  (Աղյուսակ 5):

Աշխատակազմի կողմից ստուգվել է հաշվետու ժամանակաշրջանի համար պարտավորություններ ստանձնած թվով 8 սուբյեկտների աշխատանքների կատարման ընթացքը: Տվյալ սուբյեկտների ընդհանուր պարտավորությունները ներդրումների և սոցիալական երաշխիքների ապահովման մասով նույն ժամանակահատվածի համար կազմել է համապատասխանաբար 96 350 000 ՀՀ դրամ և 22 աշխատատեղ:

Արձանագրված ընդհանուր կատարողականը հետևյալն է` ներդրումներ՝   83 453 900 ՀՀ դրամ կամ ստանձնածի 86,6 տոկոսը, աշխատատեղեր՝ չեն ստեղծվել կամ թերակատարվել են 100 տոկոսով      (Աղյուսակ 6):

          Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ Աշխատակազմի վերա­հսկո­ղության ներքո մնացել է 14 մասնավորեցման (օտարման) սուբյեկտների գործերի ընթացքը, որոնց ստանձնած ընդհանուր պարտավորությունները կազմել են՝                        1) ներդրումներ՝ 1 711 500 000 ՀՀ դրամ, 2) սոցիալական երաշխիքներ՝ 101 աշխատատեղ: (Աղյուսակ 8):

Որոնց նկատմամբ վերահսկողությունը օրենսդրության պահանջներին համապատաասխան շարունակվում է Աշխատակազմի կողմից ընթացիկ տարում։

Շնորհակալություն:

         Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Գրիգորյան: Հարցեր կա՞ն  պետական գույքի մասնավորեցման հաշվետվության  վերաբերյալ: Չկան հարցեր:  Շնորհակալություն, պարոն Գրիգորյան: Կարող եք նստել:

Քանի որ հղում  արեցինք ԱԺ կանոնակարգին, հոդված 104-ի համաձայն, մենք հիմա հարակից երկու զեկույց ունենք: Այժմ ես հրավիրում եմ ԱՀ Վերահսկիչ պալատի նախագահ պարոն    Էռնեստ Ավանեսյանին, խնդրեմ:

Էռնեստ Ավանեսյան - ԱԺ հարգարժան նախագահ, հարգելի   պատգամավորներ և ներկաներ:

«Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ. ծրագրի կատարման մասին» ԼՂՀ կառավարության 2016թ. տարեկան հաշվետվության վերաբերյալ ԼՂՀ վերահսկիչ պալատի եզրակացության հիմքում դրվել են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ. ծրագրի մասին» ԼՂՀ օրենքների, պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ. ծրագրի կատարման մասին ԼՂՀ կառավարության 2016 թվականի տարեկան հաշվետվության և պետական գույքի մասնավորեցման վերաբերյալ կառավարության որոշումների ուսումնասիրության արդյունքները:

Վերահսկիչ պալատի կողմից ստուգվել է հաշվետվության համապատաս­խանությունը Պետական գույքի մասնավորեցման մասին օրենքով վերջինիս ներկայացվող պահանջներին: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հաշվետվությունում արտացոլված են այն հիմնական պահանջները, որոնք ամրագրված են օրենքով: Մասնավորապես՝

1. Հաշվետվությամբ քանակային ցուցանիշներով նշված է ընկերությունների մասնավորեցման իրագործման աստիճանը. հաշվետու ժամանակաշրջանում  մասնավորեցման ներկայացված 13 ընկերություններից ոչ մեկի բաժնետոմսերը  չեն  մասնավորեցվել՝ հայտերի չներկայացման պատճառով, իսկ մեկը գտնվում է լուծարման ընթացքում:

2. Ներկայացված է «պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական (համայնքային) բյուջեների եկամուտների ավելացումը» նպատակի իրագործման աստիճանը. հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման գործարքներից  պետական բյուջե է մուտքագրվել 7,591.1 հազ.դրամ:

3. Հաշվետվության համաձայն, կառավարության, ի դեմս աշխատակազմի կողմից ձեռնարկվել են միջոցներ մասնավորեցման սուբյեկտների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ:

4.  Առկա են  հաշվետու տարում պետական գույքի մասնավորեցման վերաբերյալ տեղեկությունները, համաձայն որոնց՝ ուղղակի անհատույց օտարման ձևով մասնավորեցվել է մեկ կիսավեր օբյեկտ: Օբյեկտի  գնահատված արժեքը կազմել է 15,0 մլն. դրամ: Գնորդը ստանձնել է 30,0 մլն.դրամ ներդրումային և 7 նոր աշխատատեղ ստեղծելու պարտավորություն:

Հաշվետվությունը տեղեկություններ է պարունակում նաև մասնավորեցման հետևանքով հաշվետու ժամանակաշրջանում փաստացի կատարված ներդրումների և ներդրումային պարտավորությունների  մասին:

 Այսպիսով, ԼՂՀ վերահսկիչ պալատը եզրակացնում է, որ «Պետական  գույքի մասնավորեցման 2010-2012թթ. ծրագրի կատարման մասին» ԼՂՀ կառավարության 2016թ. տարեկան հաշվետվությունը համապատասխանում է ԼՂՀ  օրենսդրության պահանջներին: Շնորհակալություն ուշադրության համար:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Ավանեսյան : Հարցեր կա՞ն  հարակից զեկույցի հետ կապված: Չկան հարցեր:  Շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Կարող եք նստել:  Մենք ունենք նաև երկրորդ հարակից հարակից զեկույցը, դա ԱԺ ֆինանսաբյուջետային, տնտեսական կառավարման հանձնաժողովինն է, դրա համար հրավիրվում է հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը: Խնդրեմ:

Ռուսլան Իսրայելյան - Հարգելի գործընկերներ: ԼՂՀ Կառավարությունը                «Պետական գույքի մասնավորեցման մասին» ԼՂՀ օրենքի 9-րդ հոդվածի  պահանջի համաձայն «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ. ծրագրի կատարման մասին ԼՂՀ կառավարության 2016թ. տարեկան հաշվետվությունը» ներկայացրել է ԱԺ քննարկմանը: Հաշվետու ժամանակաշրջանում նոր ծրագիր չի ընդունվել, գործող ծրագրում փոփոխություններ չեն կատարվել: Շարունակել է գործել նախորդ ծրագիրը: Ծրագրում ընդգրկված 14 ընկերություններից մեկը գտնվում է լուծարման ընթացքում: Ըստ հաշվետվության, հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցվել է 1 կիսավեր օբյեկտ: Հաշվետվությունը մանրամասն տեղեկություններ է պարունակում, նաև հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման հետևանքով փաստացի կատարած ներդրումների և ներդրումային պարտա­վո­րու­թյունների մասին: Նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում և դրական եզրակացությամբ ներկայացվել է ԱԺ լիագումար նիստի քննարկմանը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցեր կա՞ն  գլխադասային հանձնաժողովի հարակից զեկույցի մասով: Չկան հարցեր: Շնորհակալություն, պարոն Իսրայելյան: Կարող եք նստել:

         Մենք, քանի որ գործող Կանոնակարգի 54-րդ հոդվածով է քննարկվում, կարող ենք նաև մտքերի փոխանակություն բացել, եթե այդպիսի ցանկություն կա: Չկա: Շնորհակալություն: Մենք, կարծում եմ, եզրափակիչ ելույթների առիթ չունենք, որովհետև ամեն ինչ ասված է: Մենք մշտական հանձնաժողովում  մանրամասնորեն քննարկել ենք, այնտեղ,  իհարկե, եղել են և հուզող հարցեր, և դրանց անհրաժեշտ պարզաբանումները և, հավանաբար, այդ գործընթացով էլ  հետաքրքրությունը փաստորեն սպառվել է:

Մենք հիմա կարող ենք քվեարկել արդեն ԱԺ որոշման նախագծի համար՝ հաստատելու ներկայացված հաշվետվությունը: ԱԺ որոշման «Պետական գույքի մասնավորեցման, 2010-2012թ.թ. ծրագրերի կատարման 2016թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԼՂՀ օրենքն ընդունելու վերաբերյալ:

Քվեարկություն.

Կողմ՝ 28, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 2: 

Որոշումն  ընդունված է, հաշվետվությունը հաստատված է:  Շնորհակալություն:

Մենք անցնում ենք օրակարգային մյուս հարցի քննարկմանը  և, այս հարցով մենք, փաստորեն ԱԺ գործունեության հետ կապված, նոր նախագծերին ենք անդրադառնում, այդ քննարկումն ենք բացում: Ուրեմն, ԱՀ «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության  երաշխիքների մասին» օրենքի նախագիծն է, այն վերջերս է դրվել շրջանառության մեջ և ներկայացված է պատգամավորական նախաձեռնության  կարգով: Ինչպես նախորդ դեպքում, այս անգամ էլ մենք որոշել ենք, որ մեր գլխավոր զեկուցողը ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, օրենքի նախագծի համահեղինակ պարոն Հովիկ Ջիվանյանն է, խնդրեմ:

Հովիկ Ջիվանյան - Հարգելի  գործընկերներ, ինչպես արդեն նշվեց, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի որպես շարունակություն, որպես լրացում, պարտավորվել էինք ներկայացնել նաև «Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակի  մասին» օրենքը և Աշխատակարգը, և ուրախ եմ, նաև լսելով հայտարարությունը, որ արդեն Աշխատակարգը նույնպես բաժանվել է պատգամավորներին:

Այժմ ես կներկայացնեմ «Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակի  մասին» օրենքի նախագիծը և կառաջարկեմ ընդունել  առաջին ընթերցմամբ: Ըստ էության, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը, նախկին   կանոնակարգ օրենքը  բաժանում ենք 3 մասի, բաժանում  ենք 3  բաղադրիչի՝ «Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակի  մասին» օրենքի,  «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի և «Ազգային ժողովի աշխատակարգ»-ի տեսքով:

Հիմա ես կներկայացնեմ «Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակի  մասին» օրենքի  նախագիծը:

Ուրեմն, «Պատգամավորի գործունեության  երաշխիքների մասին» ԱՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ   ընդունված  «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի նախագծի երրորդ հոդվածի պահանջի ապահովման անհրաժեշտությամբ:

«Պատգամավորի գործունեության  երաշխիքների մասին»  առանձին օրենքի  ընդունման հիմքում հաշվի են առնված ևս երկու կարևոր հանգամանքներ: Նախ, նախագծով «ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենսդրությունը համահունչ է դարձնում հանրային ծառայության աշխատողների, մասնավորապես, «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենսդրությանը, հաջորդ կարևոր հանգամանքը, որ սոցիալական երաշխիքների մասին առանձին օրենք ունենալը հետագայում հնարավորություն կընձեռնի ավելի արագ  արձագանքել սոցիալական ոլորտում հաճախակի ընթացող փոփոխություններին և զարգացումներին և դրանից բխող օրենսդրական փոփոխություններն առավել դյուրին և մատչելի ձևով կամրագրվեն օրենքում:

ԱՀ Սահմանադրության 111-րդ հոդվածի պահանջներին համապատասխան  նախագծի երկրորդ հոդվածում ամրագրվել են պատգամավորական մանդատի անհամատեղելիության օրենսդրական կարգավորումների մանրամասները:

Նախագծի 3-րդ  հոդվածը վերաբերվում է պատգամավորի էթիկայի կանոններին, որով պահանջվում է պատգամավորից` հարգել և ենթարկվել օրենքին, հարգել հանրության բարոյական նորմերը, իր գործունեությամբ նպաստել ԱԺ նկատմամբ վստահության և հարգանքի բարձրացմանը, ցանկացած գոծունեությամբ զբաղվելիս դրսևորել  պատգամավորին վայել վարքագիծ:

Նախագծի 5-րդ հոդվածով սահմանվել են  պատգամավորի աշխատանքային գործունեությանն առընչվող հարցերը:

Նախագծի 6-րդ հոդվածով սահմանվել են պատգամավորի կողմից  պետական և ՏԻՄ-երի, պաշտոնատար անձանց, հիմնարկներին և կազմակեր­պություններին հարցումներով և առաջարկություններով դիմելու և բարձրացված հարցերի քննարկմանը մասնակցելու իրավունքները, միաժամանակ նշվել են պաշտոնատար անձանց կողմից պատասխաններ ներկայացնելու ժամկետները: Նախագծում օրենսդրական կարգավորում են ստացել քաղաքացիների հետ պատգամավորների ընդունելության կազմակերպման, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու, պատգամավորի բնակարանային պայմաններն ապահովելու և պատգամավորի արձակուրդին իրավունքին վերաբերվող հարցերը:

Նախագծի 11-րդ հոդվածով ամրագրված է պատգամավորի գործունեության ապահովման օրենսդրական կարգավորումները:

Այսքանը, որպես հիմնավորում և խնդրեմ, եթե հարցեր կլինեն, պատրաստ եմ պատասխանելու, ասեմ, որ հեղինակների և իմ անունից առաջարկում ենք սա ընդունել առաջին ընթերցմամբ, բնականաբար, հնարավոր է կլինեն առաջարկություններ, մենք ժամանակ կունենանք ավելի մանրամասն անդրադառնալու, քննարկելու , ընդունելու կամ չընդունելու  առաջարկները: Այսքանը:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Հարցեր կա՞ն ներկայացրած նախագծի մասով:  Չկա՞ն հարցեր: Խնդրեմ, Գագիկ Բաղունց:

Գագիկ Բաղունց - Ճիշտն ասած, ժամանակի սղության պատճառով ես չեմ հասցրել մանրամասն ուսումնասիրել «Պատգամավորի գործունեության  երաշխիքների մասին» օրենքի նախագիծը, այնուամենայնիվ կուզեի հնչեցնել մի քանի հարց ու առաջարկություններ: Նախ, տեխնիկական մի հարց՝ հոդված 11-ում ներկայացված է, որ ԱԺ նստավայրում պատգամավորին տեխնիկական և կապի հնարավորություններ  են ապահովվում, ինտերնետային կապ, այդ թվում, կարծում եմ, որ ԱԺ նիստերի դահլիճը ևս կարելի է համարել աշխատանքային տեղ  և ապահովել ինտերնետային կապով:

Հովիկ Ջիվանյան - Առաջարկությունը, խնդրեմ, առաջին ընթերցումից հետո պատրաստ ենք լսելու և քննարկելու, միգուցե: Խնդրեմ, ներկայացրեք առաջարկը, կքննարկենք: Մենք ժամանակ ունենք դրա համար: Ծանոթանալու համար էլ ասեմ, ի գիտություն, որ նախագիծն ըստ էության այնքան էլ ծավալուն չէ և շատ ժամանակ չի խլի պատգամավորներից մանրամասն ծանոթանալու համար...

Գագիկ Բաղունց -  Այստեղ անցկացրած ժամանակը  գնալով կմեծանա...

Աշոտ Ղուլյան - Արգելում է, աշխատակարգը որ կարդաք, արգելում է: Չի կարելի,  եթե համակարգիչ կա, դրա էկրանին կարող են լինել միայն քննարկվող հարցերը, օրինագծերը, որոշման նախագծերը, թե չէ ամեն մեկն իր համար ինտերնետով կարող է որոնումների մեջ մտնել: ԱԺ դահլիճ արգելվում է բերել, չթույլատրված միջոցները:  Խնդրեմ, առաջարկեք, բայց սա երկրորդ կարծիքն է, դա կարող է պարզապես շեղել ԱԺ գործունեությունը:

Հովիկ Ջիվանյան - Ըստ էության  մենք ունեցանք և առաջարկություն և պատասխանը: Հարցը դուրս եկավ օրակարգից:

Գագիկ Բաղունց - Հաջորդ առաջարկությունս, Ազգային ժողովի ցրման դեպքում պատգամավորը ստանա միանվագ դրամական նպաստ մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը: Դա կլինի 1/2 չափով, 1/4 չափով, այդ թիվը կարելի է ճշտել, սակայն միանվագ նպաստի ստանալու  հարցը, կարծում եմ, քննարկման անհրաժեշտություն կա:

Հովիկ Ջիվանյան -  Պարոն Բաղունց, միանշանակ այստեղ, մենք պատրաստ ենք լսել բոլոր այն առաջարկությունները, բայց հիմա չգիտեմ, առարկայական անցնում ենք, մենք  առաջարկում ենք առաջին ընթերցմամբ ընդունել: Կարող ենք, հընթացս առաջարկությունն էլ լսել, ընդունել կամ չընդունել, այդ դեպքում ես ստիպված ուզում եմ վերջում առաջարկել ընդունել որպես օրենք: Առաջարկություն կանեմ հատուկ ընթացակարգով երկրորդ ընթերցմամբ ընդունել:

Աշոտ Ղուլյան - Հա, քանի որ  /չի լսվում/, ես առաջարկում եմ, որ մենք ժամանակ ունենալու ենք, շատ հանգիստ կարող ենք քննարկել, բայց Ձեր բարձրացրած հարցն ինձ թվում է, որ լուծվում է ընդհանուր աշխատանքային օրենսդրության  սահմաններում: Այսինքն, ցանկացած աշխատող՝ պետական կառավարման համակարգում լինի, եթե ազատվում է աշխատանքից հրամանագրով, ապա անպայման պետք է այդպիսի հնարավորություններ ստեղծեն: /Չի լսվում/: Շատ լավ, կուսումնասիրենք:

Էդուարդ Աղաբեկյան - Պարոն Ջիվանյան, «Իրավական  ակտերի մասին» օրենքի համաձայն հղում կարելի է կատարել գործող օրենսդրությանը, ընդունված օրենսդրությանը, ինչքանո՞վ է հիմնավոր Ձեր առաջին նախադասության մեջ հղումը դեռևս առաջին ընթերցմամբ ընդունված ԱԺ կանոնակարգին:

Հովիկ Ջիվանյան - Միգուցե ճիշտ է,  բայց ես հղում եմ արել առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծին, ընդ որում, առաջին ընթերցմամբ, իհարկե հարց է, հնարավոր է առաջին ընթերցմամբ նույնիսկ չընդունվի և հղումը դառնա ոչ օրինաչափ, բայց մյուս տրամաբանությունն էլ կա, որ ես առաջարկում եմ: Իմ առաջարկն էլ նույն ձևի կարող է, այսինքն ներկայացվող օրենքի նախագիծն էլ կարող է առաջին ընթերցմամբ  չընդունվի: Այլ տարբերակ, այլ ձևակերպում եթե հաջող կթելադրեք, հետ դառնամ, այդ նախադասությունն այդ ձևով կրկնեմ:

Աշոտ Ղուլյան - Ներողություն, եթե շրջանառության մեջ չլիներ, ես լրիվությամբ կհամաձայնվեի, քանի որ  շրջանառության մեջ ունենք և հենց այսօր էլ նախատեսվում է ընդունել: Ուրիշ հարցե՞ր: Դավիթ Իշխանյան:

Դավիթ Իշխանյան Երկու օրենքների համահեղինակները նույնն են և աշխատանքային նույն խումբն է աշխատել: Կարծում եմ, սա տեխնիկական  երևի վրիպակ է «Պատգամավորի /չի լսվում/ ընդունելության իրավունքը»  հոդվածում, որովհետև մենք ստացել ենք ամփոփաթերթիկը կանոնակարգի վերաբերյալ և պատգամավորների հարցումների առումով մեր առաջարկը խմբակցության, որ կար      10-օրյա, բայց կոմպրոմիսային  ընդունել է երկշաբաթյա: Այստեղ հղումը` 3-շաբաթյա:

Աշոտ Ղուլյան - Քանի որ չի ընդունված, դեռ չի ավարտված  հլա էդ ա:

Հովիկ Ջիվանյան -  Եթե ինչ-որ անհամապատասխանություն  կա, էլի շտկումները կանենք:

Աշոտ Ղուլյան -  Եթե այսօր դա ընդունվի երկշաբաթյա, ուրեմն համապատասխան նաև փոփոխություն կկատարվի: Ուրիշ հարցե՞ր: Արպատ Ավանեսյան: Խնդրեմ:

Արպատ Ավանեսյան - ԱՀ «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածի վերնագիրը ես կխնդրեի նորից կարդալ, որովհետև ինձ թվում է, սա հայերեն չի գրված:

Հովիկ Ջիվանյան - «Քաղաքացիների հետ պատգամավորի ընդունելության կազմակերպումը»...

Արպատ Ավանեսյան - Գրված է «Քաղաքացիների հետ պատգամավորի ընդունելության կազմակերպումը»: Հայերե՞ն է դա:

Հովիկ Ջիվանյան -  Ես իմ: Հաստատ անգլերեն չի, մնացածը չգիտեմ:

Աշոտ Ղուլյան - Այստեղ մի քիչ  բան կա,  որովհետև 2 բան է նախատեսվում՝ ընդունելություն և հանդիպում: Վերնագիրը երևի միացրած է, բայց ես ընդունում եմ: Ճիշտ է:

Արպատ Ավանեսյան - Դա չպիտի լինի, այն, ի՞նչ պիտի լինի, դա ուրիշ բան է:

Հովիկ Ջիվանյան -  Լավ կլիներ, որ նաև առաջարկեք, օրինակ, ի՞նչ տերմին գրենք: Նորմալ է սա, որպես հայերեն: Ամեն դեպքում նորմալ է, ես չգիտեմ:

Աշոտ Ղուլյան- Այստեղ մենակ ընդունելությունը չէ, այստեղ նաև հանդիպումներն էլ են, դրա համար:

Հովիկ Ջիվանյան -  Ընդունելության մեջ մտնում է նաև հանդիպումներ, ես կարող եմ տհենց բան անել: Եթե ուրիշ տերմին գտնեք՝ խնդրեմ: Էդ դեպքում ընդունելությունը որտե՞ղ է մնալու, եթե հանդիպում գրենք: Խնդրեմ, պատրաստ ենք, ոչ մի առաջարկություն չկա:

/Չի  լսվում/ ...

Աշոտ Ղուլյան - Ուրիշ հարցե՞ր: Չկա՞ն: Շնորհակալություն, պարոն  Ջիվանյան, կարող եք նստել: Այժմ ես ուզում եմ հրավիրել գլխադասային հանձնաժողովի  եզրակացության համար պետա-իրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ պատգամավոր Արսեն Առստամյանին: Խնդրեմ:

Արսեն Առստամյան - ԱՀ «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի նախագիծը գլխադասային պետա-իրավական հանձնաժողովում ստացել է  դրական եզրակացություն ՝ առաջին ընթերցմամբ ընդունելու նպատակով: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցեր կա՞ն գլխադասային  հանձնաժողովին:

 Գլխադասային  հանձնաժողովին հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Առստամյան: Մտքերի փոխանակության, ելույթների, գաղափարներ, առաջարկություններ:

Ես կարծում եմ, որ մենք այս պրոցեդուրան, որ սահմանեցինք, դեռ առիթ ունենալու ենք խոսելու, հետևաբար երևի տեղին է,որ  մենք հիմա առաջին ընթերցման համար քվեարկենք և ճանապարհ բացենք, որպեսզի այդ քիչ առաջ ներկայացված առաջարկություններն արդեն պաշտոնական ներկայացվեն աշխատակազմ և հանձնաժողովը  հեղինակների հետ միասին կարողանան  աշխատեն: Ընդունելի՞ է, շատ լավ:

 Քվեարկության է ներկայացվում ԱԺ որոշման նախագիծը՝ ԱՀ «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ԱՀ օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ:

Քվեարկություն.

Կողմ՝ 30, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է: Առաջին ընթերցմամբ «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ԱՀ օրենքի նախագիծն  ընդունվել  է:  Ես պարզապես պիտի խնդրեմ, որ այս 14 օրվա ժամանակահատվածն ինչքան հնարավոր է, էլի սեղմ կարողանանք օգտագործել, պարզապես ժամանակ շահելու համար: Եվ ամենայն հավանականությամբ, հունիս ամսվա ընթացքում մենք ԱԺ, չգիտեմ, եթե  մեկով կարողանանք այդ ամբողջ հարցերը սպառել, եթե՝ չէ, ուրեմն երկու լիագումար նիստեր պետք է հրավիրենք, որպեսզի ամբողջությամբ... Մենք ունենք նաև  2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը:

Շատ լավ, մեզ միայն մեկ օրինագիծ է մնում այսօրվա օրակարգի քննարկումների ցանկում «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ: Ես չեմ ուզում հիմա նորից նախաբան ներկայացնել, որ դա արվել է առաջին ընթերցմամբ, ներկայացվել են առաջարկություններ, ես այդ իրավունքն ուզում եմ վերապահել գլխավոր, հիմնական զեկուցողին, նախագծի հեղինակներից ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ պատգամավոր Հովիկ Ջիվանյանին: Խնդրեմ, պարոն Ջիվանյան:

Հովիկ Ջիվանյան - Նորից  ձեր համբերությունը մի քիչ չարաշահեմ: Ուրեմն, ինչպես արդեն նշվեց  «Ազգային ժողովի կանոնակարգ»  ԱՀ օրենքի  նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է, ընդունվել է և այսօր  առաջարկվում է այն ընդունել երկրորդ ընթերցմամբ: Ասեմ, որ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո եղել են բավականին մեծ քանակությամբ առաջարկություններ` թվով 95: Ես դրանք պայմանական, այսպես կխմբավորեի, կբաժանեի. Առաջարկություններ, որոնք վերաբերվում են խմբագրական կողմին, ձևակերպումներին և խմբավորումներին, որոնց գերակշիռ մասն ընդունվել է, համարյա 100 %, առաջարկություններ, որոնք վերաբերվում են  խմբագրական կողմին և ձևակերպումներին, ընդունվել են և երկրորդ մասը, որոնք եղել են բովանդակային, ընդ որում` այդ բովանդակային մասի առաջարկությունները, որոնք նույնպես պատկառելի թիվ են կազմել, դրանք էլ պայմանական  ես կբաժանեի երկու մասի՝ առաջարկություններ, որոնք որպես գաղափարներ ընդունվել են, բայց նպատակահարմար չի գտնվել այս պահին դրանք ամրագրել օրենքում՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, այդ հանգամանքներից մեկն օրինակ կա Սահմանադրության դրույթների գործողության մեջ մտնելու ժամկետներ և  մեր կարծիքով նպատակահարմար է առաջարկություններից որոշակի մասը դրանից հետո արդեն ընդգրկել, դրանից հետո այդ լրացումները, որոնք եղել են բովանդակային և ընդունվել են: Հիմնականում մեկի վրա  կուզենայի շեշտադրում անել, որ նախագծում, փոփոխվել է կամ լրացվել է մի կետով, օրենքի մի հոդվածին ավելացվել է մի կետ, որով առաջարկվել է հանձնաժողովների նախագահներին տալ մեկական վճարովի օգնականների հաստիքներ, որոնք պետք է նախատեսվեն ԱԺ աշխատակազմի հաստիքացուցակով: Սա է եղել հիմնական բովանդակային փոփոխությունը: Ասեմ, որ մինչև վերջին պահը  հանձնաժողովը նույնպես, հեղինակները նույնպես խմբագրական փոփոխություններ անում էին, փոփոխություններ եղել են նույնիսկ այսօր առավոտյան, հղումներն ավելի հստակեցրել ենք և համապատասխանեցրել, ուղղակի ճշգրտումներ ենք արել: Այսքանը ես կարող եմ ասել, եթե կան հարցեր «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի  նախագծի վերաբերյալ, խնդրեմ: Եթե՝ չէ, հեղինակների կողմից ես առաջարկում եմ  օրենքի նախագիծն ընդունել որպես օրենք:

Աշոտ Ղուլյան  -  Շնորհակալություն: Հարցե՞ր:  Հարցեր հիմնական զեկուցողի՞ն:

Ժաննա Գալստյան - Պարոն Ջիվանյան, ելնելով Ձեր բնավորությունից, ես ակնկալում եմ շատ անկեղծ պատասխան: Հանձնաժողովի նախագահների վճարովի օգնականների անհրաժեշտությունը սոցիալակա՞ն խնդրով է պայմանավորված, թե Դուք գտնում եք, որ այնքան է ծանրաբեռնված մեր աշխատակազմը, մեր օգնականները, մեր ռեֆերենտները կամ մեր փորձագիտականը, որ մենք դրա անհրաժեշտությունն ունենք: Անկեղծ պատասխան եմ ակնկալում:

Հովիկ Ջիվանյան - Միանշանակ, կամ անկեղծ եմ պատասխանում կամ չեմ պատասխանում: Շնորհակալություն հարցի համար: Միգուցե նաև անհրաժեշտություն կար` բացեի: Ասեմ, որ գաղափարի հիմնական հեղինակը ես եմ և ասեմ ինչ մոտիվացիաներ ես ունեմ: Իհարկե, կարող է լինեն տարբեր ընկալումներ, տարբեր մոտեցումներ: Իմ մոտեցումը հետևյալն է, համենայնդեպս, նպատակը որ հետապնդում եմ, հետևյալն է. ոչ թե ես գտնում եմ, որ ԱԺ կամ ԱԺ պատգամավորներն այդքան ծանրաբեռնված են, այլ գտնում եմ, որ ԱԺ պատգամավորներն այնքան անպատրաստ են, այդ թվում նաև ես, որ կարիք ունենք զուտ մասնագիտական օգնության և օժանդակության: Ես ի նկատի եմ ունեցել հետևյալը, այսինքն, ես ունեմ հետևյալ միտքը, որ եղել են նաև կարծիքներ, որ դրանով, ընդ որում, խնդրում եմ ուշադրություն դարձնեք, որ ես, իմ առաջարկությունը եղել է, որ այդ օգնականները, վճարովի օգնականները  լինեն անպայման հայեցողական, որպեսզի յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահ ինքը թող ընտրի այն մարդուն, որը որ գտնում է, կարող է իր մասնագիտական աշխատանքն իրականացնելու ընթացքում իրեն օգտակար լինել  և բարձրացնել իր հեղինակությունը: Ես աշխատել եմ, որ ընդհակառակը, միգուցե նրանք նաև օգնեն, նպաստեն, եթե, ճիշտն ասած, միգուցե հաջորդ քայլում ես  նույնիսկ  առաջարկեմ, որ բոլոր 33 պատգամավորներն այդ նույնը ունենան, բայց գոնե հանձնաժողովների մակարդակով, այսինքն, դա արդեն բավականին մեծ տոկոս է  կազմում՝ 7 հոգի: Յոթ հոգին, այսպես ասեմ, այդ 7 հոգուն նաև մասնագիտական օգնությունը լինի, օժանդակի, նպաստի ավելի պատրաստվելու՝ որպես ԱԺ պատգամավոր, որպես հանձնաժողովի նախագահներ: Նպատակը սա է եղել: Ինչպե՞ս կիրացվի, դա կախված է ամեն հանձնաժողովի նախագահից: Յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահից կախված կլինի ինչպես կկայացվի այդ ինստիտուտը և արդեն կերևա, ինչքանո՞վ է նպատակահարմար դա: Այս է իմ պատասխանը, կարող է դա  ընդունելի է մի մասի համար, կարող է՝ ընդունելի չի: Ես էս կարծիքին եմ:

Աշոտ Ղուլյան - Ուրիշ հարցե՞ր:   

Դավիթ Իշխանյան - Մեր առաջարկների մեջ կար նաև հետևյալ առաջարկը, որ խորհրդարանական լսումներ կազմակերպել  յուրաքանչյուր նստաշրջանում առնվազն մեկ անգամ: Ամփոփաթերթիկը ստանալուց հետո հետևյալ բացատրությունը կա. չի ընդունվել, քանի որ գործող կանոնակարգում առկա է նման դրույթ և այն չի աշխատել: Կարո՞ղ եք որոշակի մեկնաբանություն  տալ:

Հովիկ Ջիվանյան - Ես մի քիչ այլ պատասխան կտայի: Անկախ նրանից եղել է, չի աշխատել թե չի եղել, չի աշխատել, բայց լսումներ կազմակերպելու իրավունքը, խմբակցությունների իրավունքը սահմանված է և բոլորին իրավունք է վերապահված ոչ թե մեկ, այլ 101 լսումներ կազմակերպել: Ուղղակի ես անհանգստության պատճառ չեմ տեսնում, որ ասել են, ինչքան ուզում են թող անեն, ինչի համար ենք մենք ուզում ասենք պարտադիր մեկ և հետո, եթե մի խմբակցությունը կազմակերպում է իր լսումները, մյուսն ընդհանրապես, այսինքն հո դա ձևական չի: Կարող է մի խմբակցության համար ընդհանրապես նյութ չունենա, լսումները չկազմակերպի, ինչի՞ ինքը ստիպված լինի ձևական լսումներ կազմակերպելու: Այսինքն, մենք թողել ենք դաշտն ազատ, թող մեկը չանեն, 101-ն անեն:

Աշոտ Ղուլյան - Նաև հանձնաժողովների, պարոն Ջիվանյան:

Հովիկ Ջիվանյան - Նաև հանձնաժողովների, այսինքն, խոսքը վերաբերվում է  հանձնաժողովներին. ինչի՞ համար: Լիազորությունը կա, սահմանը ազատ թողնված: Այսինքն դա ավելի լայն է և ավելի ճիշտ է: Լավ, մի ուրիշ հարց տամ: Եթե հանկարծ որևէ հանձնաժողով կամ որևէ խմբակցություն ամրագրել ենք, որ պարտավոր է առնվազն մի լսում անի, եթե չանի, ի՞նչ ենք  անելու, պատգամավորական մանդատից զրկելո՞ւ ենք: Ի՞նչ ենք  անելու: Ասեք իրավական հետևանքը:

Դավիթ Իշխանյան - ԱԺ ամբիոն, գոյություն ունի նաև պարտականություններ: Ի վերջո այս լսումները, մենք խոսել ենք նաև այդ մասին, առանձին հանդիպել ենք աշխատանքային խմբի և համահեղինակների հետ, բայց մենք, ասենք, չունենք լսումների դաշտ, չկա համապատասխան հարցեր, լինի դա կրթության հանձնաժողով, լինի դա արտաքին հարաբերությունների, լինի դա պաշտպանության, այսինքն...

Հովիկ Ջիվանյան - Հա, համահեղինակներն այն կարծիքին են մնացել, որ դաշտն ազատ թողնելով, այսինքն ավելի լայն հնարավորություն թողնելով ավելի ճիշտ է խնդրին լուծում տալը:

 Աշոտ Ղուլյան - Մի փոքր լրացում: Խորհրդարանական լսումների կազմակերպման դաշտը նոր նախագծով ընդլայնվել է: Խմբակցությունը, հանձնաժողովը, ԱԺ նախագահը կարող է դա նախաձեռնել և, խնդրեմ, այսինքն, դաշտն ավելի լայն ենք բացել, որպեսզի Ձեր ասած այդ պակասը չերևա: Հիմա, նախաձեռնողների  շարքն ավելի մեծ է, ցանկն ավելի ենք մեծացրել:

Էդուարդ Աղաբեկյան - Հարցի շարունակությունը որպես, գուցե պատասխանում նշվեր ոչ թե  չի արդարացվել կամ ընդլայնվել է  և այլն, և այլն: Այլապես  հարցս, ԱԺ-ում ստեղծում են խորհրդարանական -բարեկամական խմբեր: Ես կոնկրետ ընդգրկված եմ Հայաստանի հետ խորհրդարանական- բարեկամական  հանձնաժողովում, որը երկու տարի է չի գործել: Գուցե նա է՞լ ջնջեք այնտեղից:

Աշոտ Ղուլյան -  Առաջիկա օրերին գործելու է:

Էդուարդ Աղաբեկյան - Բայց կանոնակարգում վեց ամիսը մեկ առնվազն ...

Աշոտ Ղուլյան -   Հա, դե հիմա ի՞նչ անենք, փոխենք օրն ու ասենք, մենք վեց ամսվա պահանջ ունե՞նք: Շատ լավ, ընդունելի է: Այսինքն, փոխենք ձևակերպումը:

Էդուարդ Աղաբեկյան - Հայաստանի հետ գոնե հանդիպման անհրաժեշտություն խորհրդարանի մակարդակով...

Աշոտ Ղուլյան – Իսկ ՀՀ խորհրդարանից պատգամավոր եղե՞լ է, որ չգար  ապրիլյան օրերին այստեղ, այսինքն նորից բերենք այստեղ, ասենք, չէ, հիմա բոլորդ միասի՞ն եք: Ես կարծում եմ, որ սկսած հանձնաժողովներից, բոլոր խմբակցությունները և հերթով և միասին եկել են այստեղ:

/Չի լսվում/:

Աշոտ Ղուլյան -   Ուրի՞շ: Արպատ Ավանեսյան:

Արպատ Ավանեսյան - Ես ուզում եմ  անդրադառնալ տիկին Ժաննա Գալստյանի  բարձրացրած հարցին՝ օգնականների հարցին: Նախ, ես ասեմ, որ  համենայն դեպս ես Ձեր նկատառումներից մեկը հաստատ չեմ ընդունում, որ մեր հանձնաժողովների նախագահներն այնքան անպատրաստ ու անգրագետ են, որ ցանկացել եք /չի լսվում/ Ձեզ փրկեք: Նույնիսկ ես, էլի: Չէի ասի, որ Դուք էլ եք էդ շարքի մեջ մտնում, այլ բացատրություն փնտրեք: Բացի դրանից,  մեր ԱԺ ձևավորումից վերջին 12 տարվա ընթացքում ինչքան հետևում եմ, պատգամավորներից հետո՝ ռեֆերենտներ, ռեֆերենտներից հետո եկավ փորձագիտական խումբ, հիմա էլ ավելացնում եք օգնականներ: Դա շատ նման է այն հանրահայտ պատմությանը, երբ մեկ պահակ են վերցնում մի հիմնարկի համար, հետո՝  հաշվապահ,  հետո դիրեկտոր և այլն: Հետո, երբ գալիս է կրճատելու ժամանակը, պահակին են կրճատում: Ես վախենում եմ  ԱԺ վերջում պատգամավորներին կրճատեք /չի լսվում/...  

Աշոտ Ղուլյան -   Շատ ուժեղ համեմատություն է: Արթուր Թովմասյան:

Արթուր Թովմասյան - Ընդհանրապես, եթե մենք ուզում ենք ԱԺ դերի բարձրացումը չմնա թղթի վրա, օգնականները դրանք անհրաժեշտ և բավարար պայման են յուրաքանչյուր  պատգամավորի համար: Փորձը ցույց է տվել, որ երկար տարիներ հասարակական հիմունքներով  կարող է պատգամավորին օգնի մեկ ամիս, երկու ամիս, երեք ամիս: Արդեն չի աշխատելու օգնականի հասարակական հիմունքներով աշխատելու այդ ինստիտուտը: Այսօր հնարավորություն կա 7-ով ավելացնել: Ես միանգամայն համոզված եմ, այսօր մեր խմբակցությունում, խմբակցության նիստի ժամանակ Ռուդիկ Լևոնովիչը ևս  բարձրացրեց, որ 33 պատգամավորներն էլ ունենան, որպեսզի պատգամավորը  լիարժեք աշխատի:  Արդյո՞ք մենք լիարժեք ենք, ոչ թե գիտելիքի պակաս կա:

Հովիկ Ջիվանյան -  Շնորհակալություն: Շնորհակալություն: Ես մի շեշտադրում էլ կուզենայի անեի...

Արթուր Թովմասյան - Ես չեմ ավարտել, ուզում եմ պաշտպանեմ քեզ: Այսինքն, դա առաջին քայլն է, դա ուրիշ բան է՝ Թովմասյան Արթուրը համապատասխանու՞մ է ԱԺ պատգամավոր լինելուն թե՞ ոչ: Արպատ Սանջանի, այստեղ խելքի համար չի, օգնականը դա հայեցողական պաշտոն է, իսկ քո ռեֆերենտը՝ ոչ: Քո ռեֆերենտը, որ նստած է այնտեղ, աշխատակազմին է ենթարկվում: ԱԺ նախագահը կարող է, հանձնաժողովը կարող է քո ռեֆերենտին ընտրի, բայց օգնականը, ցանկացած մարդ, ամենաիդեալականը, իր ոլորտին տիրապետողն էլի ինչ-որ տեղ օգնականի անհրաժեշտություն  ունի: Օգնականը նաև խորհրդական է, նաև ամեն ինչ է: Մենք պետք է դառնանք իրականում պրոֆեսիոնալ պառլամենտ: Արդյո՞ք մենք 2015թ. դարձել ենք այդ պրոֆեսիոնալ պառլամենտը: Ո՛չ: Ինչո՞ւ, որովհետև համապատասխան պակասություն կա: Հենց նաև այդ օգնականի մասով: Ես, ժամանակին, ԱԺ փոխնախագահ` չեմ ունեցել օգնական: Ես ողջունում եմ, որ ԱԺ նոր փոխնախագահը հենց 2015թ-ից այդ օգնականն ունի: Ես հիմա էլ եմ ողջունում, որ 7 հանձնաժողովի նախագահներն ունենան օգնականներ: Դուք Ձեր աշխատելու ժամանակ, իրականում եթե ճիշտ եք ընտրել այդ օգնականին, որը կարող է Ձեզ ոչ թե գիտելիքի պակաս, այլ Ձեզ համար իրականում օրենքի նախագիծը վերլուծի և դնի: Ոչ միայն Ձեր մասնագիտության գծով, այլև մյուս հանձնաժողովի մեջ: Եկեք օգնականին այդ տեսանկյունից նայենք և ողջունենք, որ 7-ը կա: Եվ եթե մեր պետությունը հնարավորություն ունենա, գուցե հաջորդ գումարման ժամանակ բոլոր 33 պատգամավորները... որովհետև աշխարհում չկա մի երկիր, որտեղ ԱԺ պատգամավորը չունենա վճարովի մի քանի օգնականներ: Որոնք են պատգամավորի... պետք է արտաքին քաղաքականության վերաբերյալ... եթե ուզում ենք պատգամավորը լիարժեք լինի, արտաքինի մասով պետք է օգնական ունենա, տնտեսականի և իրավականի...

Աշոտ Ղուլյան –   Արթուր Բաբկենի, սա...

 /Չի լսվում/...

Հովիկ Ջիվանյան - Շնորհակալություն, պարոն Թովմասյան, և եթե ուշադրություն եք դարձրել, իրականում պարոն Թովմասյանն իր ելույթում ևս շեշտեց այդ միտքը, եթե ուշադրություն եք դարձրել, մենք հիմնական շեշտը դրել ենք  ոչ միայն վճարովի տերմինի վրա, այլ հայեցողական տերմինի վրա: Եվ ամբողջ իմաստը հենց սրանում է և շեշտվեց  մի բան, այսինքն, եթե դա ճիշտ է ընտրվում, ամեն դեպքում, տրամաբանության հիմքում դրված է դա, մենք մեծ արդյունք ենք սպասում, եթե ճիշտ է ընտրվում այդ օգնականը, մենք սպասում ենք դրանից բավականին շոշափելի արդյունքներ: Եվ հիմքում դրված է հենց հայեցողական լինելը, ոչ միայն վճարովին:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Ուրի՞շ: Ուրիշ հարցե՞ր: Հարցեր: Չկան հարցեր: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան, կարող եք նստել: Մենք հիմա հնարավորություն ունենք ելույթների, մտքերի փոխանակության, խնդրեմ, եթե այդպիսի ցանկություն կա...

Արսեն Առստամյան, Էդուարդ Աղաբեկյան, Հայկ Խանումյան, Վահրամ Բալայան: Մի րոպե, արդեն պիտի գրեմ: Ելույթների համար հերթագրվել են՝ մտքերի փոխանակության Արսեն Առստամյան, Էդուարդ Աղաբեկյան, Հայկ Խանումյան Վահրամ Բալայան, Արթուր Թովմասյան և ես:

Սկսում ենք մտքերի փոխանակությունը: Ելույթի համար խոսքը տրվում է պատգամավոր Արսեն Առստամյանին, թող պատրաստվի Էդուարդ Աղաբեկյանը:

Արսեն Ատստամյան - Հարգելի գործընկերներ: Ինչպես գիտեք, ապրիլի 20-ից շրջանառության մեջ է «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որը մայիսի 11-ի լիագումար նիստում ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Օգտվելով գործող կանոնակարգով սահմանված առաջարկություններ ներկայացնելու պատգամավորի իրավունքից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված նախագիծը Սահմանադրությունից հետո Ազգային ժողովի գործունեության, թերևս, ամենակարևոր օրենքն է, մեղմ ասած, կողքով անտարբեր անցնել չէի կարող։

Նպատակահարմար չեմ գտնում կետ առ կետ անդրադառնալ իմ կողմից արված առաջարկություններին, որովհետև մեկ ժամից քիչ ավելի դրանք քննարկել եմ նախագծի համահեղինակների հետ։ Ճշմարտության առաջ մեղանչած կլինեմ, եթե ասեմ, որ առաջարկությունները չընդունելու հիմնավորումներն ամբողջությամբ պատճառաբանված էին։ Ներկայացնեմ մեկ վիճակագրություն և անցնեմ առաջ. 30 գրավոր և մեկ բանավոր առաջարկից 3-ն ընդունվել է, մեկն ընդունվել է մասնակի, մեկը՝ ըստ համահեղինակների, կգործի 2020 թվականից, 2 առաջարկության դեպքում էլ նշված է, որ հարցի կարգավորումը նախատեսված է աշխատակարգով։ Վիճակագրության այս պատկերից, բնավ, չեմ հուսալքվում։

Հիմա` ըստ էության։ Ներկայացված առաջարկություններով 4 հիմնական գաղափար եմ քննարկման դրել։ Առաջին՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի կրճատում, 2-րդ՝ ամսվա կտրվածքով եռօրյա լիագումար նիստերի անցկացում, 3-րդ՝ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորի՝ խմբակցությունից դուրս գալու կամ հեռացվելու դեպքում մանդատի վայր դնում և 4-րդ՝ ԱԺ-ի աշխատանքների պատշաճ լուսաբանում՝ աշխատակազմի միջոցներով։ Առաջին երեքը տարբեր հիմնավորումներով չի ընդունվել, վերջինն էլ, ասում են, ընդունվելիք Աշխատակարգն է կարգավորելու։ Իրականում այդպես է, թե՝ ոչ, չեմ կարող ասել, որովհետև Աշխատակարգի բովանդակությանը, ինչպես ձեզնից շատերը, այնպես էլ ես  առայժմ ծանոթ չեմ։

Գուցե ոչ մշտական հիմունքներով գործող խորհրդարանի պարագայում արդարացված էր ունենալ մշտական հիմունքներով գործող հանձնաժողովի նախագահի տեղակալ, բայց այսօր արդեն, իմ կարծիքով, արդարացված չէ։ Գաղափարի ընդունմամբ ոչ միայն պետական բյուջեն տնտեսում կունենար (թող որ չնչին), այլև  պատգամավորի կարգավիճակով պայմանավորված մեկ պաշտոն կվերանար, իսկ դա իր հերթին հնարավորություն կտար խուսափել պատգամավորների արհեստական դասակարգումից։

Այս տարվա փետրվարի 20-ին ընդունված Սահմանադրության 167-րդ հոդվածի առաջին մասը պարտավորեցնում է Ազգային ժողովին գործող օրենսդրությունը 3 տարվա ընթացքում համապատասխանեցնել Սահմանադրությանը։ Զուտ տեխնիկական առումով, պատկերացնել կարելի է, թե աշխատանքի ինչպիսի ճակատ է բացվել։ Եռօրյա նիստերի անցկացման գաղափարի ներդնումը նաև դրդապատճառ կհանդիսանար պատգամավորական առավել հաճախակի օրենսդրական նախաձեռնությունների, օրենքները հապճեպ չընդունելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հոդված առ հոդված քննարկման։ Եվ վերջապես, խորհրդարանի աշխատանքը, գոնե այս մասով, համահունչ կդարձվեր մշտական հիմուքներով աշխատաոճին։

3-րդ, ինձ համար, թերևս, ամենակարևոր գաղափարը չի ընդունվել՝ «պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով» պատճառաբանությամբ։ Քավ լիցի, բնավ նպատակ չունեմ պատգամավորին կաշկանդել հրամայական մանդատով։ Այլ նպատակ ունեմ ոչ ասել, այսպես կոչված, առնետավազքին։

«....Կուսակցական պատկանելությունը փոխելու հիմքով մանդատի գործողության դադարեցումն այն հիմնականիրավական միջոցներն ենորոնք ապահովում են մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններըխորհրդարանում քաղաքական այն հարաբերակցության պահպանումըորը սկզբնապես ձևավորվել էընտրություններում ժողովրդի կամքի արտահայտման արդյունքում։ Խորհրդարանում քաղաքական այնհարաբերակցությունըորը սահմանվում է ըստ ժողովրդի կամաարտահայտությանչի կարող փոփոխություն կրելտվյալ գումարման խորհրդարանի գործունեության ընթացքում։ Հետևաբարպատգամավորի լիազորություններիդադարեցման խնդրո առարկա հիմքն իրավաչափ միջոց է այդ նպատակն ապահովելու համար։ Այլապես, նմանհիմքի բացակայության պայմաններում կստացվիոր քաղաքական կուսակցությունների գոյությունըորպեսժողովրդի քաղաքական կամքի ձևավորման և արտահայտման միջոցմիանգամայն շինծու երևույթ էքանի որ հենցընտրություններից հետո կարող են տեղի ունենալ պատգամավորական խմբերի ու խմբակցությունների այնպիսիվերադասավորումներոր ընտրությունների արդյունքում ձևավորված օրենսդիր մարմինը չարտահայտի ժողովրդիկամքը։ Այսինքն՝ ժողովրդի կամքի արտահայտությունը լինի որոշակի խորհրդարանական քաղաքականհարաբերակցությունորըսակայնհակառակ ժողովրդի կամքիվերածվի մեկ այլ հարաբերակցությանինչիարդյունքում ձևավորվի օրենսդիր մարմինորը չի արտացոլի ընտրությունների իրական արդյունքները....»։ Սա մեջբերում էր «ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԻՐԱՑՈՒՄԸ» ուղեցույց-ձեռնարկի առաջին հատորից (էջ 678): Կարծում եմ՝ սրանից հստակ, պարզ ու հասկանալի չի լինում։ Առաջ քաշված փաստարկները լիովին հիմք են տալիս ինձ «դեմ» քվեարկել ներկայացված օրենքի նախագծին։ Բայց «կողմ» քվեարկելու շատ ավելի պատճառաբանված փաստարկ կա։ Բնավ նպատակ չունեմ իմ բացասական քվեարկությամբ խաթարել երկրի կենսագործունեության բնականոն ընթացքն ու միաժամանակ սահմանադրական ժամկետների խախտման պատճառ դառնալ։ Բայց դա չի նշանակում, թե հրաժարվում եմ ներկայացված գաղափարներից։ Ավելին ասեմ, այս առաջարկների զգալի մասին մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը, նախատեսում եմ տալ օրենսդրական նախաձեռնության կարգավիճակ։ Ցանկացողները կարող են միանալ։ Շնորհակալություն։                 

 Աշոտ Ղուլյան -  Շնորհակալություն։ Ելույթի համար հրավիրվում է պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը, թող պատրաստվի Հայկ Խանումյանը: Հիշեցնեմ, ելույթների համար 5 րոպե, աշխատեք տեղավորվել:

Էդուարդ  Աղաբեկյան - Հարգելի գործընկերներ, հարգելի նախագահող: Առաջին ընթերցումից հետո մինչև երկրորդ ընթերցումը մեր խմբակցության կողմից ներկայացվել են համապատասխան առաջարկներ, ընդ որում, այս ամբիոնից հնչեցվել է նաև բանավոր տեսքով: Ի դեպ, բանավոր հնչեցված առաջարկություններին արձագանք չի եղել ընդհանրապես: Փորձեմ այդքան ոչ վայելուչ հայերենով, ինչքան  պարոն Առստամյանն է... բայց մի քանի համակարգային հարցերի անդրադառնալ, չընդունվածների մասով հատկապես, որոնց առկայության դեպքում, ընդունվելու դեպքում կարծում ենք էականորեն  ԱԺ աշխատանքում դրական միտումներ, համենայնդեպս կարձանագրվեն: Նախ, դա վերաբերվում է խորհրդին, միջանկյալ առաջարկել ենք  նաև` եթե ոչ խորհուրդ, ապա աշխատանքային խորհուրդ հասկացությանը կամ ընդհանրապես խորհրդին եթե կարելի է ասել, ընդատյա, ԱԺ խորհրդի մասին է խոսքը, ընդատյա մոդուլային օրենքի ենթակա բոլոր հոդվածները մենք լրիվությամբ վերապահել ենք ԱԺ նախագահին: Կարելի է քննարկել և գոնե դրանց մի մասը Ազգային ժողովի որոշման դաշտ բերել  և ոչ թե կոնկրետ Ազգային ժողովի նախագահին վերաբերվի ու խնդրում եմ ճիշտ հասկանալ:

Խմբակցությունների մասով, մենք տվել ենք մոդուլայինում առաջնահերթության իրավունք  և  արտահերթության   իրավունք՝   օրենսդրական  նախաձեռնությանը:   Մենք, կարծում  եմ  առաջնահերթության  իրավունքը,   ընդ որում,   մերժման   հիմքը  հղումն   է  Սահմանադրությանը: Սահմանադրությամբ խմբակցությունը օրենսդրական նախաձեռնություն չունի:

Հարգելի գործընկերներ, այստեղ ոչ թե օրենսդրական նախաձեռնությանն է վերաբերվում մեր առաջարկությանը, այլ պատգամավորի կողմից արված օրենսդրական նախաձեռնությանը, նախաձեռնած օրենսդրական նախաձեռնության կարգավիճակին, առաջնահերթության քննարկման տալու կարգավիճակին: Մի խմբակցության, որին այս նույն կանոնակարգով Ազգային ժողովը Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրելու իրավունք է վերապահում: Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունենալու, չունենալու գոնե առաջնահերթության  օրենսդրական  նախաձեռնությանը առաջնահերթության կամ արտահերթության: Հիմա կոնկրետ մենք առաջարկել ենք առաջնահերթության: Կարծում եմ, գաղափարը չնայած մասնակի ընդունվել է նախաձեռնող խմբի անդամների կողմից, խոստացել են անդրադառնալ հետագայում, բայց  հետագայումը  մեզ արդեն չի բավարարում, որովհետև ենթադրում եմ, որ 2020թ. հետո նման փոփոխությունները  ավելի կարող է վիճահարույց լինեն, ավելի դժվար: Քաղաքական փոքրամասնություններին այն հարցերի մասով, քննարկումների մասով, որոնք վերաբերվում են, եթե ԱԺ կողմից ժամանակը սահմանափակ է: Առաջարկել ենք նաև փոխառփոխ, հերթականությամբ, տարբեր մտքերի, որը  անհասկանալի պատճառներով էլի չի ընդունվել: Բավականին մշուշոտ է բյուջետային գրասենյակի հետագա ճակատագիրը, որը խիստ կբարելավեր հատկապես բյուջետային գործընթացի, հատկապես ԱԺ կողմից վերահսկողական գործառույթի վերահսկման պարագայում,  եթե մենք հանձնաժողովի նախագահին օգնական, չգիտեմ ռեֆերենտ և այլն, և այլն, տալիս ենք, կարելի է  նաև քննարկել բյուջետային գրասենյակն առանձնացնելու: Համենայն դեպս մեր կողմից այս հարցերի պատասխանները... Մի հարցադրում ևս, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրել նախագահի թեկնածու, կոնկրետ երեք տարվա նախագահի թեկնածու: Նախագահի թեկնածուն առաջադրելու համար նախ այդ թեկնածուն պետք է համապատասխանի պայմաններին, որոնք որ թվարկված են, նստակյացության ցենզը, բնականաբար և այլն, և այլն  ու մնացած ամեն ինչը:

Լավ, իսկ այդ թեկնածուները, առաջադրված թեկնածուները, Սահմանադրությունը մեզ տրվել է  Հանրապետության նախագահ ընտրելու  իրավունք:  Իսկ այդ նախագահի թեկնածուի գրանցման հարցը, թեկնածուն առաջարկում է, որ հայտարարագիր պետք է ներկայացնի: Հայտարարագրում ճի՞շտ են արտահայտված այդ թվերը, թե  չէ: Գրանցումն ինքը,  եթե  գոնե պատգամավորական կորպուսից կամ իշխանական, նախարարական, քաղաքական պաշտոններից այնտեղ պայմաններ կան, որ բավարարել է նշանակման կամ ընտրման պարագայում: Իսկ եթե խմբակցությունը որոշում է մի պետական գործչի կամ մի հայտնի քաղաքական, ոչ քաղաքական մարդու, որ մարդը նույնիսկ գրանցումը կարող է նույնիսկ բան չի, քաղաքացիության խնդիր կարող է առաջանա: Ո՞վ պետք է այս գրանցման հարցերով, ԿԸՀ, որին, ի դեպ  մենք հղում նաև արել ենք, որն ունի այդ իրավասությունն ու փորձը, թե՞ ԱԺ-ը, որ չգիտեմ ունի՞ այդ իրավունքը թե չէ, թե՞ մեր այն  հանձնաժողովը, որ պետք է ընտրությունը կոնկրետ կատարի: Կարծում եմ այս գրանցման հարցին անդրադարձը, չգիտեմ: Անցումային դրույթը...

Աշոտ Ղուլյան – Կա Կանոնակարգում, պարոն Աղաբեկյան:

Էդուարդ  Աղաբեկյան - Գրանցման մասին բան չկա:

Աշոտ Ղուլյան -  Գրանցում չի, բայց այդ բոլոր տվյալները կան:

Էդուարդ  Աղաբեկյան - Առաջադրել ենք, բայց  գրանցում  չի, դա ճի՞շտ է թե սխալ է, պետք չի՞ ստուգվի որևէ մեկի կողմից :

Աշոտ Ղուլյան - Չեմ ուզում հիմա ընդհատեմ, բայց ճիշտ է:

Էդուարդ Աղաբեկյան - Անցումային: Դե ես առաջարկելու եմ Պետրոսյան Մովսեսին, ո՞վ  գիտե այդ մարդուն: Համենայն դեպս, ես ասում եմ, անցումային դրույթների այդ 150 կետի վերաբերյալ  ճիշտն ասած, վերջնական տարբերակը չունեմ, բայց առաջարկել էինք, որպեսզի.. Եթե անցումային է, սկիզբն ընդունելու պահից է սկսելու գործել, անցումային, միչև ե՞րբ: Մինչև ե՞րբ է գործելու, մինչև բնական է 2020թ. քվեարկությամբ ընտրված Նախագահի ինագուրացիան:

Աշոտ Ղուլյան - Սահմանադրությամբ գրված է, չեմ ուզում հիմա բանավեճ բացել, բայց ինչ-որ ասում եք, կա: Կանոնակարգում էլ կա, ես կասեմ, լավ:

Էդուարդ  Աղաբեկյան - Պիտի լինի, գործում է այս պահից մինչև այս պահը: Պարոն նախագահող, ես խնդրում եմ Ձեր ելույթի ժամանակ կարող եք անդրադառնալ որպես համահեղինակ նաև, բայց ռեպլիկների...

Աշոտ Ղուլյան - Շատ լավ, Ձեր ելույթը 7,5 րոպե է, խնդրեմ: Կես րոպե էլ:

Էդուարդ  Աղաբեկյան - Չէ, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շատ շնորհակալություն: Ելույթի համար հրավիրվում է պատգամավոր Հայկ Խանումյանը, թող պատրաստվի Վահրամ Բալայանը:

Հայկ Խանումյան - Ես  կարծում եմ, որ ԱԺ որպես սուբյեկտ, որպես գործոն, դերը Ազգային ժողովի դերակատարությունը այսօր մեր հասարակության մեջ բավականին թույլ է: Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է այնպիսի քայլեր կատարենք, որպեսզի ԱԺ սուբյեկտայ­նությունը բարձրանա, դերակատարությունը բարձրանա: Ես շնորհակա­լություն եմ հայտնում օրենքի նախագծի հեղինակներին՝ կատարած ծավալուն աշխատանքի համար, բայց պետք է նկատել, որ Կանոնակարգ օրենքը  այն հնարավոր տարբերակներից, մեխանիզմներից մեկն էր՝ ԱԺ սուբյեկտայնությունը բարձրացնելու համար: Այս նախագծով այդ անել չի  հաջողվել: Երբ որ ասում ենք խորհրդարանական լսումներ, հանձնաժողովների մեծ մասը չեն կատարել երկու տարի շարունակ, փաստորեն անգործություն են ցուցաբերել: Նաև շատ կարգեր, որ ԱԺ նախագահը պիտի հաստատեր՝ չի հաստատվել և  էլի անգործություն է բան արել: Ինչպե՞ս  պիտի այդ տարրական հարցը լուծվի, էլ չեմ խոսում պետական այլ կառույցների հետ ԱԺ հարաբերություններում, եթե ներսում չեն կարողանում տարրական կարգերի և այլ հարցեր լուծենք, իմ կարծիքով տարբեր գործընկերների առաջարկած խորհուրդը կարող էր այդ խնդիրներին լուծում տալ: Դա կլիներ որոշակի սուբյեկտայնության բարձրացում: Ցավոք սրտի, այս ամենը տեղի չի ունեցել և ես, ինչպես առաջին ընթերցման ժամանակ, հիմա էլ դեմ եմ քվեարկելու նախագծին, բայց կարծում եմ, հետագայում հնարավորություն կունենանք աշխատելու կանոնակարգի վրա: Կանոնակարգը, կարծում եմ, այն օրենքն է, որը ճկուն է և որի վրա  անընդհատ աշխատանք տարվում է տարիներ շարունակ: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Ելույթի համար հրավիրվում է պատգամավոր Վահրամ Բալայանը, հաջորդը՝ Արթուր  Թովմասյանը:

Վահրամ Բալայան - Հարգելի գործընկերներ: Սկզբից արձանագրենք, որ իսկապես բավականին շահագրգիռ քննարկումներ են կազմակերպվել և շարունակվում է դա կատարվել մեկ ամսից ավելի: Մենք, որպես խմբակցություն, արել ենք 30 առաջարկություն, այդ առաջարկություններից 16-ն ընդունվել է առաջին ընթերցմամբ և երկրորդ ընթերցմամբ, 5 առաջարկությունների որոշակի բացատրություն է տրվել հանձնաժողովի կողմից, որը մեզ համար նույնպես սպառիչ է եղել, մնացել է ինը առաջարկություններ, որոնք էլ այդպես չեն ընդունվել: Իհարկե, այդ առաջարկություններն ընդունելու պարագայում մենք կարծում ենք, որ իսկապես պատգամավորի գործունեությունն ավելի արդյունավետ կդառնա, ավելի նպատակային կդառնա, մանավանդ խոսքը վերաբերում է Խորհրդի գաղափարին, բայց ինչպես ասում են, այստեղ էլ ինչ-որ մի տեղ  վերապահումով պետք է ասեմ, խոսքս վերաբերում է Խորհրդին, քանի որ ԱԺ նախագահի հետ կապված, 5-րդ հոդվածը՝ պարտականությունների և իրավասությունների հետ կապված,  5-րդ հոդվածի երրորդ կետով, այնտեղ որոշակի  նաև ֆիքսված է, որ ԱԺ նախագահի իրավասություններին վերաբերող 17-րդ կետից մինչև 29-րդ կետը քննարկվում է խորհրդակցությունների ժամանակ,  այսինքն այդ ամենն իրականացվում է խորհրդակցությունների արդյունքում: Այսինքն, ինչ-որ մի տեղ մեր ասված գաղափարին կարծես թե մոտիկանում է,  բնականաբար վերջնական դա հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք մաքսիմալիստ չենք, հասկանում ենք, որ քննարկումների արդյունքում  է ամեն ինչն ընդունվում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակի ընթացքում, ինչպես մենք առաջարկել ենք այս տրիբունայից, որ համամասնական ընտրակարգ պետք է լինի և այդ ընտրակարգին հասել ենք, մենք այսօր, գտնում ենք, որ մյուս ինն առաջարկությունները ժամանակի ընթացքում նույնպես օրենսդրական նախաձեռ­նությամբ հնարավորություն կլինի շտկել, տվյալ պարագայում նաև Խորհրդի հետ կապված, մենք կողմ  կքվեարկենք երկրորդ ընթերցմանը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Ելույթի համար հրավիրվում է պատգամավոր Արթուր  Թովմասյանը և եզրափակիչ ելույթը երևի ես:

Արթուր  Թովմասյան - Իդեալակա՞ն է արդյոք այս օրենքի նախագիծը, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը: Ո՛չ: Արդյունավե՞տ են աշխատել համահեղինակներն այս օրենքի նախագծի վրա: Այո՛: Պատգամավորների կողմից  եղե՞լ են 95 առաջարկ: Այո: Չե՞ն ընդունվել բոլորը: Ո՛չ: Այդպես էլ պետք է լինի: «Հայրենիք» խմբակցությունը ոչ մի առաջարկություն  չի արել: Ինչո՞ւ, որովհետև համահեղինակներից երկուսը  խմբակցության անդամներն են: Հետևաբար արել են այնքան առաջարկ, ինչքան կա: Մտավախություն չկա հետագայում փոփոխության ենթարկելու «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը, եթե պարոն Պետրոսյանն այստեղ է և բազմաթիվ փոփոխություններ են կատարվել  մեր աշխատանքում: Խորհրդի մասով,  ես չգիտեմ ապագայում ինչպես կլինի ինչպես պատգամավոր, որպես նախկին նախագահ, ես Խորհրդին դեմ եմ: Պատերազմը վեսկսելու դեպքում Խորհրդին կողմ եմ  և այն պատգամավորները, ովքեր առաջնագծում կարող են ավելի մեծ դեր կատարել հայրենիքի անվտանգությունը պաշտպանելու համար, ինչպես եղել է առաջին գումարման ժամանակ, Խորհրդի իմաստը նախագահությունն է: Այստեղ նախկին Գերագույն խորհրդի նախագահն է նստած  և նախագահությունը որոշումներ էր ընդունում, հրատապ, մեր երիտասարդ պետության համար: Խորհուրդի իմաստն իջեցնում է, խախտում է պատգամավորի իրավունքները: Այն պատգամավորների, որոնք, ասենք մշտական հանձնաժողովի նախագահներ չեն, կամ ֆրակցիայի ղեկավարներ չեն: Ես խնդրում եմ դրա վրա ուշադրություն դարձնել: Բայց եթե հետագայում մենք ուզենք փոփոխություն կատարել, խմբակցության մեծամասնությունը կողմ եղավ, որ պետք է Խորհուրդը մտցնեն, ես կենթարկվեմ, բայց դա ոչ մի լավ արդյունք չի տալու խաղաղ  պայմաններում: Ասում եք ԱԺ նախագահի լիազորությունները մեծ են, այդպես էլ պետք է լինի: Ո՞վ է պատասխան տալու, ո՞վ է պատասխանատուն Ազգային ժողովի` ԱԺ նախագահը, ո՞վ է պատասխան տալիս կառավարությանը, իհարկե, երկրի վարչապետը: Ո՞վ է պատասխան տալիս երկրի համար, իհարկե, երկրի նախագահը: Եվ այդ անձնավորությունները պետք է ունենան, անկախ անձից, համապատասխան լիազորություններ, որովհետև իրենց լիազորություններն ավարտելուց հետո, եթե որոշ ստուգումների համար, ոչ մեկը չի մտնելու այդ պատասխանատվության տակ: Այդպես է եղել իմ դեպքում, այդպես է եղել Պետրոսյանի դեպքում: Հիմա Վերահսկիչը կա, պարբերաբար ստուգում է: Այն ժամանակ Վերահսկիչ չկար: ԱԺ նախագահը կամ ԳԽ նախագահը որոշ մարդիկ գտնում էին, որ սխալ են, ոչ պետականամետ են, այդտեղ սկսում են ստուգումները: Մենք այդպիսի երկիր ենք սկզբից կառուցել, հիմա այդպես չի, ընկերներ: Ինչի՞ց եք վախենում, որ ԱԺ նախագահի լիազորությունները  շատ են: Բայց ցանկացած պատգամավոր կարող է հարցեր առաջադրել ԱԺ նախագահին, տվյալ դեպքում ընտրված ԱԺ նախագահին: Մենք ունենք, ամեն մի պատգամավոր էնքան իրավունքներ ունի: Հիմա, ի՞նչ է, մենք ուզում ենք նաև աշխատակազմի վրա ինչ որ բաներ անե՞նք: Թե ինչքան թուղթ է գալիս, ինչքան բենզին են ստանում կամ ինչ, սա ե՞ք ուզում իմանաք: Դա ցանկացած պահի կարող եք ԱԺ նախագահին ասել և նա կասի այս ամսին ինչ է ծախսվել: Մեր գործը թողած... Ես սա միակ այն հազվադեպ օրենքի նախագծերից մեկն է, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը, որ իրականում բոլորը շահագրգիռ մասնակցել են քննարկմանը: Այ պատգամավորն այդպես պիտի աշխատի օրենքի նախագծի վրա, անկախ նրանից իր առաջարկն անցնում է թե ոչ: Անկախ նրանից: Իհարկե, ես բոլոր 95-ին շնորհակալություն եմ հայտնում  այդ առաջարկների համար: Կաշխատի՞ այս «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը, ես համոզված եմ, որ կան առաջարկներ, որ հետագայում ուզած-չուզած մենք այդ փոփոխությունները կատարելու ենք: Ես ուղղակի միայն Խորհրդի մասով այս պահին  էլի իմ խորին համոզմունքն է, որ սխալ է: Բոլոր 33 պատգամավորը պատգամավորի կարգավիճակի մասով մեր իրավունքներն իրար հավասար են: Մնացածն արդեն ԱԺ ներսում հանձնաժողովի նախագահ, փոխնախագահ, ԱԺ նախագահ, ԱԺ փոխնախագահ: «Հայրենիք» խմբակցությունը կողմ է քվեարկելու «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքին: Շնորհակալություն:

Վահրամ Բալայան - Այժմ խոսքը տանք պատգամավոր պարոն Աշոտ Ղուլյանին:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Իհարկե, որպես համահեղինակներից մեկը, ես այդպես էլ մտադրվել էի, որ  անպայման պետք է ելույթ ունենամ, բայց բնականաբար,  ավելի շատ կենտրոնանալով ներկայացված առաջարկների, առաջարկությունների մեջ սկզբունքային, օգտակար կետերի և գուցե նաև այն կետերի վրա, որոնք չեն ընդունվել կամ ժամանակավորապես չեն ընդունվել: Մեր այս ելույթներից հետո, գուցե մի քիչ բովանդակային առումով ստիպված պիտի լինեմ վերանայել, բայց կարծում եմ, դա էլ շատ բնական է, որովհետև որպես օրենքի նախագծի համահեղինակ մենք պարտավոր ենք նաև պաշտպանել այն դրույթները, որ մենք ճիշտ ենք գտել այս նույն Կանոնակարգի նախագծում դնելու: Ուզում եմ նախ բոլորիդ շնորհակալություն հայտնել և ուզում եմ, որպեսզի որևէ արտառոց բան այստեղ չփնտրենք և չգտնենք, որովհետև կանոնակարգն այդպես էլ պիտի քննարկվի, սա այն փաստաթուղթն է, որ ամեն օր մեր սեղանի վրա պիտի թերթենք և տեսնենք մեր իրավունքները, մեր պարտականությունները, մեր լիազորությունները, մեր գործառույթները, ինչպես են իրականացվում և ինչ հնարավորություններ են ստեղծվել: Մի նրբություն կա պարզապես, որ մեր իրավունքները, մեր լիազորությունները պետք է չխանգարեն մյուս մեր գործընկերների իրավունքներին և լիազորություններին: Այսինքն, ԱԺ կոլեգիալ խորհրդակցական մարմին է և այստեղ բոլոր պատգամավորները պետք է ունենան հավասար  հնարավորություններ: Ես կարծում եմ, որ մենք առաջարկությունների հեղինակների հետ շատ ճիշտ ձևով ենք աշխատել, դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ  բոլոր առաջարկները կետերով անցել ենք, բացատրել ենք թե մենք ի՞նչ ենք մտածում, որոշ դեպքերում իհարկե, ասել ենք, որ գաղափարն ընդունելի է: Ես նախորդ իմ ելույթում  կարծում եմ, շատ հստակ ասել եմ, ինչ չափանիշներով պիտի լինեն այդ առաջարկությունները և ինչ դեպքում դրանք կարող են չընդունվել` Սահմանասդրությունից դուրս չպիտի լինի, սա նոնսենս կարող է լինել, որ մենք Սահմանադրությունը մի ձևով ընդունենք, Կանոնակարգը դրան համապատասխան չլինի: «Ազգային ժողովի  կանոնակարգ»-ը բոլորի համար հեշտ, մատչելի, դյուրին փաստաթուղթ պիտի լինի, որպեսզի կարդալուց պատգամավորների համար խնդիրներ չստեղծեն և բոլորն էլ, և միայն պատգամավորները չեն, ովքեր կարդում են փաստաթուղթը, պետք է հասկանան, թե ինչի մասին է խոսքը: Եվ այս իմաստով, ես կարծում եմ, որ հնարավորին չափով մենք կարծես թե եկել ենք որոշակի կոմպրոմիսային լուծումների և այն, ինչ որ այսօր մենք առաջարկում ենք, շատ դեպքերում նաև այդ նույն կոմպրոմիսային լուծումները  ներառած տարբերակներն են: Օրինակ, գուցե այսօրվա իրավիճակում ճիշտ է Արսեն Առստամյանը, որ ասում է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը կարելի է և վերացնել: Նախ մենք 2015թ. խորհրդարանը ընտրել ենք այս դասավորությամբ: Հիմա կեսից փոխե՞նք, իսկ եթե մի  տարի հետո պարզվի, որ հանձնաժողովի նախագահի տեղակալ անհրաժեշտ է, նորից պիտի վերադառնա՞նք: Հանձնաժողովի նախագահի տեղակալը հանձնաժողովի նախագահի բացակայության պարագայում է բոլոր լիազորությունները վերցնում իր վրա: Կարելի է, իհարկե գնալ այն ճանապարհով, որ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը իր վրա վերցնի բացակայության ժամանակ, բայց այս դեպքում մշտականությունը կորչում է: Հանձնաժողովի նախագահի տեղակալի վրա դրվում է այն պարտականությունը, որ ապահովի հանձնաժողովի գործունեության մեջ այդ մշտականությունը: Եռօրյա նիստերը, կարծես թե վատ գաղափար չէ, բայց երբ որ մենք գրում ենք առնվազն մեկ նիստ լիագումար պետք է անցկացնի, ո՞վ է մեզ խանգարում, այդ առնվազն մեկի դեպքում, եթե այդ անհրաժեշտությունը կա եռօրյա անել կամ երեք անգամ նիստ անել, այսինքն, ձևակերպումները, որոնք գրված են, որևէ ձևով չի սահմանափակում: ԱԺ խորհրդի մասին շատ խոսվեց, դրա համար ես ուզում եմ նորից անդրադառնալ: Ես ի սկզբանե, և կարծում եմ, բոլորն էլ համոզվել են, որ հեռացել ենք անձնական որևէ բանից, այսինքն, էն ինչ-որ կա, սա չի վերաբերվում այսօրվա ԱԺ նախագահին, կոնկրետ որևէ մեկին: Ես այդպես էլ ընդունել եմ և շատ ճիշտ է, որ այդպես ենք մենք մոտենում, որովհետև որևէ պաշտոն հավիտյան չէ, այսինքն, մենք պետք է այնպիսի կարգավիճակ, լիազորություններ նախատեսենք, որ անկախ նրանից, թե ով է ԱԺ նախագահը, այդ կարգավիճակը գործի իր ամբողջ ծավալով, իրավունքների, պարտականությունների ծավալով:

Խորհրդի գործունեու­թյունը. տեսեք, մենք ընդունել ենք Սահմանադրությունը նախագահական կառավարման մոդելով, բայց ԱԺ գործունեության մեջ խորհրդարանական կառավարման պառլամենտի բաղադրիչներ ենք մտցնում, որը կարծես թե նորություն է: Օրինակ՝ ես կարծում եմ, բոլորդ էլ հետևում եք, այս օրերին ՀՀ ԱԺ-ում արդեն սկսել են կասկածներ հնչել, Խորհրդի մասով, խորհրդարան` խորհրդարանի մեջ: Այսինքն, այնպես չի, որ դա արդեն հաստատված, բոլորի կողմից ընդունված և արդեն հիմնավորված և այդ  հիմնավորումը լրիվությամբ տեղավորված է: Եթե առաջիկայում համոզվենք, որ իսկապես դա միայն Խորհրդի միջոցով կարելի է լուծել, ես կարծում եմ որևէ բան մեզ չի խանգարում: Երբ որ մենք ասում ենք խմբակցությունը օրենսդրական նախաձեռնության իրավունք չունի, իհարկե դա Սահմանադրությամբ է և մենք չենք կարող կանոնակարգում մի այլ ձևով գրել, բայց խմբակցությանը օրենքի նախագծի առաջնահերթություն տալու  գաղափարը մենք  ընդունել ենք, բայց այնպես պիտի անենք որ սա չխանգարի մյուս առաջնահերթություններին, որ սա չխանգարի առանձին պատգամավորի, եթե մենք առանձին պատգամավորին այդ իրավունքը տալիս ենք, սա նշանակում է, որ խմբակցության յուրաքանչյուր պատգամավոր կարող է դրանից օգտվել:

Բյուջետային գրասենյակի  մասին, ի սկզբանե, մենք լրիվությամբ ընդունել ենք  և իսկապես, բոլորս էլ մի քիչ ոգևորված ասել ենք, որ լավ կլինի: Բայց մենք ՀՀ մեր գործընկերների հետ էլ ենք քննարկել, միջազգային փորձն էլ ենք ուսումնասիրել, տեսականորեն սա կարծես այդպես լուծում է առաջարկում, բայց առայժմ որևէ արդարացված, տեսանելի փորձ չկա: Դրա համար մենք ընդունել ենք երկրորդ տարբերակը:

 Բյուջետային գրասենյակ, էլի չեմ բացառում, որ առաջիկայում, գուցե 2020թ. խորհրդարանի համար ընդունելի լինի, բայց առայժմ մենք, փորձագիտական ծառայությունում հանձնաժողովի քննարկման ժամանակ էլ ենք ասել, ունենալու ենք գլխավոր մասնագետ՝ բյուջետային գործընթացի մասով,  որը կոնկրետ պատասխանատու է լինելու այս ոլորտի հարցերի պարզաբանման համար: Նախագահի թեկնածուի հետ կապված հարցերը, պարզապես երբ որ այդ թեմաները հնչում են, հիմա սա էլ է տարբերակ, թող հնչի: Կանոնակարգը, Սահմանադրությունը բոլոր այդ հարցերի պատասխանը տալիս են, թեկուզ մի քիչ չարաշահում եմ, բայց տեսեք, անցումային դրույթների 152 -րդ հոդվածով, առաջին հենց մասով՝ գործող Հանրապետության  Նախագահի լիազորությունների ավարտից ոչ  շուտ քան 50, ոչ ուշ քան 40, լրիվությամբ չեն ընդունելու վերջին նախադասությունը՝ Աժ խմբակցությունների  առաջարկությամբ ընտրվում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող ԱԺ լիազորությունների ժամկետի ավարտը: Եվ սա հիմա վերաբերվում է այս խորհրդարանի կողմից ընտրվող և եթե առաջիկա երեք տարիներին այդ հնարավորությունը բացվի...    3-րդ մասն եմ ես ուշադրություն խնդրում՝ Հանրապետության նախագահի թեկնածուն առաջադրվում է  խմբակցությունների գրավոր դիմումով, որտեղ նշում է Հանրապետության նախագահի թեկնածուի, նրան ներկայացնելու իրավասություն ունեցող խմբակցությունների ներկայացուցիչների անունները, ազգանունները, դիմումին կցվում է Սահմանադրությամբ սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց 24 ժամվա ընթացքում ԱԺ նախագահը հանդես է գալիս Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարությամբ, իսկ Սահմանադրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում  դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են խմբակցությունների ներկայացուցչին՝ նշելով պատճառների մասին:

Ես մի քիչ էլ ավելացնեմ, որ այդ փաստաթղթերը ոչ թե ԱԺ նախագահն է այդպես միաձնյա որոշելու, ես կարծում եմ,  որ  սրա ամենաճիշտ տարբերակը ԱԺ նախագահի կողմից ուղարկելն է պետա-իրավական հարցերի հանձնաժողով, որպեսզի կոլեգիալ քննարկվի այս փաստաթղթերի ճշմարտացիությունը և համապատասխանությունը: Կարծում եմ, այսպիսի հնարավորություն  ունենալով, մենք, իհարկե, հնարավոր է որ բացեր լինեն, այնուամենայնիվ մաքսիմալ փորձել ենք այդ հարցերի պատասխաններն այդպես տալ: Ես չեմ ուզում շատ երկարացնել, որովհետև համարյա նույն քննարկումների մեջ ենք, բայց այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ մենք նաև խմբակցությունում ենք քննարկել և  խմբակցությունը կողմ է քվեարկելու:

 Եվ վերջինը, երբ որ տիկին Գալստյանը հարցնում է հանձնաժողովների նախագահների օգնականների մասին: Գիտե՞ք, տարբերակ է և կարծում եմ, որ սա պարզապես մեր աշխատած ժամանակահատվածում նկատած թերությունները վերացնելու տարբերակներից մեկն է: Եթե այդպիսի կասկածներ կան, ես առաջարկում եմ հետևյալ ձևով: ԱԺ մշտական հանձնաժողովի  այն նախագահները, որոնք չեն ուզում որպեսզի այդ օգնականները լինեն, հունվարի 1-ից ենք մտցնելու, կարող եք քննարկման ժամանակ ներկայացնել և մենք այդ հաստիքները կտրամադրենք նրանց, ով դրա կարիքն ունի: Որպեսզի սա չդառնա, որ պարտադիր բոլորի համար նախատեսում ենք: Երևի թե այսքանը: Ես, իհարկե, բոլորիդ պետք է խնդրեմ, որ կողմ քվեարկեք նախագծին և մենք այն վերջնական ձևով ընդունենք որպես օրենք, որովհետև կարծում եմ, որ այս ձևով մենք նաև վերջնականորեն կարծես թե ամփոփում ենք բոլոր քննարկումների արդյունքները, որ մենք ունեցել ենք ԱԺ կանոնակարգի մասով: ԱԺ այսօրվա ներկայացրած Կանոնակարգի նախագիծը նոր հայեցակարգ է առաջարկում ԱԺ գործունեության համար: Ես կարծում եմ, որ այս հայեցակարգի գլխավոր իմաստը մենք հասկացել ենք: Շնորհակալություն:

Էդուարդ Աղաբեկյան - 92-րդ հոդվածը,  նախ, դա երևի  առաջին տարբերակն է, որովհետև  անցած նիստին առաջարկել եք հետո 150 է դառնում, 152:

Հաջորդը, այդ 152-ի ոչ թե Նախագահի ընտրությանն է իմ առաջարկությունը  վերաբերվել, վերջին, այլ 152-րդ հոդվածը մինչև ե՞րբ է ուժի մեջ: Եթե գրել ենք այսօրվանից, ուրեմն գրենք կամ ուժը կորցնում է ինագուարացիայի  ժամանակ կամ էլ 2020թ. պատգամավորները որ գան, պիտի ասեն սա արդեն մահացած բան է,  իրենք պիտի օրենսդրական նախաձեռնությունը... եթե սկիզբը ասել եք, վերջն էլ ասեք: Սա է իմ ասածը:                                                               

Աշոտ Ղուլյան - Շատ լավ, պարոն Աղաբեկյան: Մենք վերջին տարբերակը անցումային դրույթների Ձեզ էլ կտանք, քիչ հետո, բայց այնտեղ այդ հանքամանքները հաշվի են առնված և 150-րդ հոդվածը, ներողություն, որ հին տարբերակի վրա է հղումը 150-րդ հոդվածով իմ ասած այդ մեջբերումները վերաբերում են ոչ միայն այս առաջիկա հուլիս ամսի, հավանաբար, նախագահական ընտրություններին, այլ շատ հնարավոր է, որ մենք մինչև 2020թ. այդպիսի հնարավորություն ունենք, դրա համար չենք կարող ուժը կորցրած ճանաչել, որովհետև հենց այդ հիմքով ենք շարունակելու: Մինչև 2020թ. գործելու է և այդպես էլ մենք գրելու ենք: Անպայման հաշվի կառնենք: Շնորհակալություն:

Մենք կարող ենք հիմա եզրափակիչ ելույթներ անել, եթե դրա ցանկությունը կա: Գլխավոր նաև` հարակից զեկույցների: Կա՞ն, չկան: Շնորհակալություն: Կարծես թե մենք սպառել ենք այդ հարցերի շրջանակը և, ես ուզոււմ եմ, որպեսզի մենք բոլորս բարյացակամ լինենք այս քննարկումներին, այս քննարկումների ժամանակ դիտողու­թյունների նկատողությունների մասով, որովհետև շատ ճիշտ է, որ մենք մեր ամենօրյա գործունեությամբ էսպես բծախնդիր էլ ենք մի քիչ, որ դա ոնց կարող է լինել, էսպես պիտի լինի, թե՞ էնպես: Այս բծախնդրությունը, կարծում եմ, մեզ բերելու է նրան, որպեսզի մենք առաջիկայում այս նկատված թերություններն էլ կարողանանք վեր հանել, բայց ամեն դեպքում ինձ թվում է, որ մենք շատ օգտակար և շահագրգիռ քննարկումներ ենք ունեցել, որի արդյունքում ես հույս ունեմ, որ մենք այսօր կքվեարկենք և կընդունենք ԱԺ կանոնակարգը և արդեն առաջիկա օրերին, ամիսներին մենք կառաջնորդվենք մեր ընդունած ԱԺ համար գլխավոր այդ օրենսդրական փաստաթղթով:

Ես սրանով ուզում եմ ավարտել մեր քննարկումները և ուզում եմ ձեզ ներկայացնել ԱԺ որոշման նախագիծը  «Արցախի Հանրապետության կանոնակարգ» ԱՀ օրենքն ընդունելու վերաբերյալ:

Քվեարկություն.

Կողմ՝ 27, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 1: Ձայների այսպիսի հարաբերակցությամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքն ընդունված է, ուզում եմ շնորհավորել բոլորիս և նաև շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար, որովհետև սա  նաև ցույց է տալու առաջիկայում այդ նույն սահմանադրական գործընթացի մեջ մեր համատեղ աշխատանքի հնարավորությունները և ռեսուրսները: Մենք այսքանով սպառել ենք օրենսդրական հարցերի շարքը: Մեզ մնում է միայն պատգամավորական հայտարարությունները: Խնդրեմ, եթե պատգամավորական հայտարարությունների ցանկություն կա` Հայկ Խանումյան, Լեռնիկ Հովհաննիսյան և Վարդգես Բաղրյան: Համեցեք, հենց նույն հերթականությամբ: Պատգամավորական հայտարարության համար հրավիրվում է Հայկ Խանումյանը, հաջորդը՝ Լեռնիկ Հովհաննիսյան:

Հայկ Խանումյան - Հարգելի՛ ներկաներ, 2016թ. ընթացքում Արցախում կրճատվել է 464 աշխատատեղ, սրան հակառակ ունեցել ենք մոտ 9 տոկոս տնտեսական աճ, աճել է նաև եկամտային հարկի հավաքագրված գումարը: Այս փաստերի հպանցիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ տարբեր ոլորտներում տեղի է ունենում լավարկում՝ օպտիմիլիզացիա: Աշխատատեղեր կրճատվում են ոչ միայն պետական համակարգում, այլ նաև մասնավորի մոտ: Շատ հաճախ մեզ մոտ մի շարք մասնավոր ձեռնարկություններ և հատկապես խոշորերը, ստանձնելով սոցիալական պատասխանատվություն, ստեղծել են անարդյունավետ աշխատատեղեր և այսօր փորձում են ազատվել դրանցից՝ ծախսերը նվազեցնելու նպատակով: Իմ գործընկերները կհամաձայնեն ինձ հետ, եթե նշեմ, որ պատգամավորներին դիմող քաղաքացիների մի զգալի հատված դիմում է աշխատանք գտնելու նպատակով: Կարելի է պնդել, որ աշխատանքի հարցն Արցախում սուր է դրված և այն ավելի է սրվելու առաջիկայում սպասվող կրճատումների ֆոնին: Ազգային վերածնունդ կուսակցությունը միշտ հանդես է եկել արդյունավետության բարձրացման օգտին և միշտ կոչ է արել կրճատել անարդյունավետ պետական բյուրոկրատիան: Սակայն սրան զուգահեռ մենք նշել ենք այն քայլերի մասին, որոնք պետք է կատարի կառավարությունը՝ աշխատուժի պահանջարկը բավարարելու ուղղությամբ: Այս վիճակը ստեղծվել է առավելապես 2010-ական թվականների առաջին կեսին, երբ անհարկի ուռճացվում էր պետական համակարգը, միլիոնավոր դոլարներ էին ծախսվում ծառայողական մեքենաների ձեռքբերման, դրանց սպասարկման համար՝ փոխանակ այդ գումարները ներդրվեին ենթակառուցվածքների ստեղծման ու նորոգման, Արցախի ներդրումային գրավչության բարձրացման նպատակով: Աշխատաշուկայում այսօր ստեղծված վիճակը և գործազրկության աճն այս կառավարության անկարողության վկայությունն են: Վիճակի առավել վատթարացումից խուսափելու համար հարակավոր է ձեռնարկել մի շարք քայլեր Արցախում կատարվող ներդրումները խրախուսելու նպատակով: Այն հանգամանքը, որ անցյալ տարվա ընթացքում բանկերի արցախյան մասնաճյուղերում ավանդների քանակն ավելացել է, խոսում է այն մասին, որ մեր քաղաքացիներն ու տնտեսվարողները սկսել են ավելի քիչ ներդրումներ անել տնտեսության իրական հատվածում: Այս բնագավառում ամենակարևոր քայլը, մեր կարծիքով, կլինի արտադրություն սկսողներին, ներդրում անողներին ավելացրած արժեքի հարկից և շահութահարկից ազատելը: Նման քաղաքականություն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից՝ սահմանամերձ շրջանների նկատմամբ և տվել իր արդյունքները: Այս քաղաքականությունը մենք պետք է իրականացնենք ամբողջ Արցախի նկատմամբ՝ նպատակ ունենալով մեծացնել աշխատաշուկայում առաջարկը՝ դրանով իսկ նվազեցնելով գործազրկության մակարդակը և ստեղծելով ներգաղթի բազա: Սա այն նվազագույն քայլն է, որ պետք է կատարի կառավարությունը խուսափելու սպասվող մեծ խնդիրներից, ինչպիսիք կարող են լինել գործազրկության աճը և դրա հետևանք հանդիսացող արտագաղթը:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, հաջորդ հայտարարության համար` Լեռնիկ Հովհաննիսյան: Ճիշտն ասաց, մի բան միայն, այդ կրճատումների մասին չեմ կարծում թե ինչ-որ մեկը մի բան է ասել: Հիմա կարող է ժողովրդի մոտ նորից բաներ առաջանա, ի՞նչ սպասվող կրճատումներ են: Այդպիսի լուր կա՞, թե՞ պարզապես տենդենց է: Տենդենցիան կարող է նաև հակառակը լինի և նոր աշխատատեղեր բացվեն: Չի լսվում... Լավ, շնորհակալություն, Լեռնիկ Հովհաննիսյան 

Լեռնիկ Հովհաննիսյան - Հարգելի գործընկերներ, հայտարարությունը հնչեցվում է «Դաշնակցություն» խմբակցության անունից: Մայիսի 28-ին Հայաստանը և հայությունը տոնում են Առաջին Հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց Ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման և իր իշխանությունը գավառներում հաստատելու  մասին: Հանրապետության օրը ՀՀ-ում պաշտոնապես նշվում է 1992 թվականից, իսկ Արցախում 2001 թվականի մայիսի 26-ից՝ Արցախի Հանրապետության ԱԺ կողմից ընդունված օրենքի համաձայն:

Վեց դար հայ ժողովուրդը չէր ունեցել պետականություն և նրա վերականգնումը հսկայական նշանակություն ունեցավ մեր ժողովրդի համար: Եվ հենց Առաջին Հանրապետությունն է, որ հայկական պետական մտածողության, հայապահպանության և ազգի հարատևության սկիզբ դրեց երկրում։ Առաջին Հանրապետության արժեքային որոշակի համակարգի մարմնավորում էր, որն այժմ նույնպես խիստ անհրաժեշտ է պետությանն ու հասարակությանը: Առանց Հայաստանի Առաջին Հանրապետություն չէր կարող գոյություն ունենալ ո՛չ խորհրդային Հայաստանը, ո՛չ վերանկախացած Հայաստանը։

Սակայն,  այսօր մենք այս կարևորագույն  տոնի նկատմամբ չունենք պատշաճ հանրային  վերաբերմունք: Հասարակության մեծ մասի մոտ այն ընկալվում է պարզապես ոչ աշխատանքային օր: Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի շեմին կոչ ենք անում հանրությանը՝ նորովի ընկալել մայիսի 28-ը՝ որպես անկախության, պետականության հռչակման և սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու ազատության օր: Կարծում ենք, որ ժամանակն է Արցախի Հանրապետությունում ամեն տարի պետականորեն, պատշաճ մակարդակով նշենք համաժողովրդական այդ տոնը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հաջորդ հայտարարությունը` պատգամավոր Վարդգես Բաղրյան:

Վարդգես Բաղրյան - Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, տաս օր առաջ լրացավ ԱՀ  6-րդ  գումարմարման ԱԺ  գործունեության 2 տարին: Իհարկե, երկու տարին բավարար ժամանակ չէ գնահատական տալու երկրի օրենսդիր մարմնի գործունեությանը, սակայն կարծում եմ, որ նաև քիչ չէ արված աշխատանքների մասին խոսելու համար:

Ի տարբերություն նախորդ խորհրդարանների, ներկայիս խորհրդարանը աշխատում է մշտական հիմունքներով, այսինքն՝ պրոֆեսիոնալ խորհրդարան է և այս իմաստով ունի յուրահատուկ  առաքելություն: Կարծում եմ, որ անցած երկու տարիների ընթացքում խորհրդարանը,  ընդհանուր առմամբ, կատարել է այդ առաքելությունը ու ոչ միայն օրենսդրական դաշտում: Եվ մինչև 2016թ. ապրիլը և ապրիլյան պատերազմի ժամանակ ու դրանից հետո պատգամավորները գործել են իրենց իրավունքների ու պարտականությունների շրջանակում, եղել են ժողովրդի կողքին, հարկ եղած դեպքում նաև՝ առաջնագծում, մի խոսքով արել են այն, ինչին կոչված են:  

 Ինչպես գիտենք սույն թվականի փետրվարի 20-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով ընդունվեց Արցախի Հանրապետության Սահմանադրությունը:  Գործող  Ազգային ժողովի համար դա բավականին լուրջ քննություն էր՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեջ խորհրդարանին  վերապահված լիազորությունների գործադրման համատեքստում: Ուզում եմ ընդգծել, որ թե սահմանադրության նախագծի մշակմանը, թե քարոզարշավին և թե պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը ամենաանմիջական ու ակտիվ մասնակցություն է ունեցել «Ժողովրդավարություն խմբակցությունը:

Այժմ, երբ նոր Սահմանադրությունը իրողություն է, խորհրդարանի առաջնահերթ անելիքների մեջ գլխավոր ուղղությունը գործող օրենքները երկրի հիմնական օրենքին համապատասխանեցումն է: Այդ գործընթացն արդեն սկսված է, և քիչ առաջ մեր ընդունած  «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքը մեզ սպասող եռամյա ու ծավալուն աշխատանքի առաջին քայլերից է: Առջևում մեզ սպասվում են լարված աշխատանքային օրեր ու ամիսներ և, ես լիազորված եմ «Ժողովրդավարություն խմբակցության անունից մեր պատրաստակամությունը հայտնելու խորհրդարանի մյուս քաղաքական ուժերի և գործընկերների հետ նշված պատասխանատու աշխատանքն առաջ տանելու և այն որակով կատարելու համար: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Բաղրյան: Մենք այսքանով ավարտեցինք նաև պատգամավորական հայտարարությունների բաժինը: Ես ուզում եմ նիստը փակ հայտարարելուց առաջ հիշեցնել երկու սպասվող աշխատանքների մասին:

Մենք այսօր առաջին ընթերցմամբ ընդունեցինք «ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» նախագիծը, որը սպասում է առաջարկների և դիտողությունների: Կարծում եմ մի շաբաթ, 10 օրը բավարար է, որպեսզի մենք  կարողանանք այդ թեմայով ծավալվել, ինքը ծավալի առումով 6,5 էջի վրա, 12 հոդվածանոց, այսինքն այնպես չի, կանոնակարգի նման չի, որ մենք ասենք մեծ ծավալ է և չենք հասցնում: Շատ արագ կարելի է դա անել, որպեսզի մենք հունիսի կեսերին արդեն պարաստ լինենք:

Այսօր բաժանված աշխատակտարգը նույնպես խնդրում եմ, որպեսզի մեկ շաբաթվա, առավելագույնը 10 օրվա ընթացքում քննարկվի, ընթերցվի, ուսումնասիրություններ, դիտողություններ արվեն, որպեսզի հունիսի կեսերին պատրաստ լինենք աշխատակարգը քննարկել և ընդունել: Աշխատակարգը ընդունվելու է որպես ԱԺ որոշում և դա մեկ-երկու ընթերցում չի պահանջում, այսինքն միայն մեկ անգամ ենք մենք քննարկելու և ընդունելու, հետևաբար խնդրում եմ  ուշադիր լինել, որպեսզի մենք այդ ընթացակարգերում բացթողումներ չունենանք:

Այսքանը, շնորհակալություն համատեղ աշխատանքի համար: Ցտեսություն: