ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 5-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2017Թ. ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ժամը 11:00
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ կառավարության անդամներ` վարչապետ Ա. Հարությունյանի գլխավորությամբ, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա են 32 պատգամավորներ, բացակա՝ 1-ը:
ՆՒՍՏԸ ՎԱՐՈՒՄ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԸ
Աշոտ Ղուլյան - Բարի առավոտ և բարի օր եմ մաղթում բոլորին: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստի հարգարժան մասնակիցներ, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ, տիկնայք և պարոնայք: Մեր երկրի հիմնական օրենքը համաժողովրդական հանրաքվեով ընդունելու պահից անցել է հինգ ամիս: Սահմանադրության որոշ գլուխներ ուժի մեջ են մտել անմիջապես, իսկ մյուսներն ընթացքի մեջ են: Նմանօրինակ դրույթներից է խորհրդարանի կողմից Հանրապետության նախագահի ընտրության հարցը, որի համար այսօր հրավիրվել է ԱԺ հատուկ նիստ: Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի պահանջներին համաձայն՝ գործող հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 40 օր առաջ, ԱԺ խմբակցությունների առաջարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընտրվում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող ԱԺ լիազորությունների ժամկետի ավարտը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածուներ են առաջադրում գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 64 և ոչ ուշ՝ քան 57 օր առաջ: Ինչպես և հրապարակվել էր ԱԺ նախագահի ս.թ. հուլիսի 13-ի հայտարարությամբ սահմանված կարգով և ժամկետներում հուլիսի 5-12-ը` ներառյալ, Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է 2 թեկնածու՝
Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանը` ԱԺ պատգամավոր, խմբակցության ղեկավար «Շարժում 88» խմբակցության կողմից,
Բակո Սահակի` Արցախի Հանրապետության գործող նախագահ «Հայրենիք», «Դաշնակցություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների կողմից:
Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի այսօրվա նիստին հրավիրված են և մասնակցում են Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի անդամները, Ստեփանակերտի քաղաքապետը և անրապետության շրջանային վարչակազմերի ղեկավարները, ինչպես նաև արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, պետական կառավարման անկախ մարմինների ղեկավարներ, հանրապետությունում գործող ՀԿ ներկայացուցիչներ և լրագրողներ:
Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրության ընթացակարգը մանրամասնորեն կներկայացնեմ քիչ անց, իսկ այժմ հատուկ նիստի աշխատանքները սկսելու համար, պատգամավորներին խնդրում եմ գրանցվել:
Գրանցում:
Գրանցման արդյունքներով հատուկ նիստին ներկա են` 32 պատգամավոր, բացակա՝ 1–ը, հարգելի պատճառով: Նիստն իրավազոր է սկսելու իր աշխատանքը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահ ընտրելու մասին հարցը քննարկվում է հետևյալ ընթացակարգով.
1. Մինչև 10-ական րոպե տևողությամբ ելույթներով, ըստ թեկնածուների ազգանվան այբբենական հաջորդականությամբ հանդես են գալիս թեկնածուներին ներկայացնելու իրավասություն ունեցող անձինք.
2. Թեկնածուների ելույթների համար հատկացվում է մինչև 1 ժամ.
3. Թեկնածուին ներկայացնող անձը և թեկնածուն ելույթ են ունենում հաջորդաբար.
4. Ելույթից հետո թեկնածուին ներկայացնող անձին և թեկնածուին կարող են հարցեր տրվել.
5. Մտքերի փոխանակություն.
6. Մինչև 15-ական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբ հանդես են գալիս թեկնածուները.
7. Գաղտնի քվեարկություն:
Սա ամբողջ ընթացակարգն է, որ մենք քայլ առ քայլ այս նիստի ընթացքում պետք է անցնենք: Հարցեր տալու, մտքերի փոխանակության և գաղտնի քվեարկության ընթացակարգերը կատարվելու են 2017թ. ապրիլի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, հաշվի առնելով, որ նոր կանոնակարգ օրենքի համանման դրույթները դեռևս ուժի մեջ չեն մտել:
Նկատի ունենալով, որ հիմնական ելույթների համար նախատեսված է մինչև մեկ ժամ և, որ ելույթները նպատակահարմար չէ ընդհատել կեսից, առաջարկում եմ համեմատաբար ճկուն աշխատակարգ, 1-1,5 ժամից հետո կհայտարարվի ընդմիջում կես ժամ՝ ըստ պատրաստվածության: Երրորդ ընդմիջում լինելու դեպքում տևողությունը կլինի 1 ժամ: Հարցեր կա՞ն ընթացակարգի վերաբերյալ: Չկան: Անցնում ենք արդեն կոնկրետ հարցին:
Հանրապետության նախագահի թեկնածու Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանին ներկայացնելու համար խոսքը տրվում է «Շարժում 88» խմբակցության ներկայացուցիչ Վիլեն Սաֆարյանին: Խնդրեմ:
Վիլեն Սաֆարյան - Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ, տիկնայք և պարոնայք: Ձեզ եմ ներկայացնում «Շարժում–88» խմբակցության կողմից առաջադրված ԱՀ նախագահի թեկնածու Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանի կենսագրությունը:
Ծնվել է 1963թ. Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում: Տեղի միջնակարգն ավարտելուց հետո, ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը և 1986-ին ավարտել այն:
1987թ. աշխատանքի է անցել ԱՀ առողջապահության համակարգում, դասավանդել Ստեփանակերտի բժշկական ուսումնարանում:
Դեռևս ուսանողական տարիներին եղել է ուսանողների շրջանում ղարաբաղցիների հանդիպումների հայտնի կազմակերպիչներից: Մասնակցել է ընդհատակյա պայքարին, մաս կազմել Ակնաղբյուրի ջոկատին, իսկ 1992-ից ծառայել 4-րդ պաշտպանական շրջանում: 1993-ին ղեկավարել է ՊՇ բժշկական ծառայությունը մինչև 1997թ:
1997թ. զորացրվել է ՊԲ շարքերից: Բժշկական ծառայության մայոր է: «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր:
1998-99թթ. եղել է ԼՂՀ առողջապահության փոխնախարար: Ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն՝ անհամաձայնություն հայտնելով ոլորտում իրականացվող քաղաքականությանը:
1999թ. վերապատրաստվել է ԱՄՆ-ում՝ առողջապահության կազմակերպում և զարգացում մասնագիտությամբ:
2000թ. ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման ԱԺ պատգամավոր և սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2003թ. «Շարժում-88» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնողներից է, իսկ 2004-ից՝ համանուն կուսակցության վարչության նախագահ:
2004թ. ընտրվել է Ստեփանակերտի քաղաքապետ և ղեկավարել մայրաքաղաքը մինչև 2007թ:
2005թ. ՀՅԴ «Շարժում-88» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր, հրաժարվել մանդատից՝ շարունակելով իրականացնել քաղաքապետի լիազորությունները:
2008թ. հունվարից մինչև 2010 թ. սեպտեմբերը և 2011 թ. հոկտեմբերը եղել է ԼՂՀ վարչապետի խորհրդական:
2012թ. համակարգել է ԼՂՀ նախագահի թեկնածու Վ. Բալասանյանի նախընտրական շտաբի աշխատանքները:
2015 թ. «Շարժում-88» կուսակցության համամասնական ցանկով ընտրվել է 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր:
Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
Ամուսնացած է: Ունի 2 զավակ և առայժմ 3 թոռ: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցեր ունե՞նք պարոն Սաֆարյանին: Հարցեր չկան, պարոն Սաֆարյան, կարող եք նստել: Մեր սահմանած ընթացակարգով այժմ մենք պետք է լսենք «Շարժում-88» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուին: Խոսքը տրվում է Հանրապետության նախագահի թեկնածու Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանին: Խնդրեմ, պարոն Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան - Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ և հրավիրվածներ, տիկնայք և պարոնայք:
Ես, թերևս, իմ ելույթում չեմ կարող շրջանցել վերջին ամիսներին մեր հանրապետությունում իրականացված ամենագլխավոր քաղաքականական առանցքային հարցին՝ սահմանադրական բարեփոխումներին: Թերևս, փորձեմ դրանից էլ սկսել: Մինչև ապրիլյան դեպքերը, երբ խորհրդարանում արդեն նախնական քննարկումներ էին ընթանում Սահմանադրությունում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ, կարծիքների փոխանակություններ, մենք հստակ արտահայտել ենք «Շարժում-88» խմբակցության դիրքորոշումը, այն է կիսանախագահական հանրապետություն՝ Նախագահի դերի հստակեցմամբ, իսկ ավելի ճիշտ, կիսանախագահական հանրապետության նախագահական պառլամենտական տեսակը, որը նաև մեր կյանքին համահունչ, մեր անցած ճանապարհին համահունչ էր:
Ապրիլյան դեպքերը նախնական քննարկումներում, ճիշտ է քաղաքական ուժերի մեծամասնությունը հակված էր դեպի խորհրդարանական համակարգ, սակայն ապրիլյան դեպքերն ինչ-որ սղագրումներ մտցրեցին նրանց կարծիքներում, չգիտեմ ոնց ասեմ, ամեն դեպքում, հետագա տարիներում, կամ գուցե տարի-տարիուկես, գուցե և ավելի, ընթացքն այնքան էլ թափանցիկ չի եղել, հատկապես քաղաքական որոշումների ընտրության հարցում: Դրա համար ընթացքում առաջացել են որոշ հարցադրումներ, առկա են որոշ հարցեր, որոնք առայսօր պատասխանները… համենայն դեպս` ինձ համար, չունեմ որևէ մեկը, հատկապես սահմանադրագետներից, մասնագետներից, իրավաբաններից որևէ հոդաբաշխ խոսքով մինչև վերջ չի մեկնաբանել, չի բացատրել, չի տվել դրա պատասխանները: Խոսքը վերաբերում է նաև հատկապես, առկանխելով լրատվական աշխարհի ներկայացուցիչների հարցադրումները գործող Նախագահի հետագա պաշտոնավարման ժամանակահատվածին: Հարց, որ գոյություն է ունեցել նաև սրանից 10-12 տարի առաջ: Երկրորդ Նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում, առաջին Սահմանադրությունից հետո, նիստերի դահլիճում նստած են պատգամավորներ, ովքեր եղել են վկան այն ժամանակվա քննարկումների, որ չնայած քննարկումներն ընթացել են բավականին կոշտ դիմակայության պայմաններում՝ ի տարբերություն այսօրվա քաղաքակիրթ մշակույթի, համենայնդեպս, եթե հարցն այն ժամանակ կյանքի իրավունք ուներ, հետևաբար, հիմա էլ ունի, հետագայում էլ՝ առավել ևս: Կարծում եմ, կյանքը դա ավելի պարզ ցույց կտա:
Ինչո՞ւմն է մտահոգությունների առիթը և ոչ միայն պետության նորանկախ, կայացող պետության միջազգային վարք կամ ժողովրդավարական վարք կամ իմիջ հասկացողություններից, այլ որ, ըստ իս, առաջին անգամ փորձ է արվում մեր քաղաքական մշակույթում` չգիտեմ ինչքանով հիմնավորված, համենայն դեպս քաղաքական գործիչների ելույթների հիման վրա եմ ես եզրակացնում անփոխարինելիության ինչ-որ տարր մտցնել: Իսկ մեր առայսօր ունեցած պետության ձեռքբերումները, հաջողությունները` ըստ իս, կախված են ուղիղ հակառակի հետ, որ անփոխարինելիությունը պետության համակարգ է, որը չպիտի կախված լինի որևէ անձից, որևէ անհատից: Սա այն երազանքների պետությունն է, որին 88-ից բոլորս էլ երազում էինք:
Փորձեմ որոշ դիտարկումներ անել, ամբիոնն օգտագործել նաև, իհարկե, ես շատ լավ էլ գիտեմ, որ քաղաքական ուժերի հարաբերակցությունը խորհրդարանում, քվեարկության արդյունքները, բայց նաև պիտի պատեհ առիթն օգտագործեմ, համենայնդեպս, առնվազն 2005, 2012, 2015 թվականներից մեր կողմից հնչեցվող մտահոգությունների առարկա հանդիսացող հարցերին փորձել ևս մի անգամ բարձրաձայնել՝ ակնկալելով գոնե դրանց հետագա լուծման ողջամիտ հարցերի, ողջամիտ հարցադրումների գոնե լուծման /չի լսվում/:
Առաջին հերթին խոսքը վերաբերում է բանակցային պրոցեսին, արցախյան հարցի բանակցային պրոցեսին, որով Արցախը, կարծեք թե 2000 թվականների սկզբից Արցախ, որպես այդպիսին, բանակցային պրոցեսում չկա, չնայած այսօր նաև բանակցային պրոցես, որպես այդպիսին չկա, փակուղի, չգիտեմ, քաղաքական ինչ փակուղում է հայտնված և ընդամենը բանակցություններ՝ հանուն բանակցությունների կամ հանդիպումներ՝ հանուն հանդիպումների, հասել ենք այս կարգավիճակին: Ինչո՞ւ Արցախը, որովհետև ի սկզբանե Արցախն է եղել այդ աստվածատուր իրավունքի բարձրաձայնողը, ինքնորոշման իրավունքի բարձրաձայնողը: Եվ միայն այս հարթությունում է, որ հայկական կողմի կռվանները բավականին հզոր են, քան պաշտոնական Բաքվինը, առավել ևս հաշվի առնելով մեր պետականության անցած անթերի ճանապարհը:
Կարծում եմ, ժամանակն է, որ բավականին շեշտակի, ընդհուպ եթե պետք է կոշտ նման հարցադրումները դնել Հայաստանի քաղաքական ղեկավարության առաջ: Տեսեք, գործը հասել է նրան, որ Ադրբեջանը բացահայտորեն ինքնորոշման սկզբունքը որքան հնարավոր է այս քսան-քսան քանի տարիների արդյունքում ոտնահարվել է չգիտեմ որերորդ անգամ կողմ և բացահայտ որպես թշնամի, ագրեսոր, օկուպանտ է որակավորում այն կողմին, որի հետ նաև բանակցում է: Ամեն դեպքում, կարծում եմ, միայն Արցախը կարող է բարձրաձայնել և հյուսիսային Արցախի 40-ից ավելի հազար բնակիչների և, որպես պետականաստեղծ ազգ Ադրբեջանի հանրապետությունում, սոցիալիստական հանրապետության պետականաստեղծ ազգ նաև կրող մնացած բոլոր հայության մասերի՝ Բաքվից, Սումգայիթից, Գանձակից և այլն, ու դրանց բոլոր հարցադրումների պատասխանը ակնկալել, իսկ եթե չկա հարցադրում, պատասխաններ, բնական է, չեն էլ լինելու:
Հաջորդը՝ անվտանգության բնագավառ. Բնագավառ, որին 2005-2012, 2015թթ. երբ որ անդրադառնում էինք, երբեմն մեզ մեղադրում էինք ավելորդ ռազմատենչության մեջ, համենայնդեպս, իշխանական մամուլում` իշխանամերձ գործիչները: Դա եղել է 2005, 2012 թվականներին, նույնիսկ դիրքերի կահավորումից սկսած զինվորների խոցելիության մակարդակի իջեցմանը, արդիական միջոցների օգտագործմանն ուղղված, երբ ի դեպ, որոշ լրատվամիջոցներում բավականին հեգնանքով էր ընդունվում: Համենայնդեպս, այդ լրատվամիջոցներն այսօր արդեն տարփողում են վերջին մի տարում իրականացրած համանման գործերը: Բայց, փաստը մնում է փաստ, որ արդյունքում մենք ունեցել ենք անդառնալի կորուստներ, որի համար չգիտեմ ով է պատասխան տալու կամ տալո՞ւ է երբևիցե:
Անվտանգության համակարգ. Ըստ մեզ, դեռևս 2002-2003թթ. արդարադատությունում գրանցված ծրագրային դրույթների պահանջ, որ անվտանգության համակարգը, մասնավորապես բանակը պետք է կառուցված լինի շվեյցարական ազգ-բանակ հասկացողության գաղափարի վրա: Ի՞նչ է նշանակում ազգ-բանակ: Դա նշանակում է , որ յուրաքանչյուրի սրբազան պարտքն է ծառայել բանակում: Ի դեպ, դրույթ, որ սահմանադրորեն մենք չամրագրեցինք, առաջարկությունը մերժվեց, տեղը գրվեց, որ այդ դրույթը սահմանվում է օրենքով: Բայց պետք է լինի սրբազան գործ, պետք է լինի բոլորի համար հավասարապես, բացի դրանից, զորացրվելուց հետո, ըստ զինվորական մասնագիտությունների, մինչև որոշակի տարիք պարբերաբար կազմակեչպվեն ուսուցումներ, թրեյնինգներ և այլն, և այլն: Այսինքն, ունենալ պահեստուժ՝ արհեստավարժ, որն առանց լրացուցիչ ժամանակի, առանց մնացած այլ հանգամանքների կնետվի և գործող բանակի կողքին անմիջապես հավասար կմարտնչի, իսկ հայկական մոդելը, մենք առաջարկում ենք նաև կամավորականության սկզբունքը դրան ամրագրել, քանի որ, ըստ էության, հայոց պատմության մեջ մենք նաև ստրկատիրական համակարգ էլ չենք ունեցել, եթե ունեցել ենք զորքեր, դա որևէ իշխանավորի, չգիտեմ թագավորի, իշխանների, բդեշխների և այլնի համակիրներ են եղել: Իսկ նման բան, տառացիորեն մինչև վերջին մի քանի տարին Եվրոպայի կենտրոնում գտնվող Շվեյցարիայում 54, թե հիսունքանի օր բառացիորեն խաղաղության նման մոդել էր առաջարկում. մի դեպք. Հիտլերը նույնիսկ Շվեյցարիայի վրա չհարձակվեց, ոչ թե այն պատճառով, որ չէր կարող գրավել, անհնարին էր գրավել, այլ, որ զոհերը ադեկվատ չէին լինելու ձեռք բերվածին: Չնայած Շվեյցարիան այդ մոդելի արդյունքում ձեռք բերեց կայունության համբավ և պատճառը նաև այն է, որ բանկերը այդ կայունության օջախից ձգվեցին դեպի նույն շվեյցարիաները: Նույն փորձը նաև 4-5 պատերազմների ընթացքում` /չի լսվում/, Քեյա, Գարդնայից սկսած հրեական տարբերակները, նույն տարբերությամբ: Բավականին կարճ ժամանակահատվածում գործող բանակը միանգամից համալրվում է լրացուցիչ արհեստավարժ պահեստուժով: Նման հեռանկար ունենալով Ադրբեջանը երբեք չի հանդգնի կամ հանդգնելու դեպքում արժանի պատասխան կստանա: Քանի որ բանակցությունները մտնում են փակուղի, այլընտրանքը միայն մնում է պատրաստ լինել պատերազմի: Պատրաստ լինել պատերազմի, դա ոչ թե ռազմական, ինչ-որ վախեցնելու կամ չգիտեմ ինչի կոչ, այլ պատրաստ լինել պատերազմի, որովհետև, ըստ երևույթին, հերթական անգամ պատերազմները լինելու են ոչ միայն բանակների միջև, այլև երկու ազգերի միջև: Եվ այն ազգը, որն ավելի կազմակերպված կլինի, արդյունքներն ավելի նրա օգտին կլինեն: Ես կարծում եմ, որ էթնոսը, որի դեմ մենք հակամարտում ենք, կամ ավելի շուտ մեր դեմ հակամարտում է առնվազն վերջին 200-300 տարի, նույն պատմությունը եղել է և չենք կարծում, որ վաղը-մյուս օրը ամբողջ աշխարհը կամ առավել ևս իրենք առաքյալներ են դառնալու…
Հաջորդ բնագավառը` ժողովրդագրություն. Կցանկանայի անդրադառնալ: Ես պատահականորեն չեմ անդրադառնում ըստ կարևորության, /չի լսվում/: Կփորձեմ վերջում նաև դրա մասին խոսել: Իհարկե, գործուն, վերջին տարիներին իրականացված այս ոլորտում իրականացված բավականին ճկուն մեխանիզմների կիրառման արդյունքում հնարավոր է եղել նվազման միտումները նախորդ նախագահի պաշտոնավարման շրջանից հետո, բավականին դրական արդյունքներ արձանագրել, բայց արդեն իսկ այսօր ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն 2009-2015թթ. մենք ունենք մտահոգող փաստեր, որոնք այսօր պետք է ախտորոշել, այլապես հիվանդությունը 3-4 տարի հետո բուժել հնարավորություն չի լինելու:
Խոսքս վերաբերում է ծնունդների աճի տեմպերի նվազմանը, հատկապես երրորդ և ավելին: Սա այն ոլորտն է, որում մեր պետությունն ակտիվ քաղաքականություն է իրականացնում՝ նպաստներից սկսած մինչև բնակարաշինություն և այլն: Ըստ երևույթին, այդ գործիքակազմը պետք է ավելի ճկուն դարձնել: Այդքանը, ըստ երևույթին, բավարար չէ, այլապես նման անկում չէինք ունենա:
Մեխանիկական աճի տեմպերի նվազումը ևս մտահոգիչ է: Նշանակում է երկիրը հարմարավետ չի կամ ինչ-որ առումներով եկողների համար: Ինչու եմ ասում եկողների համար, որովհետև հիմնականում, մենք ըստ երևույթին մեր ամենամեծ ախտը, մինուսը, հայությանը սպառնացող, ես նկատի ունեմ` արտագաղթը, պետք է դարձնենք մեր պլյուսը: Տեսեք, 1960-70-ական թվականներին աշխարհում ընդամենը երկու ազգ կար, որի 50+1 տոկոսը բնակվում էր իր պետության սահմաններից դուրս, սոցիալիստական պետականության սահմաններից դուրս: Բավականին հստակ ծրագրավորման արդյունքում 70-ական թվականներից գործարկված նույն հրեաների ծրագրերը, արդեն 50+1-ը ներկայումս արդեն ապրում է Հրեաստանում: Հնարավոր եղավ ուղեղների հզոր ներհոսքի պատճառով, տեխնոլոգիական ճեղքման արդյունքում ֆիզիկական, ոչ միայն ազգի ֆիզիկական գոյությունն ապահովել, այլ մնացած գործոններն իրականում միջազգային ակտեր դարձնել ընդամենը մի 40-50 տարվա ընթացքում: Հնարավո՞ր է այս ճանապարհով ընթանալ, ոչ թե հնարավոր է, այլ պարտավոր ենք, մենք այլ ճանապարհ չունենք: Ղարաբաղը, կարծում եմ դարձ դեպի Արցախ, դարձ դեպի Հայաստան քաղաքականության ընդհանուր կոնտեքստում բավական ուրույն, արժանապատիվ իր տեղը պիտի ունենա: Եվ հիմա եթե չենք սկսում, հատկապես առկա սոցիալական բողոքները և այլը հաշվի առնելով, դա չի նշանակում, որ այս քաղաքականությունը ինչո՞ւ պետք է իրականացնել, որովհետև տնտեսական աճ արձանագրած բոլոր երկրներում տնտեսական աճին նախորդել է ժողովրդագրական աճը: Մալազիա, չգիտեմ Ինդոնեզիա, Ամերիկա, Իսրայել, Ճապոնիա, Հնդկաստան և այլն, և այլն: Հասարակ տնտեսության ոսկե կանոնը՝ առաջարկ-պահանջարկ, պահանջարկ-առաջարկի հարաբերակցությամբ: Ես կարծում եմ, սա նաև այն ճանապարհն է, որ հայությունը պետք է անցնի, բայց բավականին անցնել ոչ միայն վիճակագրական տվյալներ տարվա վերջին հաղորդելով «Արի տուն» ծրագրի գործունեության վերաբերյալ, այլ տվյալներ չունենալով, չգիտես երևի Գնա տնից ծրագրերի մասին:
Ժողովրդագրական իրավիճակի փոփոխությունում կարելի է նաև օգտագործել ավելի ճկուն գործիք՝ հիփոթեքի գաղափարը, առավել ևս, որ մենք բավականին սոցիալական ծրագրեր ենք իրականացնում, հիփոթեք, որ իրականացնում ենք զոհված զինծառայողների ընտանիքների, փախստականների և այլնի, կարելի է այդ ծրագրերում երրորդ և ավելի երեխաների, չգիտեմ երրորդ, չորրորդ, զեղչերը հանել և արդյունքում, մինչև հասնի 6-րդ երեխային ՝ ընդհուպ մինչև հիփոթեքը փակել: Կարծում եմ, նաև ավելի ճկուն մեխանիզմ է, աշխղեկի շինարարությունից գողացած փողերն էլ արանքից կհանվեն:
Առողջապահության բնագավառ. Ես այս բնագավառի մասին կարող եմ երկար խոսել, թերևս կարճ կասեմ, առայսօր մենք չունենք տարբերակում՝ ի՞նչ է առողջապահությունը, ի՞նչ է բժշկությունը:
Բժշկությունը առողջապահության 28-30 տոկոսն է ընդամենը: Թե Բիսմարկի, թե Բեվերիջի, թե Սեմաշկոյի մոդելներում, թե փոփոխվող մնացած այլ կարգի մոդելներում: Պարզապես պետք է ընդունել առողջությունը, ընդհանրապես, ընդունո՞ւմ ենք որպես արժեք, թե՝ ոչ: Մենք պետք է գնանք ներկայի ֆինանսական պայմաններում ըստ երևույթին դեպի ապահովագրական համակարգ, իսկ խոչընդոտն այստեղ եղել է հունվարի 1-ի նախօրյակին, չեմ հիշում արդեն` որ տարի, պարտադիր ավտոմեքենաների ապահովագրական համակարգի մտցնելը, երբ նոր տարվա սեղանի որոշակի գումարներ շամպայնի փոխարեն պիտի ուղարկվեն պարտադիր ապահովագրական համակարգերին: Այս ճանապարհը պետք է անցնել 10 և ավելի տարիների ընթացքում, ինչքան որ ուշացնում ենք… Ի դեպ, մենք պետականորեն նաև այս հարցին… Արցախի կառավարությունը… կան նաև վերլուծականներ, անդրադարձներ, չգիտեմ, պահվում են թե չէ, սկանդինավյան երկրներից՝ Դանիա, Բրիտանիա, Կանադա, մինչև Արևելյան Եվրոպա, Արևմտյան Եվրոպա, ԱՊՀ տարածք, Իսրայել, Կանադա, ընդհուպ և անմիջապես մինչև մեր հարևան երկիր, որոնք բավականին հետաքրքիր լուծումներ ունեն առողջապահության համակարգի վերաբերյալ, Իրանը նկատի ունեմ` մեր հարևաններին:
Տեղական ինքնակառավարում. Հատկապես սահմանադրական բարեփոխումների ընթացքում տեղական ինքնակառավարման բավականին տեղ հատկացվեց նախընտրական քարոզչության, այդ թվում նաև որոշ բարձր պաշտոնյաների կողմից, չնայած շատ դեպքերում այդ քարոզչությունը իրականության հետ, համենայն դեպս, մեր իրականության հետ որևէ /չի լսվում/ չունեին, որովհետև ներկայացվում էր, որ համայնքը պետք է ունենա բյուջե: Այնինչ համայնքը մեր օրենսդրությամբ 97 թվականից ունի բյուջե: Այլ խնդիր է, որ ընդամենը 2 անգամ անդրադարձել ենք այս օրենքին և մի անգամ էլ իրականացրել քաղաքականությունը, քաղաքականություն` գույքահարկի և հողահարկի, ընդամենը տեղափոխում համայնքների ու, արդյունքները բավականին դրական են եղել: Ես ինչո՞ւ եմ անդրադառնում, որովհետև խոսակցական մակարդակի, համենայնդեպս, բանավոր խոսակցական մակարդակով շրջանառվում են կարծիքներ, տեսակետեր` ավելի հեղափոխական, լուծումների այս բնագավառում: Ոչ թե էվոլյուցիոն, այլ` հեղափոխական: Իսկ ճիշտն ասած, ցանկացած, թող ինձ ներեն դաշնակցության հեղափոխականները, այս հեղափոխությունները ոչ մի դրական բանի չեն բերի: Եթե մեր անցած պատմությունը, ավանդությունները, նույնիսկ աշխարհագրական տարածքները և այլն, և այլն, բավականին հաշվի է առնված, այսինքն, մեխանիկական մոտեցում չպիտի լինի, այլապես մեր կոտրած տաշտակը հեռու չի լինի կամ էլ առնվազն որևէ էական փոփոխություններ ոլորտում չենք արձանագրի: Ժամանակին առաջարկել էինք ընդհուպ մինչև տեղական ինքնակառավարմանն անդրադառնալը և վերաբնակեցվող գոտում, մասնավորապես Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում, կասեցնել այդ օրենքների գործունեությունը և ոչ միայն տեղական ինքնակառավարման օրենքի, այլ նաև գնումների ինստիտուտի, քաղծառայությունների ինստիտուտի, մինչև այդ համայնքները կայանան: Ի միջի այլոց համայնքների կայացման մասին… ես չգիտեմ, մի այլ մտահոգիչ փաստ, որ ավելի կայացած համայնքներից մեկնողների քանակը, ընդ որում մինչև ապրիլյան դեպքերը, մեր մեկնողների քանակը մի քանի անգամ գերազանցում է : Մասնավորապես, Ճարտարի, մի քանի անգամ գերազանցում է, առավել կայացած բնակավայր է, որին, ի դեպ, քաղաքի ստատուս տվեցինք:
Տնտեսության բնագավառ. Գյուղատնտոսություն, ընդհանրապես տնտեսություն: Ըստ իս, հնարավոր է եղել չճանաչվածության պարագայում, այսինքն արտաքին գումարների, դրամաշնորհների բացակայության պայմաններում բավականին հետաքրքիր լուծում գտնել: Մասնավորապես, բանկային համակարգից, այլ համակարգերից և պետական միջոցներով, ինչպես, եթե կարելի է ասել` էժանացնելով, այսպես ասենք` վարկավորումը: Եվ դրա ակնհայտ արդյունքն է ՀՆԱ-ի վերջին տարիների դինամիկ ցուցանիշները: Սակայն, ես որպես սոցիալական արդարության կողմնակից, ի դեպ, արդարության, առանց հավասարապաշտական սկզբունքի, հատկապես այն առաջին երկու ոլորտը, որ նշեցի` և պաշտպանության ու կրթության բնագավառում, չկա սոցիալական արդարություն, իսկ առանց սոցիալական արդարության հնարավոր չէ կառուցել ազգ-բանակ գաղափարախոսությամբ պաշտպանություն:
Բևեռվածությունը տնտեսության, հետ գամ նորից տնտեսությանը: Տնտեսության բևեռվածությունը, քանի որ այդ սոցիալական արդարությունը, քանի որ մենք սահմանադրորեն սոցիալապես արդար ենք, բնականաբար ազգային վիճակագրությունը /չի լսվում/ գործակցի մասին ոչ մի տվյալ չի հաղորդում, բայց անալոգ տվյալները, համենայն դեպս Հայաստանի համանման, Հայաստանի մոտավորապես վիճակին, տխուր վիճակ եմ փաստում և, այստեղ ահռելի աշխատանք կա կատարելու, այդ բևեռվածության մակարդակը, որ գնալով ահագնանում է ու տարբեր ոլորտներ թափանցում, ընդհուպ մինչև հանրակրթություն, մինչև մանկական ներաշխարհ: Սահմանադրական, կայսերական և միապետական շատ երկրներում, աշխարհում նվազագույն և բարձրագույն աշխատավարձերի պետականորեն տարբերությունը մաքսիմում 3 է, 1/3, Ճապոնիայից մինչև Նորվեգիա, Սկանդինավիա և այլն:
Գյուղատնտեսության բնագավառ. 15 տարի առաջ. պատգամավորներ կան 3-րդ գումարումից, իհարկե, նրանց համար երազանք էր ունենալ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ: Հիմա այդ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը աշխատանքը լավ է կատարում, ճիշտ է կատարում, սխալներ կլինեն, կշտկեն, դա ես թողնում եմ մասնագետներին, երկրորդականին, բայց որ այնտեղ նաև ունենք գյուղի անուն, ավելի տարողունակ անուն՝ գյուղի և գյուղատնտեսության: Կարծում եմ, գյուղատնտեսություն իրոք կա, բայց գյուղ չկա: Այդ հիմնադրամում գյուղ չկա, այլապես տեղական ինքնակառավարումում նման պատկեր չէինք ունենա, որը նաև մահացության ցուցանիշների վրա է անդրադառնում, հատկապես գյուղական համայնքներում, տղամարդկանց շրջանում, ընդ որում 35-40 և 45-50 տարեկան բավականին երիտասարդ մահացության ցուցանիշների աճի տեմպի բարձրացումը: Դա նշանակում է, որ համահարթեցման քաղաքականություն է ըստ էության, այն ակնկալվող արդյունքները, համենայնդեպս, չի տալիս: Շատ չշահագործեմ ձեր համբերությունը, մի քանի երևույթի մասին էլ:
Վերջին օրերին, կարծեք թե լրատվամիջոցների ներկայացուցիչներն ասում են՝ Ղարաբաղում կոռուպցիա, կոռուպցիայի դեմ պայքար և այլն, և այլն արդար հաջողություններ: Կոռուպցիան, ըստ էության սիստեմային հիվանդություն է: Կան բազում օրինակներ, Շվեդիայի անկանխիկ համակարգերից սկսած, չգիտեմ, մինչև Սինգապուրի և ժողովրդական, և ավտոլիտար մեթոդների, բայց մենք ասում ենք Ղարաբաղում այսինչ ոլորտներում կոռուպցիա չկա: Մենք ընդհանրապես կոռուպցիա սահմանում չունենք: Օրենսդրորեն ընդհանրապես կոռուպցիա սահմանում չունենք: Ի՞նչ է կոռուպցիան, ինչի դեմ ենք պայքարում: Այո, ընդունում ենք, որ կան, եթե կարելի է ասել մանր կաշառատվության հարցեր, համենայն դեպս տարիներ առաջվա հնչեղությունը չունեն, այսպես ասենք:
Հարգելի գործընկերներ, ես թերևս բավարարվեմ այսքանով, ավելի շատ ձեր հարցերին պատասխանելու ժամանակ ընձեռելով, և խոսքս ուզում եմ ավարտել հայրենասիրություն կոչված Աշոտ Բեկորի «Ի՞նչ է հայրենասիրությունը» բառերով: Հայրենասիրությունը պարզապես յուրաքանչյուրի իր պարտքը կատարելն է: Իր մասնագիտական, կամ չգիտեմ այլ պարտքը տեղը տեղին, պատշաճ մակարդակով կատարելն է: Եվ մյուսը, մեծ զորավարի խոսքը, որ «քնանալուց առաջ երբեմն մտածել այս ազգի մասին»: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, հիմա մեր ընթացակարգով հարցեր` թեկնածուին: Խնդրեմ, եթե կան այդպիսիք, կարող եք տալ և ստանալ պատասխաններ: Հարցեր չկա՞ն պարոն Աղաբեկյանին: Ալյոշա Գաբրիելյան, հետո Վարդգես Բաղրյան, չկան: Խնդրեմ, Ալյոշա Գաբրիելյան: Հարցերը թեկնածուներին տալու ենք տեղից:
Ալյոշա Գաբրիելյան - Պարոն Աղաբեկյան, եթե այսպես ասենք, իմ աչքի առաջ եք Դուք մեծացել, ձևավորվել և ուրախ եմ, որ քաղաքական տեսանկյունից բավականին աճ կա և Ձեզ նմանները մեր հանրապետությունում բավականին պետք են և անհրաժեշտ են, անկախ ընտրության արդյունքից, կարծում եմ, Դուք մեզ հետ գործելու եք և լինելու եք մեզ հետ միասին: Ուղղակի, ես հարցս ուղղում եմ որպես նախկին կոլեգայի, որովհետև ժամանակի ընթացքում Դուք ղեկավարել եք Ստեփանակերտի մեծ համայնքը, իսկ ես՝ Ասկերանի շրջկենտրոնի: Եվ եղել են դեպքեր, երբ մտահոգություններ ունեցել ենք և այսօր էլ այդ մտահոգությունները բնական է, կան, չեն վերացել: Դուք անդրադարձաք ընդամենը շրջանցիկ ՏԻՄ-երին, բայց իմ հարցը այսպիսինն է. Կուզենայի փակագծերը մի քիչ բացեք, որովհետև դա ամենաչար և քննարկված, և չքննարկված, և բաց հարցերից մեկն է, որովհետև Սահմանադրությունը հստակեցված հիմնադրույթները չի տալիս, թե ապագայում ի՞նչ ենք ունենալու և ի՞նչ ենք տեսնելու: Բացի դրանից, այն, ինչ մեզ հրամցնում են, ճիշտ եք, ես էլ եմ համաձայն, որ դա հեղափոխության նման մի բան է, որը ապագայում` չգիտենք ինչ: Համենայն դեպս, այսօրվա վիճակում ունենք այն, ինչ որ ունենք` գյուղում, գյուղական համայնքում: Այն պրոբլեմները, որ կան և դրա հիման վրա ինչպե՞ս եք տեսնում ՏԻՄ-երի գործունեությունը մոտ ապագայում:
Էդուարդ Աղաբեկյան - Ինձ թվում է, առ այսօր գործող համակարգում, տեղական ինքնակառավարման համակարգում իշխանության մոտեցումը տեղական ինքնակառավարման համակարգին` ինչ-որ խանդոտ բաներ է ունեցել: Գործը նրանում է, որ ՏԻՄ-երը, անկախ են, բայց անկախ են իրենց գործունեության շրջանակներում: Առ այսօր հստակեցված չեն ՏԻՄ-երի կամավոր, պարտադիր, պատվիրակատու, պատվիրակումն էլ մի կողմ թողնենք, հասկանալի է, որ պատվիրակում են, անմիջապես գումարներ և այլն, և այլն, իրականացման մեխանիզմները: Նույնիսկ եթե փորձ արվի իրականացնել, տեսականորեն օրենսդրական ճանապարհը մնում է միայն ավագանիներին տրված այն դրույթը, որ ինչ-որ արգելված չի` օրենսդրությամբ ավագանու կողմից կարելի է: Իսկ տեղական ինքնակառավարման հիմնահարցերը, համաձայն եմ Ձեզ հետ, առնվազն բնակչության 70-75 տոկոսը ամենօրյա առնչություն ունի այդ համակարգի վերաբերյալ, նույնիսկ մենք համայնքային ծառայության ինստիտուտ որպես նույնիսկ այդպիսի հասկացողություն առայսօր չունենք, իսկ նաև կան բավականին ունակ, ազնիվ, նվիրված աշխատակիցներ, մոտ 700-800 կարգի քաղծառայության ինստիտուտի նման, այսպես ասենք, մի ժամանակ եղել է, փորձել ենք նույնիսկ երկուսը միացնել: Ընդունում եմ, գաղափարախոսություն ընդունած ապագայի ժամանակացույց, քայլեր, ծրագիր և մոնիտորինգ, այս մեխանիզմով, համենայն դեպս, նորմալ վերլուծական պետական մակարդակ չեմ տեսել:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, Վարդգես Բաղրյան:
Վարդգես Բաղրյան - Շնորհակալություն: Պարոն Աղաբեկյան, Դուք խոսեցիք տարբեր ոլորտների մասին, բայց չխոսեցիք կրթության, գիտության, մշակույթի զարգացման մասին: Ինձ հետաքրքիր է, Դուք ունե՞ք որոշակի հայեցակարգ, տեսլական, ընտրվելու դեպքում դրանք իրականացնելու համար:
Էդուարդ Աղաբեկյան - Բարի, շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Ներողություն, պարոն Աղաբեկյան: 3-ական րոպե է, ես հիշեցնում եմ, հարցերի և պատասխանների համար:
Էդուարդ Աղաբեկյան - Կրթության բնագավառում, դա մեր անվտանգությունից հետո, նույն անվտանգությանը հավասարազոր, հավասարապաշտական, էգոլիտար սկզբունքին ենթակա բան է: Ի՞նչ ունենք կրթության համակարգում: Անկախությունից հետո հայությանը` երկրաշարժ, շրջափակում, պատերազմ, և այլն, և այլն, առաջին դրամաշնորհները… միջազգային կառույցները, ի դեպ, որոնք հենց այնպես գումար չեն տալիս, տրվել են կրթական համակարգին: Ինչո՞ւ, որովհետև խորհրդային համակարգը, կրթական համակարգն իր բյուրոկրատական և այլ, և այլ հատկություններով հանդերձ, մարդկության լրջագույն ձեռքբերումն է, եթե կարելի է ասել մտքի բարձրագույն ձեռքբերումն է, պլյուս դրան էլ, հայության, հայի պրպտուն միտքն ու բավականին նորմալ արտադրանք էր, այսպես ասենք: Նորմալ արտադրանք էր, մրցունակ արտադրանք էր տալիս, ապացույցը խորհրդային տարիներին ակադեմիկներից սկսած ընդհուպ մինչև եթե կուզեք` քրեականներ, որ ահագին եղել են: Եվ պետք էր քայքայել այ այդ համակարգը, որպեսզի այդ ունակ ուղեղներն այդտեղ արդեն նորմալ արտադրանք չտային: Դրա համար ունենք, ներողություն բառիս համար, «զուբրիտի» վրա հիմնված համակարգ, որը մինչև, ուսանողները գիտեն, որ անգիր անելուց հետո ինչ է լինում: Անհասկանալի, օրինակ, ես զարմանում եմ, որ մինչև հիմա նախադպրոցական կրթությունը պարտադիր համակարգում չէ, անհասկանալի ավարտական ինստիտուտը, դասարանների, ավելի անհասկանալի բակալավրիատի, մագիստրատուրայի, էլ չեմ ասում մնացածների գործունեությունը:
Կրթության համակարգում հիմնական գործը պետք է լինի ուղեղը՝ առանց անհատի սոցիալական դիրքի, ծնողների, չգիտեմ, քաղաքական կշռի և այլն, առավել ևս՝ տրցակների հաստության: Միայն այդ դեպքում, հավասարության պայմաններում հնարավոր է ինքնաիրացվել: Եվ պիտի հաշվի առնենք նաև, որ արտասահմանի այդ կրթական համակարգը քանդելու համար, չնայած շղարշները, լոզունգները բավականին այլ են: Ես, ի դեպ, մեր կրթության պատասխանատուները, եթե չասեմ կրավորական կերպ, ապա անգործունեության նման մի բան, չեմ ընդունում, որ ցանկացած հարցադրման հետ ասում են կրթությունը համահայկական դաշտ է և Հայաստանում որոշել են այսպես: Հայաստանում այդ որոշողներն իրենց երեխաներին հանրակրթական համակարգ չեն տանում: Տանում են այլ համակարգ, որն իրենց որոշած համակարգը չի: Ի դեպ, ժամանակն է մեր կողմից հենց սկզբից, ակունքում մասնակցել, բարձրացնել կրթական արժեհամակարգի հարցերը: Մնացածը…
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, մենք հարցերի համար ունեինք երկու հայտ, երկուսն էլ բավարարվել են: Շնորհակալություն, պարոն Աղաբեկյան, կարող եք նստել: Հարգելի գործընկերներ, մենք այսքանով ավարտում ենք նախագահի թեկնածու Էդուարդ Աղաբեկյանի և ներկայացումը, և նրա խոսքը: Այժմ անցնում ենք հաջորդ քայլին: Մինչև, հաջորդ քայլերն ազդարարելը, ուզում եմ տեղեկացնել, որ հաշվի առնելով, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Բակո Սահակյանի թեկնածությունն առաջադրվել է երեք խորհրդարանական խմբակցությունների կողմից, նպատակահարմար կլինի սկզբից լսել բոլոր երեք խմբակցությունների ներկայացուցիչների խոսքը, որից հետո ելույթով հանդես կգա Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Բակո Սահակյանը:
Վահրամ Բալայան - Հանրապետության նախագահի թեկնածու Բակո Սահակյանին ներկայացնելու համար խոսքը տրվում է «Ժողովրդավարություն» խմբակցության ներկայացուցիչ պարոն Աշոտ Ղուլյանին:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Ազգային ժողովի հատուկ նիստի հարգարժան մասնակիցներ,հարգելի գործընկերներ,տիկնայք և պարոնայք:
Ինչպես և նախատեսված է Արցախի Հանրապետության Սահմանադրության եզրափակիչ և անցումային դրույթներով, 6-րդ գումարման Ազգային ժողովն այսօրվա հատուկ նիստում պետք է ընտրի Հանրապետության նախագահ, ով 2017թ. սեպտեմբերին կստանձնի նաև երկրի գործադիր իշխանության ղեկավարումը և կպաշտոնավարի մինչև գործող խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտը:
Մեր երկրի հիմնական օրենքով նախատեսված է, որ 2020թ. մարտ կամ ապրիլ ամսին կկայանան Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ու համաժամանակյա ընտրություններ: Խորհրդարանի կողմից անցումային ժամանակաշրջանի համար Հանրապետության նախագահի ընտրության նախադեպ մենք արդեն ունեցել ենք, երբ 1994թ. նոյեմբերին՝ զինադադարին հետևած ժամանակաշրջանում, խորհրդանական կառավարման մոդելից անցում պետք է կատարվեր նախագահականի, ինչն իրագործվել է հաջողությամբ, և արդեն 1996թ. նորից վերկանգնվել է համապետական ընտրություններով երկրի ղեկավարի ընտրության կարգը: Որպես այդ իրադարձությունների մասնակից կարող եմ հավաստել, որ այդ օրերին նույնպես գիտակցվում էր անվտանգության հրամայականով պայմանավորված պետական կառավարման համակարգի փոփոխությունն առանց ներքին ցնցումների ապահովելու կարևորությունը։
Քսաներեք տարի անց, պահի լրջության ընկալման առումով, շատ բան չի փոխվել, և այսօրվա հատուկ նիստի բոլոր մասնակիցները, վստահ եմ, գիտակցում են այս ընտրության հանդեպ հանրային հետաքրքրության բարձր աստիճանը և այն մեծ պատասխանատվությունը, որը դրվել է Ազգային ժողովի վրա՝ Սահմանադրությամբ նրան պատվիրակելով անցումային փուլում Հանրապետության նախագահի ընտրության իրավունքը:
Ահա այսպիսի իրավիճակում Արցախի խորհրդարանի երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ «Հայրենիք», «Դաշնակցություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունները, օրեր առաջ հրապարակել են իրենց դիրքորոշումը. Արցախի պետականության հիմքերի ամրապնդման այս կարևոր և պատասխանատու ժամանակահատվածի համար նախագահի թեկնածու առաջադրել գործող նախագահ Բակո Սահակյանին:
Ինչու՞: Թերևս այս հարցի պատասխանն է պետք ներկայացնել մեր հանրությանը: Չեմ կարծում, որ այդ պարզաբանումների համար պետք է ներկայացնել Բակո Սահակյանի կենսագրությունը: Ազգային-ազատագրական պայքարի բովով անցած, պետական շինարարության գործում նշանակալի ներդրում ունեցած և երկրի ղեկավարի պաշտոնում ժողովրդի ամենաբարձր վստահությանը արժանացած գործչի անցած ճանապարհն արդեն ավելի քան խոսուն է և, լավագույնս է բնութագրում գործող նախագահին՝ որպես արդյունավետ քաղաքական առաջնորդի։
Հարգելի գործընկերներ, Բակո Սահակյանի ղեկավարման տարիները հակիրճ կարելի է բնութագրել որպես ներքաղաքական կայունության, տնտեսական դինամիկ աճի, օրինականության հաստատման, սոցիալական արդարության և համերաշխության ապահովման, ռազմական ու արտաքին քաղաքական մարտահրավերներին արժանապատիվ դիմակայելու տարիներ: Կարծում եմ կհամաձայնեք, որ նման բազմաբնույթ ու բազմաշերտ դժվարությունները հաղթահարելու գործում, Արցախի նման փոքր երկրի պարագայում, ներքին քաղաքական ամրությունն ու սոցիալական համերաշխությունը վճռորոշ նշանակություն ունեն։ Այս ուղղությամբ Բակո Սահակյանի իրականացրած քաղաքականությունն ու հետևողական ջանքերը վկայում են ոչ միայն պետական գործչի խորաթափանցության, այլ նաև անձնական ու կամային բարձր հատկանիշների մասին։
Նշված ժամանակաշրջանի ձեռքբերումներից եմ համարում նաև քաղաքական համակարգի ձևավորման ուղղությամբ կատարված դրական տեղաշարժը դասական իմաստով։ 2000-ականների սկզբներին սկսված քաղաքական ուժերի կազմավորման ու կայացման գործընթացը շարունակվել է 2010-2015թթ. քաղաքական ներկապնակի ամբողջացմամբ: Գործընթացներին հետևող գործիչներին դժվար չէ նկատել, որ վերջին տարիներին ձևավորման հայտ են ներկայացրել հիմնականում քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում իրենց գործունեությունը ծավալած կառույցները:
Իսկ ի՞նչ է ժողովրդավարությունն ընդհանրապես, եթե ոչ քաղաքական ուժերի երկխոսություն: Ի՞նչ է մեզ համար ժողովրդավարությունը, եթե ոչ ազատ կամարտահայտության, լեգիտիմ գործընթացների, օրինականության, իրավունքների ու ազատությունների կիրարկման, բազմակարծության երաշխավորում։ Առանց թվարկված այս բաղադրիչների, ընտրությունները՝ որպես քաղաքական գործընթաց, ի զորու չեն իրական ժողովրդավարություն ապահովել։ Իսկ նման գործընթացները մեկ օրում չեն սկսվում և, առավել ևս, մեկ օրում չեն ավարտվում։
Ու երբ որ մենք ինքներս հաճախակի հղումներ ենք անում կամ դրսից հնչող կարծիքներ լսում Արցախում ժողովրդավարության մակարդակի մասին, չպետք է մոռանանք, որ դա արդյունք է, որին ձգտել ու հասել են նույն ազատամիտ հանրությունը, թափանցիկ ու մրցակցային ընտրություններով ձևավորված նրա իշխանությունները և այն քաղաքական ուժերը, որ ապահովել են այդ ուղեգծի անշեղ ընթացքը:
Ազատության և ժողովրդավարության արժեքները մեր ժողովրդի բնական ընտրությունն են, մեր արժեհամակարգի հենասյունները, որոնք առկա են եղել Արցախի բազմադարյա պատմության ողջ ընթացքում կիսանկախ կամ անկախ պետականության կարգավիճակների դեպքում և կանոնակարգված իրավահարաբերությունների տեսքով։
Ես հեռու եմ այն մտքից, որ մեր երկրում լուծված են բոլոր հիմնախնդիրները, բնավ ոչ. ազատությունը, ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը ամենօրյա հետևողական աշխատանք ու թարմ գաղափարներ են պահանջում՝ կադրային ու կազմակերպական անհրաժեշտ ռեսուրսների ներգրավմամբ: Մեծամասամբ հենց դրանով են պայմանավորված եղել սահմանադրական բարեփոխումները, որի հիմքում երիտասարդ, բայց ոչ սովորական պայմաններում կայացող պետության կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրն է, մոդելների կատարելագործումը:
Արցախի ուժն ազատ, անկախ, ինքնիշխան ու ժողովրդավարական լինելու մեջ է։ Արցախի ուժը պաշտպանունակ, անվտանգ լինելու և ներքին ցնցումներից զերծ, ճգնաժամերի ու արտաքին մարտահրավերների հանդեպ դիմացկուն կառավարման համակարգ ունենալու մեջ է։
Այսպիսի տեսլական մենք ունեինք 1988թ. ազատագրական շարժման ժամանակ, 1991թ. Հանրապետություն հռչակելու պահին, 2006թ. առաջին սահմանադրության ընդունման ժամանակ, դրանով ենք առաջնորդվել 2017թ. սահմանադրական բարեփոխումների ընթացքում և, անկասկած, ապագայի համար մեր տեսլականն էլի նույնն է:
Հարգելի գործընկերներ, մեր բոլոր ծրագրերը միտված են ապագային, ինչը շատ բնական է: Դրանով հանդերձ, կարծում եմ, բոլորս ճիշտ ենք պատկերացնում մեր առաքելությունը, լավ ենք ճանաչում ու զգում այն տարածաշրջանը, որում ապրում և իրականությունն ընկալում ենք ամենայն լրջությամբ։
Անցյալ տարվա ապրիլին ոչ միայն մենք, այլև քաղաքակիրթ հանրությունն ականատես եղավ Ադրբեջանի կողմից հերթական անգամ մեզ պարտադրված պատերազմին, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով ու ոճրագործություններով։ Ապրիլից հետո էլ պաշտոնական Բաքուն չի հրաժարվում ռազմական արկածախնդրությունից, որի ապացույցն են զինադադարի ռեժիմի հաճախակի խախտումներն ու սադրիչ գործողությունները սահմանին։
Ցավոք, մենք գործ ունենք մի հակառակորդի հետ, որն անկանխատեսելի ու անկառավարելի է։ Մեր երկրի պաշտպանության և ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը պարտադրում է ունենալ կենտրոնաձիգ կառավարում ու քաղաքական կայուն համակարգ, որտեղ որոշումների ընդունման գործընթացը պահանջում է արագ ու արդյունավետ մեխանիզմներ՝ տեղ չթողնելով երկար ու անիմաստ ներքաղաքական շահարկումների համար։
Մեր ժողովրդի անվտանգության բարձր մակարդակը, նրա պաշտպանվածությունն ու արժանապատիվ կյանքը, երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող են ապահովվել հետևողական ջանքերի ներդրմամբ, արդյունավետ և նպատակային ծրագրերի իրականացմամբ։ Մեր համոզմամբ, Բակո Սահակյանի փորձն ու պատասխանատվության բարձր մակարդակը, իշխանություններին և հասարակությանը համախմբելու կարողությունը խոսում են հենց նրա առավելությունների մասին։
Բարեկամներ, այսօրվա խորհրդարանը, որում ներկայացված է հինգ քաղաքական ուժ, մեր ժողովրդի՝ 2015թ. կատարած ընտրության արդյունքն է։ Ազգային ժողովի գործունեության այս ամբողջ ընթացքում բազմակարծության պակաս չենք ունեցել, ինչի արտահայտությունն է նաև այսօրվա մրցակցային ընտրության անցկացումը: Եվ ես առավել քան համոզված եմ, որ այս խորհրդարանի կողմից անցումային շրջանի նախագահի ընտրությունը լիովին համապատասխանելու է մեր ժողովրդի սպասումներին և արդարացնելու է ժողովրդավարական, անվտանգ ու կայուն պետականություն զարգացնելու նրա ակնկալիքները։ Շնորհակալություն:
Վահրամ Բալայան - Եթե պարոն Ղուլյանին ուղղված հարցեր կան, կարող եք գրանցվել: Չկա՞ն: Շնորհակալություն: Հիմա, Հանրապետության նախագահի թեկնածու պարոն Բակո Սահակյանին ներկայացնելու համար խոսքը տրվում է «Հայրենիք» խմբակցության ներկայացուցիչ պարոն Արթուր Թովմասյանին:
Արթուր Թովմասյան - Արցախի Հանրապետության մեծարգո նախագահի թեկնածուներ, հարգարժան ԱԺ նախագահ և վարչապետ, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք
Այս պահից բոլորս թևակոխում ենք պետական իշխանության քաղաքական կազմակերպման շրջադարձային փուլ: Արցախի Հանրապետության հանրաքվեով ընդունված նոր Սահմանադրությամբ մեր ժողովուրդը վստահել է բարձրագույն օրենսդիր մարմնին ընտրելու Հանրապետության նախագահին եռամյա ժամկետով: Այսօրվա ընդունվելիք կարևորագույն քաղաքական որոշումը մեկնարկային ազդակ կհանդիսանա երկրի անվտանգության ապահովումը առավել հուսալի հիմքերի վրա կառուցելու, բազմոլորտ ու բազմաշերտ սոցիալ-տնտեսական հիմնահարցերը հնարավորինս լիարժեք լուծելու համար: Պետության ղեկավարի՝ Հանրապետության նախագահի ընտրությունը միայն Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված իրավունքները իրացնելու օժտում չէ, այլև ենթադրում է վիթխարի պարտավորություններ, որի կրողը կանգնած է լինելու աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նոր մարտահրավերների առջև:
«Ազատ հայրենիք» կուսակցության դիտարկմամբ Հանրապետության գործող նախագահ, նախագահի թեկնածու պարոն Բակո Սահակյանն իր տասը տարվա գործունեության ողջ ժամանակաընթացքում որակապես անցել է այս բոլոր հարցադրումների ու դրանց պատասխանների փորձաշրջանը, արցախյան իրականությունում վաստակել պետական ու քաղաքական գործչի անզուգական հեղինակություն:
Անզիջում պայքար տանելով կոռուպցիյաի և կաշառակերության, ստվերային էկոնոմիկայի, պետական բյուջեի և միջոցների ոչ նպատակային օգտագործման անցյալի ամենաթող մթնոլորտի դեմ՝ դրանց շնորհիվ հասարակական ու պետական կյանքի գրեթե բոլոր բնագավառներում հասավ լրջագույն հաջողությունների:
«Միասին՝ հանուն Արցախի» կարգախոսը, որը 2007թ. որդեգրեցին «Ազատ հայրենիք» կուսակցությունը, ինչպես նաև «Արցախի ժողովրդավարական» ու «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները, դարձավ գործողության ուղեցույց, ու հիմնականում իրագործվեցին գործող նախագահի նախընտրական ծրագրերը: «Ազատ հայրենիք» կուսակցության վերջերս կայացած 6-րդ համագումարում կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, ամփոփելով կառավարության տասը տարիների աշխատանքները, կոչ արեց շարունակել առաջնորդվել այդ կարգախոսով և ընդգծեց, որ բոլոր հիմքերը կան առաջիկա տարիներին հանրապետության գործող նախագահի գլխավորությամբ ապահովելու երկնիշ տնտեսական աճ:
Կտրուկ ու անաչառ որոշումներ կայացնել, պատերազմական և այլ արտակարգ իրավիճակներում պատասխանատվության ամենածանր բեռը իր վրա կրել, ազնիվ ու հավասարակշռված վերաբերմունքն իրեն սատարող կուսակցությունների և քաղաքական ուժերի հանդեպ, անձնական օրինակ ու պահվածք. սրանք դեռ ոչ ամբողջական բնութագրումներն են, որոնք վստահորեն կարող ենք վերագրել գործող նախագահին: Այս ամենը անկեղծ խոստումներ են ճշմարիտ, հայրենասեր, իսկական լիդերի հանդեպ:
Հարգելի գործընկերներ, իրոք, առաջիկայում անելիքները, պետության ու ժողովրդի առջև ծառացած խնդիրները բազմակի են: Այսուհետ կառավարության գործունեության ողջ պատասխանատվությունը կկրի նորընտիր նախագահը, բայց դա չի նշանակում, թե խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժերը պարտավորությունների իրենց մասնաբաժինը չեն ունենա: Ավելի շատ ծրագրերը և դրանց լուծման ուղղությունները պետք է լինեն քաղաքական պայքարի հիմքում:
Ելնելով վերոնշյալից՝ «Ազատ հայրենիք» կուսակցությունը և խորհրդարանում ներկայացված «Հայրենիք» խմբակցությունը առաջադրել է, պաշտպանում և աջակցում է գործող նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանին: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, հարցեր ունե՞ք պարոն Թովմասյանին: Չկան: Շնորհակալություն, պարոն Թովմասյան: Հանրապետության նախագահի թեկնածուին ներկայացնելու համար այժմ խոսքը տրվում է «Դաշնակցություն» խմբակցության ներկայացուցիչ պատգամավոր Վահրամ Բալայանին: Խնդրեմ:
Վահրամ Բալայան - Արցախի Հանրապետության նախագահի հարգարժան թեկնածուներ՝ պարոն Աղաբեկյան, պարոն Սահակյան: Հարգելի գործընկերներ, ներկաներ:
Այսօր սահմանադրական փոփոխություններին համապատասխան ԱԺ-ին վերապահված իրավունքով մենք անցումային փուլում, մինչև 2020թ., ընտրելու ենք Արցախի Հանրապետության նախագահին, երկրի ամենաբարձր պաշտոնյային, որը ներկայիս աշխարհաքաղաքական բարդ պաւյմաններում կդառնա մեր ժողովրդի անվտանգության և երկրի զարգացման հիմնական երաշխավորողն ու պատասխանատուն: «Դաշնակցություն»-ը երկրի ճակատագրի համար պատասխանատու քաղաքական ուժերից մեկը լինելով, պատմական այս շրջափուլում Նախագահի պաշտոնի համար առաջարկում է պարոն Բակո Սահակյանի թեկնածությունը:
Ընդհանուր առմամբ, գործող Նախագահ, միաժամանակ նաև նախագահի թեկնածուի հետ մեր 10 տարիների հետ համագործակցությունը կայացած և բավարար ենք համարում: Չնայած բազմաթիվ դժվարություններին, մեր երկիրը բավականին հաջողություններ է արձանագրել:
«Դաշնակցության» ծրագրային շատ հարցեր կյանքի են կոչվել մեր համագործակցության շնորհիվ: Մեր ամենակարևոր ձեռքբերումը ժողովրդի և պետության անվտանգության ապահովումն ու արտաքին մարտահրավերներին դիմակայելն է:
Արտաքին քաղաքականության ասպարեզում նախագահ Բակո Սահակյանը տարբեր ձևաչափերով բազմիցս հայտարարել է Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին: Ազատագրված տարածքներին Սահմանադրության սկզբունքներից բխող համապատասխան կարգավիճակ է տրվել և հռչակվել որպես պետության անօտարելի մասեր: Հայտարարություններից բացի, Նախագահի հետ համագործակցաբար, ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցների, մասնավորապես Հայ Դատի գրասենյակների հետ լուրջ աշխատանք է տարվում միջազգայնորեն ճանաչելի դարձնել Արցախի Հանրապետությունը:
Այսօր Նախագահի գլխավորությամբ Արցախի իշխանությունները համակարգված աշխատանք են տանում վերաբնակեցված տարածքների զարգացման գործում:
Բանակաշինությունը դաշնակցության հրատապ լուծելի կարևորագույն հարցերից մեկն է համարվում: Այդ ասպարեզը մշտապես գտնվել է Նախագահի ուշադրության կենտրոնում: Հանրապետության նախագահի ջանքերով, 2016թ. ապրիլյան իրադարձություններից հետո, աննախադեպ ծավալուն աշխատանքներ են կատարվել առաջնագծի կահավորման, նոր ինժեներական կառույցների ստեղծման, սպառազինման, սպայական անձնակազմի ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ: Հար և նման փաստերն ակնառու են : Այս 10 տարիների ընթացքում Բակո Սահակյանը երկրի քաղաքական ուժերի և հանրության լայն շերտերի համերաշխությունը և միասնականությունն ապահովելու առաքելությունը պատվով կատարեց: Պատերազմող երկրի համար առանց ժողովրդի միասնականության անհնարին է հաջողություն արձանագրել: Ի դեպ, Նախագահի՝ որպես քաղաքական գործչի, հատկանիշներն ու խառնվածքն այս հարցում էական դերակատարություններ են ունեցել: Մենք որոշակի հաջողություններ ենք արձանագրել նաև երկրի տնտեսական կյանքում: Խոսքերս մերկապարանոց չլինելու համար բերենք մի քանի տվյալներ և փաստեր:
Եթե 2009թ. ՀՆԱ կազմել է 102,3 մլրդ դրամ, ապա 2016թ. այդ թիվն աճել և հասել է 229,7 մլրդ դրամի: 2007թ. առ այսօր տարեկան աճը կազմել է 9-11տոկոս: Արցախը էլեկտրոէներգիա ներկրող երկրից վեր է ածվել այդ արտադրատեսակն արտահանող երկրի: Եթե 2009թ.Արցախում արտադրվել է 119,2 մլն. կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ապա 2016թ.՝ 296,4 մլն կվտ/ժամ: Լիովին թարմացվել է գյուղմեքենաների շարժակազմը: Վերջնականապես լուծվել է Ստեփանակերտի և բազմաթիվ բնակավայրերի շրջօրյա ջրամատակարարման հարցերը: Այս տարիներին իրականացվել են սոցիալական բազմաթիվ ծրագրեր: Նշանակալից հաջողություններ են արձանագրվել կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում:
Այսօր վստահ կարող ենք արձանագրել, որ կաշառակերությունն իսպառ արմատախիլ է արված իրավապահ մարմինների աշխատանքում: Հասարակական անվտանգության տեսանկյունից Արցախի Հանրապետությունն առաջատար երկրների շարքում է: Դրա մասին վկայում են նաև մեր երկիր ժամանած քաղաքական գործիչներն ու զբոսաշրջիկները: Նման փաստեր կարելի է շատ բերել: Բնականաբար, այս ամենով չպիտի բավարարվել, աշխարհին համաքայլ լինելու համար հավակնոտ ծրագրեր պիտի իրականացվեն: Մենք այսօր բազմաթիվ հիմնախնդիրներ ունենք, որոնք կարոտ են լուծումների: Խոսքը վերաբերում է գյուղի և գյուղատնտեսության զարգացմանը, ՏԻՄ-երի կայացմանը, կադրային քաղաքականությանը, կրթության ոլորտին, առողջապահական համակարգի կատարելագործմանը:
Վստահ ենք, որ Նախագահի մեր թեկնածուն ունի կամք, վճռականություն, նպատակասլացություն և վերոհիշյալ հարցերում նույնպես իրենց լուծումները կստանան:
Հաշվի առնելով վերոհիշյալը Արցախի Հանրապետության ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը երկրի Նախագահի թեկնածու է առաջադրել պարոն Բակո Սահակյանին: Կոչ ենք անում մեր գործընկերներին իրենց վստահության քվեն տալ մեր թեկնածուի օգտին: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, հարցեր ունե՞ք պարոն Բալայանին: Չկան: Շնորհակալություն, պարոն Բալայան:
Մենք ժամանակ ունենք և դրա համար շարունակում ենք: Խոսքը տրվում է Հանրապետության նախագահի թեկնածու Բակո Սահակի Սահակյանին: Խնդրեմ, պարոն նախագահ:
Բակո Սահակյան - ԱԺ հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ:
Արցախի Հանրապետության խորհրդարանի այսօրվա նիստն ունի կարևորագույն նշանակություն: Նոր Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն ԱԺ պետք է ընտրի Հանրապետության նախագահ մինչև գործող ԱԺ լիազորությունների ավարտը: Հանրապետության նախագահի ընտրությամբ փաստորեն մեկնարկում է անցումային փուլը, որից հետո և երկրի ղեկավարի և խորհրդարանի ընտրություններն անց են կացվելու համաժողովրդական ընտրությունների միջոցով՝ նույն օրը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԺ ներկայացված այն կուսակցություններին, որոնց խմբակցություններն առաջադրել են իմ թեկնածությունը ԱՀ նախագահի պաշտոնում: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ անցումային փուլում Հանրապետության նախագահի և ԱԺ համատեղ աշխատանքի արդյունավետությունից է նաև կախված լինելու, թե ինչպես է մեր երկիրը թևակոխելու կառավարման նոր համակարգի լիարժեք գործունեության շրջան, որի ընթացքում առանցքային հրամայականներից կլինի շարունակել մեր պետության կենսագործունեության բոլոր ոլորտների՝ պաշտպանության, անվտանգության, տնտեսության տարբեր ճյուղերի դինամիկ զարգացումը, քաղաքացիների կենսամակարդակի հետևողական բարձրացումը, ներքաղաքական կայունության պահպանումը, հատկապես ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում:
Հաշվի առնելով այս ամենը, ես ընդունել եմ այդ առաջարկը և պատրաստ եմ ձեր քվեն ստանալու դեպքում ստանձնել Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները:
Հարգելի ներկաներ: Որպես Հանրապետության նախագահի թեկնածու իմ ելույթում հակիրճ կամփոփեմ ինչպես կատարված աշխատանքը, այնպես էլ անելիքները, որոնք շատ կարևոր են մեր երկրի զարգացման հեռանկարների հստակեցման տեսանկյունից: Բազմաթիվ ծրագրեր, որոնք իրականացվել են ձեզ հետ սերտ համագործակցության շնորհիվ, իրենց բնույթով երկարաժամկետ են և ռազմավարական: Դրանց մի պատկառելի մասը հանդիսանում է այն հիմքը, որը հնարավորություն է տալիս մեր երկրի զարգացման հեռանկարները ճիշտ նախանշելու դեպքում արդյունավետորեն իրականացնել սոցիալ-տնտեսական ծրագրերը և ապահովել մեր բնակչության կենսամակարդակի շարունակական բարձրացումը: Եվ այստեղ անհնար է չանդրադառնալ անցած տարիների կատարածը բնութագրող որոշ տվյալների:
Դրանք ներկայացնելով, ես նպատակ չունեմ հանդես գալ հաշվետվությամբ, այլ ընդհակառակն, այն դիտարկում եմ որպես կատարված աշխատանքը և նախատեսված ծրագրերն ավելի պատկերավոր ու համապարփակ ներկայացնելու ձև:
Նախ, կուզենայի անդրադառնալ պետականաշինության գործընթացին: Արցախի Հանրապետության պետականաշինության ամենամեծ ձեռքբերումները լրիվությամբ ձևավորված բոլոր պետական կառույցներն են, իշխանության օրենսդիր, գործադիր և դատական թևերը, հետևողականորեն ամրապնդվող ժողովրդավարական համակարգն ու քաղաքացիական հասարակության ինստիտուտները, որոնք այս տարիների ընթացքում զարգացել և ամրապնդվել են ժողովրդաիշխանության գաղափարներին և սկզբունքներին համապատասխան:
Նշանակալից ձեռքբերումներից է նաև ներքաղաքական կայունության և հասարակական անվտանգության բարձր ապահովումը հանրապետությունում: Բոլորս գիտենք, թե նման կայունության բացակայությունն ինչպիսի ցնցումներ են առաջացնում տարբեր երկրներում: Պետական ինստիտուտների գործունեության մեջ արձանագրված հաջողությունների հետ մեկտեղ մենք քաջատեղյակ ենք առկա բացասական երևույթների մասին:
Հետագայում անհրաժեշտ է լինելու համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանց վերացման և այդ կառույցների առավել արդյունավետ գործունեությունն ապահովելու ուղղությամբ:
Առանձնահատուկ ուշադրություն է պահանջում արդյունավետորեն գործող ՏԻՄ-երի ինստիտուտի ձևավորումն ու լիարժեք աշխատանքը: Այս հարցը մեր պետականաշինության օրակարգում ունի կարևոր նշանակություն: Առաջիկա տարիներին պետք է մեծ աշխատանք տարվի այս ուղղությամբ:
Հարգելի պատգամավորներ: Պաշտպանության, բանակաշինության և անվտանգության ոլորտն, ինչպես գիտեք, թերևս ամենակարևորն է մեր երկրի և նրա բնականոն զարգացման համար և այդ հարցերի լուծմանը պետությունը առաջնային տեղ է հատկացնում:
Ակնհայտ է, որ հակառակորդը չի հրաժարվել ուժի միջոցով արցախյան հիմնախնդրի լուծումից, ինչը կրկին ապացուցեց ապրիլյան պատերազմը, որտեղ Բաքվի հիմնական ռազմա-քաղաքական հրամայականը կայծակնային պատերազմի միջոցով Արցախի Հանրապետության կործանումն էր: Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին մեր ՊԲ բարձր մարտունակությունը, համայն հայության վճռականությունը, Արցախի անկախությունը, ազատությունն ու անվտանգությունը պաշտպանելու գործում:
Մեր ՊԲ-ին հաջողվեց երկար տարիներ նախապատրաստված բլից-կրիգը ձախողել հենց սկզբնական փուլում՝ մարդկային ու նյութական մեծ կորուստներ պատճառելով ագրեսորին:
Ապրիլյան պատերազմը նաև վերհանեց մի շարք թերացումներ և ուրվագծեց հետագա անելիքների լայն ճակատ: Արդեն իսկ հաջողվել է վերացնել բազմաթիվ բացեր և շտկել առկա թերությունները: Այս ուղղությամբ աշխատանքներն ընթանում են բավականին ակտիվորեն: Այսուհետ ևս պաշտպանության ոլորտում անհրաժեշտ է բարձրագույն պատասխանատվությամբ իրականացնել համակարգված և արդյունավետ աշխատանք:
Արցախի Հանրապետության Զինված ուժերը հանդիսանում են մեր պետականության առանցքային հիմնասյուններից մեկը և դրանց մարտունակության հետևողական բարձրացումը, ժամանակակից զինտեխնիկայով համալրումը, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավումը մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում: Արվել և այսուհետ էլ արվելու է հնարավորը առաջնագծի ամրապնդման, մեր բանակի հարվածային ներուժի և մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման, հանրապետության զորահավաքային պատրաստականության կատարելագործման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ:
Պաշտպանության բանակի հարցերը, դրանց լուծումները միշտ պետք է լինեն պետության ղեկավարի անմիջական ուշադրության կենտրոնում: Դա կենսական անհրաժեշտություն է: Ինչքան հզոր լինի մեր բանակը, այնքան բարձր է լինելու կայունության և խաղաղության աստիճանը մեր տարածաշրջանում:
Պաշտպանունակության և անվտանգության հարցերը սերտորեն փոխկապակցված են այն արտաքին քաղաքական գործունեության հետ, որն իրականացնում է մեր պետությունը:
Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմքում ընկած են հավասարակշռվածության և բազմաուղղվածության սկզբունքները: Այս բոլոր տարիների ընթացքում անվերապահորեն հետևել ենք այս տեսլականին: Մենք կարևորում ենք հավասարապես բարիդրացիական հարաբերությունների պահպանումն ինչպես Եվրոպայի, ԱՄՆ, Ռուսաստանի, այնպես էլ տարածաշրջանային պետությունների հետ: Դա պայմանավորված է և՛ մեր տարածաշրջանի յուրահատկությամբ, և՛ հատկապես հայկական սփյուռքի առկայությամբ:
Խոսելով ադրբեջանա-արցախյան հարցի կարգավորման մասին` պետք է ասեմ, որ այստեղ դեռևս չկան համապարփակ կարգավորման հուսալի նախապայմաններ:
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրենց ապակառուցողական քաղաքականությունը և, հենց այդ կարծր ռևանշիստական և հայատյաց քաղաքականությունն է հակամարտության կարգավորման միակ խոչընդոտը: Հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ:
Բանակցությունների առումով մենք միշտ հստակորեն ընդգծել ենք և շարունակելու ենք ընդգծել լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտություն:
Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա ժողովրդի: Դա անթույլատրելի է թե՛ քաղաքական, թե՛ իրավական, թե՛ բարոյական տեսանկյուններից:
Պաշտոնական Ստեփանակերտը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Չի փոխվել և չի էլ կարող փոխվել մեր մոտեցումը Արցախի Հանրապետության ներկայի և ապագայի հարցում:
Ազատ, անկախ և հզոր, իր անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու ունակ Արցախի Հանրապետության հետագա զարգացումն ու զորացումը գերխնդիր է մեզ համար, ինչից առանց չափազանցության կախված է նաև համայն հայության ապագան:
Այժմ կուզենայի հակիրճ անդրադառնալ մեր հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող որոշ հիմնական ցուցանիշների, տարբեր ոլորտների զարգացման հեռանկարներին և անելիքներին:
Անցած տարիների ընթացքում մեզ հաջողվել է ապահովել կայուն տնտեսական աճ, որի միջին տարեկան ցուցանիշը կազմում է 9,8 տոկոս:
2016թ. ՀՆԱ-ն կազմել է 229 մլրդ. 700 մլն. դրամ կամ 478 ԱՄՆ դոլլար, ինչը 2,3 անգամ գերազանցում է 2007թ. ցուցանիշը: 2008-2016թթ. ավելի քան կրկնապատկվել է ՀՆԱ մեկ շնչի հաշվով և կազմել 3283 ԱՄՆ դոլլար: Մոտ երկու անգամ աճել է միջին ամսական աշխատավարձը և շուրջ երեք անգամ նվազագույն ամսական աշխատավարձը: Նախատեսվում է այս դրական դինամիկան պահպանել նաև ապագայում և ՀՆԱ-ն 2020թ. հասցնել 310 մլրդ. դրամի:
Այս տարիների ընթացքում տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից է եղել գործարար և ներդրումային դաշտի բարելավումը: Ծրագրային մի շարք միջոցառումների իրականացման արդյունքում զգալիորեն բարելավվել է հարկային դաշտը, պարզեցվել են բիզնեսի և սեփականության իրավունքների գրանցման ընթացակարգերը, ինչը շոշափելի ազդեցություն է թողել տնտեսվարող սուբյեկտների թվաքանակի աճի վրա:
Նշված ժամանակահատվածում այդ ցուցանիշն աճել է 2,4 անգամ կամ 7076 սուբյեկտով: Կարևոր ձեռքբերումներից է ժողովրդագրական ցուցանիշների աճը:
Արցախի Հանրապետության բնակչության թվաքանակը 2005թ. մարդահամարի տվյալներով կազմել է 137700 մարդ, իսկ 2015թ. մարդահամարի արդյունքներով՝ 145000: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետության մշտական բնակչության թվաքանակը կազմել է 146100 մարդ և 2005թ. համեմատ աճել է 8363-ով:
Վերաբնակեցման տարբեր ծրագրերի շրջանակներում հանրապետության 92 բնակավայրում վերաբնակվել է 1267 ընտանիք կամ մոտ 5800 մարդ, ովքեր ապահովվել են բնակելի տներով: Նրանց տրամադրվել են արտոնություններ:
Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեզ համար ունի առանցքային ռազմավարական նշանակություն և այս ուղղությամբ նախատեսում ենք իրականացնել տարբեր ծրագրեր: Պետության կողմից հատուկ ուշադրություն է դարձվել ծնելիության խթանման խնդիրներին: Եթե 2007թ. յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կազմում էր ընդամենը 35000 դրամ, ապա ներկայումս իրականացված ծրագրերի արդյունքում ընտանիքում ծնված առաջին երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստի չափը բարձրացվել է շուրջ երեք անգամ և կազմում է 100000 դրամ, երկրորդ երեխայի դեպքում՝ շուրջ վեց անգամ և կազմում է 200000 դրամ, երրորդ երեխայի դեպքում՝ շուրջ տասնչորս անգամ և կազմում է 500000 դրամ, չորրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում՝ քսան անգամ և համապատասխան կազմում է 700000 դրամ:
Ավելացվել են ընտանիքներում ծնված 3-րդ, 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի անվամբ բացված նպատակային ժամկետային ավանդների չափերը: Նշված ծրագրի շրջանակներում բացված է 11200 ավանդ, շուրջ 6 մլրդ. դրամ ընդհանուր գումարով:
Էական փոփոխություններ են կատարվել արդյունաբերական համախառն արտադրանքի կառուցվածքում: 2007թ. այդ արտադրանքի 46,2 տոկոսը բաժին էր ընկնում հանքագործական արտադրությանը, 34,9 տոկոսը՝ մշակող արդյունաբերությանը, 18,9 տոկոսը՝ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրությանը և բաշխմանը:
Հիմա նշանակալիորեն նվազել է հանքագործական արտադրության բաժինը, կազմելով 29 տոկոս, աճել է էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրությունը և բաշխումը, ապահովելով արդյունաբերական արտադրանքի 37,2 տոկոսը: Դրական տեղաշարժ է արձանագրվել էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում: Թվով 15 նոր հեկերի գործարկումը հնարավորություն ընձեռնեց էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը գրեթե հասցնել ինքնաբավ մակարդակի:
Անցած տարի երկրում սպառված 299 մլն կվտ/ժամ էլ.էներգիայից 296,5մլն. արտադրվել է Արցախում՝ 2007թ. 90,4 մլն. կվտ/ժամի դիմաց: Դա բավականին լավ արդյունք է և կարելի է համարել մեր սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր ձեռքբերումներից մեկը: Նշված ժամանակահատվածում հիդրոէնէրգետիկայի բնագավառում ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 80 մլն ամերիկյան դոլար: Ոլորտում ներդրումների բավականին մեծ հոսքը այսօր ևս ապահովվում է արդյունավետ սակագնային քաղաքականությամբ և բարենպաստ հարկային դաշտի շնորհիվ: Մինչև 2020թ. նախատեսվում է ևս 10 հեկերի կառուցում, որոնց շահագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը նույնպես զգալիորեն կաճի: Մեր հանրապետությունում բուռն զարգացում է ապրում արդյունաբերական և քաղաքացիական շինարարությունը և այս քաղաքականությունը լինելու է հետևողական:
Միաժամանակ անհրաժեշտ է լինելու ընդգծված ուշադրություն դարձնել նոր շենքերի և շինությունների ճարտարապետական տեսքին՝ հաշվի առնելով մեր ազգային ոճն ու առանձնահատկությունները: Հատուկ չանդրադառնալով վիճակագրությանը, կարելի է ասել, որ նկատելիորեն կերպարանափոխվել են Ստեփանակերտն ու Շուշին, հանրապետության ողջ տարածքում կառուցվել են սոցիալ-տնտեսական և կենսամշակույթային նշանակության բազմաթիվ օբյեկտներ: Իրականացվել են տարբեր ծրագրեր կոմունալ-կենցաղային տնտեսության բարեկարգման ուղղությամբ:
Այդ ամենը հնարավոր է դարձել իրականացնել ինչպես պետբյուջեի, այնպես էլ արտաբյուջետային միջոցներով, ինչը թույլ է տվել ապահովել շինարարության ծավալի միջին տարեկան աճ 9,2 տոկոսով:
Ոլորտում իրականացվող ամենախոշոր և կարևոր ծրագրերից է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարությունը: Այն, ինչպես գիտեք, ունի ռազմավարական նշանակություն մեր պետության անվտանգության տեսանկյունից, ինչն ակնհայտորեն դրսևորվեց ապրիլյան պատերազմի օրերին: Այս շնչերակի կառուցմանը, որի արժեքը կազմում է 34 մլն. ԱՄՆ դոլլար, մասնակցում է համայն հայությունը:
Նախատեսում ենք ծրագիրն ավարտին հասցնել ս.թ. սեպտեմբերի 1-ին:
Արցախի տնտեսության ավանդական ճյուղերից է գյուղատնտեսությունը, որն այսօր էլ պահպանում է իր կարևոր նշանակությունը մեր ժողովրդի կյանքում: Հաշվի առնելով մեր երկրի յուրահատկությունները, Արցախում ավանդաբար մեծ նշանակություն է տրվել գյուղատնտեսության զարգացման, գյուղատնտեսական ապրանքների արտադրության և դրա ծավալների աճի ապահովման հարցերին: Այստեղ մեր գերնպատակներից է առաջին հերթին պարենային անվտանգության ապահովումը, արցախյան գյուղի զորացումը, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացման դինամիկ տեմպերի պահպանումը:
Այս ուղղությամբ կատարված աշխատանքներն ավելի քան տեսանելի են: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2016թ. կազմել է շուրջ 68,5 մլրդ. դրամ՝ 2007թ. 23,8 մլրդ դրամի դիմաց՝ աճելով մոտ 2,9 անգամ: Առաջիկայում ևս հատուկ ուշադրություն կդարձվի գյուղատնտեսության զարգացման, մասնավորապես արտադրության ինտենսիվ մեթոդների, նորագույն տեխնոլոգիաների և կառավարման համակարգի կիրառման, գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչությանը խորհրդատվությունների տեսքով մասնագիտական աջակցության ցուցաբերման, ոռոգման ցանցի ընդլայնման ու արդիականացման հարցերին:
Հարգելի ներկաներ: Պետության կողմից կարևորագույն խնդիրներ են լուծվում սոցիալական ոլորտում, առավել ևս, որ հանգամանքների բերումով մեր երկրում բավականին մեծ տոկոս են կազմում սոցիալական հատուկ ուշադրություն պահանջող խմբերը: Այդ ուղղությամբ իրականացվում են սոցիալական բազմաթիվ ծրագրեր: 2007թ. համեմատ ամենամսյա պետական նպաստներն աճել են 2,8 անգամ: Եթե 2007թ. պետբյուջեից նպաստների վճարման համար փաստացի ծախսվել էր շուրջ 904,5 մլն. դրամ, ապա 2017թ. այդ նպաստների համար պետբյուջեով նախատեսվել է շուրջ 2 մլրդ.800 մլն. դրամ:
Հետևողականորեն բարձրացվել են կենսաթոշակների ամենամսյա չափերը: 2007թ. համեմատ 2017թ. միջին աշխատանքային կենսաթոշակի չափն աճել է շուրջ երեք անգամ, սոցիալական կենսաթոշակների միջին չափը՝ 3,5 անգամ: Հատուկ ուշադրության կենտրոնում են գտնվում այնպիսի սոցիալական խմբեր, ինչպիսիք են զոհված ազատամարտիկների ու զինծառայողների բազմազավակ և սոցիալապես անապահով ըմնտանիքները:
Բնակարանային շինարարության պետական ծրագրերի շրջանակում այդ խմբերին պատկանող 1348 ընտանիք ապահովվել է բնակարաններով՝ ներառյալ 508 զոհված ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքներ: Վերանորոգվել է 479 բնակարան, այդ թվում՝ 205-ը զոհված ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքների համար: Զինծառայողների բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրի շրջանակներում ՊԲ 784 զինծառայողի տրամադրվել է բնակարան 27924 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով:
Մեկնարկել է առաջին և երկրորդ խմբերի զինվորական հաշմանդամների ըւնտանիքների օգտագործած էլեկտրաԷներգիայի և բնական գազի դիմաց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագիրը, որի շրջանակներում ֆինանսական աջակցություն է տրամադրվում 1200 ընտանիքի: Իսկ բոլորովին վերջերս նշված ծրագրում ընդգրկվեցին նաև Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս և Տոնաշեն համայնքների բնակիչները:
Սոցիալական կարևոր նշանակություն ունի բնակչության ջրամատակարարման բարելավումը: Մեր ամենամեծ ձեռքբերումներից կարելի է համարել շուրջօրյա ջրամատակարարման ծրագրի իրականացումը մայրաքաղաք Ստեփանակերտում և հանրապետության մի շարք բնակավայրերում:
Արձանագրված հաջողությունների և ձեռքբերումների հետ մեկտեղ ոլորտում կան նաև լուրջ անելիքներ և խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ կիրականացվեն համապատասխան քայլեր և կյանքի կկոչվեն մի շարք նոր ռազմավարական ծրագրեր:
Զգալի աշխատանքներ են կատարվել առողջապահության ոլորտում, որը կենսական նշանակություն ունի մեր բնակչության համար:
Տարեցտարի ավելանում են պետական բյուջեից ոլորտին ուղղված հատկացումները: 2017թ. դրանք կազմում են պետական բյուջեի 6,32 տոկոսը և ավելի քան 3,6 անգամ գերազանցում են 2007թ. մակարդակը: Ոլորտում կյանքի են կոչվել մի շարք խոշոր ռազմավարական ծրագրեր, որոնց իրականացման մեջ գործուն մասնակցություն են ունեցել Մայր Հայաստանը և Սփյուռքը: Կառուցվել և շահագործման են հանձնվել հանրապետական բժշկական կենտրոնը, որը մեր երկրում իրականացված ամենախոշոր ներդրումային ծրագրերից է, ուռուցքաբանական դիսպանսերի, Մարտունու, Մարտակերտի շրջանային բուժմիավորումների շենքերը, ընթացքի մեջ են մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի և Քաշաթաղի շրջանային բուժմիավորման շենքերի շինարարական աշխատանքները:
Բարելավվել են հանրապետական և շրջանային բազմաթիվ բժշկական կենտրոնների ու բուժմիավորումների շենքային պայմանները: Համակարգը համալրվել է արդիական սարքավորումներով և մասնագիտացված տրանսպորտային միջոցներով:
Այսօր բուժման կարիք ունեցող անձանց համար Արցախում առկա են ճիշտ ախտորոշման, անվտանգ տեղափոխման և բուժման համար հարմարավետ ու մ ատչելի պայմաններ:
Աշխատանքներ են տարվել հիվանդությունների ժամանակին հայտնաբերման ու կանխարգելման, առողջության առաջնային պահպանման, ծննդօգնության մակարդակի բարձրացման ու վերարտադրողական առողջության խթանման ուղղությամբ: Պարբերաբար ներդրվում են բուժական նոր մեթոդներ, արդեն իսկ իրականացվում են բարդ վիրահատություններ: Դա հնարավոր է դարձել որակավորվոծ կադրերով համալրման, նրանց վերապատրաստման ու մասնագիտության ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացմամբ, արտերկրից ու Մայր Հայաստանից հրավիրված բարձրակարգ մասնագետների հետ փորձի փոխանակման շնորհիվ: Սակայն համակարգում կան նաև բազմաթիվ անելիքներ: Դրանցից է որակավորված բժիշկ-մասնագետներով համակարգի դեռևս ոչ բավարար հագեցվածությունը: Լուրջ խնդիրներ կան հատկապես գյուղական բնակավայրերում, որոնց լուծմանը և Արցախում հիվանդների լիարժեք հետազոտման ու բուժման մակարդակների բարձրացմանն ուղղված միջոցառումներն այսուհետ էլ կգտնվեն իշխանությունների անմիջական հոգածության ներքո: Պետությունը կանի հնարավորը առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
Հանրապետությունում որակյալ կրթություն ապահովելու նպատակով կրթական բոլոր աստիճաններում իրականացվել են համապատասխան աշխատանքներ: Կուզենայի կանգ առնել նախադպրոցական, դպրոցական, բարձրագույն մի շարք խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների վրա:
Հատուկ ուշադրություն է հատկացվել նախադպրոցական ցանցի զարգացմանն ու ընդլայնմանը, կառուցվել և վերակառուցվել է 27 մանկապարտեզ, դպրոցներին կից նախադպրոցական խմբերի բացման քաղաքականության շնորհիվ գրեթե կրկնակի ավելացել է նախադպրոցական հաստատություն հաճախող երեխաների թիվը: Ավարտման փուլում են գտնվում ևս հինգ մանկապարտեզի նոր շենքերի կառուցման աշխատանքները:
Հանրակրթական ոլորտում բարեփոխումների արդյունքում գործում են ավագ և հոսքային ուսուցմամբ միջնակարգ դպրոցներ: Բարելավվել են դպրոցների շենքային պայմանները, ավարտվել են 47 դպրոցի և ընթացքում են 7 դպրոցի շինարարական աշխատանքները:
Ուսումնական հաստատությունների աշխատանքի կարևորագույն պայման է եղել և մնում է ուսման որակի և մակարդակի բարձրացումը: Այս նպատակով քայլեր են կատարվել նոր տեխնոլոգիաների ներդրման, մասնագետների վերապատրաստման, ներառական կրթության, արտադպրոցական դաստիարակության ապահովման և բազմաբնույթ այլ միջոցառումների իրականացման ուղղությամբ:
Կարևորելով մեր հանրապետությունում արհեստագործական կրթության զարգացման անհրաժեշտությունը՝ Շուշի քաղաքում բացվեց «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանը, որն իր հնարավորություններով ու նյութատեխնիկական հագեցվածությամբ համապատասխանում է ժամանակակից չափանիշներին: Հատուկ ուշադրություն են պահանջում բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրները: Համապատասխան աշխատանքներ են տարվել մասնավորապես դասավանդման որակի բարձրացման, մասնագիտությունների և կրթական ծրագրերի նոր համակարգերի ներդրման, միջբուհական համագործակցության ընդլայնման, բուհական գիտության զարգացման և այլ հարցերի ուղղությամբ:
Մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության հարցերը պահանջում են երկարատև աշխատանք և համապատասխան նպատակային ծրագրերի իրականացում: Պետք է այդ խնդիրը դիտարկել իր ողջ խորությամբ և արդեն իսկ այսօր ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ հասկանալով, որ էական փոփոխությունները տեսանելի կլինեն ապագայում:
Մեր պետության գերխնդիրներից է երիտասարդական քաղաքականությունը, որի ուղղությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: Եվ այդ աշխատանքը կրելու է մշտական բնույթ: Մենք ունենք հայրենասեր և սեփական հողի վրա ամուր կանգնած երիտասարդություն, որը պատրաստ է ցանկացած պահի պաշտպանել իր երկիրը, ինչը բազմաթիվ անգամներ ապացուցվեց և ռազմական գործողությունների ժամանակ և առօրյա կյանքում: Նման երիտասարդությունը մեր ամենամեծ ձեռքբերումներից է և հանդիսանում է պետության հետագա զարգացման ու զորացման հուսալի գրավական:
Առանձնահատուկ ուշադրություն է պահանջում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառը: ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացումը և հզորացումը մեր առաջնային խնդիրներից են, որոնց լուծման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Տարեցտարի ընդլայնվում է մարզադպրոցների ցանցը, աճում է մարզախմբերում ընդգրկված սաների թիվը: Մեր մարզիկները մասնակցում են Հայաստանի, Եվրոպայի ու աշխարհի միջազգային մրցությունների և առաջնությունների՝ արձանագրելով շոշափելի հաջողություններ, դառնալով հաղթողներ և գրավելով մրցանակային տեղեր: Բարի ավանդույթ է դարձել ամեն տարի մարզիկներին խրախուսել Հանրապետության նախագահի կողմից սահմանված բավականին բարձր դրամական պարգևներով, ինչպես նաև նրանց հանձնել բնակարաններ:
Հանրակրթական և մարզադպրոցների մարզաբազաների համալրումը, նոր մարզասրահների գործարկումը, մարզադպրոցների սաների ընդգրկվածության ընդլայնումը, մարզական ֆեդերացիաների ակտիվ գործունեությունը պետք է դառնան աշխատանքի այն հիմնական ուղղությունները, որոնք կապահովեն ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը մեր հանրապետությունում: Այս տարիների ընթացքում պետության կողմից մշակույթի ոլորտում իրականացվել են հետևողականորեն մշակված քաղաքականություն, որի արդյունքները տեսանելի են և որն այսուհետ պետք է կրի շարունակական բնույթ: Այն ուղղված է եղել ժամանակակից արվեստի ու մշակութային ենթակառույցների զարգացմանը և մշակութային գործընթացների խթանմանը, մշակութային կրթության կատարելագործմանը, ազգային մշակութային արժեքների պահպանմանը, ներկայացմանը և տարածմանը, ստեղծագործական ներուժի զարգացմանը, միջազգային դաշտում արցախյան մշակույթի ներկայացմանն ու միջազգային մշակութային երկխոսության խթանմանը: Զգալիորեն բարելավվել են մշակութային տասնյակ կազմակերպությունների շենքային պայմանները՝ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջաններում:
Պետական և հովանավորչական միջոցներով արդիականացվել է ոլորտի նյութատեխնիկական բազան: Մշակույթի զարգացումը տեսանելի է հատկապես Շուշի քաղաքում, որտեղ ստեղծվեցին տասնյակից ավելի մշակութային նոր օջախներ, այդ թվում երեք նոր թանգարաններ, արվեստի և մշակույթի կենտրոններ: Ոչ միայն մեր հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս ճանաչված մշակութային կենտրոն է դարձել Տիգրանակերտի պետական հնագիտական թանգարանը, որն ինչ-որ տեղ դարձել է նաև Արցախի այցեքարտերից մեկը:
Գանձասարի վանական համալիրում «Գանձասար» գիտամշակութային կենտրոնի մատենադարանի բացումը հնարավորություն է տվել նորովի ներկայացնել Արցախի գրավոր ժառանգությունը: Արցախի ստեղծագործական կոլեկտիվները, անհատ կատարողները մասնակցել են տասնյակ միջազգային հեղինակավոր մրցույթների և փառատոնների, արձանագրելով լուրջ հաջողություններ միջազգային ասպարեզում:
Պետության կողմից հատուկ ուշադրություն է դարձվել զբոսաշրջության զարգացմանը, որի միջոցով է նաև մեր երկիրը ճանաչելի դառնում աշխարհում:
2007թ. ի վեր մեր հանրապետությունում գրանցվում է օտարերկրյա քաղաքացիների այցելուների թվի աճ՝ տարեկան միջինը կազմելով 12,9 տոկոս: Զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը գրանցվել է 2015թ., երբ մեր երկիր այցելեց մոտ 16600 զբոսաշրջիկ՝ աշխարհի 78 երկրից:
2016թ. Արցախ են այցելել շուրջ 14000 օտարերկրյա զբոսաշրջիկներ, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է 2007թ. հանրապետություն ժամանած զբոսաշրջիկների թվաքանակը: Դա այն դեպքում, երբ 2016թ. ռազմական գործողությունները շոշափելի ազդեցություն են թողել դեպի մեր երկիր զբոսաշրջային հոսքերի վրա:
Ներկա դրությամբ Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը կրկին ավելանում է:
2017թ. առաջին կիսամյակում մեր երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը 46 տոկոսով գերազանցում է 2016թ. և 26 տոկոսով՝ 2015թ. համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշները:
Զբոսաշրջությունը խթանում է նաև տարբեր ենթակառուցվածքների զարգացումը, մասնավորապես հյուրանոցային ցանցի, որը վերջին տարիներին մեր հանրապետությունում զգալիորեն ընդլայնվել է և ներկա դրությամբ հանրապետության տարածքում գործում է չորս տասնյակից ավելի հյուրանոցներ:
Ոլորտի զարգացման ուղղությամբ պետության կողմից կիրականացվեն տարբեր ծրագրեր:
Հարգելի ներկաներ: Իսկ հիմա կուզենայի կանգ առնել Սահմանադրության անցումային փուլում 2017-2020թթ. իրականացվելիք մի շարք միջոցառումների վրա: Սահմանադրական բարեփոխումների այս շրջանում առաջին հերթին պետք է ձևավորվեն Սահմանադրությամբ նախատեսված մարմինները: Դուք գիտեք, որ կառավարման նախագահական ձևի անցման պայմաններում Հանրապետության նախագահի կարգավիճակը փոխվելու է: Հանրապետության նախագահը, պետության գլխի գործառույթի հետ միաժամանակ, իրականացնելու է նաև գործադիր իշխանության անմիջական ղեկավարի գործառույթ: Ներդրվելու է Կառավարության ղեկավարի նոր կարգ, ինչպես նաև ընդունվելու են կառավարման նոր կառուցակարգեր՝ ուղղված Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման, իշխանության օրենսդիր և դատական իշխանությունների հետ նրա փոխհարաբերությունների ապահովմանը և բազմաթիվ այլ կազմակերպչական հարցերի լուծմանը:
Հրատապ են նաև կառավարության կառուցվածքի և լիազորությունների վերաբերյալ հարցերը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Կառավարության կարգավիճակը նույնպես փոխվելու է: Այն գործադիր իշխանության բարձրագույն մարմնից վերափոխվելու է Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացմանն աջակցող գործադիր իշխանության կոլեգիալ մարմնի:
Ընթացիկ տարվա մեջ ձևավորվելու է բարձրագույն Դատական խորհուրդ: Այս մարմինը փոխարինելու է գործող արդարադատության խորհրդին և օժտված է լինելու ընդլայնված լիազորություններով, ինչպիսիք են դատավորների թեկնածուների ցուցակների կազմումն ու հաստատումը, Ազգային ժողովին դատավորի թեկնածու առաջարկելը և այլ նոր լիազորություններ:
Մեծ աշխատանք է նաև սպասվում ՏԻՄ-երի ինստիտուտի բարեփոխման և նրա գործունեության արդյունավետության բարձրացման հարթությունում:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, նպատակահարմար եմ գտնում, որ այս հարցի շուրջ կազմակերպվեն հասարակական լայն քննարկումներ մինչև հարցի վերջնական որոշումը: Հանրապետության նախագահի կողմից ս.թ. մարտի 31-ին, ինչպես գիտեք, ստեղծվել է Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհուրդ:
Համակարգման խորհուրդն իր գործունեությունը սկսել է բարեփոխումների իրավական ապահովման անհրաժեշտ իրավական ակտերի գույքագրման և դրանց նախագծերի ընթացքավորման աշխատանքների իրականացմամբ: Խորհրդի կողմից գույքագրվել են այն օրենքները, որոնք նոր Սահմանադրության համապատասխան պետք է ընդունվեն կամ փոփոխվեն: Կազմվել է ընդունման կամ փոփոխման ենթակա օրենքների ցանկը՝ 81 օրենք, կատարման պատասխանատուների և ժամկետների նշումով: Իրավական ակտերի համապատասխանեցումը Սահմանադրությանը փաստորեն սկսված է և կիրականացվի փաստորեն երեք տարվա ընթացքում: Ակնհայտ է, որ օրենքների տեսքով Սահմանադրությանը համապատասխան իրավական դաշտի ձևավորումը պետք է իրականացվի ԱԺ կողմից, ինչը ենթադրում է մեծածավալ ու քրտնաջան աշխատանք:
Հարգելի պատգամավորներ: Անցումային փուլում մինչև 2020թ. համաժողովրդական ընտրությունները մեր ամենակարևոր անելիքները պետք է լինեն առաջին հերթին երկրի պաշտպանունակության, անվտանգության համակարգի ամրապնդումն ու զորացումը, ՊԲ մարտունակության բարձրացումը, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավումը:
Սոցիալ-տնտեսական բնագավառում նախատեսում ենք ապահովել 8-10 տոկոս տարեկան միջին աճ, որը հնարավորություն կտա պահպանել տարբեր ոլորտների դինամիկ ու համաչափ զարգացումը, վարել ընդգծված սոցիալական քաղաքականություն:
Արտաքին քաղաքականության ասպարեզում կարվի հնարավորը մեր երկրի շահերի և իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Մենք կշարունակենք ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, որը բոլոր հաջողությունների հուսալի գրավականն է:
Ավարտելով խոսքս, կուզենայի մեկ անգամ ևս շեշտել, որ այսպիսինն են մեր պետականաշինության ներքին և արտաքին քաղաքականության տնտեսական ցուցանիշների ամփոփ պատկերը և ապագայի տեսլականը: Իմ ընտրվելու դեպքում ես կկատարեմ Սահմանադրությամբ ինձ վերապահված պարտականությունները օրենքի տարրին և ոգուն համապատասխան, կանեմ հնարավորը նախանշված ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ՝ հանուն մեր ժողովրդի, նրա անվտանգության ու բարեկեցության:
Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Նախագահ: Մենք հիմա… ընդմիջման ժամ է մեզ համար աշխատակարգով: Ես հիմա առաջարկում եմ գրանցվել հարցերի համար, ընդմիջումից հետո կշարունակենք արդեն հարցեր տալ Նախագահի թեկնածուին: Խնդրեմ, հարցեր:
Հայկ Խանումյան, Արմեն Սարգսյան:
Շնորհակալություն, հիմա հայտարարվում է ընդմիջում մինչև 13.15 րոպեն: 13.15 շարունակելու ենք նիստը:
ԸՆԴՄԻՋՈՒՄ
Աշոտ Ղուլյան - Հարգելի գործընկերներ: ԱԺ հատուկ նիստի հարգարժան մասնակիցներ, հրավիրվածներ: Մենք շարունակում ենք այսօրվա մեր հատուկ նիստը՝ նվիրված Հանրապետության նախագահի ընտրությանը և մենք ընդմիջել ենք մեր քննարկումները Հանրապետության նախագահի թեկնածու Բակո Սահակյանի ելույթը լսելուց հետո: Հարցերի համար գրանցվել են երկու պատգամավոր: Այժմ ես հրավիրում եմ պարոն Սահակյան՝ Ձեզ և հարցերի համար, հարցերը տեղից ենք հնչեցնելու և որից հետո արդեն լինելու են մտքերի փոխանակություն: Խնդրեմ, պատգամավոր Հայկ Խանումյան:
Հայկ Խանումյան - Երկու հարց է՝ հերթականությա՞մբ, թե միանգամից:
Աշոտ Ղուլյան - Միանգամից ասեք երկուսն էլ:
Հայկ Խանումյան - 2016թ. նոյեմբերի 17-ին Սերժ Սարգսյանը ռուս լրագրողին տված իր հարցազրույցում ասել է, որ 2015թ. Կազանի եռակողմ հանդիպման ժամանակ ինքը պատրաստ է եղել ստորագրելու մի փաստաթուղթ, որով Ադրբեջանին կտրվեին իր խոսքերով` 7 շրջանները: Սերժ Սարգսյանը վստահորեն ասում է, որ հայկական կողմերը՝ ՀՀ և Լեռնային Ղարաբաղը, պատրաստ են հեռանալ այդ շրջաններից: Արդյոք, ինչի՞ հիման վրա է Սերժ Սարգսյանն այդ խոսքերն ասում և Դուք Սերժ Սարգսյանի ասած 7 շրջաններից հեռանալու վերաբերյալ իր արտահայտած մտքին ինչպե՞ս եք վերաբերվում:
Աշոտ Ղուլյան - Մյուս հարցն էլ:
Հայկ Խանումյան - Լավ, մի հարցով կբավարարվեմ:
Բակո Սահակյան - Բնական է, ոչ միայն ես, մենք բոլորս հետևում ենք Արցախյան հիմնախնդրի հետ կապված քաղաքական գործիչների մեկնաբանություններին, հայտարարություններին և հատուկ ուշադրությամբ հետևում ենք նաև ՀՀ նախագահի աշխատանքին, քանի որ այսօր Հայաստանը ներգրավված է բանակցային գործընթացում և այս խանգարված ձևաչափի պայմաններում իրականացնում է բավականին բարդ և բավականին նրբանկատ աշխատանք և, երբ ՀՀ նախագահը մասնակցելով բանակցություններին մեկնաբանում կամ պարզաբանումներ է տալիս, մենք հատուկ ուշադրությամբ ենք հետևում: Եվ մենք հետևել ենք այդ նույն հայտարարություններին՝ Ձեր կողմից նշված լրատվամիջոցների այդ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ես համարում եմ, որ ՀՀ-ն այս պայմաններում արձանագրել է ոչ թե հաջողություն բանակցային գործընթացում, այդ աշխատանքը, հայկական կողմի աշխատանքը, ՀՀ լիարժեք մասնակցությունը և Արցախի Հանրապետության թերի մասնակցությունը կարելի է որակել ոչ միայն որպես հաջողություն, այլ դա կարելի է դասել մեր նվաճումների շարքին:
Նախ, փորձ է արվել և, այդ աշխատանքը մինչ այսօր շարունակական բնույթ է կրում, որպեսզի այդ հակամարտությունը տեղափոխվի քաղաքակիրթ հարթություն:
Եվ այդ իսկ առումով անազնիվ կլինի չնկատել և չգնահատել ՀՀ մեր գործընկերների աշխատանքը, նրանց այդ նվիրական աշխատանքը՝ նշված այդ առաջադրանքի կատարման հետ կապված: Բազմաթիվ այդ նույն պատասխանների հետ մեկտեղ բազմաթիվ մեկնաբանություններ են տրվել, թե որ դեպքում են պատրաստ լինելու, այսպես ասած, հիմնախնդրի լուծմանը գնալու և մի քանի անգամ և՛ ՀՀ պաշտոնյաները, և՛ ես, և՛ մեր քաղաքական դաշտի պատասխանատուները նշել և շարունակում ենք նշել, որ այս հիմնախնդիրը սահմանափակված չէ Արցախի բնակչության, Արցախի քաղաքացիների հետաքրքրությամբ, նրանց այսպես ասած մտահղացումներով, քանի որ մեր ազգային ազատագրական պայքարը կոչվում է արցախյան ազգային ազատագրական պայքար:
Հետևաբար, ես այսօր իմ ելույթում նշել եմ, որ այս պայքարից կախված է նաև թե ինչպիսին է լինելու համայն հայության ապագան: Հետևաբար, մենք պարտավոր ենք այս մասը հաշվի առնելու և մեր աշխատանքը կառուցելու այդ հստակ և պարզ ճշմարտությունից: Այդ հայտարարությունների հետ մեկտեղ ՀՀ նախագահը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ առաջին հերթին Արցախի բնակիչների կարծիքն է հիմքում լինելու այս հիմնախնդրի լուծման համար:
Հաջորդը, ես մինչև այսօր էլ երբ այդպիսի հարցեր ուղղում են, այստեղ են մեր լրատվամիջոցների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները և քանիցս նրանք հարց են ուղղել ինձ, ես պատասխանել եմ այդ հարցերին և այս հիմնախնդրի լուծման համար միայն քաղաքական գործիչների, այդ թվում և նախագահների մեկնաբանություններն ու նրանց գնահատականները բավարար չեն: Եվ այս հարցն իր լուծումը ստանալու է միայն ու միայն մեր ժողովրդի մասնակցության շնորհիվ և երբ ես խոսում եմ ժողովրդի մասին, սա փորձ չէ ժողովրդի ետևում թաքնվելու: Այդպիսինն է իմ ընկալումն այս հիմնախնդրի հետ կապված:
Հետևաբար, այն, որ այսօր մեր քաղաքական գործիչները, տվյալ պահին ՀՀ գերագույն իշխանության ներկայացուցիչները աշխատել և շարունակում են այդ աշխատանքները կատարել` այս հարցը տեղափոխել իմ կողմից նշված քաղաքակիրթ տարածություն, քաղաքակիրթ հարթություն, դա նշանակում է, որ վերջնականապես այս հարցն իր լուծումը ստանալու է միայն ու միայն ժողովրդի մասնակցությամբ: Որովհետև, եթե յուրաքանչյուր քաղաքական գործիչ այս կամ այն պայմանավորվածությունների շրջանակներում իր համաձայնությունը տա, դրան հաջորդելու են քաղաքական ուժերի մասնակցությունը, ուրովհետև այդ կարգի պայմանագրերը վավերացվում են խորհրդարանների կողմից և այդ նույն աշխատանքների շրջանակներում, որի մասին բազմաթիվ անգամներ ՀՀ նախագահը նշել է, որ այս հիմնախնդիրն իր լուծմանն է արժանանալու միայն ու միայն համաժողովրդական հանրաքվեի միջոցով, և այս աշխատանքը և նման մոտեցումը իրականում ես ոչ միայն հաջողություն, այլ նվաճում եմ համարում: Եվ օգտագործելով այօրվա առիթը, ուզում եմ մեկ անգամ ևս բարձրաձայնել, որ ես կողմնակից եմ զգաստություն ցուցաբերել այս ճակատագրական նշանակություն ունեցող խնդիրը սովորական քաղաքական շահարկումների թեմա չդարձնել: Ես բարձրաձայնել և շարունակում եմ բարձրաձայնել, թե որն է մեր ապագայի նկատմամբ տեսլականը, առաջնահերթ խնդիրները որոնք են այս պահի դրությամբ և այսօրվա իմ ելույթում նույնպես նշել եմ:
Հետևաբար, մի քանի անգամ նախընտրելի կլիներ կենտրոնանանք և մեր հավաքական ներուժն ուղղենք այդ հիմնախնդիրների լուծմանը և այս ճանապարհով, նման մտածելակերպով, նման գիտակցությամբ մենք հասնելու ենք այս հիմնախնդրի հանգուցալուծմանը: Ես և բոլոր քաղաքական գործիչներն իրենց պատասխանները հնչեցնելուց, իրենց մեկնաբանումներն ու պարզաբանումները ներկայացնելուց ավելորդ չենք համարում ասել, որ բացառվում է, որպեսզի մենք ընդունենք մի որոշում, որը մեզ կզրկի այս գիտակցված զոհաբերությունների գնով ձեռք բերված արժանապատվությունից:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Արմեն Սարգսյան:
Արմեն Սարգսյան - Չնայած Ձեր ելույթում անդրադարձել եք, բայց ես կուզենայի հետևյալ հարցերի շուրջը փակագծերը մի քիչ ավելի բացվեն:
Ձեր կառավարման տարիներին նոր աստիճանի է հասել արդարության հաստատման գործընթացը: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործընթացի նոր փուլը ապագա տարիներին: Եվ երկրորդ հարցը, վերջին տասնամյակում, մեր կարծիքով, նաև Ձեր կարծր կեցվածքով արմատական փոփոխություն է կատարվել արտաքին քաղաքականության բնագավառում, այն իմաստով, որ սկսվել է Արցախի միջազգային ճանաչման գործընթացը: Ի՞նչ հեռանկարներ եք ուրվագծում:
Բակո Սահակյան - Արմեն Թեմուրի, խնդրում եմ, ներողություն եմ խնդրում, մի քիչ բարձր հարցը հնչեցրեք, մի քիչ մոտիկ պահեք:
Արմեն Սարգսյան - Ձեր կառավարման տարիներին նոր աստիճանի է հասել արդարության հաստատման գործընթացը: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործընթացի նոր փուլը ապագա տարիներին: Եվ երկրորդ հարցը, վերջին տասնամյակում, մեր կարծիքով, նաև Ձեր կարծր կեցվածքով արմատական փոփոխություն է կատարվել արտաքին քաղաքականության բնագավառում, այն իմաստով, որ սկսվել է Արցախի միջազգային ճանաչման գործընթացը: Ի՞նչ հեռանկարներ եք ուրվագծում:
Բակո Սահակյան - Շնորհակալություն: Բազմիցս ես անդրադարձել եմ տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ, շնորհակալություն հայտնելով մեր քաղաքական դաշտի պատասխանատուներին, իրենց կողմից այդ գիտակցված վերաբերմունքի համար և, այսօր էլ ուզում եմ օգտագործել այս հնարավորությունը մեկ անգամ ևս իմ շնորհակալությունը հայտնել մեր քաղաքական դաշտի պատասխանատուներին: Դա վերաբերում է ինչպես ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերին, արտախորհրդարանական ուժերին, ընդդիմական ուժերին, որովհետև եթե չլիներ այդ գիտակցությունը և այդ ընդգծված վերաբերմունքը մեր հիմնախնդիրների նկատմամբ, մեր առօրյայում ծագող այդ հարցերի հետ կապված, դժվար թե մենք ի վիճակի լինենք հասնելու այն համեստ հաջողություններին, որ մենք ձեզ հետ միասին արձանագրել ենք: Բայց այդ ամենի հետ մեկտեղ ես նաև դժգոհություններ էի հայտնում, մի կողմից՝ այդ հասուն, այդ գիտակցված վերաբերմունքը տեղ էր գտել մեր կյանքում, մյուս կողմից՝ ես չեմ կարող բավարար որակել, բավարար գնահատել այդ հարաբերությունները մեր իշխանության տարբեր թևերի միջև: Այդ համագործակցությունն իր մեջ կրում է բացեր և ես իմ ելույթում նշել եմ, որ ԱԺ և Նախագահի համատեղ, լիարժեք գործունեությունից է նաև կախված լինելու, թե ինչպես ենք մենք այս անցումային փուլը դարձնելու արդյունավետ, իսկ այն, որ մենք հակված ենք և ցանկանում ենք այս շրջանը դարձնել արդյունավետ, կարծում եմ, դա որևէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել: Եվ գործիքներից մեկը, միջոցներից մեկը ես տեսնում եմ այդ բացը շտկելու և դուրս գալու ավելի գործնական, ավելի, այսպես ասած, արդյունավետ շրջան:
Լուրջ ակնալիքներ ունեմ ԱԺ մեր գործընկերներից, օրինակ, պարոն Աղաբեկյանը՝ խոսելով բնակչության ժողովրդագրական իրավիճակի բարելավման հետ կապված, խոսեց ախտորոշման, ներկայիս իրավիճակի ախտորոշման հետ կապված, ես համաձայն եմ դրա հետ, որովհետև, այո՛, մեր ձեռքբերումները դրական են, բայց ոչ բավարար: Հետևաբար, եթե մենք այդ աշխատանքը տեսնում ենք միայն նպաստների քաղաքականության հետ կապված, ես չեմ կարծում թե այդ մոտեցումը և նման աշխատանքը բերելու է մեզ ավելի մեծ հաջողությունների: Դրանք բավականին մեծ նպաստներ են, բայց մենք տեսնում ենք, որ բավարար չէ ավելի լուրջ հաջողություններ գրանցելու համար:
Հետևաբար, մեր հավաքական ներուժի մասնակցության անհրաժեշտությունն եմ տեսնում, այդպիսի ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրներում և կարծում եմ, մեր այդ պատրաստակամությունը, մեր այդ ցանկությունը պետք է որ ուղղված լինի նաև այդ հստակ աշխատանքային առօրյան ապահովելու, ակնկալելով, որ այդպիսի մոտեցումը և նման քաղաքականությունը, նման աշխատանքը կտա իր հաջողությունը:
Նույնը կարող եմ ասել Ձեր հարցադրման երկրորդ մասի հետ կապված, ամեն ինչ կապված է մեր պատասխանատվության աստիճանից: Ես հակված եմ և ցանկանում եմ և սիրում եմ այդպիսի աշխատանքը, որտեղ մենք ամեն օր ենք մեզ դրսևորում, ամեն պահ ենք մեզ դրսևորում՝ մեր լավագույն հատկանիշները գործադրելով: Խոսել և շարունակում ենք խոսել այս սահմանադրական բարեփոխումներում տեղ գտած կարևորագույն խնդիրներից մեկի հետ կապված՝ տեղական ինքնակառավարման ինստիտուտների ձևավորման հետ, և, այսօր էլ հրավիրում եմ Ձեզ, անկախ նրանից թե ի՞նչ կարգավիճակում կլինենք մենք այսօրվա հատուկ նիստի արդյունքներից ելնելով, ես առաջարկում եմ մեր բոլոր կարողություններն ուղղել և գտնել այդ ելքը, գտնել այդ ճիշտ որոշումը, ձևավորել` տեղական ինքնակառավարման ինստիտուտներ, որոնք կնպաստեն և մեր պետական շինարարությանը, և մեր տնտեսության զարգացմանը, և մեր քաղաքացիական հասարակության վերջնականապես կայացմանը: Եթե մյուս ուղղություններում, լինի դատական փոփոխումների հետ կապված, լինի դա այլ պահանջների հետ կապված, թե նոր Սահմանադրության, մենք կուտակել ենք արդեն այս շրջանում որոշակի փորձ, մենք բազմաբնույթ և բազմաթիվ աշխատանքներ ենք կատարել, ավելի լավ ենք պատկերացնում թե ինչ է մեզ սպասում և ոնց է մեր համագործակցությունն իրականացվելու նոր Սահմանադրության պահանջների հետ կապված, ՏԻՄ-երի աշխատանքների հետ կապված, դեռևս մենք չունենք այդ լուրջ կուտակած փորձը, այդ ներուժը, որը պիտի հիմք հանդիսանա հետագա մեր այդ ճակատագրական որոշումները կայացնելու համար: Մենք անց ենք կացրել մի շարք խորհրդատվություններ, շարունակում ենք այդ խորհրդատվությունները, բայց դեռևս բավարար չեն այդ աշխատանքները, ես դրա համար էլ առաջարկել եմ իմ այսօրվա ելույթում մի քիչ ծավալվել, դուրս գալ այս ներկայիս ձևաչափից, մեր հանրության տարբեր խավերի, տարբեր խմբերի ներկայացուցիչներին դարձնել այս գործընթացի լիարժեք մասնակիցներ: Եթե մենք այս ճանապարհով գնանք, ավելի քան համոզված եմ, որ մենք գտնելու ենք ելքը և ոչ միայն նվազագույն վրիպումներ կունենանք, այս հիմնախնդիրն այնքան ճակատագրական նշանակություն ունի, ես ինձ թույլ եմ տվել ասելու և այսօր էլ կրկնում եմ` ես չեմ ուզում որպեսզի մենք ոչ միայն սխալ թույլ տանք, կամ մեղք գործենք: Նշանակությունը, կարևորությունը հիմնախնդրի` այնպիսինն է, որ մենք միշտ պիտի հաշվի առնենք, որ հավանականությունը շատ մեծ է մեղք գործելու, եթե չցուցաբերենք այդ անհրաժեշտ մոտեցումը, եթե մեր զինանոցում եղած այդ կուտակած ներուժը չուղղենք այդ հիմնախնդրի արժանապատիվ լուծմանը, ապա կարող է և սխալվենք, ես չեմ ցանկանում և ոչ միայն իմ մասով, այլ ընդհանրապես, որպեսզի մենք ձեզ հետ միասին սխալ գործ կատարած լինենք և վերջում էլ դա որակվի որպես մեղք:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Պարոն Նախագահ, կարող եք նստել: Մենք այս փուլն էլ ավարտեցինք հարցերի և այժմ սկսում ենք մտքերի փոխանակության՝ աշխատակարգով սահմանված այս ժամանակահատվածը: Խնդրում եմ մտքերի փոխանակության համար գրանցվել. Արսեն Առստամյան, Հայկ Խանումյան, Գագիկ Բաղունց, Դավիթ Իշխանյան, Արզիկ Մխիթարյան, Արպատ Ավանեսյան, Վարդգես Բաղրյան, Ռուդիկ Հյուսնունց: Ուրեմն, որպեսզի սխալ չունենանք ելույթների համար գրանցվել են` Արսեն Առստամյանը, Հայկ Խանումյանը, մի րոպե, Գագիկ Բաղունցը,Դավիթ Իշխանյանը, Արզիկ Մխիթարյանը, Արպատ Ավանեսյանը, Վարդգես Բաղրյանը և Ռուդիկ Հյուսնունցը: Այսքա՞նն են: Շնորհակալութուն: Ելույթի համար հրավիրվում է Արսեն Առստամյանը, հաջորդը Հայկ Խանումյանն է:
Պատգամավորների ելույթների համար 5 րոպե է, կարող ենք ավելացնել, խմբակցվությունների համար՝ 7 րոպե, մինչև 7 րոպե:
Արսեն Առստամյան - Կփորձեմ սահմանված ժամկետում տեղավորվել:
Մեծարգո Նախագահ Արցախի Հանրապետության, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք։ 26-ամյա կենսագրություն ունեցող Արցախի Հանրապետության պատմության մեջ 2-րդ անգամ խորհրդարանին է վերապահված Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատար ընտրելու պատասխանատու իրավունքը։ Եթե առաջինի դեպքում երկիրը գտնվում էր կայացման ու պատերազմի հասցրած վերքերն ամոքելու ճանապարհին, ապա այսօր ունենք զարգացման ուրույն ձեռագիր և հստակ տեսլական։ Վերջինս, իմ կարծիքով, պարտավորեցնում է ժողովրդի կողմից այս տարվա փետրվարի 20-ին մեզ տրված իրավունքն իրացնելիս առաջնորդվել հենց այս հանգամանքի հաշվառումով։ Մտքերի փոխանակության շրջանակներում ինձ տրված րոպեները, բնավ, նպատակ չունեմ սպառել Արցախի Հանրապետության նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանի և նրան սատարած քաղաքական թիմի կողմից անցած տասը տարիներին իրականացված աշխատանքները, շատ հաճախ չլուծվող թվացող, բայց այսօր արդեն լուծված օրինակները մատնանշելով, որովհետև դրանք տեսանելի են, անգամ, անզեն աչքով ընդգրկում են մեր կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները։ Ով աչք ունի և տեսնելու ցանկություն՝ կտեսնի։ Ով չունի, անգամ, ժամանակակից մեթոդներով վիրահատական միջամտությունը չի օգնի։ Հայկական լեռնաշխարհի այս փոքրիկ հատվածի անվտանգությունը, ներքին կայունությունն ու համերաշխությունը ինձ համար եղել է ու լինելու է գերակա, մնացյալը՝ ածանցյալ։ Հակառակ պարագայում, լավագույն դեպքում տեղում դոփելն անխուսափելի կլինի, եթե չասեմ՝ կործանարար։ Եվ այսօր ես ընտրություն կատարելիս առաջնորդվելու եմ հենց այս տրամաբանությամբ, նաև գիտակցումով, որ ընտրում եմ նշված երեք սկզբունքների երաշխավորին։ Մեր երկրի համար բախտորոշ ու ճակատագրական այս օրը, հենց այստեղ մենք նախանշելու ենք այն երթուղին, որով պիտի առաջ շարժվենք մինչև 2020թ. մայիսը, իսկ որ այն լինելու է անվտանգության աստիճանի շարունակական բարձրացման և ունեցած ձեռքբերումների հենքի վրա բոլոր ոլորտներում որակական զարգացում ապահովող երթուղի, կասկած չունեմ։
Հարգելի գործընկերներ, քաղաքական որևէ գործընթաց մոռացության չպիտի մատնի այն հանգամանքը, որ յուրայինների մեջ թշնամիններ փնտրելու իրավունք մենք չունենք։ Այդ իրավունքից մեզ նախ և առաջ զրկել են մեր ազգի ընտրյալ որդիները։ Չպիտի մոռանանք, որ վաղը կողք-կոքի, ուս-ուսի տված միասին կռվելու ենք նույն խրամատում ու միասին էլ վայելելու ենք հաղթանակի բերկրանքը։ Չնայած այօրվա քվեարկությունը գաղտնի է, այդուհանդերձ, չցանկանալով մերժել լրագրող գործընկերներիս խնդրանքը, դեռևս օրեր առաջ գաղտնազերծել եմ իմ որոշումը։ Մեր երկրի քաղաքական թիվ մեկ ամբիոնից նաև հիմա եմ հայտարարում. մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը, աշխարհաքաղաքական հարափոփոխ մեր ժամանակներում երկրի բարձրագույն պաշտոնը Բակո Սահակյանին վստահելը, իմ խորին համոզմամբ, այլընտրանք չունի։ Շնորհակալություն։
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Ելույթի համար հրավիրվում է Հայկ Խանումյանը, պատրաստվում է Գագիկ Բաղունցը:
Հայկ Խանումյան - Հարգելի ներկաներ: Երբ 2016թ. ընթանում էին քննարկումներ Սահմանադրության փոփոխությունների շուրջ և քննարկվում էր խորհրդարանական և նախագահական ընտրությունները միաժամանակ անցկացնելու գաղափարը, կային երկու տարբերակներ՝ լուծարել 6-րդ գումարման Ազգային ժողովը և 2017թ. հուլիսին անցկացնել նախագահական և ԱԺ համատեղ ընտրություններ, կամ էլ 2017թ. մինչև 2020թ. ունենալ անցումային շրջան՝ խորհրդարանի կողմից ընտրվող նախագահով:
Խորհրդարանական կառավարող ուժերը դեմ եղան ԱԺ-ն լուծարելուն, սակայն այսօր Բակո Սահակյանին երրորդ անգամ առաջադրելով նախագահի պաշտոնում կազմալուծում են ոչ միայն խորհրդարանի գաղափարը, այլև քաղաքական դաշտն ամբողջությամբ:
Կան սկզբունքներ, որոնց անտեսումը բերում է պետության թուլացմանը, հանրության մեջ արդարության պակասի, դրանով իսկ ազգային հզորության կրճատման: Բակո Սահակյանն առաջինն Արցախի պատմության մեջ անտեսում է քաղաքական դաշտի կարևորագույն սկզբունքը՝ հեռանալ սահմանված ժամկետում: Առաջադրվելով երրորդ անգամ Սահակյանը ոչ միայն արհամարհում է ժողովրդավարական կարևորագույն սկզբունքները, սահմանադրական նորմերը, այլ դուրս է գալիս ժողովրդի դեմ: Աթոռին կառչած մնալու ցանկություն միգուցե շատերն են ունենում, սակայն տարբեր հասարակություններում առկա մեխանիզմերը թույլ չեն տալիս իշխանության հասած անձին չարաշահել իր իշխանությունը, փորձել այն դարձնել ցմահ:
Բակո Սահակյանի կողմից երրորդ անգամ նախագահական ժամկետի գնալը ցույց է տալիս, որ Արցախում չկա հակակշիռների մեխանիզմ: Ոչ քաղաքական ուժերը, ոչ Ազգային ժողովը, ոչ հանրությունն ի վիճակի չեն կանխել ցմահ իշխանության մնալու ձգտումները, ավելին, տարիներ շարունակ տեղի է ունեցել հակակշռի ոչնչացում, տարիներ շարունակ գիտակցված կերպով կառավարող վերնախավը ոչնչացրել է անկախ մամուլը, քաղաքացիական հասարակությունը, ամենակոպիտ միջամտություններով ոչնչացրել կրթական համակարգը, որպեսզի գործ ունենա անզոր ու թույլ հասարակության հետ, տարատեսակ սահմանադրական փոփոխություններ նրա գլխին փաթաթելու համար:
Տարիներ շարունակ կառավարող վերնախավը ոչնչացրել է տեղական իշխանություների ինքնուրույնությունը՝ նրանց դարձնելով պետական դոտացիաների շնորհիվ աշխատավարձ ստացող ամբողջություն: Տարիներ շարունակ տեղի են ունեցեոլ իշխանության և ռեսուրսների անօրինակ կենտրոնացում ինչը բերել է այսօրվա ողբերգական վիճակին և մի մարդ իրեն համարում է անփոխարինելի իշխանության, անկախ Սահմանադրությոնից, ձևավորված քաղաքական ավանդույթներից, հասարակության ցանկությունից:
Այսօր ոչնչանում է Արցախի քաղաքական համակարգը և քաղաքական մշակույթ է ներմուծվում մի նորություն, որը հատուկ է միջինասիական երկրներին, աֆրիկյան թերզարգացած հասարակություններին, Ադրբեջանին, բայց ոչ երբեք մեզ: Արցախում նույնիսկ մելիքների կառավարման շրջանում եղել են խաղի հստակ կանոններ և մելիքների ընտրության ձևեր: Դրանց խախտումները բերել են Արցախի համար ողբերգական իրադարձությունների: Ես դիմում եմ համագործակցության հուշագիր ստորագրած քաղաքական ուժերին՝ այս պահին դուք սուբեկտ եք և մեծ ազդեցություն ունեք որոշումների կայացման վրա, սակայն ընտրելով Բակո Սահակյանին, դուք զրկվելու եք որոշումների վրա որևէ ազդեցություն ունենալու հնարավորությունից, ընդհուպ ձեր նախընտրական ցուցակը ձևավորելիս: Երբ իշխանությունը ձերն է և դուք այն զիջում եք ուրիշին, ուրիշն է ձեր փոխարեն որոշումներ կայացնում:
Ինչպես հիշում եք, դեռևս 2016թ. սկզբներին, ես անընդհատ նշում էի, որ Սահմանադրության փոփոխությունները տեղի են ունենում մեկ անձի վերահաստատության համար: Այդ ժամանակ շատերդ հրապարակային ինձ հակադարձում էիք, ասելով, որ 2017թ. հուլիսից դեռ շատ ժամանակ կա ու չենք կարող ասելով կառաջադրվի նախագահի պաշտոնում: Հիմա 2017թ. հուլիսն է և իմ ասածներն իրականանում են, ոչ թե նրա համար, որ ես ավելի տեղյակ էի քան դուք, այլ զուտ նրա համար, որ ես հանրության հետ ազնիվ էի, իսկ դուք՝ ոչ: Դուք և հատկապես սահմանադրական փոփոխությունների նախագահ Աշոտ Ղուլյանը հանրությանը վստահեցրին, որ Սահմանադրությունը փոփոխվում է ոչ թե Բակո Սահակյանի համար, այլ Արցախ անվան վերականգնման համար: Այնինչ Արցախ անունը կար նաև նախորդ Սահմանադրության մեջ: Հանրության հետ նման կերպ վարվելը պատիվ չի բերում ոչ մեկին, ավելին, սա մեծացնում է հասարակության անվստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ բերում հիասթափության և ապատիայի կյանքին մասնակցելու տեսանկյունից:
Ես մի քանի կետով ասեմ՝ ինչո՞ւ չընտրել Բակո Սահակյանին: Արտաքին քաղաքականության ոլորտի մասին խոսեցինք, բայց նախագահը էական քայլեր չի կատարել Արցախի սուբյեկտայնության բարձրացման և գործոն դառնալու ուղղությամբ: Ավելին, այդ սուբյեկտայնությունն ավելի է պակասել: Առավելագույնը` եղել են հայտարարություններ, թե Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցությունների սեղան: Սակայն այս ուղղությամբ պրակտիկ քայլեր չեն եղել, վախեցել են ցանկացած նախաձեռնությունից, որ այս կամ այն չափով կբարձրացներ Ստեփանակերտի դիրքը: Նախագահականը մշտապես արդարացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը, այն համարելով բիզնես և գտնելով, որ այն ուղղված չէ Արցախի դեմ: Նման վերաբերմունքն էլ ավելի է ոգևորել Ռուսատանին՝ վաճառել գերարդիական սպառազինություն Բաքվին:
Տնտեսություն: Անընդհատ շեշտվում է, որ տարիներ շարունակ /չի լսվում/ տոկոս տնտեսական աճ ենք ունեցել, էներգետիկ առումով դարձել ենք ինքնաբավ, իհարկե վերջինը գովելի է և գնահատելի: Այստեղ ես պետք է առանձնացնեմ վարչապետ Արայիկ Հարությունյանի դերը ինչպես էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները մեծացնելու հեղինակ և իրագործող: Սակայն Արցախը մեկ բնակչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցիչով նախկին խորհրդային երկրների մեջ վերջին տեղում է: Այդ դեպքում ինչո՞ւ չէ տնտեսական աճը բերել ազգային հարստության էական ավելացման, որովհետև երբ 2009թ. ճգնաժամ էր ու Հայաստանում աննախադեպ տնտեսական անկում Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ կրճատելու են ամեն ինչ, բացի Արցախին տրամադրվող վարկից, ավելին՝ այն ավելացրել են: Դրա շնորհիվ աշխատավարձ ու թոշակ բաժանելով ազգային հարստություն չի ստեղծվում, իսկ սխալ տնտեսական կառավարումը բերում է ռեսուրսների անօրինակ կենտրոնացման, ինչի հետևանքով, ասենք, երկրի հարկերի մի հատված կարող է առաջանալ Դրմբոն գյուղի տարածքում, սակայն գյուղը մինչև հիմա կարող է ունենալ խմելու ջրի խնդիր:
Քաղաքական համակարգի խնդիրների մասին արդեն խոսեցի: Պետք է նկատեմ, որ այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը սերմանվում է նախագահականի կողմից, նախագահի կողմից վերահսկվող հանրային հեռուստատեսությունը փակ է պահում պաշտոնական տեսակետից տարբերվող կարծիքների համար:
Կարծում եմ, որ Բակո Սահակյանի կողմից այս միտումները շարունակվելու են և ավելի են սաստկանալու: Բակո Սահակյանի տարիներին ամենածանր հարվածը ստացել է կրթության համակարգը: Նախագահականի կողմից համալսարանների կյանքին միջամտությունը, տարբեր ռեկտորներ պարտադրելը, ինչպես նաև համալսարանական կյանքը տոտալ հսկողության տակ բերելը, (վերջացնում եմ), բերել է մի վիճակի, երբ համալսարանից դուրս են գալիս ոչ թե մասնագետներ, այլ դիպլոմ ունեցող անձինք, ովքեր հետագայում նոր ռեսուրսներ և ժամանակ են ծախսում մասնագիտանալու համար: Այս ամենը բերել են նաև դպրոցների թուլացմանը: Արդյունքում մի շարք կենսական առարկաների գծով Արցախում ունենք մասնագետների, ուսուցիչների խրոնիկ պակաս:
Քվեարկելով Բակո Սահակյանի օգտին, դուք կողմ եք քվեարկում ցածր մակարդակի կրթությանը, անդեմ արտաքին քաղաքականությանը, կարևոր հարցերի շուրջ որոշումներ կատարելու անընդունակությանը, քաղաքական անհանդուրժողականությանը և արտահայտվելու արգելանքներին:
Ես քվեաթերթիկում ջնջելու եմ Բակո Սահակյանի անունը՝ թողնելով Էդուարդ Աղաբեկյանի անունը: Շնորհակալություն։
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Ինձ մնում է միայն ափսոսալ, որ մեր սահմանադրական բարեփոխումների նպատակների մասին այդքան նեղ պատկերացումներ ունեք:
Հաջորդը՝ Գագիկ Բաղունց, թող պատրաստվի Դավիթ Իշխանյանը:
Գագիկ Բաղունց - ԱԺ հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ, տիկնայք և պարոնայք: Կարծում եմ, պարտադիր չէ տիրապետել հատուկ վերլուծական ընդունակությունների, որպեսզի կանխատեսենք այսօրվա ընտրությունների ելքը: Այդուհանդերձ, «Շարժում» խմբակցությունը որոշում է ընդունել առաջադրել Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը: Մի կողմ թողնենք յուրաքանչյուր կայուն գաղափարական հիմք ունեցող քաղաքական ուժի բնական ցանկությունը` օգտագործել նման հնարավորությունը հանդես գալու քաղաքական գլխավոր հարթակում: Հանդես գալով երկրի զարգացման այլընտրանքային ծրագրով, մենք մեր պարտքն ենք համարել ցուցաբերել այլ քաղաքական թիմերի, ծրագրերի եւ պլատֆորմների, այլ տնտեսական որոշումների, ժողովրդավարական այլ մեխանիզմների համատեղ գոյատևման անհրաժեշտությունը, որոնք կարող են նպաստել պետական ավելի արդյունավետ շինարարությանը: Որոշակի առումով մենք առաջնորդվել ենք ֆրանսիացի հոգեւոր գործիչ Անրի Դիդոնի կարգախոսով, որը Պիեռ դը Կուբերտենի շնորհիվ դարձել է օլիմպիական` ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ:
Դույզն ինչ չնսեմացնելով մեր պետության ծանրակշիռ և բազմապլան հաջողությունները, որոնք վերջին տասը տարիներին ձեռք են բերվել գործող նախագահ Բակո Սահակյանի ղեկավարությամբ, մենք ուզում ենք փաստել, որ արագ զարգացող աշխարհի պայմաններում, երկրի գոյությանը պերմանենտ սպառնալիքի պայմաններում մենք տառացիորեն դատապարտված ենք իրացնելու առավելագույն հնարավորը, որպեսզի`
1) որքան հնարավոր է` արագ զարգացնել տնտեսությունը,
2) որքան հնարավոր է` ավելի բարձրացնել կրթության մակարդակը եւ ընդունվող քաղաքական եւ տնտեսական որոշումների գիտական հիմնավորվածության աստիճանը,
3) որքան հնարավոր է` ավելի ուժեղ կառուցել մեր բանակը:
Մենք ցանկանում ենք հասարակության ուշադրությունը հրավիրել այնպիսի ժողովրդավարական ինստիտուտների կայացման թերացումների վրա, ինչպիսիք են խոսքի ազատությունը եւ ընտրական համակարգը, մենք ցանկանում ենք բոլոր ուժերի մոբիլիզացում` վերացնելու բանակաշինության եւ ամբողջովին երկրի անվտանգության համակարգի վրիպումները, ինչի հնարավորությունը համոզիչ կերպով ցույց է տվել ապրիլյան պատերազմից հետո անցած մեկ տարում արդյունավետ աշխատանքը:
Մենք ցանկանում ենք ուշադրություն դարձնել տեխնիկական կրթության մակարդակի աննախադեպ անկման վրա, որը սպառնում է երկրի արդյունաբերական զարգացմանը, մենք ցանկանում ենք ընդգծել անկախ քաղաքական նախասիրություններից բոլորի մտավոր ներուժն օգտագործելու անհրաժեշտությունը` վերականգնելու մեր ժողովրդին յուրահատուկ եւ արժանի որակը: Ուզում ենք հավատալ, որ ընտրված Նախագահը իր հետագա գործունեության ժամանակ կառաջնորդվի երկու թեկնածուների ներկայացրած ծրագրերի արդյունավետ գաղափարներով եւ առաջարկություններով:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հաջորդը` Դավիթ Իշխանյան, պատրաստվում է Արզիկ Մխիթարյանը:
Դավիթ Իշխանյան - Հարգելի գործընկերներ, հատուկ նիստի հարգարժան մասնակիցներ: Որևէ մեկի ելույթը այս բարձր ամբիոնից չպետք է լինի ինքնանպատակ: Յուրաքանչյուրս գիտակցում է իր խոսքի արժեքը և կարևորությունը: Արդեն իսկ ՀՅԴ ներկայացուցչի կողմից արվեցին այն շեշտադրումներն ու հիմնավորումները, թե ինչու է ՀՅԴ Արցախի կառույցը սատարում պարոն Բակո Սահակյանին: Ավանդույթ է դարձել այս կամ այն ընտրության նախօրյակին դաշնակցությանը թիրախավորելը և՛ Արցախում, և՛ ՀՀ-ում: Սա սիրում են հատկապես որոշ քաղաքական և լրատվական շրջանակներ: Ամեն ինչ պարզ է մեզ համար՝ ինչու՞ և ինչ նպատակներով: Հասարակության համար երբեմն պարզ չի լինում, թե ինչու դաշնակցությունը այս կամ այն որոշումն ընդունեց, ո՞րն է այն բարձրագույն շահը և նպատակը, հանուն որի ՀՅԴ-ն գնաց այդ քայլին: Դաշնակցության համար միշտ էլ առաջնորդող է եղել ազգային ու պետական շահերի գերակայությունը, ժողովրդի արժանապատիվ ապագան ու ժողովրդավարական արժեքները, արդարության միտված քայլերն ու կառավարման համակարգում պետական մտածելակերպի գերակայությունը, քաղաքական հանդուրժողականությունն ու համախոհության մթնոլորտի ձևավորումը ազգային միասնականությունը: Այս մտայնությունն էր ՀՅԴ-ի մոտ 2007-ին ու 2012-ին: Անցած տասը տարիների համատեղ աշխատանքը այլ թելադրանք ու պարտադրանք չի ստեղծել: Սատարելով Բակո Սահակյանին, Դաշնակցությունը 2007-ից համագործակցության նոր սկիզբ դրեց՝ հանուն հայ ժողովրդի բովանդակ շահերի, համագործակցություն` միտված հայության ապագային ու նրա առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, համագործակցություն, հանուն ներքին միասնության, ի չարս այլոց, որոնց համար թուլացած Արցախը կառավարելիության համար նպատակ է: Մենք համահայկական կառույց ենք, մեր պատասխանատվության չափը չի սահմանափակվում այս դահլիճով ու սոսկ մեկ որոշումով: Մեր յուրաքանչյուր քայլ միտված է հայ ժողովրդի ապագայի կերտմանը, զարգացող ու հզորացող հայոց պետականությանը, նրա սահմանների ամրապնդմանն ու անվտանգության բաղադրիչների ուժեղացմանը: Մեր քաղաքական որոշումների հիմքում կարգախոսային մտայնությունը չի իշխում: Մեր բոլոր քայլերի հիմքում կա մի պարզ ձևակերպում՝ «Արցախն ու Դաշնակցությունը բնական դաշնակիցներ են»: Այդ դաշինքը խախտելու որևէ նախադրյալ մենք չենք տեսնում: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հաջորդը՝ Արզիկ Մխիթարյան, պատրաստվում է Արպատ Ավանեսյանը:
Արզիկ Մխիթարյան - Հատուկ նիստի հարգարժան ներկաներ: Նախ, ես ուզում եմ շնորհավորել ամենքիս, առավել ևս այս դահլիճից դուրս գտնվող մեր ժողովրդին, որ մենք հերթական քաղաքական մեծ իրադարձության մեջ ենք: Նրանք, ովքեր արցախյան շարժման ակունքներում են եղել, այսօր ներքին հպարտություն են ապրում, որ ապրում ենք նման օր և նպատակ չունենալով առանձնապես անդրադարձ կատարել այն ելույթներին, որոնք որ անընդունելի են, այնուամենայնիվ ես ուզում եմ իմ նկատառումներն արտաբերել այն երևույթի նկատմամբ, ինչն այսօր իրականանում է : Ինչու՞ ենք ընտրում Բակո Սահակյանին: Ոչ որպես գովասանք, ոչ որպես առանձին հաճոյանալու միտք ունենալով, պետք է նշենք, որ Բակո Սահակյանը դա խարիզմատիկ ղեկավար է, լիդեր, որը որ տարիներ շարունակ ղեկավարելով Արցախը, արժանացել է մեծ սիրո: Եվ չեմ կիսում այն կարծիքը, որ նրան ընտրելով մենք գնում ենք չգիտեմ դեպի կործանում, թե ինչ: Շատ վտանգավոր արտահայտություններ եք անում, որը մեր ժողովրդի վրա կարող է շատ բացասական ներգործություն ունենալ:
Քանի որ պարոն Նախագահի ելույթի մեջ անդրադարձ եղավ արտաքին հարաբերությունների ողջ գործընթացին և այն սկզբունքներին, ինչ նա որդեգրել է և քանի որ բազում անգամներ ես առիթ եմ ունեցել պարոն Նախագահի հետ լինելու արտերկրում, ես բազմաթիվ անգամներ տեսել եմ նրա համառ կամքը, նրա հաստատակամությունը մեր երկրի ընդունած որոշումների, մեր անկախության պահպանման վերաբերյալ: Եվ դուք պետք է ներկա լինեիք և տեսնեիք, թե ինչ ընդունելության է արժանանում Բակո Սահակյանը արտերկրի, առանձնապես Սփյուռքի կողմից: Իսկ դուք գիտեք ինչ է նշանակում Սփյուռքը Արցախի համար: Այն մեր զարգացման նախադրյալն է: Եվ այն մեծ սերը, այն շռայլ սերը, որն արտահայտվում է նրա անձի նկատմամբ գալիս է ոչ նրանից, որ առանձնահատուկ նրանք էսպես շատ մեծ շռայլություն են անում, այլ գալիս է նրանից, որովհետև մեր երկրի հախագահն ունի շատ շռայլ սեր մեր ժողովրդի նկատմամբ, մեր երկրի նկատմամբ, մեր տնտեսության զարգացման նկատմամբ: Դա գաղտնիք չէ և բոլորս ականատես ենք դրան: Պետք է կույր լինել, որպեսզի չտեսնել մեր երկրի զարգացումը, չտեսնել այն քաղաքական գործընթացները, որոնք ղեկավարվում են մեր Նախագահի կողմից: Այս առումով ես պարզապես ցավ եմ ապրում, որ հանրահայտ ճշմարտություն կա, ժողովրդական, ասում են՝ շատ անողից շատ է պահանջվում: Այս է տարբերակն այսօր մեր դահլիճում, երբ հնչում է նման մի միտք, որ մտավախություն ունեք, հարցականների տակ եք դնում, այդպես, կարծում եմ, բարոյական չէ պարզապես:
Եվ վերջապես, տարիներ շարունակ ուսումնասիրելով պարոն Նախագահի գործունեությունը, որը որ համադրվել է կառավարության ակտիվ գործունեությամբ և մեր ժողովուրդը հասել է բավականին մեծ նվաճումների, մենք նաև այսօր զգում ենք, որ 88-ից սկսած մեր ամենամեծ ձեռքբերումը դա մեր բանակի կայացումն է, մեր անվտանգության ապահովումը, որը որ մենք անկասկած պիտի ընդունենք դրա իրողությունը և որի ամենամեծ երաշխավորը հենց համարվում է երկրի Նախագահը և մենք պետք է դա ընդունենք անվերապահորեն:
Այս է հենց պատճառը, որ ես գտնում եմ, որ իրոք համեմատելով երկու թեկնածուների ելույթները, որտեղ պարոն Աղաբեկյանը հետաքրքիր ձևով ներկայացնում է այն ստվերոտ կողմերը, որոնք առկա են մեր կյանքում, իհարկե, դրանք կան: Ստվերը դա արևի գոյության փաստն է, երբ կա աշխատանք, կա նաև ստվերներ: Կարծում եմ, որ Ձեր այսօրվա ելույթը հենց խթան կհանդիսանա ապագա ընտրվող նախագահին, որպեսզի հաշվի առնի իր գործունեության ընթացքում:
Եվ ավարտելով իմ խոսքը, ես ուզում եմ հիշել Ամերիկայի ամենաանբասիր նախագահի հանրահայտ դևիզը, նրա կյանքի ամբողջ այն նպատակը, որով նա առաջնորդվել է: Ասում է՝ երկրի նախագահը պետք է լինի իր կամքի տիրակալը և խղճի ստրուկը: Մենք ականատես ենք եղել մեծ կամքի և այն խղճով աշխատանքի, որով մենք ընթացել ենք այս տարիների ընթացքում:
Շնորհակալություն ուշադրության համար և կարծում եմ, մենք պետք է ճիշտ ընտրություն կատարենք:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հաջորդը ելույթի համար հրավիրվում է Արպատ Ավանեսյանը, թող պատրաստվի Վարդգես Բաղրյանը:
Արպատ Ավանեսյան - Հատուկ նիստի հարգելի մասնակիցներ, ես չեմ անդրադառնա մինչ ինձ հնչեցված ելույթներին և այն ինչ ես նախապատրաստած էի, չեմ կարդալու: Ուղղակի, ոչ միայն ձեզ, այլև մեր հանրապետության հասարակությանը ես կուզենայի մի փաստով, մի օրինակով և համոզել, որ այս տաս տարվա Բակո Սահակյանի և իր թիմի կատարած գործունեությունն ինչ արձագանք ունի մեր հարևան, առաջին հերթին մայր Հայաստանում և այլ շրջանակներում, որոնց հետ ես երբևէ հանդիպել եմ, կլինի դա Ռուսաստան և այլ երկրներ:
Գոյություն ունի մի կարևոր հանգամանք պետության համար, որը կոչվում է պետական բարոյականություն: Այստեղ ամեն ինչի մասին խոսվել է և ես հատկապես այդ օրինակը կբերեմ: Մենք գիտենք, որ ԼՂՀ 2007-2017թթ. ընկած ժամանակահատվածում ղեկավարվել է մի թիմի կողմից, որի գործադիրը ղեկավարվել է Արայիկ Հարությունյանի և Բակո Սահակյանի կողմից: Գիտեք, վերջերս առիթ եմ ունեցել, շատ պատահական, ԱԺ մուտքի մոտ, պարոն Նախագահը կվկայի, զրույց ունենալ ՀՀ առաջին Նախագահի հետ: Եվ երբ որ նա հարցրեց, թե ինչպե՞ս եմ հայտնվել Ղարաբաղում, ես մի կարճ նախադասությամբ ասացի հետևյալը. «Երբ որ ՀՀՇ-ական մանկապարտեզի ղեկավարներն անցան իշխանության և Հայաստանում պետական միջոցներով ստեղծված մեր ժողովրդի կողմից 70 տարվա ընթացքում և պաշտոնները, որոնք որ տվել եք մարդկանց, ովքեր այդ պաշտոնները և հնարավորություններն օգտագործել են միայն ու միայն իրենց շահի համար, այդ տեսնելով ես որոշել եմ գամ իմ ծննդավայր, իմ հայրենիք և մասնակցել այստեղ տեղի ունեցող գործընթացներին ու քանի որ ես տարիքային առումով պիտանի չեմ եղել զենք վերցնեմ ու դուրս գամ, դրա համար իմ բնագավառով եմ եկել և կարծում եմ, վատ չեմ եկել:
Ի՞նչ ասել է պետական բարոյականություն: Ո՞վ չի իմանում, որ կար ժամանակ, որի մասնակիցներն ու ականատեսները մենք ենք եղել, որ Հայաստանից Ղարաբաղ եկող ցանկացած քաղաքացի հետ վերադառնալուց ատամները կրճտացնելով իր բողոքն էր հայտնում մեր իրավապահ մարմինների նկատմամբ, ոստիկանության նկատմամբ, իսկ հիմա, չեմ ուզում շարունակեմ մյուս բնագավառները, հիմա դուք փորձեք հայտնել այդ մարդկանց, ովքեր գալիս են Ղարաբաղ և հետ են գնում, ինչ ակնածանքով ու շնորհակալությամբ են խոսում Հանրապետության նախագահի իրականացրած քաղաքականության և այդ կառույցների գործունեության վերաբերյալ: Այդ առումով ես գտնում եմ, որ այն թիմը, որն այս տասը տարվա ընթացքում Բակո Սահակյանի գլխավորությամբ ղեկավարել է մեր հանրապետությունը, պարտավոր է այս երեք տարիների ընթացքում գոնե շարունակի նման տեմպով, բացթողումները կան, բացթողումների մասին ինքն ավելի շատ է ներկայացրել, ներկայացրել է նաև պարոն Աղաբեկյանը և մեզնից յուրաքանչյուր ելույթ ունեցողները ես չեմ անձնավորի և չեմ քննարկի այդ ասածները, որովհետև ցանկացած պատգամավոր այս ամբիոնից իրավունք ունի ասել ինչ որ մտածում է և մարդիկ ասել են, հարգանքով վերաբերվենք իրենց ասածին, բայց չընդունել այն, ինչ որ ընդունելի չէ: Ես ասածների մի 99 տոկոսը չեմ ընդունում, որովհետև այդ մեղադրանքները, որը հնչեցվում են, նրանց պարագայում կարող են լինել շատ ավելի վատ, որի համար իմ գործընկերներին, պատգամավորներին ես կոչ եմ անում, որպեսզի, հարգելով պարոն Աղաբեկյանին, ձայն տալ Բակո Սահակյանին՝ ակնկալելով, որ այն, ինչ որ սկսել է ավարտին կհասցնի այս հաջորդ երեք տարիների ընթացքում, իսկ դրանից հետո Աստված գիտե: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Ելույթի համար հրավիրվում է Վարդգես Բաղրյանը, թող պատրաստվի Ռուդիկ Հյուսնունցը:
Վարդգես Բաղրյան - Հարգելի գործընկերներ, ներկաներ: Ինչպես գիտեք, սույն թվականի հուլիսի 1-ին տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության 5-րդ համագումարը, որի օրակարգային հարցերից մեկն էլ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից երկրի ղեկավարի ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրելու հարցն էր: Մեր ավագ կուսակից Սվետլանա Դավթյանի առաջարկով համագումարը միաձայն ընդունեց որոշում առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Ի դեպ, տիկին Դավթյանը դպրոցում Բակո Սահակյանի ուսուցչուհին էր, և դա ինքնին շատ խոսուն փաստ է: Եվ քանի որ թեկնածուին ներկայացնելու իրավունքը խորհրդարանում վերապահված է խմբակցություններին, «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն «Ժողովրդավարություն» խմբակցությունը սահմանված կարգով ներկայացրել է մեր նախընտրած թեկնածուի ձևաթղթերը: Իսկ թե ինչու հենց Բակո Սահակյանի թեկնածությունը, կարծում եմ, այդ հարցի փաստարկված պատասխանը քիչ առաջ իր ելույթում տվեց մեր խմբակցության ներկայացուցիչ Աշոտ Ղուլյանը:
Մեր համոզմամբ, Արցախի Հանրապետության նախագահ լինելը հաճույք կամ վայելք չէ, ինչպես դա կարող է թվալ ոմանց, այլ մեծ պատիվ ու հսկայական պատասխանատվություն երկրի և ժողովրդի առջև: Եվ Բակո Սահակյանը, ընդառաջելով երեք քաղաքական ուժերի՝ «Ազատ հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի Ժողովրդավարական կուսակցություն»-ների առաջարկին, իր համաձայնությունն է տվել առաջադրելու թեկնածությունը և ընտրվելու դեպքում, ինչին, անկեղծ ասած, մենք չենք կասկածում, անցումային շրջանում ևս ղեկավարել երկիրը, կրել այդ պատասխանատվությունը: Քանի որ մենք սատարում ենք նրան, բնականաբար, այդ պատասխանատվությունը չպիտի թողնենք միայն նրա ուսերին, այլ միասին, միահամուռ ուժերով պետք է է՛լ ավելի հզորացնենք և շենացնենք մեր տունը ու տեղը, մեր հայրենիքը:
Վստահ ենք, որ Բակո Սահակյանի համար Արցախի Հանրապետության նախագահ լինելը ինքնանպատակ չէ, այլ երկրին ու ժողովրդին է՛լ ավելի մեծ նվիրվածությամբ ծառայելու բարի ցանկություն և հաստատակամություն:
Ուզում եմ ընդգծել ևս մի կարևոր հանգամանք, որ դարձյալ խոսում է Բակո Սահակյանի թեկնածության օգտին: Դա նրա համախմբելու ունակությունն է, որը չափազանց կարևոր հատկանիշ է պատերազմական իրավիճակում գտնվող երկրի ղեկավարի համար:
Մենք բարոյական իրավունք չունենք ջլատելու մեր ուժերը, հանուն կուսակցական կամ նեղ անձնական շահերի խաթարելու մեր երկրի անվտանգությունն ու կայունությունը, քանզի շատ թանկ գին ենք վճարել Արցախի ազատության համար: Մեր երկրի տարեգրության այս փուլում, առավել քան երբևէ, պահանջված է մնում միասնականությունը, իսկ դրա ապահովումը մեր համոզմամբ, իրատեսական է Բակո Սահակյանի ղեկավարման պարագայում:
Այս ամենից, կարծում եմ, պարզ է, որ Ժողովրդավարություն խմբակցությունը լրիվ կազմով քվեարկելու է Բակո Սահակյանի թեկնածության օգտին:
Եվ վերջում, ավագի իրավունքով կուզեք, թե ինչպես, իմ գործընկերոջը՝ Հայկ Խանումյանին կուզենայի հիշեցնել մեծն Նժդեհի խոսքը՝ քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում: Քննադատել, բայց ոչ թույն թափել, առավել ևս այս բարձր ամբիոնից: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Մյուս ելույթ ունենալու հայտը հանվում է: Մենք այսքանով ավարտում ենք մտքերի փոխանակության փուլը: Մտքերի փոխանակության համար գրանցվել էին 8 պատգամավորներ, ելույթ են ունեցել 7-ը: Սրանով այսօրվա մեր հատուկ նիստի մեկնարկին ասած ընթացակարգերից մենք մոտենում ենք արդեն եզրագծին, պետք է արդեն պատրաստվենք գաղտնի քվեարկության: Ես ուզում եմ ամփոփել մտքերի փոխանակության փուլը և կարծում եմ, մեզ հիմնականում հաջողվեց ապահվել քաղաքակիրթ ու փոխըմբռնման մթնոլորտում քննարկումները: Շնորհակալություն պիտի հայտնեմ իմ գործընկերներին, բայց ուզում եմ նաև շեշտել, որ խորհրդարանն իսկապես մտքերի ազատ փոխանակության հարթակ է: Գուցե տևական ժամանակով այս դահլիճում չեն հնչել քննադատական ելույթներ, այլընտրանքային կարծիքներ և այն, որ այս դահլիճում հնչում են այդպիսի կարծիքներ, սա նույնպես խոսում է այն ժողովրդավարության, խոսքի ազատության մասին, որ մենք արդեն ունենք: Պարզապես պետք է դրան վերաբերվենք պատասխանատվությամբ, որովհետև այսօր ասված ամեն մի խոսք միայն այս դահլիճում չի մնում և եթե մենք ազատ ենք մեր անձնական տեսակետների մեջ, դա չի նշանակում, որ դա պիտի լինի պարտադիր:
Վստահ եմ, որ դահլիճում ներկա և քաղաքական ուժերը, ովքեր առաջարկել են գործող Նախագահին իր համաձայնությունը տալ թեկնածությունն առաջարկելու, նրանք այս երկրի համար, քաղաքական կյանքի համար պակաս պատասխանատվություն չունեն և շատ լավ են հասկանում այդ առաջարկի իմաստն ու նշանակությունը: Հետևաբար, այս ճանապարհը պետք է անցնել, այս ճանապարհի փորձությունները պետք է հաղթահարել և կարծում եմ, ինչ որ մենք ունենալու ենք առաջիկա տարիներին, դա լինելու է բոլորիս հաջողությունը: Շնորհակալություն: Այսքանը պարզապես, որպեսզի առանձին նորից ելույթ չլինի, ուզում էի ամփոփել:
Հիմա, մենք ելույթներից հետո ունենք եզրափակիչ ելույթների հնարավորություն, եթե իհարկե, դրա ցանկությունը կա: Եթե թեկնածուներ, էլի այբբենական կարգով ունեն ցանկություն եզրափակիչ խոսքերի՝ խնդրեմ, եթե չէ… Պարոն Աղաբեկյան՝ չկա, պարոն Նախագահ՝ չկա: Եզրափակիչ ելույթների ցանկություն, երևի, առիթ չկա, քանի որ ամեն ինչի մասին շատ է խոսվել, չնայած երևի այս նիստից հետո էլի ենք խոսելու, բայց հիմա մենք անցնում ենք մեր աշխատակարգի և ընթացակարգերի վերջին փուլին, որը նշանակում է պատրաստություն գաղտնի քվեարկությանը:
Գաղտնի քվեարկության ընթացակարգը բացատրելու համար խոսքը տրվում է ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ պատգամավոր Ռոմելա Դադայանին, խնդրեմ, տիկին Դադայան:
Ռոմելա Դադայան - Հարգելի գործընկերներ: Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 61-րդ հոդվածի 6-րդ կետը, հաշվիչ հանձնաժողովի կողմից տեղյակ եմ պահում ձեզ, որ գաղտնի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի ճեմասրահում, ժամը 14.15 րոպեից մինչև 14.45 րոպե: «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով՝ պատգամավորը քվեաթերթիկը լրացնում է սահմանված կարգով, գաղտնի քվեարկության խցիկում թողնելով քվեաթերթիկում այն թեկնածուի անունը և ազգանունը, որի օգտին ինքը քվեարկում է՝ ջնջելով մյուս թեկնածուի անունը, ազգանունը:
Խնդրում եմ, ինչպես ամեն անգամ, հաշվիչ հանձնաժողովը հենց որ ավարտի կազմակերպչական աշխատանքները, բոլորիդ հրավիրում եմ ճեմասրահ քվեարկությանը մասնակցելու:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, տիկին Դադայան, մեկ րոպե մնացեք: Հարցեր ունե՞ք քվեարկության կարգի, ձևի… Չկա՞ն: Շնորհակալություն, տիկին Դադայան, կարող եք նստել: Ուրեմն, հաշվի առնելով, որ որոշակի նախապատրաստություն պետք է մինչև քվեարկության փուլը, ես պատգամավորներին եմ խնդրում ուշադիր լինել: Մենք քվեարկությունը սկսելու ենք, ժամը 14.25 րոպեից մինչև 14.45 րոպե:
Մինչև այդ նախապատրաստվելու են ճեմասրահում 14.25-14.45 րոպեն: 20 րոպեի ընթացքում բոլորիդ հրավիրում ենք պատգամավորներին քվեարկության, որից հետո՝ 14.45-ին բոլորիդ հրավիրում ենք նիստերի դահլիճ՝ ամփոփելու գաղտնի քվեարկության արդյունքները:
Շնորհակալություն, հիմա գնում ենք գաղտնի քվեարկության:
Ընդմիջում
Աշոտ Ղուլյան - Հարգելի գործընկերներ, հարգարժան հրավիրվածներ: Մենք քիչ առաջ քաղտնի քվեարկությամբ արեցինք մեր ընտրությունը և հիմա ԱԺ հատուկ նիստում կհրապարակվի գաղտնի քվեարկության արդյունքները: Քվեարկության արդյունքները ներկայացնելու համար հրավիրվում է ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ տիկին Ռոմելա Դադայանը: Խնդրեմ:
Ռոմելա Դադայան - Արձանագրություն. Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովի 2017թ. Հուլիսի 19-ի նիստի.
Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 61-րդ հոդվածի 11-րդ մասով հաշվիչ հանձնաժողովն անց է կացրել Արցախի նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկություն: Բացելով քվեատուփը հանձնաժողովը պարզել է հետևյալը՝ քվեարկությանը մասնակցել է 32 պատգամավոր: Առաջադրված թեկնածու Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանը քվեարկության ընթացքում ստացել է հետևյալ ձայները՝
Կողմ - 4
Դեմ - 28
Առաջադրված թեկնածու Բակո Սահակի Սահակյանը քվեարկության ընթացքում ստացել է հետևյալ ձայները՝
Կողմ - 28
Դեմ - 4
Անվավեր համարված քվեաթերթիկ չունենք:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, տիկին Դադայան:
Ծափահարություններ…
Աշոտ Ղուլյան - Հարգելի գործընկերներ, մեր կանոնակարգը պահանջում է, որ գաղտնի քվեարկության արդյունքներով հրապարակվի ԱԺ որոշումը, ինչը ես անում եմ հիմա:
Ազգային Ժողովի որոշումը Արցախի Հանրապետության Նախագահ ընտրելու մասին
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը որոշում է.
Արցախի Հանրապետության նախագահ ընտրել Բակո Սահակյանին:
Շնորհավորում ենք:
Ծափահարություններ…
Աշոտ Ղուլյան - Խնդրում եմ նստեք: Մեծարգո պարոն Նախագահ, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք: Մենք այսքանով եզրափակում ենք Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հատուկ նիստը՝ նվիրված նոր Սահմանադրության համաձայն Հանրապետության նախագահի ընտրությանը:
6-րդ գումարման Ազգային ժողովի անունից ցանկանում եմ շնորհավորել նախագահ Բակո Սահակյանին՝ այս պաշտոնում ընտրվելու առթիվ: Համոզված եմ, որ առաջիկա տարիներին մեր երկիրը կշարունակի հաստատակամ ու վճռական քայլերը իշխանության ամրապնդման, իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետության զարգացման բարդ, բայց և միակ ընդունելի ճանապարհով:
Շնորհավորում եմ նաև խորհրդարանական իմ գործընկերներին, մեր ողջ ժողովրդին՝ քաղաքակիրթ ու փոխըմբռնելի մթնոլորտում հերթական քաղաքական կարևոր գործընթացի ավարտի կապակցությամբ:
Այսքանով Ազգային ժողովի հուլիսի 19-ի հատուկ նիստը համարվում է ավարտված: Մեր հարցը սպառված է, շնորհակալություն բոլորին համատեղ աշխատանքի համար:
Շնորհակալական խոսք ունի ԱՀ նախագահ պարոն Սահակյանը:
Բակո Սահակյան - Ազգային ժողովի հատուկ նիստի անդամներ, շնորհակալություն հայտնելով բոլորիդ, կուզենայի ասել հետևյալը:
Մեր ազգային ազատագրական շարժման գլխավոր առավելություններից մեկը կայանում է նրանում, որ բացահայտել ենք այս աշխարհի, մեր կյանքի հիմնական, գլխավոր ճշմարտությունը: Այն է, որ երջանկությունը մարդուն տալիս է հայրենիքը: Եվ մենք եկել ենք ձեզ հետ միասին այս տարիների ընթացքում այդ միասնական աշխատանքի շնորհիվ, իսկ ես կոչված եմ նաև մեր տրամադրությունները, մեր մոտեցումները և ընկալումները կյանքի նկատմամբ, բոլորիս հավաքական գործերը ներկայացնելու, որ երջանիկ ենք, քանի որ հնարավորություն ենք ձեռք բերել հայրենիքին ծառայելու:
Ես հաջողություն եմ ցանկանում մեզ բոլորիս՝ այդ ծառայությունը մատուցելու գործում:
Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Ցտեսություն, մինչև նոր հանդիպումներ: