ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 5-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2017Թ. ՀՈՒԼԻՍԻ 21-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ժամը 11:00
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ կառավարության անդամներ վարչապետի գլխավորությամբ, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա 30 պատգամավորներ, բացակա են` 3 պատգամավոր:
ՆՒՍՏԸ ՎԱՐՈՒՄ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԸ
Աշոտ Ղուլյան - Բարի առավոտ և բարի օր բոլորիս: Հարգելի գործընկերներ, հրավիրվածներ: Մենք ամփոփել ենք, իհարկե, 5-րդ նստաշրջանի աշխատանքները, բայց խորհրդարանում աշխատանքները դեռ շարունակվում են: Երկու օր առաջ մենք այս նույն դահլիճում, հատուկ նիստի ընթացքում, Սահմանադրության պահանջով ընտրեցինք Հանրապետության նախագահ, ինչի առթիվ շնորհավորում եմ նորից բոլորիս, իսկ այսօր մենք ձեզ հրավիրել ենք արտահերթ նստաշրջանի և, նորից սահմանադրության պահանջով, կառավարության նախաձեռնությամբ օրենսդրական մի քանի հարցերի քննարկում է այսօր սպասվում մեզ: Նախքան օրենքներին անցնելը, ուզում եմ դահլիճում բոլոր ներկաների անունից շնորհավորենք մեր գործընկերոջը՝ այսօր տիկին Լյուդմիլա Բարսեղյանի ծննդյան օրն է: (Ծափահարություններ): Մաղթենք նրան հաջողություն, առողջություն և խնդրենք Դավիթ Մելքումյանին մեր բոլորի անունից այդ ծաղկեփունջը տիկին Լյուդմիլային փոխանցի՝ որպես շնորհավորանք: Շնորհակալություն:
Նստաշրջանի ավարտին ուզում եմ հիշեցնել, որ Սահմանադրության պահանջով ունեինք մի քանի թեմաներ, որոնց մեջ «Ազգային ժողովի կանոնակարգը», որն արդեն մենք ընդունել ենք և հաջորդ 2 օրենքները, որ նույնպես պետք է մինչև սեպտեմբերի յոթն արդեն ուժի մեջ մտած լինեն, հետևաբար մենք այդ քննարկման մեկնարկը տվել ենք, առաջին ընթերցման պրոցեսն անցել է ու այս պահին պատրաստ ենք քննարկումը շարունակել, հաշվի առնելով նաև ԱԺ մշտական հանձնաժողովների տված եզրակացությունները:
Ես հիմա խնդրում եմ բոլորիդ գրանցվել, որպեսզի սկսենք մեր օրենսդրական գործունեությունը:
Գրանցում:
Գրանցման արդյունքներով ներկա են 30 պատգամավոր, բացակա են՝ 3, երեք բացակաների պատճառներն էլ հարգելի են:
Մենք օրենսդրական հարցերը կթվարկենք, որպեսզի նաև քվեարկենք դրանց օգտին: Իսկ հիմա, պարզապես, որպես հիշեցում ասեմ, որ մենք 2 օր առաջ համապատասխանաբար, իհարկե, ԱԺ գլխադասային հանձնաժողովներում քննարկելով այդ թեմաները՝ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովում, ովքեր որ ներկա են եղել այդ հանձնաժողովային քննարկումների մանրամասներին` տեղյակ են, ստացել ենք դրական եզրակացություններ, որ ԱԺ լիագումար նիստը, այս դեպքում, իհարկե, արտահերթ, կարող է իր վերջնական պատասխանը տալ նշված օրենսդրական նախաձեռնությունների մասով: Մենք կառավարության նախաձեռնությունը, որ ընդունել ենք և երեկ դրա հետ կապված ԱԺ նախագահի նաև որոշումն է հրապարակվել, ունենք արդեն հաստատված օրակարգ, այդ օրակարգով 2 հարց ունենք այսօր, մեկը Դատական օրենսգիրքն է իր փաթեթով, մյուսը «Հաշվիչ պալատի մասին» օրենքի նախագիծն է համապատասխան երկրորդ խումբ օրենքի նախագծերով:
Կառավարության լիազոր ներկայացուցիչը 2 դեպքում արդարադատության նախարար պարոն Արարատ Դանիելյանն է: Սկսենք օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը և առաջինը՝ Դատական օրենսգիրքը, չէ՞, պարոն Դանիելյան: Խնդրեմ:
Արարատ Դանիելյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, հարգելի ներկաներ: Ձեր քննարկմանն է ներկայացվում՝ 2-րդ ընթերցմամբ մեր, Սահմանադրության 167-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դատական օրենսգրքի նախագիծը:
Առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի վերաբերյալ հեղինակի կողմից կազմվել է և ԱԺ է ներկայացվել 4 առաջարկություններից բաղկացած ամփոփաթերթ: Երկու առաջարկները վերաբերում են նախագծի 6-րդ հոդվածի առաջին մասին և 72-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, լրացում կատարելու համար, մյուս 2 առաջարկները վերաբերում են օրինագծի 104-րդ հոդվածի 5-րդ մասին և 122-րդ հոդվածի 7-րդ մասի այդ բառերի փոխանակմանը:
Առաջարկությունը քննարկվել է համապատասխան դատարանների հետ և այդ ամփոփաթերթով ներգրավված առաջարկություններն ընդունվել են նաև իրենց կողմից: Այսօր հեղինակի կողմից ներկայացվում են այդ 4 առաջարկները, որոնք վերաբերում են Դատական օրենսգրքին: Ինչպես նշեցի, դրանք հիմնականում խմբագրական բնույթի առաջարկներ են և ներառված են ամփոփաթերթում:
Աշոտ Ղուլյան - Հարցեր ունե՞նք արդարադատության նախարարին: Չկա՞ն հարցեր: Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Մենք հիմա գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը պիտի լսենք, որից հետո արդեն կարող ենք քվեարկել: Շնորհակալություն: Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ պատգամավոր Հովիկ Ջիվանյան:
Հովիկ Ջիվանյան - Ողջույն բոլորին: Հեղինակն արդեն ներկայացրեց «Արցախի Հանրապետության դատական օրենսգիրք» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Ասեմ, որ նոր օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել էր, 2 օր առաջ տեղի էր ունեցել պետա-իրավական մշտական հանձնաժողովի նիստը, առաջարկությունները նույնպես առաջին և երկրորդ ընթերցումների արանքում նույնպես քննարկվել են, եղել են համապատասխան հարցադրումներ, հնչեցվել են համապատասխան պատասխանները և հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Դատական օրենսգիրքը որպես օրենք ընդունելու համար: Այսքանը:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցեր կա՞ն գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան, կարող եք նստել: Մենք այս 2 մեծ փաթեթների հետ կապված, իհարկե նախապես գիտեինք, որ այս թեմաները լինելու են մեր քննարկման շրջանակում, որովհետև մենք Սահմանադրության համապատասխան կետերով, սեպտեմբերից, երբ որ առաջանան նոր իրավիճակներ, կապված դատավորների ընտրության, դատական համակարգի որոշակի նոր երևույթների հետ, ապա դրանք պետք է կատարվեն արդեն համապատասխան օրենքների փոփոխությամբ: Դա է պատճառը, որ այս գլխավոր օրենքների հետ մենք մի շարք օրենսդրական նախաձեռնություններ ենք ընդունելու, այսինքն բոլոր կապակցությունները, որտեղ նշված են դատավորների ընտրության, դատավորների գործունեության, դատավորների լիազորությունների, այս բոլոր օրենքների մեջ համապատասխան փոփոխությունները պետք է կատարվեն:
Գլխավորը, ես ուզում եմ նորից շեշտել, որ երևի թե սա արդեն սեպտեմբերից հետո, մեր դատական համակարգում դատավորների ընտրության գլխավոր աշխատանքը տեղափոխվելու է ԱԺ: ԱԺ-ն է բոլոր դատական ատյանների դատավորներին ընտրելու, բայց դա կատարվելու է նույն օրենքներին համապատասխան, ինչ-որ հիմա մենք քննարկում ենք: Սա է երևի հիմնական ամփոփումը: Եթե կա ցանկություն քննարկելու, մտքերի փոխանակության` խնդրեմ, եթե՝ չէ, քվեարկենք: Չկա՞: Էդուարդ Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան - Հարգելի գործընկերներ: Ես մի քանի հարցադրմամբ փորձեմ անդրադառնալ դատական օրենսգրքին, ակնկալելով եզրափակիչ ելույթում պաշտոնական ներկայացուցչի վերաբերմունքը բարձրացվող հարցերին, ինչո՞ւ հարցադրումները չենք արել ժամանակին՝ 14-օրյա ժամկետում, առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմով, որովհետև պահանջել էինք համապատասխան մի քանի տեղեկատվություններ, տեղեկանքներ և, նրանից հետո էլ ժամանակը չի բավականացրել և, որպեսզի բաց թողնված ժամանակի մտահոգիչ հարցերով փորձենք անդրադառնալ նախաեզրափակիչ ելույթի ժամանակ: Եվ այսպես, իհարկե, բոլորիս նպատակն անկախ դատարան ունենալն է, առանց անկախ դատարանի, հիմա էլ, իրավաբանորեն ասում ենք դատարաններն անկախ են, բայց քանի՞ հոգի եք հավատում, որ, իրոք, դատարաններն անկախ են՝ չգիտեմ: Պատգամավորն էլ` ժողովուրդ, եթե դատարաններն, իրոք, անկախ լինեին, մենք կունենանք նաև կադրեր, նաև կունենայինք համապատասխան ներդրումային միջավայր, ինկլյուզիվ տնտեսության /չի լսվում/ և ոչ թե էքստրակտիվ ինստիտուտների խթան:
Մի քանի դիտարկում:
Սահմանադրության 139-րդ հոդվածով դատարանի նախագահի համար դատական օրենսգրքով կարող են սահմանվել պաշտոնավարման ժամկետներ: Խոսքը ատյանների նախագահներին է վերաբերում: Սահմանադրությունը չի արգելում, իսկ մենք այստեղ, չէ, մշտական է, առաջին ատյան, չգիտեմ, մնացած ատյաններ: Ի դեպ, շատ երկրներում ռոտացիոն կարգով փոխում են մնացյալ պաշտոնավարման այլ ժամկետներ:
Մենք, կարծում ենք, որ մշտական լինելը նաև իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, առնվազն: Ինչո՞ւ, որովհետև նույնիսկ քրեական գործերի բաշխումը, ես մասնագետ չեմ` մանրամասնությունների համակարգում, բայց կազմակերպական մոդելների շատ լավ էլ մասնագետ եմ և գիտեմ, գոնե, իրավաքրեական գործերի բաշխումը 21-րդ դարում իրականացնում ենք չգիտեմ ինչ ձևով: Կան թվայնացված մեխանիզմներ, մոդուլավորված այլ բաներ, չգիտեմ, համակարգչային ծրագրեր, որոնք եթե չեն բացառում, ապա բավականին նվազեցնում են կոռուպցիոն կոչվող ռիսկերը, չգիտեմ շահերի բախումները և այլն, և այլն:
Իհարկե, կհակաճառեն, որ 20-ից մի քիչ ավելի, կարծեմ 26 հոգանոց դատարանական համակարգում, չկա տարբերակում՝ տնտեսական, քրեական, քաղաքացիական: Համաձայն եմ, նման տեսակետեր կան մեր իրականության մեջ, իհարկե, իրողություն է դա, բայց կարծում եմ այդ երկուսի ոսկե միջինը կարելի է ընտրել ավելի հավասարակշռված ինքնակառավարվող դատարան ունենալու համար:
Այնուհետև, հոդված 9-ի 8՝ եթե կա որպես ինքնորոշման, ինքնակառավարման մարմին, դատավորների ընդհանուր ժողով, բարձրագույն դատական խորհուրդ, ի՞նչ իմաստ ունի ունենալ դատարանների նախագահների խորհուրդ՝ 3 հոգանոց: Սրանից բացի նաև ունենալ 3 հոգանոց դատարանների խորհուրդ, ընդ որում, դատարանների խորհուրդը պետք է որոշի` 2-ից մեկը, ում գործը ով պետք է քննի, այն մեկը չպիտի ներկա լինի, պիտի բացակայի, այսինքն, մնան 2-ով: Երկուսով, մեկը՝ պլյուս, մեկը՝ մինուս, մեկը՝ կողմ, մեկը՝ դեմ: Ի՞նչ է տալու արդյունքը: Ավելի նպատակահարմա՞ր չի, եթե /չի լսվում/ խորհուրդները ընդհանուր ժողովի համապատասխան հանձնաժողովը նաև քննարկի դատարանների նախագահների հարցերը: Հարցադրումն այդ է: Կամ ինչպիսի՞նն է լինելու այդ դատարանների նախագահների խորհուրդը, որն, ի դեպ, ՀՀ-ում էլ չկա, այստեղ է ներմուծված:
Մյուս հարցս քարտերին է վերաբերվում, մեր կարծիքով մնացած տվյալների հետ զուգահեռ կարելի է նաև ավելացնել քննությունների միջին տևողություն և նիստերի քանակ: Սա վերաբերում է դատավորների վարած նիստերին` ըստ տևողությունների, ոչ թե հետաձգել, երկարաձգել և այլն, և այլն, այլ սահմանել, որպեսզի որոշ ժամանակ հետո վիճակագրությունով անդրադառնալու լինենք, որտե՞ղ կանգնեց, որտե՞ղ կա խնդիր և այլն, և այլն:
Հոդված 20-ի վերնագիրը, կարծում եմ, մեր կարծիքով չի համապատասխանում Սահմանադրության 136-րդ հոդվածին, նոր ընդունված մեր Սահմանադրության, քանի որ հոդվածի վերնագիրը` «Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան», այս է Սահմանադրության ձևակերպումը, իսկ մենք գրում ենք՝ առաջին ատյանի դատարան: Ես չգիտեմ, մասնագետները գուցե գտնում են, որ Սահմանադրության ձևակերպումը չի հակասում, կամ այս մեկին չի հակասում:
Տեղեկագրի վերաբերյալ: Առայսօր տեղեկագիրը ըստ ընդունվելիք, համենայնդեպս, ինչքան ես եմ հասկանում, ընդունվելիք օրենքի, տեղեկագիրը պետք է շարունակվի կոչվել ԼՂՀ պաշտոնական տեղեկագիր: Կարծում եմ, կարելի է վերանվանել գոնե Արցախի Հանրապետության: Դատավորների մի ստվար մաս բանակում չի ծառայում: Եթե խոսում ենք ազգ-բանակ կոնցեպտի, մոդուլի մասին, սահմանափակում ենք հաշմանդամության որևէ արատով, շատ դեպքում կարող է այդ մարդու մեղքն էլ չի, չգիտեմ ինչի հետ կապված, երբեմն հաշմանդամությունով սահմանափակում եք, չնայած` կարող է, բայց հաշմանդամությունն ինտելեկտի հետ բացարձակ կապ չունի, այնքան հաշմանդամ գիտնականներ կան աշխարհահռչակ… Ինչևէ, թույլատրում ենք չծառայել բանակում ու լինել դատավոր: Արդյո՞ք, չենք խթանում բանակում չծառայելուն: Չգիտեմ: Որովհետև Սահմանադրության ընդունման ժամանակ առաջարկել էիք, հայրենիքի հանեպ պարտքը պետք է համարել սրբազան: Ի տարբերություն առաջարկի, ընդունվել է տարբերակ` սահմանվում է օրենքով: Օրենքով էլ այդ ձևով ենք սահմանում, վաղը գուցե որևէ սոցիալական կատեգորիա էլ, չգիտեմ, ազատենք, չազատենք և այլն, և այլն: Այս հարցադրումների ակնկալիքներով, շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, ուրիշ ելույթներ կա՞ն, չկա՞ն: Պարոն Դանիելյան, պատրա՞ստ եք: Խնդրեմ, եզրափակիչ ելույթի համար կառավարության լիազոր ներկայացուցիչ, արդարադատության նախարար Արարատ Դանիելյան:
Արարատ Դանիելյան - Շնորհակալություն խորհրդարանին, որ նման հնարավորություն ընձեռեց, որպեսզի ես, իմ ընդհանուր մտահղացումները և դիրքորոշումը ներկայացնեմ, որովհետև ինձ համար դա շատ կարևոր է, որ դատավորների նշանակումն անմիջապես կախված է լինելու խորհրդարանից: Ասենք, բարձրագույն դատական խորհուրդը ինքը որոշակի աշխատանք կատարելու է, ցուցակները կազմելով, ցանկացած դատավորի նշանակումն անցնելու է ԱԺ զտիչով: Եվ աշխատանքների 70-80 տոկոսը, հետագայում, եթե դժգոհություն լինի, ասենք, ո՞վ պիտի պատասխանատվություն կրի: Եվ, ընդհանրապես, եթե մենք խոսում ենք անկախության մասին, մարդ, եթե ինքը ձգտում է կախված լինի որևիցէ մեկից, ինչ ուզում ես արա, ինչ օրենք ուզում ես ընդունի: Ես դա փորձից եմ ասում, դատավոր աշխատելու փորձից: Եթե դու ուզում ես անկախ լինել, օրենքը լինի, երաշխավորի քեզ անկախություն թե չերաշխավորի, դու մեկ է՝ ձգտելու ես ինչ որ մեկից կախված լինես: Իսկ այս մոդելը, որ առաջարկվել է, ՀՀ-ում դուք գիտեք, նման կարգ չկա, առաջին ատյանի, վերաքննիչ ատյանի բոլոր դատավորներին նշանակում է Հանրապետության նախագահը՝ բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, վճռաբեկ դատարանի պալատների նախագահ նշանակում է Հանրապետության նախագահը՝ ԱԺ կողմից արդեն ընտրված, ներկայացված: Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում և նշանակում է Ազգային ժողովը, այսինքն նման բարդ համակարգ է ստեղծվում, բայց մեզ մոտ, փառք Աստծո, ամենավերջին, ամենից առաջադիմական կարգն է գործում, Վենետիկի հանձնաժողովի 2016թ. իրավունքի գերակայության հսկիչ ցանկի մեջ հենց ամրագրում է այդ դրույթները, որ բարձրագույն դատական խորհուրդը պետք է հիմնականում այդ առաջարկները տա և, առավելապես, եթե դա նշանակում է, կատարում է խորհրդարանը, ապա դա ընդհանրապես ողջունելի և ընդունելի է:
Ինչ վերաբերում է առաջարկություններին. Սահմանադրությամբ նախատեսվում է, որ 139-րդ հոդվածի 2-րդ մասով, դատարանների նախագահների համար դատական օրենսգրքով կարող է սահմանվել պաշտոնավարման ժամկետ: Այս հարցը բազմաթիվ անգամ քննարկվել է հանձնաժողովներում, ասենք, իմ անձնական տեսակետը կարող եմ ձեզ ներկայացնել, որ ես կողմնակից եմ, որպեսզի դատարանի նախագահն ունենա ժամկետ, բայց ասենք, երբ քննարկվում է, դուք գիտեք, ասենք, նույն խորհրդարանում էլ ձայների մեծամասնությամբ են ընդունվում որոշումները, բայց դա դատական օրենսգրքով կարող է որոշ ժամանակ անց, եթե առաջարկ լինի նաև համապատասխան փոփոխությունը կատարվի, որովհետև դա նաև խթանում է, որպեսզի ցանկացած դատավոր ձգտի, ասենք, էլ լավ աշխատի և, ասենք 3, 4, 5 տարուց հետո լինի դատարանի նախագահ, բայց քանի որ մեր դատավորների քանակը, մեր դատական համակարգը բաղկացած է ընդամենը 26 դատավորներից, իսկ ՀՀ-ում, դա մոտ 231 դատավորներ են, ուստի, այս բոլոր հարցերը մեծ քանակությամբ դատավորների միջև շատ հեշտ է կատարվում և իրականացվում:
Ընդհանուր ժողով. Ասենք, մենք ընդհանրապես դատական օրենսգրքում նախատեսում ենք այդ ինքնակառավարման մարմինները, դա առաջին հերթին դատավորների ընդհանուր ժողովն է, այսօր գործող դատական օրենսգրքով ևս դա կա, կա մեկ այլ մի մարմին, դատարանների նախագահների խորհուրդը, որը բաղկացած է 3 դատավորից, ՀՀ-ում դա չկա, բայց այսօր Վենետիկի հանձնաժողովում դատական օրենսգրքի նախագիծը դեռ չի ընդունվել, նման առաջարկներ կան, որ ինչ-որ մի մարմին պետք է ստեղծվի բացի ընդհանուր ժողովից:
Բայց մենք այդ մարմինը, ինչպես գործող դատական օրենսգրքով է նախատեսված, նաև առաջարկվում է նախագծում, բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են ոչ թե անմիջապես դատավորների նշանակման հարցերին, դատավորների /չի լսվում/ ցուցակների կազմմանը, դա տրված է բարձրագույն դատական խորհրդին, որովհետև բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրության համաձայն երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը, իսկ մյուս բոլոր հարցերը, այսինքն կապված այդ դատական ծառայության, դատական կարգադրիչների գործունեության հետ, կապված կազմակերպչական հարցերի հետ, դրանք լրիվությամբ տրվում են դատարանների նախագահների խորհրդին: Բայց կան հարցեր, որոնք դատարանների նախագահների խորհրդի կողմից որոշվելու դեպքում պարտադիր կերպ դրանք պետք է` եթե բողոքարկվում է, ապա բարձրագույն դատական խորհուրդը քննարկի այդ հարցերը: Հարցը վերաբերում է դատավորների աշխատանքների գնահատմանը, եթե դա կատարում է դատարանների նախագահների խորհուրդը, ապա դատավորը կամ, ով համաձայն չէ այդ գնահատականի հետ, բողոքարկի դատական խորհրդին:
Ինչ վերաբերում է վերնագրին, դատական օրենսգրքի 4-րդ հոդվածում Արցախի Հանրապետության դատական համակարգը թվարկում է դատարանները, Արցախի Հանրապետությունում Սահմանադրության 136-րդ հոդվածի առաջին մասի համաձայն գործում են գերագույն դատարանը, վերաքննիչ դատարանը և ընդհանուր իրավասության առաջին ատյանը, այսուհետ նաև առաջին ատյանի դատարանը, այսինքն, այդ բառակապակցությունը հղում է կատարում, որպեսզի հետագայում բազմաթիվ անգամ այդ վերնագիրը, ուստի այդ առաջարկը /չի լսվում/: Ինչ վերաբերում է պետական պաշտոնական տեղեկագրերի հրապարակմանը, մենք պատրաստում ենք իրավական ակտերի մասին օրենքում համապատասխան փոփոխություն, որպեսզի մենք գոնե հոկտեմբերից կամ նոյեմբերից կարողանանք ամբողջ այդ օրենսդրությունը համապատասխանացնել այս պահանջներին, ինչ-որ տալիս է Սահմանադրությունը, որովհետև մենք գիտենք, մինչև 2006թ. մենք չունեինք Սահմանադրություն, մենք ունենք անկախության մասին հռչակագիր, մենք ունենք բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ընդունելով որպես ԼՂՀ /չի լսվում /մշակում և քննարկվում են, որպեսզի հոկտեմբերից գոնե մենք ունենանք ինչ-որ մի որոշում, նաև, «Իրավական ակտերի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունները կատարենք և, այն բոլոր օրենքները, որոնք պետք է ընդունվեն որպես նոր օրենքներ, կլինեն Արցախի Հանրապետության այսինչ օրենքները: Եթե հին օրենք է, եթե մենք այսօր եթե հղում ենք կատարում մեկ այլ օրենքի վրա, որը ընդունվել է 2005թ., 2000թ. կամ 1998թ., ապա այդ օրենքն ընդունվել է որպես ԼՂՀ օրենք: Այսինքն, դրանք պետք է ամբողջությամբ կարգավորվի «Իրավական ակտերի մասին» օրենքով: Ինչ վերաբերում է դատավորների ծառայությանը, ապա, իմ անձնական տեսակետը` պետք է ունենանք ցանկացած օրենքում, Ղարաբաղի պայմանների համար պետք է գրվի. եթե անձը չի ծառայել բանակում, ապա ինքը առաջին կարգի մասնագետից ավել չի կարող աշխատել, դա իմ անձնական տեսակետն է, բայց եթե ինքը օրինակ, ինչ-որ օրենքով սահմանված կարգով չի ծառայել, կարող է ասենք բազմաերեխատար է եղել կամ ինչ է եղել, օրենքով է այդ արտոնությունը ստացել, բայց դա չի նշանակում, որ դատավոր նշանակելու ժամանակ պարտադիր պահանջ է, որ ասենք, չես ծառայել, դա արտոնություն է, ընդհակառակը, եթե պետական ծառայող է, ապա մարդ պետք է ձգտի այդ սահմանադրական պարտքը կատարի: Հիմնականում, ինչ որ հասցրել եմ նշել, ինչ վերաբերում է նիստերի տևողությանը դա վիճակագրական տվյալներ են, այսօր այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում, դա գիտեք «Datalex» ծրագիրն է, ՀՀ-ում է դրված և «Datalex» ծրագրի համաձայն բազմաթիվ հարցեր են լուծվում: Այսօր մենք որոշակի տվյալներ ստանում ենք, բայց էդ ծրագիրը ֆինանսներ է պահանջում, մենք մի 2 տարի առաջ բանակցություններ ենք տարել, որպեսզի կարողանանք այդ ծրագիրը տեղադրենք, բայց դրական արդյունք չենք ստացել: Ուղղակի, երևի աշխատանքները հիմա էլի են տանում, որպեսզի էդ էլեկտրոնացումը տեղի ունենա, բայց դատական օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը մշակում է այդ դատարանների նախագահների խորհուրդը մշակում և հաստատում է առաջին ատյանի վերաքննիչ և գերագույն դատարանների գործերի բաշխման, վերաբաշխման, վերաքննիչ և գերագույն դատարանի դատական կազմերի, և նախագահի ու դատավորի նշանակման կարգերը: Այսինքն, օրենքը հիմնականում ձգտում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ այն, ինչ որ ասում ենք` լինի արդար, անաչառ, արդյունավետ, ազնիվ, չգիտեմ ամեն ինչ, այս դատական օրենսգիրքը հնարավորությում է տալիս:
Հիմնականում կախված է, թե հետագայում դատավորներն այդ գործընթացը որակավորման քննությունները, որակավորման քննություններն էլ են բաղկացած բազմաթիվ փուլերից: Դա ներկայացնում է հայտը, այնուհետև որակավորման քննությունը, այնուհետև՝ հոգեբանական թեստեր, բարձրագույն դատական խորհուրդով անցնում է հարցազրույց: Այդ հարցազրույցից հետո գաղտնի քվեարկությամբ բարձրագույն դատական խորհրդում ընդգրկվում է ցուցակի մեջ, երբ ցուցակում կա, այնուհետև եթե թափուր տեղ է առաջանում՝ ներկայացվում է ԱԺ: Ցանկացած դատավորի նշանակում ավարտվում է ԱԺ որոշմամբ:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Դանիելյան, ներկայացված այս գնահատականների հետ կապված եթե կան հարցեր, դրա մասին խոսենք, եթե ՝ չէ, մի րոպե, պարոն Դանիելյան, Արպատ Ավանեսյան:
Արպատ Ավանեսյան - Պարոն Դանիելյան, մենք գտնվելով ՀՀ այդ նույն իրավա-քաղաքական դաշտում, չե՞ք կարծում, որ օրենքի մեջ, այ, երբ որ այդ հղումն արվի կամ ամրագրվի բանակում չծառայածները պետական պաշտոններ սահմանափակ մակարդակ կարող են ունենալ, լուրջ խնդիրներ կառաջանան, որովհետև եթե ԼՂՀ առաջին դեմքերը, սկսած, շարունակած մինչև նախագահը, բոլորն էլ իրենց երեխաները ծառայել են, ապա ցավալիորեն ՀՀ-ում կարծես թե այդ պաշտոնները զբաղեցնում են այն մարդիկ, որոնց երեխաներն ունեն լուրջ հոգե-ֆիզիկական, առողջական խնդիրներ և բանակում չեն ծառայել: Դուք չե՞ք կարծում, որ այստեղ այդպիսի քայլ անելով լուրջ հակասության մեջ կմտնեք ՀՀ Ձեր գործընկերների հետ:
Արարատ Դանիելյան - Բայց դա նույն ձևակերպումն է, ինչ որ ՀՀ-ում է, ասենք, այդ մասով չի տարբերվում: Եթե ասենք ինքը օրենքով տարեկետում ունի կամ օրենքով սահմանված կարգով…
Աշոտ Ղուլյան - Հա, բայց ո՞նց անենք, այդ օրենքի մասին մի բան պիտի գրենք, չէ՞, որ սահմանված կարգով է:
Արարատ Դանիելյան - Դե, հիմնավորն էլ է սահմանվում էլի օրենսդրությամբ, ասենք, ոչ մեկը չի կարող ինչ-որ /չի լսվում/, եթե չի ծառայել, կապ չունի:
Աշոտ Ղուլյան - Մենք օրենքն ընդունում ենք Արցախի համար, եկեք այս «դահլիճում մնացեք»:
Արարատ Դանիելյան - Բայց ես իմ անձնական տեսակետը…
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, ուրի՞շ: Չկան, շնորհակալություն, պարոն Դանիելյան, կա՞ Էդուարդ Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան - Պարոն նախարար, որևէ անկախ փորձագիտական եզրակացություն օրենսգրքի վերաբերյալ արդարադատության նախարարությունը եթե համագործակցել է որևէ կառույցի, չգիտեմ անկախ կարծիքներով /չի լսվում/… որովհետև մի քանի անգամ շոշափեցիք Վենետիկը: Սահմանադրության քննարկումների ժամանակ էլ են մեզ Վենետիկ խոստացել, բայց առայսօր Վենետիկը դեռ Վենետիկում է:
Աշոտ Ղուլյան - Ձեզ թվում է Վենետիկն առանց Արցախի օրենքներ ընդունի, մենք էլ չենք բողոքում, հա՞:
Արարատ Դանիելյան - Շնորհակալություն հարցի համար: Ուրեմն, մենք դատական օրենսգիրքը երբ մշակում էինք, հիմնականում աշխատանքները կատարել են դատարանները, եթե առաջներում, օրինակ հիմնականում արդարադատության նախարարությունը, բայց հիմնական բազան իրենք կազմել են հիմք ընդունելով ՀՀ այսօրվա դատական օրենսգրքերի նախագծերը: Նույնն ասենք, այ էդ դատարանների նախագահների խորհրդի մասով, կան հարցեր ու պատասխաններ, դուք էլ եք տեղյակ երևի, ասենք, մենք հղում չենք անում պատասխանների վրա, բայց հիմք ընդունելով մեր իրականությունը և այն համակարգը, որն այսօր գործում է և գործում է արդեն մոտ 10 տարի և ելնելով այդ փորձից և, տեղադրված է եղել արդեն 2-3 ամիս է մեր կայքէջում, բազմաթիվ քննարկումներ են եղել առանձին դատավորների հետ, առանձին դատարանի ատյանների հետ, նախագահին առընթեր համակարգման խորհրդում, որտեղ ընդգրկված են բոլոր իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, ասենք, շահագրգիռ քննարկումներ են տեղի ունեցել: Կան հարցեր, որոնք, պատգամավորների միջոցով ենք այդ որոշումներն ընդունել և ամրագրել հենց դատական օրենսգրքում:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, ուրի՞շ: Չկան, շնորհակալություն, պարոն Դանիելյան: Մեզ մնում է միայն ամփոփել, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել և այդ բարձրացված հարցերի համար, որովհետև իսկապես դրանց մի մասը տեղին են զուտ բովանդակային մասով, բայց հաշվի առնելով, որ դա մասնագիտական քննարկման թեմաներ են և հանձնաժողովի քննարկումների ժամանակ ավելի տեղին կլինեին, ճիշտ կլիներ, որ մենք դրան նախօրոք անդրադառնանք, չնայած ես որևէ դժվարություն չեմ տեսնում դրանց անդրադառնալուն: Խնդրեմ, դաշտը բաց է, առաջարկություններ տվեք, մի բան կարելի է միայն ասել, որ այս օրենքն ընդունելով մենք դատական համակարգի ձևավորումը բերում ենք պառլամենտ, որպեսզի դուք որոշեք, ձեր ասած չափանիշներով դնենք և, որոշենք ո՞ւմ ենք ընտրում դատավոր և` ո՞ւմ չենք ընտրում: Այս օրենքի ընդունումն արդեն բերում է այս դաշտը` պառլամենտ, որտեղ դուք կարող եք այդ որոշումներն ընդունել: Իսկ մնացածը, խնդրեմ, դատական օրենսգիրքն այդ փաթեթով ընդունելը չի նշանակում, որ մենք փակում ենք հարցը, խնդրեմ կամ հիմա, կա երբ որ նստաշրջանը բացվի` առաջարկությունները ներկայացրեք, ես կարծում եմ, որ այն բոլոր տրամաբանված առաջարկությունները և տեսակետերը, որոնք խորհրդարանի մի մասի կողմից ընդունվում են, ճիշտ հիմնավորումների դեպքում մենք պատրաստ ենք նորից քննարկել և ընդունել:
Այսքանը որպես ամփոփում: Իսկ հիմա ես ուզում եմ ուշադրություն հրավիրել, մենք հիմա պետք է քվեարկենք ԱԺ որոշման նախագիծը` «Արցախի Հանրապետության դատական օրենսգիրք», «ԼՂՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Դատական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքներն ընդունելու վերաբերյալ:
Քվեարկություն.
Կողմ՝ 25 , դեմ՝ 3, ձեռնպահ՝ 2:
Որոշումն ընդունված է: Շնորհակալություն:
Հաջորդ նախագիծը «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագիծն է, այն նորից կառավարության կողմից լիազորված է ներկայացնել արդարադատության նախարար պարոն Արարատ Դանիելյանը:
Արարատ Դանիելյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ: Ձեր քննարկմանն է ներկայացվում 2-րդ ընթերցմամբ «Հաշվեքննիչ պալատի մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Այս օրենքի նախագիծը Սահմանադրության 167-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված 2-րդ օրենքի նախագիծն է, որը պետք է ընդունվի և ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման օրոք:
Որոշ դրույթներ, անցումային դրույթներ 2020թ. պետք է ընդունվեն: Առաջին ընթերցումից հետո մինչ առայսօր հեղինակի կողմից կազմվել է ամփոփաթերթ և այդ ամփոփաթերթում ընդգրկված է թվով 19 առաջարկ, առաջարկները կազմել են և ներկայացրել են խորհրդարան, հիմք ընդունելով ՀՀ-ում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագծում որոշակի փոփոխությունները կատարելու հետ: Այն վերջին տարբերակը, որը մեզ մոտ կա և կա նաև խորհրդարանում, հիմք են հանդիսացել այս ամփոփոթերթի կազմմանը: Հիմնականում նրանք խմբագրական բնույթի փոփոխություններ են, այդ առաջարկներում կային փոփոխություններ, որոնք մենք դեռ առաջին տարբերակում, առաջին ընթերցմամբ չենք ընդգրկել, այսինքն, մենք ճիշտ ուղղությամբ ենք աշխատել և այս ամփոփաթերթում ներգրավված են թվով 19 առաջարկ: Օրինակ, ասենք, նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «ինչպես նաև» բառերը փոխարինել «կամ» բառերով: Կամ նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «երբ քաղաքացիա-իրավական» բառերը փոխարինել «կամ քաղաքացիա-իրավական» բառերով: Կամ, ասենք նախագծի 3-րդ հոդվածի 3-ին մասի 1-ին կետում «շահույթ ստանալը նպատակ չհետապնդող» բառերը փոխարինել «ոչ առևտրային» բառերով:
Հետագայում արդեն օրենքն ընդունելուց հետո եթե որոշակի հարցեր առաջանան, կամ համապատասխան փոփոխությունների անհրաժեշտություններ լինեն, մենք կկատարենք:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, հարցեր կա՞ն հեղինակին: Գեորգի Պետրոսյան:
Գեորգի Պետրոսյան - Պարոն Դանիելյան, հոդված 21-ի, արտաքին աուդիտը: Կարո՞ղ եք մի քիչ մանրամասնորեն բացատրել` ո՞նց է կատարվելու իրենց ֆինանսական գործունեությունը:
Արարատ Դանիելյան - Հաշվեքննիչ պալատը իրականցնելու է աուդիտը այն կազմակերպությունների, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից:
Այսինքն, իրենք որպես մենք մի անգամ դա ասել ենք մարմին, որը ձևավորվում է խորհրդարանի կողմից համապատասխան ահնձնաժողովի կողմից թեկնածուները առաջադրում է խորհրդարանի կողմից 3/5-ով 4 ձայներն անցնում են, իրենք որպես անկախ մարմին ընտրում են ֆինանսական աուդիտ, բայց իրենց գործունեությունը ևս ենթակա է խորհրդարանի կողմից սահմանված կարգով և ընտրված աուդիտորի կողմից հսկողություն:
Աշոտ Ղուլյան - Ուրի՞շ: Չկան ուրիշ հարցեր: Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է ֆինանսա-բյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը:
Ռուսլան Իսրայելյան - Հարգելի գործընկերներ: Առաջին ընթերցմամբ «Հաշվեքննիչ պալատի մասին» ԱՀ նախագծի ընդունումից հետո Արցախի և ՀՀ Ազգային ժողովների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ ֆինանսա-վարկային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացվել է ԱԺ-ում շրջանառվող համանուն օրենքի նախագծում կատարված մի շարք փոփոխությունները:
Առաջարկված փոփոխությունները նախնական քննարկել ենք կառավարության լիազոր ներկայացուցչի հետ: Հանձնաժողովի նիստում քննարկվել են հեղինակի կողմից ընդունված փոփոխությունները: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և ներկայացրել է ԱԺ նիստին, այն որպես օրենք ընդունելու համար:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, հարցեր կա՞ն գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Շնորհակալություն, կարող եք նստել: Կա՞ ցանկություն մտքերի փոխանակության: Էդուարդ Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան - Շատ կարճ` մեր դիրքորոշումը «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի վերաբերյալ: Սահմանադրության փոփոխությունների ժամանակ առաջարկել էի սկզբունքային մոտեցում, ժողովրդավարություն և այլն, և այլն: /Չի լսվում/ Կարելի է առավել ևս պատմականորեն հիմնավորված տալ քաղաքական փոքրամասնությունը օրենսդրորեն, համենայնդեպս սահմանադրորեն չարգելել, թույլատրել նման հետագա /չի լսվում/ քանի որ Սահմանդրությամբ արգելվել է: Դե պատմությունից բոլորդ էլ, շատ-շատերդ գիտեք, որ Քաջազնունին ընդամենն ընդհատված գործուղման պատճառով, 76, կարծեմ, ռուբլանոց վերարկուի հաշվետվության համար վերահսկիչը, ընդ որում, դաշնակցական կառավարության որոշմամբ, այն ժամանակ օրենսդրությունը այդ աստիճանի վրա մենք չենք ունեցել, եղել է վերահսկիչ, ոչ թե պալատ, այլ վերահսկիչ, հանձնվել են հնչակներին, երբ աղջիկ էլ չէին տալիս, բայց իրենց վերահսկելու իրավասությունը տրամադրել են: Կարելի է նույն պատմական ժառանգությունը շարունակեն նաև /չի լսվում/ առաջարկել եմ ժամանակին, չի ընդունվել, հիմա էդ սկզբունքային պատճառներից ելնելով էլ առաջարկություններ չենք արել, բայց դեմ ենք քվեարկելու: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Դանիելյանն ուզում է արձագանքել, խնդրեմ: Մինչև պարոն Դանիելյանը կարձագանքի, ես ուզում եմ ասել, որ Սահմանադրությունը որևէ բան չի մերժել, որովհետև հաշվեքննիչ պալատը… կարելի՞ է մեկ րոպե լսեք, մինչև… որովհետև հաշվեքննիչ պալատը մասնագիտական մարմին է և դա չի բաժանվում քաղաքական ընդդիմության կամ դիմության: Հաշվեքննիչ պալատը ընտրելու է ԱԺ-ն: Եթե դա լինի լավ մասնագետ, չեմ կարծում ԱԺ-ն նայելու է թե նա ընդդիմադիր է, թե՞ դիմադիր: /Չի լսվում/: Ես Ձեզ լսել եմ: Եթե լինի լավ մասնագետ, որն ունակ է և որն ապացուցել է, որ ինքը քաղաքական հայացքներով չի առաջնորդվում, այլ առաջնորդվում է մասնագիտական, կարծում եմ, որևէ բան մեզ չի խանգարելու ընտրել այդպիսի մարդկանց: Խնդրեմ, պարոն Դանիելյան: /Չի լսվում/: Դուք խոսել եք, ես էլ իմ կարծիքն եմ ասում, խնդրեմ:
Արարատ Դանիելյան - Սահմանադրության 161-րդ հոդվածը նախատեսում է հաշվեքննիչ պալատի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն, նույնը նախանշում է նաև օրենքի 12-րդ հոդվածը՝ քաղաքական չեզոքության սկզբունքը: Այդ սկզբունքն ամրագրված է Մեխիկոյի հռչակագրում, այդ սկզբունքը ամրագրված է Լիմայի հռչակագրում, այսինքն, քաղաքական չեզոքության սկզբունքը պարտադիր պետք է պահպանվի: Այսինքն, եթե խնդիր կա, խորհրդարանը կարող է ցանկացած մարդու, լինի կուսակցության անդամ, պատկանի քաղաքական փոքրամասնությանը, բայց այդ մարմնում աշխատելու ժամանակ պետք է քաղաքական չեզոքություն ներկայացնի: Այդ ամփոփաթերթում նաև 2 դրույթ վերաբերում է այդ քաղաքական չեզոքությանը, օրինակ, նախագծի 12-րդ հոդվածում հաշվեքննիչ պալատը քաղաքական իրադարձություններին և նպատակներին որակում չի տալիս: Մեր տեքստում եղել է նպատակների գնահատական, բայց առաջարկվում է որակում բառը: Նույնը կա նաև զբաղվելու՝ 16-րդ հոդվածում՝ հրապարակային ելույթներում քաղաքական զսպվածություն չցուցաբերելու օրինագծում եղել է «զբաղվելու» բառը փոխարինել /չի լսվում/, այսինքն քաղաքական զսպվածությունը դա երևի կարևոր սկզբունքներից մեկն է, որն ամրագրված Է նաև միջազգային այդ փաստաթղթերում, որոնք հիմք են հանդիսացել հենց օրինագծի մշակման գործում:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Ուրիշ ցանկացող կա՞ ելույթների: Չկան: Ես առաջարկում եմ հիմա ամփոփենք, բնականաբար մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, բայց դա չի խանգարում, վստահ եմ, որ բոլորիս ցանկությունն էլ նա է, որ ավելի լավ օրենք ընդունենք, հետևաբար այստեղ էլ ես ուզում եմ ավարտել նրանով, որ օրենքը բաց է և այդ օրենքն ընդունելով մենք նորից հաշվեքննիչ պալատի ձևավորումն առաջին՝ բերում ենք ԱԺ, երկրորդ՝ հաշվեքննիչ պալատի գործառույթների մեջ մտցնում ենք նոր փոփոխություններ և նրա կապվածությունն ԱԺ հետ ավելի ենք մեծացնում, հետևաբար այս փոխադարձ համագործակցությունը, իրար հետ աշխատելու հնարավորությունը օրենքն ընդունելուց կարծում եմ, որ իր սահմանները մի քիչ ավելի կընդլայնվեն:
Ես հիմա առաջարկում եմ ուշադրություն դարձնել, քվեարկում ենք հիմա, ԱԺ որոշման նախագիծը «Հաշվեքննիչ պալատի մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Աուդիտորական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Կուսակցությունների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքներն ընդունելու մասին:
Քվեարկություն.
Կողմ՝ 25, դեմ՝ 3, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունված է: Շնորհավորում եմ: Երբ կառավարության ներկայացրած հայտը բավարարված է, բայց դա նաև Սահմանադրության պահանջն է: Մենք այս փուլով եզրափակում ենք մեր գործունեությունը, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, երևի այսօր այդ նույն բանը շարունակվել է կառուցողական աշխատանքի համար: Ինձ թվում է, որ այս ամենից հետո մենք վաստակել ենք հանգստի իրավունքը, բոլորիս ուզում եմ հաճելի հանգստյան օրեր մաղթել, որովհետև հաջորդ երկուշաբթի օրվանից խորհրդարանը լրիվ կազմով արդեն անցնում է արձակուրդի, բայց դա չի նշանակում, որ խորհրդարանը փակ է լինելու, խորհրդարանում կլինեն հանդիպումներ, արդեն որոշ բաներ նախատեսված են: Վստահ եմ, որ պատգամավորների գործունեությունն էլ երևի տարբեր ընդմիջումներով կշարունակվի, պարզապես առաջարկում եմ ճիշտ օգտագործել այս հանգստյան օրերը, մի քիչ լիցքավորվել և, արդեն մի քիչ էլ բարություն հավաքած վերադառնալ ԱԺ նիստերի դահլիճ:
Շնորհակալություն բոլորիդ, ցտեսություն:
Նստաշրջանը հայտարարվում է փակված: