ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 6-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ժամը 11:00                                                                                                               

 

Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորներ, ԱՀ գործադիր իշխանության           ներկայացուցիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա են 29 պատգամավորներ, բացակայում են 3-ը:     

                           

                          ՆԻՍՏԸ ՎԱՐՈՒՄ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԸ

 

         Աշոտ Ղուլյան -  Բարի առավոտ բոլորին: Հարգելի գործընկերներ, հրավիրվածներ, մենք պարբերաբար թարմացնում ենք  ԱԺ  օրենսդրական հարցերի օրակարգը և դրան զուգահեռ իրականացնում Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված մյուս իրավասությունները: Նախորդ շաբաթվա ընթացքում և այս շաբաթվա առաջին օրերին ԱԺ մշտական հանձնաժողովներում տեղի են ունեցել օրենսդրական նախագծերի քննարկումներ և գլխադասային հանձնաժողովի կարգավիճակով մենք 2 հանձնաժողովներից ստացել ենք դրական եզրակացություններ նախագծերի քննարկումը ԱԺ լիագումար նիստում շարունակելու գնահատմամբ և, հիմա ես խնդրում եմ պատգամավորներին գրանցվել ԱԺ լիագումար աշխատանքներն սկսելու համար:

Գրանցում:

Գրանցման արդյունքներով ներկա են 29 պատգամավորներ, բացակա են 4-ը, տեղյակ ենք բացակայությունների պատճառների մասին, մենք 32 պատգամավոր ունենք հիմա: Մեկ պատգամավորի լիազորությունները դադարեցված են, այսինքն բացակա են 3 պատգամավոր իրականում: Խնդրում եմ արձանագրության մեջ  գրեք դա և, ԱԺ լիագումար նիստը իրավասու է սկսելու իր աշխատանքները:

Մենք սովորաբար ԱԺ լիագումար նիստերին լրացումներ ենք կատարում, պատգամավորների տրամադրության տակ կա ԱԺ որոշման նախագիծը 6-րդ գումարման ԱԺ 6-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին: Ինչպես քիչ առաջ նշեցի,  մեր այս լրացումները կապված են այն հարցերի հետ, որոնց շուրջ արդեն քննարկումներ եղել են և այդ հարցերը երեքն են: Մենք դա ստացել ենք 10 օր առաջ, ուրեմն «ԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին» ԼՂՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին»  հարցն է, հաջորդը՝ փաթեթ է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»: Այս 2 նախագծերը մեկ փաթեթով և երկրորդ փաթեթը՝ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ  կատարելու մասին»  ու «Պետական տուրքի մասին»  ԼՂՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» հարցերն են:

Ահա այս 3 հարցերն են, որոնք առաջարկվում են որպես  լրացում  ընդունել  նստաշրջանի օրակարգ և, ըստ այդմ էլ արդեն  այսօրվա նիստի օրակարգը հաստատել: Հարցեր կա՞ն նստաշրջանի օրակարգի հետ կապված:

Քվեարկության է ներկայացվում ԱԺ որոշման նախագիծը 6-րդ նստաշրջանի օրակարգում լրացում կատարելու վերաբերյալ:

Քվեարկություն:

Կողմ՝ 29,  դեմ՝  չկա, ձեռնպահ՝ նույնպես:

Նստաշրջանի օրակարգը համալրված է և, այդ համալրումը հաշվի առնելով, մենք հիմա քննարկում ենք  այսօրվա` ԱԺ 2017թ. հոկտեմբերի 26-ի նիստի օրակարգի մասին հարցը: Այսօրվա նիստի օրակարգն այս կազմակերպչական հարցերից բացի ներառում է քիչ առաջ մեր լրացրած օրենքի նախագծերը և, ինչպես միշտ, պատգամավորական հայտարարություններն են լինելու օրակարգում:

Հարցեր ունե՞ք այսօրվա նիստի օրակարգի հետ կապված: Չկան: Քվեարկում ենք այսօրվա նիստի օրակարգը հաստատելու համար:

Քվեարկություն:

Կողմ՝ 29,  դեմ՝  չկա, ձեռնպահ՝ նույնպես:

Էլեկտրոնային համակարգում էլի ինչ-որ անհարթություններ կան, սովորաբար     ինչ-որ բաներ միացված են լինում, այդ չի լսվում ինձ մոտ համենայնդեպս սխալմունքներ է տալիս: Ամեն դեպքում թվերը ճիշտ են, օրակարգն ընդունված է:

Մեր այսօրվա լիագումար նիստի օրակարգով սկսում ենք օրենսդրական հարցերի քննարկումները: Առաջինն այս շարքից «ԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին» ԼՂՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին»  հարցն է: Այն լիազորված է ներկայացնել  Նախագահի աշխատակազմի Կառավարության գործերի կառավարչության պետ- աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ պարոն  Արայիկ Լազարյանը: Խնդրեմ:

Արայիկ Լազարյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ:

ԱԺ քննարկմանն է ներկայացվում «ԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին» ԼՂՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության, Կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը սահմանվում է նախագահի հրամանագրով: Ինչպես գիտեք, նախորդ Սահմանադրությամբ այդ գործառույթն իրականացվում էր օրենքով և, քանի որ արդեն Հանրապետության նախագահի կողմից ս.թ. սեպտեմբերի 25-ին արդեն հրամանագրով սահմանվել է Կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը, անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ օրենքն ուժը կորցրած ճանաչելու: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան  -  Շնորհակալություն: Հարցեր կա՞ն հիմնական զեկուցողին: Էդուարդ Աղաբեկյան:

Էդուարդ Աղաբեկյան - Պարոն Լազարյան, ճիշտն ասած, ես հանձնաժողովի նիստին ներկայացրել էի, բայց այնուհետև մեր  խմբակցությունում քննարկումների ժամանակ  նրանց հանձնաժողովին ներկայացրած պատասխանը մեզ չի բավարարել, ըստ  էության  չի լսվում 1-2 իրավական ակտ, նախագահի  չի լսվում Կառավարության կառուցվածքի մասին և գործող օրենք  Կառավարության կառուցվածքի մասին: Արդյո՞ք հնարավոր չէ մինչև Նախագահի հրամանագիրը ընդունել օրենքի կասեցումը կամ անցումային դրույթներում, կամ գրեն, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում Նախագահի հրամանագրից մեկ օր առաջ, կամ համաժամանակյա, կամ դրանից ավելի շուտ: Այսպես ավելի ճիշտ չէ՞ր լինի օրենսդրական շինարարության  տեխնոլոգիայի տեսակետից:

Արայիկ Լազարյան -  Շնորհակալություն հարցի համար: Պարոն Աղաբեկյան, ինչպես գիտեք Արցախի Հանրապետության Սահմանադրությանը ներկայումս հակասող է, այսպես ասենք, ութ տասնյակից ավել օրենք: Որպեսզի այդ օրենքներն ընդունվեն և, ինչպես գիտեք, Սահմանադրությամբ տրված է ժամկետ՝ 3 տարվա ընթացքում օրենքները պետք է համապատասխանեցվեն Սահմանադրությանը: Դա ֆիզիկապես հնարավոր չէ, Սահմանադրությամբ տրված է 3 տարվա ժամկետ, դա միանգամից ընդունելը հնարավոր չի: Ինչպես մնացած օրենքները, այս օրենքը նույնպես ժամանակացույցի համաձայն`  Նախագահի կողմից հաստատված, իր ժամանակացույցի համաձայն ներկայացվել է ԱԺ քննարկմանը և անցել է համակարգման խորհրդով:

Ինչ վերաբերում է, որ դուք ասում եք՝ 2 ակտ է զուգահեռ գործել, դա այնքան էլ այդպես չէ, քանի որ Արցախի Հանրապետության Սահմանադրությունը գործում է անմիջականորեն և այս օրենքը ֆորմալ առումով էր գործում, այսինքն այս օրենքի հիման վրա նշանակումներ չեն կարող կատարվել, մինչև որ Հանրապետության նախագահը Կառավարության կառուցվածքը չսահմանի: Այսինքն, անկախ նրանից սա երբ են ներկայացնում, գործելու է Հանրապետության նախագահի հրամանագիրը, որի ընդունումն արդեն պայմանավորված է նոր Կառավարության ձևավորմամբ, ընտրությամբ, պաշտոնի ստանձնմամբ: Այսքանը:

Աշոտ Ղուլյան - Ուրիշ հարցե՞ր: Արթուր Թովմասյան:

Արթուր Թովմասյան - Պարոն Լազարյան, ոչ թե 8 տասնյակից  ավելին ունեք, այլ բոլոր օրենքներն են, որ Սահմանադրությանն այսօր հակասում են: Ի՞նչ տեսակետից, որովհետև բոլոր օրենքներում գրած է` ԼՂՀ օրենք: Նաև, որպեսզի բոլոր օրենքներին չանդրադառնանք, մի հատ էլ, իմ կարծիքով պետք է շեշտվի, որ ԼՂՀ օրենքներն այսուհետ, որպեսզի ԱՀ օրենքներ լինեն, սա` մեկ: Իմ կարծիքով, Դուք արդեն հստակեցրել եք, որ 8 տասնյակից ավելի օրենքներ են, իմ կարծիքով ավելի շատ պետք է լինեն:

Արայիկ Լազարյան - Պարոն Թովմասյան, իմ նշածը, որ ուղղակի կամ անուղղակի հակասում է Սահմանադրությանը, Ձեր նշած չափանիշը դա հակասություն չէ, քանի որ ԼՂՀ-ն ինքնին դուրս չի եկել շրջանառությունից: Այսինքն, դա այնքան էլ հակասություն չէ, բայց դա ուղղվելու է  «Իրավական ակտերի մասին» ընդունվելիք օրենքում: Չի լսվում:

Աշոտ Ղուլյան - Շատ լավ: Ուրիշ հարցե՞ր: Չկան հարցեր:   Շնորհակալություն, պարոն Լազարյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանը:

Հովիկ Ջիվանյան - Ողջույն բոլորին: Օրենքի նախագիծը` «ԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին», ներկայացվեց հեղինակի կողմից, հանձնաժողովում նախագիծը քննարկվել է, տրվել է դրական եզրակացություն և առաջարկվում է ընդունել որպես օրենք: Այսքանը:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, հարցեր կա՞ն գլխադասային հանձնաժողովին: Չկան հարցեր: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան, կարող եք նստել: Կա՞  ցանկություն մտքերի փոխանակության, ելույթների: Չկա: Եթե չկա, կարծում եմ, որ մեր քննարկումները հանձնաժողովում և քիչ առաջ կարծես թե սպառել են այն բոլոր հարցադրումները կամ մտահոգությունները, որ կային, կարող են լինել, ես կարծում եմ, որ մենք, իհարկե, ֆորմալ  ունենք այդ հակասությունը, բայց հաշվի առնելով, որ այսօր մեր նոր Սահմանադրության 5-րդ հոդվածով Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավական ուժ, դա նաև նշանակում է, որ եթե ինչ-որ հակասություն կա, ապա ընդունում են Սահմանադրությամբ նախատեսված դրույթներով: Հետևաբար, մենք այսօր և հաջորդ օրերին էլ, հաջորդ մեր նիստերին քայլ առ քայլ գնալու ենք բոլոր օրենսդրական ակտերը Սահմանադրությանը համապատասխանեցնելու ճանապարհով: Առաջին հերթին, իհարկե, բովանդակային, բայց նաև դրան զուգահեռ, պարոն Թովմասյանի ասած, նաև այդ անվանումները, հասկացությունները վերանայելու և ուղղելու ճանապարհով:

Քվեարկության է ներկայացվում ԱԺ որոշման նախագիծը «ԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին» ԼՂՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ:

Քվեարկություն:

Կողմ՝ 26,  դեմ՝  չկա, ձեռնպահ՝ 3:

Քվեարկության այսպիսի հարաբերակցությամբ որոշումն ընդունված է, շնորհակալություն: Օրենքն ուղարկվում է  արդեն վավերացման:

Հաջորդ մեր օրենսդրական հարցերի շարքից՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ  կատարելու մասին» և  Հրապարակային սակարկությունների մասին» ԼՂՀ օրենքում  լրացումներ կատարելու մասին»  նախագծերն են:

Այն ներկայացնում է արդարադատության նախարար պարոն Արարատ Դանիելյանը: Խնդրեմ:

Արարատ Դանիելյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ: ԱԺ քննարկմանն է ներկայացվում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին»  ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի  փաթեթը:

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բռնագանձման արդյունքում պարտապան ֆիզիկական անձանց վերջին կացարան ունենալու հնարավորությունից չզրկելու հանգամանքով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 51-րդ հոդվածը սահմանում է այն գույքի ցանկը, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել: Գործող կարգավորման պայմաններում պարտապանի միակ բնակարանը չի ներառվում բռնագանձման ոչ ենթակա գույքի կազմում, ինչի արդյունքում պարտապան ֆիզիկական անձն իր ողջ գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում կարող է մնալ անօթևան:

Հատկանշական է, որ թեև միջազգային փաստաթղթերը, Արցախի Հանրապետության Սահմանադրությունը, այլ օրենսդրական ակտերը նախատեսում են անձի սեփականության իրավունքը, այնուամենայնիվ, սեփականության իրավունքը բացարձակ իրավունք չէ, համապատասխանաբար օրենսդրությամբ կարող են նախատեսվել  սեփականության իրավունքի սահմանափակումներ: Ընդ որում, այդ սահմանափակումները պետք է լինեն համաչափ, այսինքն` հետապնդեն համաչափ նպատակ՝ մի կողմից բավարարեն պարտատիրոջ պահանջմունքները, մյուս կողմից` կոչված լինեն ապահովելու անձի բնակվելու իրավունքը:

Առաջարկվող կարգավորումների բնույթը. նախագծով առաջարկվող լրացումները նպատակ են հետապնդում ընդլայնելու պարտապան ֆիզիկական անձանց տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակը, և պարտապանին հնարավորություն տալու իր գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում չզրկվել նվազագույն բնակապահովումից:

Նախագծով առաջարկվում է բռնագանձման ոչ ենթակա գույքի կազմում ներառել նաև քաղաքացի-պարտապանին պատկանող միակ այն բնակարանը (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասը և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցները) կամ դրա բաժինը, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, այն դեպքում, երբ միակ բնակարանն իրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գումարով, ապա նվազագույն շեմի չափով գումարը, իսկ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքն իրացվելու դեպքում՝ այդ գումարի համապատասխան բաժինը վերադարձվում է պարտապանին: Ընդ որում, այս կանոնից բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ միակ բնակարանը, անձն ի ապահովումն իր պարտավորությունների գրավադրել է, այսինքն` անձը կամավոր է պարտավորվել իր պարտավորությունների համար ռիսկի տակ դնել իր բնակվելու իրավունքը, կամ էլ անձն ունի պարտավորություն վճարելու ալիմենտ կամ հատուցելու կյանքին, առողջությանը կամ հանցավորությամբ պատճառված վնասը: Սրանք այն եզակի դեպքերն են, որոնց դեպքում անձն իր պարտավորությունները կկատարի նաև բնակվելու իրավունքի հաշվին:

Այսպիսով, նախագծով նախատեսված կարգավորումներն առաջացնում են բարենպաստ հավասարակշռություն՝ մի կողմից ապահովելով պահանջի իրավունքը, մյուս կողմից՝ օրենքով նախատեսված պայմանների առկայության պարագայում քաղաքացի-պարտապանի և նրա ընտանիքի անդամների բնակարանային ապահովման իրավունքը:

Առաջարկվում է նաև համապատասխան լրացումներ կատարել «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում:

Աշոտ Ղուլյան -   Շնորհակալություն, հարցեր կա՞ն հիմնական զեկուցողին:

Արթուր Թովմասյան - Կյանքն է ստիպել, որպեսզի օրենքում փոփոխություններ կատարենք, որովհետև ես միանգամայն համոզված եմ, որ մեր պատգամավորների բացարձակ մեծամասնության մոտ կան դիմումներ՝ կապված բնակարանների հետ և, սա ի շահ ժողովրդի է, բայց դուք իրավաբանական տերմիններով դրանք բացատրեցիք, այստեղ շատ լավ բաներ կան, մենք այնքան պարզ պիտի բացատրենք, որ մեր ժողովրդի համար ընկալելի լինի, որ դեպքում է, որ արդեն բնակարանը հարկադիրը կարող է դնել  վաճառքի, այսինքն, երբ որ անձը ինքնուրույն  է, ինքն է որոշում բարձր տոկոսի տակ է մտնում բանկի հետ. արդեն անձ-բանկ հարաբերությունն է, մենք արդեն պարտավորություններից դուրս ենք գալիս: Իսկ մյուս դեպքում հիփոթեք կլինի, թե հիմնադրամի բանը, հիմնադրամի միջոցով գումարները նորմալ են, մի ժամանակ էլ, որ   չի լսվում  բան անենք ի շահ ժողովրդի, որովհետև բնակարանը միակ բանն է, որ  ես միշտ էլ ի սկզբանե դեմ եմ եղել, երբ որ բանկում դրված է բնակարանը, այլ ոչ թե այլ բաներ:

Նորից եմ ասում, բազմաթիվ մեր հայրենակիցների իրենց բնակարանը կորցրել են, նաև այստեղ նստածների հարազատներ և սա շատ լավ է, որ ավելցուկ վաճառքից ոչ թե բնակարանն է վերցնվում, այլ  վաճառքի է դրվում. ավել մասը տրվելու է մեր քաղաքացիներին: Այս առումով, իմ կարծիքով, 50 տոկոսով լավացրել ենք օրենքը:

Աշոտ Ղուլյան  -   Հարց ունե՞ք, Արթուր Բաբկենի:

Արթուր Թովմասյան -  Հարցը հետևյալն է, ե՞րբ եք ընդհանրապես,  հնարավո՞ր է հետագայում, որ մյուս, այն 50 տոկոսն էլ թողենք անձ-բանկ հարաբերություններին:

Արարատ Դանիելյան -  Շնորհակալություն հարցի համար, այս իրավական կարգավորումը նախատեսում է հետևյալը, այսինքն, եթե մարդ իր կամքի համաձայն բնակարանը գրավադրել է բանկում, ապա դա, ասենք, իր կամքի համաձայն է կատարել, ինքը  պատասխանատվություն է կրում դրա համար, այսինքն՝  կա բացառությունը, եթե ընդհանուր պարտապանի սեփականությունը պետք է աճուրդին ներկայացվի, ապա, եթե բնակարանը գրավադրված չէ բանկում, ապա եթե ինքը Կառավարության կողմից սահմանված նվազագույն գնի չափը կամ  ցածր է, բնակարանը չի վերցնվում, թողնվում է այդ անձին, բայց եթե ալիմենտների պարտավորություն կա կամ առողջության խեղման հետ կապված խնդիրներ կան, ապա տվյալ անձի բնակարանը բռնագանձման ենթակա է:

Պետք է ասել նաև, որ օրենքով նախատեսվում է, որ օրենքը եթե ընդունվի, ուժի մեջ կմտնի հրապարակվելուց մեկ ամիս հետո, այնուհետև Կառավարությունը 2 ամսվա ընթացքում պետք է կարգ մշակի և այդ  ժամանակաընթացքում անհրաժեշտ կլինի նաև  լուսավորչական աշխատանք տանել  նաև այդ քաղաքացիների հետ, որպեսզի տեղյակ լինեն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Ես դա էլ նկատի ունեի, որ ձեր ասած մանրամասները կամ պարզ բացատրությունը Կառավարության կարգի համաձայն պիտի լինեն, որ մարդիկ հասկանան իրենք ինչ իրավունք ունեն, ինչի համար կարող են դիմել և ինչից կարող են օգտվել:

Ուրիշ հարցե՞ր: Չկան հարցեր: Շնորհակալություն, պարոն Դանիելյան, կարող եք նստել: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանը:

Հովիկ Ջիվանյան - «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»  և «Հրապարակային սակարկությունների մասին» ԼՂՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը նույնպես քննարկվել է գլխադասային  պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ որպես գլխադասային հանձնաժողովում: Ինձ թվում է հեղինակի կողմից մանրամասն ներկայացվեց օրենքների էությունը: Գլխադասային հանձնաժողովն իր նիստում հավանության արժանացրեց օրենքների նախագծերին և տվեց դրական եզրակացություն, և հիմա առաջարկում ենք օրենքների փաթեթն ընդունել որպես օրենքներ:

Աշոտ Ղուլյան  - Շնորհակալություն: Հարցեր կա՞ն` գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչին: Չկան: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան, կարող եք նստել: Եթե կա ցանկություն ելույթների, մտքերի փոխանակության, խնդրեմ, կարող եք հերթագրվել, եթե չկան, կարող ենք արդեն քվեարկել:

Մինչև քվեարկելը, իհարկե, մենք քիչ առաջ պարոն Թովմասյանը, որ ասում էր հանրային տրամադրությունների մեջ զգում ենք, որ այսպիսի բաներ կան, դժգոհություններ կան, մտահոգություններ կան և, կարծում եմ, որ դրանք հաշվի առնելով են նաև այս իրավական ակտը վերամշակվել և, փաստորեն, դա չի նշանակում, որ մարդ կարող է օգտվել և ցանկացած պարտապան արդեն ազատ է լինելու բոլոր այդ պարտավորություններից, որովհետև օրենքը նաև որոշակի  կոնկրետ հանգամանքներ է նշում, թե ինչ պայմաններում պետք է այդպես արվի, բայց համենայն դեպս, սա մի իրավական լուծում է, որն առաջարկում է, որպեսզի մենք երկրում օրինական կարգով բնակարանից զրկվելու այսպիսի դեպքեր չունենանք:

Կարծում եմ, որ բոլորիս մոտ էլ կա այդ ցանկությունը, ինչքան հնարավոր է շուտ ընդունել, որպեսզի մարդիկ նաև կարողանան դա կիրառել իրենց կյանքում:

Քվեարկության է ներկայացվում ԱԺ որոշման նախագիծը՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»  ԼՂՀ  օրենքում  լրացումներ  կատարելու  մասին»  և «Հրապարակային սակարկությունների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»   Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ:

Քվեարկություն:

Կողմ՝ 29,  դեմ՝  չկա, ձեռնպահ՝  նույնպես:

Ինչպես և սպասվում էր, միաձայն ընդունվել է որոշումը: Շնորհակալություն:  Եվ օրենսդրական նախագծերից հաջորդը «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ  և փոփոխություններ կատարելու մասին» և  «Պետական տուրքի մասին»  ԼՂՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն է: Այն լիազորված է ներկայացնել ֆինանսների նախարար պարոն Գրիգորի Մարտիրոսյանը: Խնդրեմ:

Գրիգորի Մարտիրոսյան - Արցախի Հանրապետության ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ:

Ձեր քննարկմանն է ներկայացվում «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ  և փոփոխություններ կատարելու մասին»  և «Պետական տուրքի մասին»  ԼՂՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին»  օրենքների և նախագծերի փաթեթը: Ոգելից խմիչքներն արտահանվող այն արտադրատեսակներից են, որոնք ունեն զարգացման մեծ ներուժ: Եվ այդ պատճառով իրականացվող արտահանմանն ուղղված քաղաքականության շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել բարելավել ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը: Օրինագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է հանրապետությունում մրգային օղիների  և, մասնավորապես, խաղողի օղու արտադրությունը խթանելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև  նպատակ ունի բարձրացնել լիցենզավորման ոլորտի պետական կարգավորման արդյունավետությունը և կատարելագործել  գործող իրավական դաշտը: Օրինագծերի շրջանակներում ճշգրտվել են մասնագիտական որակավորմանը վերաբերող պահանջները, հստակեցվել են լիցենզավորման կարգերի ընդունման հետ կապված դրույթները, կատարվել են խմբագրական բնույթի  այլ փոփոխություններ:

Գործող օրենսդրությամբ խաղողի օղու արտադրության լիցենզիայի դիմաց տարեկան պետական տուրքը սահմանված է 3 մլն դրամի չափով, մինչդեռ այլ պտուղներից և հատապտուղներից օղու արտադրության տարեկան պետական տուրքը կազմում է 50 հազար դրամ: Մյուս կողմից` գինու արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար նպատակահարմար չէ վերամշակել խաղողի օղու արտադրություն  ընթացքում գոյացող մնացորդները, քանի որ  այդ գործընթացն իրականացնելու համար  անհրաժեշտ է ստանալ նոր լիցենզիա, որի դիմաց տարեկան պետական տուրքը կազմում է 3 մլն ՀՀ դրամ:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է խաղողի օղու լիցենզավորումը ներառել այլ մրգային օղիների լիցենզավորման դասում: Օրենքի նախագծերի ընդունումից ակնկալվում է, որ՝

1) կբարելավվի և կակտիվանա ոլորտի գործարար միջավայրը.

2) գինու արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կստանան օղու արտադրության նպատակով թորել գինու արտադրության համար ոչ պիտանի գինենյութը և ընդլայնել իրենց արտադրանքի տեսականին՝ առանց լրացուցիչ էական տուրքերի ավելացման.

3) կընդլայնվի խաղողի օղու արտադրությունը, որն ունի իրացման, հատկապես` արտահանման ծավալային մեծ ներուժ: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան  -   Շնորհակալություն: Հարցեր կա՞ն հիմնական զեկուցողին:

Գագիկ Բաղունց - «Լիցենզավորման մասին» օրենքի մեջ  օղու արտադրության մասին փոփոխություն մտցնելու գաղափարը ընդունելի է: Ուղղակի ինձ համար անհասկանալի է, որ 2004թ. «Պետական տուրքի մասին» օրենքում ի՞նչ տրամաբանությամբ է մտցվել այդ բացառության խաղողի օղի կետը չի լսվում...

Գրիգորի Մարտիրոսյան -  Այսինքն...

Գագիկ Բաղունց - Պարզ  ասած, միշտ էլ Ղարաբաղում խաղողի  օղի արտադրել են, օգտագործել են և 2004թ.: Ի՞նչ տրամաբանությամբ են այդ  բացառությունը մտցրել:

Գրիգորի Մարտիրոսյան - Եղավ, ես կհայտնեմ իմ տեսակետը, թե ինչու է օրենքի ընդունման պահին այդպես հաստատվել. նշեմ, որ այն ժամանակ համանման նորմեր են հաստատվել նաև ՀՀ  համապատասխան օրենքում և դա կապված է հիմնականում նրա հետ, որ խաղողի օղին և կոնյակը արտադրվող 2 իրար փոխկապակցված ապրանքատեսակներ են և մեկ արտադրողի կողմից արտադրության համար լրացուցիչ  չի լսվում լիցենզիա ունենալով, ինչպես նաև հսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով է մոտեցումը ընդունված, սակայն մեր դեպքում ստացվում է այնպիսի իրավիճակ, որ խտրական մոտեցում է ցուցաբերվում կոնկրետ այդ տեսակի մրգային օղու արտադրության պարագայում, հետևապես, առաջարկվում է այդ տարբերակումը  վերացնել:

Ամեն դեպքում, մոնոպոլիա սա չի կարող առաջացնել, որովհետև այս պահին մենք արդեն ունենք մի քանի կազմակերպություն՝ մրգային օղիների արտադրության շուրջ 10 կազմակերպություն, գինիների արտադրության շուրջ 20 կազմակերպություն, որոնք լիցենզավորված են: Սովորական օղի և կոնյակ արտադրելու լիցենզիայի 3 լիցենզառու կազմակերպություններ ունենք: Հետևապես, մոնոպոլիայի մասին խոսք գնալ  չի կարող, մանավանդ, որ մենք այս օրենքի փոփոխությամբ տուրքը նվազեցնում ենք, այլ ոչ թե բարձրացնում:

Աշոտ Ղուլյան  -   Ուրիշ հարցե՞ր: Արթուր Թովմասյան:

Արթուր Թովմասյան -  Եթե մոնոպոլիայի մասին է խոսքը, կարելի է ասել. մինչև այս պահն ա չի լսվում, եթե լիցենզիան 3 մլն-ից  50.000 դրամ  եք սարքում, կարծեմ, ապա մեր ցանկացած քաղաքացիներ 50.000 դրամով կարող են լիցենզիա վերցնեն և խաղող արտադրեն: Մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը օգտվում է խաղողի օղուց, ոչ թե որ խաղողի օղին ավելի լավն է,  չէ, որովհետև թութը, հոնը, մրգերը ավելի թանկ են, քան թե խաղողի օղին, դրանից է, էս  մեկ, հետո, արմատախիլ է անելու այս նոր օրենքը մոնոպոլիան, թեկուզ Արցախում մոնոպոլիա այդպես էլ չի ստեղծվել, իմ կարծիքով:

Աշոտ Ղուլյան  -  Հաշվենք, որ մտքերի փոխանակության պահն է սա, ինձ թվում է, որ սա ավելի շատ կոնյակի արտադրությունը խթանելու հետ է կապված, որ դա էլ կարող է լինել հիմքերից մեկը: Հարցեր, ուրի՞շ հարցեր: Ալյոշա Գաբրիելյան:

Ալյոշա Գաբրիելյան - Բնական է, որ օրենքը խրախուսում է մանր և միջին բիզնեսը և դա շատ լավ է, արտադրողների թվաքանակը կմեծանա, տնտեսության մեջ աճ կգրանցվի, բայց կոնկրետ ինձ անհանգստացնում է մի բան` լիցենզիա տրամադրել    շատ-շատ մարդկանց՝ արտադրել գինի, օղի կոնյակ և այլն, որակի մասին է խոսքը: Որակն ինչ-որ տեղ դուրս է գալիս, ստուգում են, բան, ենթարկվելո՞վ, թե՞ շուկայում պիտի կարգավորվի դա:

Գրիգորի Մարտիրոսյան - Լիցենզառուների քանակի կամ լիցենզիայի տուրքի փոփոխությունը որակի հետ որևէ կերպ չի առնչվում, յուրաքանչյուր դեպքում Կառավարությունն ունի համապատասխան կառույցներ, որոնք պարտավոր են ապահովել ցանկացած պարենային, այդ թվում` նաև ոգելից խմիչքների արտադրության որակը, կատարել համապատասխան պարբերական ստուգումներ, բացի այդ, զուտ որոշակի սկզբնական փաստաթղթեր պահանջվում է մինչև լիցենզիայի տրամադրումը, այսինքն՝ որոշակի ստուգում իրականացնում է հենց գործունեությունը սկսելու պահին, իսկ հետագա գործունեությունը և, նաև, որակի առումով, դա արդեն համապատասխան մարմինների տեսչական անվտանգության, այդ մարմինների կողմից պահպանվում է:

Աշոտ Ղուլյան - Ուրիշ հարցե՞ր: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան, կարող եք նստել:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ պատգամավոր  Ռուսլան Իսրայելյանը:

Ռուսլան Իսրայելյան - Հարգելի գործընկերներ, «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ  և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին»  ԼՂՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին»   նախագծերի փաթեթը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովում  և ստացել  դրական  եզրակացություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցեր կա՞ն գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան, շնորհակալություն, պարոն Իսրայելյան, կարող եք նստել: Կարծում եմ, որ այստեղ էլ մենք  հանձնաժողովային քննարկումների ժամանակ և պարոն Բաղունցի բարձրաձրած հարցի մասին ենք խոսել,  և նաև մյուս թեմաներն են պարզաբանվել, ամեն դեպքում ընդունենք ու ամփոփենք, որ սա կատարվում է նաև  մեր երկրում փոքր ու միջին արտադրությունը խթանելու և, եթե այսպիսի ցանկացողներ կան,  ապա հենց հարմար պահն է, որպեսզի  օգտվեն այս իրավական կարգավորումներից:

Եթե կա ցանկություն խոսելու, մտքերի փոխանակության, խնդրեմ, եթե՝ չէ, ապա անցնենք քվեարկության: Չկան:

Քվեարկության է ներկայացվում ԱԺ որոշման նախագիծը «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և  Պետական տուրքի մասին»  ԼՂՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին»  ԱՀ օրենքներն ընդունելու վերաբերյալ:

Քվեարկություն:

Կողմ՝ 29, դեմ՝ չկա,  ձեռնպահ՝  նույնպես:

Որոշումն ընդունված է, բոլոր 3 օրենսդրական նախագծերն արժանացան հավանության ԱԺ կողմից:

Մենք այսքանով օրակարգի օրենսդրական հարցերի մասը սպառում ենք և մեզ մնում է միայն պատգամավորական հայտարարությունների մասին հարցը:  Պատգամավորական հայտարարություններ, եթե կան ցանկություններ, խնդրեմ, գրանցվեք. Հայկ Խանումյան, Ռոմելա Դադայան, ուրի՞շ,  չկան:  Շնորհակալություն:

Պատգամավորական հայտարարություններն են հիմա օրակարգային և հայտարարության համար հրավիրվում է պատգամավոր Հայկ Խանումյանը, թող պատրաստվի  Ռոմելա Դադայանը:

Հայկ Խանումյան - Հարգելի՛ ներկաներ, այս ելույթով ես ցանկանում եմ իմ մտահոգությունները կիսել ձեզ հետ Արցախում ընթացող ցավալի գործընթացների վերաբերյալ: Օրեցօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես մեր երկիրը գլորվում է տոտալիտարիզմի անդունդը: Գործընթացը սկսվել է Սահմանադրության գործող տարբերակի ի հայտ գալով, քաղաքական համակարգի ոչնչացմամբ և շարունակվում է Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված օրենքների ընդունմամբ:

Կցանկանայի կանգ առնել հատկապես տեղական ինքնակառավարման մասին օրենքի վրա, որի նախագծի տարբերակն արդեն կարելի է գտնել տարբեր կաբինետներում: Բակո Սահակյանը խմբակցություններին կոչ է անում ակտիվորեն մասնակցել դրա քննարկմանը, սակայն փորձը ցույց է տալիս, որ սովորաբար քննարկումներն էական բան չեն փոխում:

Գոյություն ունեցող տարբերակը ոչ թե տեղական ինքնակառավարման վերաբերյալ է, այլ իշխանությունը հնարավորինս շատ կենտրոնացնելու մեխանիզմ է: Կարծում եմ, որ այն ստեղծողների հիմնական նպատակն է եղել ոչ մի հնարավորություն չթողնել հասարակության համար: Այս տարբերակով տեղական ամբողջ իշխանությունը կենտրոնացվում է միայն մեկ ուժի ձեռքում: Որևէ հակակշիռ, տեղական իշխանության բաժանման որևէ հնարավորություն գոյություն չունի նշված տարբերակում: Նույնիսկ տեղական մակարդակում որոշումների վրա ազդելու որևէ հնարավորություն հանրությունը չունի: Այս տարբերակով միայն մեկ ուժ կարող է հավակնել տեղական իշխանության, և այդ ուժը վարչական ռեսուրսի կուսակցությունն է: Վարչական ռեսուրսներն այսօր գտնվում են միայն մեկ մարդու մոտ և այդ մարդը Հանրապետության նախագահն է: Նման պայմաններում կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին կարող է ընդամենը ֆոն լինել, ոչ թե իրական քաղաքական գործընթաց:

Խոշորացումն ինքնին բերելու է տարբեր խնդիրների և դրանց փոխհատուցումը կարող է լինել միայն այնպիսի օրենքի ընդունումը, որը հնարավորություն կտա համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ համայնքի կառավարմանը՝ ըստ կուսակցություններին տրված ձայների: Ավագանու ընտրություններին անցողիկ շեմն անցած կուսակցությունների մասնակցությունը վարչական ղեկավարի և համայնքային պաշտոնների նշանակմանը միայն թույլ կտա հնարավորինս ուժեղ համայնքներ ունենալ, զարգացնել քաղաքական համակարգը, ստեղծել տեղական էլիտաներ, մրցակցության արդյունքում բարելավել համայնքային կառավարումը: Հակառակ դեպքում ականատես ենք լինելու ցավալի հետևանքների:

Գաղտնիք չէ, որ Քաշաթաղի շրջանում տարիների ընթացքում բազմաթիվ ընտանիքներ են հեռացել: Կա կոնկրետ թիվ, որ հրապարակային չէի ուզենա հնչեցնել: Իշխանություները դրա պատճառ են համարում թերի ենթակառուցվածքները և անորակ բնակարանները: Այնինչ պատճառը սխալ կառավարման մեջ է: Քաշաթաղից, ու ոչ միայն այնտեղից, մարդիկ հեռացել են անարդյունավետ ու անարդար կառավարման, կառավարիչների կամայականությունների պատճառով: Այս տարբերակով տեղական կառավարման մասին օրենք ունենալու դեպքում այդ արտագաղթը սաստկանալու է՝ իր հետ տանելով տարբեր համայնքների նախաձեռնող, ակտիվ մարդկանց:

Այս ելույթով ես կցանկանայի հանրային բանավեճ ծավալել թեմայի շուրջ: Համենայնդեպս, ես անձամբ ու Ազգային վերածնունդ կուսակցությունը կարիք ունենք նոր գաղափարների, առաջարկների և կարծիքների և ուրախ կլինենք դրանք լսել նաև խորհրդարանում: 

Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հաջորդ հայտարարությունը, պատգամավոր Ռոմելա Դադայան, խնդրեմ:

Ռոմելա Դադայան Ազգային ժողովի մեծարգո նախագահ, սիրելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք:

2016թ. ապրիլյան պատերազմից հետո ՀՀ-ում ակտիվ քննարկվում էր «Ազգ-բանակ» հայեցակարգը, որի շուրջ իրենց վերաբերմունքն արտահայտեցին հասարակության ամենատարբեր խավի ներկայացուցիչներ: Արդյունքում 2017թ. հունվարից ուժի մեջ մտավ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքը:

«Ազգ-բանակ» հայեցակարգը այսօր և ռազմավարություն է, և մարտավարություն, իսկ մենք ազգովին՝ նրա մարտիկները: Ավելի քան 28 տարի պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար ազգային բանակը ոչ միայն պաշտպանական միջոց է, այլև խորհրդանիշ:

Այսօր այն այնչափ կարևոր է, հատկապես երբ տեսանելի ապագայում դժվար թե ունենանք լուրջ ակնկալիքներ, որ արցախյան հակամարտության շուրջ հնարավոր է ունենանք վերջնական կարգավորում, երբ ամեն օր այս կամ այն կերպ Ադրբեջանը սահմանին խնդիրներ է ստեղծում: Ցավալիորեն կորցնում ենք զավակներ, վնասում ենք դարերի ընթացքում այնքան խոցված մեր գենաֆոնդը: Կարմիրով գծված սահմանը կյանքի գնով պահող մեր զինծառայողներն իրենց անփոխարինելի ծառայությամբ ապահովում են մեր երկրի անվտանգությունն ու սահմանների անխախտելիությունը՝ դրանով իսկ երաշխավորելով յուրաքանչյուրիս պաշտպանությունը:                              

Հայոց բանակի պահպանմանը պարտավոր են մասնակից լինել հանրության բոլոր շերտերը, յուրաքանչյուր անհատ պետք է կարողանա իր տեղը, դերը գտնել այդ գործում: Կարծում եմ մեր հապաղելն անընդունելի է: Մենք պարտավոր ենք մեր ներդրումն ունենալ և բանակը պահելու գործում, և զինծառայողի ընտանիքի կողքին կանգնելու հարցում: Գտնում եմ՝ հասել է պահը, որպեսզի մենք ևս ունենանք համանուն օրենք:

Եկեք միշտ հիշենք, որ հայրենիքը մերն է, և բոլորս պատասխանատու ենք նրա անվտանգության համար:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն:

Մենք պատգամավորական հայտարարությունների օրակարգային հարցն էլ սպառել ենք: Երկու նկատառում՝ կապված պարոն Խանումյանի բարձրացրած հարցի հետ: Մենք առաջիկայում պատրաստում ենք հանրային քննարկումներ «Տեղական ինքնակառավարման» և օրենքի, և հայեցակարգի մասին: Այնպես որ, որևէ մեկն այս պահին վերջնական պատկերացում չունի, թե դա ինչպիսին կարող է լինել, հետևաբար, գնահատականներ տալ, որ սա ինչի է տանում, չգիտեմ, ինչ է լինելու, ես կոնկրետ չեմ կարող որևէ բան ասել, այսինքն, առաջիկայում մենք այդ քննարկումների շարքը նախատեսում ենք և եթե կան առաջարկություններ, խնդրեմ, կարող եք ներկայացնել:

Երկրորդը՝ մենք պայմանավորվել էինք, որ ԱԺ կողմից միջխորհրդարանական կապերի ակտիվացման հետ կապված, վերջերս տեղի ունեցած այդ իրադարձությունների հետ կապված, այսօր խմբակցությունները կտան իրենց առաջարկները, գրավոր խնդրում եմ տալ աշխատակազմին, որովհետև բոլորդ արդեն տեղյակ եք, վերջին շաբաթվա կամ 10 օրերի ընթացքում մենք երկու պատգամավորական խմբերի և  խումբ, և շրջանակի առաջարկություն ենք ստացել, կարծում եմ, առաջիկայում խորհրդարանը դրան կարձագանքի  համանման խումբ և շրջանակ այստեղ ստեղծելով:

Եվ վերջին հարցը. մենք նոյեմբերի առաջին կեսերին ՀՀ հետ միջխորհրդարանական համագործակցության հերթական նիստ ենք անցկացնելու, այս պահին մենք նախնական պայմանավորվածություն ունենք, դա լինելու է Երևանում երկու հարցի շուրջ, մեկը՝ արտաքին քաղաքական ուղղությանը վերաբերող, միջազգային հարթակներում ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումների, նորությունների և կարծրատիպերի հետ կապված և, երկրորդը՝ պետաիրավական հարցերի ուղղվածությամբ, դա և՛ ՀՀ-ում, և՛ Արցախում հետսահմանադրական կարգավորումների, նմանությունների և առանձնահատկությունների մասին է. երևի հաջորդ շաբաթ մենք միջխորհրդարանական հանձնաժողովի հետ այստեղ մեր նիստը կանենք և այս հարցերի շուրջ կպայմանավորվենք, իսկ կոնկրետ օրը և ժամն` արդեն լրացուցիչ, վերջին այդ պայմանավորվածությունից հետո կհայտարարվի:

Այսքանով մենք ավարտում ենք լիագումար նիստի օրակարգային հարցերի քննարկումները:

Շնորհակալություն, աշխատանքի համար: Ցտեսություն, մինչ հաջորդ հանդիպում: