ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 7-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2018Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ժամը 1100
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա են 28 պատգամավորներ, բացակա՝ 5-ը:
Նախագահում է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը
Աշոտ Ղուլյան - Բարի առավոտ բոլորին, հարգելի գործընկերներ, ներկաներ, տիկնայք և պարոնայք: Այսօրվա լիագումար նիստով մեկնարկում է 6-րդ գումարման Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական 7-րդ նստաշրջանը: Չնայած օրակարգային հարցերի շրջանակներում մենք այսօր դեռ անդրադառնալու ենք Սումգայիթ քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդերի և կոտորածի 30-րդ տարելիցին, այնուամենայնիվ խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք ադրբեջանական վայրագությունների անմեղ զոհերի հիշատակը: Շնորհակալություն:
Հարգելի ներկաներ, 6-րդ նստաջրջանի եզրափակիչ լիագումար նիստում մենք ամփոփել ենք 2017թ. կարևոր իրադարձությունները և խորհրդարանի գործունեությունը: Մինչև նիստի օրակարգին անցնելը տեղին եմ համարում անդրադառնալ հունվար-փետրվար ամիսների ընթացքում հանրապետության ներքին և արտաքին կյանքին առնչվող կարևոր իրադարձություններին խորհրդարանի մասնակցությանը: Նշված ժամանակահատվածը մեր ժողովրդի պատմության մեջ արձանագրվել է կարևոր ու համազգային նշանակության իրադարձություններով: Որպես երկրի բարձրագույն օրենսդիր իշխանություն, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը անմասն չի մնացել այդ իրադարձություններից: Այսպես, 2018թ. հունվարի 20-ին խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հանդես է եկել Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 28-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ: Փետրվար ամսվա ընթացքում խորհրդարանականներն ակտիվորեն մասնակցել են Հանրապետության տարեգրության համար կարևոր իրադարձության՝ Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին: Ի դեպ, շնորհավորենք նորից Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեր գործընկերներին, ովքեր Ղարաբաղյան շարժման հոբելյանի կապակցությամբ արժանացել են պետական պարգևների: Անդրադառնալով արտաքին կապերին՝ հարկ եմ համարում նշել, որ հունվար-փետրվար ամիսներին խորհրդարանում հյուրընկալել ենք Արցախ ժամանած օտարերկրյա պատվիրակությունների և անհատ քաղաքական ու հասարակական գործիչների, մասնավորապես՝ հունվարի 25-ին խորհրդարանում հյուրընկալվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը: Հունվարի 26-ին Արցախի Հանրապետություն - Եվրախորհրդարան բարեկամական խմբի անդամները հանդիպում են ունեցել Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնի գլխավորած պատվիրակության հետ, փետրվարի 2-4-ը աշխատանքային այցով Արցախում էր գտնվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների պատվիրակությունը: Ավանդույթի համաձայն մեր հայաստանյան գործընկերներին հյուրընկալել ենք խորհրդարանում և, իմ գնահատմամբ, ունեցել ենք արդյունավետ քննարկումներ խորհրդարանական գործունեության տարբեր ուղղություններով:
Հարգելի գործընկերներ, 7–րդ նստաշրջանի ընթացքում մենք շարունակելու ենք սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված երկրի ներքին օրենսդրությունը մայր օրենքին համապատասխանեցնելու գործընթացը: Եվ այս առումով ունենալու ենք օրենսդրական նախագծերով հագեցած օրակարգ, ուստի այս նստաշրջանում ևս բոլորիս մաղթում եմ եռանդուն և արդյունավետ աշխատանք: Այսքանը որպես ներածական խոսք Ազգային ժողովի նախընթաց գործունեությունն ամփոփելու համար, և այժմ պիտի խնդրեմ պատգամավորներին գրանցվել՝ նստաշրջանի աշխատանքները սկսելու համար:
Գրանցում:
Գրանցման արդյունքներով ներկա են 28 պատգամավորներ, բացակա են 5-ը, մեր գործընկերներից և' առողջության պատճառով, և' գործուղման մեջ են գտնվում, բոլորի բացակայության պատճառներն էլ հայտնի են, 28 պատգամավորներ ներկա են, և ինձ վերապահված լիազորությամբ 6–րդ գումարման Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանը հայտարարում եմ բացված:
Հնչում է հիմնը:
Հերթական՝ 7-րդ նստաշրջանը, բացված է, և մենք, ինչպես Ազգային ժողովի կանոնակարգն է ենթադրում և պահանջում, մեր աշխատանքները սկսում ենք Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող հարցերի քննարկումից և դրանից նաև օրակարգ կազմելուց: Ի դեպ, մենք հունվարի ընթացքում նաև տպագրել ենք միասնական ձևով Կանոնակարգը, «Ազգային ժողովի աշխատակարգը» և «Պատգամավորի երաշխիքների մասին» օրենքը, կարծում եմ, դա պրակտիկ կողմից մեզ համար ավելի հեշտ կլինի օգտվել մեր օրենսդրական բազայից:
Հարգելի' գործընկերներ, ձեր քննարկմանն է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Ազգային ժողովի 6–րդ գումարման 7-րդ նստաշրջանի օրակարգի մասին: Մենք աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկել ենք, այս պահի դրությամբ պետք է ասենք, որ օրենսդրական նախաձեռնությունների մասով, կարծես թե օրակարգը սուղ է, բայց մենք արդեն նույնիսկ այս քննարկումից հետո ստացել ենք որոշ նախագծեր, որոշ նախագծեր ընթացքի մեջ են, որոնց եզրակացությունները պիտի ստանանք, և երևի թե այս պահի դրությամբ ինչ որ ունենք պահանջների համաձայն, ինչ որ կանոնակարգն է ենթադրում, մենք նստաշրջանի օրակարգի համար այս պահին առաջարկել ենք 3 հարց: Ուրեմն, Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի դատավոր նշանակելու մասին հարցն է, Քաղաքացիական ծառայության խորհրդի 2017թ. գործունեության մասին տեղեկություններն են և Արցախի Հանրապետության դատախազության 2017թ. գործունեության մասին հաղորդումն է: Առայժմ դրանք են ըստ պատրաստվածության արդեն արժանի և ենթակա նստաշրջանի օրակարգի համար, և մենք դրանք ներկայացրել ենք ձեր քննարկմանը, իհարկե, հաջորդ նիստի ընթացում մենք ունենալու ենք համալրում՝ հաշվի առնելով այս ընթացքում ստացած և արդեն պատրաստության վիճակը: Հարցեր կա՞ն նստաշրջանի օրակարգի հետ կապված: Չկան: Եթե չկան առաջարկում եմ քվեարկել Ազգային ժողովի որոշման համար 7–րդ նստաշրջանի օրակարգը հաստատելու մասին:
Քվեարկություն:
Կողմ 28,
դեմ չկա,
ձեռնպահ՝ նույնպես:
Նստաշրջանի օրակարգը հաստատված է և, հիմք ընդունելով այս հաստատված նստաշրջանի օրակարգը, այսօրվա լիագումար նիստի համար առաջարկում է այնպիսի օրակարգ, որը նույնպես ձեր տրամադրության տակ կա քիչ առաջ իմ նշած այս 3 հարցերը, որոնք պատրաստ են, մեր այսօրվա լիագումար նիստի օրակարգում ընդգրկված են Գերագույն դատարանի դատավոր նշանակելը, քաղծառայության խորհրդի տեղեկությունները, դատախազության հաղորդումը և այսօրվա լիագումար նիստին, ինչպես կանոնակարգով տրամադրում է այդ հնարավորությունը, մենք միացրել ենք նաև Ազգային ժողովում նախագահի և Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանը, որը փետրվար ամսին անպայման կա, պատգամավորների հայտարարությունները, այսինքն մենք ունենք 3 խմբի հարցեր, բայց ընդհանուր առմամբ՝ 5 և, ես ուզում եմ նաև օգտվել կանոնակարգի ընձեռած հնարավորությունից և կանոնակարգի 90–րդ հոդվածի համապատասխան ուզում եմ նաև այսօրվա օրակարգին ավելացնել Ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկով հայտարարությունը: Դա սումգայիթյան իրադարձությունների ոճրագործության 30-րդ տարելիցի հետ կապված Ազգային ժողովի հայտարարության նախագիծն է, մենք օրեր առաջ ենք դա քննարկել, և խմբակցությունները տեղյակ են դրա մասին, բայց քանի որ մինչև վերջին պահը երեկ մենք դեռ քննարկում էինք, որոշեցինք, որ երևի, ըստ պատրաստվածության, այս ձևով Ազգային ժողովի նախագահի կողմից ներկայացվող հայտարարության ֆորմատով, ձևաչափով ենք այն ներկայացնելու, ուրեմն այն, ինչ որ ձեր տրամադրության տակ կա՝ գումարած Ազգային ժողովի հայտարարությունը: Ահա այսպիսի օրակարգ է առաջարկվում այսօրվա լիագումար նիստի համար: Հարցեր կա՞ն: Հարցեր չունենք: Քվեարկության է ներկայացվում Ազգային Ժողովի որոշման նախագիծը՝ Ազգային ժողովի 2018 թվականի փետրվարի 28-ի նիստի օրակարգի մասին:
Քվեարկություն:
Կողմ՝ 28,
դեմ չկա,
ձեռնպահ՝ նույնպես:
Օրակարգը հաստատված է: Մինչև օրակարգային հարցերին անցնելը՝ ես ուզում եմ հայտարարել, որ այսօրվա մեր լիագումար նիստին մասնակցում են Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի քաղաքագիտություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները, ովքեր փետրվարի 26-ից Ազգային ժողովում անցնում են իրենց արտադրական փորձ-ուսուցումը: Ողջունենք մեր երիտասարդ բարեկամներին, և, կարծում եմ, սա միայն սկիզբ է, եթե լավ ծանոթանաք և ձեզ համար ընկալելի լինի, իհարկե հետագայում ձեր գործունեությունը կարող եք կապել խորհրդարանի հետ: Օրակարգը նույնպես որոշակի կառուցվածք ունի, 1-ին խումբ հարցերի մեջ մտնում են պարտադիր քննարկվող հարցերը, այդ շարքում մենք ունենք Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի դատավոր նշանակելու մասին հարցը, հիմա այդ հարցի քննարկումն ենք սկսում: Մինչև հարցին անդրադառնալը, ըստ հերթականության, ուզում եմ պատգամավորներին հիշեցնել, որ Ազգային ժողովում Գերագույն դատարանի դատավոր, ինչպես նաև մյուս ատյանի դատավորների նշանակումը կատարվում է կանոնակարգի 121-րդ հոդվածին համապատասխան, պաշտոնում ընտրվելու կամ նշանակելու մասին հարցերի քննարկման ընդհանուր ընթացակարգով, որը ենթադրում է, որ պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերն Ազգային ժողովում նիստում քննարկվում է հետևյալ ընդհանուր կարգով՝ մինչև 10-ական րոպե տևողության ելույթներով, ըստ թեկնածուների ազգանվան այբբենական հաջորդականության հանդես են գալիս թեկնածուներին ներկայացնելու իրավասություն ունեցող անձինք, մինչև 20-ական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս թեկնածուները: Թեկնածուն ներկայացնող անձը և թեկնածուն ելույթ են ունենում հաջորդաբար, ելույթից հետո թեկնածուին ներկայացվող անձին և թեկնածուին կարող են հարցեր տրվել, որից հետո մտքերի փոխանակություն, մինչև 10-ական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբ հանդես են գալիս թեկնածուները: Թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչև եզրափակիչ ելույթների ավարտը, պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու մասին հարցերը կարող են Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում կամ նիստում քննարկվել թեկնածուների առաջադրման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո և 125-րդ հոդվածով սահմանված կարգով: Դատավորի նշանակման կարգը այսպիսինն է. դատարանի նախագահները և դատավորները նշանակվում են Ազգային ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ դատարանների նախագահների, դատավորի նշանակման հարցը քննարկվում է կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով՝ թեկնածուի առաջադրումից հետո Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում թեկնածուին ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը: Դատավորների նշանակմանը վերաբերվող մանրամասները սահմանվում են դատական օրենսգրքով: Այս կարգը նույնպես մենք ունենք Արցախի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածով, կարծում եմ՝ դա նորից կրկնություն կլինի ներկայացնելը, այսպիսինն է ընդհանուր մեր կարգը, և ես հիմա ուզում եմ մեր օրակարգով սահմանված հերթականությամբ, Գերագույն դատարանի դատավոր նշանակելու հարցի մասին հարցով հրավիրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ տիկին Գայանե Գրիգորյանին: Խնդրեմ:
Գայանե Գրիգորյան - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 145-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը, որը սահմանում է, որ դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակում կատարելու համար Ազգային ժողովին թեկնածու է ներկայացնում Բարձրագույն դատական խորհուրդը, այսօր ձեր նշանակմանն ենք ներկայացնում Կարեն Բորիսի Ղարայանի թեկնածությունը: Կարեն Բորիսի Ղարայանին վերաբերող անհրաժեշտ տեղեկությունների փաթեթը տրամադրվել է ձեզ, ուղղակի անհրաժեշտ եմ համարում մեկ անգամ ևս շեշտել, որ նա այսօր զբաղեցնում է Վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը և, որ դատավորի պաշտոնում Կարեն Բորիսի Ղարայանի պաշտոնավարման տարիները 18 տարուց ավելի են:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցեր ունե՞ք տիկին Գրիգորյանին՝ քիչ առաջ հիշեցված կարգով: Հայկ Խանումյան: Խնդրեմ:
Հայկ Խանումյան - Տիկին Գրիգորյան, ինչի՞ դատավորի թեկնածություններ ներկայացնելու համար մեկ տեղի համար մեկ թեկնածու եք ներկայացնում, ինչի՞ մի քանի թեկնածու չեք ներկայացնում, որպեսզի ընտրության հնարավորություն լինի:
Գայանե Գրիգորյան - Ուրեմն այդ կարգը սահմանվում է Արցախի Հանրապետության դատական օրենսգրքով, դատական օրենսգրքով ներկայացվում են թեկնածուները, ներկայացվում են դիմումներ, մենք ունեցանք թափուր տեղ, քանի որ դատավոր Գրետա Արզումանյանն անցավ կենսաթոշակային տարիքի և ունեցանք մեկ դիմում, հետևաբար Բարձրագույն դատական խորհուրդը քննարկեց այդ դիմումը, գտավ որ համապատասխանում է թեկնածուն և ներկայացնում ենք ձեր նշանակմանը, եթե լինեին այլ դիմումներ, իհարկե կներկայացնեինք, կքննարկեինք:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Ուրիշ հարցե՞ր: Չկան: Շնորհակալություն, տիկին Գրիգորյան: Կարող եք նստել:
Գայանե Գրիգորյան - Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Դատավորներին նշանակման կարգին համապատասխան, այն, ինչ որ քիչ առաջ ներկայացրել ենք, ես հիմա ուզում եմ հրավիրել Գերագույն դատարանի դատավորի համար ներկայացված թեկնածու Կարեն Բորիսի Ղարայանին: Խնդրեմ, պարոն Ղարայան:
Կարեն Ղարայան - Հարգելի' պատգամավորներ, ես՝ Կարեն Բորիսի Ղարայանս, ծնվել եմ 1964թ. Ստեփանակերտ քաղաքում, ավարտել եմ թիվ 3 միջնակարգ դպրոցը, աշխատել Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես ֆրեյզերագործ, 1983-1985թթ. ծառայել եմ խորհրդային բանակում՝ որպես հատուկ կապի մասնագետ, 1985թ. ընդունվել եմ Ադրբեջանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1988թ. փոխադրվել Երևանի պետական համալսարանը, 1990-ին՝ ավարտել, անցել աշխատանքի պետական նոտարական գրասենյակում՝ որպես պետ-նոտար: Մասնակցել եմ ազատագրական շարժմանը, 1992-1994թթ. հանդիսացել եմ զինվորական տրիբունալի նախագահ, այնուհետև Ստեփանակերտի իրավաբանական կենսուլտացիայի վարիչ եմ աշխատել, անցել փաստաբանական գործունեության, 1996-1997թթ. աշխատել եմ ԼՂՀ դատախազության կետրոնական համակարգում, որպես դատախազ-քրեագետ, այնուհետև անցել եմ աշխատանքի հարկային պետական վարչությունում, որպես իրավաբանական և օպերատիվ վարչության պետ, այնուհետև մաքսային հսկողության բաժնի պետ, 1998թ. նորից եմ անցել փաստաբանական գործունեության, 2002թ. Ազգային ժողովի կողմից նշանակվել եմ Գերագույն դատարանի դատավոր, 2012թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել եմ վերաքննիչ դատարանի նախագահ և մինչև հիմա զբաղեցնում եմ նշված պաշտոնը: Ամուսնացած եմ, ունեմ 2 երեխա: Աղջիկս ուսանողուհի է, տղաս ծառայում է բանակում: Այդքանը:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցեր ունե՞ք պարոն Ղարայանին: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Ղարայան: Մենք հնարավորություն ենք ունեցել և երեկ, և նախորդ օրերին Ազգային ժողովի խմբակցությունները առանձին-առանձին հանդիպումներ են ունեցել պարոն Ղարայանի հետ, այնպես որ, եթե հարցեր եղել են, կարծում եմ այդ հանդիպումներին նույնպես դրանք քննարկվել են: Շնորհակալություն: Կարող եք նստել: Այս պահին մենք կանոնակարգով սահմանված ընթացակարգով ունենք մտքերի փոխանակություն, եթե կա ցանկություն ելույթների՝ խնդրեմ: Հայկ Խանումյան: Ուրի՞շ: Չկա: Ելույթի համար խոսքը տրվում է պատգամավոր Հայկ Խանումյանին:
Հայկ Խանումյան - Հարգելի ներկաներ: Պարոն Ղարայանի հետ հանդիպել եմ, մինչև այդ պարոն Ղարայանի մասին նաև կարծիքներ եմ հավաքել թե փաստաբաններից և թե հանրությունից, ինձ մոտ մեր զրույցը բավականին հաճելի տպավորություն է թողել, նախօրոք ասեմ, որ ես կողմ եմ քվեարկելու, բայց այս ելույթում ուզում եմ խոսել ընդհանուր խնդիրների մասին, հավանաբար մենք ընդօրինակելով հայաստանյան մոդելը դատական ատյանների, ստեղծել ենք մի իրավիճակ և ունենք բավականին թերբեռնված դատարաններ և հնարավորություն չենք տալիս առաջին ատյանից հետո բողոքարկման գործընթացը լիարժեք դարձնել, այսինքն ամբողջ ծավալով գործի քննության խնդիրներ են առաջանում, կարծում եմ, որ մեր դատարանները այնքան քիչ են ծանրաբեռնված, և թե վերաքննիչը, թե վճռաբեկ դատարանի ատյանները կարող են գործը ամբողջ ծավալով նորից քննել, կարծում եմ օրենսդրական փոփոխությունների կարիք ունենք այս առումով, 2-րդ բողոքները, որ հնչում են, դա Գերագույն դատարանի կողմից հատկապես քրեական գործերով վարույթ չընդունելն է, ահագին գործեր վարույթ չեն ընդունում, դատավոր Ղարայանը դա մեկնաբանեց նրանով, որ եթե 1-ին և 2-րդ ատյանը համանման որոշումներ են կայացնում, ապա Գերագույն դատարանը որոշում է վարույթ չընդունել, սակայն կարծում եմ, որ հնարավորություն պետք է տալ մեր քաղաքացիներին մինչև վերջ իրենց հուզող հարցերին պատասխանեն դատական բոլոր ատյաններում, ամբողջական քննության տեսքով ստանան: Հետևաբար խնդիրները, լուրջ խնդիրներ կան արդարացման տոկոսների հետ կապված, վիճակահանությունը, վիճակագրությունը ցույց են տալիս, որ մեր դատարանները հակված չեն արդարացման վճիռներ կայացնելու, բավականին ցածր է տոկոսը: Սա նույնպես հասարակության մեջ դատարանների նկատմամբ վստահության խնդիր է առաջացնում, հետևաբար, կարծում եմ այստեղ, ընդհանուր առմամբ, դատական ոլորտի վերաբերյալ լուրջ քննարկում կազմակերպելու և նոր մոդելներ ընտրելու հարց է առաջանում՝ հավելած այս ամենին, որ մեր դատարանները համեմատած հայաստանյան դատարանների՝ գտնվում են խիստ թերբեռնված վիճակում: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Այն խնդիրները, որ պարոն Խանումյանը բարձրացրեց, իհարկե մենք գիտենք, որ դրանց մի մասը մեր առօրյայում կա, բայց դատավորի ներկայացման հարցը, թերևս, լավագույն առիթը չի, որ մենք դատական համակարգի խնդիրների մասին խոսենք, ես կարծում եմ, որ դատարանի ներկայացուցիչները ավելի տեղյակ են և դրա մասին կարող են իրենց փաստարկները ներկայացնել, թերևս այս պահին փորձենք դատավորի թեկնածուի հետ կապված հարցին անդրադառնալ, ընդամենը մի հայտ է եղել՝ մենք լսեցինք, նաև՝ մտքերի փոխանակությունը, ես ուզում եմ մինայն ավելացնել, որ այն, ինչ որ մենք առաջարկել ենք նոր Սահմանադրությամբ, դատական նոր օրենսգրքով՝ դրանք նույնպես միտված են դատական համակարգում, այսպես ասած՝ թերությունները վերացնելուն և դրական միտումներ, լիցքեր հաղորդելուն, բայց քանի որ դա հենց նոր է ընդունվել, կարծում եմ և դատական համակարգում կադրային այս փոփոխությունները նույնպես ուղղված են նրան, որպեսզի մենք կարողանանք ճիշտ ձևով օգտագործել և նոր Սահմանադրության, և դատական համակարգին վերաբերող օրենսդրական կարգավորումները: Մենք այս մասն էլ ավարտեցինք, այժմ եզրափակիչ խոսքերի համար է տրվում հնարավորություն, եթե կան այդպիսիք՝ նույն հաջորդականությամբ, կա՞ ցանկություն եզրափակիչ խոսքերի, պարոն Ղարայան: Չկա՞: Շնորհակալություն: Մենք եզրափակիչ խոսքերի հայտեր չունենք, այժմ մենք պետք է պարզապես կատարենք հաջորդ քայլը՝ պաշտոնում ընտրելու և նշանակելու հարցը տեղափոխվելով գաղտնի քվեարկության հարթակ: Մենք դա անում ենք Ազգային ժողովի ճեմասրահում, ես ուսանողներին եմ փորձում մի քիչ ավելի բացատրել՝ ոնց է լինելու, հիմա մենք ընդմիջելու ենք մեր աշխատանքները, գնանք գաղտնի քվեարկության, որից հետո՝ հաշվորդ հանձնաժողովը. եթե հայտարարություն լինի, տիկին Դադայան, կարգը պարզ է, չէ՞, բացատրելու կարիք կա՞, մենք նոր կանոնակարգով, նոր քվեարկության կարգ ենք մտցրել, ոչ թե ջնջում ենք անունները, այլ անվան դիմաց, «կողմ եմ» նշանի դիմաց դնում ենք քվեարկելու նշանը: Սա է կարգը, եթե հարցեր կան հաշվորդ հանձնաժողովի հետ կապված՝ չկան: Շնորհակալություն: Այժմ մենք գնում ենք գաղտնի քվեարկության՝ Գերագույն դատարանի դատավորի ընտրության համար: Շնորհակալություն: Խնդրում եմ շատ չհեռանալ, որպեսզի արագ կատարենք:
Աշոտ Ղուլյան - Հարգելի գործընկերներ, շարունակում ենք այօրվա լիագումար նիստի աշխատանքները և քիչ առաջ մենք գաղտնի քվեարկություն ենք անցկացրել Գերագույն դատարանի դատավորի նշանակման հարցով, այժմ ես հրավիրում եմ Ազգային ժողովի հաշվորդ հանձնախմբի նախագահ պատգամավոր Ռոմելա Դադայանին՝ ներկայացնելու գաղտնի քվեարկության արդյունքները: Խնդրեմ, տիկին Դադայան:
Ռոմելա Դադայան - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Գերագույն դատարանի դատավոր նշանակվելու համար առաջարկվել է Կարեն Բորիսի Ղարայանի թեկնածությունը, նրա ազգանունը ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում, քվեարկությանը մասնակցել է 28 պատգամավոր: Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը, հաշվիչ հանձնախումը պարզեց՝ քվեատուփում առկա է 28 քվեաթերթիկ, որոնցից անվավեր ճանաչված քվեաթերթիկ չկար, ձայները բաշխվել են հետևյալ կերպ
կողմ՝ 28,
դեմ չկա:
Հնչում է ծափահարություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Ինձ մնում է հրապարակել Ազգային ժողովի որոշումը, հենց այդ ձայների հարաբերակցությունը հիմք է, որպեսզի Ազգային ժողովի որոշումը հրապարակվի: Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է Կարեն Բորիսի Ղարայանին նշանակել Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի դատավոր: Պարոն Ղարայան, շնորհավորում ենք, մաղթում ենք ամենայն հաջողություններ և, կարծում եմ, այսօրվա մեր այս կարճատև քննարկումն էլ Ձեզ համար շատ լավ նախահիմք է, որպեսզի Ձեր գործունեության ընթացքում առաջնորդվեք Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված: Դուք մեր դատական համակարգի երկարակյացներից մեկն եք և ես վստահ եմ, որ ամեն ինչ լինելու է մեր ժողովրդի պահանջներին համապատասխան: Շնորհավորում ենք և հաջողություն մաղթում: Խնդրեմ:
Պարոն Ղարայանը երդում չի տալիս, որովհետև ինքը առաջին անգամ չի դատավոր, առաջին անգամ դատավոր նշանակվող մեր պաշտոնյաներն են միայն երդում տալիս և ստորագրում: Շնորհակալություն: Եթե ցանկություն կա՝ կարող եք արդեն գնալ, Ձեզ վերաբերող հարցերն արդեն սպառվել են: Ցտեսություն:
Հարգելի գործընկերներ, մենք անցնում ենք օրակարգային հաջորդ հարցին, քանի որ քիչ առաջ ներկայացված թեման՝ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, նույնպես պարտադիր քննարկվող հարցերից է, այժմ օրակարգով մենք դրան ենք անդրադառնալու:
Վահրամ Բալայան - Հարգելի գործընկերներ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն Սումգայիթ քաղաքում հայ ազգաբնակչության կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության տեքստի նախագիծը ներկայացնելու համար խոսքը տանք Ազգային ժողովի նախագահ պարոն Ղուլյանին:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Բալայան: Ազգային ժողովի հայտարարությունը, իհարկե, հիմա որպես նախագիծ եմ ես ներկայացնում Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ:
1988 թվականի փետրվարի 27-29-ը, Բաքվից ընդամենը 20 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքի հայ բնակչության հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվել է կոտորած և բռնի տեղահանություն։ Նախապես ծրագրված վայրագություններին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, մեծամասամբ՝ կանայք, երեխաներ և ծերեր, հազարավոր հայեր զանգվածային բռնություններով տեղահանվել են, իսկ նրանց պատկանող գույքը՝ հափշտակվել։ Սումգայիթում կազմակերպված հանցագործությունը ադրբեջանական իշխանությունների՝ Նախիջևանի օրինակով խտրականության, էթնիկ զտումների և հայաթափման խորհրդային տարիներին անպատիժ իրագործվող քաղաքականության հերթական դրսևորումն էր, որը շարունակվեց Բաքվում, Գանձակում, Հյուսիսային Արցախի մյուս հայկական բնակավայրերում։ Այդ վայրագություններով Բաքվի իշխանությունները սպառնում էին իր իրավունքների պաշտպանության համար ոտքի ելած արցախահայությանը՝ պատանդ դարձնելով Արևելյան Անդրկովկասի հայությանը: Մինչդեռ այդ օրերին Արցախում ծավալվող համաժողովրդական ազատագրական պայքարը կոչված էր վերջ դնելու հայ մարդու ազգային արժանապատվության հանդեպ ոտնձգություններին և ադրբեջանական իշխանությունների ցեղասպան քաղաքականությանը: Հարգելով սումգայիթյան եղեռնագործությանը զոհ դարձած անմեղ հայերի հիշատակը և համոզված լինելով, որ պետական մակարդակով իրականացված հայ բնակչության ջարդերն ու կոտորածը անպատիժ թողնելը հանգեցրեց զանգվածային նոր հանցագործությունների և Ադրբեջանի կողմից նորանկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի դեմ պատերազմի՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության ցանկացած դրսևորում, գտնում է, որ պաշտոնական Բաքուն ցայսօր շարունակում է լինել ցեղասպանության քաղաքականության կրողը, որի վերջին վկայությունը 2016թ. ապրիլին Արցախի քաղաքացիական բնակչության հանդեպ իրականացված հանցագործություններն են, վերահաստատում է, որ Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու բռնությունների և տեղահանման ենթարկված ադրբեջանահայության իրավունքների վերականգնման ու պաշտպանման գործում, կոչ է անում խորհրդարանական կառույցներին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերի ու կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ դատապարտել Բաքվի կողմից ադրբեջանահայության դեմ իրագործած ցեղասպանական ակտերը:
28 փետրվարի, 2018թ. ք. Ստեփանակերտ
Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Մենք այս հայտարարությունը ներկայացրել ենք որպես նախագիծ և, եթե Ազգային ժողովի պատգամավորների մոտ կան հարցեր և առաջարկություններ, մենք կարող ենք կարճ քննարկում կազմակերպել, որից հետո, քանի որ Ազգային ժողովի հայտարարություն է՝ այն ընդունվելու է քվեարկությամբ: Խնդրեմ, հարցեր: Գագիկ Բաղունց:
Գագիկ Բաղունց - Զուտ տեխնիկական դիտողություն՝ բոլոր աղբյուրների համաձայն Սումգայիթ քաղաքը գտնվում է Բաքվից 35 կմ հեռավորության վրա:
Աշոտ Ղուլյան - Շատ լավ, բայց կարծում եմ դա որևէ էական բան չի փոխի: Կճշտենք: Ուրիշ հարցեր կա՞ն: Խնդրեմ, Արպատ Ավանեսյան:
Արպատ Ավանեսյան - Ես էլ եմ միանում Բաղունցի ասածին: Ընդհանրապես այդ բառը ավել է Բաքվից 20 կմ հեռու, պիտի հանեիք այդ բառը, 2-րդը գալիս եմ ադրբեջանահայություն. սա հայի նոր տեսակ է, ինչ եք ուզում ասել, Ադրբեջանի Հանրապետությունում ապրող հայերի մասին չի՞ խոսքը, դրանց ոնց կարելի է ադրբեջանահայություն ասել. մի հատ փորձեք, որպեսզի իմ ասածում համոզվեք, փորձեք այդ տերմինը օգտագործել անգլերեն կամ ռուսերեն: Տեսեք ստացվում է, թե ոչ:
Աշոտ Ղուլյան - Երբ որ ասում ենք վիրահայություն, ինչ ենք նկատի ունենում. Վրաստանի տարածքում ապրող հայերին է վերաբերվում:
Արպատ Ավանեսյան - Եթե խոսքը վերաբերվում է հայ էթնիկ հայերին, հայը մեկ է, թե հիմա որտեղ կապրեն՝ Չինաստան, Ճապոնիա…
Աշոտ Ղուլյան - Պարոն Ավանեսյան, հասկանալի է, մենք նախորդ բոլոր տարիներից, որպեսզի կարողանանք տարբերակել, որ Ադրբեջանում ապրող հայությունը պետություն ստեղծող ազգերից մեկն է եղել, հատուկ ընդգծում ենք:
Արպատ Ավանեսյան - Դրա համար պետք է լինի Ադրբեջանում բնակվող, ապրող հայերի մասին, ոչ թե ադրբեջանահայություն, այսինքն մի բան, որի հիմքում եղել է հայերի հետ ու էդ քոչվորները եկել են...
Աշոտ Ղուլյան - Ադրբեջանում ապրող հայությունը կարող է նաև հետո այնտեղ մտցված լինի:
Արպատ Ավանեսյան - Ա չէ, չէ, սա հայերեն չի:
Աշոտ Ղուլյան - Ուրիշ: Լեռնիկ Հովհաննիսյան, խնդրեմ:
Լեռնիկ Հովհաննիսյան - Պարոն Ղուլյան տեքստի, հետ կապված պարոն Բաղրյանը բավականին ճիշտ և տրամադրական դիտողություններ է արել քննարկման ժամանակ և կոնկրետ խոսքը վերաբերվում է Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածներին, մեզ այսօր տրված տեքստում նորից պահպանվել է նույնը, այսինքն ինչպես է հիմնավորվում դա, որ չի՞ ընդունվել պատգամավորի առաջարկը, թե ոնց:
Աշոտ Ղուլյան - Մենք 2 օր առաջ, շատ ճիշտ է նկատում պարոն Հովհաննիսյանը, քննարկում ենք արել, ով որ առաջարկություններ ունեցել է, փորձել ենք մտցնել, տեսեք նաև պարոն Ավանեսյանի առաջարկության հետ է կապված, քանի որ սա քաղաքական հայտարարություն է, մենք, իհարկե տերմինների մասով կարող ենք շատ տարբերակներ գտնել, ինչ է դա՝ ոճրագործություն, վայրագություն, գազանություն, բայց ցեղասպանությունը, հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին միջազգային կոնվենցիայում հստակ ձևակերպումներ կան, թե ինչն է ցեղասպանություն որակում, և այստեղ գրված է, որպեսզի մենք այս հիմնավորումները որակենք կոտորած, զանգվածային ջարդեր, բռնություններ և այլն: Այդ ոճրագործությանը կարող ենք մենք տարբեր որակումներ տանք: Մենք խոսել ենք պարոն Բաղրյանի հետ և համաձայնության եկել:
Լեռնիկ Հովհաննիսյան - Եվ 2-րդը վերաբերվում է Արևելյան Անդրկովկաս և Արևելյան Այսրկովկաս: Չի ընդունվել այդ առաջարկը մեր կողմից:
Աշոտ Ղուլյան – Չէ, որովհետև մի քիչ ականջին էլ պետք է համահունչ լինի, սրանք գիտական տերմինալոգիայում օգտագործվող տերմիններ են՝ հասկացություններ, փորձենք, եթե մի քիչ ավելի շատ տարածենք, օգտագործենք, քաղաքական տեքստերի մեջ կմտնի:
Լեռնիկ Հովհաննիսյան - Մենք օգտագործում ենք, դրա համար էլ առաջարկել ենք, որ փոխեք Արևելյան Այսրկովկաս:
Աշոտ Ղուլյան - Խնդրեմ, Վիլեն Սաֆարյան:
Վիլեն Սաֆարյան - Ես որպես աշխարհագրական անվանումների վերափոխման և անվանակոչման գործող հանձնաժողովի նախագահ, խոստանում եմ, որ մեր առաջիկա նիստում Անդրկովկասի փոխարեն մենք առաջարկելու ենք Այսրկովկաս տերմինը:
Աշոտ Ղուլյան - Խնդրեմ:
Էդուարդ Աղաբեկյան - Պարոն Ղուլյան, յուրաքանչյուր տարի ընդունում ենք դատապարտող հայտարարություն, քաղաքական հայտարարություն, երբ է գալու այն ժամանակը, որ խոսքից անցնենք գործի, մեկի տեղ ունենք երկու պետություն, ժամանակը կարծում եմ, վաղուց անցել է, որ կազմակերպիչներին պետականորեն ընդհուպ մինչև խորհրդային համակարգի ղեկավարությանը, թե ինտերպոլով, և թե ինչով, քրեական գործերով, էսմեկ-էնմեկ հետապնդել: Չարեցինք դա, ժամանակին ցեղասպանություն չճանաչեցինք, արդյունքում Խոջալուով հակադարձվում ու ինչքան էլ ասում ենք չէ-չէ, բայց բավականին տեղեր հաջողությունների են հասնում: Հաջորդը եղավ Մարաղան, որի կազմակերպիչը անմիջապես հատուկ ջոկատայինների հրամանատարը Ադրբեջանի թիվ մեկ ազգային հերոսն է, որն ազատորեն ման է գալիս այժմ Շվեցիայում: Կոնկրետ գործենք, պետությունը, կարծում եմ, ժամանակն է, որ կոնկրետ գործողությունների անցնի, ոչ թե անատամ հայտարարություններ անի: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շատ լավ, ես համաձայն եմ, որ պետք է կարողանանք կոնկրետություն մտցնել, բայց քաղաքական հայտարարության մեջ քրեական հետապնդում կամ քրեական պատիժ, բան անելը մի քիչ ուրիշ է, խնդրեմ, փորձենք, թե լսումների միջոցով է, մեր իրավապահ համակարգի հետ համապատասխան աշխատանքի միջոցով է՝ անենք, բայց քաղաքական հայտարարության մեջ քրեական հոդված կամ հետապնդում, կամ պատիժ սահմանելը մի քիչ ուրիշ է, էն, ինչ որ մենք գրում ենք, լրիվությամբ հիմնավորում է, որ իրականում Սումգայիթում իրականացվածը ցեղասպանություն է և, ըստ միջազգային կոնվեցիաների և ներքին օրենսդրության, դրանք արժանի են դատապարտման, դատապարտել նշանակում է ճանաչել և գնահատական տալ:
Էդուարդ Աղաբեկյան – Չէ, դե, եթե Հայաստանը ընդունում է էդ նույնը, որ դա ցեղասպանություն է, միանգամից դաշտը բավականին բացում է, էլ Հայաստանը ագրեսոր չի դառնում, օկուպանտը դառնում Ադրբեջանը, այլապես ինքնորոշման իրավունքի մասին հայտարարությունը… Իսպանիայի թագավորին կամ Անգլիայի թագուհուն գրադ չունի խփելու Կատալոնիային կամ Շոտլանդիային…
Աշոտ Ղուլյան - Շատ լավ, երբ որ խոսքը վերաբերվում է հայ ժողովրդի ցեղասպանությանը, լինի դա 15 թվականին, թե Ադրբեջանում հետագայում իրականացված այդ ոճրագործություններին, խնդիրը ոչ թե մեր կողմից գնահատելը և ցեղասպանություն ճանաչելն է, այսինքն երբ որ մենք ասում ենք դա ցեղասպանություն է, դե դուք ասել եք մեր խնդիրը նա է, որպեսզի մենք այս հայտարարություններով դրդենք, ուղղորդենք և հիմքեր տանք, հիմնավորումներ տանք, որպեսզի միջազգային իրավապաշտպան կառույցները և խորհրդարանական կառույցները իրենց գնահատականը տան և ցեղասպանություն որակեն: Սա է ամբողջ խնդիրը: Արթուր Թովմասյան:
Էդուարդ Աղաբեկյան - Կամ էլ կոֆեի հետ արտասահմանում այլ բան խմեն…
Արթուր Թովմասյան - Աշոտ Վլադիմիրովիչը հստակ պատասխանեց, որ սա քաղաքական հայտարարություն է և ես համամիտ եմ, ես հիմա պատգամավորների ուշադրությունն եմ ուզում հրավիրել հետևյալ նախադասության վրա, ես՝ և իմ, և Ռուդիկ Լևոնովիչի անունից եմ ասում, որովհետև երկուսով զրուցել ենք, մերոնք արդեն գրքեր են հրատարակում, ֆիլմ, ասենք՝ լավ, Սումգայիթում ցեղասպանություն էր, բա Բաքվում ինչ էր եղել, բա Մարաղայում, պարոն Աղաբեկյան, համամիտ եմ: Սա 1915թ. ցեղասպանության օրգանական շարունակությունն է, մենք այս ամբողջը մի կոնտեքստում այդպես ենք տեսնում և բոլորը, ինչ որ ասում եք՝ կա, էդ նախադասությունը կարելի է գրած, ավելի հզոր: Պաշտոնական Բաքուն ցայսօր շարունակում է լինել ցեղասպանության քաղաքականության կրողը, սրանից հզոր նախադասություն, շարունակում է լինել ցեղասպանության քաղաքականության կրողը: Կարծում եմ, որպես քաղաքական հայտարարություն, նորմալ հայտարարություն է:
Աշոտ Ղուլյան - Շատ լավ: Վարդգես Բաղրյան:
Վարդգես Բաղրյան - Շնորհակալություն: Ասում ենք, չէ՞, օգտագործում ենք տեքստի մեջ այդ տերմինները, խոսքը նրա մասին է, որ եկեք հենց հայտարարության վերնագրի՝ վերնագիր ասեմ, գլխագիր ասեմ, այստեղ էլ ասենք «սումգայիթյան ցեղասպանություն» կամ «ոճրագործություն», ինչի՞ ենք թուլացնում, վերջիվերջո կվինտեսենցիան սրա մեջ է, մենք, այսպես թե այնպես, օգտագործում ենք, հիմա պատճառաբանենք, թե դա քաղաքական հայտարարություն է, չէ՞ որ տեքստում ունենք դա, հետո այնպես չէ, որ ես կարծիքս փոխել եմ, ես դեմ եմ կոտորած բառին, կոտորածը լավ բառ չի:
Աշոտ Ղուլյան - Որ դուք դեմ եք, դա չի նշանակում, որ միջազգային տերմինաբանությունը դուրս եք մղում, պարոն Բաղրյան:
Վարդգես Բաղրյան - Որ վերջին նախադասության մեջ հայ բնակչության զանգվածային ջարդերի և կոտորածի… ասենք, պարտադիր է, նորից կոտորած բառը էստեղ դնենք... զանգվածային ջարդերը կոտորած չեն:
Աշոտ Ղուլյան - Պարոն Բաղրյան, մենք խոսել ենք դրա մասին և հիմա նորից վերադառնում ենք և ես դեմ չեմ, որ նորից քննարկենք, ոչ էլ որևէ պատճառաբանություն ենք բերում, որ սա քաղաքական հայտարարություն է, իհարկե քաղաքական հայտարարություն է, բայց քաղաքական հայտարարությունը իր լեզուն ունի, իր հասկացություններն ունի, և եթե մենք այստեղ մեր ուզածն ենք ուզում դնել, սա բոլորովին ուրիշ է՝ կարող ենք ստեղծագործական ազատ շարադրություն անել, եթե ուզում ենք, որպեսզի սա հասկանալի լինի, թարգմանաբար անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, ուրեմն պետք է գրենք այն լեզվով, ինչ լեզվով հասու է և հասկանալի է և միջազգային իրավունքին համապատասխան է: Ռուդիկ Հյուսնունց:
Ռուդիկ Հյուսնունց - Աշոտ Վլադիմիրի, ես ուղղակի ճիշտն ասած, այս աշխուժությանը ես կողմ եմ, Ազգային ժողովը նաև պիտի դառնա քաղաքական մարմին, բայց մի քանի շտրիխներ՝ նախ արտաքին քաղաքականությունը մեր երկրում իրականացնում է մեր երկրի նախագահը և պատասխանատվությունը կրում է երկրի նախագահը, տվյալ գերատեսչության միջոցով, արտաքին գործերի նախարարության, իր տեղեկատվական վարչության միջոցով, մենք որպես խորհրդականներ, հիմա նայեք, մի տեքստի վրա ենք մենք խոսում, այս տեքստը դուք ուղղորդում եք և նախագահականի հետ, և արտաքին գործերի նախարարության հետ, այսինքն այդ преемственность, այդ փոխանցելիությունը նախկինում ասվել է, հիմա ասում ենք, հետո ասելու ենք, այսինքն այս հետագիծը, այս ոսկե թելը մեր արտաքին քաղաքականության մեջ մենք պիտի կարողանանք պահենք, հիմա Աղաբեկյան Էդիկը մի հատ ուրիշ կարծիք ասում, կարող է լավ կարծիք, եթե մենք կանոնակարգ օրենքը պահենք, մենք՝ պատգամավորներս, մեր որակական, չգիտեմ՝ բանը, ուրիշ կլինի, այսինքն լուծումների, լսումների կարգով մենք կարողանանք այս հարցերը քննարկենք: Ես 3 տարի նախկին նախարարի հետ կռվել եմ, որ ղարաբաղյան տերմինը ճիշտ, ղարաբաղա-ադրբեջանական տերմինը՝ սխալ: Հիմա հասել տեղ, մենք պիտի օգնենք տվյալ գերատեսչությանը ավելի ուղղորդված աշխատանք տանելու և այդ փոխանցելիությունը լինի գեղեցիկ և հերթականորեն: Այստեղ որ գրված է ադրբեջանական իշխանության ցեղասպան քաղաքականությունը, սա արդեն դա է, բայց եթե մենք պետք է կոշտացնենք, խստացնենք, ուղղակի մենք պետք է այդ քաղակականությանը մենք նպաստենք, պատասխանատուն երկրի նախագահն է այս հայտարարության, մնացած քաղաքական հայտարարությունների, ես խնդրում եմ լսումներ կազմակերպենք նմանատիպ թեմաներով՝ ակտիվանանք տեքստից առաջ, ոչ թե տեքստի ժամանակ: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Խնդրեմ: Կարող ենք դրանից հետո էլ անել, բայց քանի որ օրը խորհրդանշական է, և այդ ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցն է, պարզապես սա մի շաբաթ է, որ քննարկվում է, այսպես որ, ոչ մի բան էլ նորություն չի: Պարզապես, մինչև երեկ երեկոյան ձեր ասած իշխանության բոլոր թևերի հետ ենք խոսել, այնպես չի, որ մենք սա մեր խոսքը ասում ենք և ոչ մեկին դա չպիտի վերաբերվի: Հենց այս ձևակերպումները այնպիսի մտքեր են պարունակում, մենք հենց այսօր էլ սա տարածելու ենք միջազգային ատյաններում: Արդեն ամեն ինչ պատրաստ է: Այսպես որ, կարծում եմ՝ որ կարող ենք մի բան ավել գրել, մի բան պակաս գրել, բացի այդ տեխնիկական բանից, որը կճշտենք, որ բան չլինի, չնայած՝ 20 գրած, 30 գրած՝ չեմ կարծում, որ դա ինչ որ մի բան կփոխի, բայց, այնուամենայնիվ, որպեսզի հստակություն լինի՝ կանենք: Ես առաջարկում եմ այս հայտարարությունը ընդունել հենց այս ձևով, եթե հարցեր առաջանան, մենք նիստից հետո, հարցերի հեղինակների հետ շատ արագ կքննարկենք, որպեսզի նորից բանավեճ չբացենք: Ընդունելի՞ է: Շատ լավ: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի հայտարարությունը՝ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ:
Քվեարկություն:
Դեմ՝ չկա,
Ձեռնպահ՝ նույնպես:
Հայտարարությունն ընդունված է, և մենք կարող ենք արդեն տարածել: Շնորհակալություն բոլորիդ: Մենք շարունակում ենք այսօրվա օրակարգով աշխատանքը և հաջորդը մեր օրակարգում քաղաքացիական ծառայության խորհրդի գործունեության մասին հարցն է, խորհրդի 2017թ. գործունեության մասին տեղեկություններն են: Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ պարոն Բորիս Առուշանյան:
Բորիս Առուշանյան - Ազգային ժողովի հարգարժան նախագահ, փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, տիկնայք և պարոնայք: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղծառայության խորհուրդը 2017թ. ընթացքում օրենքի և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կազմակերպել և համակարգել է հետևյալ աշխատանքները: 2018թ. հունվարի 1-ի դրությամբ համակարգում ընդգրկված է 27 մարմին, ընդհանուր թիվը քաղծառայողների կազմում է 1291 մարդ, ես չեմ թվարկի պաշտոնները ըստ խմբերի, խորհուրդը հաստատել է քաղծառայության պաշտոնների անվանացանկերում տարվա ընթացքում կատարված փոփոխությունները և լրացումները, համաձայնություն տվել քաղծառայության պաշտոնի անձնագրերում փոփոխությունների հաստատմանը, պաշտոնների հաստատմանը: Օրենքը մշտապես վերամշակում և փոփոխվում է՝ կապված դրա կիրառման ընթացքում առաջացած հարցերի հետ: Տարվա ընթացքում նախապատրաստվել և հրապարակվել է 4 բարձրագույն և 23 գլխավոր պաշտոնների համար՝ զբաղեցնելու մրցույթների անցկացնելու հայտարարությունները: Աստեղ թվարկվում են նաև քաղծառայության բարձրագույն, գլխավոր և առաջատար պաշտոնների ուղղությամբ կատարված մրցույթների քանակները, դրանք ես ևս չեմ թվարկի: Քաղաքացիական ծառայության համակարգում ատեստավորվել են 159 քաղաքացիական ծառայողներ, իր ներկայացուցիչների միջոցով խորհուրդը մասնակցել է քաղծառայության առաջատար և այլ պաշտոնների մրցույթների, որոնք կազմակերպել են մարմիններում: 2017թ. ընթացքում 4 անգամ անցկացվել է թեսթավորում, մասնակցել է 229 քաղաքացի, որոնցից 202-ը ստացել են հավաստագրեր, իսկ դրանցից 33-ը արդեն զբաղեցնում են քաղծառայության պաշտոններ, այսինքն 10 տոկոսից ավելի է, մոտավորապես 15 տոկոսն արդեն զբաղեցնում են պաշտոններ: Խորհուրդը իր ներկայացուցիչների միջոցով մասնակցել է քաղծառայության առաջատար և կրտսեր պաշտոններում անցկացվող ատեստավորումներին: Աշխատակազմը աշխատանքներ է իրականացրել համապատասխան մարմինների աշխատանքներին, իրենց իրավասությունը սահմանող օրենսդրությանը վերաբերյալ հարցաշարի լրամշակման և համակարգչային ծրագրերի մեջ տեղադրման ուղղությամբ աշխատանքներին: Աշխատակազմն իր լիազորության շրջանակներում ապահովել է մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ընդունած որոշումների, արձանագրությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքներին: Համաձայնություն է տվել 8 քաղծառայողի 65 տարին լրանալուց հետո մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցրած պաշտոնը: Տարվա ընթացքում ընդունել է մեծ քանակությամբ նորմատիվ և անհատական որոշումներ 196 թվով՝ մոտավորապես: Ելնելով օրենքի 20-րդ հոդվածի դրույթներից՝ խորհուրդը համապատասխան մարմինների քաղծառայողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործման նպատակով անց է կացրել Մեսրոպ Մաշտոցի համալսարանում 2 փուլով վերապատրաստման աշխատանքներ: Երկրորդ փուլում ընդգրկվել են գյուղատնտեսության ոլորտի որոշ աշխատակիցներ, այն հետաձգվել է մինչև հոկտեմբեր ամիս: Ընդհանուր առմամբ վերապատրաստվել են 275 քաղաքացիական ծառայողներ: Խորհուրդը ուսումնասիրություններ է կատարել համակարգի 7 մարմիններում: Թերությունները վերացվել են ստուգումների ընթացքում կամ մոտակա մեկ-երկու ամիսների ընթացքում: Հայաստանի Հանրապետության քաղծառայության խորհրդի հետ համագործակցության ծրագրերից բխող միջոցառումների շրջանակներում կատարվել են համապատասխան աշխատանքներ: Չեմ թվարկելու մեկ-մեկ, 2017թ. դեկտեմբերին աշխատակազմից 2 քաղծառայողներ Երևանում մասնակցել են քաղաքացիական ծառայության համալրման և ընտրությունների ծրագրի աշխատաժողովին, 2 հոգի մասնակցել են կառավարման ակադեմիայի կողմից կազմակերպվող դասընթացներին և մեկ հոգի՝ Լեհաստանի Հանրապետությունում դասընթացների: Խորհուրդը լուսաբանել է իր գործունեությունը հեռուստատեսությամբ, թերթերում և այլն: Ես կցանկանայի վերջում մի քանի խոսք ասել Հայաստանի Հանրապետության կառավարման մոդելի փոփոխության, խորհրդարանական մոդելին անցման հետ կապված նախատեսվող օրենքում փոփոխություններին: Լուրջ փոփոխություններ են նախատեսված Հայաստանի Հանրապետության օրենքում, որը ներկայացված է արդեն Ազգային ժողովին և մոտակա մեկ-երկու ամիսների ընթացքում լրիվությամբ մենք վերջնական տեսքով կունենանք այդ օրենքը: Ինչ ուղղություններով են նախատեսվում փոփոխությունները, մեկ հաղթողի դրույթը կմտցվի, այսինքն հիմա մեկ հաղթողի դրույթը բացակայում է, նախատեսվում է պաշտոնների նոր դասակարգում, այսինքն 4 խումբը փոխարինվելու է 2 խմբով՝ ղեկավար և մասնագիտական խմբեր իրենց ենթախմբերով, մարդկային ռեսուրսների կառավարումը ապակենտրոնացվելու է, մրցույթների մի մասը փոխանցվելու է մարմիններին, մի մասը մնալու է խորհրդին, վերապատրաստումը բաժանվելու է 2 մասի՝ մասնագիտական վերապատրաստում անց են կացնելու մարմինները, իսկ մնացածը խորհրդի կողմից է կազմակերպվելու, կրտսեր պաշտոնների հավաստագրումները հիմա 4 անգամ է, նախատեսվում է 2 անգամ: Այլ փոփոխություններ ևս կան, մանր-մունր, դրանք մեկ-մեկ ես չեմ թվարկելու, օրենքի նախագիծը հիմա գտնվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Ճիշտն ասած, մենք ևս ծանոթացել ենք օրենքի նախագծին, կան շատ դիտողություններ փոխադարձ, այսինքն այնպիսի հարցեր, որոնք իրար հետ չեն համաձայնեցված, այժմ քննարկումների փուլում է գտնվում ընդունվելուց հետո, մենք ևս շահագրգիռ մարմինների հետ՝ ձեզ հետ միասին կքննարկենք մեր օրենքում, որովհետև կառավարման համակարգերում ևս տարբերություններ կան, իրենց մոտ պառլամենտական է, մերը՝ նախագահական: Բոլոր այս դրույթները հաշվի առնելով, նաև մեր տեղական պայմանները, ձեզ հետ միասին կընդունենք նոր օրենք՝ իր փոփոխություններով հանդերձ:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Առուշանյան: Հարցե՞ր ունեք պարոն Առուշանյանին, քաղծառայության խորհրդի գործունեության վերաբերյալ: Հարցեր չկան: Խնդրեմ՝ Էդուարդ Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան – Երկու հազարից ավելի գյուղ առնվազն 600,700,800 հոգու՝ վերաբերվում համայնքային ծառայողներին, ընդգրկել նաև քաղծառայության այդ ինստիտուտում՝ վերապատրաստման համար:
Բորիս Առուշանյան - Այս մասով ևս Հայաստանի օրենքում նախատեսվում է շրջանակների ընդլայնում, ես ուղղակի չեմ թվարկել բավականին մեծ թվով նոր մարմիններ են ընդգրկվելու համակարգի մեջ: Այսինքն՝ հանրային ծառայության մյուս մարմինները ևս ընդգրկվելու են այս համակարգի մեջ ըստ նախատեսված օրենքի նախագծի, թե ինչ փոփոխություններ կլինեն քննարկումների ընթացքում՝ դա կտեսնենք: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Ուրիշ հարցեր: Չկան, Շնորհակալություն, պարոն Առուշանյան: Հաջողություն ենք մաղթում և, երբ որ նախագիծը կլինի, կարծում եմ, մենք նորից այս ոլորտին անդրադառնալու ենք, հաշվի առնելով այս ընթացքում եղած թերությունները և դիտողությունները:
Մենք օրակարգային հաջորդ հարցին ենք անցնում՝ Արցախի Հանրապետության դատախազության 2017թ. գործունեության մասին հաղորդումն է: Ինչպես գիտենք, գլխավոր դատախազը հարգելի պատճառով բացակայում է այսօր և այն ներկայացնում է գլխավոր դատախազի առաջին տեղակալ պարոն Արամայիս Ավագյանը: Խնդրեմ: Եթե մենք ժամանակ ունենանք, եթե հայտարարություններ լինեն, գուցե հիմա անենք, որովհետև ժամը 1400-ին հարց ու պատասխանի ժամ ենք ունենալու: Խնդրեմ, պարոն Ավագյան:
Արամայիս Ավագյան - Մեծարգո նախագահ Ազգային ժողովի, փոխնախագահ, հարգարժան պատգամավորներ: Այժմ ես կներկայացնեմ հակիրճ ձևով Արցախի Հանրապետության դատախազության 2017թ. գործունեության մասին հաղորդումը: Արցախի Հանրապետության դատախազությունը հանրապետության Սահմանադրությամբ և դատախազության մասին օրենքով սահմանված կարգով 2017թ. որոշակի աշխատանք է կատարել սահմանադրական լիազորությունների արդյունավետ իրականացման և Արցախում հանրային կյանքի անվտանգությունը հանցավոր ոտնձգություններից բխող վտանգից, պաշտպանության որակական և առարկայական առավել պատշաճ մակարդակով վերանայելու ուղղությամբ: 2017թ. տարեսկզբին նախանշված ծրագրերի և տրված հանձնարարականների կատարման արդյունավետության շուրջ գնահատականներ տալու և թերություններն ու բացթողումներն արձանագրելու լավագույն ձևով կատարած աշխատանքի ամփոփումն է, վերլուծությունը, որպեսզի մոտեցում ապահովի նաև այս դեպքում: Այսպես, հանցավորության վիճակագրությանորակական և քանակական տվյալների վերլուծությունը. 2017թ. Արցախի Հանրապետության տարածքում արձանագրված հանցագործությունների շուրջ կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ հանցավորության ընդհանուր թվում արձանագրվել է համեմատական աճ՝ 62 դեպքով: Թեև առանձին շրջաններում արձանագրվել էր հակառակ պատկերը, ընդ որում աճը ձևավորվել է հիմնականում մասնավոր հետապնդմանը համարվող՝ առողջությանը թեթև վնաս պատճառելուն, ծեծի, ինչպես զենքի կամավոր հանձման դեպքերի հաշվին: Փոփոխություն է կատարվել նաև հանցագործությունների որակական ցուցանիշներում՝ 51 դեպքով աճել են, ոչ մեծ ծանրության դեպք՝ 16 դեպքով միջին ծանրության հանցագործությունները, ծանր հանցագործությունների թիվը մնացել է անփոփոխ՝ 47/47 հարաբերակցությամբ, առանձնապես ծանր հանցագործությունները, ընդհակառակը, ընդհանուր՝ 5 դեպքով: Հանցավորության վիճակագրության բացասական փոփոխություններ. Հաշվետու տարում արձանագրվել է սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված 19 հանցագործություն, նախորդ տարվա 9-ի համեմատ: Թեև ընդհանուր թվում արձանագրվել է աճ, սակայն 19-ը դեպքից 7-ը կատարվել էր Քաշաթաղի շրջանում միևնույն անձի նկատմամբ, սրանից կարելի է հետևություն անել, որ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները Արցախում լայն տարածում չունեն: Բացասական արդյունք է նաև մարդու իմունային անբավարարվածության վիրուսի հարուցիչով վարակվելու թվով 13 դեպքերի արձանագրումը: 2016թ. համեմատությամբ 22 դեպքով աճել են հեռազեն ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու, պահելու, իրացնելու, փոխադրելու, կրելու և պատրաստելու հետ կապված հանցագործությունները՝ 94/116 հարաբերակցությամբ, որը հիմնականում պայմանավորված է հիշյալ առարկաների կամավոր հանձման դեպքերի աճի հետ: Մտահոգիչ է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճը՝ 32/44 հարաբերակցությամբ, հատկապես՝ մահվան ելքով դեպքերը՝ 4/8 հարաբերակցությամբ, ընդ որում այն մտահոգիչ է հատկապես այն պայմաններում, որ հանրապետությունում շարունակաբար աճում են նաև տրանսպորտային միջոցների թիվը, ինչը ենթադրում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերի ճանապարհատրանսպորտային պատահարների թվի հավանական ավելացում: Թեև տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր թվի 11/11 հարբերակցությամբ, այնուհանդերձ շարունակում է մտահոգիչ մնալ հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության դեպքերի գրեթե իսպառ բացակայությունը: 2017թ. արձանագրվել է ապօրինի ձեռնարկատիրության մեկ դեպք, որը բացահայտվել է դատախազության կողմից: Շարունակվել են պահպանվել նաև անչափահասների հանցավորության թվի բացասական տենդենցը՝ 39/45 հարաբերակցությամբ, ինչը պահանջում է հիմնարար փոփոխությունների ենթարկել անչափահասների հանցավորության կանխարգելմանն ուղղված աշխատանքները: Դրան էր ուղղված 2018թ. հունվար ամսում կատարված վերջին 3 տարիներին արձանագրված անչափահասների կողմից կատարված քրեական օրենսգրքով արգելված արարքների և դրանց կրիմինալոգիական բնութագրիչների ուսումնասիրությունը, որի արդյունքները վկայել են այս ուղղությամբ պետական մարմինների հնարավորությունները և ջանքերը համախմբելու անհրաժեշտության մասին: Հանցավորության վիճակագրության դրական փոփոխությունները. նվազում է արձանագրվել ինչպես իրացնելու 12/8 հարաբերակցությամբ, այնպես էլ առանց իրացման նպատակի 63/54 հարաբերակցությամբ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերի ընդհանուր թվում: Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ընտրված մոտեցումը հաշվետու տարում տվել է իր դրական արդյունքը, ապահովելով համեմատական նվազեցում: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վերլուծությունը վկայում է, որ նախորդ տարվա համեմատությամբ նվազել է ինչպես դրանց ընդհանուր թիվը, այնպես էլ անձնական գույքի հափշտակության և բնակարանը ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողությունների թիվը: Հաշվի առնելով, որ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության գնահատման որակական և քանակական ցուցանիշը ուղղակիորեն կապված է հանցագործությունների բացահայտման թվի հետ, որը կազմում է 98,4 տոկոս, 2016 թվականի 96,6 տոկոս: Ուստի մեծ ուշադրություն է դարձվել նաև հանցագործությունների բացահայտման գործընթացին: Թեև 2017թ. չկան չբացահայտված վտանգավոր առանձնապես ծանր հանցագործություններ, այնուհանդերձ այս ուղղությամբ աշխատանքները համատեղելու հանձնարարականներ են ստացել նաև քաղշրջդատախազները: Դատախազության գործունեության արդյունքները ըստ սահմանադրականլիազորությունների. քրեական հետապնդում հարուցել է՝ 2017թ. Արցախի Հանրապետության դատախազության կողմից հարուցվել է 6 քրեական գործ, 8 քրեական գործի դիմաց 2016թ., որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են Հանրապետության Ազգային անվտանգության ծառայություն և ոստիկանության քննչական վարչություն: Որպես քրեական հետապնդման գործընթաց տնօրինող պետական մարմին դատախազությունը իր այս լիազորությունը իրականացրել է դատախազության մասին օրենքով սահմանված կարգով: Հսկողությունը միջդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ. Հաշվետու տարում կատարած աշխատանքներ՝2017թ. հանրապետության դատախազության կողմից դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել հետաքննության և նախաքննության մարմինների կողմից քննարկված 1473 նյութերի ընթացքավորման օրինականության նկատմամբ, իսկ դատավարական ղեկավարում, դատախազական հսկողություն է իրականացվել 387 քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ: Դատարան ուղարկված քրեական գործերով և ոչ արդարացման հիմքով կառճված քրեական գործերով և մերժված նյութերով հանցագործությամբ պետությանը պատճառված 31 միլիոն 182 հազար 897 դրամ գույքային վնասից վերականգնվել է 18 միլիոն 229 հազար դրամ, իսկ իրավաբանական և ֆիզիզկական անձանց պատճառված 44 միլիոն 401 հազար 106 դրամ գույքային վնասից վերականգնվել է 38 միլիոն 284 հազար 306 ՀՀ դրամ: Վեցամսյա ժամկետում քրեական գործ հարուցելու և մերժելու մասին որոշման վերացման գլխավոր դատախազի լրիվությամբ պատշաճ իրականացումն ապահովելու, ինչպես նաև քրեական գործի հարուցման փուլում առկա խնդիրները, թերությունները և խախտումները վերհանելու նպատակով գլխավոր դատախազության համապատասխան բաժինների կողմից կիսամյակային կտրվածքով վերստուգման են ենթարկվել հանրապետության հետքննության և նախաքննության բոլոր մարմինների կողմից կայացված քրեական գործ հարուցելու մերժելու մասին որոշումները, անհիմն անօրինական դատավարական ակտերը, վերածվել և հարուցվել են քրեական գործեր, իսկ թույլ տված խախտումները ամփոփվել և դարձել են քննարկման առարկա, հետագայում դրանք բացառելու նպատակով:
2015թ. սկսած առայսօր պարբերաբար ամփոփվում է նաև դատախազական վերահսկողության ընթացքում ի հայտ բերված խախտումները և թերությունները: Հիշյալ ամփոփումների արդյունքների համաձայն դատախազական վերահսկողության նախորդ տարում վերհանված խախտումների թիվը կազմել է 58, 2017թ.՝ 27:
Հիշյալ վիճակագրությունը վկայում է քննության որակի շեշտակի բարձրացման և քրեական դատավարության սուբյեկտների իրավունքների պաշտպանության գործընթացի նկատմամբ դատախազական ուշադրության բարձրացման մասին: Քննության որակի բարելավման ուղղությունները՝ քրեական գործերում մինչդատական վարույթի նկատմամբ՝ հսկողության ընթացքում դատախազների կողմից ներկայացվել է 18 գրավոր ցուցում կամ յուրաքանչյուր 21-րդ գործով, որպեսզի ցուցանիշը բարելավման կարիք ունի: 2017թ. քննված 387 քրեական գործերով դատարան է ներկայացվել խուզարկության 7 միջնորդություն՝ բավարարվել է 6-ը: Ավարտված 221 քրեական գործից հանցագործությանը կատարմանը նպաստող պատճառների ծնող պայմանների վերացման ուղղվածությամբ ներկայացվել են 13 միջնորդագրեր: Այս ցուցանիշը վկայում է այն մասին, որ քրեական գործերի քննության ընթացքում նախաքննական մարմինները ոչ միշտ են ցուցաբերել անհրաժեշտ ջանասիրություն հանցանք ծնող պայմանները վերհանելու, այն վերացնելու համար, հանձնարարական արձակելու ուղղությամբ, որի արդյունքում կրկին տուժել է հանցավորության կանխարգելման գործառույթը: Նկատի ունենալով քննության որակի և առհասարակ իրավապահ մարմինների աշխատանքների արդյունավետության կարևորությունը՝ դատախազության կողմից գործի է դրվել նաև անբարեխիղճ իրավապահներին քրեական պատասխանատվության կանչելու գործառույթը, որի իրացման արդյունքում գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի կողմից հարուցվել է քրեական գործեր և քրեական հետապնդում են իրականացվել դատական ակտերի հարկադիր կատարում ապահովող ծառայության հարկադիր կատարողների ոստիկանության քրեակատարողական վարչության, նույն վարչության քրեակատարողական տեսչության, ոստիկանության տարածքային ստորաբաժանումների Ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ծառայողների նկատմամբ, ընդհանուր թվով՝ 11 անձ: Կիրառվել է նաև դատախազների և իրենց լիազորությունները իրականացնելիս դատավարական խախտում թույլ տված հետաքննության և նախաքննության մարմնի հետ աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի բարձրացման դատախազական լիազորությունների, որի իրացման արդյունքում ներկայացվել է 7 միջնորդություն, կարգապահական պատասխանատվության է ենթարկվել ոստիկանության 3 ծառայող, ինչպես նաև՝ մեկ դատախազ: Քննության որակի բարելավման այլ խոչընդոտներ. Քննության որակի բարձրացման գործում էական խոչընդոտ է հետաքննության մարմինների համար հիմնարար համարվող օպերատիվ հետախուզական գործունեության մասին մեր պետական օրենսդրության բացակայությունը, ինչը ծնում է բազմաթիվ խոչընդոտներ այնպիսի հանցագործությունների դեմ պայքարում, որոնք, որպես կանոն, կարող են բացատրվել միայն օպերատիվ միջոցառումների արդյունքում: Քննության ժամկետների վրա բացասական ազդեցություն են թողնում փորձագիտության հետազոտական այնպիսի տեսակների կատարման ձգձգումը և ուշացումը, որպիսիք են դատահաշվապահական, դատաշինարարատեխնիկական և դատաբժշկական փորձաքննությունները: Մեղադրանքիպաշտպանությունը դատարանում. 2017թ. հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրանք է պաշտպանվել 114 քրեական գործով 142 անձի նկատմամբ, այդ թվում՝ 11-ը անչափահաս: 102 անձ դատապարտվել են ազատազրկման, այդ թվի 67-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Հիշյալ 114 քրեական գործերից դատաքննության արագացված կարգով քննվել է 85 քրեական գործ: 2016թ. արագացված քննված գործերի քանակը 72,7 տոկոս է: Դատաքննության արագացված կարգի կիրառման պրակտիկայի ուսումնասիրությունը վեր է հանել որոշակի խնդիրներ, որոնք պահանջում են դատաքննության հիշյալ կարգի և քրեական դատավարության սկզբունքներից բխող պայմանների հավասարակշռված (չի լսվում) պահպանություն: Այդ նպատակով դատախազներին հանձնարարվել է դատական քննության արագացված կարգի դեմ առարկելիս և միջնորդության քննարկման ժամանակ ողջամտորեն ապահովել դատավարական 2 կարևոր սկզբունքների՝ դատաքննության հրապարակայնության և մրցակցության հավասարարժեք պահպանություն: Դատարանների վճիռների, դատավճիռների և որոշումների բողոքարկումը.2017թ. քրեական գործերով դատական ակտերի դատավճիռների դեմ դատախազների կողմից բերվել է 4-ը վերաքննիչ բողոք, որոնք բավարարվել են: Մեկ քրեական գործով հանրապետության ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի կողմից կայացվել է արդարացման դատավճիռ, որի դեմ դատախազության կողմից բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է և կայացվել է մեղադրական ակտ: Դատավարության մյուս մասնակիցների կողմից քրեական գործերով դատական ակտերի դատավճիռների դեմ բերվել են 23 վերաքննիչ, 3 վճռաբեկ բողոքներ: Վերաքննիչ բողոքներից 4 բավարարվել է, 16-ը՝ մերժվել, իսկ 3-ը գտնվում է քննության փուլում: Վճռաբեկ բողոքներից մեկը բավարարվել է, 2-ը՝ մերժվել: Դատական ակտերի վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկման ինստիտուտը շարունակում է դիտարկել որպես միջդատական և դատական սխալների հայտնաբերման և դրանց հետևանքների վերացման օրինական ու արդյունավետ միակ միջոցը, այդ պատճառով, դատավարության հատկապես պաշտպանության կողմը ներկայացվող սուբյեկտների համար հանդիսանում է իրավունքների պաշտպանություն հայցելու դատավարական հիմնական օղակը:
Պետական շահերի պաշտպանություն. 2017թ. պետական շահերի պաշտպանության բնագավառում հանրապետության դատախազության կողմից պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական ոչ առևտրային կազմակերություններում և այլ մարմիններում կատարվել է թվով 80 ստուգում, որոնց արդյունքում հայտնաբերվել է 321 իրավախախտում, հայտնաբերված իրավախախտումների, դրանք ծնող պատճառների ու կատարմանը նպաստող պայմանների վերացման պահանջով պետական իրավասու մարմիններին ներկայացվել է 25 հաղորդում և միջնորդագիր: Կատարված ստուգումների արդյունքում պետության գույքային շահերի հասցված վնասը կամովին վերականգնելու մասին նախազգուշացել է 25 անձ, ինչի հիման վրա կամովին պետական բյուջե է վերականգնվել 5 միլիոն 53 հազար 425 դրամ:
Պետության շահերի պաշտպանության բնագավառում քաղաքացիական դատավարության կարգով դատարան այցեր չեն ներկայացվել: Պետական շահերի պաշտպանության ոլորտում նախապատրաստվել է 6 նյութ, որից 4-ով որոշում է կայացվել քրեական գործը հարուցելու, մերժելու մասին 2–ով հարուցվել են քրական գործեր: Պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցված քրեական գործերով բացահայտված հանցագործություններով պետությանը հասցված վնասը կազմել է 20 միլիոն 921 հազար 480 դրամ, որից վերականգնվել է 16 միլիոն 979 հազար 480 դրամ, 81,1 տոկոս: Ի կատարումն պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացման ուղղված միջոցառումների մասին Արցախի Հանրապետության նախագահի 16/06/2009թ հրամանագրի պահանջների՝ դատախազության կողմից վերահսկողություն է տարվել հանրապետության ֆինանսների նախարարության կողմից դատարան ներկայացված 42 հայցի և դրանց քննության արդյունքում ընդունված դատական ակտերի օրինականության նկատմամբ, որոնց կապակցությամբ խախտումներ չեն հայտնաբերվել: Չնայած Սահմանադրությամբ նախատեսված պետական շահերի պաշտպանության բացառիկության պայմանին, դատախազությունը շարունակում է պահպանել պետական միջոցների հափշտակությունների կամ դրանց հետ կապված չարաշահումների դեպքերի անհետաձգելի արձագանքելու հնարավորությունը ներառել նաև ստուգումների և ուսումնասիրությունների միջոցով: Այդ կապակցությամբ թեև պետության գույքային շահերի պաշտպանությունը հայց հարուցելու իրավունքը վերապահվել է պետական մարմիններին, այնուհանդերձ դատախազության կողմից կատարված ստուգումները ցույց են տվել, որ առանձին դեպքերում հայց ներկայացնելու հիմքերի առկայության պայմաններում պետական որոշ մարմիններ դատարան չեն դիմել: Հսկողությունը պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ.Հանրապետության դատախազությունը օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների շրջանակներում 2017թ. համապատասխան աշխատանքներ է կատարել ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում օրինականության պահպանման, ընդհանուր վիճակի պատիժների կատարման, ինչպես նաև դատապարտյալներին, ձերբակալված ու կալանավորված անձանց իրավունքների պահպանման պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելուն, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների փոփոխման դադարեցման, ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման ընթացքում օրինականության ապահովման ուղղությամբ: Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում և քրեակատարողական տեսչություններում 2017թ. կատարվել են թվով 934 ստուգումներ, որից 882-ը ձերբակալվածներին պահելու վայրերում, 24-ը քրեակատարողական հիմնարկներում, 16-ը քրեակատարողական տեսչությունում, 12-ը հանրապետության առողջապահության նախարարության «Հոգեթմրաբանական դինսպանսեր» ՓԲԸ-ում: 2018թ. հունվարի 1-ի դրությամբ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում պատիժ են կրում 86 դատապարտյալ, այդ թվում՝ 27-ը կիսաբաց ուղղիչ տեղամասում, 34-ը կիսափակ ուղղիչ տեղամասում, 25-ը՝ փակ ուղղիչ տեղամասում:
Գլխավոր դատախազի պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազը մասնակցել է 21 դատական նիստի դատապարտյալներին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու, ծանր հիվանդության պատճառով պատժի կրումից ազատելու և «Հոգեթմրաբանական դիսպանսեր» ՓԲԸ միջնորդությունների քննարկման հարցերով: Դատախազական այլ գործառույթներ. Քաղաքացիների դիմումների, բողոքների քննարկումը և ընդունելությունը: 2017թ. Արցախի Հանրապետության դատախազություն է մուտքագրվել 330 դիմում-բողոք: Այդ թվում 5-ը՝ կրկնակի: Ընթացքավորված դիմումներում բարձրացված հարցերի կապակցությամբ տրվել են սպառիչ պատասխաններ, կայացվել հիմնավոր և օրինական որոշումներ: Նույն ժամանակահատվածում Արցախի Հանրապետության դատախազությունում կազմակերպվել է դիմում-բողոքներով ներկայացված 268 քաղաքացիների ընդունելություն, որոնցից 70-ը՝ Արցախի Հանրապետության դատախազի և գլխավոր դատախազի, տեղակալների կողմից: Իրավական ապահովումը. Արցախի Հանրապետության իրավական ապահովման ոլորտում իրականացվել են տարբեր իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված միջոցառումների մշակման աշխատանքներ: Առաջարկություններ ներկայացնելու համար քննարկվել են տարբեր բնագավառների վերաբերյալ օրենքների նախագծեր: Մշակվել և գործողության մեջ են դրվել դատախազության գործունեության վերաբերյալ կազմակերպական բնույթի թվով 24 հրաման և մեկ հանձնարարական:
Միջազգային-իրավական կապերի ապահովումը. Միջազգային կապերի շրջանակում ապահովվել են Արցախի Հանրապետության տարածքում, տարածքից դուրս հանցագործություններ կատարած անձանց հանձնման հետ կապված անհրաժեշտ գործողություններն ու դրանց իրականացման հետ կապված գորածառույթները: Այդ կապակցությամբ, համաձայն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունների միջև կնքված հուշագիր- համաձայնագրի, ՀՀ գլխավոր դատախազության միջոցով մեր դատախազության կողմից նախապատրաստվել են մեր հանրապետության տարածքում հանցագործություններ կատարած և հետախուզվող 2 անձի հանձնումը: Գլխավոր դատախազության միջոցով կատարվել են քրական գործերի նյութերի շուրջ հարցումներ, ինչպես նաև Հայաստանի գլխավոր դատախազությունից և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության իրավական օգնության կարգով ստացված 8 միջնորդագրերի և հատուկ հանձնարարականների պահանջներ: Կազմվել է 31 հետախուզական գործ հանցագործություն կատարած 31 անձանց վերաբերյալ: Հանրային իրազեկման և հրապարակայնության ապահովումը. Որոշակի աշխատանքներ են կատարվել դատախազության գործունեության հանրային իրազեկման և հրապարակայնության ապահովման ուղղությամբ: Անձնակազմի հետ տարվող աշխատանքները. Օրենքին համապատասխան ապահովվել է գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, ցուցումների և կարգադրությունների կատարումը: Ինչպես նաև նախապատրաստվել ու արձակվել են անձնակազմի հարցերով մի շարք հրամաններ: Որակավորման հանձնաժողովի կողմից անց է կացվել մեկ նիստ: Իրականացվել է 15 դատախազաքննչական աշխատակիցների վերապատրաստում, Հայաստանի Հանրապետությունում դատախազների և քննիչների թեկնածուների ցուցակում ընդգրկված մեկ անձի մասնագիտական պատրաստում: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Ավագյան: Հարցեր ունե՞նք դատախազության 2017թ. հաղորդման հետ կապված: Հարցեր չկան: Պարոն Ավագյան, մի հարց, կարող է անմիջապես Ձեզ չի վերաբերվում՝ ճանապարհատրանսպորտայինի մասով որ աճ է նկատվում, ասացիք: Ինչ-որ վերլուծություն կա՞, պատճառը ի՞նչն է, այսինքն տեխնիկական անսարքություն, մեքենաներն են շատացել, վարորդների կողմից խախտումներն են:
Արամայիս Ավագյան - Դե հիմնականում այդ մեքենաները շատացել են, հիմնական պատճառներից մեկը դա է և մեկ էլ, ասենք, կան անձինք, որ զրկված լինելով վարորդական իրավունքից, ասենք նորից կրկին անգամ վարում են մեքենաները, համապատասխան աշխատանքներ իրականացվում են նաև Արցախի Հանրապետության ոստիկանության պետավտոճանապարհային տեսչության կողմից և դատախազության կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկվում են, որպեսզի կանխվեն: Նմանատիպ մեկը պրոբլեմ ուներ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների հարցում:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Ուրի՞շ: Չկան: Շնորհակալություն, պարոն Ավագյան: Կարող եք նստել: Մենք պաշտոնական պետական մարմինների կողմից ներկայացված զեկույցների հաղորդումների հետ կապված հաշվետվությունների որոշում չենք ընդունում, բայց Ազգային ժողովի պատգամավորները կարող են տեղեկանալ: Մենք այսքանով օրակարգային հարցերի մեծ մասը ավարտում ենք: Պայմանավորվել ենք՝ եթե ժամանակ մնար հայտարարությունների մասով, բայց ընդմիջում անենք: Հարց ու պատասխանից հետո, եթե հայտարարություն կա, եթե քիչ է՝ կարող ենք անել, մեկ հատ կա, էլի կա՞ հայտարարություն: Հայտարարություն անենք, որ հարց ու պատասխանով ավարտենք: Շատ լավ: Պատգամավորական հայտարարությունների համար հրավիրվում է պատգամավոր Հայկ Խանումյանը:
Հայկ Խանումյան - Հարգելի՛ ներկաներ: «Վալլեքս գրուպի» մաս հանդիսացող «Թեղուտ» ՓԲԸ-ն հայտարարել է Լոռու մարզում հանքի շահագործման դադարեցման և շուրջ 1200 աշխատակիցների կրճատման մասին: Այս լուրը առիթ է մեկ անգամ ևս խոսել Արցախի հանքարդյունաբերական շրջանների ճակատագրի մասին:
2000-ականների սկզբին Դրմբոնի, ապա մեկ տասնամյակ անց Կաշենի հանքի շահագործումը հնարավորություն տվեց Թարթառի հովտի Մարտակերտի շրջանի գյուղերի բնակիչներին ապահովել աշխատանքով: Թեև բնապահպանական խնդիրներին և հանքարդյունաբերության համար ցածր աշխատավարձերին, հանքարդյունաբերությունը հնարավորություն տվեց այս ձորակների բնակիչենրին աշխատանք չփնտրել դրսում և որոշակիորեն բարելավել կենցաղը, չնայած, կրկնում եմ, ստացած աշխատավարձերը հանքարդյունաբերության համար բավականին ցածր էին: Դրմբոնի և Կաշենի հանքերի շահագործումը բերեց նաև պետբյուջեի սեփական մուտքերի զգալի ավելացմանը՝ չնայած նախկինում սահմանված ցածր հարկերին և վճարներին:
Մենք շուտով կանգնելու ենք այն խնդրի առջև, որի առջև այսօր կանգնած են Լոռու մարզի որոշ գյուղերի բնակիչներ՝ աշխատատեղերի զանգվածային կրճատման հանքարդյունաբերության ոլորտում: Հանքերի շուրջ 2 տասնամյակ շահագործումից հետո Մարտակերտի վերոնշյալ ենթաշրջանի գյուղերում դեռևս մնում են ենթակառուցվածքային լուրջ խնդիրներ: Մենք պարտավոր ենք հանքարդյունաբերությունից ստացվող հարկերի որոշակի մաս ուղղել այդ գյուղերի համար նորմալ ճանապարհներ, խմելու և ոռոգման համակարգեր ստեղծելու համար: Խոսքը վերաբերում է ինչպես Արցախի ամենամեծ գյուղական բնակավայրին՝ Հաթերքին, այնպես էլ ավելի փոքր բնակավայրերին: Միևնույն ժամանակ Կառավարությունը պետք է բանակցություններ վարի «Վալլեքս գրուպի» հետ, որպեսզի վերջինս տարիների ընթացքում այդ հանքերից ստացած հարյուրավոր միլիոն դոլարների հասնող շահույթից ներդրումներ անի նաև այլ ոլորտներում, ինչպիսիք կարող են լինել ենթաշրջանում վերամշակող և մթերող ձեռնարկությունների հիմնումը, գյուղատնտեսական տարբեր ձեռնարկներ: Կառավարությունը պետք է նաև Արցախի ներդրումային հիմնադրամի և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցման հիմնադրամի միջոցներով ենթաշրջանում ակտիվացնի գործարարությունը, այդ թվում նաև՝ դրամաշնորհային սկզբունքով գյուղացիներին բիզնես հմտությունների դասընթացներ և խորհրդատվություններ մատուցելով:
Գրեթե երկու տասնամյակ ստանալով միլիարդավոր դրամներ հարկերի և շահույթի տեսքով՝ Կառավարությունը և «Վալլեքս գրուպը» պարտավոր են քայլեր ձեռնարկել ենթաշրջանը հետհանքարդյունաբերական ռելսերի վրա դնելու համար այնպես, որ դա չբերի սոցիալական ցնցումների և արտագաղթի: Կառավարության պարտավորությունն այստեղ հստակ է, իսկ «Վալլեքս գրուպի» պարտավորությունը բարոյական է՝ պայմանավորված տարիներ շարունակ ոլորտի ցածր հարկերով, ինչը հնարավորություն է տվել ընկերությանը մեծ շահույթներ ունենալ: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Մենք լսեցինք նաև պատգամավորական հայտարարությունը: Թեման, իհարկե ակտուալ է դառել այդ իրադարձությունների ֆոնին, կարծում եմ՝ նույնիսկ կառավարության հետ այդ ընկերության կողմից քննարկումներ են կատարում ինչպես պետք է ապագայում գործերը ընթանան և ինչքանով ես տեղյակ եմ՝ Ձեր ասածի հետ հանքարդյունաբերական ծրագրեր էլ են քննարկվում, որոնք շուտով կյանքի կկոչվեն: Շնորհակալություն, հայտարարվում է ընդմիջում՝ մինչև 1400- ն՝ նախագահի և Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամ:
Ժամը-1400
ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ
Աշոտ Ղուլյան - Արցախի Հանրապետության մեծարգո Նախագահ, հարգարժան պատգամավորներ, կառավարության անդամներ, մենք այսօր սկսել ենք 6-րդ գումարման Ազգային ժողովի հերթական 7-րդ նստաշրջանի աշխատանքները և նախորդ 1,5 ժամվա ընթացքում քննարկել ենք այսօրվա համար հաստատված օրակարգի համարյա բոլոր հարցերը: 2018թ. և այս նստաշրջանի համար մենք առաջին անգամ սկսում ենք նաև Հանրապետության նախագահի և կառավարության անդամների հետ հարց ու պատասխանը, ինչի առիթով ուզում եմ պատգամավորական կազմի անունից, ողջունել Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին և, կարծում եմ, արդեն ստեղծված ավանդույթի համաձայն, մենք գործնական քննարկումներ կունենանք և նաև արդյունավետ որոշումներ` այս հարց ու պատասխանի արդյունքում: Ես հիմա խնդրում եմ պատգամավորներին գրանցվել հարցերի համար և ուզում եմ հիշեցնել՝ Կանոնակարգով ինչպես որ նախատեսված է, պատգամավորները հարցերը հնչեցնում են ամբիոնից, դրա համար տրվում է 2 րոպե, պատասխանները հնչեցվում են նույնպես ամբիոնից՝ 3 րոպեի ընթացքում, և պատգամավորները կարող են արձագանքել արդեն հնչեցված պատասխանի առիթով: Խնդրեմ, պատգամավորների կողմից հարցերի համար՝ Արթուր Թովմասյան, Գագիկ Բաղունց, Հայկ Խանումյան, Լեռնիկ Հովհաննիսյան, Վիլեն Սաֆարյան, Ռիտա Մնացականյան, Արսեն Առստամյան, Արարատ Օհանջանյան, Էդուարդ Աղաբեկյան և Վարդգես Ուլուբաբյան: Ուրեմն, մեկ անգամ ևս ստուգենք. Արթուր Թովմասյան, Գագիկ Բաղունց, Հայկ Խանումյան, Լեռնիկ Հովհաննիսյան, Վիլեն Սաֆարյան, Ռիտա Մնացականյան, Արսեն Առստամյան, Արարատ Օհանջանյան, Էդուարդ Աղաբեկյան և Վարդգես Ուլուբաբյան: Ճի՞շտ է: Բոլոր գրացումները կա՞ն: Խնդրեմ, հարցի համար հրավիրվում է Արթուր Թովմասյանը: Թող պատրաստվի Գագիկ Բաղունցը:
Արթուր Թովմասյան – Արցախի Հանրապետության մեծարգո Նախագահ, հարգարժան Կառավարության անդամներ և հարգելի գործընկերներ, եթե նախարարը առաջնորդվում է իր ոլորտի օրենքներով, դա շատ լավ է, հետևում է օրենքի տարրին, այս առումով ես ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել մեր ոլորտի՝ գիտության, կրթության և սպորտի նախարար տիկին Աղաբալյանին: Երբ որ առաջին նիստի ժամանակ հարցեր ենք բարձրացրել հավատարմագրման պրոցեսի մասով՝ պետական բուհերի, անմիջապես ձեռնամուխ է եղել, և ոչ միայն դա: Իր աշխատանքները նա այնպես է կազմակերպում, որ գոհացուցիչ է՝ կոնկրետ իմ մասով այդ ոլորտի աշխատողների համար: Հիմա՝ հարցերը: Հարցս ուղղում եմ տիկին Աղաբալյանին: Ասեմ, որ այդ հարցը բարձրացրել ենք նաև վերջերս, Հայաստանի Հանրապետության մեր գործընկերների հետ քննարկել ենք և Ազգային ժողովի նախագահին ես խնդրել եմ նաև Արցախ-Հայաստան համաձայնագրի շրջանակներում մտցնել օրակարգ: Հարցը դասագրքերի մասով է: Ըստ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության գործող օրենքների կրթական համակարգի հիմքը դա ազգային դպրոցն է: Բայց դա չի ենթադրում, որ ազգային դպրոցի բոլոր դասագրքերի հեղինակները պետք է լինեն հայեր: Շատ լավ է, որ հայ ժողովրդի պատմության դասագրքերի հեղինակը անպայման հայ պիտի լինի, որովհետև այլազգին չի կարող մեր պատմությունը այնպես ներկայացնել մեր սերունդներին, ինչպես հեղինակները: Բազմաթիվ բաներ կան, տիկին նախարար, որ կոնկրետ մեր ոլորտի ֆիզիկայի և մաթեմատիկայի դասագրքերը, համեմատած խորհրդային հասարակարգի մեր սերնդի դասագրքերի հետ, բավականաչափ, որակական առումով, ցածր է: Ամբողջ ԽՍՀՄ տարածքում չկար մի մարդ, որ դասագրքերից բողոքեր: Հիմա ես խնդրում եմ նաև Ձեր հանձնարարականները, որ առաջատար ուսուցիչները, որոնք դասավանդել են և խորհրդային դասակարգերի՝ մաթեմատիկայի և ֆիզիկայի դասագրքերով և, հիմա իրենք ասեն` ինչքան տարբերություն կա և մենք քննարկենք` ինչպես են ստեղծվել խորհրդային…
Աշոտ Ղուլյան - Արթուր Բաբկենի ... հարցը...
Արթուր Թովմասյան - Ես խնդրում եմ նաև որպես ֆրակցիայի նախագահ, մի քիչ էլ ժամանակ տրամադրեք: Հարցը հետևյալն է՝ մենք պետք է քաղաքացիական կրթություն տանք մեր սերունդներին: Քաղաքացիական կրթությունը առաջին անգամ 19-րդ դարում Մեծ Բրիտանիան է մտցրել: Հնարավո՞ր չէ այդ դասագրքերով ապահոված այն ամենը, ինչ-որ անհրաժեշտ էր, որպեսզի հետագայում մեր նորաստեղծ հանրապետության համար, որակյալ մասնագետներ պատրաստենք բնագիտության բնագավառում: Երկրորդ հարցը ավագ դպրոցին է վերաբերում: Ամբողջ Արագածոտնի մարզում, տիկին նախարար, 189000 բնակչություն է ապրում և մեկ ավագ դպրոց կա: Իսկ մեզ մոտ, մենք 150000 բնակչություն ունենք, ունենք 7 հատ, այսինքն՝ 3 ավագ և 4 հոսքային դպրոցներ: Արդյո՞ք, այդքան ավագ դպրոցի համար այդքան ուսուցիչներ ունենք, որովհետև որակական առումով ավագ դպրոցի ուսուցիչները պետք է լինեն մի կարգ բարձր: Ես ասեմ, որ Ճարտարի մասով մենք մեծ սխալ ենք կատարել: Կոնկրետ, ես գտնում եմ, որ այն դպրոցները, Ճարտարում կան 3 միջնակարգ դպրոցներ, 480 միլիոն դրել ենք մեկ միջնակարգ դպրոց սարքել, 380 էլ, եթե չեմ սխալվում, մյուսը և, հետո մի ավագ դպրոց, որը ծանրաբեռնված է և այն ծախսերը դառձել են ավելորդ: Դասարաններ կան, աշակերտների թիվը չի պահպանվում: Բայց առաջ այդպես չէր: Եվ երրորդ հարցը երևի ավելի շատ վերաբերվում է քաղաքաշինության նախարարությանը, բայց գուցե երկրի Նախագահը պատասխանի, որովհետև սա ֆինանսական ծախսերի հետ է կապված: Մեծ հարսանիքից հետո արդեն անցել է 10 տարի և ժողովրդագրական իրավիճակը փոխվել է: Տարեկան 500-ից մոտ 700 երեխա ավելի շատ է ծնվում, քան թե մինչև 2008թ.: Եթե բազմապատկենք, ասենք 18 տարուց հետո 2008թ. սկսած, մոտավորապես 10000-ից ավել աշակերտներ ենք ունենում, որոնց 40 տոկոսը քաղաքում՝ 4000: Այսօր ոստիկանների ջանքերի շնորհիվ մենք առավոտյան ժամերին ավտովթարներ չենք ունենում: Ես էլ եմ իմ թոռնիկին բերում դպրոց և… Արդյո՞ք հնարավոր չէ ստորգետնյա անցումային ճանապարհներ կառուցած, որովհետև 10 տարուց հետո, նորից եմ ասում, էդ 4000-5000-ի խնդիրը: Կամ էլ ավելի էժանը դա այն կառույցներն են ... վերևի մասով անցնել, իջնել: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Առաջին և երկրորդ հարցերին պատասխանում է կրթության, գիտության և սպորտի նախարար տիկին Նարինե Աղաբալյանը: Խնդրեմ:
Նարինե Աղաբալյան – Շնորհակալություն: Ինչ վերաբերում է դասագրքերի վերաբերյալ հարցին, ապա այսօր, ընդհանրապես ուսումնական ծրագրերի և ուսումնական նյութի խնդիրը լայն քննարկման առարկա է նաև Հայաստանի Հանրապետությունում, և գիտեք, որ դա այստեղ չենք որոշում նման հարցերը: Մենք գործում ենք նույն կրթական դաշտում և առաջնորդվում ենք նույն չափորոշիչներով, բայց մենք, ինչպես որ արել ենք, օրինակ՝ բարձրագույն կրթության մասին օրենքի պարագայում, այսինքն՝ այս նախնական քննարկումների փուլում մասնակցելով նաև Հայաստանում ընթացող քննարկումներին և մեր առաջարկությունները ներկայացնելով, նույնը կկատարենք նաև այս դեպքում, որովհետև իրոք կան ուսուցիչների կողմից առաջարկություններ, մենք կքննարկենք և ըստ անհրաժեշտության նաև մեր առաջարկությունները կներկայացնենք: Համամիտ եմ, որ բոլոր առարկաները չեն, որ պարտադիր պետք է հայ հեղինակներ լինեն դասագրքերում: Այսօր նաև կիրառվում է այդ փորձը, էլեկտրոնային ծրագրեր են կիրառվում, որոնք ոչ հայ հեղինակների մշակած ծրագրեր են և, կարծում եմ, սա ուղղակի ժամանակի խնդիր է կարգավորման համար:
Ավագ դպրոցների մասով, այո, խնդիրը կա, բայց քանի որ Դուք Ճարտարի օրինակը բերեցիք, ես ուզում եմ կոնկրետ թվերով նշել. Օրինակ՝ Ճարտարում 5 դպրոց գոյություն ունի այսօր, որից 1-ը՝ հոսքային, 1-ը՝ միջնակարգ, 2 հիմնական դպրոցներ, ընդ որում, այդ հիմնական դպրոցներից մեկում սովորում է 132 աշակերտ, մեկում՝ 120 աշակերտ, մյուսում՝ 250 աշակերտ: Այսինքն՝ սրանք խնդիրներ են, որոնք պիտի վերանայվեն և համակարգային մոտեցում են պահանջում: Այդ ուղղությամբ նախարարությունը աշխատում է, հանրակրթության ոլորտում օպտիմալացման ծրագրի մշակման ուղղությամբ, և մենք մեր առաջարկությունները առաջիկայում կներկայացնենք: Մյուս կողմից, որպեսզի մենք կարողանանք կանխել համատարած ձևով անցումը ավագ դպրոցին և ավագ դպրոցը ծառայի իր նպատակին, պիտի կարողանանք նաև այլընտրանք առաջարկել աշակերտներին: Ըստ իս, դա նախնական ու մասնագիտական կրթության ուղղակի կայացումն է, այս ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում, և փորձելու ենք բոլոր շրջկենտրոններում, մասնավորապես, ստեղծել նախնական մասնագիտական կրթական հաստատություններ՝ կոնկրետ ոլորտային ուղղվածության, ինչպես որ ունենք այսօր Շուշիում Եզնիկ Մոզյանի շինարարական մասնագիտությունների գծով, նույնը՝ տարբեր ոլորտների մասով տարբեր բնակավայրերում:
ԱշոտՂուլյան - Շնորհակալություն: Արթուր Բաբկենի, արձագանքո՞ւմ եք: Պա՞րզ է: Շնորհակալություն, տիկին նախարար: Երրորդ հարցի հետ կապված պատասխանում է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար պարոն Կարեն Շահրամանյանը: Խնդրեմ:
Կարեն Շահրամանյան – Շնորհակալություն հարցի համար: Իրոք որ, այս հարցը քանի գնում օրախնդիր է դառնում՝ կապված նրա հետ, որ օրեցօր ավելանում է Ստեփանակերտ քաղաքում և ընդհանրապես հանրապետությունում ավտոմեքենաների քանակը և, եթե չեմ սխալվում, արդեն 28000 ավտոմեքենա կա Ստեփանակերտ քաղաքում: Եթե չեմ սխալվում... Ընդհանուր հանրապետությունում 28 000 մեքենա է, և դա աճելու միտում է արձանագրում յուրաքանչյուր տարի: Ի՞նչ պետք է անել դրա հետ կապված փողոցներում երթևեկությունը կանոնակարգելու համար: Ասեմ, որ մեր քաղաքի թե՛ կենտրոնական, թե՛ ընդհանուր մեր փողոցները, իրոք որ նախատեսված չեն այդպիսի երթևեկության համար և դրանք լայնացնել ոչ բոլոր փողոցներում է հաջողվում: Կառուցել ստորգետնյա կամ վերգետնյա անցումներ հետիոտնի և տրանսպորտային միջոցների համար ևս կապված է մեծ բարդությունների հետ, կապված և՛ ստորգետնյա կոմունիկացիաների, և՛ մայթերի ու փողոցների, լայնությունների հետ: Այս տարվա կտրվածքով մենք նախատեսել ենք Ստեփանակերտ քաղաքում կառուցել 50 հատ ավտոկայանատեղիներ տարբեր փողոցներում, որը ինչ-որ տեղ պետք է թոթափի այդ լարվածությունը փողոցներում՝ երթևեկության հետ կապված: Իսկ կապված արդեն ստորգետնյա և վերգետնյա անցումների հետ, դա շատ գլոբալ հարց է, և դա պետք է մեր ճարտարապետները լուրջ աշխատանքներ կատարեն և քաղաքի գլխավոր հատակագծի մասշտաբներում, և ընդհանրապես: Առաջիկա տարիներին, ինձ թվում է, մենք պետք է լուրջ անդրադառնանք, բայց այսօրվա դրությամբ մենք միայն այդ 50 կայանատեղերով ինչ-որ տեղ պետք է այդ լարվածությունը իջեցնենք:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արթուր Բաբկենի, արձագանքո՞ւմ եք: Պարզ է: Շնորհակալություն, պարոն Շահրամանյան: Հաջորդ հարցի համար հրավիրվում է պատգամավոր Գագիկ Բաղունցը, թող պատրաստվի Հայկ Խանումյանը:
Գագիկ Բաղունց – Արցախի Հանրապետության մեծարգո Նախագահ, հարգելի գործընկերներ, կարծում եմ` ներկաներից ոչ մեկին անհրաժեշտություն չկա համոզել, որ 21-րդ դարում որակյալ կրթության ապահովումը տնտեսական զարգացման հրամայական է: Ցավոք, ոչ ոք նաև չի ժխտի, որ ինչպես միջին, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտում մենք ունենք լրջագույն պրոբլեմներ: Դեկտեմբեր ամսին երկրի Նախագահի մոտ տեղի ունեցած կրթության ոլորտի խնդիրների քննարկումները հույս էին ներշնչել, որ բոլոր կոմպետենտ և շահագրգիռ ուժերի մասնակցությամբ կձեռնարկվեն անհետաձգելի, արագ ու միաժամանակ մանրամասն մշակված քայլեր՝ ճգնաժամային վիճակից դուրս գալու ուղղությամբ: Կարծում եմ` որոշակի ծրագրեր կրթության նախարարության կողմից մշակվել են, և կխնդրեի տիկին Աղաբալյանին համառոտ ներկայացնել դրանցից հիմնականները: Ավելացնեմ նաև, որ հանրության գրեթե բոլոր խավերում թերհավատություն է տիրում կրթության ոլորտում բարեփոխումների իրականացման պարագայում պատրաստակամության նկատմամբ: Այդ իսկ պատճառով էլ լուրջ անհրաժեշտություն եմ տեսնում հանրային լայն հնչեղություն տալ ու իրականացվող բոլոր քայլերին: Եվ երկրորդ հարցս՝ արտաքին գործընթացների զարգացումը ստիպում է մեզ չբավարարվել բոլոր ոլորտներում ձեռքբերածներով և ձգտել առկա հնարավորությունների մաքսիմալ արդյունավետ օգտագործմանը: Այս տեսանկյունից գոհունակությամբ եմ ընդունում այն փաստը, որ 2017թ. ընթացքում տեխնոլոգիական կորուստները էլեկտրական ցանցերում նվազել են մոտ 16 տոկոսից մինչև 11-ը: Սակայն ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ նշված նվազեցումը կատարվել է հիմնականում ոչ թե նոր ենթակայանների կառուցման կամ մաշված հաղորդալարերի փոխարինման շնորհիվ, այլ զուտ ադմինիստրատիվ լծակների օգտագործման կամ էլ, եթե պահպանենք ոլորտի տերմինալոգիան, կոմերցիոն կորուստների նվազեցման, ենթադրում է, օրինակ՝ հսկողության ուժեղացումը: Հարցս հետևյալն է՝ եթե հնարավոր էր առանց տեխնիկական վերազինման ուղղված լուրջ ֆինանսավորման ստանալ նման արդյունք, ապա ինչո՞ւ այդ արվել է միայն էլեկտրական ցանցերի սեփականաշնորհումից հետո: Ավելացնեմ, որ տեխնոլոգիական կորուստների նշված 5 տոկոսի նվազումը 2000թ. մինչև այսօր թույլ կտար տնտեսել մի քանի միլիարդ դրամ: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Առաջին հարցին պատասխանում է կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, երկրորդ հարցին՝ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարը:
Նարինե Աղաբալյան – Իսկապես, պատկերը, որ այսօր ունենք, մտահոգիչ է մաթեմատիկայի և բնագիտական հոսքի առարկաների դասավանդման ուղղությամբ և նախարարությունը նախատեսել է մի շարք միջոցառումներ, կարծում եմ` այստեղ համալիր միջոցառումներ պետք է իրականացնել խնդիրը լուծելու համար: Այդ իրավիճակը բնորոշ է ոչ միայն Արցախին, այլ նաև Հայաստանին և ընդհանրապես աշխարհում, շատ երկրներում այդ խնդիրը կա: Կոնկրետ ինչ է արվում նախարարության կողմից, այս խնդիրը կա, զուգահեռ աշխատանքներ են տարվում ինչպես մասնագիտական կազմի պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ, այսինքն՝ նախատեսված են մասնագիտական ու վերապատրաստման դասընթացներ, միաժամանակ նաև համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ «Դասավանդիր Հայաստան» ծրագրի շրջանակներում փորձում ենք այդ ուսուցիչների բացը լրացնել: Մյուս կողմից պետք է անհրաժեշտ նյութատեխնիկական բազան ամրապնդել: Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում: Տարեվերջին երկու դպրոցներ համալրվել են անհրաժեշտ լաբորատորիաներով ֆիզիկա և քիմիա առարկաների դասավանդման համար և այդ ծրագիրը շարունակվում է, նախատեսված է նաև 2018թ. որովհետև համարում ենք, որ տեսական գիտելիքներ տալով, հնարավոր չէ այս առարկաների հանդեպ հետաքրքրություն առաջացնել և շատ կարևորում ենք նաև այդ նյութատեխնիկական բազայի ամրապնդումը: Դպրոցներում նաև ներդրվում է նախնական ինժեներական կրթության ծրագրեր, օրինակ «Արմատ» ինժեներական լաբորատորիայի ներդրումը, որը նախորդ տարիներին ներդրվել է մի քանի դպրոցներում, այսօր արդեն նախարարությունը հուշագիր է ստորագրել համագործակցության ժամանակակից տեխնոլոգիաների, ձեռնարկությունների միության հետ: Այդ ուղղությամբ աշխատանքները ակտիվացնելու նպատակով վերջին ամիսներին Նորշենի դպրոցում ներդրվել է «Արմատ» ինժեներական լաբորատորիա և առաջիկա օրերին նաև Մատաղիսի դպրոցում է ներդրվելու զուգահեռ, նախարարությունը միջոցներ է հավաքագրում նաև մյուս դպրոցներում ներդնելու համար: Այստեղ կարևորը խմբակավարների պատրաստման խնդիրն է, որովհետև, իհարկե, տեխնիկական միջոցներ կարելի է ներդնել, բայց անհրաժեշտ են մասնագետներ, ովքեր պետք է երեխաների հետ աշխատեն և այդ հետաքրքրությունը նաև սեր է առաջացնում: Ու այս հարցում նաև հետևողական պետք է լինենք, որովհետև այսօր մեր տեխնիկական հակում ունեցող, այսպես եթե բնութագրենք, աշակերտների մեծ մասը, օրինակ, բուժական գործն է նախընտրում, կամ տնտեսագիտություն, բուժական գործ և այս ուղղությամբ են շարունակում բարձրագույնը: Այստեղ ևս մենք խնդիր ունենք որոշ կանոնակարգման:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք: Շնորհակալություն, տիկին նախարար: Հաջորդ հարցին պատասխանում է էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը:
Լևոն Գրիգորյան - Շնորհակալություն հարցի համար: Ես հարցի վերջին ձևակերպումից ակնարկ կանեմ, որ ինչո՞ւ մասնավորեցման արդյունքում կորուստները նվազեցին: Իհարկե, գաղտնիք չէ, որ մասնավոր կառավարիչը ավելի էֆեկտիվ է համարվում պետական կառավարչից: Սա փաստ է, սա կյանքն է ապացուցում: Եվ նույնը ինչ որ չափով տեղի ունեցավ «Արցախէներգո», «Արցախգազ» և մյուս պետական ձեռնարկությունների մասնավորեցման արդյունքում` կառավարչական հաշվետվությունների ուսումնասիրման համատեքստում: Հիմա ինչ վերաբերում է կորուստներին: Այո, կորուստները նվազում են: Կորուստները նվազում են մի քանի պատճառներով պայմանավորված: Պատճառներից մեկը մենք պետք է նայենք կորուստների կառուցվածքի մեջ՝ տեխնոլոգիական, տեխնիկական և կոմերցիոն կորուստներ: Ունենք նաև կորուստների բաշխվածություն` ըստ ցանցերի՝ բարձրավոլտ և ցածրավոլտ ցանցերի: Եթե բարձրավոլտ ցանցերում ունենք միայն տեխնիկական և տեխնոլոգիական կորուստներ, ապա ցածրավոլտ ցանցերում կոմերցիոն կորուստների մեծ մասը բաժին է հասնում ցածրավոլտին, որտեղ շփումը սպառողի հետ մեծ է: Մասնավոր կառավարիչները շատ լուրջ ուշադրություն են դարձնում և լուրջ ներդրումներ են անում կոոմերցիոն կորուստները նվազեցնելու նպատակով` վերազինելով թե բաշխիչ ցածրավոլտ, և թե հաշվառման համակարգ: Ես մի քիչ համաձայն չեմ Ձեր ձևակերպման հետ, որ այդ ամենը տեղի է ունեցել մասնավորեցման պատճառով, մենք ունենք էլեկտրաէներգիայի սպառման աճ: Մենք ունենք էլեկտրաէներգիայի սպառման աճ բարձրավոլտ ցանցում, Կաշենի լեռնահանքային համալիրում, որը որ սպառում է ստանում, և մենք կորուստները հաշվում ենք, ընդհանուր ցանցի կորուստները: Եթե նախկինում մենք հաշվարկ էինք անում բարձրավոլտի և ցածրավոլտի համար, առանձին և թույլատրելի կորուստների շեմը, Կառավարությունը սահմանում է երկու ցանցերի համար առանձին, վերջին 5 կամ 6 տարիների ընթացքում մենք արդեն հաշվում ենք ընդհանուր ցանցի կորուստը, և մեծ սպառման ծավալը բարձրավոլտում բերել է նրան, որ կորուստները նվազել են: Իհարկե, աշխատանք կատարվել է կոմերցիոն ծախսերը նվազեցնելու համար` մասնավոր ընկերության կողմից ներդրված ծրագրերի շնորհիվ: Բայց դա միակ պայմանը չէ կորուստների նվազեցման համար: Մենք ունենք նաև վերազինված բարձրավոլտ գիծ՝ Վարդենիս-Սոթք, որը նույնպես նպաստել է տեխնիկական, տեխնոլոգիական կորուստների նվազեցմանը:
ԱշոտՂուլյան - Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք: Գագիկ Բաղունց:
Գագիկ Բաղունց – Ես համաձայն եմ Ձեզ հետ այն մասով, որ կորուստների նվազեցումը ինչ-որ տեղ պայմանավորված է բարձրավոլտ լարման օգտագործման ցանցում, սակայն մի շարք, ես կասեի, մեծ թվով պետությունների փորձը ցույց է տալիս, որ դա ճիշտ է և ընդունելի է մինչև 10 տոկոս կորուստների դեպքում: 10-ից ավելի կորուստները հիմնականում բացատրվում են կոմերցիոն կորուստների հաշվին, ինչի պատճառը այնպիսի փաստերն ու հանգամանքներն են, ինչպիսին են էլեկտրաէներգիայի գողացման և նման կարգի երևույթները:
Լևոն Գրիգորյան – Չեմ տիրապետում Ձեր տեղեկությանը` տարբեր պետությունների փորձին, պատրաստ եմ առանձին քննարկել:
Աշոտ Ղուլյան - Շատ լավ: Շնորհակալություն:
Լևոն Գրիգորյան – Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Հաջորդ հարցի համար հրավիրվում է Հայկ Խանումյանը, հաջորդը՝ Լեռնիկ Հովհաննիսյան:
Հայկ Խանումյան - Առաջին հարցը՝ աշխատանքի, սոցիալական ապահովության և վերաբնակեցման նախարարին: Հարցը ի հայտ է եկել բնակիչների հետ մեր հանդիպումների ժամանակ: 1999-2000թթ. ընթացքում կառավարությունը դպրոցներին ապահովելու ֆունկցիան պատվիրակել էր համայնքներին, և բազմաթիվ ուսուցիչներ, որոնք այսօր թոշակային տարիքի են հասնում, անցնում են թոշակի, բողոքում են, որ շատ հաճախ նշում են, որ հաշվապահությունում այդ մի տարին չի պահպանվել: Այս հարցի բացատրությունն էր հարկավոր, ինչպե՞ս կարելի է այս հարցին լուծում տալ: Երկրորդ հարցը ուղղում եմ Նախագահ Սահակյանին: Արցախի նախագահականը տարիներ շարունակ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սպառազինության վաճառքը՝ դա որակել է որպես բիզնես գործարք, նույնիսկ մեկնաբանել է այսպես, որ նույնիսկ ձեռնտու է Արցախին, չգիտեմ ինչ-որ անհեթեթ բաներ, փաստարկներ բերելով: Հիմա ես կցանկանայի Նախագահ Սահակյանի կարծիքը անձամբ լսել: Ի՞նչ է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սպառազինությունների վաճառքը: Դա բիզնես գործա՞րք է, դա մեզ ձեռնտու գործա՞րք է, թե դա Արցախի ժողովրդի դեմ թշնամական գործողությո՞ւն է: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Առաջին հարցին պատասխանում է աշխատանքի և սոցիալական ապահովության և վերաբնակեցման նախարար պարոն Սամվել Ավանեսյանը:
Սամվել Ավանեսյան – Շնորհակալություն հարցի համար: Մենք այդ հարցին անդրադարձել ենք, պարոն Խանումյան, ժամանակին, և, որոշակի տեղեկատվություն ենք փորձել հավաքագրել: Արդյունքում պարզվում է հետևյալը՝ 99թ. գիտեք, դպրոցների առանձնացված հաշվապահություններով էին աշխատում դպրոցները, հետևապես բոլոր փաստաթղթերը, կապված թե անձնակազմի, թե ընդհանարապես հաշվապահական հաշվառման հետ, կենտրոնացված հաշվապահությունից և կենտրոնացված ինչ-որ օղակներից տեղափոխվեցին դպրոցներ: Դա տևեց մեկ տարի, որից հետո նորից այդ հաշվապահությունները կենտրոնացվեցին և համապատասխան գործառույթները տեղափոխվեցին ինչ-որ՝ մի դեպքում համայնքներ, մյուս դեպքում կարող է պատահել նաև վարչակազմ: Ճանապարհին կարող է պատահի, որ բացառության կարգով լինեն դպրոցներ, որտեղ այդ փաստաթղթերը հանձնելու և ետ վերցնելու ճանապարհին ինչ-որ բաներ կորած լինեն և չկարողանան այսօր հիմքերը ներկայացնել այդ մի տարվա աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ: Ինձ թվում է՝ դրանք առանձին մասնավոր դեպքեր են, որոնք իրենց լուծման եղանակներն ունեն: Տարբեր եղանակներ կան, ընդհուպ մինչև այդ մեկ տարվա ստաժը, այսպես ասենք, ամենածայրահեղ դեպքում դատարանի միջոցով հաստատելն է: Մի խոսքով, ինձ չի թվում, որ 1999թ. աշխատած որևէ մի քաղաքացի, առավել ևս միջնակարգ դպրոցներում, կարող է խնդիր ունենալ իր ստաժը հաստատելու հետ: Միշտ էլ ճանապարհներ կգտնվեն այդ ընթացը լուծելու համար:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Խանումյան:
Հայկ Խանումյան - Այս հարցի նպատակը, որպեսզի էդ բնակիչներին ճանապարհը հուշենք: Փաստորեն ամենաբան ձևը դատական միջո՞ցն է:
Սամվել Ավանեսյան - Եթե մյուս միջոցները, ասենք, մյուս մոտեցումները չաշխատեն, իհարկե, որպես վերջին միջոց, դա դատարանի միջոցով այդ մեկ տարին հաստատելն է, բայց նորից եմ կրկնում՝ դա 1992-94թթ. տարբեր հիմնարկներում աշխատած ժամանակահատվածները չեն, որոնք մեզ բոլորիս հայտնի պատճառներով դժվար է որոշ դեպքերում հաստատել: 1999թ. աշխատելու դեպքում դպրոցում միշտ էլ ձևը կգտնվի այդ ստաժը հաստատելու համար:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախարար: Խնդրեմ, պարոն Նախագահ:
Բակո Սահակյան – Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված՝ ես մեկ անգամ չեմ տվել այդ հարցադրումների պատասխանները, բազմաթիվ անգամներ եմ տվել, այդ թվում՝ այդ պարզաբանումներում նշել եմ, որ Ռուսաստանի Դաշնության պատասխանատուները իրենց այդ համագործակցությունը որակել են և մինչ այսօր էլ որակում են որպես բիզնես գործընկերություն: Տարբեր բացատրություններ են տվել նրանք և շարունակում են տալ: Նախ անհրաժեշտ է հաշվի առնել, որ Արցախի պաշտոնյաները, այդ թվում՝ Արցախի Նախագահը, չունի հնարավորություն պաշտոնական հարցադրումներ ուղղելու Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը: Այդ հարցադրումները ուղղում են Հայաստանի Հանրապետության մեր գործընկերները, և նրանք ոչ միայն հարցադրումներ են ուղղել և շարունակում են ուղղել, տարբեր հնարավորություններ օգտագործվել և օգտագործվում են այդ վերջնական պատասխանը ստանալու համար, որ մինչ այսօր էլ մեզ համար ոչ բավարար է համարվում: Եվ ես բազմաթիվ անգամներ նաև քննադատությամբ եմ հանդես եկել այդ գործարքների հետ կապված և ոչ միայն Ռուսաստանի Դաշնության կողմից այդ տրամադրվող սպառազինությանը, այլ ընդհանրապես, որակել եմ և այսուհետ նաև իմ, մեր տեսակետը այնպես եմ կառուցելու և այնպես եմ ներկայացնելու, որ այդպիսի երկրին, ինչպիսին է Ադրբեջանը, որոնք իրականացնում են հանցավոր ահաբեկչական գործողություններ... Եվ մեր հանդիպումների ժամանակ Մինսկի խմբի համանախագահների հետ մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ Ադրբեջանը վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի և Հայաստանի համար, ոչ միայն հայ ժողովրդի համար, այլ Ադրբեջանը վտանգ է ներկայացնում քաղաքակիրթ աշխարհի համար: Հետևաբար, մեր տեսակետը չի փոխվել և չի էլ կարող փոխվել, մենք չենք կարող այս կամ այն պատասխանները հնչեցնելով՝ հրաժարվել մեր բուն, իրական տեսակետից: Իսկ մեր իրական տեսակետն այն է, որ մենք, եթե ասենք քննադատում ենք, դա մեղմ կլինի ասված, որ մենք օգտագործել ենք, օգտագործում ենք և այսուհետ էլ շարունակելու ենք օգտագործել մեր հնարավորությունները, որպեսզի ոչ միայն Ադրբեջանին, այլև այդպիսի երկրներ, որոնք զբաղված են ակնհայտ ահաբեկչությամբ և հանցագործությամբ, ընդհանրապես սպառազինություն չտրամադրեն: Բայց գոյություն ունի նաև իրական կյանք, և մենք տեսնում ենք, որ այդ իրական կյանքը անկախ մեր տեսակետից և մեր որակումներց իր մեջ ներառում է նմանատիպ գործողություններ: Մենք հետևողական ենք լինելու և մեզ վայել հաստատակամությամբ շարունակելու ենք մեր դիրքորոշումը ներկայացնել ցանկացած հնարավորության դեպքում:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն:
Հայկ Խանումյան - Խոսքը հենց մեր հստակ դիրքորոշման մասին է, որովետև Ձեր աշխատակազմի որոշ ներկայացուցիչներ այդ գործարքները իրենց հարցազրույցում ներկայացնում են՝ նույնիսկ մեզ ձեռնտու: Ես ուղիղ մեջբերում եմ անում: Զուտ դրա մասին է խոսքը, որ մեր դիրքորոշումը հստակ լինի, և ենթադրենք Ուկրաինայի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը չանվանենք Ուկրաինայի կողմից ահաբեկիչներին տրվող զենքի մատակարարում, իսկ Ռուսաստանի կողմինը՝ բիզնես գործարք՝ նունիսկ մեզ ձեռնտու:
Բակո Սահակյան - Բացառում եմ, նախ իմ աշխատակազմից հանդես են գալիս տարբեր մեկնաբանություններով: Եթե ի նկատի եք առնում Դավիթը Բաբայան, այդ դեպքում ասեք, որ բացառում եմ, որ նա այդպիսի մեկնաբանությամբ հանդես գա և որակի այդ համագործակցությունը մեզ ձեռնտու. երևի ձևակերպվել է այդ պատասխանը՝ ոչ այդ իմաստը հետապնդելով:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախագահ: Լեռնիկ Հովհաննիսյան: Թող պատրաստվի Վիլենը Սաֆարյանը:
Լեռնիկ Հովհաննիսյան - Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Կառավարության անդամներ, 2017թ. հունիսի 22-ի Կառավարության հերթական նիստում լրացումներ և փոփոխություններ են կատարվել 2014թ. դեկտեմբերի 23-ի թիվ 889 որոշման մեջ, ըստ որի՝ հանրապետության զինված ուժերի սպայական կազմի և մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին, բնակարան կամ բնակելի տուն գնելու կամ վերանորոգելու դեպքում, պետք է տրվի պետական ֆինանսական աջակցություն՝ հիփոթեքային վարկի տոկոսագումարի սուբսիդավորման ձևով, միևնույն նիստում հանրապետության վարչապետի կողմից հանձնարարվել էր համապատասխան ղեկավարներին համապատասխան կառույցների հարցը ուսումնասիրել և մյուս ուժային կառույցների աշխատակիցներին նույնպես այդ ծրագրում ընդգրկելու մասին: Հարցը՝ հիմա որ փուլում է գտնվում և, արդյո՞ք, մյուս ուժային կառույցների աշխատակիցները կարո՞ղ են օգտվել այդ ծրագրից: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցին պատասխանում է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Սամվել Ավանեսյանը:
Սամվել Ավանեսյան - Շնորհակալություն հարցի համար: Ուրեմն ասեմ, որ ի սկզբանե նմանատիպ ծրագրերը ներդրվելիս հայտարարվել է, որ ժամանակի ընթացքում ավելանալու են հասարակության նոր շերտեր կամ սոցիալական կատեգորիայի քաղաքացիներ, խմբեր, ինչպես գիտեք, սկզբնական տարբերակում չկային նաև պաշտպանության բանակի և պաշտպանության հերթապահություն իրականացնող մեր համաքաղաքացիների վերաբերյալ դրույթը: Իհարկե, եթե դրա մասին խոսվել է, դրա մասին հայտարարվել է, միանշանակ այլ ուժային կառույցներում ծառայող մեր համաքաղաքացիները իրավունք կստանան այդ ծրագրից օգտվելու: Այսօր, ընդհանրապես, այդ որոշմամբ կարգավորվող ամբողջ հարաբերություններն են վերանայվում, որոշակի օպտիմալացման քայլեր են ձեռնարկվելու, ծրագրերը վերանայվելու են, այդ ծրագրերը արդեն մի քանի տարի է գործում են, և մենք ունենք որոշակի փորձ և մեր դիտարկումների արդյունքում հանդես ենք գալու առաջարկություններով՝ որոշ ծրագրեր վերանայելու, որոշ ծրագրեր ընդլայնելու, որոշ ծրագրեր ընդհանրապես, մասնավորապես, երևի Ձեր հարցի հետ ուղղակի կապ չունի, բայց առիթից օգտվելով ասեմ, ուսանողների տրանսպորտի ծախսերի փոխհատուցման հետ կապված: Փաստորեն ծրագիրը չաշխատեց, չարդարացրեց, սակայն մենք շարունակում ենք մի քանի տարի այդ ծրագիրը պահել և համապատասխան միջոցներ նախատեսել, սակայն օգտվող չկա այդ ծրագրից: Այսինքն՝ օպտիմալացման խնդիր կա, և ձեր նշած հարցը իր դրական լուծումը կստանա և երևի թե լրացուցիչ դրա մասին կասվի:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք: Շնորհակալություն, պարոն նախարար: Հարցի համար հրավիրվում է պատգամավոր Վիլեն Սաֆարյանը, թող պատրաստվի Ռիտա Մնացականյանը:
Վիլեն Սաֆարյան - Հանրապետության մեծարգո Նախագահ, Կառավարության հարգելի անդամներ, գործընկերներ, ուրեմն. նախորդ նստաշրջանում մեր կողմից հարց է բարձրացվել Հանրապետության անտառային ռեսուրսների՝ որպես մեր ազգային հարստության կարևոր բաղադրիչներից մեկի ռացիոնալ օգտագործման վերաբերյալ: Մասնավորապես, մտահոգություն եմ հայտնում անտառային ֆոնդի քանակական և որակական ցուցանիշների բացակայության կապակցությամբ: Հարցի վերաբերյալ հավաստիացում է ստացվել, տրվել, որ մինչև տարեվերջ կմշակվի համապատասխան հայեցակարգ: Հիմա հարցս. կա արդյո՞ք մշակված հայեցակարգ, և ներկա փուլում ի՞նչ է արվում անտառային ֆոնդի քանակական և որակական ցուցանիշների որոշման ուղղությամբ: Երկրորդ հարցս վերաբերվում է Հայաստանի Հանրապետության տարածքում Սոթքի հանքավայրի շահագործման հետ: Սոթքի հանքավայրի շահագործման, այսպես կոչված, կոշտ խարամը կուտակվում է Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում: Բոլորը տեսել եք նոր ճանապարհի վրա աջ կողմի դարափուլը: Մոտ 70-100 մետր բարձրության դարափուլը՝ այդ կոշտ նյութերը, այդ կոշտ նյութերը զբաղեցնում է մոտ 150 հեկտար տարածք. 2012թ. մեր կողմից կատարված չափման ժամանակ, այն եղել է մոտավորապես 110 հեկտար, և անընդհատ աճում է տարածքը: Նկատի ունենք, որ այդպիսի տարածքը հետագայում ռեկուլտիվացիայի գործնականորեն հնարավոր չէ ենթարկել, և դա ամբողջովին կորցված տարածք է: Գոնե հնարավո՞ր չէ ներկա փուլում շահագործող կազմակերպությունը վարձավճար մուծի տվյալ համայնքին, որ ինչ-որ չափով կոմպենսացնի կորցված արոտավայրերի փոխարեն: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցին պատասխանում է շրջակա միջավայրի և բնապահպանության նախարար Վազգեն Միքայելյանը:
Վազգեն Միքայելյան - Շնորհակալություն հարցի համար: Օպտիմալ օգտագործման անտառային պաշարների և անտառային նյութերի վերաբերյալ, ասեմ, որ այդպիսին, որպես հայեցակարգ, մենք տրամադրված չէինք ներկայացնել, բայց ունենք հստակ պատկերացում՝ ինչ պիտի անենք 2018թ. և մյուս տարիներին: Առաջինը՝ մենք մի գործընթացի մեջ ենք մտել, որը ենթադրում է ստեղծել անտառային օրենսգիրք և անտառային կադաստր: Օրենսգրքի պարագայում, երբ որ ունեինք, դա բոլորովին մեզ թույլ էր տալիս արդյունավետ օգտագործել այն պաշարները, որը մենք ունենք, բայց անտառային կադաստրի ստեղծման պարագայում մենք, կարծում եմ, լրիվությամբ արդյունավետ կարող ենք օգտագործել այդ պաշարները: Ուսումնասիրել ենք 2017թ. 4-րդ եռամսյակում անտառային պաշարների՝ մասնավորապես գործափայտի և վառելափայտի ուղղությամբ և ներկայացրել ենք համապատասխան նախագիծ՝ կառավարության հաստատմանը, որպեսզի մենք կարողանանք վնաս չհասցնելով բնությանը, անտառային պաշարներին, օգտագործենք պաշառները և մասնավոր ընկերությունների կողմից, և անհատների կողմից: Կուզեմ ավելացնել նաև, որ չափաքանակները, ծավալները 2018թ. չեն իջեցվել, չեն պակասացվել այն առումով, որ մենք ունենք այդ ուսումնասիրությունների արդյունքում կազմված, ստեղծված մի կարգավիճակ, որը մեզ թույլ է տալիս անկորուստ այդ պաշարները օգտագործել և, ակնկալում ենք, որ մյուս տարիների ընթացքում մենք հնարավոր է ավելացնենք նաև այդ պաշարները և ճիշտ օգտագործելու դեպքում, նորից եմ կրկնում, որևէ վնաս չենք հասցնելու մենք շրջակա միջավայրին: Ինչ վերաբերվում է Սոթքի լեռնահանքաարդյունաբերության ընկերության կողմից կատարած աշխատանքներին, մենք 2018թ. կկատարենք ուսումնասիրություններ, 150 հեկտարի մասին տեղեկություններ չունենք, բայց գիտենք, որ ինչ-որ տեղ սահմանը հատված է և այդ պոչերը թափվում են Արցախի Հանրապետության տարածքում, մենք կուսումնասիրենք և առաջարկություն կներկայացնենք կառավարությանը հետագայում այդ հարցի ուղությամբ:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք: Վիլեն Սաֆարյան:
Վիլեն Սաֆարյան - Ուրեմն այդ անտառային կադաստրի կազմը, ենթադրվում է անտառային ամբողջ տարածքի քարտեզագրում և հսկայածավալ աշխատանք, դա, երևի՝ փուլ առ փուլ և մի քանի տարվա…
Վազգեն Միքայելյանը - Գիտենք դրա մասին, գիտենք:
Վիլեն Սաֆարյան - Իսկ ինչ վերաբերվում է դրան, դեռևս կադաստրի կոմիտեի կողմից 2012թ. չափագրումը կատարվել է՝ համատեղ ուժերով, շրջանի ներկայացուցիչների ներկայությամբ, իսկ աճը՝ ինտենսիվ աճ կա տարածքի:
Վազգեն Միքայելյան - Կուսումնասիրենք այդ խնդիրը և կներկայացնենք մենք, իհարկե:
Աշոտ Ղուլյան – Շատ լավ: Շնորհակալություն: Հաջորդ հարցի համար հրավիրվում է պատգամավոր Ռիտա Մնացականյանը, թող պատրաստվի Արսեն Առստամյանը:
Ռիտա Մնացականյան – Արցախի Հանրապետության մեծարգո Նախագահ, հարգարժան ներկաներ, Դաշնակցություն խմբակցությունը վերջին երկու տարում մշտապես հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության տարբեր ուսումնական հաստատությունների կոլեկտիվների հետ, մասնավորապես 2018թ. շրջաններում, 2018թ. Ստեփանակերտ քաղաքի արդեն մոտ 4 դպրոցներ, և ի թիվս մի շարք հարցերի, ուսուցիչները բարձրացնում են մի հարց բոլոր դպրոցներում: Նրանք հարցնում են՝ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունում ուսուցիչները օգտվում են սոցփաթեթներից, իսկ Արցախի Հանրապետությունում՝ ոչ: Նրանք գտնում են, որ հարցը ոչ միայն ֆինանսների մեջ է, այլև՝ վերաբերմունքի: Հնարավո՞ր է, արդյոք, որ Արցախում ուսուցիչները ևս օգտվեն այդ սոցփաթեթներից: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցին պատասխանում է ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Համեցեք:
Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն հարցի համար: Ուրեմն, որպես վարձատրության բաղկացուցիչ մի մաս՝ սոցփաթեթները, իրականում, մեր Հանրապետությունում նախատեսված չեն, ոչ միայն կրթության ոլորտի աշխատողների, այլ նաև այլ պետական հատվածի այլ սեկտորներում: Եվ հիմնականում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական հատվածի աշխատողների թվաքանակը բավականին մեծ է և այն կպահանջեր բավականին զգալի ֆինանսական միջոցներ, այս պահին դեռևս առանձին ոլորտի համար նախատեսել սոցիալական փաթեթ նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով նաև այն, որ իրագործման տեսակետից գործնականում դեռևս մի քանի տարի առաջ, երբ որ այդ գործընթացը Հայաստանի Հանրապետությունում նոր էր նախատեսվում, որոշակի խնդիրներ առաջացան ապահովագրական ընկերությունների և այդ ծառայությունների փաթեթի մեջ մտնելու ոլորտի կազմակերպությունների հետ: Հետևապես, այդ բոլոր խնդիրները հաշվի առնելով՝ այս պահին դեռևս նման ֆինանսական միջոցներ, նման ծառայություններ չեն նախատեսվում:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք: Շնորհակալություն, պարոն նախարար: Հարցի համար հրավիրվում է պատգամավոր Արսեն Առստամյանը: Թող պատրաստվի Արարատ Օհանջանյանը:
Արսեն Առստամյան - Շնորհակալություն: Մեծարգո Նախագահ, հարգելի գործընկերներ, Կառավարության անդամներ, հարցս վերաբերում է փախստականների բնակարանային պայմանների բարելավմանը: Ուղիղ մեկ տարի առաջ նույն հարցը բարձրացրել էի և տեղյակ ենք, որ 2016թ. Կառավարությունը ծրագիր է իրականացրել: Ցանկանում եմ իմանալ՝ ի՞նչ է արվել 2017թ. այս ուղղությամբ և ի՞նչ է արվելու հետագա տարիներին: Ունե՞նք հստակ ծրագիր, որպեսզի փախստականների պայմանների բարելավման խնդիրը հասկանանք՝ որ թվականին ենք ավարտելու:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցին պատասխանում է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Սամվել Ավանեսյանը:
Սամվել Ավանեսյան – Շնորհակալություն հարցի համար: Ուրեմն ասեմ, որ 2017թ. կատարվել է մի լայնածավալ աշխատանք շրջվարչակազմերի հետ: Ամբողջ թիվը՝ 22-23 հազար փախստականներ, որոնք որ այդ կարգավիճակը ունեն և բնակվում են Արցախի Հանրապետությունում, իրականացրել ենք դիտարկում շրջանների ղեկավարության հետ: Երկու նպատակ ենք հետապնդել: Արդյո՞ք մեր փախստականներից որ մասն է, որ գտնվում է Արցախի Հանրապետությունում և, որոնք են որ ունեն այս կամ այն տեսակի բնակարանային խնդիր: Այսինքն՝ կարող է լինել վերանորոգման խնդիր, կարող է լինել բնակպայմանների բարելավման խնդիր և կարող են լինել մարդիկ, որոնք ընդհանրապես բնակարան չունեն: Այդ տեղեկությունները ամփոփվել են, այդ տեղեկությունների հիման վրա, իհարկե, ընթացքում կծնվեն որոշումներ, մոտեցումներ կմշակվեն, որոնց մասին այս պահին երևի թե վաղ է խոսել: Առաջինը՝ մի խոսքով, մենք փորձում ենք հասկանալ ընդհանուր վիճակը, պատկեր թե փախստականների մասով, թե վերաբնակեցումների մասով: Երկրորդը՝ բնակարանային պայմանների բարելավումը չի ենթադրում միայն, մեր կարծիքով, պետության անմիջական մասնակցությունը: 100 տոկոս խնդրի լուծումը չպիտի վերապահվի պետությանը: Եվ այդ նպատակով նույն սոցիալական ծրագրերի հիմնադրամով նաև ծրագիր են ներդրվել ամբողջությամբ հիփոթեքային վարկերի նկատմամբ, սուբսիդավորման, վարկերի տրամադրման: Եթե փախստականները մեր հայրենակիցներն են, որոնք 92-94թթ. ընթացքում Ադրբեջանի Հանրապետությունից տեղափոխվել են Արցախի Հանրապետություն, ապա անցել է մոտ 30 տարի և ընտանիքներում սերնդափոխություն է կատարվել, և դա միանշանակ չէ, որ բոլոր փախստականները գտնվում են ծանր վիճակում և ունեն խիստ կարիք պետության աջակցության: Այն մասը, որը որ պետության աջակցության կարիքը ունի, իհարկե տարբեր ծրագրեր են իրականացվել և իրականացվում են: Նոր ծրագրեր, նոր աջակցության ծրագրեր, պարզ է, որ պետության հնարավորությունների աճի ընդլայնման հետ աջակցության ձևերը կընդլայնվեն և թիվը կաճի:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Առստամյան: Շնորհակալություն, պարոն նախարար: Հարցի համար հրավիրվում է պատգամավոր Արարատ Օհանջանյանը: Պատրաստվում է Էդուարդ Աղաբեկյանը:
Արարատ Օհանջանյան - Արցախի Հանրապետության մեծարգո Նախագահ, կառավարության անդամներ, հարգելի գործընկերներ: Առաջին հարցս ուղղում եմ առողջապահության նախարարությանը: Վաղվանից ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունում, կարելի է ասել, դեղերի մեծամասնությունն արդեն ձեռք է բերվելու դեղատոմսերի միջոցով, այսինքն՝ դեղերի պահպանման, օգտագործման և տրամադրման մասին կառավարության որոշումը: Նախ, կուզենայի իմանալ, նմանօրինակ որոշում պատրաստում է Արցախի Հանրապետությունը, թե ոչ, և արդյո՞ք, հաշվի են առնվելու այն մտահոգությունները, որոնք այսօր կան Հայաստանի Հանրապետությունում և այն բացթողումները, որոնք եղել են, կան Հայաստանի Հանրապետությունում, նույն նախապատրաստական աշխատանքներ չեն կատարվել ոչ մի ձևի, եթե որոշում կայացնեք նույն ձևի, ընդհանրապես կխնդրեի, որպեսզի այդ հարցը նախօրոք քննարկվեր, նախօրոք նախապատրաստական աշխատանքներ տարվեր, որպեսզի հետո որոշ պրոբլեմների առաջ չկանգնենք, քանի որ մեր պոլիկլինիկաները պատրաստ չեն այսօր այդքան դեղատոմսերի տրամադրման, այսինքն՝ առանց այդ էլ շատ մեծ հերթեր կան պոլիկլինիկաներում, և դեղատոմսերի տրամադրումը շատ մեծ ժամանակ է խլելու: Ասեմ, որ Վրաստանի Հանրապետությունում այդ օրենքը, այսպես ասեմ, վատ է ընդունվել և մինչև հիմա այդ հարցը մնում է օդում: Եվ, երկրորդ հարցս՝ վերջին մեկ տարվա ընթացքում մենք բոլորս ենք ճանապարհորդում Վարդենիս-Մարտակերտ այդ ճանապարհահատվածով. շատ լավ ճանապարհ է, ոչ մեկին ոչ մի բան չենք կարող ասել: Բայց միակ բացթողում կա, որ ճանապարհահատվածում չկան ընդհանրապես օբյեկտներ, չկան ոչ կանգառներ, ոչ սննդի օբյեկտներ: Եվ ընդհանրապես, կուզենայի իմանայի՝ Կառավարությունը նախատեսո՞ւմ է ինչ-որ պետական ծրագրերով օբյեկտներ, թե՞ տրամադրված է անհատներին այդ վիճակը: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Առաջին հարցին պատասխանում է առողջապահության նախարար տիկին Կարինե Աթայանը:
Կարինե Աթայան – Շնորհակալություն հարցի համար: Մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արդեն կսկսի գործել դեղերի նոր օրենքը, որը միտված է բացառել ինքնաբուժումը և կարգավորել բժիշկ-պացիենտ-դեղատուն փոխհարաբերությունները: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից արդեն հրապարակվել են դեղամիջոցների հաստատված ցանկերը, սրանք գրանցված դեղամիջոցների ցանկերն են, թմրամիջոցների հսկվող դեղամիջոցների ցանկերը, այն դեղամիջոցների ցանկը, որոնք բաց են թողնվում դեղատոմսերի միջոցով և այն դեղամիջոցները, որոնք ազատ վաճառվում են: Վերջին ցանկում ընդգրկված են մոտավորապես 1024 դեղամիջոց, և մշակված է դեղատոմսերի ձևեր՝ հատուկ ձև թմրամիջոցների և հոգեմետ դեղամիջոցների համար, այն դեղամիջոցները, որոնք կօգտագործվեն մեկ անգամ, և բազմակի օգտագործվող դեղամիջոցներ: Իհարկե, մենք կկազմակերպենք նախապատրաստական աշխատանքներ և բուժանձնակազմի և դեղատների հետ և անպայման կադապտացնենք այդ օրենքը մեր պայմաններին՝ հաշվի առնելով նաև մեր առանձնահատկությունները:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք, պարոն Օհանջանյան: Շնորհակալություն, տիկին նախարար: Հաջորդ հարցին պատասխանում է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Խնդրեմ:
Կարեն Շահրամանյան – Շնորհակալություն հարցի համար: Իրոք, որ մեր 2017թ. ամենամեծ ձեռքբերումը եղավ Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու շահագործումը՝ համայն հայության ուժերի միջոցների հաշվին: Ճանապարհն անցնում է շատ գեղատեսիլ վայրերով, և միակ խնդիրը, որ դեռևս վերջնականապես լուծված չէ, այդ ճանապարհի հարակից տարածքների սպասարկման տարբեր տեսակի սննդի, հասարակական օբյեկտների առկայության բացակայությունն է: Եթե հիշում եք, ի սկբանե, Արցախի Հանրապետության Նախագահի կողմից տրվել էր հանձնարարական, որ դեռևս ճանապարհի կառուցման զուգահեռ բոլոր հարակից տարածքներում նախատեսվող և կառուցվող օբյեկտների նախագծերը համաձայնեցվեր քաղաքաշինության նախարարության հետ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդտեղ պետք է կառուցվեն ժամանակակից, բոլոր չափանիշներին համապատասխան օբյեկտներ: Այդ իսկ ուղղությամբ մենք զգալի աշխատանքներ ենք կատարել այդ կառուցապատողների հետ, և այսօրվա դրությամբ արդեն կան մի քանի ընկերություններ և ֆիզիկական անձինք, որոնց արդեն իսկ հաստատված են և մի որոշ հատվածում սկսել են աշխատանքներ: Կոնկրետ երկու խոշոր օբյեկտներ իրականացվելու է «Բեյզ-Մեթըլզ» ընկերության կողմից, մեկը՝ տաք ջրի խաչմերուկում և, երկրորդը՝ Դրմբոնի հանքավայրի հենց հարակից տարածքում: Լինելու են և՛ հասարակական սննդի կետեր, և՛ մոտելներ, բենզալցակայաններ՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան: Կա նաև Ռուբեն Հայրապետյանի կողմից ճանապարհի աջ հատվածում՝ եկեղեցու տարածքում, կառուցապատվող նոր նախագիծ, եթե հիշում եք արդեն կամուրջը կառուցված է, և արդեն մոտ ժամանակներս սկսվելու է ժամանցի և սննդի օբյեկտի կառուցման աշխատանքները: Մի քանի փոքր նաև ֆիզիկական անձանց կողմից ևս ներկայացվել են նախագծեր, որ արժանացվել է հավանության և այդ աշխատանքները, մի խոսքով, ընթացքում են: Եվ մոտ մեկ-երկու տարվա ընթացքում մենք արդեն ունենալու ենք ժամանակակից պահանջներին համապատասխան և՛ սննդի, և՛ սպասարկման, հասարակական տարբեր օբյեկտներ:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախարար: Եվ վերջին, ներողություն, նախավերջին հարցը՝ էդուարդ Աղաբեկյան, պատրաստվում է Վարդգես Ուլուբաբյանը:
Էդուարդ Աղաբեկյան - Արցախի Հանրապետության մեծարգո Նախագահ, հարգելի նախագահող, կառավարության հարգարժան անդամներ, հարգելի գործընկերներ, hարցերից առաջինը առիթ եմ ունեցել այս ամբիոնից հնչեցնելու, խոսքս վերաբերվում է հիփոթեք և ժողովրդագրություն հասկացողությունների միացմանը: Այո, վերջին տարիներին ունենք բնական աճ: Բայց բնական աճի տեմպերի նվաճումը ակնհայտ է: Հետևապես և հնարավոր չի, օրինակ՝ փորձեմ ավելի պարզ ձևակերպեմ, երիտասարդ ընտանիքներին տրվող հիփոթեքային վարկը, որպեսզի այդ ընտանիքը իմանա 3-րդ երեխայի ծնվելու պարագայում 50 տոկոս ազատվելու է դրանից, 4-րդի դեպքում՝ 75 տոկոս, 5-րդի դեպքում… չնայած տակը արդեն բան էլ չի մնացած լինելու, 100 տոկոսով: Սա, ի դեպ, նաև վերջին 15-20 տարիներին, պետություններ կան, որ այդ քաղաքականությունը օգտագործում են:
Երկրորդ հարցս արյան բանկ հասկացողությանն է վերաբերվում, արյան պաշարներին: Ինչպիսի՞ն է կոնկրետ առողջապահության նախարարին հարցնեմ, ինչքա՞ն արյուն է պետք մեզ տարեկան, ինչքա՞ն ունենք համապատասխան պաշարներ, քանի՞ դոնոր ունենք, դոնորներին տրվո՞ւմ են, արդյոք, իրենց կենսաբանական և էներգետիկ ծախսերի նպատակով փոխհատուցումներ: Եթե մարդ առիթ է ունենում առնչվել նման երևույթների հետ, ակնհայտ է, որ ինչ-որ բան, ինչ-որ տեղ, առնվազն, տեղում չէ: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Առաջին հարցին պատասխանում է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Սամվել Ավանեսյանը, երկրորդ հարցին՝ առողջապահության նախարարը:
Սամվել Ավանեսյան – Շնորհակալություն հարցի համար: Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խնդիրը շատ լավ բոլորս պատկերացնում ենք, որ դա համալիր խնդիր է: Դրանցից մեկը բնակարանային պայմաններն են, բնականաբար երիտասարդ ընտանիքներին ապահովելը: Իրականում ունենք ծրագրեր, որոնք գտնվում են, ներ են դրվել և աշխատում են: Ունենք նաև արձանագրած շատ լավ արդյունքներ: Միանշանակ, ես Ձեզ հետ համաձայն եմ, դա այն գործընթացն է, որը մշտական պետք է կատարելագործվի և ինչքան որ հնարավոր է ժամանակի ընթացքում երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ճանապարհին այդ ընտանիքների բեռը թեթևացնել: Տարբեր երկրներում տարբեր մոտեցումներ կան, տարբեր փորձ կա, պարզապես ամեն ինչը բխում էր երկրների ֆինանսական հնարավորություններից: Այսօր էլ ինչ որ արվում է Արցախի Հանրապետությունում, մեր կարծիքով, իրականում դրական արդյունքը տվել է, միանշանակ հաջորդ քայլ անելու ժամանակն է: Հաջորդ քայլը մենք նաև դիտարկում ենք ընդհանուր առմամբ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ այդ համալիր խնդիրների մեջ: Երկու կարևորագույն խնդիրներ են մեզ համար արձանագրվել: Մեկը, պարզ է, բնակարանային պայմաններն են, մյուսը՝ աշխատանքը: Մենք փորձում ենք այսօր ծրագրեր մշակել, որի արդյունքում ցանկանում ենք համատեղել՝ աշխատանք–աշխատատեղեր–աշխատավայր և բնակարան: Եթե ունենք այսօր խնդիր Ստեփանակերտ քաղաքում, նշանակում է մենք մեր երիտասարդներին պետք է ուղղորդենք Ստեփանակերտից դուրս այն բնակավայրերը, որտեղ որ հնարավոր կլինի ապահովել աշխատանքով: Այսօր նախարարությունը այդ նախագծերը մշակում է, ինձ թվում է, որ ժամանակի ընթացքում կներկայացվեն և հավանություն ստանալու դեպքում, կհաստատվեն, ինչպես նաև մյուս ծրագրերը, մենք համոզված ենք, որ իրենց արդյունքներ կունենան: Իսկ կապված նրա հետ, որ ծնելիության մակարդակը տատանվում է կամ նվազում է, իրոք, նման բաներ կան, բայց երևի դա թույլատրելի տիրույթում է: Ուրեմն այն տեմպերը, որ հաջողվել է 10 տարի առաջ հասնել, երևի թե կարելի է ասել, որ այդ տեմպը պահպանվում է: Իհարկե, մենք պետք է հասկանանք, որ ժամանակն է նոր ծրագրեր առաջադրել, նոր քայլեր ձեռնարկել, որ աճ արձանագրենք, տեմպերը աճեն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք, պարոն Աղաբեկյան: Շնորհակալություն, պարոն նախարար: Երկրորդ հարցին պատասխանում է առողջապահության նախարար Կարինե Աթայանը:
Կարինե Աթայան – Շնորհակալություն հարցի համար: Ներկայումս ունենք գրանցված մոտավորապես 40 դոնոր, որոնք իրավունք ունեն հանձնել արյունը երկու ամիսը մեկ անգամ, նրանք ապահովված են բոլոր էներգետիկական ծախսերի դիմաց անհրաժեշտ սննդով, ինչը նախատեսված է օրենքով: Ինչ վերաբերվում է մեր պաշարներին, խնդիրն այն է, որ գոյություն ունի արյան բաղադրիչները ունեցող կարճ ժամկետ, պիտանելիություն և երկար պիտանելիություն գործոնը, մենք ունենք բավականին բավարար պաշար երկար ժամկետ ունեցող բաղադրիչների, իսկ կարճ ժամկետ ունեցող այդ բաղադրիչների պիտանելիությունը ընդամենը երեք շաբաթ է, անընդհատ պետք է թարմացվի: Եվ այդ հասարակ պատճառներով կարճ ժամկետ ունեցող բաղադրիչների՝ երեք շաբաթը մեկ անգամ պաշարը պիտի անպայման թարմացվեն: Հնարավորությունները սրանք են մեր:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք, պարոն Աղաբեկյան: ԷդուարդԱղաբեկյան – Համակարգին տարեկան ինչքա՞ն արյուն է պետք:
Կարինե Աթայան – Ես կճշտեմ, տվյալները կներկայացնեմ:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, տիկին նախարար: Եվ եզրափակիչ հարցի համար հրավիրվում է պատգամավոր Վարդգես Ուլուբաբյանը:
Վարդգես Ուլուբաբյան – Արցախի Հանրապետության մեծարգո Նախագահ, հարգարժան կառավարության անդամներ, խոսքս՝ էլի առողջապահության նախարարին պիտի դիմեմ: Մենք մի քանի տարի առաջ երազում էինք ունենալ այն հիվանդանոցը, որը հիմա ունենք և թե՛ բարերարները, և թե մեր կառավարությունը արել են ամեն ինչ, որպեսզի մենք ունենանք այդ շքեղ հիվանդանոցը, իհարկե ուրախալի է, անձամբ ես գոհ եմ: Ինչից չի, որ ես գոհ եմ մնացել: Ուզում եմ անցնել պոլիկլինիկային, էլի համեմատաբար, վատ չի, իհարկե, առաջվա համեմատած, բայց, գիտեք, հերթերը այնքան շատ են, որ մի օրում կարող է հիվանդը չի հասցնում: Ես անձամբ գնացել եմ, դա իմ սեփական փորձից եմ խոսում: Մի ամբողջ օրում հերթս չի եկել, խոսքս կարդիոլոգիայի մասին է: 10-15 հիվանդ սպասում են, մի 30 րոպե տևում է մինչև հետազոտում են, կարդիոգրամա են անում, չգիտեմ նշանակումներ են անում ու՝ եթե նստած սպասում են, մանավանդ սրտից հիվանդներ, գիպերտոնիկներ: Մի օրը չի հերիքում: Հնարավո՞ր չէ, ասենք կամ շաբաթ օրը ավելացնեք կամ հերթափոխ ավելացնեք: Կազմակերպչական հարց է, որը որ երևի կարելի է լուծել, եթե իհարկե մենք մտածում ենք առաջին հերթին բնակչության առողջության մասին: Երկրորդ հարցս ճանապարհային երթևեկության մասին է: Ուրեմն, ինչքան ես հասկանում եմ և՛ վարորդը, և՛ հետիոտնը նույն պատասխանատվությունն են կրում, բայց չգիտեմ ինչու միշտ վարորդն է պատժվում, տուգանվում: Հետիոտն ոնց ուզում ճանապարհով գնում է ու պատիժ չի կրում, բայց նույն վտանգը երևի ստեղծվում է: Ինձ թվում է՝ այս հարցն էլ մի ձևի կարելի է կարգավորել ու հակառակն ասեմ, վարորդն էլ էլի շատ լավա զգում մայթին: Առաքիչները մտնում են մի փոքր կրպակ, 2 հաց պիտի տանի ու 3 բուլկի, դրա համար պարտադիր փորձում է մտնի մայթով, քիչ է մնում մտնի կրպակի մեջ: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Առաջին հարցին պատասխանում է առողջապահության նախարար Կարինե Աթայանը:
Կարինե Աթայան – Շնորհակալություն հարցի համար: Բոլորդ գիտեք, որ ամբուլատոր պոլիկլինիկական բաժանմունքում կենտրոնացված է ճառագայթային, գործիքային լաբորատոր բաժանմունքները, որոնք գրեթե միակն են մեր տարածքում, և ամեն օր ըստ մշտադիտարկման տվյալների մոտավորապես 470 հիվանդ է դիմում ամբուլատոր պոլիկլինիկական բաժանմունք: Ընդ որոմ, հիվանդները դիմում են, անկանխատեսելի հոսք է, բոլոր հիվանդանոցներից, զինվորական հոսպիտալներից: Նաև կան անհետաձգելի դեպքեր: Հենց դա է պատճառը, որ պոլիկլինիկական բաժանմունքում առաջանում են հերթեր: Անձամբ ես, աշխատելով պոլիկլինիկայում, բազմաթիվ անգամ առաջարկել եմ նախնական հերթագրման ձևը բնակչության համար: Բայց մեր բնակչությունը հրաժարվում է նման ձևով դիմել պոլիկլինիկական հաստատություն և այսօրվա դրությամբ մենք փորձում ենք կազմակերպել աշխատանքները տեղում՝ հաշվի առնելով անհետաձգելի դեպքերը, սոցիալական խմբերում ընդգրկված հիվանդների քանակը, նաև բնակչության ինքնուրույն դիմելիության քանակը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Պարոն Ուլուբաբյան:
Վարդգես Ուլուբաբյան – Հույս պահենք, տիկին Աթայան, որ հերթը մեզ էլ կհասնի: Եթե պոլիկլինիկա են գալիս, ուրեմն հիվանդ են էլի:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, տիկին Աթայան: Խնդրեմ, պարոն Նախագահ:
Բակո Սահակյան – Կուզենայի անդրադառնալ այս հարցադրումներին: Ինչպես միշտ, սա աշխատանքի կվերածվի իմ և իմ գործընկերների կողմից, և վերջին հարցադրմանը` պարոն Վարդգես Ուլուբաբյանի, այո, այդ խնդիրը մենք ունենք: Այս վերջերս ես անց եմ կացրել մի շարք աշխատանքային խորհրդակցություններ և շարունակելու եմ այդ ուղղությամբ իմ աշխատանքները: Մենք մոտենում ենք ճգնաժամի և մենք ունենք ճգնաժամային վիճակ ոչ միայն այդ հերթերի հետ կապված, դրանք տարբեր են: Այդ խորհրդակցությունների ժամանակ ես հետաքրքվել եմ, թե ինչու տարիներ առաջ, երբ մենք նախանշում էինք մեր հերթական ռազմավարական նշանակության ծրագիրը՝ ունենալու ժամանակակից առողջապահական հաստատություն, չի հաշվարկել և այդ ժամանակ ես նույնպես ներկա եմ եղել, և այսօր ներկա է դահլիճում նաև տիկին Զոյա Լազարյանը: Բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել և ամեն անգամ այդ քննարկումներում նշում էինք, որ անհրաժեշտ է անպայման հեռանկարային նախագիծ ունենալ: Եվ այն ժամանակ մեզ ասում էին, եթե մենք ունենայինք 136, ուրեմն այդպես էիք ասում մահճակալների թիվը հանրապետական հիվանդանոցի հետ կապված, կարծեմ 136 էիք ասում, բայց հիմա պարզվում է, որ դա չի բավարարում: Եվ այո, այդպիսի վրիպումներ ունեցել ենք: Հիմա պարտավոր ենք նորից շտկելու: Մենք նաև փաստել ենք, որ այսօր ամենամեծ հոսքը տեղի է ունենում դեպի հանրապետական հիվանդանոց, որովհետև այդ տարածքում կենտրոնացված են մեր հիմնական բժշկական հաստատությունները և մենք ընդհանրապես խնդիր ունենք: Այդ հերթերը, պոլիկլինիկայի հետ կապված, մի քիչ մեղմ եք բնութագրել: Ես ինչ տեսել եմ, ինչ տեսնում եմ, նա եմ ասում: Դա ոչ միայն դժգոհություն էր, այլ բավականին լուրջ իրավիճակ է ստեղծել մեզ համար: Այդ խնդիրը ենթակա է լուրջ քննարկման, լրացուցիչ ուսումնասիրության, և մենք այդպիսի աշխատանք կատարելու ենք: Կան բազմաթիվ առաջարկներ՝ ունենալ նոր պոլիկլինիկա, ավելի հագեցած, ավելի մեծ հնարավորություններ ունեցող՝ այդ հոսքերը կանոնակարգելու, այդ որակյալ սպասարկումը կազմակերպելու և այլն: Բայց այն, որ նման միջամտության անհրաժեշտություն ունենք, դա փաստ է: Ճանապարհային երթևեկության հետ կապված Ձեր երկրորդ հարցադրումը մենք քննարկել ենք, հրավիրել ենք Երևանից մասնագետներ, ինժեներներ, հրավիրել ենք այդ չափագրումները կատարելու և այդ լուսարձակները տեղադրելու գործընթացները և նմանատիպ աշխատանքները կատարում ենք միայն ու միայն այդ մասնագետների կողմից տված եզրակացությունների համաձայն: Ըստ նրանց՝ եզրակացությունների, մեր ամենավտանգավոր փողոցները դա Վազգեն Սարգսյան, Ազատամարտիկների փողոցն է, և դասակարգել են ընդհանրապես այդ չափագրումների համաձայն, դասակարգել են և նշել են այդ վտանգի աստիճանը: Նախատեսում ենք, հաշվի առնելով նրանց այդ եզրակացությունները, նախկին կինոթատրոն Ռոսիան դարձնել 3-րդ դպրոցի ուղղությամբ լրացուցիչ հնարավորություն: Քաղաքաշինության նախարարությունը քաղաքապետարանի հետ այդ ուղղությամբ աշխատում են, ամենավտանգավոր երթևեկության հատվածները 3-րդ և 7-րդ դպրոցների հատվածներն են մատնանշվել: Երաժշտական դպրոցի կողքի շինությունը, որը գտնվում է պետության հաշվեկշռում, այն նույնպես ենթակա է քանդման և, ուզում ենք հաշվի առնել ևս այդ տարածքները, ոչ թե նոր կառույցներ ունենալ, դրա փոխարեն, այլ ազատել և ստեղծել այդ լրացուցիչ հնարավորությունը, նախ՝ այդ լարվածությունը թուլացնելու, երկրորդը՝ ավելի հարմար պայմաններ ստեղծելու համար: Եվ ոչ միայն դպրոցի, այլ քաղաքացիների համար նաև այդ հնարավորությունները ստեղծել: Ընդհանրապես աշխատանքային քննարկումների ժամանակ բոլորն էլ համակարծիք են, որ չծանրաբեռնենք մեր քաղաքը, որովհետև այն ունի շատ յուրահատուկ ծանրաբեռնվածության աստիճան, և այդ ծանրաբեռնվածությունը գոյանում է ոչ միայն ճանապարհային երթևեկության շնորհիվ, այլ ընդհանրապես: Քանի որ չի կառուցվել, խախտվել է ժամանակին Թամանյանի հայեցակարգը, կառուցվել է ոչ մեր կամքին համահունչ, կառուցվել է խորթ չափորոշիչների համաձայն, և շատ դեպքերում օգտագործել են քաղաքաշինությունն ոչ նորմալ ձևով: Մեզ մի քիչ ժամանակ է պետք լինելու, բայց այդ ժամանակը անպայման պիտի ուղեկցված լինի հաստատակամությամբ: Այո, մենք վարորդների նկատմամբ մի քանի անգամ ավելի խիստ պատժամիջոցներ ենք կիրառում, քան քաղաքացիների նկատմամբ, ովքեր այդ նույն կարգերը խախտում են, որովհետև գիտակցության հետ կապված խնդիր ունենք: Սա է մեր կյանքի իրական մի մասը:
Արթուր Թովմասյանը այդ հավատարմագրման հետ կապված իր գոհունակությունը հայտնեց, բայց այդ հավատարմագրման գործընթացը սկսել ենք առաջին անգամ այստեղ բարձրաձայնելուց, և շատ նորմալ եմ համարում, որ մենք այդպիսի հարցերի շուրջ այստեղ խոսում ենք, աշխատում ենք և հետագայում դա դառնում է գործնական աշխատանք բոլորիս համար: Եվ համոզված եղեք, Արթուր Բաբկենի, որ մյուս հարցերի շուրջ, որ այսօր Դուք նույնպես խոսել եք, այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ կկատարենք և մեր հետագա հանդիպումների ժամանակ լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք Ձեզ:
Կրթության հետ կապված՝ այս վերջին միջանկյալ զեկույցը՝ կրթության նախարարի կողմից ներկայացված, բավականին լուրջ մտահոգություններ է առաջացրել մեզ մոտ: Ամեն մի ժամանակաշրջան մենք մեր հնարավորությունների շրջանակներում փորձել ենք արդյունավետ օգտագործել և շտկել բացերը, ստեղծել լրացուցիչ հնարավորություններ, բարելավել շենքային պայմանները և այլն: Բայց այն, որ համակարգում առկա են այնպիսի խնդիրներ, որոնք ենթակա են լուրջ ուսումնասիրությունների, դա փաստ է: Ես չեմ համարում, որ այն գործընթացը, որ ապագայում մենք կատարելու ենք, կարելի է որակել ցավոտ գործընթաց: Ընդհակառակը՝ համարում եմ, որ դա պահանջված աշխատանք է լինելու, և ստեղծելու եմ հնարավորություն, որպեսզի Դուք առաջին հերթին տեղեկանաք ավարտված ուսումնասիրություններին, իսկ այդպիսի աշխատանք հիմա նախարարությունը կատարում է, և ավելի քան համոզված եմ, որ մեր հավաքական ներուժը օգտագործելու ենք և գտնելու ենք ելքը այդ ստեղծված վիճակից: Դրանք տարբեր են: Սկսած ուսման որակից, դուրս եկած մի շարք այլ երևույթներից, որոնք առկա են ոլորտում: Այս վերջերս դատախազության կոլեգիայի նիստին մասնակցելով, ինչպես նաև մասնակցել եմ ոստիկանության ամենամյա արդյունքների ամփոփմանը, եկել ենք այն եզրակացության, որ մի շարք հանցատեսակների, պատճառները պետք է փնտրել նաև դպրոցներում և ուսումնական հաստատություններում: Իմ կարգադրության համաձայն՝ մենք նախկինում այդպիսի աշխատանք չէինք կատարել, դատախազությունը առաջին անգամ ներկայացրել է վերլուծություն-տեղեկանք: Ես սիրով կտրամադրեմ, որպեսզի Ազգային ժողովի մեր գործընկերները ևս ծանոթանան այդ վերլուծությանը: Այնտեղ գաղտնի բան չկա, ուղղակի մեր պատասխանատուները դատախազության այդ աշխատանքը կատարել են և, կարծում եմ, որ որակով են կատարել, որը մեզ համար նույնպես կարող է ուղեցույց հանդիսանալ հետագա մեր աշխատանքները ճիշտ և արդյունավետ կատարելու համար: Հենց այսօր էլ այն կփոխանցվի ձեզ, կարծում եմ՝ օգտակար է լինելու բոլոր առումներով:
Պարոն Բաղունցի հարցադրման հետ կապված՝ էլեկտրաէներգիայի կորուստների: Ես Ձեզ այդպիսի տեղեկություն տվել էի: Մենք խնդրել էինք 9 միլիոն դոլար այդ ընկերությունից այն ժամանակ, երբ ընդհանրապես մենք չէինք սկսել մեր քննարկումները, և մեր օրակարգում չկար այդ մարդկանց ներգրավելու՝ իբրև Արցախէներգոն սեփականաշնորհելու հավանական գնորդի: Մենք խնդրել ենք և նրանք բավարարել են մեր խնդրանքը՝ մինչև սեփականաշնորհման գործընթացը: Հետո տվել են իրենց համաձայնությունը և աշխատանքները կատարել ենք, կատարում ենք և այդ ընկերությունը շատ յուրահատուկ նպատակ ունի: Նրանք հարգել են մեր հերթական խնդրանքը և այդ դասական բիզնես շահը չեն հետապնդում, ինչպես շատ-շատ հայրենակիցներ, ովքեր աշխատել են, աշխատում են և աշխատելու են այդ նույն, այսպես ասած, հարաբերությունների շրջանակներում: Ես մեր հանդիպումներից մեկի ժամանակ ձեզ տեղեկացրել եմ, որ հաստատվել է նրանց ռազմավարությունը 2018-2022թթ. և նախատեսել եմ 2 միլիարդ դրամ, որոնք ուղղվելու են այդ վերազինմանը, որովհետև մեր համակարգը բավականին ծանր վիճակում էր երկար ժամանակ գտնվում: Մենք բազմաթիվ լրացուցիչ աշխատանքներ ենք կատարել այս տարիների ընթացքում, և ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը այդպես էլ այդ դժվարությունները չեն զգացել: Մենք ունեցել ենք նաև ճգնաժամային բավականին երկար ժամանակ էներգո համակարգի հետ կապված: Ըստ այդ ռազմավարության մեր կորուստները պիտի հասնեն 4.5 տոկոսի, որովհետև այսպիսինն է լավագույն կորուստների ցուցանիշներն աշխարհում: Եվ ավելի քան համոզված եմ, որ այդ աշխատանքը կատարվելու է: Մենք խոսել ենք նաև ձեզ հետ այդ էներգո համակարգի նշանակության մասին, և ես շատ ուրախ եմ, որ մեր գործընկերները առաջնորդվում են այսօր այդ գաղափարներով և դարձել են մեզ համար իրական գործընկերներ՝ քաջ գիտակցելով, թե ինչպիսի առաջադրանք են կատարում և ինչ նշանակություն ունի մեր երկրի համար էներգո համակարգը:
Հաջորդ խնդիրը՝ պարոն Վիլեն Սաֆարյանի հարցումը ռեկուլտիվացիայի հետ կապված Սոթքի տարածքում, այո, նրանք վաղուց, արդեն տարիներ շարունակ, իրականացնում են այդ աշխատանքը և այդ թափոնները տվյալ դեպքում գտնվում են Արցախի վարչական տարածքներում: Բայց ես չեմ ուզում մեր հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ այդպես կառուցենք: Մենք ավելի շատ բնապահպանական պահանջներին համապատասխան պիտի կառուցենք մեր հարաբերությունները, քան բաժանելով այդ հարաբերական, այսպես ասած, այդ վարչատարածքները, որովհետև իրականում հարաբերական եմ համարում: Մենք չենք կարող այդ դասական, սահմանային քաղաքականության շրջանակներում կառուցել մեր հարաբերությունները Հայաստանի Հանրապետության մեր գործընկերների հետ: Եվ այդ խնդիրը կա բավական երկար տարիներ, այո, այդ թափոնները թափվում են այդ հատվածում՝ Շահումյանի Սոթքի հատվածում, բայց այնտեղ մենք չունենք արոտավայրեր, այնտեղ, որտեղ այդ թափոնները թափում են՝ չունենք արոտավայր: Մենք ընդհանրապես արոտավայր չունենք:
Հաջորդ հարցը, որի վրա կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել դա փախստականների հետ կապված հարցն է: Մենք, ճիշտ է ասում սոցապ նախարարը, յուրահատուկ երևույթի հետ ենք առնչվել և շարունակում ենք առնչվել: Ընդհանրապես բնակարանային քաղաքականության շրջանակներում մինչև չբարձրացնենք մեր քաղաքացիների գիտակցությունը, մենք դժվարությամբ ենք այս խնդիրներին լուծում տալու: Շատ լուրջ խնդիր է: Մենք այդպիսի շրջան ունեցել ենք զոհված ազատամարտիկների ընտանիքների բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքներում: Հիմա էլ այդ հանձնաժողովը ոչ թե լուծարվել է, այլ վերակազմավորվել է, և սոցապնախարարը արդեն նույնպես, ինչպես կրթության նախարարը, մի երկու միջանկյալ զեկույց է ներկայացրել, և ես խնդրել եմ նրան, որպեսզի այդ տեղեկությունները փոխանցի Ազգային ժողովի մեր գործընկերներին: Այդպիսի հանդիպում տեղի է ունեցել և որոշակի տեղեկություններ փոխանցվել են ձեզ, բայց ես կուզենայի, որ մենք չսահմանափակենք միայն այդ տեղեկությունների փոխանցմամբ: Սրանք խնդիրներ են, որոնք ենթակա են ավելի լուրջ ուսումնասիրությունների, և այստեղ նույնպես ես տեսնում եմ մեր բոլորիս մասնակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ ժողովրդագրության հետ կապված: Այդ մասին նույնպես ես ձեզ հետ խոսել եմ, որ նրանք, ովքեր որակումներ են տալիս, ես կասեի մի քիչ մեղմ ենք մենք խոսում: Այո, մենք ունեցել ենք հաջողություններ ժողովրդագրության հետ կապված, բայց այս պահի դրությամբ մենք ունենք լուրջ մտահոգություններ այդ նույն ժողովրդագրության հետ կապված: Սա լրջագույն խնդիր է: Այդ իսկ առումով, Սամվել Արպատիչը երևի մի 4 այցելություն է իրականացրել, տարբեր ատյաններում հանդիպումներ է ունեցել հատկապես Հայաստանում, որովհետև այնտեղ էլ են մտահոգված, բավականին լուրջ աշխատանքներ են տարել, որոնումների մեջ են, ինչպես մենք փորձել ենք այս տարիներին նաև համաշխարհային փորձը հիմք ընդունել և հնարավորինս կիրառելի դարձնել մեր պայմաններում: Այս պահի դրությամբ այդ խնդիրը ենթակա է, հավատացնում եմ Ձեզ, լրջագույն ուսումնասիրության, որովհետև եթե մենք այդ ուսումնասիրությունները չկատարենք և ճիշտ առաջարկություններ չներկայացնենք, մեր բյուջետային քաղաքականության հիմքում արտացոլված չլինի, այդ աշխատանքը լինելու է հարաբերական, ինչու չէ՝ նաև ձևական: Ինչպես նախորդ մեր հանդիպումների ժամանակ, այսօր օգտագործելով այս հանդիպումը, նորից եմ հրավիրում ձեզ բոլորիդ՝ այդ կարգի աշխատանքներում մասնակցություն ունենալու: Բարեբախտաբար, վիճակագրությունն, այս տարիների, կուտակած տեղեկությունները լրջորեն կարող են օգնել մեզ հնարավորինս ճիշտ որոշումներ ընդունելու: Ես ձեզ տեղեկացրել էի նաև բնակարանային խնդիրների մասին, նույն վերաբնակեցման հետ կապված և այլն: Երբ մենք խոսում ենք վերաբնակեցման մասին, դժվար թե մեր շարքերում գտնվի մեկը, ով չողջունի, որ մեր երկրում անհրաժեշտ է վերաբնակեցման ծրագրեր իրականացնել: Բայց, նախ, այդ և նմանատիպ առաջարկությունները պետք է որ բացառեն հավանական պոպուլիզմի տարրերը իրենց մեջ: Երկրորդը՝ մենք ունենք մի շարք լուրջ խնդիրներ: Ես այն, ինչի հետ առնչվել եմ, այն ինչի հետ առնչվում եմ, փորձում եմ այդ ամենի մասին ձեզ տեղեկացնել: Հեռու չեմ գնում, Քաշաթաղի շրջանում մենք մեր հնարավորության շրջանակներում, այն էլ այդ հնարավորությունները շատ դեպքերում ստեղծում ենք արտաբյուջետային միջոցների հաշվին, իրականացնում ենք համեստ վերաբնակեցման աշխատանքներ: Մենք մեր երկրի տարբեր շրջաններում ունենք քաղաքացիներ, ովքեր տասնյակ տարիներ է դիմում են մեզ, որպեսզի նույն միջամտությունը և նույն համեստ աջակցությունը ստանան: Մենք չենք բավարարում այդ մարդկանց: Այսինքն, մեր ռազմավարությունը, մեր քաղաքականությունը այնքան պիտի արդարացված լինի բոլոր առումներով, որ մենք ստիպված չլինենք մեր աշխատանքները կատարելուց տարբեր ներքին ծանր ապրումների մեջ հայտնվելու: Սրանք հասարակ խնդիրներ չեն: Հիմա եթե մենք վերաբնակեցման ծրագիր ենք իրականացնում, նաև ես ձեզ ասել եմ, այդ վերաբնակեցման ծրագիրը մենք պիտի նույն մեր երկրի յուրահատկություններից ելնելով իրականացնենք: Հիմա Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղը մեզ համար կարևո՞ր է, թե չէ: Վաղուհաս գյուղը, որի ազատագրման 25-ամյակն ենք նշել, որը այդպիսի ծանրագույն, ոչ թե ծանրագույն, այլ ողբերգական ապրումներ ապրած մեր գյուղերից մեկն է: Մենք ունենք այնտեղ լուրջ բնակարանային խնդիրներ: Այդ գյուղերում մեր մայրերը, մեր ծնողները նույն հավատարմությամբ շարունակում են ծննդաբերել այդ ծանրագույն պայմաններում, դաստիարակել և այլն: Մենք անտեսե՞նք այդ գյուղի խնդիրները և կենտրոնանանք միայն Քաշաթաղի կամ Կովսականի շրջանում վերաբնակեցման ծրագրերի վրա, որովհետև դա էլ է նույն առաջադրանքի մասը կազմող աշխատանք: Հետևաբար, մենք վերջնականապես պիտի համապատասխանեցնենք մեր քաղաքականությունը մեր երկրի իրական պահանջներին: Եվ ես դեմ եմ և ոչ միայն դեմ եմ, այլ քննադատում և ատում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքը կամ իրենց խոսքը կառուցում են ոչ մեզ վայել մշակույթի համաձայն: Միայն թե խոսենք, միայն թե բարձրաձայնենք դրա մասին և այլն: Կողմ եմ եղել, կողմ եմ և այսուհետ էլ կողմ եմ գործելու միայն ու միայն մեր երկրի շահերից, միայն ու միայն մեր երկրի իրական պահանջներից: Բոլոր հնարավորությունները ստեղծված են այսպիսի աշխատանք կատարելու, և ես սիրով, և ժամանակ, և հնարավորություն կտրամադրեմ իմ և մեր այն գործընկերներին, ովքեր առաջնորդվում են այդ դատողությամբ և նման մտածելակերպով: Հաջորդ խնդիրը, որի մասին տիկին Ռիտան բարձրաձայնեց՝ սոցիալական փաթեթի, մենք ունենք, տիկին Ռիտա, մի իրավիճակ, որտեղ միշտ չէ, որ համեմատություններն են որոշում մեր, այսպես ասած, սոցիալական վիճակը: Մենք ունենք նմանատիպ խնդիրներ: Եվ այս վերջին այցելությունների ժամանակ Դուք էլ եք նրանց հանդիպել, երբ եկել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահները, ես էլ եմ հանդիպել և խոսել եմ այդ հանձնաժողովի նախագահի հետ բավականին երկար: Մենք այս հարցը կոնկրետ չենք քննարկել, բայց մենք ունենք նման խնդիրներ: Ես խնդրում եմ Ձեզ, երբ նրանք լինում են այստեղ, այդ և նման հարցերի շուրջ ավելի շատ խոսել, ավելի շատ աշխատել: Սա աշխատանքային բնույթի խնդիրներ են, միշտ էլ կարելի է գտնել հավանական լուծումներ: Այսքանը: Վարդենիս-Մարտակերտի հետ կապված՝ քաղաքաշինության նախարարը տեղեկացրեց, որ շուտով մենք կունենանք ճանապարհի երկարության վրա, անհրաժեշտ կառույցներ: Մեր հիմնական խնդիրը չի լուծվում: Երեկ չի առաջին օրը մենք մեկնում էինք ցավակցելու Արթուր Արմենիչին՝ Մարտունի, այնքան խոսել եմ այս տարիների ընթացքում այդ քաղաքաշինական, ճարտարապետական, նորմերի մասին վերջին հաշվով ես չեմ կարող ասել, որ հոգնել եմ, չէ, չեմ հոգնել, պայքարել եմ և շարունակելու եմ պայքարել, բայց հավատացնում եմ միայն իշխանության ինստիտուցիոնալ աշխատանքը չի լուծելու այդ հարցը, այն, ինչի մասին խոսում ենք, միայն բոլորիս մասնակցությամբ է ստացվելու: Հիմա օրինակ՝ նորից կառուցում են Քռասնի համայնքում բնակարաններ: Մի՞թե մենք դեմ ենք, որ Քռասնիում բնակարաններ կառուցվեն: Իհարկե, չէ: Ընդհակառակը՝ ուրախանում ենք: Բայց կառուցում են բնակարաններ, որոնք ես պատահական չեմ օգտագործել այդ սրբապիղծ բառը: Մենք քաղաքաշինությամբ սրբապղծում ենք մեր երկիրը: Ես ինչ անեմ, որ ընդհանուր առմամբ, անտարբերություն կա մեր երկրում: Ստեփանակերտ քաղաքի հետ կապված՝ քանի անգամ եմ անդրադարձել քաղաքապետարանի այդ ճարտարապետներին, քաղաքապետին և այլն: Վերջին հաշվով, նրանք առանձին ինստիտուտ են, ես հասկանում եմ իմ միջամտության չափը և իմ պահանջները չեն կարող անօրինական լինել: Դրա համար էլ մենք բոլորս պիտի այդ խնդիրներին անդրադառնանք և ամեն օր չանցնենք այդ երևույթների կողքով և միայն նիստերի ժամանակ դրա մասին բարձրաձայնենք: Հասարակական կազմակերպություններին հրավիրել եմ, որպեսզի նրանք պայքար տանեն այդ ուղղությամբ: Ձեզ այդ մասին ասել եմ: Երևույթ է, տեղ է գտել մեր կյանքում և մեզ հետ միասին այսպես շարժվում է: Հրավիրեք, դուք էլ, ինչպես ես եմ անում, այն նույն ճարտարապետական խորհրդին, լսեք, թե ինչու են այդ որոշումներն ընդունում, որը չի համապատասխանում թե՛ ճարտարապետական, թե՛ քաղաքաշինական, թե՛ էսթետիկ առումներով և այլն: Բոլորիս մասնակցության անհրաժեշտություն կա: Այսքանը, Աշոտ Վլադիմիրի:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Նախագահ: Մենք ամփոփում ենք հիմա մեր հարցուպատասխանի արդյունքները. հարցերի համար գրանցվել են 10 պատգամավորներ, բոլոր 10 պատգամավորները հնչեցրել են իրենց հարցերը: Ընդհանուր առմամբ տրվել են 17 հարց և բոլորին էլ տրվել են համարժեք պատասխաններ: Մենք այսքանով ավարտում ենք օրակարգային այս հարցը, քանի որ մինչև առաջին ընդմիջումը մենք քննարկել ենք օրակարգի մյուս հարցերը, այսքանով նաև ավարտում ենք այսօրվա լիագումար նիստը, շնորհակալություն բոլորին, շնորհակալություն հայտնենք նաև Հանրապետության նախագահին և Կառավարությանը՝ այս առաջին հարցուպատասխանի համար և, կարծում եմ, որ հաջորդ մեր հանդիպումները լինելու են կառուցողական երկխոսության պայմաններում: Շնորհակալություն, ցտեսություն: