ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 7-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2018Թ. ԱՊՐԻԼԻ 19-Ի ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ժամը 1100
Նիստին մասնակցում են ԱՀ Նախագահը, ԱԺ պատգամավորները, Կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա են 30 պատգամավորներ, բացակա՝ 3-ը:
Աշոտ Ղուլյան - Բարի առավոտ բոլորին, Մեծարգո Նախագահ Արցախի Հանրապետության, Կառավարության հարգարժան անդամներ, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ. Արցախի Հանրապետության Սահմանադրության դրույթների մեծ մասը արդեն ուժի մեջ է և կիրառվում է մեր կյանքի բազմաթիվ ոլորտներում, այդուհանդերձ, հաշվի առնելով, որ 2017թ. փետրվարի 20-ի Սահմանադրական հանրաքվեից հետո 2018թ. առաջին ամբողջական տարին է, կան սահմանադրական որոշ կարգավորումներ, որոնք առաջին անգամ պետք է կիրարկվեն՝ գործողության մեջ դնելով իշխանութան թևերի միջև հարաբերությունների կանոնակարգմանը վերաբերող դրույթներ: Այս ներածականը, կարծում եմ, բավարար հիմք է մեր այսօրվա աշխատանքների ուղղվածությունը պատկերացնելու համար և, հաշվի առնելով հարցի կարևորությունը, մենք 2 օր առաջ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընդունել ենք Հանրապետության նախագահի առաջարկը՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի համաձայն նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա վերաբերյալ Հանրապետության նախագահի հաղորդումը Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրկելու մասին: Տեղին եմ համարում ընդգծել, որ նոր Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահը առաջին անգամ է Ազգային ժողովին ներկայացնում նախորդ տարվա ծրագրի ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդումը, որի քննարկումը խորհրդարանում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միջև նոր որակի ու մակարդակի փոխհարաբերությունների հերթական վկայություններից է: Ավելացնեմ, որ դրան զուգահեռ, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվել են քննարկումները շրջանառության մեջ դրված մի քանի օրինագծերի շուրջ և դրանց արդյունքում հանձնաժողովները դրական եզրակացություններ են տվել՝ առաջարկելով այդ նախագծերը քննության առնել խորհրդարանի լիագումար նիստում: Հավանաբար այս նախաբանը թույլ է տալիս ընդհանուր գծերով ներկայացնել հարցերի այն շրջանակը կամ դրանց հիմնական մասը, և ես խնդրում եմ պատգամավորներին՝ գրանցվել լիագումար նիստը սկսելու համար: Գրանցում: Նիստին ներկա են 30 պատգամավոր, 3 պատգամավորներ բացակա են, մեր գործընկերների բացակայության պատճառները պարզ են, հիմնականում՝ առողջական պատճառներով և ընտանեկան դրությամբ: Նիստը իրավասու է սկսել իր աշխատանքները և ես ուզում եմ մի հաճելի լուր նաև փոխանցել, երեկ ուշ երեկոյան բասկետբոլի Արցախի թիմը դարձել է Հայաստանի չեմպիոն, այնպես որ շնորհավորենք. Սա այն մարզաձևն է, որտեղ մենք վաղուց հաջողություններ չենք ունեցել և երևի սա լավ նախանշան է, որ հետագայում այս մարզաձևերով էլ մենք նման հաջողություններ կունենանք:
Հարգելի գործընկերներ, ինչպես միշտ, մենք այսօրվա մեր աշխատանքները սկսում ենք նստաշրջանի օրակարգի լրացումներով և փոփոխություններով, ուզում եմ հիշեցնել, որ նոր Կանոնակարգի դրույթներին համապատասխան, նստաշրջանի օրակարգը համալրվում է այն նախագծերով, որոնց շուրջ մշտական հանձնաժողովները իրենց եզրակացությունը տվել են, այնպես, որ, ուշադրություն դարձրեք, որ նստաշրջանի օրակարգում լրացումները կատարված են հենց այդ նախագծերով: Սա հատուկ ասում եմ, որպեսզի պարզ լինի, որ մենք այսօր շրջանառության մեջ դրված ավելի շատ նախագծեր ունենք, բայց նստաշրջանի օրակարգ ներառել ենք միայն այն նախագծերը, որոնց շուրջ մենք արդեն ունենք հանձնաժողովների եզրակացությունները և, որպես այդպիսին, քանի որ ձեր տրամադրության տակ կա, չեմ ուզում նորից մեկ-մեկ ընթերցել, մենք ունենք պարտադիր քննարկման ենթակա հարցերից՝ ինչպես նշեցի, Նախագահի հաղորդումը, ունենք Գերագույն դատարանի դատավոր նշանակելու մասին հարցը, ունենք 3 օրենսդրական նախաձեռնություններ և բոլոր այս հարցերը մենք այսօր լիագումար նիստի օրակարգ ենք մտցնելու: Հարցե՞ր ունենք նստաշրջանի օրակարգի հետ կապված: Չկան: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման 7-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին: Քվեարկություն: Կողմ՝ 30, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Նստաշրջանի օրակարգը համալրված է: Հաշվի առնելով արդեն այդ համալրված օրակարգը՝ մենք ասյօրվա լիագումար նիստի համար առաջարկել ենք հենց նույն հարցերը, կարելի է ասել ամբողջ նստաշրջանի օրակարգը այսօր ներառված է 2 պարտադիր քննարկման ենթակա հարցեր՝ Հանրապետության նախագահի հաղորդումը և Գերագույն դատարանի դատավոր նշանակելու մասին հարցը, 2-րդ խմբում մենք ունենք 3 օրենսդրական նախաձեռնություններ և այսօրվա լիագումար նիստի օրակարգում Կանոնակարգի պահանջներին համապատասխան մենք ներառել ենք Կառավարության անդամների հետ հարցուպատասխանը, ինչպես նաև պատգամավորական հայտարարություններ, ինչպես սովորաբար բոլոր նիստերին դա արվում է: Լիագումար նիստի օրակարգի հետ կապված հարցե՞ր: Չկան: Քվեարկության է ներկայացվում Ազգային Ժողովի որոշման նախագիծը՝ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի 2018թ. ապրիլի 19-ի նիստի օրակարգը հաստատելու մասին: Քվեարկություն: Կողմ՝ 30, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Օրակարգը հաստատված է: Հարգելի գործընկերներ, Կառավարության հարգարժան անդամներ, ես ուզում եմ մինչև նիստի օրակարգի թեմաների քննարկումը, պարզապես մի հիշեցում կատարել, թե ինչպիսին են լինելու մեր այսօրվա քննարկումները, դրանք՝ իհարկե, լինելու են Կանոնակարգին համապատասխան, բայց մինչև այդ հարցերին անդրադառնալը՝ Հանրապետության նախագահը մեկ հարցի հետ կապված նաև հաղորդում ունի: Խնդրեմ, պարոն Նախագահ:
Բակո Սահակյան – Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը՝ տիկին Ժաննա Գալստյանը, ներկայացրել է մի առաջարկություն, որը ուղղված է մեր հայրենիքի պաշտպանների ընտանիքների ոչ թե սոցիալական պայմանների բարելավմանը, այլ այդ առաջարկությունը ավելի շատ հպարտություն և ոգևորություն է առաջացրել իմ և այդ քննարկմանը ներկա գտնվողների մոտ: Խոսքը գնում է զինծառայողների ընտանիքների կանանց համար «Պատվո վճար» սահմանման մասին: Ես գտնում եմ, որ այդ կարգի վերաբերմունքը, այդ կարգի վերաբերմունքի ցուցաբերումը պետք է որ հպարտություն հաղորդի ոչ միայն զինծառայողների և նրանց ընտանքիներին, այլ նաև մեզ բոլորիս, հետևաբար, հաշվի առնելով այդ հարցի կարևորությունը, նաև մեր հայրենիքի պաշտպանների ծառայությունը, ես առաջարկում եմ, որ երբ այդ փաթեթը պատրաստ լինի՝ համոզված եմ, որ ձեր ուշադրությանը և հավանությանը կարժանանա: Այսքանը, շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Պարոն Նախագահ, ես ընթացակարգը հիշեցնեմ հաղորդման հետ կապված: Հարգելի գործընկերներ, մենք՝ ինչպես նշեցի, առաջին անգամ ենք լսում Ազգային ժողովում Հանրապետության նախագահի հաղորդումը՝ Սահմանադրության 93-րդ հոդվածի և Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի 114-րդ հոդվածի համաձայն, և այս հաղորդման քննարկումը Կանոնակարգը նախատեսում է առանձին ընթացակարգով՝ հոդված 114, որովհետև հաջորդ հոդվածը՝ 115-ը, նախատեսում է Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների հաղորդումները: Նախագահի հաղորդումը քննարկվում է 115-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հետևյալ տարբերությամբ՝ հաղորդումը ներկայացնելու համար Հանրապետության նախագահին հատկացվում է մինչև մեկ ժամ, որից հետո Նախագահին կարող են հարցեր տրվել հաղորդման վերաբերյալ, հարակից զեկուցմամբ կարող են հանդես գալ բոլոր մշտական հանձնաժողովները՝ մեկական, ինչպես նաև Հանրապետության նախագահին ներկայացման Կառավարության մինչև 3 անդամ, որից հետո նրան նույնպես կարող են հարցեր տրվել, մենք այս բացառության մեջ ունենք նաև, որ Նախագահի կողմից ներկայացված հաղորդումը պետք է շարունակվի նաև մտքերի փոխանակությամբ, այստեղ կարող են հանդես գալ և պատգամավորները, և խմբակցությունները: Եվ վերջին կետը՝ եզրափակիչ ելույթի համար Հանրապետության նախագահին հատկացվում է մինչև 30 րոպե: Իհարկե, մինչև եզրափակիչ ելույթին անցնելը լինում է նաև մտքերի փոխանակություն: Ահա այսպիսի ընթացակարգ է լինելու, որպեսզի մենք հետևենք այդ բոլոր կետերին, իսկ այժմ օրակարգի առաջին հարցով՝ Արցախի Հանրապետության նախագահի հաղորդումը: Խնդրեմ, պարոն Նախագահ:
Բակո Սահակայն – Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ: Նոր Սահմանադրության պահանջների համաձայն, ինչպես գիտենք, Արցախի Հանրապետության նախագահը ամենամյա հաղորդում է ներկայացնում նախորդ տարվա գործունեության արդյունքերի և ընթացիկ տարվա ծրագրերի վերաբերյալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2017թ. հուլիսի 19-ին Ազգային Ժողովում և հոկտեմբերի 16-ին ընդլայնված խորհրդակցության ժամանակ Արցախի Հանրապետության նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթները ներկայացնելիս հնարավորություն եմ ունեցել մանրամասնորեն անդրադառնալու մեր պետության կենսագործունեության տարբեր ոլորտների՝ սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին ու հեռանկարներին, և որպեսզի նորից չկրկնեմ՝ այսօր իմ ելույթում, կանգ կառնեմ անցած տարվա կարևորագույն արդյունքների ու մի շարք անելիքների վրա:
2017թ. բավականին ակտիվ ժամանակահատված էր մեր հանրապետության համար, որի ընթացքում իրականացվել է համապատասխան ներքին ու արտաքին քաղաքականություն՝ ուղղված մեր անկախ պետականության ամրապնդմանը, հանրապետության պաշտպանության և անվտանգության մակարդակի բարձրացմանը, երկրում սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը: Իրականացվել են բազում ծրագրային միջոցառումներ և ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց:
Պաշտպանության ոլորտ: Անդրադառնալով կատարված աշխատանքներին և 2018թ. անելիքներին, բնական է, որ առաջին հերթին կուզենայի ներկայացնել բանակաշինության և անվտանգության ապահովման ոլորտը: Բավականին մեծ թափով շարունակվել է բանակաշինության գործընթացը բոլոր անհրաժեշտ ուղղություններով՝ ռազմատեխնիկական, քաղաքական, գաղափարախոսական, սոցիալ-տնտեսական և այլ միջոցառումների իրականացմամբ: Խոսելով ռազմատեխնիկական բաղադրամասի մասին, ուզում եմ նշել, որ համալիր աշխատանքներ են կատարվել բանակի սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ու համալրման ուղղությամբ: Պաշտպանության բանակը համալրվել է նոր տեխնիկայով, կատարվել են կառուցվածքային փոփոխություններ և փոխարինվել են սպառազինության որոշ տեսակներ, ինչը ավելացրել է բանակի մարտական հզորությունը: Սկիզբ է դրվել ռազմական արդյունաբերությանը, տեղում պատրաստվել են սպառազինության նոր նմուշներ, որոշների վրա դեռ աշխատանքներ են տարվում: Շարունակվել է դիտարկման համակարգի արդիականացում. ներկա դրությամբ պաշտպանական շրջաններում տեղադրված ջերմատեսիլ դիտարկման համակարգերի տեսադաշտի ծածկույթը բավարում է խնդրի կատարումը: Մեծ թափով շարունակվում է կապի համակարգի արդիականացման գործընթացը, մասնավորապես օպտիկամանրաթելային կապի զարգացումը: Լուրջ տեղաշարժ է արձանագրվել ինժեներական ամրակառույցների զարգացման ոլորտում: Առաջնագծում և պաշտպանության խորքում կառուցվել են ճանապարհներ և փոս-ճանապարհներ, որոնք նպաստում են մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման ժամանակացույցերի կրճատման: Լայնամասշտաբ ինժիներական աշխատանքներ են իրականացվել նաև բանակային բնագծի զարգացման ու պաշտպանության շրջանների կահավորման ուղղությամբ, դրանց կազմակերպման համար ձեռք է բերվել համապատասխան տեխնիկա, կառուցվել են ապաստարաններ և կատարվել են մեծ քանակությամբ հողափոր աշխատանքներ: Պլանավորվել են քայլեր՝ պաշտպանված ղեկավարման կետերի սարքավորման ուղղությամբ: Հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ոչնչացման նպատակով մարտական դիրքերում տեղադրվել են հեռակառավարվող խոցման միջոցներ: Դրանց մի մասը համակցվել է ջերմատեսիլ դիտարկաման համակարգի հետ: Անչափ կարևոր են զինապարտների մասնագիտական պատրաստվածության աստիճանի բարձրացման համար անցկացվող վարժական հավաքները: Պաշտպանության բանակը իր առջև դրված խնդիրները և, առաջին հերթին, պետական սահմանի անառիկ պահպանությունը կատարել և կատարում է լրիվությամբ, ինչը պահանջում է լարված ու նպատակասլաց աշխատանք: Ինչպես միշտ, հատուկ ուշադրության կենտրոնում էր զինծառայողների սոցիալական խնդիրների լուծումը: Ստեփանակերտում, Հադրութում, հանրապետության այլ բնակավայրերում կառուցվել են մի շարք բնակելի շենքեր, ընթացքի մեջ են նոր շենքերի և բնակարանների կառուցումը: Զինծառայողների համար ձեռք են բերվել բնակարաններ և տրամադրվել է հիփոթեքային վարկավորում, սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման նպատակով ավարտվել և շահագործման են հանձնվել նոր զորանոցներ, 500 տեղանոց նորակառույց ճաշարան: Շարունակվել է խրախուսման կարգով հավելյալ ամենամսյան վճարների հատկացումը սպայական կազմին՝ գնդապետից մինչև կապիտան և հատուկ նշանակության զինծառայողներին: Սպայական կազմի երեխաների ուսման վարձերը փոխհատուցվել են պետության կողմից, կազմակերպվել է առաջնագծում ծառայող սպաների բնակվարձի հավելավճարի փոխհատուցում: Հատուկ ուշադրության կենտրոնում են գտնվում գաղափարախոսական ոլորտը, բանակում բացասական երևույթների դեմ պայքարը, զինվորների բարոյա-հոգեբանական դաստիարակությունը: Ակնհայտ է, որ մեր զինված ուժերի մարտունակության հիմքերից է հզոր մարտական ոգին և ամեն ինչ արվելու է այն միշտ բարձր պահելու համար:
Ռազմատեխնիկական ոլորտում շարունակվում են բանակը նոր սպառազինություների և ռազմական տեխնիկայով համալրելու աշխատանքները, որոնք կտրուկ ավելացնում են երկրի անվտանգության ապահովման հնարավորությունները: Զորքերի պատրաստությունը ուղղված է առաջնային գծում հակառակորդի սադրանքների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների անհատական պատրաստվածության աստիճանի կատարելագործմանը, ուսուցման որակի և ներդաշնակվածության բարձրացմանը, հատուկ նշանակության ստորաբաժանումների հագեցվածության կատարելագործմանը, առաջնագծում պաշտպանության՝ և մոտակա խորքում, և բանակային բնագծում ամրաշինական կառույցների և արգելափակոցների զարգացմանը: Մարտական և զորահավաքային պատրաստականության կատարելագործման նպատակով շուտով կներդրվի ակտիվ պահեստազորի գաղափարը: 2018թ. պլանավորված վարժական հավաքների մի մասը արդեն իսկ անց է կացվել: Կշարունակվեն սոցիալ-տնտեսական բոլոր ծրագրերը՝ ուղղված զինծառայողների բնակարանային և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը: Մշակման, ու քննարկման փուլում են գտնվում պաշտպանության մասին և զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Արցախի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնք իրենց արդիական դրույթներով ու պայմաններով կհստակեցնեն գործող դրույթներն ու կփոխարինեն ներկայումս գործող օրենքներին, բացի դրանից տարվա ընթացքում ավարտին կհասցվեն ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի մշակման ու համաձայնեցման աշխատանքները: Այսպիսինն են կատարված և նախատեսվող աշխատանքները մեր երկրի համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող պաշտպանության ոլորտում:
Արտաքին քաղաքականություն: 2017թ. հագեցած էր եղել նաև արտաքին քաղաքական ասպարեզում, ինչպես և նախորդ տարիներին մեզ համար առաջնահերթություն էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը և երկկողմ կապերի հաստատումն ու խորացումը: Անցած տարի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը գլխավորապես կենտրոնացված էր 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի բացասական հետևանքների հաղթահարման և բանակցային գործընթացի առաջմղման համար նպաստավոր պայմանների ստեղծման վրա: Օրակարգում էր հրադադարի ռեժիմի հնարավոր խախտումների հետաքննության մեխանիզմների վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման հարցը, սակայն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով այդ ուղղությամբ չի հաջողվել որևէ առաջընթացի հասնել: Շարունակվել է փոխգործակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի, նրա դաշնային օգնականների հետ հրադադարի ռեժիմի պահպանման միջոցառումների անցկացման ուղղությամբ: Արցախի Հանրապետության պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունները ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ համատեղ մշակել և անց են կացրել արցախա-ադրբեջանական սահամանագծի տասնյակ մշտադիտարկումներ: Լայնածավալ աշխատանքներ են իրականացրել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ: ԱՄՆ Տիչիգան նահանգի սենատը՝ ձայների ճնշող մեծամասնությամբ, ընդունել է Արցախը ճանաչելու մասին բանաձև, ինչպես նաև Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը ևս որոշել է իր քաղաքական ծրագրում ներառել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Լիտվայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խումբը ընդլայնվել ու վերաձևավորվել է՝ դառնալով արտախորհրդարանական բարեկամության շրջանակ, որին անդամակցում են Լիտվայի Սեյմասի պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ: Ակտիվորեն ընթացել էր նաև տարբեր երկրների վարչական միավորումների հետ երկկողմ հարաբերությունների հաստատման ու զարգացման գործընթացը, որը ընդգրկել է քաղաքական, հասարակական, մարդասիրական և այլ ոլորտներ: Հոկտեմբեր ամսին իմ գլխավորած պատվիրակությունը, աշխատանքային այցով այցելել է Բելգիայի թագավորություն, որի ընթացքում բարեկամական խմբեր են ձևավորվել ֆլամանդական ու վալոնական խորհրդարանների և Արցախի Ազգային ժողովի միջև: Այդ այցելության ժամանակ մասնակցել ենք նաև 4-րդ եվրոպական-հայկական համագումարի աշխատանքներին: Դա կարևոր հարթակ էր, որը հնարավորություն է տալիս լուրջ ու գործնական քննարկումներ կազմակերպել հայրենիքի և Սփյուռքի առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ:
Բավականին արդյունավետ էր նաև նոյեմբերի վերջին Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցելությունը: Այդ այցելության ընթացքում մեկնարկել է Արցախի «Օրենք» ծրագիրը, որի շրջանակներում միջոցառումները շարունակվում են առայսօր: Իսկ նոյեմբերի 20-ին Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքի ու Բերձորի միջև բարեկամության հռչակագիր էր ստորագրվել: 2018թ. ապրիլին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությամբ Ֆրանսիա այցի ժամանակ քույր-քաղաքների պայմանագիր էր ստորագրվել նաև Բուրգ դե Պեաժ և մեր Մարտունի քաղաքների միջև: Այս այցելությունը արդյունավետ էր նաև Ֆրանսիա-Արցախ խորհրդարանական կապերի ամրապնդման և խորացման տեսանկյունից: Առանձնակի ուշադրության է արժանի պետնախարար Արայիկ Հարությունյանի աշխատանքային այցը Ավստրալիա, որի ընթացքում կայացել են կարևոր հանդիպումներ տեղի գործարար և քաղաքական շրջանակների, ինչպես նաև ավստրալիահայ համայնքային կառույցների ներկայացուցչների հետ: Ակնկալում ենք, որ այն նոր որակ կհաղորդի Ավստրալիայի հայ համայնքի ներգրավվածությանը Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում: Վերջերս Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում, որտեղ մասնակցել է արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառմանը և կարևոր հանդիպումներ է ունեցել հասարակական-քաղաքական ու փորձագիտական շրջանակների հետ, ինչը ևս կնպաստի երկկողմ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Այս ժամանակահատվածում տեղի են ունեցել նաև օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչների, պետական տարբեր պաշտոնյաների աշխատանքային այցեր արտերկիր: Կայացած հանդիպումներն ու քննարկումները եղել են օգտակար երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման տեսանկյունից: Ուզում եմ նաև անդրադառնալ սույն թվականի մարտ ամսին իմ գլխավորած պատվիրակության այցելությունը ԱՄՆ, որի շրջանակներում, մասնավորապես, տեղի են ունեցել հանդիպումներ Կոնգրեսում, ամերիկյան քաղաքական և գիտա-վերլուծական շրջանակների ներկայացուցիչների հետ: Այդ այցելությունը առանձնահատուկ էր և հուսով ենք, որ խոստումնալից հիմքեր կստեղծվեն ԱՄՆ-ի և նրա վարչական միավորումների հետ փոխգործակցության ընդլայնման համար: Վաշինգտոնյան այցը ավարտելուց հետո պատվիրակությունը ժամանեց Բեյրութ, որտեղ մասնակցեցինք Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովին: Հանդիպումներ ունեցանք Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոս Արամ 1-ինի, ավանդական կուսակցությունների տարբեր համահայկական կառույցների ներկայացուցիչների հետ: Կարևոր էր «ԱՐԻ» կազմակերպության նախաձեռնությամբ մարտի 21-ին Բեյրութում լիբանանահայ գործարար շրջանակների հետ հանդիպումը: Մենք մեծ սպասելիքներ ունենք, որ այն հիմք կհանդիսանա ապագայում Արցախի զարգացման գործում լիբանանահայ գործարար ներուժի ներգրավվածության համար: Բոլոր այդ այցելությունները լայնորեն լուսաբանվել են զանգվածային լրատվամիջոցների միջոցով և արժանացել հասարակական դրական արձագանքի: Միջազգային տարբեր կառույցներում, Եվրոպայի խորհրդում, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում և եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունների հետ սերտ համագործակցությամբ աշխատանքներ են տարվել տարբեր հարցերի շուրջ Արցախի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը, պատրաստված փաստաթղթերը ներկայացնելու, արցախյան հիմնախնդրի հետ կապված միասնական տեսակետներ մշակելու և Արցախի Հանրապետության համար ոչ նպաստավոր զարգացումները կանխելու ուղղությամբ: Մասնավորապես, միջազգային կառույցներում շրջանառության մեջ էր դրվել 9 փաստաթուղթ: Որպես արտաքին քաղաքականության առանձին ուղղություն, մեզ մոտ եղել է և մնում է գործնական հարաբերությունների պահպանումը Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի հետ: Շարունակվել են աշխատանքները միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ և մի շարք նախաձեռնություններ են իրականացվել Եվրոպայում Արցախի մասին իրազեկվածությունը բարձրացնելու և միջազգային գործընթացներում Արցախի մեկուսացումը ճեղքելու, ինչպես նաև ադրբեջանական քարոզչամեքենային արդյունավետ հակազդելու ուղղությամբ: Այս տարվա մարտ ամսին ՄԱԿ-ում տարածվել է սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը: Վերջերս, ՄԱԿ-ում նաև շրջանառության մեջ է դրվել մեր արտաքին գերատեսչության հուշագիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Արցախի Հանրապետության դիրքորոշման վերաբերյալ, իսկ ԵԱՀԿ-ում, Մարաղայի ջարդերի մասին փաստաթուղթը: 2018թ. նախատեսում ենք շարունակել ակտիվ արտաքին քաղաքականությունը Արցախի Հանրապետության ճանաչման երկկողմ հարաբերությունների զարգացման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Արցախյան կողմը պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, մասնավորապես Վիեննայում և Սանկ Պետերբուրգում ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացմանը, ինչը կարող է զսպման և ռազմական գործողություններից չվերսկսման արդյունավետ միջոց դառնալ և բարենպաստ մթնոլորտ ստեղծել բանակցությունների ու խաղաղ կարգավորման ուղիների որոնման համար: Կշարունակվեն հետևողական ջանքերը բանակցային գործընթացի բոլոր փուլերին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցությունը ապահովելու և խաղաղ միջոցներով հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու ուղղությամբ: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք պետք է հանդիսանա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը և դրա արդյունքների ճանաչումը: Հակառակորդին զսպելու ռազմական և ռազմատեխնիկական մեխանիզմների կատարելագործման ճանապարհով երկրի ռազմական անվտանգության ամրապնդմանը զուգահեռ, մեծ ուշադրություն կհատկացվի զսպման քաղաքական, դիվանագիտական միջոցներին: Աշխատանքներ կտարվեն տարբեր աշխարհամասերում, օրենսդիր մարմինների կողմից Արցախի ինքնորոշման իրավունքը և անկախությունը սատարող բանաձևերի ընդունման, բարեկամության ձևաչափերի ընդլայնման և նրանց հետ համագործակցությանը գործնական բնույթ հաղորդելու ուղղությամբ: Նախատեսվում է բարեկամության հռչակագիր ստորագրել Ֆրանսիայի Օբան և Արցախի Քարվաճառ քաղաքների միջև: Ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ արդեն իսկ հիշատակված «Արցախի օրեր Ֆրանսիայում» փառատոնը կշարունակվի մի շարք քաղաքներում՝ ընդլայնելով երկկողմ հարաբերությունները և բարձրացնելով Արցախի ճանաչելիությունը ֆրանսիացիների շրջանում: Աշխատանքներ կտարվեն տեղեկատվական քաղաքականության ընդհանուր ռազմավարության մշակման ուղղությամբ, տեղեկատվական դաշտում ամենօրյա համակարգված և ավելի նպատակային գործունեություն ծավալելու, ինչպես նաև պատրաստի գործիքակազմ ապահովելու համար, ճգնաժամային տարբեր հրատապության իրավիճակներում աշխատելու նպատակով: Առանձին ուշադրություն են պահանջում արտաքին աշխարհի հետ տնտեսական կապերի հաստատումը, Արցախի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծումը և ներդրումների խրախուսումը: Այդ նպատակով արտերկրի գործարար շրջանակներին կներկայացվեն Արցախի տնտեսական, սոցիալական ծրագրերը, հարկային բարենպաստ դաշտը և ներդրումային հնարավորությունները՝ հիմք ունենալով մեր հանրապետության համապատասխան կառույցների կողմից մշակված բիզնես ծրագրերը: 2018թ. աշնանը նախատեսում ենք Ստեփանակերտում անցկացնել տնտեսական խորհրդաժողով տարբեր երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ: Արտաքին քաղաքականության մեջ մեր հաջողությունների կարևորագույն գրավականներից եղել և մնում է մայր Հայաստանի և Սփյուռքի հետ սերտ փոխգործակցության պահպանումը և համակարգված աշխատանքի իրականացումը, ինչպես նաև հավատարմությունը՝ հավասարակշռվածության և բազմաուղղվածության սկզբունքներին:
Սոցիալ-տնտեսական ոլորտ: Իսկ հիմա անցնեմ տնտեսությանը և նրա առանձին ճյուղերին: Սկզբում կներկայացնեմ արձանագրված արդյունքները, այնուհետև կանդրադառնամ անելիքներին: 2017թ. տնտեսության ոլորտում կատարված աշխատանքների բնութագրիչ արդյունքներից է համախառն ներքին արդյունքի 15,6 տասնորդական տոկոս աճը և գրեթե նույնքան տնտեսական ակտիվության ցուցանիշի 15,4 տասնորդական և առևտրի շրջանառության աճը 14,7 տասնորդական տոկոսի չափով: Մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը կազմել է 1 միլիոն 856 հազար դրամ: Աճ է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր հինական ուղղություններում՝ գյուղատնտեսության, արդյունաբերության, շինարարության, առևտրի և ծառայությունների ոլորտում: Տարեկան արդյունքներով բարձր ցուցանիշներ են գրանցվել հատկապես արդյունաբերական հատվածում: Ըստ վիճակագրական տվյալների արդյունաբերական արտադրանքի տարեկան ծավալը կազմել է 97,5 տասնորդական միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ արձանագրելով շուրջ 55 տոկոս աճ: Դրան հատկապես նպաստել է հանքարդյունաբերության ծավալի աճը՝ 2,7 անգամ: Կայուն տեմպերով շարունակվում է զարգանալ էներգետիկա արդյունաբերությունը, որտեղ արձանագրվել է 16,2 տասնորդական տոկոս աճ: Արտադրվել է 328 միլիոն կվտ ժամ էլեկտրաէներգիա: Արցախի Հանրապետությունում ներկա դրությամբ գործում են 17 հիդրոէլեկտրակայան, այդ թվում՝ Սարսանգ ՀԷԿ-ը՝ 50 մեգավատ դրվածքային հզորությամբ և 16 փոքր հիդրոէլեկտրակայաններ՝ 60,5 տասնորդական մեգավատ հզորությամբ: Շահագործման են հանձնվել 3 փոքր հիդրոէլեկտրակայաններ 16,6 տասնորդական մեգավատ հզորությամբ: Կառուցվում են ևս 11 փոքր հիդրոէլեկտրակայաններ 48,5 մեգավատ հզորությամբ, որոնցից 6-ը նախատեսվում է շահագործման հանձնել 2018թ.: Զարգացնելով հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտները՝ հատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինեն բնապահպանության և բնօգտագործման հարցերը: Այստեղ առկա խնդիրների լուծման և բնագավառի պետական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվել են և կշարունակվեն իրականացվել համալիր միջոցառումներ: Հատկանշական են թեթև արդյունաբերության ցուցանիշները, մանածագործության շուրջ 40 տոկոս, հագուստի արտադրության 23,6 տասնորդական տոկոս աճը: 34 տոկոս աճ է գրանցվել փայտամշակման ոլորտում, էապես ընդլայնվել է շինանյութերի, շինարարական կոնստրուկցիաների և պոլիէթինելային խողովակների արտադրությունը: Արտահանման ծավալները գրեթե կրկնապատկվել են, իսկ ներմուծումը աճել է ընդամենը 12,1 տոկոսով, ինչը վկայում է մշակվող արդյունաբերության զարգացման և տեղական արտադրանքով ներմուծման փոխարինման գործընթացում դրական տեղաշարժերի և միտումների մասին: Տնտեսական քաղաքականությունում հիմնական շեշտը դրվել էր գործավար միջավայրի բարելավման, իրավական բարենպաստ դաշտի ձևավորման և փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման պետական ծրագրի վրա: Հարկային եկամուտների և պետական տուրքի մասով բյուջե է մուտքագրվել մոտ 39.8 տասնորդական միլիարդ դրամ, որը պլանավորած ցուցանիշը գերազանցել է 6 տոկոսով, իսկ նախորդ տարվա փաստացի ցուցանիշը՝ 22,7 տասնորդական տոկոսով: Արտադրական ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ևս շարունակվել է վերջին տարիներին որդեգրած պետական քաղաքականություն՝ ուղղված տնտեսության մրցունակության և բնակչության կենսամակարդակի բարձրացման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը: Ուշադրության առանձնակի կենտրոնում է հեռուստատեսության և ռադիոյի բնագավառը: Այստեղ հեռարձակման զարգացման և թվային համակարգի ներդրման ծրագրերի շրջանակներում 2018թ. հանրապետությունում կավարտվի հեռուստա-ռադիո հեռարձակման թվային համակարգի ներդրման գործընթացը, ինչը թույլ կտա Արցախի Հանրապետության բնակչության ավելի քան 98 տոկոսի համար ապահովել որակյալ թվային հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակում:
Գյուղատնտեսությունը: Մեր ավանդական ու ռազմավարական ճյուղերից է: Գյուղատնտեսական արտադրանքի համախառն ծավալը կազմել է ավելի քան 76 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա նկատմամբ աճել է 7,8 տասնորդական տոկոսով: Արտադրված համախառն արտադրանքի ավելի քան կեսը բաժին է ընկել բուսաբուծությանը, որն արձանագրել է 8,4 տասնորդական տոկոս աճ: Գրեթե բոլոր մշակաբույսերի գծով աճ է ապահովվել: Շուրջ 20 տոկոսով ավելացել են բազմամյա տնկարկների տարածքները: Անասնաբուծությունում ապահովվել է 7,2 տասնորդական տոկոս աճ: Ավելի քանի 19,3 տոկոսով ավելացել են մսի, 5,3 տոկոսով մեղրի արտադրության ծավալները: Էապես ավելացել են ինչպես ինքնահոս՝ 63 տոկոսով, այնպես էլ՝ մեխանիկական՝ 3 ու 4 անգամ եղանակով ոռոգվող հողատարածքները: Շուրջ 343 հեկտար հողատարածքի վրա կառուցվել է կաթիլային ոռոգման համակարգ՝ 2016թ. 43 հեկտարի դիմաց: Աճի դրական դինամիկա է արձանագրվել շինարարության ոլորտում: Իրականացվել է ավելի քան 47 միլիարդ դրամի շինարարություն, որի 35 տոկոսը պետական միջոցների հաշվին, 43 տոկոսը՝ կազմակերպությունների: Ընդ որում՝ 2016թ. նկատմամբ իրականացված շինարարության ծավալը կազմակերպությունների հաշվին աճել է մոտ 60 տոկոսով, բնակչության հաշվին՝ 3 ու 4 անգամ: Բարեգործական միջոցների հաշվին հանրապետությունում իրականացված խոշոր ծրագրերից են Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի գյուղապետարանի, բուժկետի, ակումբի, հանդիսությունների տան վերակառուցումը, Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի համայնքային կենտրոնի կառուցումը: 40 խորքային հորերից սնուցվող ոռոգման համակարգերի կառուցման նախագծումը, Թալիշ գյուղի կոյուղու կոլեկտորի կառուցումը, Ստեփանակերտ քաղաքում նոր մանկապարտեզի շինարարություն և այլն: Ուզում եմ տեղեկացնել, որ մայրաքաղաքում մայիս ամսին կսկսվեն կոյուղագծերի կոլեկտորի համակարգի կառուցման աշխատանքները, որը շատ պահանջված է Ստեփանակերտի համար: Հետևողական աշխատանքներ են իրականացվել կրթության և գիտության ոլորտում: Միջոցներ են ձեռնարկվել դպրոցների ուսումնամեթոդական, մասնագիտական գրականության դասագրքերով, գույքով, տեղեկատվական տեխնոլոգիաներով համալրման և ուսուցիչների վերապատրաստման ու ատեստավորման, սովորողների գիտելիքների և կարողությունների զարգացման նպատակով առաջավոր փորձի ներդրման, առարկայական օլիմպիադաների, տարբեր մրցույթների, սպորտային, ռազմահայրենասիրական և այլ բնույթի միջոցառումների ուղղություններով: Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության և գիտության ոլորտում կարևորվել է մասնագետների պատրաստման գործում պատասխանատվության բարձրացման, բուհերի միջազգային կապերի ընդլայնման, գիտական կադրերի պատրաստման և այլ խնդիրներ: Ընթացքի մեջ է Արցախի պետական համալսարանի շենքի վերակառուցումը ժամանակակից չափանիշներին համապատասխան: Բարելավվել են Արցախի գիտական կենտրոնի շենքային պայմանները: Առողջապահության համակարգում իրականացվել է մի շարք ծրագրեր ու միջոցառումներ՝ ուղղված բնակչության բժշկական սպասարկման բարելավման և համակարգի զարգացմանը: Ավարտվել է ուռուցքաբանական դիսպանսերի նոր շենքի շինարարությունը, որը ներկայումս գտնվում է սարքավորումներով համալրման փուլում, վերանորոգվել ու շահագործման է հանձնվել հակապալարախտային դիսպանսերի հիվանդանոցային մասնաշենքը: Վերանորոգվել ու շահագործման է հանձնվել Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի գյուղական բժշկական ամբուլատորիայի շենքը: Շինարարական աշխատանքներ են իրականացնում նաև հանրապետական բժշկական կենտրոնում, որի արդյունքում, մասնավորապես, առաջիկայում կգործարկվի մագնիսառեզոնանսային սարքը: Ընթացքի մեջ են նաև «Մոր և մանկան» առողջության պահպանման կենտրոնի, Քաշաթաղի շրջանային հիվանդանոցի շենքերի շինարարական աշխատանքները: Ավելի քան 50 ծրագրերի իրականացմամբ ապահովվել է սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական ուղղությունների պետական քաղաքականության իրականացումը, կարևորելով ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, կենսաթոշակային և զբաղվածության համակարգերի կատարելագործումը: Հաշմանդամների, տարեցների, կանանց ու երեխաների հիմնահարցերը, սոցիալական իրավունքի լիարժեք իրացման պայմանների ստեղծումը: Շարունակվել են երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստների տրամադրման, ընտանիքում ծնված 3-րդ և հաջորդ երեխաների անվամբ նպատակային ժամկետային ավանդների բացման գործընթացը, 5 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար նոր բնակելի տների կառուցման աշխատանքները, նորաստեղծ ընտանիքներին ամուսնության միանվագ նպաստի հատկացման ծրագիրը: 24 բազմազավակ ընտանիքների հատկացվել են բնակելի տներ: Կենսաթոշակային ապահովության բնագավառում շարունակվել են օրենսդրության կատարելագործման, քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի պատշաճ իրականացման, էլեկտրոնային կենսաթոշակ համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները: Պետական բյուջեի միջոցների հաշվին հաշմանդամներին տրամադրվել են տարբեր տեսակի անհրաժեշտ պարագաներ, սոցիալական տարբեր խմբերին պատկանող քաղաքացիները ստացել են Հայաստանի Հանրապետությունում գործող առողջարանների ուղեգրեր, պարբերաբար կամ շուրջօրյա խնամք և սոցիալական սպասարկման ծառայություններ են մատուցվել միայնակ տարեցներին ու հաշմանդամներին, ինչպես նաև սոցիալական տարբեր կարգավիճակ ունեցող ընտանիքներին ու անձանց տրամադրվել է դրամական և նյութական օժանդակություն: Ժողովրդագրության և վերաբնակեցման ոլորտում կատարված աշխատանքները հիմնականում ուղղված են եղել Արցախի Հանրապետությունում ծնելիության աճի ապահովմանը, մահացության կրճատմանը, բնակչության առողջության պահպանմանը, միգրացիոն գործընթացների կարգավորմանը, բնակչության տարածքային բաշխվածության անհամամասնության մեղմացմանը: Այս ոլորտում իրականացվող ռազմավարական ծրագրերից է մասնավորապես Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում 50 նոր բնակելի տների կառուցումը, որը նախատեսում ենք ավարտել սույն թվականի սեպտեմբերին: Ծրագրի շրջանակում առանձնատներով կապահովվեն ինչպես տեղի բնակչությունը, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքներ, այնպես էլ Իշխանաձոր կտեղափոխվեն մոտ 40 նոր ընտանիքներ: Մշակութային պետական քաղաքականությունը նպատակաուղղված է եղել ոլորտի զարգացման ապահովմանը, Արցախի մշակութային ճանաչելիության բարձրացմանը: Պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման, պահպանման և վերականգման ոլորտում պետական բյուջեի և մասնավոր հատվածի հաշվին Արցախի տարբեր վայրերում կատարվել են մոտ 2 տասնյակ հուշարձանների պեղման, ուսումնասիրման, վտանգված հուշարձանների պեղման, ամրակայման և մաքրման աշխատանքներ: Զբոսաշրջության ոլորտի զարգացումը մեր առաջնահերթություններից է: Գրանցվել է ներգնա զբոսաշրջիկների քանակի 60,8 տասնորդական տոկոս աճ: Երիտասարդության հարցերը շարունակել է մնալ պետության ուշադրության կենտրոնում: Իրականացվել են տասնյակից ավելի երիտասարդական նպատակային ծրագրեր: Ապահովվել է Արցախի երիտասարդների մասնակցությունը տարբեր երկրներում կազմակերպված բազմաթիվ միջոցառումների: Անցած տարին մեր հանրապետության համար լուրջ ձեռքբերումների տարի է եղել սպորտի բնագավառում: Մեր մարզիկները գրանցել են նշանակալի հաջողություններ միջազգային և հայրենական հարթակներում՝ հաղթելով ու մեդալներ նվաճելով աշխարհի՝ Եվրոպայի և Հայաստանի Հանրապետության առաջնություններում:
Դատաիրավական ոլորտ: Մեր պետականաշինության գործընթացում կարևոր տեղ է հատկացվում դատական մարմինների գործունեությանը և դրա արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերին՝ անկախ, արհեստավարժ դատական իշխանությունը յուրաքանչյուր պետության ներսում իրավունքի գերակայության, օրինականության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է: Այդ իսկ պատճառով պետությունը այսուհետ էլ հետևողականորեն կշարունակի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դատական համակարգի զարգացման ու կատարելագործման, դատական իշխանության և դատավորի լիարժեք անկախությունը երաշխավորող կառույցակարգերի ներդրման, դատական իշխանության ինքնուրույնությամբ և ինքնակառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Մեր պետականաշինության նշանակալից ձեռքբերումներից է ներքաղաքական կայունության և հասարակական անվտանգության բարձր մակարդակի ապահովումը, ինչը կշարունակի մնալ պետության գերխնդիրներից մեկը: Իրավապահ մարմինները իրականացրել են զգալի ու ծավալուն գործունեություն Հանրապետությունում իրավակարգի ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի ապահովման ուղղությամբ: Այսուհետ ևս անվտանգության և հասարակական կարգի պահպանման ոլորտներում կարևորագույն տեղ կզբաղեցնի հասարակության յուրաքաչյուր անդամի պաշտպանվածության մակարդակի բարձրացումը: Համակարգի գործունեության առանցքային խնդիրներից է ազգային անվտանգությանը սպառնացող առկա և հավանական ռազմաքաղաքական սպառնալիքների բացահայտումն ու չեզոքացումը, տարածաշրջանում կայունության պահպանումը, ինչը համապատասխան մարմինները կատարել են պատշաճ մակարդակով: Հանցավորության դեմ տարվող պայքարում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել օպերատիվ հնարավորությունների ընդլայնման և պրոֆիլակտիկ աշխատանքների ուժեղացման վրա, նախնական փուլում հանցագործությունների կանխարգելման և չեզոքացման համար: Իրավապահ մարմինների գործառույթները արդյունավետ իրականացման նպատակով պետությունը շարունակելու է այս կառույցների հագեցումը ժամանակակից նյութատեխնիկական միջոցներով: Քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ իրականացվել են մի շարք կարևոր աշխատանքներ, որոնք ուղղված են եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի մարտական և զորահավաքային պատրաստականության պահպանմանը և դրա մակարդակի բարձրացմանը: 2017թ. իմ կողմից հաստատվել է քաղաքացիական պաշտպանության հանրապետական ճշգրտված պլանը: Ընթացիկ տարում ավարտին կհասցվեն արտակարգ իրավիճակների ծառայության վարչական շենքերի հիմնանորոգման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները: Միաժամանակ նախատեսվում է բարելավել շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների շենքային և ծառայության պայմանները: Առանձնակի կարևորություն է ստանում տեխնիկական անվտանգության փորձաքննությունների կատարելագործումը նորագույն տեխնոլոգիաների ներդրման եղանակով տեխնիկական վթարների, ռիսկի նվազեցումը:
Պետական կառավարման ոլորտ: Առաջին հերթին ուզում եմ անդրադառնալ սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Ներկա դրությամբ այս ուղղությամբ շարունակվում են օրենսդրական ապահովման աշխատանքները, Արցախի Հանրապետության Սահմանադրությունից բխող օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումն ու ընդունումը: Վերոնշյալ աշխատանքները համակարգվում են իմ կողմից 2017թ. մարտի 31-ին ստեղծված Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհուրդը, որի գործունեության վերաբերյալ ինձ պարբերաբար զեկուցվում է: Սահմանվել է Արցախի Հանրապետության Սահմանադրությունից բխող ընդունման կամ փոփոխման ենթակա 81 օրենք: Քննարկվել և ընթացքավորվել են 24 օրենքների նախագծեր: 2018թ. նախատեսվում է 35 օրենքների նախագծերի քննարկում և ընթացքավորում: Ոչ պակաս կարևոր է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործընթացը, ինչը ենթադրում է մշտական նպատակաուղղված աշխատանք և կշարունակվի նաև 2018թ. ընթացքում: Այն պետք է իրականացվի իշխանության օրենսդիր և գործադիր թևերի համատեղ և փոխգործակցված գործունեությամբ, իրենց գործառույթներին համապատասխան: Արցախի Հանրապետության Սահմանադրության ընդունումից հետո բնականաբար անհրաժեշտություն է առաջացրել անցկացնել համալիր միջոցառումներ շարք՝ կապված այնպես էլ ողջ գործադիր իշխանության կառավարման ձևի և մեթոդների փոփոխությունների հետ: Գործադիր իշխանության առջև դրված նոր խնդիրներին ու պահանջներին համապատասխան մշակվել և Հանրապետության նախագահի հրամանագրերով համակարգվել են կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքն ու գործունեության կարգը: Հստակեցվել է Նախագահի աշխատակազմի, պետական նախարարի և նախարարությունների լիազորությունների և գործառությունների ու գործառույթների շրջանակը: Ձեռնարկված միջոցները հնարավորություն են տվել սահուն, առանց խաթարելու վերոհիշյալ մարմինների բնականոն գործունեությունը և պահպանելով աշխատողների իրավունքները՝ անցում կատարել նոր կառավարման ձևին և աշխատանքները կազմակերպել նոր իրավակարգին համապատասխան: Այդ բոլոր միջոցառումները թույլ են տվել բարձրացնել պետական կառավարման համակարգի օպերատիվությունը և շարունակել հետևողականորեն լուծել սոցիալ-տնտեսական խնդիրները՝ ուղղված բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Պետական կառավարման համակարգի բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ: Պետք է մշակվեն մեխանիզմներ, որոնք թույլ կտան առավելագույնս արդյունավետ արձագանքել ծագող խնդիրներին և անհրաժեշտության դեպքում ընդունել նոր իրողություններին համահունչ որոշումներ:
Հարգելի ներկաներ, ես ամփոփ Ձեր ուշադրությանը ներկայացրի նախորդ տարվա գործունեությունը և ընթացիկ տարվա ծրագրերը: Ինչպես տեսնում եք, կատարված է մեծ աշխատանք և արդյունքները տեսանելի են: Բայց, միևնույն ժամանակ, շատ են նաև անելիքները: Բոլորդ տեղյակ եք, որ Արցախի Հանարապետության նախագահի 2017-2020թթ. ծրագրում կան բավականին հավակնոտ նպատակներ: Ընթացիկ տարում նախատեսված ծրագրերի իրականացումից է մեծապես կախված մեր կողմից սահմանված նշաձողերին հասնելը: Ծավալուն ծրագրեր են իրականացվելու տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Հիմնական շեշտը դրվելու է տնտեսության մրցունակության և մի շարք ոլորտներում ինքնաբավության մակարդակի բարձրացման, ներդրումների համար գրավիչ պայմանների ստեղծման, վարչարարության հնարավորինս կրճատման և պարզեցման, թափանցիկության աստիճանի բարձրացման վրա: Համոզված եմ, որ մեզ կհաջողվի կյանքի կոչել նախանշված ծրագրերը: Համոզված եմ, որովհետև մեր ժողովուրդը ի վիճակի է լուծել ցանկացած խնդիր: Եվ այս գործում ակնկալում եմ իշխանության բոլոր թևերի ու տարբեր կառույցների սերտ փոխգործակցություն, համակարգված և արհեստավարժ աշխատանք: Շնորհակալություն:
Հարցեր Նախագահին
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն պարոն Նախագահ, կարծում եմ, համպարփակ տեղեկություն էր, երևի մեր կյանքի բոլոր ոլորտների մասին՝ և արվածի, և անելիքների: Այժմ ես կանոնակարգի պահանջներին համապատասխան խնդրում եմ հերթագրվել Նախագահին հարցեր ուղղելու համար: Խնդրեմ՝ հարցեր. Հայկ Խանումյան, Արմեն Օհանյան, Ալյոշա Գաբրիելյան, Դավիթ Իշխանյան, Էդուարդ Աղաբեկյան: Վեց հոգի են գրանցվել: Խնդրեմ, հարցի համար՝ պատգամավոր Հայկ Խանումյան:
Հայկ Խանումյան – Այս տարվա բյուջեում 400 միլիոն դրամ է նախատեսված վերաբնակեցման ծրագրերի համար: Այդ 400 միլիոն դրամը ի՞նչ տեսքով է ծախսվում կամ ծախսվելու, և հատկապես՝ որտեղ: 2-րդ հարցը վերաբերվում է տեղական ինքնակառավարման մարմիններին. 2017-2020թթ. Նախագահի ծրագրում խոսվում է ՏԻՄ-ի մասին և նշվում այն օրենսդրական ակտերը, որոնք պետք է փոփոխվեն Սահմանադրության փոփոխության հետ կապված: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ համակարգը, ե՞րբ եք պատկերացնում կոնկրետ ժամկետներով: Եվ ավելի հստակ, ինչպիսի՞ մասնակցություն պետք է ունենան քաղաքական ուժերը՝ դա լինելու է, այսպես ասած, մասնակցային կառավարու՞մ՝ տեղական ինքնակառավարման մարմիններում, թե՞ լինելու է մեծամասնության կառավարում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում: Շնորհակալություն:
Բակո Սահակյան – Շնորհակալություն: Վերաբնակեցման ծրագրերի հետ կապված ես ծանոթացել եմ սոցապնախարարության կողմից ներկայացված ուսումնասիրությունների արդյունքներին: Երբ նախարար Սամվել Ավանեսյանը սկսել էր իմ հանձնարարության համաձայն այդ աշխատանքների կատարումը, խնդրել էի, որ նա այդ մասին տեղեկացնի նաև Ազգային ժողովի մեր գործընկերներին: Այս ընթացքում մեր այդ նշված գերատեսչության պատասխանատունները՝ նախարարի գլխավորությամբ, բազմաթիվ անգամներ այցելել են Հայաստանի Հանրապետություն՝ մեր գործընկերների հետ տարբեր կարգի խորհրդատվություններ անցկացնելու: Քանի որ այսօր Հայաստանի Հանրապետությունում նույնպես վերաբնակեցման հետ կապված բավականին լուրջ գործընթաց է ընթանում, մենք որոշել ենք, որ այդ համատեղ աշխատանքը ավարտելուց հետո, և շուտով մենք վերջնականապես ավարտելու ենք այդ աշխատանքը, ներկայացնելու ենք նաև մեր մոտեցումները և մեր տեսակետը Ազգային ժողովի մեր գործընկերներին: Նախկինում այս կարգի աշխատանքներ մենք չէինք կատարել: Այսօր այդ աշխատանքների շրջանակներում մենք փորձում ենք ոչ միայն բնութագրություններ տալ, այլ վերջնականապես որոշել, թե ով և ովքեր են համարվելու վերաբնակիչներ: Մենք այս կարգի աշխատանք չէինք կատարել, որովհետև, հիմք ընդունելով նաև նախկինում մեր կողմից թույլ տված վրիպումները, ինչու չէ նաև սխալները, մենք նպատակ ունենք մշակել մի ծրագիր, որը հնարավորություն կտա մեզ, առաջինը՝ խուսափելու այդ վրիպումներից, և երկրորդը՝ իրականացնելու պահանջված և արդյունավետ աշխատանք: Ավելի քան համոզված եմ, որ երբ դուք ծանոթանաք այդ փաստաթղթին, դուք տեսնելու եք, որ կատարվել է և կատարվում է այս պահի դրությամբ հիմնարար սկզբունքների վրա կառուցած աշխատանք, և, իհարկե, ակնկալում եմ Ազգային ժողովի մեր գործընկերների մասնակցությունը այդ փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու առումով: Ես գտնում եմ, որ ծանոթ լինելով կատարված աշխատանքներին և ուսումնասիրություններին, որ, կարծես թե ստեղծվում են այն անհրաժեշտ նախադրյալները, որպեսզի մենք, վերաբնակեցման ուղղությամբ իրականացնենք անհրաժեշտ այդ աշխատանքները: Տեղական ինքնակառավարման հետ կապված, ես մեր բոլոր հանդիպումների ընթացքում, ավելորդ չեմ համարել այդ մասին խոսել: Վերջերս ես հանդիպել եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ, հանդիպել եմ արդարադատության նախարարի հետ, հետքրքրվել եմ ինչ աշխատանքներ են կատարվել այս ընթացքում, և, բնականաբար, ժամանակ առ ժամանակ ինձ զեկույց են ներկայացնում, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահի կողմից պատրաստվում եմ մյուս շաբաթ անդրադառնալ այդ խնդրին և ուզում եմ Ձեր հարցադրումը այդ աշխատանքի միջոցով ի մի բերել, որովհետև չեմ ուզում միայն իմ տեսակետը լինի այդ աշխատանքների հետ կապված, այլ ես ուզում եմ ինչպես և ամիսներ առաջ հայտարարել եմ, մենք իրականացնենք հավաքական ներուժի գործադրման աշխատանք, որը և կնպաստի այդ բարդագույն հիմնախնդրին վերջանական լուծում տալու, որովետև կան տարբեր տեսակետներ և ես տեսնում եմ, որ մենք այս պահի դրությամբ ունենք լայն և ծավալուն քննարկումների անհրաժեշտություն: Աշխատանքները սկսելու եմ մյուս շաբաթ, ոչ թե սկսելու եմ, այլ շարունակելու եմ և հրավիրելու եմ իմ հերթական խորհրդակցություններին նաև Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահներին, Ազգային ժողովի ղեկավարությանը, այդ թվում Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին, և այդ քննարկումների ընթացքում դեռ այս պահի դրությամբ մենք չենք եկել մի այնպիսի հանգրվանի, որտեղ կարող ենք խոսել որևէ մի տարբերակի մասին, դեռ մենք քննարկման փուլում ենք գտնվում:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն պարոն նախագահ: Արձագանքում ե՞ք պարոն Խանումյան: Շնորհակալություն: Հաջորդ հարցը՝ Արմեն Օհանյան:
Արմեն Օհանյան – Մեծարգո նախագահ Արցախի Հանրապետության, Կառավարության կողմից իրականցվող գյուղատնտեսության հայացակարգի զարգացումը ողջունելի է, ժողովրդի մոտ մեծ ոգևորություն է առաջացրել և սպասելիքներ ունեն, առանձնապես այգեգործության բնագավառում կաթիլային համակարգի ներդրումից, սակայն աշխատանքներ իրականացնելու համար ֆինանսական միջոցների սղության պատճառով լուրջ խնդիրների առաջ են կանգնում: Հնարավո՞ր է, արդյոք, մոտ ապագայում պետական բյուջեով կամ այլ աղբյուրներով ավելացնել ֆինանսական միջոցները, որպեսզի իրականանան ժողովրդի սպասելիքները: Շնորհակալություն:
Բակո Սահակայն – Շնորհակալություն: Երբ մենք աշխատանքներ էինք տանում այդ նոր հայեցակարգը ունենալու ուղղությամբ, այդ շրջանում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, մի կողմից Կառավարության մեր պատասխանատուները զբաղված էին այդ նոր հայեցակարգի մշակմամբ, մյուս կողմից մենք բազմաթիվ և բազմաբնույթ հանդիպումներ էինք ունենում մեր երկրի՝ առաջին հերթին գյուղատնտեսության ոլորտում, այս կամ այն աշխատանքները իրականացնող քաղաքացիների հետ, և ձեր միջև փաստաթուղթը ավարտին հասցնելը արդեն իսկ տեղերում այդ հանդիպումների ժամանակ ես զգում էի, որ ուղին, որը բռնել է Կառավարությունը ճիշտ ուղի է, և այդ հանդիպումներից ես վերադառնում էի ոգևորված, որովհետև այս տարիների ընթացքում տարբեր տեսակետներ էին հայտնում, մեր հողօգտագործողների, մեր գյուղատնտեսների նկատմամբ՝ շատ դեպքերում էլ, որակելով նրանց՝ իբր թե այդ աշխատասիրությունը լքել է մեր հայրենակիցներին, և ինչ էլ որ մենք անենք, դա մեծ հաջողությունների չի բերելու, ես այն ժամանակ էլ չէի համակերպվում նման բնութագրությունների և տեսակետների հետ և համոզել եմ, այդ ռազմավարությունը ավարտել ենք և ներկայացրել ենք մեր քաղաքացիներին՝ ոչ միայն մեր գյուղատնտեսներին, այլ մեր քաղաքացիներին: Ուրախացել էի, որ արձագանքը եղել էր ավելի շատ, ավելի մեծ, քան մենք սպասում էինք: Մենք ունենք արդեն գյուղնախարարության կողմից մշակված այդ հայտերի հետ կապված փաստաթուղթ: Միայն տնկիների հետ կապված մեր քաղաքացիները այս պահի դրությամբ, թեկուզ և այդ թվերը մեծանում են, աճում են, անհրաժեշտ է ձեռք բերել 500 հազար տարբեր տեսակի տնկիներ: Մենք նախատեսում էինք, որ մոտ 10 հազարից մինչև 15 հազար մանր եղջերավորների անհրաժեշտություն կունենանք ձեռք բերելու և տրամադրելու մեր քաղաքացիներին, այս պահի դրությամբ ունենք արդեն մոտ 50 հազարի հայտ՝ մանր եղջերավորների հետ կապված: Չէինք սպասել, որ այդքան մեծ արձագանք կլինի քաղաքացիների մոտ կաթիլային համակարգի հետ կապված, արդեն ունենք 100-ից ավելի կաթիլային համակարգի ցանկացողներ և այսպես շարունակ: Ես հանձնարարել եմ Կառավարությանը, և այս պահի դրությամբ այդպիսի աշխատանքներ կատարվում են, այդ մասին տեղեկացրել եմ նաև Ազգային ժողովի մեր գործընկերներին, մեր վերջին հանդիպման ժամանակ ես այդ տեղեկությունները հաղորդել եմ հանձնաժողովի նախագահներին, խմբակցության ղեկավարներին, Ազգային ժողովի ղեկավարությանը և պատրաստում ենք առաջարկություն ներկայացնել Ազգային ժողով՝ 2-րդ կիսամյակում բյուջեն վերանայելու: Ես կողմնակից եմ, որ մենք այդ վերանայման գործընթացը որակենք. ոչ թե վերանայենք՝ ի օգուտ գյուղատնտեսությանը, այլ բյուջեն վերանայենք ի օգուտ իրական տնտեսությանը, որովհետև գյուղատնտեսությունը դա առանձին ոլորտ չէ, դա առնչվում է տարբեր խնդիրների հետ, և մենք ունակ ենք ձեզ հետ միասին այդպիսի աշխատանք կատարելու: Երբ պատրաստ լինի այդ փաստաթուղթը, բայց ես չեմ ուզում, որ Կառավարությունը պատրաստի հետո դուք տեղեկանաք, ես ստեղծելու եմ հնարավորություն, որպեսզի Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին դուք նախապես ծանոթանաք և տեղյակ լինեք՝ ոչ թե այն պահին, երբ այդ փաստաթուղթը կներկայացվի Ազգային ժողով, այլ դուք տեղյակ լինեք հենց ընթացքում իրականացվող աշխատանքների մասին: Արաքսի հովտում այս վերջին խորհրդակցության ժամանակ հայտարարել եմ և այսօր էլ եմ ուզում ձեր ներկայությամբ հայտարարել, որ բոլոր նրանք, ովքեր այդպիսի ցանկություն են հայտնել՝ այգեգործությամբ, հողագործությամբ և այլ գյուղատնտեսական նշանակության ուղղություններով գործունեությամբ զբաղվելու, կարող են համոզված լինել, որ մենք ամեն ինչ անելու ենք նպաստելու համար և ամեն ինչ անելու ենք այդ պայմանները ստեղծելու, որպեսզի նրանք կարողանան իրենց աշխատանքները իրականացնեն:
Աշոտ Ղուլյան - Պարոն Օհանյան արձագանքում ե՞ք, չէ: Շնորհակալություն: Հարցի համար, խնդրեմ՝ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյան:
Ալյոշա Գաբրիելյան – Հարցս հնչեցվել է՝ հանում եմ: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շատ լավ: Դավիթ Իշխանյան:
Դավիթ Իշխանյան – Ըստ էության հարցը հնչեց, հարցը վերաբերվում էր վերաբնակեցման և ժողովրդագրական իրավիճակին, պատասխանը տրվեց միայն կարող եմ ավելացում, որ ողջունելի է որդեգրված քաղաքականությունը և նոր շեշտարադրումների անհրաժեշտություն կա: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Եզրափակիչ հարցը՝ Էդուարդ Աղաբեկյան, խնդրեմ:
Էդուարդ Աղաբեկյան – Հարգելի՛ Նախագահ, պաշտպանության բնագավառի վերաբերյալ ոչ թե հարց, այլ ավելի շուտ մտահոգություն՝ կապված հատկապես բանակում զինծառայողների մահացության դեպքերի կանոնակարգային, եղանակային, նույնիսկ միջանձնային հարաբերությունների, քանի դեռ ունենք նման զոհեր, նշանակում է ինչ-որ օղակ թերանում է իր աշխատանքի մեջ, հետևապես և բոլորի ընդանուր կատարված աշխատանքը հավասարեցվելու է 0-ի, մտահոգություն ասեմ, թե՝ հարց: Երկրորդը՝ հնարավորություն համարում ե՞ք, պարոն Նախագահ, 2017-2020թթ. ծրագրում ներառված չի երիտասարդ ընտանիքներին հիփոթեքով տրվող գումարների մի մասը պետության հետագա սուբսիդավորման, օրինակ 3-րդ, 4-րդ երեխաների հետ կապված՝ տոկոսների զեղչի առումով: Եվ շատ կարճ, ոչ միայն տեղական ինքնակառավարման, այլ ընդհանրապես՝ ընտրական օրենսգրքից: սահմանադրական փոփոխությունների արդյունքում մենք ընտրական օրենսգրքից սահմանադրական կարգավիճակը վերացրեցինք, փաստորեն 2 տարի հետո պիտի ընտրություններ լինեն Հանրապետությունում, առ այսօր ոչ մեկը չգիտի՝ ինչպիսի՞ն է լինելու, ո՞նց է լինելու, կարգը. խորհրդարան, նախագահ, պատգամավոր, տեղական ինքնակառավարում: Կարծում եմ, ժամանակն է այս ուղղությամբ աշխատանքները, իհարկե, արագացնել, մանավանդ անհրաժեշտություն է լինելու, երևի նաև փորձագիտական եզրակացությունների, լրացուցիչ քննարկումների: Ու վերջնական: Շնորհակալություն:
Բակո Սահակյան – Երրորդ հարցադրման հետ կապված ես պատասխանել եմ, կարծում եմ, մենք ձեզ հետ միասին ունակ ենք այդ վերջնական որոշումը ընդունելու, հիմք ընդունելով այն, ինչ ունենք: Ես այս պահի դրությամբ ինչ-որ տեղ կարող եմ հայտնել, որ բավարարված չեմ ձեր այդ արձագանքից, որովհետև բոլոր հանդիպումների ժամանակ ես այդպիսի խնդրանք ուղղել եմ ձեզ: Ես չեմ ուզում այդ աշխատանքը սահմանափակենք միայն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից իրականացվող այդ աշխատանքներով: Ուզում եմ, որպեսզի մենք լայն մասնակցություն ունենանք, բայց մինչ այս պահը դեռևս որևէ կոնկրետ առաջարկություն մենք չենք ստացել: Ես բոլոր մեր հանդիպումների ժամանակ կարևորել եմ այդ խնդիրը, այդ հարցը, այսօր էլ եմ կարևորում: Մյուս շաբաթ հույս ունեմ, որ մենք բոլորս զինված կլինենք անհրաժեշտ առաջարկություններով՝ տեսակետներ հայտնելու: Մտավախություն չունեմ, ասեմ ձեզ, որովհետև եթե մենք այդ անհրաժեշտ վերաբերմունքը ցուցաբերենք, անպայման գտնելու ենք ելքը: Այո, հասարակ խնդիր չէ դա: Մենք, նաև, հիշո՞ւմ եք, խոսել ենք տարբեր երկրների փորձերի, ասենք կարգերի մասին: Վերջում ես կողմնակից եմ լինելու՝ մեր երկրի յուրահատկությունները հաշվի առնելով: Որովհետև միշտ չէ, որ այդ դասական մեթոդները տեղին է լինում մեր երկրում կիրառելու համար: Իսկ որպեսզի այդ յուրահատկությունները հաշվի առնենք, մենք պիտի մի քիչ ավելի լայն քննարկումներ իրականացնենք: Ընդհանրապես այդ քննարկումները միշտ օգտակար են: Օրինակ՝ սահմանադրական բարեփոխումների ժամանակ ես այդ մասին խոսել եմ: Ոչ միայն բավարարված եմ եղել, և ոչ միայն ես, այլ մենք բոլորս ոգևորված ենք եղել, հատկապես, երբ փաստել ենք, որ ներգրավված են երիտասարդների մի մեծ խումբ: Եվ ես բացահայտել եմ ինձ համար բազմաթիվ երիտասարդներ, որոնց հետ այս պահի դրությամբ աշխատում եմ, ովքեր, եթե իրավագիտության ոչ այսպես մեծ վարպետներ են, բայց իրավագիտության, արդեն իսկ կարելի է ասել, մասնագետներ են: Բայց եթե այդ քննարկումները չլինեին, ես այդ մասնագետներին, այդ երիտասարդներին չէի տեսնի: Ես ուզում եմ մենք այդպիսի քննարկում ծավալենք, որտեղ հնարավորություն է լինելու բոլորի համար հավասարաչափ պայմաններում մասնակցություն ունենալու: Կապված հիփոթեքի հետ՝ իհարկե, ցանկալի կլինի ոչ թե 2-րդ, 3-րդ երեխայի մենք այդպիսի արտոնություն տանք, այլ ընդհանրապես՝ դեռ չամուսնացած, մենք այդպիսի առաջարկություններ ներկայացնենք, որ ամուսնանալու դեպքում նրանք օգտվելու են այս կամ այն արտոնությունից: Բայց այստեղ պետք է հաշվի առնել նաև մեր հնարավորությունները, որովհետև, երբ մենք սկսում ենք Կառավարությունում այդ կարգի աշխատանքները կատարել, դա միլիարդ դրամների հետ է առնչվում: Մենք կարող ենք անդրադառնալ այսօրվա գործող հիփոթեքային ծրագրերին: Մեկ անգամ ևս փորձել այնտեղ գտնել լրացուցիչ հնարավորություն՝ այդ ծրագրի պայմանները թեթևացնելու նպատակից ելնելով: Դուք հիշում եք, ես նշել էի, որ սկզբնական շրջանում մենք բոլորս ոգևորված էինք, երբ Կառավարությունը հաստատել է այդ հիփոթեքային ծրագիրը: Բայց հետո հասկացանք, որ դա մեր շատ-շատ քաղաքացիների համար հասանելի չէ, հատկապես այդ նախնական պահանջից ելնելով, այդ նախնական գումարի 20 տոկոսի վճարման առումով: Ես էլ եմ տեսնում, որ այդպիսի անհրաժեշտություն ունենք, բայց ուզում եմ պարոն Ավանեսյանը, որ այդ աշխատանքի, կատարողն է, շուտով կներկայացնի Ձեզ: Վերաբնակեցման փաստաթղթղի առավելությունը կայանում է նրանում, որ այնտեղ չի խոսվում միայն վերաբնակեցման մասին: Այնտեղ խոսվում է վերաբնակեցման, ժողովրդագրական վիճակի, այդ թվում նաև այս կամ այն արտոնությունների տրամադրման մասին: Եվ գտնում եմ, որ այդ կարգի աշխատանքը իր մեջ հնարավորություններ է պարունակում՝ թեթևացնելու այսօրվա պայմանները և լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու ոչ միայն երիտասարդների, այլ՝ ընդհանրապես, մեր քաղաքացիների համար:
Բանակի այդ միջանձնային կապերի, այդ կարգապահության հետ կապված խնդիրների մասին, դատախազությունը այս վերջերս ավարտել է մի փաստաթուղթ, այդ մասին ես Ձեզ տեղեկացրել եմ: Անչափահասների հետ կապված, երբ ոստիկանության հաշվետվությանը ծանոթացել եմ, ես տեսել եմ, որ մենք խնդիր ունենք անչափահասների հետ կապված լրացուցիչ աշխատանքներ կատարելու: Նույնպես դատախազության կողմից այդ կատարված աշխատանքը ոչ միայն ուշադրության, այլ հարգանքի է արժանի, որովհետև մինչ այդ այսօր ուսումնասիրություններ մենք չէինք կատարել և, առաջին օրինակը ես խնդրել էի, որպեսզի հանրապետության գլխավոր դատախազը փոխանցի կրթության և գիտության նախարարին: Մենք չենք կարող այդ երևույթների մասով միայն բանակի ղեկավարությունից պահանջել, թե ինչու են այդ դեպքերը կատարվում: Որովհետև մենք տալիս ենք բանակին նաև զինապարտներ, ովքեր չեն ստացել թե դաստիարակության, թե գիտելիքների, թե այլ առումներով այն անհրաժեշտը, որը պիտի նպաստի նրանց ծառայությունը պատշաճ մակարդակով իրականացնելու համար: Եվ այստեղ մենք խնդիր ունենք: Վերջապես, նաև պետք է հաշվի առնել, թե մեր այդ զինծառայողները ինչպիսի պայմաններում են իրականացնում իրենց ծառայությունը: Դրանք սովորական զորամասեր չեն: Մենք ծավալված ենք, իսկ դուք լավ գիտեք դրա մասին՝ մոտ 300 կմ երկարությամբ ճակատում և սա լրացուցիչ պահանջներ է ներառում իր մեջ: Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք ես խնդրում եմ հաշվի առնել: Ես կուզենայի, եթե մենք կարողանայինք օգտակար լինել զինված ուժերին և ներկայացնել այնպիսի առաջարկություններ, որոնց կատարմամբ մենք կնպաստենք այդ երևույթների նվազեցմանը: Ես շատ ուրախ կլինեմ: Մենք ունենք այդ հոսպիտալների հետ կապված խնդիր: Ես այսօր ուզում էի անձամբ Ձեզ հետ խոսեյի, հաշվի առնելով, որ երկար տարիներ զբաղվել եք այդ ուղղությամբ, լսելու նաև Ձեր տեսակետը: Ինձ թվում էր, թե 12-ին է մեր նիստը, ուզում էի շուտ գայի, որ Ձեզ հետ մի քիչ շփվեմ և խոսեմ այդ մասով: Խնդրեմ, կարող ենք ավելի շատ խոսել դրա մասին, տեսնեք՝ ինչ պիտի անենք, որպեսզի այդ երևույթներից խուսափենք: Չեմ ուզում ավելի շատ խոսեմ դրա մասին, որովհետև դրա պատճառները շատ են:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն պարոն Նախագահ: Արձագանքում ե՞ք, պարոն Աղաբեկյան: Չէ: Մենք այսքանով եզրափակում ենք, հարցերը որոնք ուղղվել են Նախագահի կողմից հաղորդումը ներկայացնելուց հետո, հանձնաժողովների կողմից հայտեր չկան, մտքերի փոխանակության համար եթե ցանկություն կա ելույթ ունենալ Նախագահի կողմից ներկայացված հաղորդման՝ անցյալ տարվա արդյունքների մասին, և՝ այս տարվա, խնդրեմ: Ելույթների համար գրանցում: Ելույթի համար խոսքը տրվում է պատգամավոր Վարդգես Բաղրյանին:
Վարդգես Բաղրյան - Շնորհակալություն: Մեծարգո նախագահ, Արցախի Հանրապետության, Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, ներկաներ: Կարծում եմ, բոլորս ուշադրությամբ լսեցինք մեր Հանրապետության նախագահի հաղորդումը, որը թերևս ծրագրային էր այն իմաստով, որ ոչ միայն անդրադարձ էր կատարում 2017թ. կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին ու բացթողումներին, այլև գնահատում էր մեր անելիքների ընթացքը 2018թ.:
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ 2017թ. տնտեսական առումով դյուրին տարի չէր, քանի որ 2016թ. ապրիլին հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմը չէր կարող չանդրադառնալ երկրի տնտեսության վրա: Սակայն պետք է արձանագրել, որ ինչքան էլ բարդ էր իրավիճակը, նախատեսված բոլոր սոցիալական ծրագրերը կյանքի են կոչվել: Իհարկե, որոշ առաջարկներ, որոնք տարեկան բյուջեի ընդունման ժամանակ ներկայացվել էին խմբակցությունների կողմից, այդ թվում և «Ժողովրդավարություն» խմբակցության կողմից առաջադրված, իրենց լուծումը չեն ստացել, բայց մենք քաջ գիտակցում ենք, որ կան առաջնահերթություններ, և այդ առաջնահերթություններից գլխավորը մեր ժողովրդի անվտանգության ապահովումն է, երկրի սահմանների ամրապնդումը:
Այստեղ խոսվեց նաև տեղական ինքնակառավարման մարմինների մասին: Մենք գտնում ենք, որ իսկապես այդ ինստիտուտը մեզանում լիարժեք չի կայացել և առաջիկա ամիսներին այդ ուղղությամբ բավականին աշխատանք կա կատարելու: Պարոն Նախագահ, Դուք էլ ասացիք, որ քննարկումներ են լինելու, այստեղ օրենսդրական փոփոխությունների կարիք կա: Սակայն, մեր կարծիքով, շտապողականությունն այստեղ կարող է հակառակ էֆեկտ ունենալ, պետք է ծանրութեթև անել, որպեսզի, ինչպես ասում են, ունքը սարքելու փոխարեն աչքը չվնասենք: Իսկ որ բարեփոխումներ այստեղ նույնպես անհրաժեշտ են, կարծում եմ, այստեղ երկու կարծիք չի կարող լինել:
Պարոն Նախագահ, Դուք խոսեցիք արտաքին քաղաքականության մասին բավականին հանգամանորեն, ես չեմ ուզում կրկնել կատարած աշխատանքների մասին, պարզապես ընդհանուր առմամբ արձանագրենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում, ի հեճուկս մեր հարևանների գործադրած մոլեռանդ ջանքերին ու հիստերիային, մեզ հաջողվել է իրականացնել ճիշտ ու թիրախավորված արտաքին քաղաքականություն, ինչը մեր կարծիքով՝ պայմանավորված է արտաքին քաղաքական դաշտում իշխանության բոլոր թևերի համակարգված ու ներդաշնակ գործելակերպով: Այս ռազմավարությունը ապացուցել է իր արդյունավետությունը, և վստահ ենք, որ առաջիկայում մեզ կհաջողվի պահպանել համագործակցության առկա մակարդակը և ընդլայնել մեր գործունեության աշխարհագրությունն ու ոլորտային գերակայությունները՝ ապահովելու համար մեր անկախության միջազգային ճանաչման ու օտարերկրկրյա պետությունների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու Արցախի Հանրապետության իրավունքը: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Բաղրյան, մենք եզրափակեցինք նաև այս մասը, պարոն Նախագահ եթե եզրափակիչ բան կա ասելու՝ խնդրեմ:
Բակո Սահակյան - Չէ, ուղղակի մեկ այլ տեղեկություն կցանկանայի հաղորդել, ասեմ, երեկ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է մի փաստաթուղթ կապված իմ հանձնարարականի հետ՝ բարենպստ պայմաններ ստեղծել տնտեսավարող սուբյեկտների համար, ես առաջարկում եմ՝ պարոն Մարտիրոսյան, այսօր փոխանցել պարոն Իսրայելյանին, թող այսօր էլ ծանոթանան, մինչ մենք կքննարկենք 2-րդ խմբի հարցերը: Ինչպես գյուղատնտեսության հարցերի հետ կապված հայեցակարգի մասով, այդ նույն տպավորությունն եմ ստացել այդ փաստաթղթից, որովհետև այս տարիների ընթացքում մենք միշտ փորձել ենք ստեղծել անհրաժեշտ պայմաններ տնտեսավարող սուբյեկտների համար, հենց այդ նպատակներից էլ ելնելով ֆինանսների նախարարությունը լրացուցիչ աշխատանքներ է կատարել, երբ կծանոթանաք, ավելի քան համոզված եմ, որ ինչպես ինձ մոտ, այնպես էլ ձեզ մոտ այդ նույն տպավորությունն է առաջանալու: Ես անգամ շնորհակալություն եմ հայտնել ֆինանսների նախարարին այդ կարգի հիմնարար սկզբունքների վրա կառուցած աշխատանք կատարելու համար: Այդքանը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, մենք այսքանով ավարտում ենք օրակարգային առաջին հարցի քննարկումը, որը վերաբերվում էր՝ նորից շեշտենք, Հանրապետության նախագահի կողմից Ազգային ժողովի նիստում ամենամյա հողորդմանը՝ նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ: Շնորհակալություն հայտնենք Հանրապետության նախագահին և, կարծում եմ, մեր աշխատանքը արդեն նախանշեցինք, որ հաջորդ օրերին շարունակվելու է, այսինքն միայն հաղորդման շրջանակներում չէ, և մենք ուղիղ ավարտեցինք առաջին ընդմիջման ժամին, հայտարարվում է ընդմիջում մինչև 1300-ն՝ հարց ու պատասխանի ժամ է: Շնորհակալություն:
Ժամը-1400
Հարց ու պատասխան
Աշոտ Ղուլյան - Հարգելի գործընկերներ, Կառավարության անդամներ, հրավիրվածներ: Ազգային ժողովի ապրիլի 19-ի լիագումար նիստը շարունակում է իր աշխատանքները: Ազգային ժողովի Կանոնակարգի պահանջներին համապատասխան, գարնանային նստաշրջանի ընթացքում՝ փետրվար, ապրիլ և հունիս ամիսներին, Նախագահը և Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բարձրացրած հարցերին: Քանի որ օրվա առաջին կեսում մեր քննարկման հարցի հետ կապված Հանրապետության նախագահը պատասխանել է պատգամավորների ներկայացրած հարցերին, այժմ Կառավարության անդամները՝ պետնախարարի գլխավորությամբ, պատրաստ են շարունակել այս հարց ու պատասխանի ընթացքը, և ես պատգամավորներին խնդրում եմ գրանցվել հարցերի համար: Խնդրեմ, հարցերի համար գրանցում՝ Ալյոշա Գաբրիելյան, Վահրամ Բալայան, Հայկ Խանումյան, Վիլեն Սաֆարյան, Լյուդմիլա Բարսեղյան, Արմեն Օհանյան: Այսքա՞նը: Ես ուզում եմ ընթերցել իմ գրառումը հերթագրված պատգամավորների ցանկի մասով: Ուրեմն, Կառավարության հետ հարց ու պատասխանի համար գրանցվել են պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանը, Վահրամ Բալայանը, Հայկ Խանումյանը, Վիլեն Սաֆարյանը, Լյուդմիլա Բարսեղյանը և Արմեն Օհանյանը: Ճի՞շտ եմ: Շնորհակալություն: Հարցի համար հրավիրվում է Ալյոշա Գաբրիելյանը: Թող պատրաստվի Վահրամ Բալայանը: Հարցերը և պատասխանները խնդրում եմ ամբիոնից, որովհետև մենք ձայնագրում ենք և պիտի հեռարձակենք:
Ալյոշա Գաբրիելյան – Շնորհակալություն: Հարցս ուղղում եմ պետնախարար պարոն Հարությունյանին: Վերջին ժամանակներս, պարոն պետնախարար, Դուք ակտիվ մասնակցություն եք ունեցել Լիբանանում և Ավստրալիայի մի շարք հանդիպումների, կազմակերպական միջոցառումների, որոնք հիմնականում, ինչքանով ես տեղյակ եմ լրատվամիջոցներից, վերաբերում եմ «ԱՐԻ» ծրագրին: Հետևաբար, իմ հարցը՝ Արցախում որոշակի ակնկալիքներ ունե՞ք, ընդհանրապես, «ԱՐԻ» ծրագրի ընդարձակման և զարգացման ուղղությամբ: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության պետական նախարար պարոն Արայիկ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյան – Շնորհակալություն: Նախ, ընդհանուր առմամբ, տեղյակ եք «ԱՐԻ» ծրագրի տրամաբանությանն ու իմաստին: Նշեմ, որ երկար ժամանակ փորձել ենք տարածել այն մեր գաղթօջախներում՝ Սփյուռքում, բայց դժվարության ենք հանդիպել, եթե վերցնենք միայն, ավելի ճիշտ ամբողջը ձևավորվել է Լիբանանում, և լիբանանահայ մեր հայրենակիցների միջոցների հաշվին: Բարեբախտաբար, Ավստրալիայում հնարավորություն եղավ ընդարձակել և ստեղծել նոր կազմակերպություն, հերթական ԱՐԻ-ն՝ ԱՐԻ 1, ԱՐԻ 2, ԱՐԻ 3, քանի որ ցանկություն հայտնողները շատ մեծ են քանակությամբ և նաև դրամական արտահայտությամբ: Տեսեք, եթե արդեն ավարտվեն կազմակերպչական աշխատանքները Ավստրալիայում, ծրագիր կա Հարավային Ամերիկայում այն ևս տարածել, այսինքն՝ այն մեր հայկական գաղութներում, որտեղ տեսնում ենք պոտենցիալ ֆինանսական և նաև՝ ցանկություն, ներդրումներ կատարելու: Բայց ամենակարևորը, Նախագահը նշեց ծրագրում, հոկտեմբերին կայանալիք տնտեսական մեծ ֆորումի մասին: «ԱՐԻ» պրոեկտը լինելու է գլխավորներից մեկը: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքում ե՞ք, պարոն Գաբրիելյան:
Ալյոշա Գաբրիելյան – Չէ:
Աշոտ Ղուլյան – Հաջորդ հարցի համար հրավիրվում է Վահրամ Բալայանը: Թող պատրաստվի Հայկ Խանումյանը:
Վահրամ Բալայան – Երկու հարց կտամ՝ կրթության ոլորտին է վերաբերում: Ուրեմն՝ առաջինը. ուսուցիչները աշխատավարձ են ստանում բանկոմատի միջոցով, գյուղական ուսուցիչների մասին է խոսքը: Եվ կարծես թե նորմալ է, քաղաքակիրթ ձև է, բայց խնդիրներ են առաջանում: Ասենք, Կառավարությունը ինչպե՞ս է տեսնում այս հարցը: Ամեն տեղ չէ, որ բանկոմատները կան, որ կարողանան ուսուցիչները այդ աշխատավարձը ստանալ: Եվ՝ երկրորդը. Իվանյանի ռազմաուսումնական քոլեջի հետ կապված՝ ուսուցիչները, որոնք դառնում են 50 տարեկան, նրանք թոշակի են անցնում, ասենք, օրինակ ֆիզիկայի ուսուցիչը կամ ռուսաց լեզվի ուսուցիչը, բնականաբար այդ ամենալավ տարիքում է գտնվում աշխատանքի համար, կարծում եմ, որ կարելի է ինչ-որ վերանայում անել և թույլ տալ գոնե մինչև 63 տարեկան մարդը աշխատի: Ե՛վ առաջարկություն, և՛ հարց այս ասպարեզում: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Առաջին հարցին պատասխանում է ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, հաջորդ հարցը՝ կրթության, գիտության, սպորտի նախարարը:
Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն: Ուրեմն, աշխատանքի վարձատրության անկանխիկ եղանակով վճարումը, ընդանուր առմամբ, դա այն ուղղությունն է, որտեղ, փաստորեն, ընդանուր զարգացում է տեղի ունենում, և, աստիճանաբար, կանխիկ վճարման, վարձատրության այդ համակարգը փոխարինվում է անկանխիկ եղանակով: Այդ գործընթացը պատշաճ կերպով իրականացնելու նպատակով, ընդանուր առմամբ, ամբողջ հանրապետության տարածքով ընթանում են աշխատանքներ՝ բանկոմատների տեղադրման ուղղությամբ: Նաև փնտրվում են այլ ընտրանքային եղանակներ, տերմինալների և այլ տեխնիկական միջոցների հաշվին գումարների կանխիկացման վերաբերյալ: Այդ խնդիրը, ուրեմն, ոչ միայն ուսուցիչներին է վերաբերվում, այլ ամբողջ պետական հատվածի աշխատողներին, այդ թվում՝ նաև զինծառայողներին և այլն, և ընդանուր առմամբ Կառավարության ուշադրության կենտրոնում է, որպեսզի աստիճանաբար Հանրապետության ամբողջ բնակավայրերում բանկոմատների քանակը ավելանա: Այդքանը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքում ե՞ք պարոն Բալայան:
Վահրամ Բալայան – Դա իսկապես լավ է, որ արվում է, բայց երևի ցանկալի կլինի սկզբից անել, նոր անցնել այդ համակարգին, որովհետև, մեկ էլ եմ ասում, մարդկանց համար խնդիրներ է առաջանում, մանավանդ լեռնային գյուղերում ապրող մարդիկ, որոնք շատ դեպքում դրա համար ստիպված են գալ շրջկենտրոն կամ ասենք Ստեփանակերտ և այլն:
Աշոտ Ղուլյան – Կարող եք արձագանքել:
Գրիգորի Մարտիրոսյան – Ուրեմն, որևէ շրջան ասենք կամ որևէ մի քանի մոտ բնակավայրեր, որտեղ բանկոմատ չկա, այդպիսի բնակավայրերում անկանխիկ եղանակով աշխատավարձերի վճարում չի նախատեվսում: Այսինքն՝ հաշվի է առնվում Ձեր այդ նշած հանգամանքը, և եթե նույնիսկ տվյալ բնակավայրում չկա հնարավորություն կանխիկացնելու, ապա կան որոշակի հանգուցային կետեր, որոնցում անպայման նախատեսվում է բանկոմատի առկայությունը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Երկրորդ հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար տիկին Նարինե Աղաբալյանը: Խնդրեմ:
Նարինե Աղաբալյան – Ի պատասխան հնչեցված հարցի՝ կարող եմ ասել, որ ոչ միայն Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանից, այլև ընդհանրապես, պաշտպանության բանակից զինվորական ծառայությունն ավարտած զինվորականները, ովքեր ունեն համապատասխան մանկավարժական կրթություն, կարող են շարունակել աշխատանքը ուսուցչի, որպես ուսուցիչ մեր դպրոցներում, և նրանք հավասար հիմքունքներով մասնակցում են ուսուցչի թափուր տեղերի համար հայտարարված մրցույթներին, և առավել ևս, եթե խոսքը ասենք ֆիզիկայի, մաթեմատիկայի, բնագիտական առարկաների մասին է, ապա նման ուսուցիչների կարիք մենք շատ ունենք և կարող ենք համալրել, նաև ունենք արդեն այդպիսի պայմանավորվածություն այս տարի արդեն թոշակի անցնող զինվորականների աշխատանքի տեղավորելու վերաբերյալ:
Աշոտ Ղուլյան – Արձագանքում ե՞ք, պարոն Բալայան:
Վահրամ Բալայան – Տիկին Աղաբալյան, խնդիրը նրանում է՝ ես կարծում եմ, թե ճիշտ կլինի պաշտպանության նախարարության հետ այդ հարցը քննարկել և լուծում տրվի, որովհետև մարդ երբ աշխատում է մի տեսակ այդ հիմնարկությունը հարազատ է դառնում, մերվում է այդ միջավայրին: Մեկ էլ ասենք 50 տարեկանից հետո նորից մարդ չգնա աշխատանք որոնի: 50 տարեկան նույնիսկ կայացած մարդու համար էլ է դժվար՝ գնա նորից աշխատանք գտնի: Կարծում եմ, որ այստեղ վտանգավոր ոչինչ չի լինի, որ մարդ այդպես աշխատի: Այսինքն՝ կարելի է, ես կարծում եմ, պաշտպանության նախարարության հետ երևի աշխատել՝ ինչ-որ մի տարբերակ գտնելու:
Նարինե Աղաբալյան – Համենայնդեպս կքննարկենք:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հաջորդ հարցի համար հրավիրվում է պատգամավոր Հայկ Խանումյանը: Թող պատրաստվի Վիլեն Սաֆարյանը:
Հայկ Խանումյան – Հարցը վերաբերելու է առողջապահական համակարգին, առավել հստակ՝ երեխաների առողջության հետ կապված հարցերին: Ամեն տարի, 3 տարի շարունակ պետական բյուջեի նախագծի առաջարկությունների ժամանակ, ես առաջարկում եմ ավելացնել մանուկներին և երեխաներին հատկացվելիք դեղամիջոցների համար գումարներ, ինչպես նաև Հայաստանում, Արցախից դուրս բուժում: Ցավոք սրտի, ամեն տարի այդ առաջարկը մերժվում է, բայց ամեն տարի, վստահ եմ Ձեր բոլորի կաբինետները գալիս են մարդիկ, որոնց երեխաները բուժման կարիք ունեն, դեղամիջոցների կարիք ունեն, Երևանում վիրահատվելու կարիք ունեն: Եվ ստիպված կամ սկսում ենք ներկայացուցչական գումարներից գումարներ տրամադրել, այս կամ այն պաշտոնյայից խնդրել, որ հատուկ ֆոնդերի ներկայացուցչական գումարների հաշվին հարցեր լուծեն, կամ առողջապահության նախարարություն են ընկնում՝ բարեգործական միջոցներ հայթայթելու ճանապարհը: Ի՞նչն է խնդիրը, որ մինչև հիմա չենք կարողանում գոնե երեխաների առողջության հարցին լուծում տալ: Բյուջեով այդ ամեն ինչը սահմանենք, վերջացնենք: Կարծում եմ բոլորդ էլ հոգնել եք այդ հարցերի շուրջ անընդհատ դռնից դուռ վազել: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար տիկին Կարինե Աթայանը:
Կարինե Աթայան – Շնորհակալություն: Նախ՝ երեխաների բուժումը ընդգրկված է պետպատվերի շրջանակներում, 0-18 տարեկան երեխաների բուժումը լրիվ անվճար է և իրականացվում է պետպատվերի շրջանակներում: Դեղամիջոցների տրամադրումը՝ ևս: Մենք չունենք գրանցված նման դեպքեր, երբ որ անհրաժեշտություն է լինում ինչ-որ միջոց ձեռնարկել՝ բացի ուռուցքային հիվանդներից, և, այս դեպքում ևս համաձայն Կառավարության որոշմանը քիմիոթերապևտիկ պրեպարատների դիմաց 50 տոկոս չափը մինչև 2 միլիոն փոխհատուցում է կատարվում:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքում ե՞ք, պարոն Խանումյան:
Հայկ Խանումյան – Տիկին նախարար, այս շաբլոնային պատասխանը անընդհատ տրվում է ամեն տարի: Հիմա ուզում ե՞ք կոնկրետ օրինակներով ասեմ, որ ադպիսի բան չկա: Ձեզ մոտ մարդիկ չե՞ն գալիս, որ ուղարկում եք Հայբիզնեսբանկից օգնություն ստանալու դեղամիջոցի համար: Չկա՞ն այդպիսի երեխեք: Չկա՞ն, որ Երևան պիտի վիրահատվեն, ենթադրենք լսողության համար, որ մանկուց չեն լսում, հարցեր է առաջանում: Դուք ասում եք՝ չկան: Ամեն տարի նույն պատասխանը տալիս եք, ամեն տարի գալիս են դռները ծեծում: Այդ երեխեքի հարցը լուծեք պրծնենք:Գոնե Երեխաների, ես չեմ ասում մեծերի:
Կարինե Աթայան – Ճիշտն ասած, ինձ թվում էր, որ հարցը վերաբերվում էր քիմիոթերապիայի, դրա համար ես 3-րդ կետը չհնչեցրեցի: Նաև նախատեսված ունենք, էլի կառավարության կողմից հաստատված որոշում է, հազվադեպ հանդիպող հիվանդությունների դեպքում 50 տոկոսով փոխհատուցումը: Նույն վիրահատությունները, որոնք անհրաժեշտ են և դժվարամատչելի վիրահատություններ են, կատարվում են Երևանում, փաստաթղթերը ներկայացնելուց հետո փոխհատուցվում են:
Աշոտ Ղուլյան – Պարոն Խանումյան, կարող եք հետո՝ առանձին էլ, երևի մասնավոր ինչ-որ դեպքերի մասին էլ կխոսեք: Շատ լավ: Շնորհակալություն:
Հաջորդ հարցի համար հրավիրվում է պատգամավոր Վիլեն Սաֆարյանը: Թող պատրաստվի Լյուդմիլա Բարսեղյանը:
Վիլեն Սաֆարյան – Շնորհակալություն: Ուրեմն, հարցիս նախաբանը մի քիչ երկար է, բայց կաշխատեմ կարճ կապել: Ուրեմն անցյալ դարի 70-ական թվականներին, ներկայիս Արցախի Հանրապետության արևելյան և հարավ-արևելյան հատվածներում աշխատել է Ադրբեջանի երկրաբանության ինստիտուտի հիդրոերկրաբանության արշավախումբը Լիստեն Դարտենի գլխավորությամբ, որի ուսումնասիրման հետևանքով ուսումնասիրվել է տարածքի խորքային ջրերի տարածման սահմաները և տեղակայման պայմանները: Եվ հետո այդ տարածքներում փորվել են մինչև մի քանի հարյուրի հասնող խորքային հորեր: Ներկայումս խորքային հորերը օգտագործում են բնակչության ջրամատակարարման և ոռոգման համակարգերում: Վերջին տարիներում փորված մի շարք խորքային հորերում ջուր ընդհանրապես չի հայտնաբերվել կամ էլ շատ քիչ, 1-ից մինչև 1,5 լիտր-վարկյան դեբիտով, որի շահագործումը տնտեսական առումով, կարծում եմ, շահավետ չէ: Այստեղ պատճառը խորքային հորի տեղի ընտրման ոչ ճիշտ չափորոշիչներն են և մասնագիտական մոտեցումը: Նշեմ նաև, որ նկատի ունեմ խորքային հորերի, ավազաններում խորքային ջրերի մակարդակի հստակ անկում: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Արարատյան ավազանում այն հասնում է 7-ից մինչև 18 մետր: Նույնը նկատում ենք նաև մեր տարածաշրջանում: Նախկինում ինքնահոս խորքային հորերի մի մասը դադարել են նույն ինքնահոս կերպով աշխատելուց: Հաշվի առնելով մեր տարածքների երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունները և խորքային ավազանի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը՝ նախատեսվող 40-ից ավելի խորքային հորերի փորման, տեղի վերջնական ընտրության հարցում արդյո՞ք նախատեսվում է օգտագործել ժամանակակից նորագույն գեոֆիզիկական ուսումնասիրման մեթոդներ՝ խուսափելու խորքային հորերի տեղի ընտրության հարցում վրիպելուց:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Սաֆարյան: Հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար պարոն Ժիրայր Միրզոյանը: Խնդրեմ:
Ժիրայր Միրզոյան – Շնորհակալություն հարցի համար: Իհարկե, այսօր Արցախի Հանրապետությունը իր գիտական պոտենցիալով ի վիճակի չէ 100 տոկոսանոց կանխատեսել տվյալ տարածքում, որքան են ստորգետնյա ջրերի հոսքերը, որքան են պաշարները: Այսօր ունենք Հայաստան համահայկական հիմնադրամի այսպես կոչված պատվիրված 37 խորքային հորեր, որոնց տարածքները ընտրել ենք՝ հաշվի առնելով տվյալ տարածքի ջրահավաք թասի մեծությունը, ջրաթափանցելիությունը, հողի շերտը և տվյալ տարածքում գյուղատնտեսություն զարգացնելու հնարավորությունը: Դժբախտաբար ունենք մի քանի փորձեր, որտեղ ջրային համապատասխան պաշարներ չեն եղել կամ բավարար չեն եղել և առաջիկայում մենք փորձում ենք նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան գիտական հաստատությունների հետ համատեղ մշակել կամ ստեղծել աշխատանքային խումբ հանրապետության ամբողջ տարածքի ստորգետնյա ջրերի պաշարները ուսումնասիրելու համար: Գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգը ունի այնպիսի ոճ, ոլորտային ուղղություն, որը կոչվում է «գյուղատնտեսության զարգացում»՝ հաշվի առնելով տարածքային և գոտիական առանձնահատկությունները: Եվ այս ուղղությամբ ծրագրեր կազմելու հիմնական թիրախներից մեկը լինելու է ստորգետնյա ջրային հոսքերի ուսումնասիրությունը և արդեն ավելի բարձր գիտական մակարդակով: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքում ե՞ք, պարոն Սաֆարյան:
Վիլեն Սաֆարյան – Մեր հանրապետությունում չկա այդ գիտական ոչ ռեալ տեխնիկական պոտենցիալը ջրավազանների ուսումնասիրման համար, չնայած ես մասնակցություն եմ ունեցել այդ 37 խորքային հորերի մոտավոր ընտրության հարցում, բայց մեզ մոտ կատարվում է ամբողջովին, այսպես ասած, չակերտավոր «մասնագիտական վարպետության վրա» վրա և արդյունքները ակնհայտ են: Չեմ կարծում, որ մեր եղած տեխնիկական ու գիտական պոտենցիալով հնարավոր է ինչ-որ արդյունքի հասնել: Միայն, երևի, Հայաստանի գիտությունների ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի հետ համագործակցելով, իմ կարծիքով, ես առաջարկում եմ այդ ուղղությամբ որոշակի քայլեր կատարել: Շնորհակալություն:
Ժիրայր Միրզոյան – Այո, իհարկե մենք ևս առաջիկայում փորձելու ենք համագործակցել, ինչպես նշեցի Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ, բայց այդ 37 և մնացած խորքային հորերի մասով, որոնք իրականացվելու են գյուղնախարարության ծրագրերում, մենք փորձելու ենք և փորձում ենք ընտրել այն տարածքները, որտեղ նախկինում եղել են խորքային հորեր, որպեսզի հնարավորինս զերծ մնանք այդպիսի դեպքերից, որտեղ չեն բավարարել ջրային ռեսուրսները: Բայց գիտեք, որ մեր հանրապետության տարածքի մակերևույթային ջրերը այնպիսի աշխարհագրություն ունեն, որ մենք ստիպված կենտրոնանում ենք այն տարածքներում, որտեղ զուրկ են մակերևույթային ջրերից, գյուղատնտեսության մեջ տարածքային համաչափ զարգացում ապահովելու համար:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն:
Վիլեն Սաֆարյան – Մի նախադասություն: Պարզապես ուզում եմ նշել, որ այդ խորքային հորերի ընտրության հարցը երեք մետր է: Եվ որ նախկինում կան շահագործված հորեր, դա դեռևս չի նշանակում, թե այդտեղ ջուր կա:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն մասնագիտական օգնության համար: Հարցի համար հրավիրվում է պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանը: Թող պատրաստվի Արմեն Օհանյանը:
Լյուդմիլա Բարսեղյան – Հարգելի գործընկերներ, խոսքս տարվա լավագույն տնօրեն մրցույթի կազմակերպման և անցկացման մասին է:
Համաձայն գործող 2014թ. դեկտեմբերի 20-ի, ԼՂՀ կրթության և գիտության նախարարի հրամանի 5-րդ կետի՝ մրցույթին չեն կարող մասնակցել նախորդ 5 տարիների ընթացքում հաղթող ճանաչված դպրոցների տնօրենները: Այս դրույթը ինձ համար մի քիչ մտահոգիչ է, քանզի, ըստ իս, տարվա լավագույն տնօրենի կոչումը պետք է տարիներ ի վեր հպարտությամբ պահպանվի: Հանկարծ չլինի այնպես, ինչպես եղել է տարվա լավագույն դպրոց մրցույթի ժամանակ, խոսքս մինչև 2014թ. է, երբ կարծես թե դպրոցներին հերթականությամբ էին շնորհում տարվա լավագույն դպրոց կոչումը:
Հարցս հետևյալն է՝ չե՞ք կարծում, որ տարվա լավագույն տնօրեն մրցույթին արդեն իսկ լավագույն ճանաչված տնօրենը պետք է մասնակցի մրցույթին յուրաքանչյուր տարի, որը կնպաստի կոչումը պահպանելուն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցին պատասխանում է կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:
Նարինե Աղաբալյան – Ուզում եմ տեղեկացնել նախ, որ մենք 2018թ. այդ մրցույթը չենք հայտարարել ընդհանրապես, որովհետև կարծում ենք, որ ցանկացած մրցույթ, ցանկացած ձեռնարկ պետք է ունենա կոնկրետ նպատակ և տարիների ընթացքում պետք է վերանայվի՝ հաշվի առնելով նաև արդյունքը, նաև ժամանակի պահանջները: Եվ հենց այդ նկատառումով այս տարի չենք հայտարարել մրցույթը, ինչը սակայն չի նշանակում, որ մենք չենք խրախուսելու լավ աշխատանքը ինչպես ուսուցիչների, այնպես էլ տնօրենների, և ընդհանրապես՝ դպրոցների: Եվ այս տարի մենք իրականացնելու ենք դա մշտադիտարկման արդյունքներով, որովհետև այսօր նախարարության կողմից մշտադիտարկում է իրականացվում տարբեր դպրոցների և նախադպրոցական հաստատությունների գործունեության գնահատման և ըստ այդ արդյունքի էլ գնահատվելու է աշխատանքը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, տիկին Բարսեղյան: Շնորհակալություն: Եվ եզրափակիչ հարցը՝ պատգամավոր Արմեն Օհանյան: Խնդրեմ:
Արմեն Օհանյան – Հարգարժան պետական նախարար, Ազգային ժողովի նախագահ, կոլեգաներ, կառավարության անդամներ: Իմ կարծիքով, բոլորիս կողմից, տեսանելի և ողջունելի է կառավարության օժանդակությամբ գյուղատնտեսության բնագավառում տարվող մարտավարական ծրագրերի առաջընթացը տարբեր ուղղություններում: Մի քանի օր առաջ, Հանրապետության նախագահի գլխավորությամբ գտնվում էինք Արաքսի հովիտներում զարգացման ծրագրերի և կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Ես ուզում եմ ներկայացնել, ասենք որ հող օգտագործողներից 90 տոկոսը մեծամասնությունը, երևի, առաջին անգամ են տեսել ոռոգման տեղադրված ցանցերը, որը մեկ պտույտով կարող է ջրել 50 և ավելի հեկտար հողատարածքներ: Կարծում եմ կառավարության կողմից վերջին տարիներին և այժմ լիզինգային և վարկային փախառու միջոցների հաշվին, հող օգտագործողներին տրվող գյուղտեխնիկայի, գյուղագրեգատների և սերմերի շնորհիվ է զարգանում գյուղատնտեսությունը: Գիտակցում եմ, որ այգեգործությունը կաթիլային եղանակով ոռոգելի դարձնելու հայտերի գումարները հնարավոր չէր լինի դրվել մեկ տարվա բյուջեում, քանի որ հայտերի չափը տեղյակ ենք, որ շատ մեծանում է: Հիմա ինձ ունեմ երկու հարց կառավարությանը: Առաջինը՝ մտահոգում է այն, որ նախարարության մասնագետները ուսումնասիրու՞մ են, արդյոք, քաղաքացու կողմից ընտրված հողատարածքները և բնակլիմայական պայմանները, այսինքն՝ համապատասխանու՞մ են տվյալ ծառատեսակի տնկմանը, թե ոչ, որովհետև 1960թ. Հայաստանի Հանրապետության ցածրադիր գոտիներում խնձորենիների, տանձենիների այգիներ հիմնադրելու պատճառով Հայաստնաի Հանրապետությունը դեռևս Սովետական ռուբլով կրել է 1 միլիոն 760 հազար ռուբլի վնաս: Այսինքն՝ Կարեն Դեմիրճյանը Կենտկոմի առաջին քարտուղար նշանակվելուց հետո քանդել է, տեղափոխել է նախալեռնային և լեռնային գոտի, որովհետև ծաղկափոշոտումը չէր կատարվում ցածրադիր գոտում: Երկրորդը՝ գյուղնախարարության 2018թ. բյուջեում զարգացման ծրագրերի համար նախատեսված գումարները շրջանների համաչափ զարգացման նպատակով բաշխվե՞լ է ըստ շրջանների, թե՝ ոչ: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցերին պատասխանում է Արցախի գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:
Ժիրայր Միրզոյան – Շնորհակալություն: 1-ին հարցի հետ կապված՝ ինչպես նշեցի, գյուղատնտեսության զարգացման հետ կապված նոր ռազմավարությունը ունի գյուղատնտեսության զարգացում տարածքային և գոտիական առանձնահատկություններին համապատասխան սկզբունք, որի շրջանակներում մենք դիտարկելու ենք Հանրապետության տարածքը ոչ թե սահմանված վարչատարածքային միավորների, այլ առանձին գոտիների համատեքստում: Այգեգործության զարգացման հետ կապված ես պետք է նշեմ, որ պետական աջակցությունը, այսինքն հող օգտագործողը այգի տնկելուց հետո նոր իրավունք է ստանում օգտվել պետական աջակցությունից, որը կաթիլային համակարգի տրամադրումն է 50 տոկոս դրամաշնորհի, 50 տոկոս անտոկոս փոխառության տեսքով: Այսինքն, այգի տնկելու պահին նախարարությունը որևէ միջամտություն չունի և յուրաքանչյուրը ազատ է իր հողատարածքում և, եթե հողի նպատակային նշանակությունը և հողատեսքը համապատասխանում է՝ իրավունք ունի հիմնադրել այգի: Գյուղնախարարության աջակցությունը կաթիլային համակարգը տրամադրելուն նպատակաուղղված է այդ այգին վերածելու արտադրական նշանակության այգի, այսինքն՝ ժամանակակից տեխնոլոգիաների մասով աջակցություն է սա: Բայց մտահոգությունը իրոք տեղին է, որովհետև գյուղատնտեսության զարգացումը տարածքային և գոտիական առանձնահատկություններին համապատասխան լինելու է մեր հիմնական ռազմավարական ուղղություններից մեկը: Այս նպատակով գյուղատնտեսության նախարարությունը նախաձեռնել է մի գործընթաց, որի արդյունքում նախատեսում ենք մոտ մեկ տարվա մեջ ավարտել, պետք է ունենանք մեր տարածքների գյուղատնտեսական բնութագրեր կամ անձնագրեր: Նախատեսում ենք եկող տարվա մեջ այդ անձնագրերին համապատասխան գյուղատնտեսության վարումը դարձնել պարտադիր պահանջ ոչ միայն պետական աջակցության համար, այլ ընդհանրապես գյուղատնտեսության վարման համար:
Նույնը կարող եմ նշել նաև 2-րդ հարցի վերաբերյալ: Ոչ թե վարչատարածքային միավորների շրջանների հետ կապված ունենք առանձին բաժանում, այլ ունենք առանձին գոտիների հետ կապված բաժանում, իսկ բաժանումը դա ոչ թե գյուղատնտեսության նախարարությունն է որոշում, այլ համայնքներից, շրջանների վարչակազմերից, համայնքները սպասարկող գյուղատնտեսներից ստացված հայտերի հիման վրա: Բայց գյուղատնտեսության նախարարության համապատասխան մասնագետների և համապատասխան պատասխանատուների ուսումնասիրության և եզրակացությունից հետո միայն: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Արձագանքու՞մ եք, պարոն Օհանյան: Շնորհակալություն:
Մենք այսքանով եզրափակում ենք հարց ու պատասխանի օրակարգային ընթացակարգը: Ամփոփելով՝ պիտի ասեմ, որ հարցերի համար հերթագրվել են 6 պատգամավոր: Բոլոր 6 պատգամավորները տվել են իրենց հարցերը: Ընդհանուր առմամբ հնչել է 8 հարց և բոլոր հարցերին տրվել են նաև պատասխաններ ու անհրաժեշտ պարզաբանումները: Այսքանով ավարտում ենք: Շնորհակալություն հայտնենք պետնախարարին և Կառավարության անդամներին: Մի փոքր պաուզա՝ մինչև իրենք դուրս գան, մենք շարունակում ենք աշխատել, որովհետև մեր օրակարգը դեռ մնում է:
Արդեն մեր գործընկերները այստեղ են, ես հայտարարում եմ մեր օրակարգի 2-րդ հարցի սկիզբը՝ Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի դատավոր նշանակելու մասին հարցն է հիմա օրակարգում և, հաշվի առնելով, որ մենք նախորդ 2 նիստերին արդեն անցել ենք այս օրակարգային հարցերը, կարծում եմ, երկար բացատրության կարիք չկա, պարզապես նշենք, որ մենք 2 օր առաջ ստացել ենք մեր նոր Սահմանադրության նոր մարմնի՝ դատական համակարգի գործունեությունը կանոնակարգող Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջարկը, որով նրանք ներկայացնում են Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի դատավորի նոր թեկնածություն: Ես հիմա ուզում եմ խնդրել, որպեսզի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ տիկին Գայանե Գրիգորյանը ներկայացնի թեկնածությունը, որից հետո կարող ենք հարցեր տալ, թեկնածուն այստեղ է՝ տիկին Հասմիկ Խաչատրյանը և դրանից հետո մենք գաղտնի քվեարկություն ենք անցկացնելու: Խնդրեմ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ՝ տիկին Գայանե Գրիգորյան:
Գայանե Գրիգորյան - Արցախի Հանրապետության հարգարժան պատգամավորներ, Ազգային ժողովի հարգարժան նախագահ, այսօր ձեր նշանակմանն ենք ներկայացնում Հասմիկ Պարֆիոնի Խաչատրյանի թեկնածությունը Գերագույն դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար: Բարձրագույն դատական խորհուրդը սույն թվականի ապրիլի 17-ին որոշում է ընդունել, որը ձեզ ուղարկվել է, կարգը պայմանները, դիմումների ընթացակարգը սահմանված է դատական օրենսգրով, որի պահանջներին համապատասխան Հասմիկ Խաչատրյանը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին: Նիստում քննարկելով միաձայն որոշել ենք ներկայացնել Հասմիկ Խաչատրյանի թեկնածությունը: Հավելեմ, որ Հասմիկ Խաչատրյանը ներկայումս զբաղեցնում է Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնը և զբաղեցնում է նաև «ԼՂՀ դատավորներ» հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնը՝ իր գործունեությունը բավականին հաջող և եռանդուն իրականացնելով: Այսքանը:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցեր ունե՞նք տիկին Գայանե Գրիգորյանին, Բարձրագույն դատական խորհրդին: Հարցեր չկան: Շնորհակալություն, տիկին Գրիգորյան, կարող եք նստել, այժմ Կանոնակարգի պահանջներին համապատասխան, խոսքը տրվում է Գերագույն դատարանի դատավորի թեկնածու, տիկին Հասմիկ Խաչատրյանին:
Հասմիկ Խաչատրյան – Հարգելի Ազգային ժողովի նախագահ, հարգելի պատգամավորներ. Ես՝ Հասմիկ Խաչատրյանս, ծնվել և մեծացել եմ Սյունիքի մարզում Սիսիան քաղաքում: 1988թ. ավարտելով Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ աշխատանքի եմ անցել իրավաբանության ոլորտում, սկզբում, որպես իրավախորհրդատու, 1991-2007թթ. փաստաբանների պալատի անդամ եմ եղել, իրականացրել եմ իրավաբանական կոնսուլտացիայի վարիչի պարտականությունները, ողջ իրավաբանական գործունեության ընթացքում զբաղվել եմ նաև դասախոսական աշխատանքով: Ամուսնուս զինվորական լինելու հետ կապված, տարբեր քաղաքներում ապրելով, միշտ էլ տվյալ քաղաքի համալսարանում կամ քոլեջում դասավանդել եմ իրավունքի ամբիոններում, նույն հաջողությամբ աշխատանքի բերումով գալով Արցախի Հանրապետություն 2007թ. սեպտեմբերից դասավանդում եմ Արցախի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, իրավունքի ամբիոնի դասախոս եմ: 2008թ. հունիսի 19-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել եմ վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում: 2002թ. եղել եմ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ամրագրված դատավորների պաշտոնական պիտանելիության ցուցակներում: Դատավոր աշխատելու ընթացքում 2 անգամ անընդմեջ զբաղեցրել եմ արդարադատության խորհրդի անդամի պաշտոնը՝ և փաստաբանական գործունեության ընթացքում, և որպես դատավոր աշխատելու ընթացքում ստացել եմ միայն պարգևներ, այդ թվում նաև պետական պարգև: Երբևիցե կարգապահական վարույթ իմ նկատմամբ չի հարուցվել: 2012 թվականից դատավորների միջազգային միության կին դատավորների լիիրավ անդամ եմ, որի շրջանակներում բազմիցս մասնակցել եմ մի շարք երկրներում կազմակերպվող գիտաժողովներին ու սեմինարներին, որտեղ ներկայացրել եմ նաև Արցախի Հանրապետությունը: Ստեղծել ենք ԼՂՀ դատական իշխանություն դատավորների միության կողմից ամսագիրը, որի խմբագրական կազմում եմ նաև, հիմնադիրը՝ դատավորների միությունը: Եթե հարցեր կան, խնդրեմ: Ամուսնացած եմ, ունեմ դուստր և 4 թոռնիկ:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, եթե հարցեր կա՞ն տիկին Հասմիկ Խաչատրյանին, խնդրեմ: Հայկ Խանումյան:
Հայկ Խնումյան – Տիկին Խաչատրյան, ի՞նչ հիմնական խնդիրներ եք տեսնում դատական համակարգում: Եթե թվարկելու լինենք 3 կետով, ի՞նչ հիմնական 3 կետ դուք կթվարկեք:
Հասմիկ Խաչատրյան – Գիտե՞ք, եթե թվարկեմ դատական համակարգի խնդիրները, ապա առաջինը պետք է ասեմ սոցիալական երաշխիքների և դատարանի շենքի անբարենպաստ վիճակի մասին: Որովհետև յուրաքնաչյուր երկրում լինելով դատարաններում, մասնակցելով այդ ծրագրերին, որ մտնում ենք, ուղղակի պատկառանք ես զգում, բայց եթե դատարանի շենքը մտնում ես, չնայած հնարավորության սահմաններում ձգտում ենք ամեն ինչ կարգավորել, բայց առայժմ մեր շենքային պայմանները այնքան էլ լավը չեն: Օրենսդրությունը դատական իշխանության վերաբերյալ բավականին լավ է, ես կասեի ամբողջովին համապատասխանում է ինչպես դատավորի կարգավիճակի մասին, դատավորի սկզբունքներին, այնպես էլ միջազգային մնացած բոլոր փաստաթղթերին: Առկա խնդիրները եթե վերցնենք, այդպիսին բոլոր համակարգերում, հատկապես՝ դատական իշխանության ցանկացած ճյուղում, նույնիսկ բարձր զարգացում ունեցող Միացյալ Նահանգներում, բավականին շատ են խնդիրները, այդ առումով չեմ բացառում, արդարացնում, որոնք վերաբերվում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի: Կան, բայց ամեն ինչ քայլ առ քայլ հարթվում է: Երբ որ մենք նոր էինք նշանակվել՝ 2008թ. հունիսից, մինչև 2018թ. ունենք զգայական առաջընթաց, դա երևում է և դատական ակտերից, որոնք կարող են յուրաքանչյուրը ծանոթանան, բոլոր ցանկացողների համար, և մեր ամսագրում տպագրված հոդվածներով և դատարանի նախադեպային հոդվածներով:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Ուրիշ հարցե՞ր: Չկան հարցեր: Շնորհակալություն, տիկին Խաչատրյան, կարող եք նստել: Այժմ Կանոնակարգով նախատեսված ընթացակարգով, եթե կա ցանկություն ելույթ ունենալու ներկայացված թեկնածուի մասին՝ ձեր նկատառումները կամ վերաբերմունքը արտահայտելու՝ խնդրեմ, կարող եք գրանցվել: Ելույթներ: Չկան: Ամեն ինչ պարզ է: Մենք երեկ խոսել եք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և տիկին Խաչատրյանն էլ այսօր առավոտյան 2 պատգամավորական խմբակցություններում առանձին հանդիպումներ է ունեցել և, կարծում եմ, այդ հանդիպումները մի քիչ ավելի մեծ հնարավորություններ են տվել ծանոթանալ տիկին Խաչատրյանին, որպես Գերագույն դատարանի դատավորի թեկնածուի: Եթե ամեն ինչ պարզ է, ես հիմա առաջարկում եմ կողմնորոշվել, որովհետև մենք հիմա անցնելու ենք գաղտնի քվեարկության՝ հաշվի առնելով, որ թեկնածությունը նախօրոք ուղարկվել է, շնորհակալություն հայտարարվում է գաղտնի քվեարկություն, Գերագույն դատարանի դատավորի ընտրության հարցով: Շնորհակալություն:
Ընդմիջում: Գաղտնի քվեարկություն:
Հարգելի գործընկերներ, շարունակում ենք լիագումար նիստի աշխատանքները, մենք քիչ առաջ ընդմիջեցինք մեր աշխատանքը իրականացնելով գաղտնի քվեարկություն, ներկայացված Գերագույն դատարանի դատվորի թեկնածության, և, այժմ, գաղտնի քվեարկության արդյունքները հրապարակելու համար, ես ուզում եմ հրավիրել Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի ղեկավար, պատագամավոր Ռոմելա Դադայանին: Խնդրեմ, տիկին Դադայան:
Ռոմելա Դադայան – Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի դատավոր նշանակվելու համար առաջարկվել է Հասմիկ Պարֆիոնի Խաչատրյանի թեկնածությունը: Նրա ազգանունը ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում: Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը հաշվիչ հանձնախումբը պարզեց՝ քավեատուփում առկա է 29 քվաթերթիկ, անվավեր ճանաչված քվեաթերթիկ չունենք, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 27, դեմ՝ 2:
Աշոտ Ղուլյան – Շնորհավորենք տիկին Խաչատրյանին: Շնորհավորում ենք և խորհրդարանի անունից ուզում եմ այս ուղերձը տալ, որ վերջին այս ամիսներին մեր նշանակումները մեր դատական համակարգի համարյա թե բոլոր ատյաններին մենք արդեն անդրադարձել ենք, դրանով մենք ոչ միայն համալրած կլինենք, այլև կամրապնդենք այն դիրքերը, որ դատավորին հնարավորություն է տալիս ինքնուրույն, անաչառ և անկախ դատավարություն իրականացնել հանուն արդարադատության: Հաջողություններ ենք մաղթում և վստահ ենք, որ այդպես էլ կլինի: Շարունակում ենք, մենք անցնում ենք մեր օրակարգի 2-րդ խմբի հարցերին, որոնք օրենսդրական նախաձեռնություններ են և այս ցանկից առաջինը «Հանրային ծառայության» մասին ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն է՝ պատգամավորական նախաձեռնությամբ, այն ներկայացվել է Արսեն Առստամյանի կողմից, խնդրեմ պարոն Առստամյան:
Արսեն Առստամյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, «Հանրային ծառայության» մասին Արցախի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 5–րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետում Ազգային ժողովի նախագահի խորհրդականներն և օգնակաները բառերից հետո ավելացնել Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդականները և օգնականները բառերը: Նպատակը նույն հոդվածի առաջին մասի 15-րդ և 18-րդ կետերի միջև առկա հակասությունը վերացնելն է: Կանոնակարգով սահմանված ժամկետներում առաջարկներ նախագծի վերաբերյալ չեն եղել, այսքանը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցեր ունե՞նք նախագծի հեղինակին: Հարցեր չկան: Եթե հարցեր չկան, մենք, գուցե առաջարկենք 2-րդ նախագիծն էլ ներկայացնի, որովհետև նույն թեմայի մեջ է, մենք, պարզապես ժամանակի առումով ենք տարբերել: Խնդրեմ, 2-րդ նախագիծը, կարդացեք անվանումը:
Արսեն Առստամյան – 2-րդ նախագիծը «Պետական պաշտոներ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Արցախի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություներ կատարելու մասին է: Այն բխում է ներկայացված առաջին նախագծից, նախագծի վերաբերյալ Կառավարության կողմից ստացվել է առաջարկություն և առաջարկվում է 1-ին հոդվածի «Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության խորհրդական Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության» տողերը հանել, առաջարկը ես ընդունում եմ, և մի փոփոխություն էլ իմ կողմից է արվել վերնագրում, և վերնագիրը շարադրվել է այսպես՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: Նշված նախագծերի վերաբերյալ Կառավարության եզրակացության համաձայն, պետական բյուջեի նվազեցում և ավելացում չի նախատեսվում:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցեր կա՞ն 2-րդ նախագծի հետ կապված: Չկան: Շնորհակալություն, պարոն Առստամյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանը:
Հովիկ Ջիվանյան – Ներկայացված օրենքների նախագծերը գլխադասային հանձնաժողովում քննարկվել է, գլխադասային հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և առաջարկում է օրենքների նախագծերը ընդունել որպես օրենքներ: Այսքանը:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Կա՞ն հարցեր գլխադասային հանձնաժողովին: Եզրակացության համար, քննարկումների՞: Չկան: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Եթե կա ցանկություն մտքերի փոխանակություն ծավալելու, քննարկելու այս հարցը, խնդրեմ, բայց մենք արդեն տևական ժամանակ է, որ հարցը գտնվում է շրջանառության մեջ և հանձնաժողովում մենք մանրակրկիտ քննարկել ենք: Կարծես թե բոլոր հարցականները հանվել են: Նաև այն հարցի հաշվառումով, որ այդ թեմաների մի մասը մենք ժամանակավոր լուծում ենք տալիս մինչև վերջնական կարգավորումները: Շատ լավ, եթե չկան, այդ դեպքում ես առաջարկում եմ հիմա անցնենք քվեարկության: Եվ քանի որ առանձին-առանձին է ներկայացվել, ես պարտավոր եմ դրանք առանձին, նույնպես քվեարկության համար, ներկայացնել ձեզ: Ազգային Ժողովի որոշման նախագիծը «Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվերակություն: Կողմ՝ 26, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է: Եվ հաջորդը՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 26, դեմ, ձեռնպահ՝ չկա: Շնորհակալություն: Որոշումներն ընդունված են: Այս երկու նախագծերի մասով մենք նույնպես քննարկումներն ավարտեցինք: Շնորհակալություն: Եվ ես պիտի ներողություն խնդրեմ, պարզապես պիտի հրապարակեմ Գերագույն դատարանի դատավոր նշանակելու մասին Ազգային Ժողովի որոշումը, քանի որ քվեարկության արդյունքները պարզ են, մենք չենք քվեարկելու, պարզապես հրապարակման եմ ներկայացնում: Ազգային Ժողովի որոշումը Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի դատավոր նշանակելու մասին: Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածի առաջին մասով, և Ազգային ժողովի կանոնակարգ Արցախի Հանրապետության օրենքի 125-րդ հոդվածի առաջին մասով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է Հասմիկ Պարֆիոնի Խաչատրյանին նշանակել Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի դատավոր: Այս հարցն էլ մենք փաստորեն սպառեցինք: Հաջորդ մեր օրենսդրական նախաձեռնությունը առևտրա-արդյունաբերական պալատի մասին նոր օրենքի նախագիծն է: Մենք մի քանի օր առաջ հանձնաժողովում քննարկել ենք և այս օրենքի նախագիծը մայր օրենք է, և այն ներկայացնելու համար ես հիմա հրավիրում եմ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ պարոն Տիգրան Թորոսյանին: Խնդրեմ:
Տիգրան Թորոսյան - Հարգարժան Ազգային Ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ: Ձեր քննարկմանն ենք ներկայացնում «Առևտրա-արդյունաբերական պալատի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Սույն օրենքը Արցախում ներկայացվում է առաջին անգամ և նա տարբերվում է Հայաստանի Հանրապետության համանուն օրենքից: Տարբերությունը կայանում է առևտրա-արդյունաբերական պալատի կառուցվածքով: Հայաստանի Հանրապետության համանուն օրենքով սահմանվում է կառուցվածքի երկաստիճան համակարգ՝ մարզային և հանրապետական: Իսկ Արցախի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկում ենք կառուցվածքը սահմանել միասնական համակարգի տեսքով: Օրենքը սահմանում է Արցախի Հանրապետության առևտրական պալատի կազմակերպաիրավական ձևը: Առևտրա-արդյունաբերական պալատի ստեղծման ընդհանուր իրավական հիմքերը կարգավորում է դրա գործունեության հետ կապված հարաբերությունները: Արևտրա-արդյունաբերական պալատ է հանդիսանում սույն օրենքով սահմանված կարգով և կամավոր անդամության հիման վրա գրանցված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ստեղծված իրենց ընդհանրական շահերը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունը: Պալատի ստեղծման և գործունեության հիմնական նպատակն է՝ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում իր անդամների ընդհանուր շահերի և իրավունքների պաշտպանությունը և դրանց ներկայացումը Արցախի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում: Պալատի խնդիրներն են՝ Արցախի Հանրապետության տնտեսական զարգացմանը և այլ միջազգային տնտեսական համակարգին ինտեգրելուն նպաստելը, ձեռնարկատիրական բոլոր ձևերի համակողմանի և ներդաշնակ զարգացման օժանդակելը, օտարերկրյա ձեռնարկատերերի հետ առևտրա-տնտեսական և գիտատեխնիկական կապերի ամրապնդմանն աջակցելը, ձեռնարկատիրական գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը նպաստելը, Արցախի Հանրապետության կողմից սահմանված գերակայություններին համապատասխան, ձեռնարկատիրական գործունեության տարածքային զարգացման նպաստելը, տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև նրանց և պետական մարմինների միջև համագործակցության հաստատումը, Արցախի Հանրապետությունում ձեռնարկատիրական ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման համակարգի կայացման և զարգացմանն աջակցելը, այդ բնագավառում ծրագրերի մշակմանը և իրականացմանը մասնակցելը, անհատ ձեռնարկատերերին, առևտրային կազմակերպություններին, միություններին և ասոցացաներին տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններ մատուցելը, ձեռնարկատիրության տեղեկատվական սպասարկման ենթակառուցվածքների կազմավորմանն աջակցելը, առևտրային կազմակերպությունների, ձեռնարկատերերի միջև ծագած վեճերի կարգավորմանն օժանդակելու, ձեռնարկատիրությանն աջակցող ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը նպաստելը, իր կանոնադրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացմանը: Օրենքը սահմանվում է նաև պալատի ստեղծման, ղեկավարման և կառավարման կարգերը, ինչպես նաև ընթացիկ գործունեության սկզբունքները: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցեր կա՞ն: Խնդրեմ Գեորգի Պետրոսյան:
Գեորգի Պետրոսյան – Պալատը ստեղծվելու է բյուջեի վրա՞:
Տիգրան Թորոսյան - Պալատի ստեղծումը, պետական գրանցում ոչ առևտրային կազմակերպություն է լինելու և բյուջեից ծախսեր չի պահանջվելու:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Ուրի՞շ: Ուրիշ հարցե՞ր: Չկան: Շնորհակալություն պարոն Թորոսյան: Կարող եք նստել: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արպատ Ավանեսյանը:
Արպատ Ավանեսյան – Հարգելի գործընկերներ, ասեմ այս տարիների ընթացքում, երևի թե այն եզակի օրենքի նախագծերից է, որը համակողմանի եփված, սարքված վիճակում հասել է, համենայնդեպս, ինձ: Ձեզ կարող է շատ է հասել: Ասեմ, որ բավական լուրջ քննարկվել է և առաջացած հարցերին նախարար պարոն Գրիգորյանը շատ հիմնովին պատասխանել է, և ես ուզում եմ Գեորգի Պետրոսյանի հարցին պատասխանեմ, որովհետև այդ հարցը ես եմ տվել հենց մեր այդ խորհրդակցության ժամանակ և ստացել եմ պատասխանը հետևյալ ձևով: Քանի որ այդ կազմակերպությունը հասարակական կազմակերպություն է, իսկ և Արցախի Հանրապետությունում, և Հայաստանի Հանրապետությունում, հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման հարցը լուծվում է առանձին ձևով, այսինքն՝ անկախ նրանից, թե ինչ կազմակերպություն է, համամասնական ձևով կառավարության տեսանելիության սահմաններ, միջոցներ տրամադրում է, դրանից զատ բյուջեում էլ ուրիշ ոչ մի բան չի պահանջվում: Հետևաբար, այս կազմակերպության ստեղծումը լրացուցիչ բեռ չի ստեղծելու մեր բյուջեի համար: Ուստի, մեր հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել և որպես մայր օրենք, առաջարկում է առաջին ընթերցմամբ ընդունել:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկա՞ն: Շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Հանգամանալից բացատրեցիք, հարցերը հանելով: Եթե կա ցանկություն արտահայտվելու, մտքերի փոխանակության կարգով, խնդրեմ: Ելույթների՞: Չկան: Հաշվի առնելով, որ հարցը շարունակելու է լինել մեր ուշադրության շրջանակներում և առաջարկվել է, որ առաջին ընթերցում այն անցնի, որից հետո պատգամավորները կանոնակարգի պահանջներին համապատասխան հնարավորություն կունենան նորից անդրադառնալ այս թեմային, ես կարծում եմ, որ մենք ժամանակ կունենանք, եթե պատգամավորները նկատառումներ, առաջարկություններ կունենան, հանգիստ կարող ենք դրանք ներկայացնել և քննարկել: Թեման, իհարկե, կարևոր է, մենք, կարծես թե, վաղուց այդ տնտեսական հարաբերությունների զարգացման հրամայականը հաշվի առնելով, պետք է այդպիսի փորձեր անենք, ուրիշ երկրներում դրանք կան և տեսնենք, որ սպասումները, իհարկե, մեծ են, տեսնենք, ինչքանով կկարողանանք մեր օրենսդրական կարգավորմանը նպաստել: Քանի որ ուրիշ հարցեր չկան, ես հիմա առաջարկում եմ քվեարկել: Քվեարկում ենք Ազգային ժողովի որոշման համար՝ «Առևտրա-արդյունաբերական պալատի մասին» Արցախի Հանրապետության օրենքը առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 24, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ 1: Ես չգիտեմ ի՞նչ եք ասել պարոն Պետրոսյանին, հաստատ հակառակն եք համոզել: Շնորհակալություն: Որոշումն ընդունված է: Եվ առաջին ընթերցմամբ այն արդեն շրջանառության մեջ է շարունակում մնալ, որպեսզի մենք շարունակենք հետագա մեր նաև մասնակցությունն այս օրենքի նախագիծը վերջնական տեսքի բերելու: Մենք, փաստորեն, կառավարության հետ հարց ու պատասխանը սպառեցինք, մնում է միայն մեկ հարց պատգամավորական հայտարարություններին վերաբերող, որպեսզի մենք օրակարգը լրիվությամբ ավարտենք: Խնդրեմ, եթե կան պատգամավորական հայտարարությունների ցանկություն՝ գրանցվում ենք: Հայկ Խանումյան, Դավիթ Իշխանյան, Վարդգես Բաղրյան:
Շատ լավ: Պատգամավորական հայտարարության համար խոսքը տրվում է պատգամավոր Հայկ Խանումյանին, և հետո՝ Դավիթ Իշխանյան ու Վարդգես Բաղրյան:
Հայկ Խանումյան – Ազգային վերածնունդ կուսակցությունը ողջունում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդությունը և հայտնում է իր համերաշխությունը
Ամուր ու ուժեղ հասարակություն ունենալը մեծապես պայմանավորված է քաղաքական համակարգով ու սահմանադրական կարգով: Ինչքան ժողովրդավար, մրցակցային ու մասնակցային է քաղաքական համակարգը, այնքան բարձր է տվյալ հասարակության մեջ արդարության աստիճանը, ինչն էլ բերում է հասարակության մեջ կոնֆլիկտների նվազեցմանը, տնտեսական և հասարակական նախաձեռնողականության բարձրացմանը, որն էլ իր հերթին օգնում է բարեկեցության անընդհատ, շարունակական աճին: Այս ամենն ուղղակիորեն բարձրացնում է տվյալ հասարակության և նրան քաղաքական սահմանների մեջ առած պետության անվտանգության աստիճանը, քանզի բարեկեցիկ, ուժեղ տնտեսությամբ, արդարության բարձր մակարդակով պետություններն առավել կայուն են արտաքին վտանգների և ագրեսիաների դեպքում:
Ժողովրդավարական համակարգերի համար կարևոր սկզբունք է իշխանությունից ժամանակին հեռանալու սկզբունքը, որը Հայաստանի և Արցախի հանրապետություններում ամրագրված էր Սահմանադրությամբ: Այս սկզբունքի անտեսումը, ինչը տեղի ունեցավ Երևանում և Ստեփանակերտում վերջին տարիների ընթացքում, քաղաքական համակարգի համար մահացու հարված է: Հայաստանի և Արցախի հանրապետություններում թիվ մեկ աթոռից չհեռանալու համար սահմանադրական փոփոխությունների ճանապարհն ընտրելը միայն թուլացրել է մեր հասարակությունները և խոցելի դարձրել մեր անվտանգությունը: Նման քայլերը բերում են հասարակության մեջ արդարության զգացման խրոնիկ պակասին, մարդիկ զրկվում են քաղաքական փոփոխությունների ակնկալիքից, ինչն էլ բերում է արտագաղթի, կապիտալի արտահոսքի, հարկերը չվճարելու ցանկության, մի խոսքով՝ հուսալքության: Այս ամենն ուղղակիորեն հարվածում է երկրի անվտանգությանն ու պաշտպանունակությանը:
Այս օրերին Հայաստանում տեղի է ունենում քաղաքացիական անհնազանդություն, հազարավոր մարդիկ բողոքում են Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության դեմ: Ազգային վերածնունդ կուսակցության և անձամբ իմ անունից ողջունում և մեր համերաշխությունն եմ հայտնում իրենց իրավունքների համար ոտքի ելած քաղաքացիներին և փաստում, որ նրանց գործողությունները ուղղված են քաղաքական մենաշնորհի վերացմանը, Հայաստանում արդար հասարակության ստեղծման և, այդպիսով, բոլորիս անվտանգության և պաշտպանունակության բարձրացմանը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հաջորդ հայտարարության համար՝ Դավիթ Իշխանյան: Խնդրեմ:
Դավիթ Իշխանյան – Հարգելի գործընկերներ: Մոտովորապես նույն նյութին պիտի անդրադառնամ: Ընդմիջմանը ինձ տեղեկացրեցին և փոխանցեցին «Ազգային Վերածնունդ» կուսակցության կողմից շրջանառության մեջ դրված հայտարարությունը, որով ողջունվում և համերաշխություն է փոխանցվում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդությանը, որի մասին պարոն Խանումյանը քիչ առաջ ասաց, որ հանում է այդ բաժինը, բայց, ի սկզբանե բարձրաձայնեմ, որ իմ կուսակցության և, նաև իմ անձնական համոզմունքն է, որ բոլոր կուսակցությունները ազատ են իրենց տեսակետներն ու համոզումները ներկայացնելու առումով: Այդ առումով կցանկանայի, որպեսզի այս պատասխանատու ամբիոնից հնչեցված ամեն մի տեսակետ դիտարկվի բազմակողմանիորեն, նամանավանդ՝ մեր պարագայում և ընդհանուր շահերի դիտանկյունից: Անցած օրերին, վստահ եմ, որ չկար հայազգի որևէ անձ, որ իր ուշադրությունը չսևեռեր քաղաքամայր Երևանին և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններին: Որևէ մեկը չէր կարող անտարբեր լինել և մտահոգություններ չունենալ: Սա մեդալի մի կողմն է: Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններին, համոզված ենք, որ շատ լուրջ հետևում են ոչ միայն մեր հարևան, այլ նաև տարածաշրջանում լուրջ շահեր ունեցող երկրները: Սա ևս ընդհանուր գործընթացներին վերաբերվող մեդալի մյուս կողմն է: Բայց կա նաև մեկ այլ կողմ: Դա տարիներ ի վեր, արհեստականորեն շրջանառվող և առիթից առիթ շրջանառության մեջ դրվող Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև սեպ խրելու կամ անդունդ ստեղծելու քաղաքական միտումներն են, որոնք ունեն լուրջ վտանգ և, նաև, հավանական հնարավոր հետևանքներ: Կոչ եմ անում իմ գործընկերներին և համերկրացիներին՝ ցուցաբերել զգուշավորություն, քաղաքական համբերատարություն և զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Իշխանյան: Վարդգես Բաղրյանը հանում է իր հայտարարությունը: Ես ուզում եմ կապված այս թեմայի հետ, մենք միևնույն է առանձին-առանձին, երկուսով, երեքով, խմբերով խոսում ենք, մենք առավոտյան էլ ենք հանդիպել խմբակցության ղեկավարների հետ և, ընդհանուր առմամբ, մեր այդ պայմանավորվածությունը պահպանվել է, բայց թեման նոր չէ, ես վստահ եմ, որ ամեն մեկիս մեջ էլ որոշակի բաներ կան՝ հույզերով, մեր տեսակետներով, գաղափարներով, փորձենք այնպես անել, որ այդ տեսակետները չխանգարեն այս օրերին շատ հրատապ այդ նույն համերաշխությանը, որովհետև դա այսօր, երևի, շատ է հարկավոր և այն, ինչ որ մենք այստեղից հնչեցնում ենք, կարծում եմ, միայն մի նպատակ պիտի հետապնդի՝ հակառակը, ամրապնդել այն համերաշխությունը, կապը, համագործակցությունը, ինտեգրումը, որ մեր 30-ամյա պայքարի ամբողջ այդ հավաքական արդյունքն է և, փորձենք տեղավորվենք Արցախի Հանրապետության պատգամավորի կարգավիճակին հարիր, պարզ է, որ մենք չենք կարող անտարբեր մնալ Հայստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններին, չենք կարող անտեսել, բայց մեր կարգավիճակը հուշում է, որ դա պետք է վերաբերվի Արցախի Հանրապետության իրավաքաղաքական տիրույթին: Այսքանը, շնորհակալություն: Կարծում եմ, մենք շարունակելու ենք մնալ մեր այդ շրջանակներում, շնորհակալություն մեր այսօրվա համատեղ աշխատանքի համար, շնորհակալություն և ցտեսություն: