ԼՈՒՐԵՐ
Արցախում սահմանադրական մշակույթն ու ժողովրդավարական ավանդույթները վեր են ամեն ինչից. ԱԺ նախագահի հարցազրույցը «Ժողովուրդ» օրաթերթին
18 հունիսի 2018

1.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում արտգործնախարարի հետ քննարկել են Արցախի` բանակցային սեղան վերադարձի հարցը: Դուք դա հավանական համարու՞մ եք այս փուլում:  

Ի՞նչ կերպ դա կարող է այս շրջանում իրականանալ` հաշվի առնելով Ադրբեջանի դիմադրությունը: 
ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորություն մոտ ապագայում տեսնու՞մ եք:

Եթե նույնիսկ դա քիչ հավանական է այս փուլում, ապա դեռ չի նշանակում, թե պետք է «քնեցնել» ղարաբաղյան կողմի բանակցություններին մասնակցելու թեման: Հակառակը, հարցը մշտապես ակտիվ ու թարմ պետք է պահել և անընդհատ հիշեցնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ Հաշվի առնելով, որ բանակցային գործընթացը գոնե այս փուլում չունի այն ռեսուրսը, որ կարող է վերադառնալ միջազգային փաստաթղթերով նախանշված լիարժեք ձևաչափ՝ այդուհանդերձ այդ շեշտադրումը պետք է լինի հայկական կողմերի ուշադրության կենտրոնում։

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման հեռանկարին, ապա Ադրբեջանի այսօրվա կոշտ դիմադրության ռազմավարությունը ակնհայտորեն նվազեցնում է մոտ ապագայում լուծման հնարավորությունները: Սակայն աշխարհաքաղաքական իրողություններն ու տարածաշրջանային զարգացումները մեր օրերում ենթարկվում են արագ ու կտրուկ փոփոխությունների, և չի կարելի բացառել, որ միջազգային հարաբերությունների ներկա կառուցակարգի որոշակի տեղաշարժերի դեպքում, Բաքուն կարող է շատ ավելի իրատեսական մոտեցում ցուցաբերել կարգավորման հանդեպ։

2. Ադրբեջանը շփման գծում կրկին զորքեր է կուտակում: Արդյո՞ք սա պատասխանը չէ Հայաստանի արտահայտած այն դիրքորոշման, որ Արցախը պետք է բանակցային սեղան վերադառնա: 

Հավանաբար այդ պատճառն էլ կա, բայց դա չի կարող միակ բացատրությունը լինել։ Ադրբեջանը երբեք չի էլ թաքցրել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր ցանկությունը և ամեն մի առիթ օգտագործել է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ զորքերի ու ռազմական տեխնիկայի կուտակման համար: Այս հանգամանքը բացահայտ մարտահրավեր է, որը պետք է մտահոգի ոչ միայն հայկական կողմերին, այլև համանախագահ երկրներին ու բոլոր այն կառույցներին, որոնք հետաքրքրված են տարածաշրջանային կայունությամբ ու խաղաղությամբ։

3. Արցախում ցույցերն ու դրանցից առաջացած խնդիրները արդյո՞ք հանգուցալուծման հասել են, թե ոչ:

Հունիսի սկզբին Արցախում՝ մասնավորապես Ստեփանակերտում, տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տվել, որ հանրության մեջ կան կուտակված խնդիրներ, և բնական է, որ ժողովրդավարական երկրում մարդիկ այդ մասին կարող են բարձրաձայնել  ցույցերի կամ հավաքների միջոցով։ Իշխանությունների քայլերն առաջին իսկ օրերից ուղղված են եղել երկխոսության միջոցով և օրինականության շրջանակներում լուծելու բարձրացվող հարցերը:

Այս պահի դրությամբ ստեղծված են մի քանի հարթակներ, որտեղ դժգոհություն ունեցող քաղաքացիները կարող են ներկայացնել իրենց հուզող խնդիրները, որոնք ընթացքավորվում են համապատասխան պետական մարմինների կողմից։ Մասնավորապես, Ազգային ժողովում ստեղծված Քննիչ հանձնաժողովն աշխատում է ամենօրյա ռեժիմով և կարծում եմ, առաջիկայում նրանց հավաքած նյութերը թույլ կտան ավելի ճշգրիտ պատկեր ունենալ հանրային հնչեղություն ունեցող հարցերի և դրանց պատճառների վերաբերյալ։

4. Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի առաջադրվի նախագահի պաշտոնում: Ու՞մ եք տեսնում նրա փոխարեն: 

Արցախում սահմանադրական մշակույթն ու ժողովրդավարական ավանդույթները վեր են ամեն ինչից, և այդ արժեհամակարգից շեղում չէր էլ կարող լինել: Մյուս բոլոր ենթադրությունները քաղաքական շահարկումների ոլորտից են:

Անկախության համարյա երեսունամյա տարեգրության մեջ երբեք արցախյան ընտրությունների արդյունքները կանխորոշված չեն եղել, և կարծում եմ, որ բոլորիս խնդիրը 2020թ. մրցակցային և թափանցիկ ընտրությունների ապահովումն է։ Թե ո՞վ կլինի այդ պայմաններում ընտրված նախագահը, որոշողը ժողովուրդն է։

5. ՀՀ նախկին իշխանությունների, մասնավորապես` երեք նախագահների հետ կապ պահու՞մ եք, թե՝ ոչ:

Արցախի իշխանությունների կողմից միշտ էլ առանձնակի հարգանք է դրսևորվել ՀՀ թե՛ նախկին, թե՛ գործող իշխանությունների հանդեպ։ Վստահ եմ՝ այդ հարգանքը փոխադարձ է։

Զրույցը վարել է Մերի Մարտիրոսյանը

ԼՈՒՐԵՐ