11 հունիսի 2018
11 հունիսի 2018
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը հունիսի 11-ին ընդունել է Ռումինիայում տպագրվող «Արարատ» հանդեսի խմբագիր Էդուարդ Անտոնյանին:
Ողջունելով հյուրին՝ Վահրամ Բալայանը անդրադարձ է կատարել Հայրենիք-Սփյուռք կապին, այդ համատեքստում ընդգծելով Սփյուռքի հայրենակիցների ազգանպաստ գործունեության կարևորությունը: Խորհրդարանի փոխնախագահը նաև խոսել է այս տարիների ընթացքում ստեղծված խորհրդարանական կապերի մասին՝ մասնավորապես անդրադառնալով բարեկամության խմբերի և շրջանակների դերին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդուարդ Անտոնյանը խորհրդարանի փոխնախագահին է ներկայացրել Ռումինահայոց միության կողմից տարվող աշխատանքները՝ կարևորելով Արցախի հանրահռչակմանն ուղղված միջոցառումները: «Արարատ» հանդեսի խմբագիրը նաև խոսել է Ռումինիայի խորհրդարանում հայազգի պատգամավորների ներգրավվածության և դերակատարության մասին:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են Ռումինիայում Արցախի վերաբերյալ լոբբիստական աշխատանքների իրականացումը և խորհրդարանական մակարդակով համագործակցության հեռանկարները: