ԼՈՒՐԵՐ
Խորհրդարանում ստեղծված Քննիչ հանձնաժողովի անդամները հանդիպել են հանրային խորհրդի նախաձեռնող խմբի անդամներին
07 հունիսի 2018

 

Հունիսի 7-ին Աժ քննիչ հանձնաժողովի անդամներն ընդունել են հանրային խորհրդի ներկայացուցիչներ Դավիթ Սիմոնյանին, Կարեն Սիմոնյանին, Սերգեյ Ղազարյանին, Արմինե Պետրոսյանին, Վրեժ Ասմարյանին և Հովհաննես Ասմարյանին:

Շնորհակալություն հայտնելով ԱԺ պատգամավորներին ստեղծված իրավիճակին արագ արձագանքելու և աջակցելու համար՝ հանրային խորհրդի նախաձեռնող խմբի անդամները ներկայացրել են այս օրերին կատարած աշխատանքը և քաղաքացիներից ստացված դիմումների ոլորտային ուղղվածությունները: Նրանք նշել են նաև, որ հունիսի 5-ին ձևավորված խորհուրդն առ այսօր ստացել է 675 դիմում, որոնց թվում՝ հանրային հնչեղության հարցեր չպարունակող նամակներ:

Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների անունից ակտիվ համագործակցության և հանրային հնչեղություն ստացած հարցերը հնարավորինս սեղմ ժամկետներում ընթացքավորելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախաձեռնող խմբին իրավական կարգավիճակ տրամադրելու, աշխատանքները կանոնակարգելու, քննիչ հանձնաժողովի հետ կապերը համակարգելու և այլ հարցեր:

*ԱԺ Կանոնակարգ ԱՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների պահանջով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 2-ին հայտարարել է խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին, որը կուսումնասիրի հանրային հնչեղություն ստացած հարցերը:

Հունիսի 4-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է քննիչ հանձնաժողովի հետևյալ կազմը՝

Էդուարդ Աղաբեկյան՝ հանձնաժողովի նախագահ, «Շարժում-88» խմբակցություն

Ռամելա Դադայան՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Հայրենիք» խմբակցություն

Արամ Գրիգորյան` «Հայրենիք» խմբակցություն

Ալյոշա Գաբրիելյան` «Դաշնակցություն» խմբակցություն

Դավիթ Մելքումյան` «Ժողովրդավարություն» խմբակցություն

Հայկ Խանումյան«Վերածնունդ» խմբակցություն:

 

 

ԼՈՒՐԵՐ