04 հունիսի 2018
04 հունիսի 2018
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ
(4-ը հունիսի, 2018թ.)
ՄՈՒՏՔԻ ԽՈՍՔ
Հարգելի՛ գործընկերներ,
Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու այսօրվա նախաձեռնությունը պատգամավորներին է:
Մինչ նախաձեռնողների առաջարկած օրակարգին անցնելը ցանկանում եմ անդրադառնալ ս.թ. հունիսի 1-ին Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի ու դրան հետևած զարգացումներին: Կարծում եմ, որ երկար նախապատմության կարիք չկա. խորհրդարանի բոլոր խմբակցությունները այս օրերին ներգարավված են եղել խնդրի կարգավորման և համերաշխության մթնոլորտի վերականգնման քայլերին՝ ինչպես հավաքների մասնակիցների հետ հանդիպումներին, այնպես էլ Հանրապետության նախագահի մոտ բազմաթիվ խորհրդակցություններին, քննարկումներին մասնակցելու կտրվածքով: Տեղին եմ համարում բոլորիս անունից մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել գործադրած ջանքերի և պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամության համար՝ Հայկ Խանումյանին, Դավիթ Մելքումյանին, Լեռնիկ Հովհաննիսյանին, Ռուդիկ Հյուսնունցին և Էդուարդ Աղաբեկյանին:
Ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմ, արցախյան հասարակությունը ևս ապրում ու գործում է՝ ունենալով տարբեր հարցերի շուրջ մտահոգություններ ու դժգոհություններ: Պետության կայացվածության մասին է խոսում բարձրացված հարցերին օրենքի շրջանակներում ճիշտ ու արդարացի լուծումներ տալու պատասխանատու պետական կառույցների կարողությունը, ինչն էլ մեր բոլորի ուշադրության կենտրոնում է եղել:
Հասարակությանը մտահոգող հարցերի քննարկման նպատակով անհրաժեշտ հարթակ ապահովելու համար խորհրդարանում պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 2-ին իրավունքի ուժով ստեղծվել է Քննիչ հանձնաժողով, որը ուսումնասիրելու է վերջին օրերին հանրային հնչեղություն ստացած հարցերը:
Նկատի ունենալով թեմայի հրատապությունը և մեր հասարակության հետաքրքրությունը՝ պատգամավորների նախաձեռնող խմբի առաջարկով նիստի օրակարգում ընդգրկվել է ոչ միայն քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը, այլ նաև 2018 թվականի հունիսի 1-ին ք. Ստեփանակերտւմ տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստեղծված իրավիճակի մասին քննարկումը:
Այսքանն է այսօրվա արտահերթ նիստը գումարելու հիմքը և ես խնդրում եմ պատգամավորներին գրանցվել.