30 մայիսի 2018
Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում մայիսի 30-ին տեղի է ունեցել «Ազգային ժողովի գավաթ»-ի հերթական խաղարկության եզրափակիչ փուլի բացման արարողությունը, որին ներկա էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, պատգամավորներ ու ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:
Եզրափակիչ փուլին մասնակցում է թեթև աթլետիկա մարզաձևից լավագույն արդյունքները ցուցաբերած 8 թիմ` Ստեփանակերտից և շրջաններից:
Ողջունելով մարզիկներին` ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ուսումնական տարվա ավարտի և ընթացիկ տարվա գլխավոր քաղաքական տոների՝ Ղարաբաղյան շարժման 30 ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության 100 ամյակի կապակցությամբ:
«ԱՀ ԱԺ գավաթի մրցաշարը լավ հնարավորություն է ցուցաբերելու ձեր ուժերը, ֆիզիկական պատրաստվածությունը և հաջողության հասնելու կամքը, ուստի` մաղթում եմ, որ հաղթի արժանավորը»,- ընդգծել է ԱԺ նախագահը:
ԱԺ գավաթի համար պայքարը կընթանա երկու օր: Վաղը նախատեսվում է խաղարկության փակման արարողությունը: