ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանն ընդունել է «Բուլլուքյան» հիմնադրամի ներկայացուցիչներին
04 մայիսի 2018

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 4-ին ընդունել է Արցախ ժամանած «Լեա և Նապոլեոն Բուլլուքյան» հիմնադրամի նախագահ Ժան-Պիեռ Կլավերանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է հիմնադրամի՝ Արցախի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունը և հույս հայտնել, որ այցի ընթացքում հավաքագրված դիտարկումների արդյունքում մոտ ապագայում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններ կստեղծվեն:

Շնորհակալություն հայտնելով ընդունելությնան համար՝ հիմնադրամի նախագահ Ժան-Պիեռ Կլավերանը խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել  1993թ.ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում հիմնադրված «Լեա և Նապոլեոն Բուլլուքյան» հիմնադրամի նպատակները, որոնք հիմնականում ուղղված են առողջապահության՝ մասնավորապես քաղցկեղի հետազոտմանը, մշակույթի և երիտասարդ արվեստագետների աջակցությանը և համերաշխության հաստատմանը:

Աշոտ Ղուլյանը հյուրերին է ներկայացրել Արցախում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերի հիմնական ուղղությունները, մասնավորապես անդրադառնալով՝ «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի գործունեությանը, Ստեփանակերտի «Պոլ Էլյուար» ֆրանսախոսության կենտրոնի դերին, երկու երկրների քաղաքների միջև ձևավորվող ապակենտրոն համագործակցությանը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Արցախի առողջապահության ոլորտի, մասնագետների վերապատրաստման և փոխգործակցության այլ ուղղությունների հեռանկարների վերաբերյալ:

ԼՈՒՐԵՐ