ԼՈՒՐԵՐ
Արցախի խորհրդարանի նախագահի այցը Սարսել
06 ապրիլի 2018

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այցելել է Սարսել քաղաք։

Խորհրդարանի ղեկավարի պատվին պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Սարսելի քաղաքապետարանում, որին մասնակցել են քաղաքապետ Անի Պերոննեն, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին, Սարսելի և շրջակա բնակավայրերի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես են եկել քաղաքապետը և պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին։ Նրանք ընդգծել են, որ Արցախի ժողովրդից շատ բան կարելի է սովորել. դժվարին պայմաններում վերջիններս շարունակում են մաքառել՝ ապագա սերնդի համար ոչինչ չխնայելով և դա արժանի է ընդօրինակման։

Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և անկեղծ մաղթանքների համար՝ շեշտելով, որ արցախցիների համար ազատության ֆրանսիական ուղին լավագույն օրինակներից մեկն է։

Այնուհետև, խորհրդարանի նախագահը և պատվիրակությունը մասնակցել են ֆրանսիացի  լուսանկարիչ Իվան Թրավերի «Արցախ. մի երկրի ոգին» խորագրով ցուցահանդեսի բացմանը, որը կազմակերպվել էր «Ֆրանսիայում Արցախի օրեր»  ծրագրի շրջանակներում։

2015 թ. մայիսի 20-ին Ֆրանսիայի Սարսել և Արցախի Մարտակերտ քաղաքների միջև ստորագրվել էր Բարեկամության հռչակագիր

ԼՈՒՐԵՐ