ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանի ողջույնի խոսքը «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամների հետ հանդիպմանը
06 ապրիլի 2018

Հարգարժան գործընկերներ,
Թանկագին բարեկամներ,

Ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար: Ինձ համար հաճելի է գտնվել Արցախի բարեկամների շրջապատում և ողջունել բոլորիդ մեր ժողովրդի ու իշխանությունների անունից:

Ֆրանսիան այն եզակի երկրներից է, որտեղ վերադառնալը ոչ միայն հաճույք է, այլ նաև ոգեշնչման և ընդօրինակման աղբյուր: Իսկ ընդօրինակելու շատ բան կա. քաղաքական ու իրավական մշակույթ,  համամարդկային արժեքներ, արվեստ, մշակույթ… ցանկը կարելի է անվերջ շարունակել:

Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Ֆրանսիայի հետ կապերի ընդլայնումն ու զարգացումը իր հիմնավոր տեղն ունի Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում, իսկ ֆրանսիացի խորհրդարանականների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումները թե՛ Ստեփանակերտում, թե՛ այստեղ՝ Փարիզում հնարավորություն են ոչ միայն երկուստեք հետաքրքրող հարցերի քննարկման, այլև օրենսդրական ու խորհրդարանական փորձի փոխանակման տեսանկյունից: Այս առումով մենք կարևորում ու բարձր ենք գնահատում «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի գործունեությունը, որը մեզ համար յուրօրինակ պատուհան է դեպի Ֆրանսիա, իսկ Ֆրանսիայի միջոցով՝ նաև դեպի Եվրոպա։

Այս տարվա փետրվարին լրացավ ազատության համար մեր պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձը։ Անցած բոլոր տարիներին, աշխարհասփյուռ մեր հայրենակիցների աջակցությանը զուգահեռ, մենք զգացել ու շարունակում ենք զգալ արտերկրի քաղաքական ու հանրային գործիչների, օրենսդիրների, լրագրողների և, առհասարակ, բոլոր այն մարդկանց աջակցությունը, ում համար ազատությունը, մարդու ու ժողովուրդների հիմնարար իրավունքները բացարձակ արժեքներ են և ում կողմից ընկալելի է այդ նույն արժեքների համար Արցախի ժողովրդի պայքարը։ Ոչ ոք և ոչինչ չի կարող ստիպել մի ողջ ժողովրդի հետ կանգնել ազատության համար պայքարի ճանապարհից, որի զգալի ու դժվարին հատվածը նա արդեն անցել է. նկատի ունեմ պարտադրված պատերազմը և անկախ պետության ինստիտուցիոնալ կայացումը:

Հարգելի գործընկերներ,

Եվրոպական քաղաքակրթական կոնցեպտը կարևոր դերակատարում ունի փոքր երկրների համար, ովքեր պետականության ողջ հայեցակարգը կառուցում են ազատության արժեքի շուրջ: Արցախի դեպքում, պետք է ընդգծեմ, որ դրանք միայն տեսություն չեն։ Մեզ համար պակաս կարևոր չէ նաև երկրի ներսում քաղաքացիների իրավունքների պաշտպանության, նրանց բարեկեցության բարձրացման ուղղությամբ ստանձնած հանձնառություններն իրագործելու կամքը։ Իհարկե, մեր դեպքում դա ուղեկցվում է անվտանգության արտաքին մարտահրավերների, մասնավորապես Ադրբեջանից եկող մշտական սպառնալիքների դիմակայման ու հաղթահարման գործընթացներով, բայց մենք վճռական ենք իրավական պետություն կառուցելու մեր նպատակում։

Մեկ տարի առաջ նոր Սահմանադրության ընդունմամբ հսկայական մի գործընթաց ենք սկսել թե՛ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների ընդլայնման, դրանց սահմանադրական երաշխիքների ապահովման, թե՛ իշխանության ճյուղերի միջև հավասարակշռման և զսպման մեխանիզմների կատարելագործման տեսանկյունից։

Պետք է նշեմ նաև, որ միջազգային ճանաչման ժամանակավոր բացակայությունը մեզ համար խոչընդոտ չէ նույն միջազգային հանրության կողմից հանրահռչակած ու ընդունված նորմերի շրջանակներում գործելու համար։ Եվ սա պարզապես խոսքեր չեն։ Մենք միակողմանիորեն վավերացրել կամ միացել ենք մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մեկ տասնյակից ավելի միջազգային դաշնագրերի ու պայմանագրերի։ Արցախը պատրաստ է միջազգային համագործակցության և վերջին տարիներին արձանագրված խորհրդարանական, ապակենտրոնացված, մշակութային և հումանիտար բնույթի կապերի ու հարաբերությունների բազմաթիվ օրինակները դրա լավագույն հաստատումներն են։ Չեմ կարող չնշել, որ այդ օրինակների մի զգալի հատվածի հասցեատերը հենց Ֆրանսիան է, դուք էլ այդ շնորհակալ գործի նախաձեռնողներն եք։

Բարեկամներ,

Ժողովուրդների մեծությունը որոշվում է ոչ միայն ավանդական չափորոշիչներով՝ բանակ, տնտեսություն, այլ նաև նրանց ստեղծած կամ դավանած քաղաքակրթական արժեքներով: Քաղաքակրթական մշակույթ թելադրող ժողովրդի կոչումներից մեկն էլ թերևս այդ նույն արժեքներով ապրող միավորների մասին բարձրաձայնելու, նրանց ձայնը լսելի դարձնելու հանձնառությունն է։

Այս առումով, թույլ տվեք Արցախի ժողովրդի անկեղծ երախտագիտությունը փոխանցել ձեզ՝ Ֆրանսիայում, Եվրոպայում իր ձայնը լսելի դարձնելու հետևողական ջանքերի և ցուցաբերած բարոյական աջակցության համար, ինչը հերթական անգամ հաստատում է ազատության, հավասարության ու եղբայրության ֆրանսիական արժեքների հավերժությունն ու արդիականությունը մեր օրերի համար:

Շնորհակալություն։

ԼՈՒՐԵՐ