ԼՈՒՐԵՐ
Արցախի խորհրդարանականների աշխատանքային այցը Լիբանանի Հանրապետություն և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
06 ապրիլի 2018

Մարտի 21-23-ը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը գտնվում էր Լիբանանում։ Բեյրութում նա մասնակցել է Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսին, որտեղ հանդես է եկել «Պետականության վերակերտումը Արցախում (1917թ. դեկտեմբեր-1918թ հուլիս)» թեմայով գիտական զեկույցով:

Այնուհետև, մարտի 27-31 Արցախի խորհրդարանի փոխնախագահը ԱԺ պատգամավոր Գագիկ Պետրոսյանի հետ մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (ԳԴՀ) կազմակերպված մի շարք միջոցառումների ու հանդիպումների:

Մասնավորապես, մարտի 27-ին ԱԺ փոխնախագահը Շտուտգարտում հանդիպել է Բադեն Վյուրտենբերգ երկրամասի խորհրդարանի պատգամավորներ Լարս Պատրիկ Բերգի և Դանիել Ռոտմանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախի խորհրդարանի և երկրամասի օրենսդիր մարմնի փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր, ինչպես նաև արծարծվել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ: Հանդիպմանը մասնակցել է Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:

Մարտի 29-ին Բեռլինում՝ Բունդեսթագում (ԳԴՀ խորհրդարան) ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պատգամավոր Գագիկ Պետրոսյանը և Գերմանիայում Արցախի մշտական ներկայացուցիչը հանդիպել են Բունդեսթագի և Բրանդենբուրգ երկրամասի պատգամավորներ Շտեֆեն Կոտրեի, Անդրեաս Կալբիցի և Անդրեաս Գալաուի հետ: Կողմերը քննարկել են խորհրդարանական դիվանագիտության հնարավոր ուղիների և համատեղ փոխգործակցության մասին հարցեր:

Շարունակելով աշխատանքային հանդիպումները ԳԴՀ-ում՝ մարտի 30-ին Արցախի խորհրդարանականներն այցելել են Բեռլինում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն և հանդիպել դեսպան Աշոտ Սմբատյանին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի, տարածաշրջանային մարտահրավերների, Արցախի տնտեսության և մշակութային ծրագրերի վերաբերյալ:

Նոյենկիրխեն բնակավայրում մարտի 31-ին Վահրամ Բալայանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի պատգամավոր Վալդեմար Հերդթի հետ: Խորհրդարանականները քննարկել են համագործակցելու հնարավոր տարբերակներն ու միջազգային կառույցներում Արցախի մասին իրազեկման միջոցառումներ կազմակերպելու հեռանկարները:

Աշխատանքային այցի վերջին օրը պատգամավորները մասնակցել են Քյոլնում հայ համայնքի կազմակերպած՝ Արցախի ազատագրական շարժման 30 ամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ ԱԺ փոխնախագահը համայնքին է հանձնել Ղարաբաղյան շարժման 30 ամյակի հուշամեդալը:

ԼՈՒՐԵՐ