ԼՈՒՐԵՐ
Բարեկամության հռչակագիր Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ և Արցախի Մարտունի քաղաքների միջև
04 ապրիլի 2018

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ ապրիլի 3-ին այցելել է Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ քաղաք և հանդիպել քաղաքապետ Նատալի Նիեզոնի հետ։

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, այդ ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունների վերաբերյալ, որից հետո պատվիրակությունը քաղաքապետ Նիեզոնի ուղեկցությամբ շրջայց է կատարել Բուրգ դե Պեաժում։

Այնուհետև քաղաքապետարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ և Արցախի Մարտունի քաղաքների միջև Բարեկամության հռչակագրի ստորագրման պաշտոնական արարողությունը։ Հռչակագիրը ստորագրել են Մարտունու և Բուրգ դե Պեաժի քաղաքապետներ Մհեր Խաչատրյանն ու Նատալի Նիեզոնը։  

Արարողությանը ներկա էին Ֆրանսիայի Սենատի անդամ Դիդյե Գիոնը, Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոսի տեղակալ Գայանե Մանուկյանը, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Օրվա ավարտին պատվիրակությունը Բուրգ դե Պեաժում մասնակցել է «Արցախի ձայներ» խմբի համերգին։

Աշոտ Ղուլյանի ղեկավարած պատվիրակության կազմում են խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը և Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

ԼՈՒՐԵՐ