ԼՈՒՐԵՐ
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի խոսքը ՀՀ խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը
05 փետրվարի 2018

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
հարգարժան գործընկերներ,
Հարգելի պատգամավորներ,
Ներկաներ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական կազմի և աշխատակազմի անունից ողջունում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամներին` հերթական անգամ Արցախ այցելելու և խորհրդարանում հյուրընկալվելու առիթով:

Արցախի օրենսդիր մարմնի 26-ամյա գործունեության մեջ արտաքին հարաբերությունների զարգացման առումով կարևորագույն և հիմնական տեղ ունեն Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ տարեցտարի կատարելագործվող հարաբերությունները, հանձնաժողովային պարբերական հանդիպումներն ու համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերը:

Անդրադառնալով նախորդ տարվա մեր համատեղ աշխատանքներին` ուզում եմ առանձնացնել Հայաստանի 6-րդ գումարման խորհրդարանի ընտրություններից անմիջապես հետո՝ հունիսի 15-ին, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության այցը Արցախ, նույն օրերի ընթացքում մեր քաղաքական դաշտը ներկայացնող կուսակցությունների երրորդ համաժողովը, հուլիսին (ինչպես հիմա) Հանրապետական կուսակցություն խմբակցության ղեկավար պարոն Վահրամ Բաղդասարյանի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարներից կազմված պատվիրակության, իսկ հաջորդ ամիսներին՝ առանձին պատգամավորների այցերն ու նոյեմբերին Երևանում կայացած ԱՀ-ՀՀ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը: Ընդհանուր առմամբ, 2017 թվականին ունեցել ենք շփումների և փոխգործակցության հագեցած օրակարգ, ինչը հնարավորություն է տվել մեզ համատեղ ջանքերով տարբեր երկրների խորհրդարանների հետ ակտիվ աշխատանքներ տանել ադրբեջանաղարաբաղյան հիմնախնդրի պարզաբանման և Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ: Վստահ եմ, որ սկսված նոր՝ 2018 թվականին ևս շարունակելու ենք գործել նույն եռանդով՝ օգտագործելով մեր հաջողված փորձը խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները ընդլայնելու համար:

2018 թվականին մենք տոնում ենք արցախյան ազգային ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձը, և ուրախությամբ պետք է փաստենք, որ ինչպես 30 տարի առաջ, այնպես էլ այսօր մայր Հայաստանի մեր քույրերն ու եղբայրները, ովքեր ներկայացնում են հայաստանյան քաղաքական դաշտը և հանրության տարբեր խմբեր, մեզ հետ են՝ Արցախում:

 

Հարգելի գործընկերներ,

Օրեր հետո մեկնարկելու է Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանը, որի օրակարգում ունենալու ենք օրենսդրական նախաձեռնություններ, որոնց մի մասը բխում է նոր Սահմանադրութամբ նախատեսված՝ երկրի օրենդրությունը մայր օրենքին համապատասխանեցնելու պահանջից, մի մասն էլ երկրի կենսագործունեության  տարբեր ոլորտները կարգավորող օրենքների նախագծերն են:

Այս համատեքստում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական կառավարման տարբեր ոլորտներում Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը ունեն օրենդրական համանման և ներդաշնակ գործող կարգավորումներ, ինչպես նաև համընդհանուր խնդիրներ ու մարտահրավերներ՝ անչափ կարևոր է հայաստանյան գործընկերների հետ պարբերական շփումներն ու խորհրդատվությունները, տարբեր օրինագծերի շուրջ մտքերի փոխանակությունը և փորձի փոխանակումը:

Այսօր, նման ձևաչափով հանդիպմանը հետևելու են նաև հանձնաժողովային առանձին քննարկումներ, որոնք, անշուշտ ավելի լայն հնարավորություն են տալիս օրակարգում եղած հարցերը մանրամասն դիտարկելու և ուղենշելու հետագա անելիքները:

Վստահ եմ, ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, այսօր էլ մեզ հաջողվելու է կազմակերպել կառուցողական և օգտակար քննարկումներ՝ փոխանակվելով տեսակետներով ու նոր գաղափարներով և համադրելով տարբեր հարցերի շուրջ մեր մոտեցումները:

Կրկին ողջունում եմ ՀՀ մեր գործընկերներին և բոլորիս մաղթում արդյունավետ աշխատանքներ:

ԼՈՒՐԵՐ