ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետությունում են Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավորները
03 փետրվարի 2018

Փետրվարի 2-4-ը աշխատանքային այցով Արցախում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների պատվիրակությունը:

Այցի ծրագրի շրջանակում փետրվարի 3-ի վաղ առավոտյան ՀՀ ԱԺ պատգամավորները ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների շիրիմներին: Այնուհետև ԱԺ նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել երկու հանրապետությունների խորհրդարանականների ընդլայնված կազմով հանդիպումը:

Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Արցախի խորհրդարանի համար առանցքային է համարել Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ տարեցտարի կատարելագործվող հարաբերությունները, հանձնաժողովային պարբերական հանդիպումներն ու համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերը: Այդ համատեքստում ԱԺ նախագահը ներկայացրել է 2017թ-ին երկու խորհրդարանների շփումները, որոնք հիմնականում ուղղված են եղել տարբեր երկրների խորհրդարանների հետ ակտիվ աշխատանքների կազմակերպման նպատակին՝ ղարաբաղյան հիմնախնդրի էության պարզաբանմանը ու Արցախի միջազգային ճանաչմանը:

«Վստահ եմ, որ սկսված 2018 թվականին ևս շարունակելու ենք գործել նույն եռանդով՝ օգտագործելով մեր հաջողված փորձը՝ խորհրդարանական դիվանագիտության հնարավորություններն ընդլայնելու համար»,-նշել է Աշոտ Ղուլյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀԿ խմբակցության  ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ընդգծել է, որ այսուհետ ևս պետք է աշխատեն երկու հանրապետությունների խորհրդարանների միջև կապերի ակտիվացման և ոլորտային հարցերի քննարկման ուղղությամբ: Այնուհետև ՀՀԿ խմբակցության ղեկավարը ներկայացրել է Ղարաբաղյան շարժման 30 ամյակի կապակցությամբ, միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգևատրելու մասին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությունը:

Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները և խմբակցությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրել են մի շարք ոլորտային հարցերի շուրջ Հայաստանի խորհրդարանում ընթացող քննարկումների մասին տեղեկատվություն, որոնց մի մասը օրվա երկրորդ կեսին նախատեսում են քննարկել ԱՀ գործընկերների հետ համապատասխան հանձնաժողովներում:

Աշխատանքային այցի առաջին օրը ՀՀ պատգամավորներն այցելել են Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Այցի ծրագրով նախատեսված են նաև պատվիրակության անդամների հանդիպումները Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, պետական նախարար Արայիկ Հարությունյանի և պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ:

ԼՈՒՐԵՐ