Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-43 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի`
1) 1-ին կետի «գ» ենթակետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետ.
«դ. իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ֆիզիկական անձի կողմից շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց)) ներդրումը, եթե այդ ներդրմանը համապատասխանող՝ ֆիզիկական անձին պատկանող բաժնեմասը մինչև ներդրումը կատարելու պահին հաջորդող երեք տարին լրանալը օտարվել է այլ անձի:».
2) 2-րդ կետը «վարձակալությունը» բառից հետո լրացնել «(բացառությամբ ապրանքի ֆինանսական վարձակալության (լիզինգի) այն դեպքերի, երբ վարձակալության պայմանագրով նախատեսվում է ապրանքի սեփականության իրավունքի փոխանցում վարձակալին)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում անձին պատկանող բաժնեմասի կամ փայի նկատմամբ սեփականության իրավունքի` այլ անձի օտարումը, ինչպես նաև ապապետականացման գործարքները.».
2) 9.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ կետ.
«9.2) պետության կամ համայնքի կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում գույքի ներդրումը.»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում`
1) 1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տարայավորված ապրանքի մատակարարման դեպքում տարայի արժեքը ներառվում է ԱԱՀ-ով հարկվող շրջանառության մեջ՝ անկախ ապրանքի մատակարարման պայմանագրով տարայի վերադարձ նախատեսված լինելու հանգամանքից.».
2) 4-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Սույն կետով սահմանված դեպքում պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող Արցախի Հանրապետության անձն ազատվում է ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունից, եթե ապրանքի ներմուծման փաստաթղթերով (այդ թվում՝ ներմուծման հարկային հայտարարագրով կամ ներմուծման մաքսային հայտարարագրով) հիմնավորվում է, որ ներմուծումը կատարվել է Արցախի Հանրապետության անձի անունով՝ անկախ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքն Արցախի Հանրապետության տարածքում փոխանցվելու հանգամանքից.».
3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) եթե Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ապրանքատեսակների մատակարարման գործարքների մասով մատակարարված ապրանքի դիմաց հատուցման ենթակա գումարը կնքված պայմանագրի համաձայն ենթակա է ճշտման` ճշգրտվող տվյալների (ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա, ապրանքն ստանալուց կամ դրա վերամշակումն ավարտելուց հետո, ապա մատակարարված ապրանքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է օտարերկրյա բորսայի կամ հանդեսի կողմից հրապարակվող տվյալներով որոշվող` ապրանքի միավորի հաշվարկային գնի և տվյալ ապրանքի մատակարարման պայմանագրով նախատեսվող ճշգրտվող տվյալների (մասնավորապես` ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա (անկախ վերջնահաշվարկի արդյունքում վճարման ենթակա հատուցման գումարից):
Սույն կետի կիրառման առումով`
ա. հարկվող շրջանառության որոշման նպատակով ճշգրտվող տվյալները, դրանց ճշգրտման առավելագույն սահմանները, ինչպես նաև ապրանքի միավորի հաշվարկային գնի որոշման կարգը (ներառյալ` հաշվարկային գնի որոշման պարբերականությունը) սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը.
բ. ապրանքի մատակարարման գործարքների դեպքում ապրանքի մատակարարման դիմաց հատուցման ենթակա գումարի (առանց ԱԱՀ-ի) ավելացումը կամ պակասեցումը ներառվում է ապրանքի մատակարարման դիմաց հատուցման ենթակա վերջնական գումարը հայտնի դառնալու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկում՝ որպես ԱԱՀ-ով հարկվող շրջանառության ավելացում կամ պակասեցում.».
4) 10-րդ կետի`
ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար գույքահարկով և հողի հարկով հարկման բազայի (հարկվող օբյեկտի) չափով, բացառությամբ սույն կետով սահմանված դեպքի: Սույն պարբերության դրույթները չեն կիրառվում, եթե սույն պարբերությամբ սահմանված գույքային միավորների օտարման գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով):»,
բ. երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
5) 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետ.
«10.1) շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար գույքահարկով և հողի հարկով հարկման բազայի (հարկվող օբյեկտի), իսկ դրա բացակայության դեպքում` գույքահարկով և հողի հարկով հարկման տվյալ օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող հարկման բազայի (հարկվող օբյեկտի) հինգ տոկոսի չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ մեծությունը, ըստ ԱԱՀ-ի ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների, բաշխվում է հավասարաչափ:
ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սույն կետով սահմանված գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու և (կամ) այդ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը դադարեցվելու դեպքում այդ հաշվետու ժամանակաշրջանում նշված գործարքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է որպես սույն կետի առաջին պարբերությամբ որոշված հարկվող շրջանառության և հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու օրերի՝ ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանում ներառվող օրերի մեջ ունեցած տեսակարար կշռի արտադրյալ:
Սույն կետի դրույթները չեն կիրառվում, եթե սույն կետով սահմանված գույքային միավորների վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով).».
6) 11-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետ.
«12) եթե ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին, ապա ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, իսկ եթե ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին, ապա ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում ֆինանսական վարձակալությունից ստացման ենթակա տոկոսագումարը:»:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի`
1) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ապրանքների ու ծառայությունների լրիվ արժեքով հատուցման գումարի մեջ (ներառյալ 20 տոկոս դրույքաչափը) ԱԱՀ-ի գումարը որոշվում է 16,67 տոկոս հաշվարկային դրույքաչափով, եթե՝
1) ԱԱՀ վճարողը սույն օրենքի պահանջների խախտմամբ, իրեն չի համարել ԱԱՀ վճարող.
2) ԱԱՀ վճարող համարվող անձը ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա՝ ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ համարվող գործարքների գծով դուրս գրված հաշվարկային փաստաթղթում առանձին տողով չի նշել ԱԱՀ-ի դրույքաչափն ու գումարը.
3) ԱԱՀ վճարող համարվող անձը ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա՝ ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ համարվող գործարքների գծով հաշվարկային փաստաթուղթ դուրս չի գրել:».
2) երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի`
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) հանրակրթական ուսումնական հաստատությունների, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչական, արվեստի և գեղարվեստի ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների, արհեստագործական ուսումնարանների, որակավորման և վերաորակավորման, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսուցման ծառայությունների մատուցումը: Սույն կետում նշված հասկացությունները կիրառվում են «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում նույն հասկացությունների կիրառության իմաստով ու նշանակությամբ.».
2) 6-րդ կետում «թունաքիմիկատների,» բառից հետո լրացնել «0106 41 000, 0106 90 009 0, 5305 00 000 0, 9406 00 310 0 ծածկագրերին դասվող ապրանքների, ինչպես նաև» բառերը.
3) 17-րդ կետի`
ա. վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ հարկ վճարողների կողմից արտարժույթի (թղթադրամի և մետաղադրամի, բացառությամբ դրամագիտական նշանակություն ունեցող և այդ նպատակով օգտագործվող մետաղադրամների և բանկային տոմսերի) օտարումը և (կամ) փոխանակումը հայկական դրամի հետ, բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ հարկ վճարողների կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների օտարումը, փոխանցումը, փոխանակումը կամ այլ կերպ օտարումը և այդ գործարքներով նախատեսված բոլոր վճարումների կատարումը, բացառությամբ այն վճարումների, որոնք իրականացվում են այնպիսի գույքի փաստացի մատակարարման դիմաց, որի օտարումը սույն օրենքի համաձայն ենթակա է ԱԱՀ-ով հարկման.»,
բ. ութերորդ և տասներկուերորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,
գ. տասնչորսերորդ պարբերությունում ստորակետը փոխարինել վերջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Սույն պարբերության կիրառության իմաստով՝ գրավի առարկան մինչև բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությունը դառնալը համարվում է անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց պատկանող, եթե գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականում նշված չէ, որ այն պատկանում է տվյալ անհատ ձեռնարկատիրոջը.»,
դ. տասնյոթերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական վարձակալության (լիզինգի) ծառայության մատուցումը, եթե ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին:».
4) 30-րդ և 33-րդ կետերում «2018 թվականի» բառերը փոխարինել «2021 թվականի» բառերով.
5) 32-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34) մինչև 2021 թվականի հունվարի 1-ը գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների մշակության ընթացքում կատարվող մեքենայացված աշխատանքները՝ համաձայն Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ցանկի.».
7) 36-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 37-րդ և 38-րդ կետեր.
«37) տարա արտադրող չհանդիսացող և տարա ներմուծող չհանդիսացող հարկ վճարողների կողմից տարայի օտարումը.
38) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում չնշված գույքի ներդրումը: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում նշված գույքի ներդրումն ազատվում է ԱԱՀ-ից, եթե այդ ներդրմանը համապատասխանող՝ ֆիզիկական անձին պատկանող բաժնեմասը մինչև ներդրումը կատարելու պահին հաջորդող երեք տարին լրանալը չի օտարվել այլ անձի:»:
Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետում`
1) երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«ԱԱՀ վճարողների կողմից գույքի լուծարման դեպքում, որի մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի գումարների հաշվանցում (պակասեցում), հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցման՝ տվյալ գույքի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով: Սույն պարբերությունում նշված գույքը հետագայում որպես նույն նպատակային նշանակության գույք օտարելու դեպքում սույն պարբերությամբ սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցված ԱԱՀ-ի գումարները կրկին ենթակա են վերաձևակերպման` օտարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացման, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ գույքի օտարումն ԱԱՀ-ով հարկվող գործարք է:»:
Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից մինչև ներդրումը կատարելու պահին հաջորդող երեք տարին լրանալն այդ ներդրմանը համապատասխանող՝ ֆիզիկական անձին պատկանող բաժնեմասն օտարվելու դեպքում սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում նշված գույքի ներդրման գործարքի մասով հարկային պարտավորության (ԱԱՀ-ի հաշվարկման) ծագման պահ է համարվում բաժնեմասի օտարման պահը:»:
Հոդված 8. Օրենքի 45-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 45. Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Արցախի Հանրապետության հարկային մարմինը`
1) սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-4-րդ կետերի դրույթների վերաբերյալ՝ համաձայնեցնելով Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ.
2) սույն օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերի դրույթների վերաբերյալ՝ համաձայնեցնելով Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ.
3) սույն օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ կետի դրույթների վերաբերյալ՝ համաձայնեցնելով Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության հետ.
4) սույն օրենքի 15-րդ հոդվածի 19-րդ կետի դրույթների վերաբերյալ՝ համաձայնեցնելով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հետ:»:
Հոդված 9. Օրենքի տեքստում, բացառությամբ ««Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» և ««Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 10. ««Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-88 օրենքի 3-րդ հոդվածում «2018 թվականի» բառերը փոխարինել «2021 թվականի» բառերով:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. դեկտեմբերի 28
Ստեփանակերտ
ՀՕ-76-Ն